Հայկ Մարգարյան. Մըլ, քո մասին ակնարկ եմ գրելու

«Գարուն», 1967, 6: Տպագրվել է «Մեր սերնդի մարդիկ» խորագրի ներքո:

— Դու ակնարկ գրո՞ւմ ես,— հարցնում է խմբագրության աշխատողը:
— Չես փորձել:
— Եթե քեզ ասեն ակնարկ գրի ծանոթներիցդ մեկի մասին, ո՞ւմ կընտրես:
Ոչ ոք ինձ այդպիսի հարց չի տվել, և ես չեմ մտածել այդ մասին: Բայց, իրոք, ո՞ւմ մասին կարելի է գրել, հը՞… Մի տեսակ, ծանոթներիս դժվարությամբ եմ հիշում: Հետո հանկարծ Մըլը դուրս է գալիս բակից ու.
«Հայկ,— ասում է,— գիտե՞ս ինչ է եղել»:
«Ի՞նչ»:
«Գիշերը անձրև է եկել»:
— Հը՞,— ծխախոտ է վառում խմբագրության աշխատակիցը,— չորոշեցի՞ր:
— Ախր, ես ակնարկ գրած չկամ:
— Սկիզբն է դժվար, մի վախեցիր:
«Մըլ, դու ե՞րբ պետք է լրջանաս»,— առավոտվա մեր զրույցը ինքն իրեն գնում է:
«Երբ ցորենը դառնա գարու չափ, գարին՝ ընկույզի»:
— Առավոտյան ո՞ւմ ես բարևել:
Անակնկալի եմ գալիս, նայում եմ ծխախոտի ծուխը գրասեղանի վրա շաղ եկած թերթերին փչող աշխատողին: Թվում է, թե նա հասկացել է մտքերս:
— Ուզում եմ ասել,— շարունակում է նա,— բոլորի մասին էլ կարելի է գրել՝ լավը կամ վատը:
— Մարտուն Մուրադյանի մասին կգրեմ,— միանգամից, չգիտեմ ինչպես, որոշում եմ:
— Ո՞վ է, ի՞նչ մարդ է:
Իրոք, ի՞նչ մարդ է Մարտունը, այսինքն Մըլը,— մտածում եմ: Մինչև հիմա ինչո՞ւ այդ հարցը ինքս ինձ չեմ տվել: Ընկերները Մըլ են ասում: Այս մեկ: Տունը՝ Ժորիկ, այս երկու: Բայց, իսկապես, ի՞նչ մարդ է… Իսկ պետք է գրեմ, խոստացել եմ… Ինչքան կզարմանա, երբ կարդա: Իսկույն գործարանով մեկ կտարածի: Չէ, չի տարածի: Հետաքրքիր է. սկզբում ո՞վ կիմանա: Երևի փոքր եղբայրը՝ Գագիկը: Մյուս օր ամբողջ Քանաքեռը կխոսի այդ մասին: Էլեկտրալամպերի գործարանում էլ կխոսեն: Ընկերները երևի կասեն. «Մըլ, նշանավոր մարդ դարձար»: Էլեկտրամեխանիկական տեխնիկումի դասատուներն ու դասընկերներն էլ վրա կտան, ինքն էլ ամաչկոտ կժպտա… Չէ, կասի. «Կրակը չընկանք… գնամ ուղղում տամ…»:
— Ինչո՞ւ ես ժպտում,— աշխատակցի հարցից սթափվում եմ:
— Լավ տղա է Մարտունը:
— Ինչո՞վ:
Հարցի չորությունից բարկանում եմ, վառում ծխախոտս ու նայում լուսամուտից դուրս: Շոգ է: Հիմա ծովափում… Եվ հանկարծ հիշում եմ, որ Մարտունի հետ մի անգամ լողանալու էինք գնացել: Ջրանցքի մոտ երկու տղա թաքուն ծխում ու հիանում էին իրենցով: «Սրանց տես,—ասաց Մարտունը,—քթները կարգին չեն սրբում, արդեն ծխում են: Գնամ հերներն անիծեմ»:
Տղաները երես առած էին. ծխում էին ու փչում Մարտունի դեմքին: Ես նայում էի ու սպասում` հիմա կզայրանա: Բայց այդպիսի բան չեղավ, տղաները ոտքի կանգնեցին, ապա նրանցից մեկը գնաց, բերեց ծխախոտի տուփը, մեկնեց Մարտունին: Վերցրեց, չլսեցի ինչ ասաց, ծխախոտը նորից մեկնեց տղային, իսկ սա ծխախոտը ջուրը նետեց: Մարտունը ետ եկավ, մեկնվեց կողքիս, ծխախոտ վառեց և անմիջապես հանգցրեց.
«Գոնե այս պահին, սրանց ներկայությամբ, պետք չէ»:
Աշխատակցի աչքերում դեռ հարցականը կա` ինչով է Մարտունը լավ տղա: Դե եկ ու ապացուցիր… Չգիտեմ էլ Մարտունը երբևէ տեղը զիջե՞լ է իրենից մեծին, ասենք, ավտոբուսում, տրամվայում…
— Ամուսնացա՞ծ է:
— Տղա ունի, անունն էլ Արմեն:
Դուռը բացվեց և մի աղջիկ ներս մտցրեց գլուխը.
— Խմբագիրը կանչում է:
— Դու մի փոքր մտածիր, հիմա կգամ:
Ինչ մտածեմ, է՞, դե մարդ է, էլի,— արդեն բարկանում եմ: Մեդալներ չունի, դեպուտատ էլ չէ: Գուցե պետք էլ չէ նրա մասին գրել:
Համբերությունից դուրս եմ գալիս, սպասում եմ աշխատակիցը գա, հրաժեշտ տամ… Բայց, իրո՞ք, չեմ կարող գրել: Լրագրող եմ դառնալու, գրելն էլ իմ մասնագիտությունն է, վերջիվերջո: Շուտ եմ հուսահատվում: Մարտունը լիներ, բոլորովին էլ չէր բարկանա: Դե նրա գործն էլ հեշտ չէ, բայց արդեն հինգ տարի է, չի ձանձրանում: Գծի արտադրողականությունն ու որակը… բայց, «ի՞նչ մարդ է…»: Չգիտեմ: Գիտեմ միայն, որ բոլորի հետ արթնանում է, մինչև գործարան հասնելն էլ մի հարյուրի բարի լույս տալիս, սրամիտ է ու կատակասեր… Դե սրանք երևի ակնարկի հերոսին չեն վայելում: Մնում է գրել, որ պլանները կատարում է, հարգում է բոլորին, մասնակցում է գործարանում կազմակերպված միջոցառումներին, կամ էլ ճառ է ասում ժողովում: Չէ, սա էլ լավ չէ: Ի՞նչ անեմ, ուզում եմ, որ ուրիշներին նման չլինի գրածս, լավը լինի, թեկուզ հենց այսպես.
…Փողոց: Ծառերը նոր սկսել են կանաչել: Մարդիկ են գեում-գալիս, հանկարծ…
— Օգնեցե՜ք, փողերս,— աղջիկը ցույց է տալիս փողոցի ծայրը, որտեղ արդեն հազիվ է երևում փախչողի թիկունքը… Մի խոսքով:
Մարտունը ժամանակ չունի մտածելու, դեմքին տալիս է դաժան արտահայտություն ու սլանում փախչողի ետևից: Դե, նա անպայման հասնում է գողին, տեղի է ունենում կարճ մենամարտ և ավարտվում անպայման Մարտունի հաղթանակով: Բայց դրամատիկ վերջաբան ստեղծելու համար ավելի լավ է գողին թույլ տանք, որ նա դանակով վիրավորի Մարտունի թևը… Եվ ահա գալիս է Մարտունը: Ժողովուրդը սպասում է, աղջիկը ձեռքերը սեղմել է կրծքիև: Մարտունի մի ձեռքը թուլացած կախվել է, մյուսով ամուր բռնել է գողին…
Հետո…
Աղջիկը փաթաթվում է Մարտունին և առաջարկում իր սերը: Բայց… հանկարծ հիշում եմ, որ Մարտունը ամուսնացած է ու…
— Ինչո՞ւ հոգոց քաշեցիր,— ներս մտնելով հարցրեց աշխատակիցը:
— Չի ստացվում, ոչինչ դուրս չի գալիս:
Նստեց: Նորից վերցրեց գրիչն ու կրկնեց.
— Սկիզբն է դժվար, միայն սկիզբը:
Այս անգամ արդեն շատ էի ուզում հավատալ:
— Եղե՞լ ես գործարանում:
Հա, Թբիլիսիի խճուղու վրա է գտնվում: Մի կողմից այգի է, մյուս կողմից «ԵՐԱԶ»-ը, գիտես, չէ՞, էլեկտրալամպերի գործարանը:
— Գիտեմ, շարունակիր:
— Հավաքման արտադրամասում է աշխատում: Ճանաչված վարպետ է: Օգնում է ընկերներին, աշակերտ էլ ունի: Ստանում է 150 ռուբլի աշխատավարձ և ամենամսյա պարգևատրում: Տուն էլ շատ եմ գնացել: Գնում եմ, մայրը ժպտում է, հորը քիչ եմ տեսնում, երկրաբան է: Երեք եղբայր են: Մերուժանը…
— Իսկ արվեստի, գրականության հետ ո՞նց է:
Մի օր Գագիկը՝ փոքր եղբայրը, մի նկար էր արել, քաշվելով ցույց տվեց: Մի կերպ հասկացանք, թե ինչ էր նկարել: Մարտունը ասաց, թե շատ լավ է նկարել ու պարտադրեց, որ էլի նկարի: Հետո էլի ինչ-որ բաներ ասաց: Գագիկը ժպտաց, այս անգամ արդեն համարձակ: Մի քանի օրից հետո, Գագիկը մի նոր նկար ցույց տվեց, սա արդեն առանց բացատրելու երևում էր, թե ինչ է: Այ, Գագիկը շատ է հավատում Մարտունին, համոզված է, որ նա արվեստից լավ է հասկանում, մնացածը չգիտեմ: Եվ, վերջապես, չեմ գրելու Մըլի մասին, պրծավ-գնաց:
Արդեն, իսկապես, հոգնել էի, սպասում էի, որ կասի «ցտեսություն», բայց նորից.
— Ուրեմն որդու անունը Արմեն է:
Իսկապես, գլխացավանք է խմբագրություն մտնելը:
— Արմեն, Արմեն, Արմեն,— կրկնեց աշխատակիցը,— լավ անուն է:
Մարտունն ասում էր. «Տղես ուր էլ գնա, կիմանան, որ հայ է»: Նա համոզված է, որ Արմենը լավ մարդ պիտի դառնա: Մի օր երաժիշտ է դարձնում, մի օր երկրաբան, մի օր էլ ասաց, թե Արմենը պիտի «Արարատի» ամենալավ հարձակվողը դառնա:
— Դե, հաջողություն եմ ցանկանում: Կբարևես Մարտունին, Արմենին: Գնա ու համարձակ գրիր:
Դուրս եկա խմբագրությունից ու մտածում եմ. գնամ գտնեմ Մարտունին և իր տոնով ասեմ.
— Մըլ, էլ ճար չկա, քո մասին ակնարկ եմ գրելու:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով