Վառլեն Ալեքսանյան. Բանաստեղծություններ

«Գարուն», 1967, 7

Վառլեն Ալեքսանյանը ծնվել է 1942 թ., Թալինի շրջանի Գառնհովիտ գյուղում։ 1960 թ. ավարտել է Երևանի № 45 միջնակարգ դպրոցը։ 1965 թվականին ընդունվել է Երևանի պետհամալսարանի պատմության ֆակուլտետը:

ԻՆՁ ՄԻ ԽՂՃԱՑԵՔ

Ինձ մի խղճացեք
Խճճվել այսպե՞ս,
Եվ ինչի՞ համար,
Եվ սուզվել այնտեղ
Ուր չկա ճահի՞ճ:

Գարնան երեկոն սիրով համբուրեց
Վարագույրը իմ:
Տվեք մոռացման գաղտնիքը՝
Ու գուցե ես էլ
Մեկին մոռանամ:
Ի՜նձ էլ մոռացեք:
Լուսամուտիս դեմ գետնին տարածվել
Եվ օրորվում են
Աննյութ ստվերներ որբ բարդիների:
Ում սիրում էի՝
Գարունը տարավ:
Հեռվում նիրհում են դաշտերը քնատ.
Աղոթք մրմնջում:
Իսկ իմ դեմքին դուք կարդացեք ցավով
Թախիծից մեռնող երազանքները
Եվ օրորեցեք գլուխները ձեր,
Բայց մի խղճացեք…

***

Աղմուկս փռեմ
Դաշտերում դեղին,
Հոգնած,
Ամայի:

(Ողբերգություններ դաշտերում ծնված,
Դաշտերում կորած որբ խաղաղություն):
Նորից հավաքեմ դաշտերից դեղին
Աղմուկս հոգնած և անարձագանք,
Նորից հավաքեմ
Իմ մեջ փակելու
Եվ կատարվածը,
Եվ անկարելին,
Որին ձգտում եմ:
Աղմուկս փռեմ
Դաշտերում դեղին
Եվ ծիլ չտված՝
Աղմուկս առնեմ
Դաշտերի դեղին ամայությունից…

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով