Հովհաննես Գրիգորյան. Բանաստեղծություններ

«Գարուն», 1967, 3
Հովհաննես Գրիգորյանը ծնվել է 1945 թ., Լենինականում: Ավարտել է տեղի N 16 դպրոցը: Առաջին անգամ տպագրվել է «Պիոներ կանչ» թերթում:
Այժմ սովորում է Երևանի Պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետում: Շուտով «Հայաստան» հրատարակչությունը լույս կընծայի երիտասարդ բանաստեղծի առաջին գիրքը:

ԱՇՈՒՆ

Փողոցներում
ծառերից կախված
Օրորվում են բանաստեղծները:
Դեղին ժպիտ կա դեմքերին նրանց
Ձեռքերին՝ հանգած ծխախոտ։
Քամին գալիս է, օրորում դանդաղ
Եվ վայր են թափվում նրանց դեմքերից
Դեղին դիմակներ՝
Ժպիտներ վրան:
Հետո դիմակներ
Թախծոտ ու տխուր:
Հետո դիմակներ
Հռհռացողի բաց բերան վրան:
Իսկ դիմակները թափվում են ներքև
Դեղին խշշոցով
Եվ հետո հանկարծ բացվում է դեմքը
Մի խոշոր կաթիլ
Անձրև է ընկնում փողոցի վրա:
Փողոցներում
ծառերից կախված
Օրորվում են բանաստեղծները:

***

Թե ունենայի սեփական անապատ
կկանչեի աշխարհի բոլոր առյուծներին
և կասեի.
նայեք, ինչքան ավազ կա իմ մոտ
և ինչքան ազատություն:
Ցույց կտայի արևը,
կասեի.
սա էլ է մերը:
Կասեի.
ոչ ոք չի կարող այստեղ
ձեզ ասել, որ գայլ եք,
ոչ ոք չի կարող սափրել ձեր բաշերը:
Կասեի.
տեսնո՞ւմ եք ինչքան լռություն կա այստեղ,
ձերն է,
պատառոտեք այն ձեր արծաթ մռնչոցով:
Եվ հետո, գիշերով,
գաղտնի,
ամեն մեկս առանձին,
բանաստեղծություն կգրենք
վանդակների մասին:

***

Մենք հանդիպեցինք գետափին
Ու կանգնեցինք լուռ:
ծեր ուռենու տակ
Երգեհոնում էր գետակը հստակ
Մեզ էր աղոթում կուչ եկած մի թուփ
Դրել էր գլխիս իր դողդոջ աջը
ծերուկ ուռենին
Որ ծեր վանահոր նման
Հարցնում էր կարծես
— Տե՞ր ես, որդյակ…
…………………………….
Մենք այս դրության մեջ
Ստվերներով մեր երկար
Հիշատակի համար
նկարվեցինք գետի զուլալ
ջրերի վրա…

ԼՈՒՍՆԱՀԱՐՆԵՐԸ

Կամաց-կամաց իջավ մութը
Աստղերն ելան փայլուն ու շեկ
Լուսնի վրա ինչ որ մի տեղ
Մենք տուն ունենք
Խաղաղ մի տեղ
Հավաքվում ենք գիշերով մենք
Զգույշ ու լուռ
Ու մաթի մեջ ճերմակ-ճերմակ
Մեր շարքերն են անցնում գունատ
Աչքերը փակ:
Մենք երգ անենք
Ու կրծքներիս խաշած, հոգնած
Ձեռքերը մեր
Մենք երգում ենք
Երբ ծնվեցինք
Առաջինը դու շոյեցիր քո պաղ շողով
Մեր դեմքը թաց
Եվ այդ օրից անբաժան ենք մենք իրարից
Քո շողերը ահա գրկած
Քայլում ենք մենք խավար ու մութ փողոցներով
ճերմակաշար
Ինչպես ճերմակ ատամնաշար նեգրի դեմքին…
Կամաց-կամաց իջավ մութը
Ու մենք իրար չենք ճանաչում
Այս աշխարհում, այս աշխարհում
Լուսնին կառչած ապրում ենք մենք
Ու գիշերն է մեր ցերեկը:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով