Լուի Արագոն. Իմ ճշմարտությունը

«Գարուն», 1967, 4

Այս տարվա աշնանը առաջավոր մարդկությունը կնշի քսաներորդ դարի խոշորագույն բանաստեղծներից մեկի, ականավոր հասարակական գործիչ, սովետական ժողովրդի բարեկամ ԼՈՒԻ ԱՐԱԳՈՆԻ ծննդյան 70-ամյակը:
Արագոնի ստեղծագործությունները սոցիալիստական ռեալիզմի ակնառու նվաճումներ եղան արտասահմանյան գրականության մեջ։ Երկար որոնումներից հետո, 1929 թ. նա մտավ Ֆրանսիական կոմունիստական կուսակցության շարքերը, իսկ ֆաշիստական օկուպացիայի տարիներին դարձավ ֆրանսիական Դիմադրության ամենաակտիվ գործիչներից մեկը։
Արագոնը լավ բարեկամ է նաև հայ ժողովրդին և հայ գրականությանը: Հայտնի է նրա «Կարմիր աֆիշ» բանաստեղծությունը՝ նվիրված Միսաք Մանուշյանին:
Նա այժմ ֆրանսիական կոմկուսի օրգան «Լե լետր ֆրանսեզ» թերթի խմբագիրն է։
Վերջերս Արագոնը բելգիական կոմունիստական երիտասարդության «Լը պուան» ամսագրի հյուրն էր։ Նա պատասխանել էր ամսագրի կողմից տրված մի շարք հարցերի:
Տպագրում ենք այդ պատասխանների թարգմանությունը մասնակի հապավումներով։

ԼՈՒԻ ԱՐԱԳՈՆ
ԻՄ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Դուք՝ դադաիստներդ, ամեն ինչ մերժում եք՝ վեճերի միջոցով նորը գտնելու համար…» մի առիթով ասել է Արագոնը: Աշխարհի դեմ այս ըմբոստացումը, որը պատերազմի արդյունք էր, նրա երիտասարդության իմաստը և բարեկամական այն կապերը եղան, որ նա երբեք չթուլացրեց: Իսկ ի՞նչ կասի ինքը այսօրվա երիտասարդության մասին:

Դուք ուզո՞ւմ եք պատկերացում կազմել այսօրվա երիտասարդության վիճակի և այն սարսափի ճիչերի մասին, որ բարձրացնում են նրանց ավագները: Այս հարցում իմ տեսակետը արդարացնում է երիտասարդներին, որովհետև ես ունեմ մի հին սկզբունք, ջահել խենթուկների հետ են նվաճում ծեր բլուրները: Եվ ես կարծում եմ, որ մարդկանց բաժանումը ծերերի և երիտասարդների նույնքան լուրջ է, որքան, ասենք, թուխերի և շեկերի բաժանումը: Բայց պետք է ընդունել, որ տղամարդկանց և կանանց մեծամասնությունը տարիքի առաջանալու հետ մեկտեղ մոռանում է, թե ինչպիսին է եղել իր երիտասարդությունը, և հետևաբար չի կարողանում հասկանալ իրենից հետո եկող երիտասարդությանը: Դա երիտասար-դության մեջ առաջացնում է բազմաթիվ տարաձայնություններ և նրան մղում է երբեմն նույնիսկ չտրամաբանված ըմբոստության: Սակայն ո՞վ կարող է նրանցից պահանջել կյանքում քայլել մեկի կամ մյուսի գծած պլանով:

ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Իր ժամանակի այդ ըմբոստացումը Արագոնին մղեց կոմունիստական կուսակցության շարքերը: Շատերը նրան հետևեցին, սակայն չունեցան ոչ նրա հավատարմությունը, ոչ էլ համբերությունը:

Բրետոնի, մյուս սյուրռեալիստների և իմ միջև եղած վեճերի ընթացքում (որոնք վերջ ի վերջո մեզ լիակատար պառակտման տարան) Բրետոնը ինձ ասում էր.
Դու ընդունվել ես այդ կուսակցության շարքերը և անդամակցում ես նրան: Ես հասկանում եմ, որ չես ուզենա հրաժարվել, և չեմ էլ աշխատի հասնել դրան: Բայց, այնուամենայնիվ, այն բոլորը, ինչ դու րում ես, սիրել ես, ինչ մենք միասին սիրել և պաշտպանել ենք, կկարողանա՞ս դու պաշտպանել վաղը: Այդ կուսակցության մեջ չես կարողանա: Ի՞նչ կդառնան քեզ համար Լոտրեամոնը, Ռեմբոն, Պիկասոն, մյուսները:
Ես չէի կարող նրան պատասխանել, որովհետև յուրաքանչյուր պատասխան անհիմն կլիներ, և հետո, այդ շրջանում գործնականորեն նա իրավացի էր: Այսօր, քառասուն տարի անց, մենք կարող ենք շարունակել մեր զրույցը: Ես լսել եմ Մորիս Թորեզին, որը ամբիոնից մեջբերում էր անում Ռեմբոյից: Ընդհանուր առմամբ «Յումանիտեում» լավ են գրում Լոտրեամոնի մասին: Գալով Պիկասոյին, ես նույնիսկ ավելորդ եմ համարում որևէ բան ասելը: Այդ ժամանակվա հետ համեմատած Կոմունիստական կուսակցությանը դարձել է մի շատ մեծ կուսակցություն, որտեղ ամեն բան արվում է ոչ թե անհատի, այլ կոլեկտիվի ցանկությամբ: Գալով ինձ, ես աշխատել եմ հավատարմորեն ծառայել նրան և եթե այն ժամանակ ես չպատասխանեցի Անդրե Բրետոնին, այժմ պատասխանում եմ իմ ամբողջ կյանքով:
…Կոմունիստ լինել չի նշանակում միայն Կուսակցության տոմս ունենալ և ընդունել կոլեկտիվի որոշումները (սա նույնպես կարևոր է, բայց բոլորը չէ): Բացի սրանցից հարկավոր է համապատասխան հոգեկան կաոուցվածք, որտեղ անհատը ոչ թե զատվում, այլ նույնանում է դասակարգի հետ, հենվում է դասակարգի վրա՝ իր կարողությունները ծավալելու, հնարավորին չափ բազմապատկելու և ներգործուն դարձնելու համար՝ հօգուտ դասակարգի շահերի:

ԿՆՈՋ ՄԱՍԻՆ

Այո, ըմբոստացումից հեղափոխական կուսակցության շարքերն անցնելը բանաստեղծը պարտական է Էլզա Տրիոլեին՝ «այն բանի համար, որ այն եմ, ինչ կամ, … որ իմ ցնորքների խորքում գտա իրական աշխարհի մուտքը, աշխարհ, որտեղ արժե ապրել ու մահանալ»: Այսպես է գրված «Հարուստ թաղամասեր» գրքի ձոնում՝ դեռևս 1936 թվին: Արդյո՞ք այդ սերը «հիմնված է կնոջ և տղամարդու փոխադարձ իրավունքների վրա»:

Կնոջ իրավահավասարությունը չի արտահայտվում միայն ընտրելու իրավունքով կամ մի քանի այլ արտոնություններով, որոնք բնավ տղամարդկանց չեն խանգարում ծխել նրանց քթի տակ, նրանցից առաջ անցնել դռնով կամ նրանց ծեծել ինչպես ձուլվող գիպսը:
Պատկերացրեք, որ ստրկատիրությունը, որն ինչպես գիտեք, ոչնչացված է սկզբունքորեն, բայց ոչ իրականում, մասնավորապես հենվում էր կնոջ դարավոր ստրկության վրա: Ոմանք կարծում են, որ «բարեսրտորեն» կանանց մի քանի հասարակական իրավունքներ և հնարավորություններ տալով, ամեն բան ավարտված է: Մարդկության մի մասը՝ «տղամարդիկ» (յուրահատուկ կաոուցվածք ունեցող մարդիկ), դարեր շարունակ ճնշել են մյուս կեսին: Իսկ այժմ, երկար ժամանակից ի վեր, նրանք հնարավորության են ստացել քավելու իրենց մեղքերը: Դեռևս բավարար չէ այն, որ կինը գրելու և գործարանում բանվորի պես աշխատելու իրավունք ունի:
Ոչ. դա ինձ չի բավարարում: Հարկավոր է, որ տղամարդիկ զգան այն աներևակայելի բռիությունը, որ նրանք այս արևի տակ դարեր շարունակ կիրառել են, հավատալով իրենց առավե-լությանը:

ՍԻՐՈ ՄԱՍԻՆ

— Ընտանեկան սիրուն,— քմծիծաղով ասում են որոշ հիմարներ,—միայն հիմարները կարող են հավատալ: Իսկ իրենք ստեղծում են անընդհատ փոփոխություններ և հայտարարում, որ «կյանքն է այդպիսին»:

Երբ ես գրեցի «Էլզայի աչքերը», մարդիկ կարծում էին, որ ես ուզեցել եմ ասել «Ֆրանսիայի աչքերը»: Այնինչ, ես երբեք չէի մտածել գրել միայն Ֆրանսիայի մասին և այն կոչել Էլզայի անունով: Բայց, երբ ես գրեցի Ֆրանսիայի մասին, ոչ ոք չմտածեց, որ ես գուցե նկատի եմ ունեցել Էլզային: Այստեղից կարելի է եզրակացնել, որ շատերի համար տղամարդու և կնոջ սերը հասկանալի է օպերայում, բայց ոչ երբեք կյանքում: Թող ցանկացողները խոսեն այդ մասին որքան ուզում են: Որքան կզարմանան նրանք, եթե իմանան մեր ամուսնության մասին: Ես կարող եմ վստահեցնել, որ համատեղ կյանքի տասը տարիների ընթացքում մենք ամուսնացած չէինք: Միայն 1938 թվի վերջում, այսինքն, Մյունխենից հետո, երբ Էլզան կանխազգաց մոտեցող պատերազմը, ինձ ասաց. «Հիմարություն կլինի սրանից հետո չամուսնանալը, որովհետև հակառակ դեպքում ես չեմ կարողանա բանտում քեզ այցելել»: Միայն այդ պատճառով 1939 թվի փետրվարի 28-ին, մեր հանդիպումից տասը տարի անց մենք շուտափույթ կերպով ամուսնացանք:

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Երջանկություն: Սա այն բառերից է, որ հեշտությամբ են մատուցվում մարդկանց: Ես գրել եմ. «Երջանկության կա, ես հավատում եմ նրան»: Այդ օրվանից բոլորը կրկնում են այս նախադասությունը որպես ենթատեքստից զուրկ մի միտք: Բայց սովորաբար ես ասում եմ նաև, որ վերոհիշյալ բանաստեղծությանը (սրան արդեն հավատում են) վշտի ճիչ է: Խիստ հավակնոտ ու նույնիսկ անզգա պետք է լինել, որպեսզի կարողանաս երջանիկ լինել մեր ապրած աշխարհում: Օրինակ, ես չեմ կարող երջանիկ լինել, երբ հիշում եմ, որ անցած տարի հոկտեմբեբ-նոյեմբեր ամիսներին աշխարհի մի երկրամ մեկ միլիոն մարդ իր քաղաքական համոզմունքների համար զոհվեց, ու նրանց մահը ողջ աշխարհում համարյա արձագանք չգտավ: Ես խոսում եմ ինդոնեզական կոմունիստների մասին: Սա այն երևույթներից է, որոնք անձամբ ինձ խանգարում են ապրել: Երջանկության մասին ինձ հարցնում են մանավանդ այն բանից հետո, երբ իմ մի պոեմը լայն տարածում գտավ, որովհետև մեկը այն երաժշտության վերածեց: Մարդիկ ինձ ասում են. «Ինչպե՞ս կարող է Ձեզ պես մեկը ասել, երջանիկ սեր չկա»: Այդ պոեմը գրվել է 1943 թվի հունվարին՝ Լիոնում, որտեղ բոլոր նստարանների վրա թափթփված էին զորացրվածներ՝ համազգեստ հագած երիտասարդներ, որովհետև նրանք ուրիշ հագուստ գնելու դրամ չունեին (եթե կարողանաք զգալ, նրանք թողել են իրենց կնիքը պոեմում): Ես կարծում եմ, որ միայն հրեշը կարող էր այդպիսի շրջանում իրեն երջանիկ համարել: Գուցե ես շատ զգայուն եմ որոշ երևույթների նկատմամբ, բայց մինչև այժմ էլ վիճակը այնքան էլ չի բարելավված:
Ինչ էլ լինի, այն օրից, որ աշխարհը աշխարհ է, բոլոր սերունդներն էլ ունեն իրենց դժբախտությունը: Բայց տարբեր չափերով յուրաքանչյուր սերնդի մեջ կան մարդիկ, որոնք պայքարել են նման ժառանգության դեմ: Ես կարծում եմ, որ պատկանում եմ այդ մարդկանց թվին:

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Բայց պայքարել դժբախտության դեմ, չի՞ նշանակում պայքարել պատերազմի դեմ: Արդյո՞ք սա արդյունավետ ու տրամաբանական է: Այս հարցը անմիջականորեն հետաքրքրում է երիտասարդներին…

Ես ուզում եմ, որ այդ պայքարում երիտասարդները մենակ չլինեն, որ նրանք մի անգամ էլ չկատարեն զոհի դեր: Պատերազմի ժամանակ երիտասարդները դժվարին տեղ են գրավում: Նրանք են ամենից շատ զոհվում: Բայց տրամաբանական կլիներ, եթե պատերազմը արգելելու մեջ նախկին երիտասարդներն էլ իրենց տեղը ունենային: Գալով այդ գործողությունների «արդյունավետությանը», հանցագործություն կլիներ հակառակը պնդել: Դա կնշանակեր հուսախաբ անել պատերազմի դեմ պայքարող մարդկանց: Այլ կերպ ասած, ես ինքս էլ պատերազմի հրձիգ կդառնայի: Մյուս կողմից, ես չեմ պատկանում այն մարդկանց թվին, որոնք որոշակի քաղաքական նպատակների համար սխալ բաներ են հայտարարում: Ես չեմ կարծում, որ նման դիրքավորումը դրական արդյունքներ կտա:
Արդյունավետությունը կարող է ուղղակի չլինել: Կարող են դեռևս շատ պատերազմներ լինել, որոնց դեմ խոսքի կամ ցույցի արդյունավետությունը խիստ թույլ կլինի: Բայց փաստը այն է, որ այն, ինչ այսօր արվում է այդ ուղղությամբ, նախկինում արվածի բազմապատիկն է: Հետևաբար, կա արդյունավետություն: Եթե այն նույնիսկ չի կարողանամ կանգնեցնել պատերազմները, ոճրագործություն կլինի վատատեսորեն սառեցնել մարդկանց աճող եռանղը, որը ջուր կլցնի թշնամու ջրաղացին:
Կան պատմական շատ շրջաններ, որոնց ընթացքում «իդեալական աշխարհի» համար մարտնչող մարդիկ շատ զոհեր են տվել: Օրինակ, 1880, 1834 թիվը Լիոնում, Կոմունան և այլն: Ինդոնեզիայի օրինակով մենք տեսնում ենք, որ նույն երևույթը կա նաև այսօր: Ես չգիտեմ, թե ի՞նչ է մտածում այդ մասին այսօրվա երիտասարդությունը, բայց ես էլ եմ երիտասարդ եղել, և այդ բնագավառում իմ ավագների ունեցած անհաջողությանը ինձ համար ոչինչ չանելու պատճառ չի եղել, չնայած այն գիտակցությանը, որ ես չեմ օգտվելու իմ պայքարի արդյունքից: Ընդհակառակը, ինձ թվացել է՝ ես պարտականություն ունեմ նրանց հանդեպ, որոնք իզուր զոհվեցին: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր երիտասարդ, որը քիչ թե շատ ազնիվ սիրտ ունի, եթե նույնիսկ չի տեսնում իր պայքարի վերջը, պիտի մտածի նրանց մասին, ովքեր իրենից առաջ տվել են իրենց կյանքը առանց արդյունքի հասնելու:
Ես կարծում եմ նույնիսկ, որ ատոմային սարսափը մեզ տալիս է ուրիշ, ավելի արդյունավետ զենքեր, որ չունեին նախորդ սերունդները: Որովհետև ինչ աստիճանի էլ որ հասնի մարդկային խելագարությունը, մարդիկ, չնայած իրենց տարբեր համոզմունքներին, ինչպես երիտասարդությունը իր ամբողջության մեջ, հավասարապես են վախենում ատոմային սարսափից: Եվ եթե պայքարի այդ ձևը անմիջականորեն արդյունավետ չէ, չի նշանակում, որ մենք պետք է գործենք «ամենաարդյունավետ» ձևով:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով