Արամայիս Սահակյան. Բանաստեղծություններ

«Գարուն», 1967, 4

ԱՇՆԱՆ ԱՆՏԱՌՈՒՄ

Զբոսնում էինք, շրջում, թափառում
Աշնան անտառում։
Դու ծառերն էիր մեղմ թափահարում,
Եվ տերևաձև ոսկիներ էին
Ուսներիս փարվում,
Բարակ առվակի շուրթերին փռվում,
Դանդաղ հեռանում ու հեռվում մեռնում…
Կամ փախչում էիր, կանչում, ծիծաղում—
Տերևներ էին այդ ձայնից մաղվում,
Օրորվում էին մեր շուրջը նրանք,
Մոլորվում էին մեր ոտքերի տակ…
Աչքներս փակած՝ լսում էինք մենք
Տերևաթափի ձայնն ահագնալից—
Ասես անձրև էր կաթկթում մեկ-մեկ,
Արցունքներ էին ընկնում ծառերից,
Բարձունքներ էին ընկնում ծառերից…
Այստեղ ու այնտեղ ծուխ էր բարձրանում—
Տերևներն էին խշշալով վառվում,
Այդ տերևները կանաչ էին, թարմ
Եվ աշխարհ չեն գա էլ մյուս անգամ…
Կարծես անտառը մեկնում էր հեռուն,
Եվ զգացվում էր
Մի ճամպրուկային տրամադրություն,
Մի անցանկալի տրամաբանություն…
Ուր-որ է՝ շուտով ձմեռ է գալու։—
Մենք շրջում էինք, խոսում, թափառում՝
Որպես գարուններ աշնան անտառում…

ՆՇԱՆԴՐԵՔ

Ես նշանվում եմ մի աղջկա հետ։
Մենք շատ ենք նման
Աշխարհի բոլոր սրտերին ջահել,
Ուստի հենց հիմա ուզում եմ դիմել
Այս քսաներորդ ահավոր դարին,
Աշխարհի բոլոր պետություններին
Մի համեստ հարցով,—
Ասացեք, խնդրե՛մ,
Թույլ կտա՞ք հրճվեմ իմ նշանածով։
Ասացեք, առանց հրաժարվելու,—
Իրավունք ունե՞մ ես նշանվելու…
Գուցե հենց հիմա,
Երբ որ շամպայնը բացում են ահա,
Եվ օդ է թռչում խցանը նրա,
Թռչում է նաև մի խցան-հրթիռ,
Գուցե հենց հիմա
Պատրաստ մատներով զենքեր են բռնել
Եվ մեր նշանին նշան են բռնել։

***

Մենք բաժանված ենք,
Բայց միասին ենք համարյա կյանքում—
Նույն օրենքներն են և մեր քաղաքում, և ձեր քաղաքում։
Հեռուստացույցով, ձայնասփյուռով
Մենք նույն բաներն ենք տեսնում ու լսում,
Նույն ժողովներում նույն խոսքերն ասում,
Նույն տոներն անգամ նույնությամբ տոնում,
Նույն ամսագրերը-թերթերը կարդում,
Նույն բանը սիրում, նույն բանն էլ ատում…
Նույն լոզունգներն են, նույն նկարներն են պատերի վրա, —
Մենք բաժանված ենք,
Բայց միասին ենք ապրում համարյա…

***

Հեքիաթ այգում չես, սիրելի՛ս, մնում,
Ոչ էլ զբոսնում դղյակներում լավ։ —
Դու ինքնաթիռ ես երբեմն նստում,
Երբեմն գնացք ու երբեմն՝ նավ։
Եվ ես անընդհատ տագնապով եմ լի
Ու տագնապով եմ անվերջ կարոտում —
Գնացքին, նավին բան չպատահի՞,
Ինքնաթիռն հանկարծ չլռի՞ օդում…
Գործի ես գնում երբ ավտոբուսով,
Մտածում եմ, թե ինչպե՞ս գնացիր
Կամ ինչպես ոտքով անցար փողոցով.
Հո անցումներում չսխալվեցի՞ր…
Մինչև գնում ես ու վերադառնում,
Ինչպես ասում են՝ կես մարդ եմ դառնում…

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով