Նորա Հակոբյան. Բանաստեղծություններ և՝ բարեկամուհուն գրած նամակից

«Գարուն», 1967, 6: Տպագրվել է «Առաջին ծանոթություն» խորագրի ներքո:
Նորա Հակոբյանը դպրոցական է, սովորում է 10-րդ դասարանում: Նկարում է, բանաստեղծություններ գրում և երազում է ճարտարապետ դառնալ: Նորան այս բանաստեղծությունները և նամակը չէր գրել տպագրելու համար: Ուղարկել էր բարեկամուհուն. նա էլ խմբագրության բերեց…

ՆՈՐԱ ՀԱԿՈԲՅԱՆ
(ԲԱՐԵԿԱՄՈՒՀՈՒՆ ԳՐԱԾ ՆԱՄԱԿԻՑ)

Չզարմանաս: Ես սկսել եմ բանաստեղծություններ գրել, չնայած որ բանաստեղծ չեմ ծնված: Չգիտեմ ինչքանո՞վ են լավ կամ վատ, բայց այս հինգ բանաստեղծությունները իմ հարստությունն են: Վերջերս մի քիչ կարդացի Մայակովսկի: Ե՛վ հայերեն, և՛ ռուսերեն: Բայց ռուսերեն մինչև մի քանի հատ կարդացի, հոգիս դուրս եկավ: Մայակովսկին ինձ անսահման դուր եկավ: Անսահման: Եվ գիտե՞ս, որ Մայակովսկու, Պիկասոյի, Կիրիքոյի և Կարրայի միջև ես մեծ կապ եմ գտնում: Պիկասոն ինձ օգնում է հասկանալ Մայակովսկուն, Մայակովսկին էլ՝ Պիկասոյին: Կարդում եմ նաև Ֆ. Գ. Լորկա: Ես ուղղակի սկսել եմ պաշտել այդ մարդուն: Այնքան ուժեղ է, այնքան ցնցող: Հավանական է, որ ես Լորկայից ազդվել եմ: Բայց գիտեմ, երբ կարողանում եմ գեթ մի փոքրիկ բան արտահայտել այն ամբողջից, ինչ որ կա իմ մեջ և հուզում է ինձ֊, ես ինձ զգում եմ որոշ չափով հանգիստ: Շատ քիչ եմ նկարում: Համարյա թե չեմ նկարում: Մի պեյզաժ արեցի յուղաներկով, բայց լավ չստացվեց: Ժամանակ չկա: Հազիվ հասցնում եմ կարդալ մի քիչ:
Մի քանի օր առաջ «Ավանգարդում» տպագրված էր Չարլի Չապլինի նամակը: Շատ հուզիչ էր: Պարզ է: Որևէ մեծ արվեստագետ, առաջին հերթին մեծ է որպես մարդ: Արվեստագետը արտահայտում է ինքն իրեն, իր վիշտը, ուրախությունները, տպավորությունները և ամեն-ամեն ինչ: Կարողանում է արտահայտել ինքն իրեն, իր զգացածը լրիվ, եթե մեծ արվեստագետ է, և մասամբ, եթե փոքր է:
Սիրելիս.
Կարող եմ ասել, որ մեծանում եմ: Չգիտեմ մեծերը ընդհանրապես զգո՞ւմ են, որ իրենք մեծանում են, բայց ես ամեն օր ինձ որոշ չափով մեծացած եմ զգում: Մարդ ինչքան մեծանում է, այնքան զգում է իրեն մենակ: Չգիտեմ, ինձ հետ այդպես է: Մենակությունը սարսափելի տխուր, շատ հաճելի և անխուսափելի բան է: Բայց մեծանալով հանդերձ, ես ինձ երեխա եմ զգում: Ինքս ինձ սկսում եմ հակասել, չէ՞: Ինձ համար այնքան նոր բան կա: Ես կամաց-կամաց սկսում եմ ճանաչել մարդկանց, կյանքը: Եվ սարսափելի վախենում եմ կյանքից, մարդկանցից: Ինձ թվում է, որ ես երբեք չպիտի կարողանամ ապրել ինքս իմ ուժերով: Ես կուզենայի ուժեղ լինել: Ուժեղ:
Պիտի նորից կարդամ Վ. Սարոյան: Մի քանի օր առաջ կարդացի «Էյ, ո՞վ կա այդտեղ»-ը: Հասկացա, որ ես ընդհանրապես շատ քիչ եմ հասկացել Սարոյան, երբ կարդացել եմ առաջ: Հանճարեղ է, հանճարեղ: Նորից պիտի կարդամ ամբողջը, բոլորը ինչ-որ ունենք Սարոյանից: Ամբողջ օրը դպրոցում գոռում էի. «Էյ, ո՞վ կա այդտեղ, էյ, ո՞վ կա այդտեղ»: Մարդկանց թվում էր, որ ես մի քիչ խելագարվել եմ:
Ուղարկված ձայնապնակները արդեն համարյա թե մաշվել են: Գիտե՞ս, երբ առաջինը վերցրեցի Էդիտ Պիաֆի ձայնապնակը, այնպես տխրեցի: Ախր, այնպես խեղճ-խեղճ էր նայում լուսանկարից: Բայց հետո, երբ լսեցի, նա նորից ինձ համար նույն կատաղի տիպն էր: Ի միջի այլոց, Շառլը հիմա ինձ ավելի շատ է դուր գալիս: Չնայած, որ ես առաջվա նման պաշտում եմ Էդիտին:

***
Հորիզոնը գիծ է:
Բանաստեղծների համար՝
կապույտ ժապավեն:
Պատ է:
Հորիզոնը սահմանն է
մարդկային ուժի:

ՁՄԵՌ

Սպիտակ ձյուն:
Սպիտակ ձյուն:
Սպիտակ ձյուն:

Խաղաղություն:

Սպիտակ ձյուն,
և սպիտակ մի
քնքշություն՝
հանդարտ իջնող:

Սպիտակ ձյուն:
Ծառերի ճերմակ:
Ձյունով ծածկված
սպիտակ մատներ:

Դողդողացող մի մեծ
երկինք:
Եվ ծերացած մի հեզ
գիշեր:
Եվ քնքշացած սրտեր
մարդկանց:
Լցված սիրով,
ճերմակությամբ:
Սպիտակ սեր:
Սպիտակ ձյուն:
Սպիտակ
ձյուն
Ձմեռ:

ԱՆՁՐԵՎ

Երկնքի տխրությունը
անձրևի մեջ լուծված՝
թափվում է ցած:

Փողոցները երկարում են,
տները՝ գորշանում,
մարդ իրեն զգում է մի քիչ
մենակ:

Լռության մեջ համրում ես
սրտիդ զարկերը:
Երկնքի տխրությունը գորշ՝
թափվում է ցած:

Ուզում ես խոսել ինչ-որ մեկի,
ծառերի, փողոցների,
թրջված շան հետ:
Ուզում եմ խոսել:
Քայլե՛լ-քայլել:

***
Աստղերի երգի տակ,
տերևների հետ
գիշերը պարում էր:

ԵՐԳԸ

Երգը՝
դա հաճախ
արցունքի կաթիլ
և
սրտից ժայթող
որոտ է ուժգին:

Երգը՝ սիրո խոսք,
աղաչանք, բողոք
և անձայն հոսող
մորմոք է տխուր:
Երգը՝
փոքրիկ, փոքրիկ մի հույս:
Ջութակների պար:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով