Միրել Մատիո — «Ես սիրում եմ լավ երգերը…»

«Գարուն», 1967, № 2

1 մ 50 սմ հասակ: 43 կգ քաշ: Դժվար է պատ­կերացնել, որ այս դյուրաբեկ աղջիկը կարող է այդքան հզոր ձայն ունենալ: Ահա առաջին տպա­վորությունը, որ թողնում է Միրել Մատիոն: Հա­ջորդ տպավորությունը նրա նուրբ շարժուձևն է: Նրա մեղմությունը, անմիջականությունը, թա­փանցիկ ժպիտը մեզ անմիջապես հասկանալի են դարձնում նրա գլխապտույտ հաջողությունը: Սա­կայն այս նուրբ աղջկա փառքի իսկական պատ­ճառները բոլորովին այլ են:
Պատկերացրեք, որ մեկ տարի առաջ Միրել Մատիոն բոլորովին անծանոթ էր հասարակությանը: Այսօր, ըստ իշխող կարծիքի, որն օրըստօրե ամրապնդվում է, նա է այս տարվա No 1 երգչուհու հավանական հավակնորդը: Միրել Մատիոյի երկրպագուները բազմապատկվում են ապշեցուցիչ արագությամբ: Նրա ձայնապնակների պահանջը խիստ մեծ է: 45-րոպեանոց ձայնապնակը արդեն սպառվել է 1 միլիոն օրինակով:
Կկարողանա արդյոք նա իրականացնել իր բո­լոր ծրագրերը: Դժվար է ասել: Միայն կարելի է պնդել, որ նա չափազանց երջանիկ է… որովհետև երգելու է: Թվում է, թե նրան ծանոթ է միայն «երգել» բառը: Մեր զրույցի ընթացքում նա խոնար­հում է միայն այդ բայը:
— Շատ փոքր էի, երբ սկսեցի երգել: Նույնիսկ այդ ժամանակ ես ունեի իմ տարիքին ոչ համա­պատասխան ձայն:
— Այդ տարիքում ինչի՞ մասին էիք երազում:
— Երազում էի երգչուհի դառնալ:
— Բայց չէ՞ որ դուք աշխատում էիք գործա­րանում:
— Այո, ես աշխատում էի մանածագործական ֆաբրիկայում: Բայց, նույնիսկ աշխատելիս, եր­գում էի:
— Այժմ եթե Դուք մեկ ազատ օր ունենաք, ազատ ամեն հոգսերից ու զբաղմունքներից, ինչ կանեք:
— Կերգեմ, անվերջ կերգեմ:
Եվ զարմանալի չէ, որ նա ունի խիստ մշակված ռեժիմ: Միրել Մատիոն իր աշխատանքային օրվա յուրաքանչյուր րոպեն օգտագործում է իր գիտելիք­ները հարստացնելու համար:
— Ես գիտեմ, որ պետք է շատ աշխատեմ: Առաջ չէի կարող պատկերացնել, որ երգչուհին երաժշտությունից բացի շատ ու շատ այլ բաներ պիտի իմանա:
Պետք է ասել, որ այդ «շատ ու շատ բաները» նա յուրացնում է մեծ եռանդով:
Ամեն ինչ սկսվեց 1965 թվի նոյեմբերյան մի կի­րակի օրվանից: Միրել Մատիոն հեռուստատեսային կիրակնօրյա «Բախտախաղ» հաղորդման մեջ կա­տարեց «Ջեզաբել» երգը: Այդ հաղորդմանը նա հաջորդաբար մասնակցեց 6 անգամ: Սակայն նոր ծնվող երգչուհուն ընդունելու համար հարկ էր, որ Ջոննի Ստարկ անունով մի իմպրեսարիո մի քանի շաբաթ մշակեր ունկնդիրների ականջներն ու բացեր նրանց աչքերը: Իսկ մնացածը ձեզ հա­մարյա հայտնի է: Նոյեմբերի 27-ին նրա ձայնը հնչեց «Օլիմպիայում»: Հեռուստատեսությունից բեմ գալով՝ նրա երգացանկը չփոխվեց: Նա կատարում էր միայն Էդիտ Պիաֆի երգերը: Ինչո՞ւ՝
— Ուրիշները չգիտեի, նույնիսկ չունեի:
Բայց այդ ժամանակվանից ի վեր կոմպոզիտոր­ները գրոհում են նրա վրա՝ առաջարկելով իրենց երգերը: Միրել Մատիոն դառնում է Միրել Մատիո:
— Ես սիրում եմ այն երգերը, որոնք լավ երաժշտություն և լավ պատմություն ունեն: Ես աշ­խատում եմ ապրել այդ բոլորը:
Միրել Մատիոն ասում է, որ չնայած իր հաջո­ղությանը, մեծ դահլիճները վախեցնում են իրեն: Դա ճիշտ չէ: Մեծ դահլիճները լսելով նրա անմի­ջական երգերը՝ սիրով են կապվում նորահայտ երգչուհուն:
Խոսելով իր ավագների մասին՝ նա անկեղծորեն խոստովանում է.
— Ես շատ եմ սիրում Շառլ Ազնավուրին, Բեկոյին, Բրելին, Իվ Մոնտանին:
Բարի և ինքնուրույն ճանապարհ…

ԳԻ ՍԻԼՎԱ «Լումանիտե Դիմանշ» N 937

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով