Հենրիկ Բադալյան. Առակներ

«Գարուն», 1967, 2

ՀԵՆՐԻԿ ԲԱԴԱԼՅԱՆԸ ապրեց ընդամենը 27 տարի: Անցյալ տարվա օգոստոսին նա իրեն նետեց Վլտավա գետը՝ խեղդվող ընկերներին փրկելու և… անհեթեթ, անհավատալի ճակատագիրն ընդհատեց մաքուր ու բարի մի կյանք: Հենրիկը շատ էր ջահել, նա անհագորեն կլանում էր կյանքը, շռայլորեն ծախսելով իրեն, զարմանալիորեն հարստանալով ու հարստացնելով: Հենրիկի ստեղծագործական փորձերն էլ, վերջին հաշվով, նրա բնավորության, տագնապների ու ուրախությունների շարունակությունն էին: Դրանք Հենրիկի ցանկություններն են, որ ազնիվ, բարի, աշխատասեր լինեն մարդիկ, որ չլինի չարություն, ծուլություն, նախանձ: Հենրիկը, երևի, չհասցրեց գրել անգամ մի էջ այն գրքից, որ կարող էր ու պիտի գրեր, երևի… Բայց նա ապրեց շռայլորեն, լայն ու բարի ժպիտով՝ երբեք չմտածելով մահվան մասին, չհավատալով, որ իր աչքերից կարող են հեռացնել այս գույնզգույն հրաշք, զարմանալի գեղադիտակը, որ կյանք է կոչվում:
Թող այս առակները հաստատողը լինեն այն բանի, որ երկարում, շարունակվում է Հենրիկ Բադալյանի ընդհատված կյանքը: Առակները վերցված են այն գրքից, որ 1967 թ. լույս կնծայվի «Հայաստան» հրատարակչության կողմից:

ԱՌԱԿՆԵՐ

ՀԱԿԱԳԱԶԱՆԱՅԻՆ ԱՐԱՐՔ

Անտառում դատ էր գնում:
Առյուծը մեղադրվում էր վագրի բաժինը գողանալու մեջ, բայց, երբ պարզվեց, որ վագրն էլ արջից է գողանում, որոշեցին վագրին պատմել: Հետո հայտնի դարձավ, որ արջն էլ գայլից է գողանում, գայլը՝ աղվեսից, աղվեսը՝ նապաստակից:
Վերջում, երբ պարզվեց, որ նապաստակը ոչ ոքից չի գողանում, դատարանը գտավ, որ նրա արարքը հակագազանային է ու պատժեց նրան:

Ո՞ՒՄ ԱՐՅՈՒՆԱԿԻՑՆ է ՋՈՐԻՆ

Երբ ջորին հասարակ ջրկիր էր, նրան ոչ էշն էր բանի տեղ դնում, ոչ էլ ձին:
— Մեզ ի՞նչ օգուտ կա նրանից,— ասում էին երկուսն էլ։
Բայց երբ հանկարծ նրան առաջ քաշեցին, էշն ու ձին սկսեցին կռվել:
Էշն ասում էր.
— Ջորին իմ արյունակիցն է:
Ձին թե՝
— Իմն է…

ԳԱՂՏՆԱՊԱՀ ԿԱՉԱՂԱԿԸ

— Դատարկիր սիրտդ իմ առաջ,— կաքավին դիմեց կաչաղակը:— Ես մեկի գաղտնիքը մյուսին հայտնելու սովորություն չունեմ: Այ, չորս օր առաջ աքլորի ու հավի միջև մեծ կռիվ եղավ, բայց մինչև օրս ոչ ոքի չեմ ասել, բացի ագռավից, մեղուներից, բզեզից, թութակից ու… ու քեզնից:

 

ԶՐՈՒՅՑ ՎԱՆԴԱԿՈՒՄ

Գազանանոցում, վանդակի մեջ տեսնեյով առյուծին, էշն ասաց.
— Այ, այդպես, ծիծաղում էիր ինձ վրա, թե ես հիմար կենդանի եմ, դե ասա, հիմա ո՞վ է մեզանից ավելի լավ վիճակում: Ո՞ւր է քո խելքը:
Առյուծն արհամարհանքով պատասխանեց.
— Ինձ փակել են վանդակում վախից, իսկ քեզ ազատ են թողել, որովհետև տխմար ես ու անվնաս:

ՀՈԳԱՏԱՐ ԷՇԸ

Երկու էշ հանդիպեցին ու սկսեցին զրուցել:
— Իմ տերը շատ է տանջում ինձ, ամեն օր մի խուրջին բեռ է դնում մեջքիս և քշում քաղաք ծախելու:
— Իսկ իմ տերը շատ հոգատար է, միայն ինքն է նստում վրաս…

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով