Տրիստան Ցարա. Բանաստեղծություններ

«Գարուն», 1967, 5

Տրիստան Ցարան՝ ծագումով ռումինացի, ֆրանսիական արդի պոեզիայի ամենահետաքրքիր դեմքերից է: Նա եղել է դարասկզբի գրական բազմաթիվ հոսանքների ամենաակտիվ գործիչներից մեկը, ստորագրել է դադաիզմի և սյուրռեալիզմի բոլոր մանիֆեստները: Հետագայում, հրաժարվելով բոլոր հոսանքներից, նա դարձավ կոմունիստական կուսակցության անդամ և որպես կոմունիստ էլ մահացավ 1964 թվականին:
Այսօր առաջին անգամ հայ ընթերցողին ենք ներկայացնում նրա բանաստեղծություններից երկուսը:

ՃԱՆԱՊԱՐՀ՝ ՄԻԱԿ ԱՐԵՎ

Դանակներն են մերկ,
Մենք՝ շնչակտուր:
Շարք-շարք ագռավներ՝
Չիրականացած մեկնումներ բազում:
Քարեղեն տարին փլվեց մեզ վրա:

Ինչքա՜ն ծխերի տողանցքը տեսա,
Տեսա ընդհատված քանի՜ գարուններ,
Տեսա հյուղակիս վրա փշրված
Մշուշի շղթան
Եվ անհետ կորած ազատություններ:

Քարեղեն տարին փլվեց մեր վրա:
Խուլ ոտնաձայներ:
Լռությունների սահմանագծից
Շագանակի պես կլոր մի գիշեր
Եկավ ինձ այցի:

Խոսում էր ինձ հետ մի մարդու մասին,
Նա մի երազ էր պատմում համրի պես,
Արև էր շաղում
Մեզ՝ աղքատներիս,
Որ ավելի ենք հարուստ լեռներից:

Եվ ես, գնալով աստղի հետքերով,
Հասա բերկրանքին:
Ուրցի սրտի մեջ թաքնված խոսքեր,
Ի՞նչ է անունը այս տարածության,
Որ ճառագայթում է հիմա իմ մեջ:

ԵՐԵԿՈ

Աստղերի հետ ձկնորսներն են դառնում տուն,
Հաց բաժանում աղքատներին
Եվ շարում են մանյակները կույրերի:
Փորագրյալ պատկերների վշտով օծուն այս ժամին
Գահակալներ զբոսայգի են իջնում:

Որսկան շներ են լվանում ծառաներ:
Լույսը ձեռնոց է հագնում.
Փակվի՛ր, փակվի՛ր, պատուհան,
Լույս, դուրս արի՛ սենյակից,
Կորիզի պես ծիրանի, ինչպես վանքից՝ քահանան:

Տեր, քնքշացրու սիրտը թախծոտ ու սիրահար զույգերի,
Թռչնիկներին ուրվագծիր թանաքով
Եվ նոր տեսք տուր լուսնի վրա երևացող նկարին:

— Գնանք բզեզ բռնելու
Եվ բանտելու տուփի մեջ:
— Գնանք գետակ
Սափոր ու կուժ թրծելու:
— Գնանք աղբյուր
Գրկըվենք:
— Գնանք այգի ու պուրակ
Մինչև աքլորը երգի,
Եվ քաղաքը գայթակղվի:

Գնանք մարագ:
Չորացած խոտն է ասղնտում,
Եվ բառաչում են կովեր,
Որոնք իրենց հորթուկներին են հիշել:
Գնա՜նք:

Ֆրանսերենից թարգմանեց Աբրահամ Ալիքյան

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով