Վլադիմիր Վոյնովիչ. Պոեզիայի համար արդեն չեն սպանում: Տխուր է

«Գարուն», 1999, N 6
…Մտորում ես հավերժի և ընթացիքի մասին, կյանքի ու մահվան, նորաձևության քմահաճությունների մասին, եղանակի և ամեն տեսակ հիմարության մասին, ինչպես, օրինակ, կառավարության փոփոխությունը և դոլորի տատանումները, որը ռուբլու հետ մրցավազքի մեջ մտած` շպրտվում է վեր, վար ու կողքի, արձագանքելով մերթ մեր Կենտրոնական բանկի նախագահի նշանակմանը, մերթ նրանց պրեզիդենտական ստաժորուհու ցուցմունքներին: Հիմարագույն պատմություն, իսկական ամերիկյան երեսպաշտություն: Դե, ենթադրենք, որ մեր պրեզիդենտը ինչ-որ մեկի հետ քնել է, հետո՞ ինչ: Իսկ եթե սուտ է ասել՝ առավել ևս, առաջին անգամ հո չէ, քանի՞ անգամ է այդպես վարվել. մեզանում ստախոսությունը նույնիսկ փոքրիկ մեղք չի համարվում: Վերջին անգամ նա խոստացավ, որ արժեզրկում չի լինի, բայց… ի՞նչ ասես: Դե, նրանց ազգային առաջնորդն էլ. ենթադրենք, որ, այո՛, ուրիշի հետ է քնել, նույնպես վատ է, բայց հո առաջին անգամը չէ, որ նա այդպես է վարվում, ու դժվար թե վերջինը լինի: Բայց եթե արդեն մեղք է գործել, ուրեմն ի՞նչ, նա պարտավոր է բոլորին՝ կնոջը, աղջկան, Կոնգրեսին, մեծ ժյուրիին ու մեզ էլ ներառյալ, տեղեկացնել այդ մասին, առանց մանրամասները շրջանցելո՞ւ: Աշխարհի ամենապուրիտանական հասարակությունը կենցաղային տափակ պատմությունը վերածեց ընդհանրական պոռնոգրաֆիայի այդ շրջապտույտի մեջ ներքաշելով ինտերնետի անչափահաս սպառողներին: Նա արդեն խոստովանել է՝ մեղավոր եմ, ամաչում եմ, ապաշխարում եմ, պատահեց էլի, իսն նրանք, ճիշտ ինչպես Գալիչի տողերում, «մանրամասներն ասա»` ե՞րբ, ի՞նչ ձևով, քանի անգամ և ինչքան ժամանակ… Ի՛նչ է, վայրկենաչափը ձեռքի՞ն էր գործի անցել:
Ախ են քաշում, հոգոց հանում` սու՛տ է խոսել: Իսկ ի՞նչ աներ: Որն է հոգեպես ավելի ազնիվ այս խճճված պատմության մեջ` ճշմարտությունն ասե՞լը, թե խաբելը: Քսան տարի առաջ ՊԱԿ-ի քննիչը, հարցաքննության ժամանակ մերկացնելով պրոֆեսոր Պրոնսկուն, հարցրեց. «Մի՞թե ազնիվ մարդը ճիշտ չպիտի ասի ճշմարտությունը»: «Ո՜չ,- համոզված պատասխանեց Լեոնիդ Եֆիմովիչը:- Մի մարդ,- հիշեցրեց նա,- մի անգամ ասաց ճշմարտությունը, և արդեն երկու հազար տարի է նրան անիծում է ողջ մարդկությունը»: Ասել է ճշմարտությունը, 30 արծաթ հոնորար է ստացել: Հիմա հոնորարները բարձրացել են` գրքի համար ստաժորուհուն առաջարկում են միլիոնավոր դոլարներ: Ո՞ր մի հաջողակ գրողը կարող է նրա հետ համեմատվել: Ի դեպ, այդ ի՞նչ զբաղմունք է գրող լինելը, գրականությունը: Միակ գործն է, ուր պրոֆեսիոնալիզմն ու վարպետությունը ոչինչ չեն նշանակում: Ցանկացած բնագավառում ծիծաղ է հարուցում դիլետանտը: Իսկ գրականության մեջ այդպես չէ: Բառարաններում բացատրվում է, որ տգետը անկիրթ մարդն է: Ճշգրիտ չէ: Եթե կոշկակարը Պուշկին չի կարդացել, բայց լավ կոշիկ է կարում, անկիրթ չէ: Նա տգետ է դառնում, երբ դատողություններ է անում կոշիկից վերև եղածի մասին… Իսկ ով ասես, գրողին դասեր չի տվել` գեներալներ, գլխավոր քարտուղարներ…
Խրուշչովի օրոք Զագլադա ազգանունով մի կոլտնտեսուհի կար: Նույնպես դասեր էր տալիս: Եվ այդ օրերին դերասան Գրիբովն ասել է. «Մեզանում բոլորն են արվեստի գիտակներ` Խրուշչովից մինչև Զագլադա, իսկ շուկայում վարունգի կիլոգրամը երեք ռուբլի է…»:

***
Ի դեպ, ռուբլին հա՜ ընկնում է: Մեկ այլ երկրում այդպիսի անկումը լիակատար սնանկացման կհանգեցներ, բայց չեմ կարծում, որ մեզանում դա հնարավոր է: Մարդիկ սովոր են գոյատևել նվազագույնով: Կարտոֆիլի պաշար տեսել են, վարունգը թթվեցրել, սունկը չորացրել ու եթե հաց էլ լինի, էլ ի՞նչ է պետք: Հայրս, ծայրահեղ սակավապետ մի մարդ, միշտ ասում էր. «Հաց ու ջուրը կտրիճի կերակուրն են»: Ասածի պես էլ ապրում էր: Միս չէր ուտում, ձուկ, կաթ, ձու, մրգեր, բանջարեղեն` նույնպես: Ինձ հարցնում են` լավ, բա ի՞նչ էր ուտում: Այո, ընդամենը հաց ու ջուր: Դե, երբեմն իրեն սիրաշահում էր կարտոֆիլով կամ շիլայով: Այսքանը: Ես սակավապետ չեմ, անգամ համտեսել եմ ամեն տեսակ համադամ խորտիկներ, բայց մանկությանս տարիներին երկու, իսկ ավելի ստույգ` մեկուկես սով տեսել, լավ եմ հիշում, երբ շատ ես ուզում ուտել, պարզ կերակուրը համեղ է ամենանրբաճաշակից:
1943-ին ես տասնմեկ տարեկան էի, ապրում էի հորաքրոջս մոտ, Սամարային մերձ փոքրիկ մի քաղաքում: Վայրի սով էր, մարդիկ հյուծվում էին, ուռչում ու մահանում, ոմանք` փողոցում: Գուցե ես էլ մեռնեի, բայց եկավ հայրս: Ծանր վիրավորվելուց ու հոսպիտալում ութ ամիս պառկելուց հետո նա մորս հետ ապրում էր գյուղում: Եվ ահա եկավ մեծ ուսապարկով` «սիդորով», ինչպես ասում էր ժողովուրդը: Քանդեց «սիդորն» ու սկսեց եփած ճարպի կտորներ հանել միջից: Տեսա ու քիչ մնաց դառնությունից լաց լինեի` հիշեցի, որ եփած ճարպից ճիշտ սրտխառնուք էի ունենում: Բայց և այնպես վերցրի մի կտոր, լպստեցի, զգույշ եզրից կծեցի ու… Ոչ դրանից առաջ, ոչ էլ հետո ավելի համեղ բան չեմ կերել: Մի՞թե դրա հետ կարող են համեմատվել ինչ-որ ծնեբեկ, խաչփառ կամ ոստրե: Մի՞թե կարելի է կոմունալ սենյակից առանձին բնակարան տեղափոխվող մարդու երջանկությունը համեմատել Կիպրոսում 10-րդ առանձնատունը գնած հարուստի հաճույքի հետ: Հապա ընթերցանությո՞ւնը: Հիմա ցանկացած գիրքը գնիր ու կարդա: Բայց ե՛րբ և ինչո՛ւ, եթե կա համակարգիչ, ինտերնետ, հեռուստացույց և «օճառափրփուրային» սերիալներ: Ութ տարեկանում ես սկսեցի կարդալ ոչ թե նկարազարդ մանկական գրքույկներ, այլ իսկական, հաստափոր գրքեր: Դա Ստավրոպոլում էր, տափաստանային խուտորում, մինչև տանիքը ձյունածածկ խրճիթում: Օրը երկար էր, զբաղմունք չկար, գնալու տեղ` նույնպես: Իսկ եթե ես ունենայի հեռուստացույց, համակարգիչ և ինտերնետ, կկարդայի՞ արդյոք: Հա՛, հա՛:
Այ, հենց հիմա ինչ-որ մի լավատես հեռուստացույցի էկրանից բացատրում է, որ այսօր էլ երեխաները կարդում են գրքեր, բայց ուշ են սկսում: Գիրք կարդալը ջութակ նվագելու պես բան է` պետք է մանկուց սկսել: Իսկ հիմիկվանները ուշ են սկսում ու շուտ էլ ավարտում են: Խթան չկա: Ասում են` մի տատիկ թոռանը ընթերցանության վարժեցնելու համար գրամեքենայի վրա տպում էր «Պատերազմ և խաղաղությունը» և որպես «самиздат» տալիս մանչուկին, քանի որ նա սովորական գրքեր այլևս չէր կարդում: Միշտ էլ հավատացել եմ, որ ոչինչ այնքան ազատության կարիքը չի զգում, ինչպես գրականությունը: Իսկ պարզվում է, որ լիակատար ազատության պայմաններում նա դալկանում է, ինչպես կակտուսը սևահողային գոտում: Իհարկե, ազատությունը բարձրագույն բարիքն է, ու եթե նա վնասում է գրականությանը, ապա ես էլի ազատության կողմնակից եմ… բայց, ինչ ուզում ես` ասա, վիրավորական է: Նախկինում գրողն էր մտքերի տիրակալը, հիմա նրան փոխարինել են հեռուստատեսային մեկնաբաններն ու այդ… ինչպես էր… դե, շոումենները: Ահա Ելենա Խանգան. «Ասացեք, ինչպե՞ս եք վերաբերվում ձեռնաշարժությանը»: Ողջախոհ տեսքով մի աղջիկ պատասխանում է. «Շատ դրական: Միացնում եմ տեսամագնիտոֆոնը, նայում ու…»: Նախկին պուտչիստը զայրանում է. «Տեսեք, թե ու՛ր ենք հասել»: Թեև սարսափը բոլորին չէ, որ պատել է: Իմ ծանոթներից մեկը թերթում գրել էր, որ ընդհանրապես պոռնոգրաֆիա դիտել երևի թե չարժե, բայց մինչև տասնչորս տարեկանը` ինչո՞ւ ոչ: Մի գեղեցիկ աղջիկ, քմծիծաղելով, էկրանից բացատրում է, որ ամենից լավ դրանով ցնցուղի տակ զբաղվելն է: Լավ է, որ հեռուստացույցի ալիքները փոխելը դեռ քո իրավասության մեջ է:

***
Սեղմում ես կոճակը, և ցնցուղի տակ հաճույք փնտրողի փոխարեն բուխարու մոտ նստած է դրամատուրգ-պապիկն ու բողոքում է, որ նրանք (ովքե՛ր, ամերիկյան իմպերիալիստնե՞րը) իրեն այլասերում են: Եթե այդպես է, ապա նրանք վաղուց են այլասերված: Հիմա էլ հասել է դրամատուրգ-պապիկի հերթը: Ամեն տեսակ անհեթեթություն են ցուցադրում, նա նստած նայում է, տառապում է, իսկ առաջ… ի՜նչ լավ էր նախկինում… ի՛նչ լավ: Լավ գրքեր էին կարդում, լավ պիեսներ էին բեմադրում, միմյանց հյուր էին գնում, ու բոլորը լավն էին ու շատ բարի: Բարություն, ահա ի՛նչն է մեզ պակասում,- ասում է նա բավական չարացած: Ու ես ակամա հիշում եմ, թե ինչ բարի էին այդ տղերքը, երբ կերան Ախմատովային, Զոշչենկոյին, Պաստեռնակին, Սոլժենիցինին, Գալիչին… Այդ կաբինետները, փակ նիստերը, դռնբաց ժողովները, աշխատավորների զայրագին նամակները` հեռացնելու, աքսորելու, գնդակահարելու, ինչպես կատաղած շների… ամենաբարի առաջարկություններով: Ոչ մի տեղ պոեզիան այնքան բարձր չի գնահատվում, ինչպես մեզանում, ասել է Մանդելշտամը: Դրա համար մեզ մոտ սպանում են: Իսկ հիմա չեն սպանում, և տխուր է:
Վերջերս մի սոցիոլոգ ինձ ասաց, որ երիտասարդների շրջանում այսօր ամենահեղինակավորը համարվում է աուդիտորի մասնագիտությունը: Հետո գալիս են ամեն տեսակ բանկիրներ, մենեջերներ, փաստաբաններ և ատամնաբույժներ: Դիվանագետը ինչ-որ 20-րդ տեղում է՝ մոդելյորից, դիմահարդարից ու լավ ռեստորանում աշխատող խոհարարից հետո: Ես հարցրի. «Իսկ ո՞ր տեղում է գրողը»: Նա շփոթվեց. «Գրողին դեռ չեմ հասել»: Ասում են` հիմա քիչ են տաղանդավոր գրողները: Քիչ են, որովհետև գրողական ձիրքը հազվագյուտ է: Լավ գրողն ավելի հազվադեպ է, քան լավ բանկիրը կամ ատամնաբույժը, կամ անգամ սրտաբան- վիրաբույժը: Գրողի աշխատանքը ամենածանրերից է: Այդ գործով ես միշտ էլ զբաղվել եմ շատ ու բարեխիղճ: Ինձ վիճակվել է աննկատ չմնալ: Իմ գրքերը հրատարակվել են մեծ տպաքանակներով, երբեմն ես վատ չեմ վաստակել, բայց տարիներ են եղել` ոչինչ չեմ ստացել: Շատերին է դուր եկել իմ գրածը, այդ մասին նրանք ասել ու գրել են, փոխարենը չարությամբ լի այնքան բառեր եմ լսել, որքան իր օրում չի լսել որևէ փականագործ կամ դռնապան: Շնորհակալ եմ ձեզ, բարի՛ մարդիկ, դուք ինձ գովեստներ չեք շռայլել և շատ լավ եք արել:
Ինձ հարցնում են` ի՞նչը օգնեց դիմագրավելու այդ ամենին: Իսկ օգնեց արգելքների ժամանակավոր լինելու գիտակցումը և կյանքի բարքերի հարաբերական արժեքայնության ըմբռնումը, որոնց կարելի էր հասնել` հրաժարվելով այն ամենից, ինչն ինձ համար հարաբերական չէր թվում: Նախկինում միշտ էլ անձիս մասին համեստ եմ արտահայտվել, իսկ ամեն տեսակ զրպարտանք, ասենք` իբր ծիծաղում եմ ժողովրդի տառապանքի վրա ու բոլորին հիմար համարում, անտեսում էի, հիմար համարելով այդպես ասողներին և ծիծաղելով նրանց վրա: Իսկ հիմա երբեմն չարանում եմ և ցանկանում եմ ասել, ո՛չ, պարոնայք, ինչպիսին էլ որ եղել եմ, ի տարբերություն ձեզ նման բարի մարդկանց, չեմ ստել, չեմ գողացել, չեմ լրտեսել, ղեկավարությանը չեմ քծնել, ուրիշների դժբախտության հաշվին կարիերա չեմ արել և դժվար ժամանակներում, երբ հենց այդ բարի մարդիկ ժոդովներ էին գումարում ու միմյանց հյուր գնում, ես ճշմարտությունը… ու՞մ… թագավորների՞ն… ո՛չ, ոչ թե նրանց, այլ ամեն տեսակ տականքի երեսին եմ ասել ժպտալով…

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով