Գոհար Գասպարյան. Իմաստուն պարզություն

Երբեք չպիտի դադարեմ զարմանալ այն մոցարտյան պարզությամբ, որով իմաստուն է այս մեծ Հայը:
Ինձ երբեք չեն հարցնում, թե ով է իմ սիրած բանաստեղծը: Ինձ երաժիշտներից են հարցնում: Ես էլ, մի շատ դժվար ընտրություն կատարելով, ի վերջո տալիս եմ երկու անուն՝ Մոցարտ և Կոմիտաս… Երկուսը միայն՝ շատ սիրելի ուրիշ մեծերի շարքից, երկուսը, որ ինձ համար ամենից ավելի ցայտուն են մարմնավորում արվեստի իմաստուն պարզության իդեալը:
Բանաստեղծության մեջ «երաժիշտը» Թումանյանն է: Իրավ, երաժիշտ, ինչպես մեծ երաժշտություն է մեծ պոեզիան, այնպես էլ մեծ պոեզիան է, որ հնչեցնում է մեծ հոգու երաժշտությունը:
Պոեզիայի ու երաժշտության այս դրացիությունը ինձ համար ունի ոչ միայն փոխաբերական, այլ նաև ուղղակի իմաստով: Ես այն բախտավորն եմ, որ, ահա, արդեն քանի՜ տարի հնարավորություն ունեմ կրկին ու կրկին հանդիպելու Թումանյանի հետ օպերային բեմի վրա: «Անուշը», Մեծ Լոռեցու բանաստեղծական կյանքի պսակը, որ իր անզուգական թարգմանն է ունեցել երաժշտության մեջ Արմեն Տիգրանյանին, բեմի վրա երեկոյից երեկո խաղացվող մի-մի պատմություն չէ ինձ համար:
Երբ ես Անուշի հետ եմ, ոտքիս տակ զգում եմ հայրենի հողի ամրությունը, նրա խելքահան անող բուրմունքը: Երբ ես անուշի հետ եմ, լիուլի ճաշակում եմ արվեստի մեջ դաշնակցած խորության ու պաևզության հրճվանքը:
Ու միշտ զարմանում եմ, թե որքա՜ն իմաստուն է պարզության պես բարդ այս մեծ Հայը:

«Սովետական Հայաստան», 1969, սեպտեմբերի 24

Հովհաննես Թումանյանի 150-ամյակին ընդառաջ

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով