Դանիել Դանիելյան. Ասպիրանտ, թեմա, ղեկավար

«Գարուն», 1967, 6
Սովետական իշխանության գոյության ընթացքում Հայաստանում աճել է բուհերի պրոֆեսորադասախոսական որակյալ կազմ։ Այսօր պրոբլեմային և մասնաճյուղային լաբորատորիաներում, ինչպես նաև բուհերի ամբիոններում լայն թափով տարվում են գիտահետազոտական աշխատանքներ, ինչպես բնական, այնպես էլ հումանիտար գիտությունների բնագավառներում, որոնց ձեռք բերած գիտական նվաճումները ներդրվում են արտադրության մեջ՝ տալով լավ արդյունքներ։
Սակայն մեր տնտեսական ու կուլտուրական շինարարությունը ամեն օր՝ ավելի շատ, ավելի որակյալ մասնագետների պահանջ է դնում։
Ներկայումս Հայաստանի բուհերում պատրաստվում են 463 ասպիրանտներ։ Նրանց պատրաստումն ստանձնել են 221 ակադեմիկոսներ, թղթակից-անդամներ, պրոֆեսորներ ու դոկտորներ։ Զգալիորեն ավելացել է մասնագիտությունների ցանկը։ Բավական է նշել որ, եթե 1962 թվին մասնագիտությունների թիվը 53 էր, ապա այժմ այն հասել է 127-ի: Իսկ այնպիսի մասնագիտությունների գծով, ինչպիսիք են մաթեմատիկական մեթոդների կիրառումը տնտեսական հետազոտություններում, հաշվային տեխնիկան, ստրուկտուրային և մաթեմատիկական լեզվաբանությունը, բարձր որակավորման մասնագետներ հանրապետությունում ընդհանրապես չէին պատրաստվում;
Այս տարի հանրապետությունը 144 երիտասարդ ասպիրանտ է ունենալու այնպիսի մասնագիտությունների գծով, որոնք կարևոր նշանակություն ունեն ժողովրդական տնտեսության համար։ Բուհերի առավել ընդունակ շրջանավարտները, որոնք մի շարք մասնագիտությունների գծով ցուցաբերել են գիտական հետազոտություն կատարելու կարողություն, ուղարկվում են Մոսկվայի, Լենինգրադի, Կիևի, Սվերդլովսկի խոշոր բուհերը նպատակային ասպիրանտական պատրաստություն անցնելու: Նպատակային ասպիրանտուրան՝ տեղական, ազգային կադրերից մասնագետներ պատրաստելու ձևերից մեկն է:
Վերջին երեք տարում նպատակային ասպիրանտուրան ավարտել և մանկավարժական ու գիտահետազոտական գործունեությամբ են զբաղվում 32 մարդ։
Սակայն բուհերը դեռ բարձրորակ մասնագետների պակաս են զգում։ Սա բացատրվում է նրանով, որ ժողովրդական տնտեսությունը ավելի արագ թափով է զարգանում, քան համապատասխան կադրերի պատրաստումը։ Բանն այն է, որ մենք կադրեր պատրաստում ենք ոչ թե պահանջված չափով, այլ ըստ հնարավորության (իսկ պահանջը միշտ էլ հնարավորություններից շատ է լինում)։ Բացի այդ, միշտ չէ, որ հաջողվում է օգտագործել բոլոր հնարավորությունները։
Օրինակ, անցյալ տարի մենք ստույգ հնարավորություն ունեինք 16 հոգու ուղարկել նպատակային ասպիրանտուրա, բայց ուղարկեցինք միայն ութը։ Այնպիսի մասնագիտությունների գծով Հայաստանին հատկացված տեղերը, ինչպիսիք են հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության, հաշվային մաթեմատիկայի, աստրոֆիզիկայի, էլեկտրական կայանների, էլեկտրոնային տեխնիկայի և սարքերի… մնացին թափուր։ Թերակատարվեց նաև ասպիրանտուրայի ընդունելության այս տարվա պլանը. 127-ի փոխարեն ընդունվեցին 96-ը։ Ինչո՞ւ։ Որովհետև գիտա-մանկավարժական կադրերի պլանավորման հստակ մշակում չկա։ Ճիշտ է, չնայած ամեն տարի ընդունելության պլանը վերանայվում է, բայց դա շատ հաճախ արվում է մեծ ուշացումներով։ Երբեմն որոշ մասնագիտությունների գծով կոնկուրս չի լինում. դա խոսում է այն մասին, որ առանձին ամբիոններ չեն հոգում երիտասարդ «հերթափոխի» պատրաստման մասին։
Ասպիրանտներին պետք է փնտրել ոչ միայն լրագրային հայտարարություններով (իսկ ռադիոյով և հեռուստատեսությամբ, չգիտես ինչու, չի հայտարարվում), այլև, առաջին հերթին, ամբիոններում, լաբորատորիաներում և ավարտական կուրսերում։ Անցյալ տարի ամբողջ ինստիտուտներից այդ քանակը կազմեց 27 հոգի։ Ահա և բարձրորակ մասնագետների պահանջը մնում է որպես պահանջ։
Ասպիրանտներ պատրաստելու գործում մեծ դեր ունի գիտական ղեկավարը, որի ձեռքի տակ էլ գիտության մեջ երեկվա անփորձ ուսանողը դառնում է հասուն մասնագետ։ Ղեկավարի դերը այդ գործում, իրոք, անգնահատելի է։
Չի կարելի աչքաթող անել և այն հանգամանքը, որ ասպիրանտի մասնագիտության կատարելագործումը դժվար աշխատանք է և դա, հատկապես, հեռակայողների համար։ Այդ աշխատանքը ժամանակակից գիտության զարգացման հունով տանելը հենց ղեկավարի գործն է։
Գիտական ղեկավար նշանակելու, դիսերտացիոն թեմա ընտրելու հարցին պետք է հատուկ ուշադրություն դարձնել։ Որքան ն էլ տարօրինակ է, ասպիրանտները հաժախ գիտության ղեկավարների հետ «հետազոտում» են վաղո՜ւց հետազոտվածը, ճգնում են «հայտնաբերել» վաղո՜ւց հայտնաբերածը և միայն դիսերտացիայի պաշտպանության նախօրեին է հայտնի դառնում, որ երեք տարին իզուր է անցել: Իսկ չէ՞ որ ամեն մի ասպիրանտի համար ծախսվում է 4-5 հազար ռուբլի:
Այսպես, Երևանի Վ. Բրյուսովի անվան ինստիտուտի հայոց լեզվի ամբիոնում ասպիրանտ Ա. Արամյանին առաջադրվում է «Սիլվա Կապուտիկյանի արվեստը» թեման: Եվ, երբ երեք ամիս էր մնում, որ նա վերջացներ ասպիրանտուրան, նոր միայն հայտնի դարձավ, որ ՀՍՍՀ ԳԱ-ում այդ թեման արդեն ներկայացվել է պաշտպանության:
Կամ, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ասպիրանտ Ռ. Սահակյանը, երբ պաշտպանության էր պատրաստում իր դիսերտացիան, հայտնի դարձավ, որ դեռ 1957 թ. նույն թեմայով պաշտպանություն է եղել Կիևում։
Ընդամենը երեք տարում ապագա գիտնականը պետք է կարողանա հարստացնել իր իմացությունը գիտական անհրաժեշտ տեղեկություններով, ձեռք բերի գիտելիքները կիրառելու հմտություն՝ հետագա գիտահետազոտական և մանկավարժական գործունեության ընթացքում։
Այս խնդիրը, մեր կարծիքով, կարելի է լուծել երկու կերպ։ Նախ, ոչ թե պետք է ընտրել «հեշտ պաշտպանվող» թեմաներ, այլ այնպիսիք, որոնք լուծում են գիտության տեսական և գործնական պրոբլեմները, ի հայտ են բերում և կատարելագործում ասպիրանտի անհատական աշխատանքի պլանի գիտա-մեթոդական կառուցվածքը։
Այնպիսի դիսերտացիաներ, ինչպես, օրինակ, «6-7-րդ դասարաններում դասի պլանի կազմման մեթոդիկան», «Բառագիտական դասերը առաջին դասարանում» և այլն, անկասկած շատ օգտակար կլինեն սկսնակ դասատուների համար, եթե հրատարակվեն որպես ուսումնա-մեթոդական գրականության դասախոսությունների ցիկլ, կարդացվեն ուսուցչական կոնֆերանսներում և ոչ թե ներկայացվեն որպես դիսերտացիաներ։
Երկրորդ, պետք է ավելի ինքնուրույնություն տալ ասպիրանտներին։ Հազվադեպ չեն դեպքերը, երբ գիտական ղեկավարը ինքն է անում այն, ինչը ասպիրանտի գործն է և դա միայն նրա համար, որպեսզի չասեն, թե իր ասպիրանտը ժամանակին չի պաշտպանել։ Այդպիսի ասպիրանտների չի կարելի «ձեռք մեկնել»։ Ուրիշ բուհերում, ինչպես Մոսկվայի պողպատի և համաձուլվածքների ինստիտուտում, առաջին տարում իրենց աշխատանքի փորձնական մասը չսկսած ասպիրանտներին հեռացնում են, որովհետև արդեն պարզ է դառնում, որ նա չի կարողանա դիսերտացիան պաշտպանել ժամանակին։ Ահա թե ինչու այդ ինստիտուտի ասպիրանտների 80 տոկոսը ավարտում է, պաշտպանում դիսերտացիան։
Վերջում ուզում եմ խոսել գիտական ղեկավարի աշխատանքի մեկ ուրիշ բնորոշ կողմի՝ անձնական շփման մասին։ Իհարկե, դասախոսի և լսարանի միջև ստեղծվում է կապ, բայց այն կամա թե ակամա, սահմանափակ է, որովհետև դասախոսը հաճախ ժամանակ չի ունենում ուսանողների հետ խորը թափանցել նրանց հետաքրքրող պրոբլեմների մեջ։
Ուրիշ է գիտական ղեկավարի աշխատանքը. նա ասպիրանտի հետ միասին է տանում գիտական պրպտումները: Ասպիրանտի հարցախույզ միտքը միշտ զբաղված է նորի որոնումով, նրան հետաքրքրում են գիտական լուրջ պրոբլեմները, նրա մտքում ծագում են բազմաթիվ հարցեր։ Լաբորատորիայի անբռնազբոս մթնոլորտում այդ հարցերի շուրջ խոսակցությունը ընթանում է ավելի լավ, քան դասախոսությունների ժամանակ ուսանողների հետ։ Հմտորեն օգտագործելով իր գիտական հեղինակությունը և հարուստ կենսափորձը, գիտական ղեկավարը կարող է ցանկացած ձևով ազդել իր սանի գիտակցության վրա, դաստիարակել նրա մեջ մասնագիտության նկատմամբ սեր, դժվարությունները հաղթահարելու կարողություն, զարգացնել գիտական մտածողություն, հետաքրքրություն դեպի ինքնուրույն ստեղծագործական աշխատանքը, հանձնարարության նկատմամբ պատասխանատվության զգացում:
Այսպիսի սերտ փոխհարաբերությունը հարստացնում է ասպիրանտի ներաշխարհը, բարերար կերպով ներգործում ղեկավարի վրա: Այսինքն, այդ պրոցեսը փոխադարձաբար է ընթանում։ Գիտական ղեկավարը քննադատաբար է վերաբերվում իրեն, իր արարքներին, իր գիտական ու մանկավարժական պարտականություններին։
Գիտական ղեկավարը ասպիրանտին տալիս է իր փայփայած մտքերը և ասպիրանտի հետ միասին փնտրում նրանց իրագործման ուղիները։
Դ. ԴԱՆԻԵԼՅԱՆ

ԽՄԲԱԳՐՈԻԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
Տպագրելով Դ. Դանիեյանի «Ասպիրանտ, թեմա, ղեկավար» հոդվածը, նպատակ անենք զրույց սկսել մեր ասպիրանտների ու նրանց ղեկավարների և նրանց հետ, ովքեր նոր են պատրաստվում ասպիրանտուրա ընդունվել:
Ցանկալի է իմանալ ձեր նկատառումները՝ հոդվածում շոշափված հարցերի մասին և մնացած այն հարցերի, որոնք ավելի շատ ձե՛զ են ծանոթ:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով