Դավիթ Խաչիյան. Իմ ալեֆը

Դուք չե՞ք եղել Բուենոս Այրեսում: Եվ չե՞ք եղել Գարայ փողոցում: Հմմ…. Ես էլ չեմ եղել: Եվ երևի արդեն չեմ էլ լինի: Բայց դա էական չէ: Չէ՞ որ մտքի հնարավորություններն ասնպառ են: Եկեք վստահենք Բորխեսին ու նրա հետ միասին մի փոքրիկ ուղևորություն կատարենք Արգենտինայի մայրաքաղաքում պատսպարված Գարայ փողոց: Միաժամանակ մտքով էլ հետ գնանք դեպի քսաներորդ դարի կեսերը, քանի որ այն տունը, որի մասին խոսք կգնա ստորև, հենց այդ ժամանակ քանդվել է ու վերածվել բար-սրահի: Եվ Աստված գիտի, թե ինչ է գտնվում հիմա այդ տեղում:

Նախապատմություն 1

Բորխեսի վաղամեռիկ սիրո` Բեատրիս Վիտերբոյի հորեղբոր որդին, Դաների անունով, հրավիրում է նրան Գարայ փողոցում գտնվող իր հայրական տուն` տեսնելու Ալեֆը: Բորխեսի զարմացած հայացքին հետևում է «միապաղաղ ու անդեմ ձայնով, որով խոստովանում ենք մի շատ մեծ ու ներքին գաղտնիք» Դաներիի հակիրճ բացատրությունը, թե այդ տան ներքնահարկի անկյուններից մեկում մի Ալեֆ կա: Այնուհետև բացատրում է, որ Ալեֆը տարածության այն կետերից մեկն է, որն իր մեջ պարունակում է բոլոր կետերը:
— Այն տեղը, ուր աշխարհի բոլոր վայրերն են` դիտված բոլոր հնարավոր անկյուններից:
— Բայց ներքնահարկը շատ մութ չէ՞,- անհանգստանում է Բորխեսը:
— Այո, ճշմարտությունը դժվարությամբ է ուղի հարթում դեպի կարծր միտքը: Եթե աշխարհի բոլոր վայրերը Ալեֆում են, այնտեղ կլինեն նաև բոլոր լուսատուները, բոլոր լամպերը, լույսի բոլոր վտակները:
Բորխեսը շտապում է տալ իր համաձայնությունը: Միասին գնում են Դաներիի տուն: Բորխեսը, մի բաժակ «կեղծ կոնյակ» ըմպելուց հետո, իջնում է ներքնահարկ, պառկում սալահատակին ու դիրքավորվում` աչքերը հառած տասնիններորդ աստիճանին: Դաներին փակում է ներքնահարկի դռնակը, ու Բորխեսը մնում է մենակ: Քիչ անց նա տեսնում է Ալեֆը: Սակայն խոսքը տանք Բորխեսին.
«Աստիճանի ներքևի մասում՝ աջ կողմի վրա, գրեթե անդիմադրելի փայլով փողփողում էր մի փոքրիկ շրջանակ: Սկզբում ինձ թվաց, թե պտտվում է, հետո հասկացա, որ նրա մեջ արտացոլվող գլխապտույտ պատճառող դեպքերի հետևանքն էր այդ շարժումը: Ալեֆի տրամագիծը երկու կամ երեք սանտիմետր կլիներ, սակայն այնտեղ էր գտնվում, առանց հարաբերական փոքրության, տիեզերական ողջ տարածությունը: Ամեն բան (ասենք հայելու մեջ լուսինը) միևնույն ժամանակ անթիվ բաներ էին, քանզի ես այն տեսնում էի տիեզերքի բոլոր կետերից: Բազմաբնակ ծովը տեսա, տեսա արշալույսն ու մայրամուտը, Ամերիկայի բազմությունները տեսա, տեսա արծաթագույն մի սարդոստայն, մի սև բուրգի կենտրոնում քանդված մի բավիղ տեսա (Լոնդոնն էր), տեսա անհատնում անմիջական աչքեր, որ իրենք իրենց էին որոնում իմ մեջ, ինչպես հայելում մոլորակի բոլոր հայելիները, տեսա և ոչ մեկն ինձ չարտացոլեց: Սոլեր փողոցի մի միջնաբակում տեսա այն նույն սալաքարերը, որ երեսուն տարի առաջ Ֆրայ Բենտոսում գտնվող մի տան միջանցքում էի տեսել, ողկույզներ տեսա, ձյուն, ծխախոտ, մետաղի ջարդոն, ջրի գոլորշի, էկվատորյան անապատները տեսա, և նրանց ամեն մի հատիկ ավազը, Ինվերնեսսում մի կին տեսա, որին երբեք չեմ մոռանա: Տեսա վարսերը, փարթամ մարմինը: Խրոխտ կրծքին մի խոց տեսա: Մայթի վրա հողե մի փոս տեսա, ուր առաջ մի ծառ էր եղել: Ադրոգեի այգին տեսա: Պլինիուսի անգլիական տարբերակից մի օրինակ տեսա: Ֆիլեմոն Հոլլանդինն էր: Յուրաքանչյուր էջի յուրաքանչյուր տառը տեսա (փոքր ժամանակ գիշերվա ընթացքում փակված տառերի չխառնվելն ու չկորչելը ինձ հիացմունք էր պատճառում): Ժամանակակից գիշերն ու ցերեկը տեսա: Կերետարոյում մի արևմուտք տեսա, որ կարծես Բենգալիայում աճող մի վարդի գույնն էր արտացոլում: Անբնակ ննջասենյակս տեսա: Ալքմաարի առանձնասենյակներից մեկում երկու հայելիների մեջտեղում անվերջորեն բազմապատկված մի երկրագունդ տեսա: Խառնված բաշերով ձիեր տեսա Կասպից ծովի վաղորդայնում: Մի ձեռքի նուրբ կմախք տեսա: Տեսա, թե ինչպես մարտից փրկվածները բացիկներ էին ուղարկում: Միրզապուրում գտնվող մի աշտարակում իսպանական մի խաղաթուղթ տեսա: Ձմեռային մի այգում ձարխոտների շեղակի ստվերները տեսա: Տեսա վագրեր, բիզոններ, կոհակներ ու բանակներ: Երկրագնդի բոլոր մրջյունները տեսա: Տեսա պարսկական մի աստղադիտակ: Գրասեղանի դարակում նամակներ տեսա (և ձեռագիրը դող պատճառեց): Լպիրշ, անհավատալի դիպուկ նամակներ, որ Բեատրիսն ուղղել էր Կառլոս Արխենտինոյին: Ջակարտայում տեսա պաշտամունքի մի կոթող: Տեսա այն զազրելի աճյունը, որին վերածվել էր մի ժամանակվա Բեատրիս Վիտերբոյի հմայքը: Իմ մուգ արյան շրջանառությունը տեսա: Տեսա սիրո մեխանիզմն ու մահվան փոփոխությունը: Բոլոր կետերից դիտված Ալեֆը տեսա: Տեսա երկիրն Ալեֆում և երկրում նորից Ալեֆը և Ալեֆում երկիրը: Դեմքս ու ջղերս տեսա: Տեսա քո դեմքն ու գլխապտույտ զգացի և լաց եղա, քանի որ աչքերս տեսել էին այն, ինչ մարդկային աչքը չի տեսել, այն գաղտնի ու ենթադրական առարկան, որի անունը մարդիկ գողանում են անըմբռնելի տիեզերքից»:
Դաներիի տունը լքելուց հետո փողոցում, Սահմանադրության սանդուղքներին և մետրոյում Բորխեսին բոլոր դեմքերը հարազատ թվացին: Սարսափով մտածեց, թե աշխարհում իրեն զարմացնող ոչինչ չմնաց: Որ իրեն այլևս երբեք չի լքի այն զգացումը, որ ինքն այդ ամենը մի անգամ արդեն տեսել է… Որոշ ժամանակ անց գալիս է այն մտքին, որ Գարայ փողոցում իր տեսած Ալեֆը կեղծ էր: Սակայն տարակուսանքն այդպես էլ չի լքում Բորխեսին և ինքն իրեն հարց է տալիս, թե գոյություն ունի՞ արդյոք Ալեֆը մի քարի ներսում…

* * *
Բորխեսի հարցն ինձ համար ինքնին հռետորական չէր: Չեմ կարող ասել, թե ամեն օր այս հոգեխռույզ դեգերումների մեջ էի, սակայն ներքին որոնումներս ի վերջո հանգեցրին ինձ այն մտքին, որ այո՛, ամեն քարի ներսում Ալեֆ գոյություն ունի, և մարդկության պատմությունն, ի վերջո, մի քարի պատմություն է, որը տեսել է աշխարհում կատարվող ամեն ինչ ու այդ պատկերները պահել իր մեջ: Մի մեջբերում կատարեմ ինքս ինձանից` ի պատասխան Բորխեսի հարցի:

Նախապատմություն 2 (քնարական մեջբերում)
Քարի խոստովանությունը

Մարդկության պատմությունը մի քարի պատմություն է: Ո՞վ է հիշում այն ստրուկի անունը, որը դրեց Քեոփսի բուրգի միլիոներորդ քարը: Միգուցե միայն այդ քա՞րը… Ուստի իմ մեջ է մարդկության ամբողջ գիտելիքը: Միայն ես գիտեմ, թե ինչպես է կառուցվել բուրգը: Ինչպես է նրա ամեն մի քարը կտրվել քարհանքում, տեղափոխվել անապատ ու տեղադրվել իր նախորդի կողքին:
Երբ մարդկությունը վերանա, ուրիշ քաղաքակրթությունից մի հնագետ է անցնելու Նեղոսի հովտով, պեղելու է Քեոփսի բուրգը, զարմանալու է ինքը և զարմացնելու է բոլորին: Ու հենց քարերից է իմանալու այն ստրուկի անունը, որը դրել է Քեոփսի բուրգի միլիոներորդ քարը: Այդ քարը կենակցել է իր հարևան քարի հետ, ու մի դաժան պատմություն է ծնվել նրանց սիրուց: Այդ պատմությունը ապրում է մյուս քարերի մեջ էլ ու ասում է, որ մարդկության պատմությունը և իմաստությունը պարփակված են մի քարի մեջ:
Ամեն ինչ ուզում է իր գոյությամբ հաստատվել, ուստի ես էլ միշտ ձգտել եմ քար մնալ: Նույնիսկ հաց չցանակացա դառնալ, որովհետև դրանով կայլասերվեր ու կաղճատվեր մարդկության ուղղափառ փիլիսոփայությունը: Եվ անցան ժամանակները, բայց ես քար մնացի: Ինձ էլ դեն նետեցին ուրիշ քարերի պես: Հետո փոխվեցին ժամանակները, ու մեզ կրկին ժողովեցին, որ բուրգ և սֆինքս դառնանք ի փառս աստվածների: Հետո ինձ վրա խաչ փորագրեցին ու, փոխանակ խաչն ուղարկողին պաշտելու, խաչքարերը աստվածացրին: Իսկ ինձ վրա մնացին ինձ քաշող ստրուկի արյան շիթերը, ինձ մշակող վարպետի մուրճի հարվածների ձայնը և ժամանակի պատկերները: Ու հաճախ ինձ անարգեցին մարդիկ, բայց ես լռելյայն կուլ տվեցի վիրավորանքները ու անկյունաքար դարձա, որ հիշեմ մարդկանց բարի և չար գործերը:
Ես էի, որ փրկեցի յոլքոսցի գետնված հերոսին, օգնեցի կոտորել վիշապածին ռազմիկներին ու մարդկության սեփականությունը դարձրի աստվածապարգև ոսկեգեղմը: Ափսո՜ս, որ մարդիկ երբեք չհասկացան դրա խորհուրդը… Ավելին, նրանք քարը քարի վրա շարելով աշտարակ կանգնեցրին իրենց անվան համար ու արհամարհեցին աստվածներին:
Ես էի, որ մխրճվեցի փղշտացի հսկայի ճակատը ու մեռցրի նրան: Իմ կամքը չէր դա, բայց ինձ անչափ հաճո էր ի վերուստ ինձ ընձեռված այդ առաքելությունը: Եվ այդ օրը ճակատագրական մի բեկում մտավ մարդկության պատմության մեջ, որն ընդամենը մի քարի պատմություն է:
Ինձնով քարկոծեցին մեղավորներին ու ինձնով հուշարձան կանգնեցրին փառապանծներին: Ինձնով քաղաքներ կառուցվեցին և, երբ շնորհ չգտան Բարձրյալի առջև, իմ բեկորների տակ գտան իրենց մահկանացուն: Ինձնից կերտվեց մարդը և մահից հետո դարձյալ քար կդառնա: Նրա աճյունի վրա քարե սալ կդնեն, ու նրա պատմությունը կդառնա այդ քարե սալը:
Եվ, ով ուզում է իր տունը հաստատ ու ամուր լինի, ինձ վրա պիտի կառուցի: Ու կառուցեցին մարդիկ ինձ վրա ու ինձանով: Բուրգեր ու վանքեր, աշտարակներ ու կամուրջներ, հաղթական կամարներ ու դամբարաններ կառուցեցին: Փիլիսոփաներն ինձ իրենց թալիսմանը օծեցին, ու գիտությունը զարգացավ իմ ոգեշնչմամբ: Առաջինը ես զառ դարձա և մարդկանց ճակատագրի մեջ պատահականության տարրը մտցրի:
Ես էի, որ մի հիմարի թեթև ձեռքով ընկա փոսը, և աշխարհի իմաստունները հավաքվեցին ու չկարողացան ինձ հանել փոսից: Իսկ Բարձրյալը քարե տախտակների վրա մարդկության պատվիրանները գրեց, ու մարդիկ իրենց ապագան ինձ վրա կարդացին, ուստի ես ոչ միայն պատմությունն եմ, այլև գալիքի բանալին:
Բայց ավա՜ղ, մարդիկ չհասկացան ո՛չ ոսկեգեղմի, ո՛չ խաչքարերի, և ո՛չ էլ քարե տախտակների իմաստն ու խորհուրդը: Քանդեցին բուրգերն ու վանքերը, աշտարակներն ու կամուրջները, հաղթական կամարներն ու դամբարանները և բազալտի օծված խորանարդիկներից իրենց համար խրճիթներ և անասնագոմեր ծեփեցին… Ես Ռոզեթյան քար դարձա, որ մարդիկ կարդան ինձ ու վերհիշեն աստվածներին, բայց նրանք դարձյալ կույր մնացին…
Ես, որ ծնվել եմ միլիարդավոր տարիներ առաջ, կոփվել եմ լավայի բոցերում ու թրծվել հավերժական ձյուների տակ՝ սրբազան լեռների գագաթներին: Հետո դանդաղ գլորվել եմ ներքև, դարձել բուրգեր, քարե տախտակներ ու խաչքարեր… Ես մարդկության պատմության կրողն եմ. պատմություն, որը ոսկեդարից մինչև երկաթի դար է ձգվում և պարփակում է իր մեջ մարդկանց իմաստությունն ու անխոհեմությունը: Ու այսօր միլիոնավոր սիզիփոսներ ինձ փորձում են գլորել վեր` դեպի Օլիմպոսի բարձունքը, որ իրենց պատմությունը դարձյալ մոտենա աստվածներին…
Եվ այդ բոլոր ժամանակները, որոնց միջով միլիարդավոր մարդիկ են անցել և անցնելու, իրենց պատմությունը չէ, այլ մի քարի պատմություն է…

* * *
Քարի և Ալեֆի համար ժամանակը պայմանական է: Դա ընդամենը օգնում է, որ սառած պատկերները շարժանկար դառնան: Մեզ համար էլ է այն պայմանական, եթե հավատանք, որ մնալու ենք քարի կամ Ալեֆի հուշերի մեջ: Բայց, եթե քարը ընդամենը հիշողության կրիչ է և պատմության վկան, ապա Ալեֆը դիտակետ է:
Երբեք չգիտես, թե ինչ է բերելու քեզ վաղվա օրը: Հույսով սպասում ես: Ես էլ հույսով սպասում էի և հիմա էլ սպասում եմ: Ո՞վ գիտե ինչպես են կնոջ մարմնում ձևավորվում երեխայի ոսկորները կամ ինչպես են խառնվում արյունները ու յոթ դար անց անսպասելի ծնունդ տալիս: Առավել ևս ո՞վ կարող է ասել, թե ինչ է բերելու վաղվա օրը: Բայց աղոթքի ուժ ստացած սպասումը միշտ էլ մի տեղից դուրս է գալիս:

* * *
Օգոստոս է: Արարատյան դաշտը եռում է արևի ջերմությամբ: Հարսանիքի թափորն ուղևորվում է Վաղարշապատի Ս. Գայանե եկեղեցի, ուր կայանալու է պսակի արարողությունը: Դեռ ժամանակ կա: Մարդիկ ցրվել են վանքային համալիրի շուրջբոլորը փռված բերքատու ծառերի տակ, ցայտաղբյուրի մոտ: Մի քանիսը ծխում են, նկարվում: Ջահել աղջնակները խմբվել են մի տեղ ու խանդաղատանքով նայում են ձյունաճերմակ զգեստ հագած նորահարսին:
Վանքի տարածքն ասես կտրված լինի դրսի աշխարհից: Զգում եմ քարերի հնամենի շունչն ու նրանցում պարփակված գաղտնիքները: Անցնում եմ եկեղեցու կողքերին փռված գերեզմանաքարերի միջով: Տեր իմ Աստված, այս ի՜նչ անուններ են… Դանիել Բեկ-Փիրումյան, Սամսոն Տեր-Պողոսյան (Րաֆֆու «Խենթը»), Լուսինե Զաքարյան… Ավելի հին անուններ էլ կան, որոնք, ավաղ, ինձ քիչ բան են ասում:
Մտնում ենք ներս: Օգոստոսյան տապից հետո այնքա՜ն հաճելի է քարակոփ պատերի ու գմբեթի փայփայած զովը: Տեղավորվում եմ աջ կողմի նստարաններից մեկի ծայրին. այստեղից փախչելն ավելի հեշտ է: Վանահոր սերտած բառերն ու տաղտկալի ձայնը ստիպեցին ինձ գոնե հայացքս փախցնել: Ինձանից աջ մի փայտե դուռ է բացվում դեպի խաղողի այգին: Եվ, ինչպես Բորխեսն էր ասում, այդ պահին տեսա Ալեֆը, իմ Ալեֆը:
Օգոստոսյան տապը, հողի մակերևույթից անդրադարձող ջերմությունը, եկեղեցում տիրող կիսախավարը, դռան նեղ բացվածքը միասին ստեղծել էին մի արտասովոր վիճակ և տեսողական բացառիկ ու տարօրինակ մի համադրություն, որը, վստահ եմ, միայն ինձ և միայն իմ դիտակետից կարելի էր ընկալել:
Տեսա խաղողի որթերում ու գիլաներում հասունացող մեղրահամ հյութը, որը հետագայում պիտի գինի դառնար, հոսեր մարդկանց ըմպանով ու կերակրափողով, հասներ ստամոքսին ու աղիներին ու ներծծեր նրանց արյան մեջ: Այս ամենը տեսա բոլոր մանրամասներով: Տեսա հողի վրայի ու տակի մրջյուններին ու մյուս զեռուններին ու նրանց խոսակցությունը լսեցի: Զանգերի հարյուրամյա ղողանջն ու Սարդարապատ շտապող հայոց զորքը տեսա` Դանիել Բեկ-Փիրումյանի գլխավորությամբ: Նրա մարմնում նախկին պատերազմից մնացած արկի բեկորները տեսա: Ամենայն հայոց սոխակ Լուսինե Զաքարյանին ու նրան տանջող ցավը տեսա: Նրա գերեզմանին խոնարհված մի տղամարդու արտասվաթոր աչքերով դեմքը ու երեսի սուր-սուր աճած մազերը տեսա: Գեղամա լեռներում աճող ու օգոստոսին գույն առնող տատասկներ ու փշեր տեսա: Հեռավոր մի քաղաքում մայթին թափված կեղտաջուր տեսա ու զգացի նրա հոտը: Օդի հյուլեները տեսա ու տիեզերքի սև էներգիան: Իմ սեփական սարսուռն ու վախը տեսա: Ամենուր ցրված ռադիոալիքները տեսա: Ուրիշի գրկում սիրո տռփանքից հևացող իմ նախկին սիրուն տեսա: Օվկիանոսի անսահման դաշտում խեղդվող մի նավաբեկյալ տեսա ու նրա վերջին ճիչը լսեցի: Անապատում մոլեգնող պտտահողմ ու ավազից կուրացած ուղտատերերին տեսա: Անօթևան ընտանիք տեսա, որն ուշադրությամբ նայում էր նրբահամ խորտիկներ ճաշակող հարուստներին: Անտառում ոռնացող մի գայլ տեսա ու հասկացա, որ ինձ էր կանչում: Կոմիտասի դաշնամուրի կտրված լարը տեսա: Հարսանքավորներ ու ուխտագնացներ տեսա: Մոլորակների ու Արեգակի ձգողական դաշտը տեսա: Մաթեմատիկայի չլուծված խնդիրներն ու դրանց լուծումները տեսա, և ապացույցների պարզությունն ու հստակությունը ապշեցրին ինձ: Կիլիկիյան Հայաստանի լքված բերդերն ու գիշերով գաղտագողի փախչող ֆրանսիացի զինվորներին տեսա: Հայոց աստվածների արձանները տեսա Նեմրութ լեռան լանջին ու անուշահոտություններ խնկարկող քուրմերի երգերը լսեցի: Տղմուտ գետի ափին մահամերձ մի զինվոր տեսա ու նրա աչքերի արցունքները: Նրա վերքից հոսող սև արյան համը զգացի: Եվրոպական հնաշունչ մի փողոցում լացող ձիեր տեսա: Իմ ծնունդն ու մահը տեսա: Հայկ նահապետից մինչ ինձ հասնող տոհմածառը տեսա ու իմ գենետիկ շղթայի ամեն մի օղակը: Չծնված երեխաներ տեսա, որոնք այլևս երբեք չեն ծնվի: Կախաղան հանվող մահապարտի քրտնքի սառը կաթիլները տեսա ու զգացի, որ դրանք հոտ չունեն: Լույսի քվանտները տեսա: Տեսլայի գյուտը տեսա ու զարմանքից պապանձվեցի: Եթերը տեսա ու Յուպիտեր մոլորակի վրա անծայրածիր օվկիանոսներ տեսա: Աստվածներին տեսա ու ակամայից փախցրի հայացքս: Շումերներին տեսա ու լսեցի նրանից մեկի պատմությունը իր ընտանիքի մասին: Ճապոնիայում մի քարակերտ այգի տեսա: Դատարկությունը տեսա ու լռությունը լսեցի: Անծանոթ մի մոլորակում ինձ ծանոթ դեմքեր տեսա: Արեգակի վերջին ցոլքը, Հիսուսի փակվող աչքերը, կատաղած ցուլեր ու հողից բուսնող մի ծիլ տեսա: Տիգրանի ու Արտավազդի զորքը տեսա ու նրանց սաղավարտների ու վահանների կուրացնող շողշողումը: Մեծամոր կոչվող տարածքում ձիերի զոհաբերում տեսա: Վայրի ավանակներ ու կայծակ, մետաղալարի միջող շարժվող էկետրոններ տեսա: Կյանքի իմաստն ու կնոջ գատնիքը տեսա ու արցունքներ եկան աչքերիս, քանի որ տեսա միլիոնավոր փիլիսոփաների այն բազմությունը, որն այդ պարզունակ հարցերի պատասխանը գտնելու համար իր կյանքն էր տվել: Բորխեսին տեսա ու նրա ոսկորները հողի տակ…

* * *
Անձայն դուրս եկա եկեղեցուց, որ պսակին եկած մարդիկ չտեսնեն արցունքներս: Ձեռքս հենեցի պատին, որ չընկնեմ: Հետո մյուսները դուրս եկան, ու իրար խառնված հարազատություն ու տաղտուկ զգացի մարդկային այդ հոտից ու նրանց մտքերից:

* * *
Բորխեսն իր սեփական կասկածների գերին էր: Ես կասկածներ չունեմ: Ես տեսել եմ Ալեֆը, իմ Ալեֆը: Այսքանը թող բավական լինի ինձ:

30 հոկտեմբերի 2015 թ.
Երևան

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով