Գրիգոր Ջանիկյան. Երազողները

«Գարուն», 1967, 4

Ձյուն:
Գագիկը, Զավենը, Հրայրը բարձրանում են Բարեկամության փողոցով: Մածունով, երշիկով, խառը կանաչիով բեռնավորված մի մարդ իջնում է Բարեկամության փողոցով: Ու մտածում է. «Բան չեմ հասկանում այս սերունդից (Գագիկից, Զավենից, Հրայրից): Ի՞նչ պիտի լինի սրանց վերջը: Ի՞նչ պիտի անեին սրանք, թե ապրեին կոտորածի տարիներին, սովի պայմաններում, պատերազմի արհավիրքների մեջ…»:
— Գրազ կգամ, որ ձմեռային Երևանը ամենագեղեցիկն է,— ասում է Գագիկը:
— Տես, փաթիլ իջավ ափիս,— ձեռքը դեպի երկինք պարզած հրճվում է Զավենը:
— Տղաներ, եկեք այսօր հավաքվենք ակումբում ու երգ գրենք ձմեռային Երևանի մասին,— առաջարկում է Հրայրը:
Զարմանալի է աշխարհը, այնպես չէ՞: Մի սերունդ ստիպված է կոտորվել, մյուսը քաղցից մահանալ, երրորդը՝ պատերազմել, իսկ չորրորդն էլ՝ պարզապես երգել:
— Սկսում ենք մեր համերգը: Ելույթ կունենա «Պատանեկություն» ջազ-անսամբլը:
Բեմ են հորդում մի խումբ պատանիներ ու անկաշկանդ, առանց ծեքծեքումների սկսում իրենց համերգը: Ընկեր Ներսիսյանը կուլիսներում կանգնած՝ ուշադիր հետևում է տղաներին: Նրանք ոչ վաղուց շահել են 2-րդ երիտասարդական փառատոնի ոսկե մեդալները, և ընկեր Ներսիսյանը ուզում է, որ ամեն համար կատարվի դափնեկիրին վայել վարպետությամբ: Ճչում է սաքսը, դաշնամուրը ուղեկցում է նրան, հարվածող գործիքները փոթորկում են տեմպը, կոնտրաբասը ինչ-որ բանից դժգոհ մրթմրթում է… Նվագախումբը կատարում է «Ծիծեռնակը»: Նրանք միշտ «Ծիծեռնակով» են սկսում: Բայց ինչո՞ւ անպայման «Ծիծեռնակով»: Տղաները թոթվում են ուսերը: Իրենք էլ չգիտեն: Խմբում ոչինչ որևէ մեկի ցանկությամբ չի կատարվում: Ամեն ինչ որոշում են 18 հոգի միասին, որոնցից ամենամեծը հազիվ է հասցրել ամուսնանալ, իսկ ամենափոքրին երեկոյան ժամը 7-ից հետո կասկածանքով են թողնում կինո-դահլիճ:
Երգում է աղջիկների կվարտետը: Չորս նորաբողբոջ աղջիկներ, բայց ինչպիսի նրբությամբ են նրանք կատարում… Համերգավար Կոնստանտին Խանոյանը նայում է ընկեր Ներսիսյանին ու ժպտում:
— Իհարկե, լավն են,— ասում է ընկեր Ներսիսյանի հայացքը,— չէ՜ որ ինքս եմ մեկ-մեկ ջոկել 178 հոգու միջից:
Եվ իսկապես: 1962 թվին, երբ 26 կոմիսարների անվան շրջանի 8-րդ կուլտուրայի տունը որոշեց երիտասարդական ջազ-նվագախումբ կազմել, 178 պատանիներ ցանկացան հանդես գալ այդ խմբում: Բայց միայն 18-ին հաջողվեց: 18 շնորհալիների, որոնք շաբաթը երկու անգամ աշխատանքից կամ դասերից հետո հավաքվում էին կուլտուրայի տանը: Պետք է ասել, որ խմբի պայմանները փայլուն չէին: Դահլիճ չկար, գործիքներից ոչ բոլորն էին նոր, իսկ եթե երբեմն էլ պարապմունքը շատ էր երկարում, հարևանները զայրացած թխթխկացնում էին պատերը…
…Դահլիճը փոթորկվում է ծափերից: Բեմի վրա է այս փոքրիկ համաստեղության աստղը՝ Գագիկ Եփրեմյանը: Միկրոֆոնը ափի մեջ, հայացքը ցած խոնարհած նա երգում է Ազնավուրի, Մարկ Արյանի, ինչպես նաև իր երգերը: Պետք չէ մանրամասն քննության ենթարկել նրա ձայնային տվյալները, կատարման տեխնիկան ու վարպետությունը: Չէ՞ որ Դագիկը էստրադային աստղ դառնալու հավակնություն չունի: Նա ընդամենը քսան տարեկան է. սովորում է Պոլիտեխնիկ ինստիտուտում և սիրում է Օսկար Պիտերսոնին, Ռիչարդսին, Կոմիտասին: Իսկ ընկերները սիրում են լսել Գագիկի երգը: Եվ ահա նա երգում է… Հանկարծ նա ավարտում է համարը, գլուխ է տալիս, բայց, այ քեզ բան. ոչ ոք չի ծափահարում: Ծափերի փոխարեն բեմ են թափվում թղթեր, թղթեր, թղթեր: Դրանք ունկնդիրների ցանկություններն են, նրանք դեռ ցանկանում են լսել Գագիկին, շարունակ լսել: Նա կռանում է, մեկ-մեկ հավաքում թղթերը ու շփոթված ժպտում…
Ընդմիջում: Ես նայում եմ շուրջս ու մոտենում աոաջին իսկ պատահած խմբին:
— Աղջիկներ, ձեզ դուր եկա՞վ համերգը:
Մալվինե Քեչյան—(Աղայանի անվ. դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի) Այո, շատ: Ես առաջին անգամ եմ Երևանում ջազային համերգ լսում և անկեղծորեն ուրախ եմ դրա համար: Երբ արտասահմանից լսում էի Ռիչարդսին կամ մյուսներին, տխրում էի, որ մեզ մոտ այդպիսի երաժշտություն չկա, և մենք ջազից ոչինչ չենք հասկանում: Եվ ահա «Պատանեկությունը» մասամբ լրացնում է այդ պակասը:
Աղավնի Ղազանչյան—(Օտար լեզուների ինստիտուտի անգլիական բաժնի ուսանողուհի) Ինձ ամենից շատ դուր են գալիս բիթլների ծրագրով հանդես եկող երգիչները: Շատ լավ է, որ մենք էլ ունենք մեր՝ Երևանյան բիթլները: Բայց պետք է ասել, որ նրանք անգլերեն բառերը վատ են արտասանում, իսկ երբեմն այնպիսի սխալներ են թույլ տալիս, որ աղավաղվում է իմաստը:
Գրիգոր Էքսերջյան—(Գայի անվ. դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ) Ինձ դուր չի գալիս, որ խմբի ծրագրում աննշան տեղ են գրավում հայ կոմպոզիտորների երգերը: Ես չեմ ուզում, որ «Պատանեկությունը» գնա արևմտյան ջազերին կապկելու ուղիով: Ես ցանկանում եմ, որ նա մնա հայ պատանիների նվագախումբը:
15-ամյա պատանու այս ցանկությունը ես հաղորդում եմ խմբի ղեկավար Ալեքսանդր Դիվանյանին:
— Համաձայն եմ,— ասում է նա,— բայց մեզնից քիչ բան է կախված: Հայ կոմպոզիտորները համարյա չեն գրում մեզ համար: Իսկ եղածն էլ ստիպված ենք ինքներս վերամշակել: Օրինակ, Կոնստանտին Պետրոսյանը, որի «Կարճ ալիքով» երգը այդքան լավ ընդունվեց քիչ առաջ, ոչ միայն ինքն է գրում, այլև մեզ համար վերամշակում է բոլոր վոկալ համարները: Եթե հայ կոմպոզիտորները մեզ համար երգեր գրեն, մենք սիրով, շատ սիրով կերգենք…
— Ե՞րբ եք կոնսերվատորիան ավարտել:
— Ես ավարտել եմ Լենինգրադի ճշգրիտ մեխանիկայի ինստիտուտը: Այժմ աշխատում եմ մեր Ակադեմիայի ֆիզիկայի ինստիտուտում: Իսկ աշխատանքից հետո, ինչպես տեսնում եք, մի փոքր զբաղվում եմ երաժշտությամբ:
Ալեքսանդրը համեստորեն լռում է: Ես ուզում եմ իմանալ որտե՞ղ է նա սովորել այդքան վարպետորեն նվազել, ինչպե՞ս է կարողանում ղեկավարել նվագախումբը: Բայց հենց այդ պահին մարում են լույսերը: Սկսվում է համերգի երկրորդ բաժինը:
Այն ընդհանուր առմամբ տանում են Պոլիտեխնիկական ինստիտուտի 1-ին կուրսի ուսանողներ Հրայր Կոտոյանը, Զավեն Սարգսյանը և Երվանդ Երզնկյանը, կամ այլ կերպ ասած՝ «Երազողները»: Որովհետև նրանք «Պատանեկություն» խմբում առանձին ենթախումբ են կազմել և կրում են «երազողներ» անունը: Նրանք կատարում են միայն բիթլների երգերը: Այնուամենայնիվ, նրանց կատարման մեջ ինչ-որ բան կա մեր հայկական արևից, մեր երգերի թախծից, մեր պարերի թափից… Գուցե սա տղաների լոկ առաջին քայլն է (նրանք հազիվ 18 տարեկան են), գուցե հետո նրանք պիտի կատարեն իրե՛նց երգերը, ստեղծեն սեփական արվեստը: Ինչ կա որ: Մնում է հաջողություն մաղթել նրանց ու հուսալ:
— Այդքա՞նը միայն:
— Իսկ ուրիշ ի՞նչ է հարկավոր ձեզ:
— Տղաները չեն ուզում, որ գան մեզ ծափահարեն ու հեռանան,— զարմանքս տեսնելով ասում է համերգավար Կոնստանտին Խանոյանը:— Մենք ուզում ենք, որ լուրջ խոսակցություն բացվի մեր ջազ-նվագախմբի մասին: Այդպես ավելի շուտ կուղղենք մեր սխալները ու ավելի հեշտ կշարունակենք մեր ճամփան: Թե չէ, մեզ լրիվ աչքաթող են արել:
Ճիշտ է ասում Կոնստանտինը: Եվ ես մի թաքնված հույս ունեմ, որ այս հոդվածը նրա ուզած «լուրջ խոսակցության» առաջին ռեպլիկը կդառնա: Ես ուզում եմ նշել միայն, որ նրանք արժանի են նման խոսակցության: Հենց թեկուզ այն բանի համար ,որ աշխատանքից ու դասերից հետո փոխանակ լճանալու հեռուստացույցի կամ սուրճի բաժակի առջև, նրանք իրենց լավ երգերով ուրախանում և ուրախացնում են ունկնդիրներին:
Իսկ լավ երգը նույնքան լավ է, որքան լավ ապրելը, լավ պայքարելը, լավ…

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով