Վերջին նամակները

«Գարուն», 1967, 6
Վերջին նամակներ… Հավանաբար ոչ նամակների հեղինակներն են մտածել, որ դրանք վերջիններն են, ոչ էլ ստացողները: Դրանք սիրված ու հեռվում վտանգի մեջ ապրող մարդկանց սրտի վերջին տրոփյուններն են, վերջին մաղթանքները, վերջին համբույրների թղթե վկաներն ու հանգրվանները: Այդ նամակները գրված են հաստ, արդեն դեղնած թղթերի վրա, հապշտապ ձեռագրերով, բայց լեցուն են առնական քնքշությամբ, հավատով, ջերմությամբ ու հայրենասիրությամբ: Նրանցից շատերի տողերը խամրել, աղավաղվել են մայրական անկրակ արցունքի կաթիլից, բայց այդ տողերի արանքից հառնում է ջահել, վաղամեռիկ տղաների ու աղջիկների անմահ, անընկճելի ոգին:

ՀՍՍՀ հեղափոխության պետական թանգարանի ֆոնդերում հազարավոր ցուցանմուշների և վավերագրերի շարքում խնամքով և սրբությամբ են պահվում Հայրենական մեծ պատերազմին մասնակցած հայ ժողովրդի արիասիրտ շատ զավակների գրած ռազմաճակատային նամակները։
Ահա Ղափանի շրջանի սևքարեցի Մամբրե Անտոնյանի նամակներից նմուշներ.
«Բարևագիր
Նախ և առաջ ընդունիր քո ճակատում գտնվող որդուց կարոտալի բարևներս քեզ: Մամա ջան, դեռ ողջ առողջ եմ, ինձ համար չմտածես:
Մամա ջան, ես կռվում եմ ֆաշիստների դեմ, որպեսզի ջախջախենք ու դուրս շպրտենք մեր սրբազան հողից ու ազատագրենք մեր սիրելի հայրենիքը: Քո որդին պատվով դուրս կգա:
Մամա ջան, կներես, որ այդքան վատ եմ գրում, ինչ արած, քարի և հողի վրա եմ գրում, ձեռքերս տաքացնում եմ բերանումս, այդքան ցուրտ է: Հիմա մեզ վերադարձնում են թիկունքային մաս, կռվի ճակատից 7 կմ հեռու:
Այստեղից հրանոթների կրակի ձայնը լսվում է:
Իմ հասցեն Պոլեվոյա պոչատ, Ստանցիա N 28
28/8-1942 թ.»:

27-4. 43 թ.
«Բարև, սիրելի մամա ջան
Նախ և առաջ ընդունիր իմ կողմից որդիական բարևներս քեզ: Մամա ջան, եթե ինձանից հարցնես, ես շատ լավ եմ, ինձ հա-մար շատ չմտածես: Մամա, գրի այդտեղի դրության մասին: Ես քո պահանջը կատարել եմ, մտել եմ կուսակցության շարքերը: Կուսակցության թեկնածու եմ 1943 թվականի հունվարի 1-ից:
Քո որդին մինչև հիմա կռվում էր ֆրոնտում անարդար թշնամու դեմ և ոչնչացնում թշնամիներին, իսկ հիմա սովորում է լեյտենանտի դպրոցում, և ես խոսք եմ տալիս քո առաջ, որ կդառնամ հրամանատար ու ավելի մեծ ուժով կռվի կգնամ:
Մամա ջան, այս խնդրեմ, եթե հնարավորություն ունես, ինձ համար ուղարկի պասիլկա, մեջը տետրակ, մատիտ: 
Բարևում եմ հարազատներին և ձեր գործարանի աշխատակիցներին:
Համբույր քեզ, քո որդի Մամբրե
Ես գտնվում եմ Էսենտուկի քաղաքում»:

«Բարև, մայրիկ ջան
4.3.1944 թ.
Նախ և առաջ ընդունիր իմ կողմից ֆրոնտային բարևներս քեզ, մեր հարազատներին, գործարանի վարպետին, դիրեկտորին և բոլոր աշխատողներին: Մամա ջան, ստացել եմ լեյտենանտի կոչում, արդեն երկու աստղ եմ կպցնում: Սիրելի մայրիկ, ձեր եռանդուն աշխատանքի արդյունքները մենք ստանում ենք ռազմաճակատում: Ինչքան դուք լավ աշխատեք, այնքան մենք ավելի շատ գերմանացի հողին կուղարկենք: Մամա ջան, ով երեսը թեքել է դեպի մեր հողը, մեր հայրենիքը, նա կենդանի չի վերադառնա և երեսը թեքած հողը կգնա:
Մենք, ավտոմատավորներս, խոսք ենք տալիս շատ ոչնչացնել ֆաշիստների, մեր հողը ազատագրենք ֆաշիստներից:
Քո որդի… Մամբրե Անտոնյան»:

1944 թ. օգոստոսին, կարմիր բանակի զորամասերը, մեկը մյուսի ետևից, ազատագրում էին Ուկրաինայի քաղաքներն ու գյուղերը,
Լվովից քիչ հեռու գտնվող Սամբոր քաղաքը հանդիսանում էր գերմանական բանակի պաշտպանության ստրատեգիական կետերից մեկը։ Հատկապես ահեղ մարտեր էին մղվում Սամբոր քաղաքի համար (Դնեստրի ձախ ափին)։ Արդեն երկու շաբաթ ահեղ մարտեր էին գնում քաղաքի մատույցներում: Վերջապես ստացվում է հրամանը՝ գիշերը, ժամը 2-ին, սկսել գրոհը քաղաքի վրա…
Գրոհից առաջ Մամբրեն ժամանակ է գտնում մորը գրելու իր հերթակա ն և… վերջին նամակը1.
«Նորից ռազմադաշտի առաջավոր գծում եմ: Սիրելի մայրիկ, չմտածես և չտխրես: Իմ պարտքն է հայրենիքը պաշտպանել: Ես պիտի կռվեմ, որ դուք խաղաղ ապրեք…»:
Մի խումբ հետախույզների, Մ. Անտոնյանի ղեկավարությամբ, տրվում է մարտական առաջադրանք՝ մինչև գրոհի սկսվելը ոչնչացնել Սամբորում գտնվող գերմանական շտաբը։
Քաղաքից քիչ հեռու գտնվող կամուրջը միակ ճանապարհն էր, որով նրանք պետք է անցնեին։ Անտոնյանը իր փոքրիկ ջոկատը բաժանում է երկու մասի և առաջնորդում։ Թշնամին անակնկալի է գալիս. անցումն ապահովված է, բայց… ջոկատի մարտիկները իրենց հրամանատարին տեսնում են կամուրջի կողքն ընկած, ավտոմատը սեղմած ձեռքում:
1944 թ. օգոստոսին 21-ամյա Մամբրե Անտոնյանը զոհվում է:
Հպարտությամբ է կարդացվում Լենինգրադի հերոս պաշտպան, բժշկական ծառայության լեյտենանտ Սոֆյա Լալայանի վերջին նամակը։ Սոֆյա Լալայանը քաղաքը պաշտպանող հրաձգային գնդերից մեկի սանիտարական գումարտակի բժիշկ էր և ռազմաճակատի առաջավոր գծում օգնություն էր ցույց տալիս վիրավորներին։ Քաղաքի բլոկադայի ծանր օրերի մասին Սոֆյան Երևանում բնակվող իր քրոջը գրել է.
«Բարև, իմ սիրելի Մարգուշա
Այո, ես քեզ հետ համաձայն եմ, ինձ դաստիարակել է Լենինգրադ քաղաքը, այստեղ ես ընտրել եմ իմ մասնագիտությունը, այստեղ եմ ստացել բարձրագույն կրթություն: Նա հպարտանում եմ դրանով պետք է հպարտանամ: Սիրում եմ Լենինգրադը այնպես, ինչպես իմ հարազատին:
Գերմանական հորդաներն ուզում են իրենց սև ձեռքերի մեջ վերցնել և ընկճել մեր քաղաքը: Բայց չի ստացվի. ո՛չ, նրանց չի hաջողվի ջախջախել մեր հիանալի ֆաբրիկաները և պալատները, մեր հայրերի և պապերի ստեղծածը: Ֆաշիստներին չի հաջողվի պղծել Լենինգրադի վեհությունը: Սիրելի Մարգո, հիշիր Ալեքսանդր Նևսկու հայտնի խոսքերը,—«Նա, ով սրով է եկել մեր հողը, նա սրից էլ կընկնի:
Սոֆյա 17/5-42 թ.»:

Լենինգրադի բլոկադայի օրերին Սոֆյան ևս ընդունվում է կուսակցության շարքերը և ավելի լարված ու ինքնամոռաց է կատարում վիրաբույժի իր պարտքը։
«Սիրելի քույր
Վերջին երկու ամիսների ընթացքում մենք գտնվում ենք Լենինգրադից դուրս, մասնակցում Լենինգրադի բլոկադայի ճեղքմանը: Աշխատում ենք գիշեր-ցերեկ: Պատերազմը վիրաբույժի համար ինչ-որ անսպառ է: Ճիշտ է, շատ ենք հոգնել, բայց այդ հոգնածությանը ուշադրություն չենք դարձնում: Քանի ձեոքերս գործում են, աչքերս տեսնում են, մենք պարտավոր ենք ծառայել մեր փառապանծ հայրենիքին: Մենք հայրենիքի համար գոյություն ունենք և մինչև մեր կյանքի վերջը պետք է ծառայենք նրան:
Քո՝ Սոֆյա 26/11-1943 թ.»:

Եվ Սոֆյան միշտ էլ իր խոսքին հավատարիմ է մնացել։ Ահա թե ինչ է գրել նրա մասին զինվորական բժիշկներից մեկը.
«Սոֆյա Լևոնի Լալայանը ծառայության ընթացքում իրեն դրսևորել է որպես բարեխիղճ և ճշտապահ մարտիկ: Տասը օրվա ընթացքում նա վիրահատել է 153 վիրավորի: Նա մեծ հեղինակություն է վայելում գումարտակում»:
1944 թվականի փետրվարին Լուգովայի մոտ, թշնամու ռմբակոծության տակ, վիրահատության սեղանի առջև զոհվում է հերոս աղջիկը՝ Սոֆյա Լալայանը։
Թանգարանի Լենինգրադի պաշտպանությանը նվիրված բաժնում ցուցադրված են զինվորական բժիշկ Սոֆյա Լալայանի լուսանկարը, նամակները և, թշնամու գնդակով խոցված, կուսակցական տոմսը։
Լենինգրադի մեկ ուրիշ պաշտպան՝ Միշա Բալագյոզյանը Երևանում բնակվող իր մորը գրել է.
«Բարև, սիրելի մամա ջան
Ստացա 15/8-1941 թ. գրած նամակը 23/9-41 թ. և անմիջապես պատասխանում եմ:
Նամակիդ ամեն մի տողը կարդացի մի քանի անգամ, չնայած դրան, սիրո ծարավը չհանգեց, սակայն տրամադրությունս մի տաս անգամ բարձրացավ, քանի որ արդեն երեք ամիս է ձեզանից տեղեկություն չունեի: Սիրելի մամա ջան, իհարկե, դժվար կլինի ձեր անցկացրած օրերը, այդ բնական է, սակայն այդ դժվարությունները ժամանակավոր են, պետք է հաղթահարվեն:
Ինչպես միշտ, այնպես էլ այս անգամ, ինձ թվամ է, որ իմ քաջ բնավորության տեր մաման համբերությամբ կտանի դժվարությունները, կտանի արիաբար, քանի որ այդ մտորումները և այդ դժվարությունները ընդհանուր են:
Ո՞վ է այդ պատկեր առաջացնողը, ո՞վ է, որ խաղում է ՍՍՌՄ-ի ժողովրդի երջանկության հետ: Այդ, ինչպես ձեզ հայտնի է, գազանացած ֆաշիստներն են, որոնք ինչպես խրտվիլակ, ժամանակավորապես ուզում են խանգարել սովետական ժողովրդի նորմալ կյանքը: Սովետական բազմամիլիոն ժողովուրդը, մինչև վերջին շունչը, կպաշտպանի և կտա խորտակիչ հարված այդ գազազած շներին և կպահպանի իր լրիվ անկախությունը: Սիրելի մամա ջան, քո կրած զրկանքներն էլ ապացույց թող լինեն այն բանի, որ դու էլ քո տղաների հետ ես և արիաբար պաշտպանում ես մեր սքանչելի հայրենիքը:
Իմ սիրելի մամա, սիրտդ թող միշտ զվարթ լինի, հպարտ եղիր, որ ունես մեզ նման տղաներ, որոնք պայքար են մղում գերմանական ֆաշիստների դեմ:
Բալագյոզենց տղեն եմ ես և այդպես թող պարծենան իմ բարեկամները և ծնողները, որ նրանց որդին իր ուժերը չի խնայի մեր ժողովրդի երջանկության համար:
Ես համոզված եմ, որ վերջնական հաղթանակը մերն է՝ ուրեմն բոլորը տալ հաղթանակի համար, իսկ եթե բախտ ունենամ այդ նվաճած հաղթանակները վայելել, այդ արդեն կլինի գերազանց: Վերջացնելով նամակս, ցանկանում եմ առողջություն, հանգիստ եղիր, թող ձեր բալեն քեզ մխիթարի մինչև վերադարձը»:

Միշան չհասցվեց ստանալ այս նամակի պատասխանը. 1942 թվականին, մարտական հերթական առաջադրանքը կատարելու ժամանակ, զոհվեց:
Սուրեն Նիկոյանր ծնվել է 1912 թվականին։ Մանկությունը անց է կացրել Ախուրյանի շրջանի Մարմաշեն գյուղում։ 1932-39 թվականներին աշխատեք է որպես ուսուցիչ։
Հայրենական պատերազմի առաջին օրերից մեկնում է ռազմաճակատ։
Բազմաթիվ են ավագ լեյտենանտ Ս. Նիկոյանի կատարած սխրագործությունները: Պատմենք միայն մեկը:
1941 թվականին էր, գերմանացիները նետվում էին դեպի Սև ծովի ափը։ Մի հատվածում կենտրոնացնելով մեծ ուժեր, թշնամին նպատակ ուներ ճեղքելու մեր պաշտպանությունը։ Ս. Նիկոյանը առաջադրանք է ստանում մի կարևոր բարձունքի վրա կառուցել պաշտպանական ամրություններ: Չնայած հակառակորդի գնդացրային ուժեղ կրակին, Նիկոյանի սակրավորները գիշեր-ցերեկ կառուցում են դզոտներ և ականապատում մատույցները։ Երբ առաջադրանքն ավարտվում էր, հանկարծ գերմանացիները գրոհում են բարձունքի վրա։ Թշնամին մեծ ուժ ուներ, բայց ավագ լեյտենանտ Նիկոյանը որոշեց պաշտպանել բարձունքը։ Նա դասավորեց մարտիկներին և վճռական պահին տարավ հակագրոհի։ Թշնամին ետ շպրտվեց, տալով 400 սպանված և վիրավոր։ Դզոտների կառուցման առաջադրանքը կատարվեց ժամանակին։
Մի քանի oր հետո մեր մարտիկները Ս. Նիկոյանի կառուցած կրակակետերից մի օրում հաջորդաբար ետ մղեցին թշնամու հինգ գրոհ։
Ցուցաբերած քաջության և խիզախության համար Ս. Նիկոյանր պարգևատրվում է «Կարմիր աստղի» շքանշանով։
1944 թվականի հունիսին, հերթական մարտական առաջադրանքը կատարելու ժամանակ կապիտան Սուրեն Նիկոյանը զոհվում է։
Ահա Նիկոյանի նամակներից մեկը.
«Հայ ժոդովուրդը շատ է պայքարել, շատ է տանջվել իր գոյության ընթացքում: Միայն սովետական իշխանությունը հնարավորություն տվեց հայ ժողովրդին ազատ, երջանիկ ապրել:
Ֆաշիստական արյունարբու հորդաները հարձակվել են մեր երկրի վրա: Նրանք ուզում են մեզանից վերցնել մեր երջանկու-թյունը: Դա չի իրականանա: Հայ ժողովրդի զավակները մեր երկրի մյուս ժողովուրդների հետ միասին հայրենական մեծ պատերազմի դաշտերում կանգնած են պաշտպանելու Սովետական Միության ժողովուրդների անկախությունն ու ազատությունը:
Ես Հայաստանի հպարտ զավակն եմ, մեծացել և դաստիարակվել եմ սովետական իշխանության օրոք, երդվում եմ սրբորեն պաշտպանել իմ հայրենիքը: Պատրաստ եմ իմ կյանքը չխնայել մեր ազատության, երջանկության, արևավառ Հայաստանի համար: 6/3-1943 թ.»:

Իսկ լեյտենանտ Ռուբեն Հակոբյանը այսպես է սկսել կնոջն ուղղած իր նամակը.
«Թանկագին Մարո, ռազմական ուսումնարանը ավարտեցի գերազանց: Այժմ լեյտենանտ եմ, գնում եմ ֆրոնտ, որպես վաշ-տի հրամանատար: Կդառնացնեմ ֆաշիստների կյանքը: Երկու տարվա ընթացքում սովորեցի, թե ինչպես պետք է պաշապանեմ յուրաքանչյուր կարմիրբանակայինի կյանքը, ինշպես սառնասիրտ կերպով բնաջնջեմ ֆաշիստական հորդաներին, որոնք հարձակվեցին մեր հողի ու ջրի վրա: Գերմանական ֆաշիզմի դեմ կկռվեմ մինչև իմ կյանքի վերջը, պատվով կկատարեմ կարմիր լեյտենանտի պարտականությունը»:
Քաղաքական և մարտական ուսուցման գերազանցիկ, լեյտենանտ Ռուբեն Հակոբյանին ճակատային գծում հանձնեցին հրաձգային մի վաշտ։ Հայրենասեր երիտասարդը այդ պոստում հերոսաբար կատարում է իր պարտքը հայրենիքի հանդեպ: 1941 թ. օգոստոսի վերջին օրերն էին. հրաձգային խումբը ոչնչացնում էր հիտլերյան հորդաներին։ Լեյտենանտ Հակոբյանն իր վաշտով կռվում էր հերոսաբար և մեծ կորուստներ պատճառում թշնամուն։ Հենց այդ պահին թշնամու գնդակը խոցում է Հակոբյանին: Հերոս մարտիկի հայրը գնդի հրամանատար Պոտոպովից և կոմիսար Ագաֆոնովից ստանում է հետևյալ նամակը.
«Սիրելի Դմիտրի, ձեր հերոս որդին՝ Ռուբեն Հակոբյանը, կռվում էր հերոսաբար: Նա իր մարտական առաջադրանքը կատարելու ժամանակ ընկավ, թշնամու գնդակը խոցեց նրան: Ռուբենը, այդ կրակոտ կովկասցին, զորամասի պարծանքը, այժմ չկա, այլևս չի գրոհում թշնամու դեմ: Ռուբենը դյուցազն էր, դաստիարակված Լենինի կուսակցական հեղափոխական ուսմունքով:
Ծանր է մեզ համար նրա կորուստը, սակայն մեր հայրենիքը հերոսների հայրենիք է: Մենք, զորամասի մարտիկներս, հրամանատարներս ու քաղաշխատողներս անխախտ երդում տվեցինք՝ թանկագին ընկեր, մարտական զինակից Ռուբեն Հակոբյանի վրեժը լուծել թշնամուց:
Սիրելի ծնողներ, դուք կորցրիք թանկագին որդի, իսկ մենք պայքարող ընկեր, լաց մի լինեք: Զինվեցեք փոխարենը հատուցելու թշնամուն:
Մահ հիտլերյան արյունարբու հորդաներին»:

Բելոռուսական առաջին ռազմաճակատում հերոսի համբավ էր վաստակել կիրովականցի հմուտ հրետանավոր, երիտասարդ հետախույզ Սուրիկ Ավետիսյանը։ Ավետիսյանը մարտերում մի քանի տեղից ծանր վերքեր էր ստացել, բայց հրաժարվում էր ռազմաճակատից տուն վերադառնալ։ Իր ծնողներին ուղղած նամակներից մեկում գրել է. «Սիրելի ծնողներ, ես չեմ վերադառնա տուն այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք ոչնչացրել մեր հողում գտնվող վերջին ֆաշիստներին: Արդեն գտնվում ենք գերմանական հողում, մնացել է մի քիչ մինջև Բեռլին»:
Չի կարելի առանց հուզմունքի կարդալ 21-ամյա լեյտենանտ, ինքնագնաց հրանոթի խիզախ հրամանատար Վարդան Տոնյանի ռազմաճակատից գրած նամակները.
«Իմ քնքույշ մայրիկ,— գրում էր նա,— ես քեզանից հեռու եմ, բայց իմ ամբողջ մտքերով միշտ քեզ հետ եմ»:
Իսկ հորը հայտնում է, որ առնականացել է, շատ բան է տեսել. «Մի անգամ չէ, որ նայել եմ մահվան աչքերին: Մի քանի անգամ այրվել եմ, վիրավորվել»:
Վարդանը իր հարսնացուին գրած ջերմ նամակներում պատմում էր իր մարտական գործերի մասին: Նամակներից մեկում նա գրում է.
«Թանկագինս, հենց նոր դուրս եկանք մարտից: Այժմ մի փոքր հանգստանում ենք, նստած ենք գետնատնակում: Նստած եմ և ամբողջ մտքերս թռչում են դեպի քեզ: Ինչպես կուզենայի լինել քեզ մոտ… Արդեն շուտով, շուտով մենք միասին կլինենք, մենք կտեսնենք այդ լուսապայծառ ժամը, բայց մինչև այդ պետք է գերմանացիներից վրեժ առնել մեր հայրենիքին հասցրած վերքերի համար, մարտերում ընկած ընկերների համար»:
Հայրենական պատերազմի տարիներին ռազմաճակատի և թիկունքի մեջ շատ կարևոր դեր խաղաց նամակագրական կապը։ Ռազմաճակատից թիկունք, թիկունքից ռազմաճակատ առաքված նամակները սովետական մարդու բարոյական վեհ կերպարի նկարագիրը լինելով, դարձան սովետական ժողովրդի Հայրենական մեծ պատերազմի իրոք, անկրկնելի փաստաթղթեր։

ՌԵՎԻԿ ԵԶԵԿՅԱՆ
ՀՍՍՀ հեղափոխության թանգարանի ավագ գիտաշխատող

————
1 Մ. Անտոնյանի մայրը՝ Աշխեն Անտոնյանը, աշ¬խատում էր Երևանի մակարոնի գործարանում: Այժմ բնակվում է Երևանում:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով