Արմին Թ. Վեգներ. Ռադիոգիր աշխարհին

«Գարուն», 1967, 5

1915 թվականին նա քսանինը տարեկան բանաստեղծ էր, «մեծ քաղաքների քնարերգու» և իբրև գերմանական բանակի սպա, ծառայում էր Միջագետքում։ Զգայուն արվեստագետը սեփական աչքով տեսավ այն զարհուրելի տեսարանները, որոնց հեղինակը ֆաշիզմի «արժանավոր» նախորդն էր։
Ի՜նչ կսկիծով, բայց և հիացմունքով է Վեգները խոսում հայ կնոջ մասին իր «Հայ մորը» լիրիկական քանդակում.
«Ես հիացախառն ափսոսանքով նայում էի քնքշաքնքուշ սիրո արժանի, բայց արդեն սովի ու կործանման դատապարտված փարթամ կրծիդ, սլացիկ հասակիդ… Նայում էի հոնքերիդ վերևում աղեղված խոր կնճիռներին, որ քանդակել էին երեկոն և ճակատագիրը…
Թիկն էիր տվել իրերի կապոցին։ Քո մեջ կար աներեր վճռականություն՝ զավակներիդ առաջ տանել անապատով մեկ, լեռնանցքից լեռնանցք, կալանից կալան, աղբյուրից աղբյուր՝ միշտ հավատով, միշտ հույսով լի…»։
Վեգները ոչ միայն տեսավ ու տառապեց, այլև լուսանկարեց այս ամբողջ դժոխքը, հազարավոր սահմռկեցուցիչ տեսարաններ հասցրեց Բեռլին և 1918 թվականին, զորացրվելուց հետո, մոգական լապտերի օգնությամբ ցուցադրեց այդ լուսանկարները, ընդարձակ դասախոսություն կարդաց հայ ժողովրդի մասին։
Ազնիվ գերմանացին դրանով չսահմանափակվեց։ 1919 թվականի հունվարին նա տպագրեց իր հռչակավոր նամակը՝ «Բաց նամակ Վիլսոնին», նկարագրեց թուրք ջարդարարների բարբարոսությունները:
Ահա թե ինչու 1927-28 թվականներին հայ ժողովրդի մեծ բարեկամն անսահման ուրախությամբ ընդունեց սովետական կառավարության հրավերը Հոկտեմբերյան հեղափոխության տասնամյակի առթիվ: Նա եկավ Հայաստան, սրտանց հիացավ այն ժողովրդի վերածնությամբ, որի համար նա այնքա՜ն պայքարել էր, հանդիպեց իր վաղեմի բարեկամ Կարո Մելիք-Օհանջանյանին: Ի դեպ, մինչև այսօր էլ ծերունազարդ գիտնականը մտերմական նամակագրութլուն ունի գերմանացի նշանավոր գրողի հետ։
Վեգները բողոքեց նաև հիտլերլան բռնապետության դեմ, ենթարկվեց դաժան հալածանքների, 7 անգամ բանտարկվեց, ի վերջո իր հայրենիքից փախավ Անգլիա, Շվեյցարիա, մինչև վերջապես բնակություն հաստատեց Իտալիայում, Միջերկրական ծովի ափին։
Վեգները տասնյակ վեպերի, բանաստեղծական բազմաթիվ ժողովածուների հեղինակ է։
Այս տարի լրացավ վաստակավոր գրողի 80-ամյակը։ Երկար կյանք ցանկանանք մեր լավագուլն բարեկամին, որպեսզի նա հաջողությամբ ավարտի հայ ժողովրդի կյանքը պատկերող տրիլոգիան։
Ահա մի նմուշ Վեգների բանաստեղծություններից։

ՌԱԴԻՈԳԻՐ ԱՇԽԱՐՀԻՆ

Բոլորի՛ն, բոլորի՛ն, բոլորի՛ն,
Ժողովուրդներին Ամերիկայի ու Աֆրիկայի,
Ասիայի անծայր տափաստանների վաչկատաններին
Եվ Հնդկաստանի գյուղացիներին, որոնք տքնում են բրնձի արտում,
Ժողովուրդներին Խաղաղ օվկիանի,
Քարեղեն ջունգլի— բյուր քաղաքներին.
Անապատներում, վրանների տակ մենակ աղոթող ուղտապաններին:
Պղտոր ջրհորից սիրտս բարձրացնում ու մեկնում եմ ձեզ,
— Խմեցե՛ք, խմեցե՛ք:
Մեզ զատում էին արդեն կտրատված լարափակոցներ,
Այս հողագնդի միսը բզկտված.
Արյունով ներկված ծովերն ալեկոծ…
Որքա՜ն ժամանակ ես ձեզ չեմ տեսել.
Որքա՜ն ժամանակ դեմքը բոլորիդ աղավաղված էր ատելությունից:
Դո՞ւք էիք, իրոք:
Թույլ տվեք, որ գամ ձեզ մոտ գլխաբաց,
Ձեր ձեռքը սեղմեմ, ո՛վ ժողովուրդներ,
Եվ խո՜րը, խո՜րը նայեմ աչքներիդ.
Ինչպես նայում է մարդ սիրած մարդուն՝
Ձիգ բաժանումից հետո տեսնելիս:
Մարդու բարեկամ մենավո՛ր մարդիկ,
Խոր լռությունը հառաչով խզող կաթվածահարնե՛ր՝ անկողնուն գամված, Օտարության մեջ հողագնդով մեկ տխուր դեգերող տարագրյալնե՛ր,
Եվ խեղանդամնե՛ր, և կուրացածնե՛ր, և պատերազմի որբևայրինե՛ր,
Եվ արցունքաքամ եղած խե՛ղճ մայրեր.
Բոլոր խաբվածնե՛ր, խելագարվածնե՛ր.
Օ՜, երեկ անթիվ դիերով ծածկված դաշտերի բույրը
Այսօր, անցնելով ձեր սրտի միջով, զտվում է, քամվում,
Ներշնչում է ձեզ նոր հույս ու հավատ—
Քաղցր է առավել դրախտի բույրից:
Աշխարհի բոլոր բանտերում տանջված իմ սիրեցյալներ,
Որոնց ոսկրացած ձեռքերի շղթան փշրել ենք արդեն,
Չպե՞տք է այսօր ես ուրախության ջերմ արցունքներով
Գամ, ծունր իջնեմ ու ձեր ոտքերը համբույրով օծեմ:
Ո՛վ ձեռքեր, գրկե՛ք աշխարհը համայն.
Սե՜ր է ճառագում իմ տասը մատի ծայրերից, ահա՛,
Գլխիս մազերը բոցե՜ր են սիրո:
Ինչպիսի՜ բերկրանք, որ աչքեր ունեմ և տեսնում եմ ձեզ.
Ինչպիսի՜ բերկրանք, որ լեզու ունեմ, խոսում եմ ձեզ հետ,
Որ իմ բերանին էլ փականք չկա՛,
Որ խաղաղության շո՜ւնչն եմ բաղձալի ձեզ հետ վայելում,
Բարեկամության սրտի զարկե՜րն եմ զգում համաչափ,
Սիրտ, որ ուզում է սիրով ոռոգել
Բոլոր արտերը այս հողագնդի:

Գերմաներենից թարգմանեց Պարույր Մեսրոպյանը

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով