Ստեփան Պողոսյան. Չինական պարսպից այն կողմ

«Գարուն», 1967, 2
Անցյալ տարվա նոյեմբերին Չինաստան այցելեց սովետական երիտասարդ տուրիստների վերջին խումբը: Այդ խմբի կազմում շրջագայության մեկնած ՍՏԵՓԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ մեր ամսագրում պատմում է իր տպավորությունների մասին:

ՄԵՐ ԽՈՒՄԲԸ ԵՎ «ՉԻՆԱԿԱՆ ՀԱՐՑԸ»

Գնացքը մեզ տանում է Չինաստան, չինական մեծ պարսպից այն կողմ, որի մասին այնքան առասպելներ ու հեքիաթներ ենք լսել: Ի՞նչ է կատարվում այդ պատերից այն կողմ, այն, ինչ գիտենք, չար հեքիաթի է նման, և հիմա պիտի տեսնենք մեր աչքերով։ Անհանգիստ ենք, լարված և, հասկանալի է, խոսակցության նյութը Չինաստանն է։
Խունվեյբինները… Ի՞նչ են ուզում իրենց ազգակիցներից, իրենց հարևաններից, աշխարհից, թեկուզ՝ իրենք իրենցից։ Ի՞նչն են մերժում, ի՞նչն են հաստատում կյանքում: Ո՛չ մի բան։ Եթե ամենավերջին չինացին էլ անգիր անի Մաոյի բոլոր մտքերը, ի՞նչը կավելանա Չինաստանում։ 1957-1965 թվականներին Չինաստանում ազգաբնակչությունն աճել է մոտ 70 միլիոնով, իսկ գյուղատնտեսական մթերքների արտադրությունը մնացել է նույնը, 57-ի հետ համեմատած մեկ շնչին ընկնող հացահատիկը կրճատվել է 15 կիլոգրամով։ Դե, թող ինչքան ուզում են խժդժան. չինացուն հաց է պետք, չինացուն շոր է պետք, տրակտոր, չինացուն դպրոց է պետք, սիրո մասին գրված անկեղծ բանաստեղծություն և երգ։ Պատմաբան Վոլոդյա Միլուտենկոն իր շուրջն է հավաքել բոլորին և մի իսկական «քաղպարապմունք» է սկսել:
— Դու,— քաշում է թևիցս,— բավական է պատուհանից դուրս նայես: Եվ իզուր չես ուզում մասնակցել մեր զրույցին, շա՜տ կտուժես։
— Ինչո՞ւ կտուժեմ։
— Մաոյի մասին չինացի «կլասիկների» կարծիքներից որոշ բան պետք է անգիր իմանալ։ Ես մտածում եմ, որ այնտեղ այդ խունվեյբինները հաշիվ կպահանջեն։ Իսկ եթե չիմանանք… Օ՜յ, о՜յ, ես նրանցից վախենում եմ։ Դե, սկսեցինք. ո՞վ կարող է որևէ կարծիք ասել։
Ոչ ոք ձեռք չի բարձրացնում։
— Նո՞ւ, ցանկություն հայտնող չկա՞, — դժգոհում է Վոլոդյան,— այդ դեպքում թույլ տվեք ընթերցելու ռազմական ակադեմիայում Լին Բյաոյի ունեցած ելույթից մի հատված.
«Անպայման անհրաժեշտ է բարձրացնել Մաո Ցզե-դունի գաղափարների իմացությունը, անհրաժեշտ է խորապես քննադատել Մաոյի գաղափարների թերագնահատման տենդենցները։ Թյուրիմացության մեջ ընկնելով արտասահմանյան դոգմաներով՝ միշտ մտածում են, թե Սովետական Միությունը մեզանից լավն է… նրանք հայտարարում են, որ քարանձավներում մարքսիզմ-լենինիզմ չկա։ Ըստ էության, արդյո՞ք, կարելի է համեմատել նրանց ասածները մեր Մաո Ցզե-դունի գաղափարների հետ։ Նախագահ Մաոն շատ ավելի բարձր է Մարքսից, Էնգելսից, Լենինից, Ստալինից։ Ներկայումս աշխարհում չկա այնպիսի մարդ, որին կարելի լինի դնել նախագահ Մաոյի կողքին։ Այնպիսի տաղանդ, ինչպիսին է նախագահ Մաոյինը, աշխարհում երևան է գալիս մի քանի հարյուրամյակը մեկ անգամ, իսկ Չինաս-տանում՝ մի քանի հազարամյակը մեկ։ Մաոն…»։
— Ներեցեք, ընկեր Միլուտենկո,— Գենադի Ելիսեևը ընդհատում է,— չէի՞ք ասի. իսկ ի՞նչ կարծիքի է իր մասին Մաոն։
— Գտնում է, որ իր անվան կողքին դրվող «Մեծ առաջնորդ», «Մեծ ուսուցիչ», «Մեծ ու գլխավոր հրամանատար», «Մեծ նավավար», «Մարքսիզմ-լենինիզմի գագաթ», «Ամենակարմիր արև» և նման շատ բնորոշումներն ուրիշ ղեկավարների համար ժամանակին օգտագործվել են, պետք է նորերը գտնել՝ թարմ ու ավելի ուժեղ։
Զրույցն արդեն կատակբնույթ չի կրում, բոլորն արդեն լուրջ դեմք ունեն, և մի պահ տևող լռության մեջ ամեն մեկն ուզում է ինչ-որ բան հասկանալ, մինչև վերջ հասկանալ, ի՞նչ է կատարվում։ Ես մտածում եմ, որ ժամանակ առ ժամանակ կյանքում որոշ երևույթներ կրկնվում են զարմանալի նմանությամբ, և այդ կրկնությունները հասնում են ահագնացած չափերի։ Նաև մտածում եմ, որ պետությունների ղեկավարները պետք է, որ մի քիչ ֆիզիկա իմանան, որովհետև հասարակական կյանքում շատ երևույթներ ունեն սկիզբ ու վերջի այն օրինաչափությունը, ինչ ֆիզիկական երևույթները։ Նյուտոնը տվեց ազդումը հավասար է հակազդման օրենքը՝ ինչ-որ գնդերի բախման օրինակով, իսկ այդ փորձի և օրենքի ձևակերպումը եղել է կյանքում, մարդկային սովորական հարաբերությունների մեջ, ճշտված ժողովրդական մի առակով. «Ինչպիսի բարև, այնպիսի պատասխան»։ Եվ դա եղել է ավելի վաղ, քան ինքը՝ Նյուտոնը, իր երրորդ օրենքի հետ։ Ինչո՞ւ չմտածել, որ մեծ ֆիզիկոսը հենց մարդկային հարաբերությունների այդ օրինաչափությունն է շուռ տվել անշունչ մարմինների վրա։ Հետևապես, ի՞նչ վատ կլիներ, եթե Մաո Ցզե-դունը իմանար, որ հրացանից դեպի երկինք արձակված գնդակը ինչ-որ տեղ մեռյալ կետ ունի և երկիր է վերադառնում նորից, որովհետև գոյություն ունի երկրի ձգողության ուժը։ Իմանար, որ գնդակը ետդարձի ճանապարհին ձեռք է բերում արագացում և գետին հասնելու պահին արագությունն ամենամեծն է։ Այդ թափով էլ բախվում է երկրին, թաղվում է, իսկ դրանից մեր մոլորակը ո՛չ արագությունն է փոխում, ո՛չ ուղեծրից դուրս գալիս։ Ուրեմն՝ ի՞նչ մնաց այդ կրակոցից։ Ոչինչ, թաղվեց մի քանի գրամ կապար, մարեց մի արձագանք, որը, ասում են, դարեր հետո հնարավոր կլինի ինչ-որ գործիքներով հավաքել, լսել, ծիծաղել և նորից արձակել Տիեզերք…
— Դու շատ պասիվ ես,— Վոլոդյան լուրջ դիտողություն է անում ինձ,— սատանան գիտի, թե ինչ ես գտել այնտեղ, որ այդքան նայում ես, ստիպված պատուհանի վարագույրը պետք է քաշել։ Կաֆարովա, նորից կարդա…
«Մեզ համար մեծագույն դաս է համարվում այն փաստը, որ Սովետական Միությունը, առաջին սոցիալիստական մեծ երկիրը, որը ստեղծվել է Լենինի կողմից և ծնվել է Հոկտեմբերյան հեղափոխության թնդանոթների համազարկերից…
«խաղաղ էվոլյուցիայի» միջոցով կանգնեց կապիտալիզմի վերականգնման ուղու վրա…»։
— Եվ սա որևէ ամբիոնից ելույթ էլ չէ, հասկանո՞ւմ եք, այլ կենտրոնական թերթում հրապարակված հոդված,— Միլուտենկոն անկեղծորեն զայրացել է:
Հետո կարծիքներ են փոխանակվում այն մասին, թե ինչպես ծնվեցին այդ խունվեյբինները, վերջապես ի՞նչ են ուզում այդ միլիոն-միլիոն դեռահաս չինացիները։
Նոնա Չերքեզաշվիլին ստեղծված վիճակը կապում է գյուղատնտեսական մթերքների պակասության հետ։ Այստեղ ճշմարտություն կա, ոչ մեկը առարկել չի կարող։ Գենադի Ելիսեևը զարգացնում է Նոնա յի միտքը։
— 1962 թվականին Չինաստանի արդյունաբերական արտադրանքը 59-ի հետ համեմատած պակասեց կիսով չափ, առկա էր ազգային եկամուտի ահավոր կրճատում։ Կառավարությունը ստիպված էր ձեռնարկելու ամենակտրուկ միջոցառումները՝ տնտեսական քայքայումը կասեցնելու նպատակով, բայց վերելք ապահովել չկարողացավ։
— Մի ուրիշ հանգամանք,— Գենադի Ելիսեևն ավելի է խորացնում հարցը։— Տնտեսական դանդաղ աճը մեծացրեց քաղաքի բնակչության գործազուրկների քանակը։ Ստիպված 30 միլիոն մարդ քաղաքներից տեղահանվեց, քշվեց լեռնային գյուղերն ու ՍՍՀՄ-ի սահմանի ուղղությամբ։
Ես լսում եմ իմ ընկերներին ու մտածում, որ աշխարհը շատ է փոքրացել. Նոնա Չերքեզաշվիլին կարող է Վրաստանում իր համար աշխատել, բայց իմանալ, որ Չինաստանի տնտեսության վրա ծանր է նստում ռազմական և պետության արտաքին հեղինակությունը բարձրացնելու նպատակներով կատարված ծախսերը, որ 1965 թվականին ռազմական ծախսերին տրամադրված միջոցները կազմել են բյուջեի 30 տոկոսը, սեփական ատոմային ռումբի ստեղծման ձգտումն ամեն տարի ժողովրդի վրա նստում է 2-3 միլիարդ յուան։ Դոնբասցի Անատոլի Սոկոլը կարող է հանքում աշխատել, բայց թիվ ու տարեթվով իմանալ, որ 1959 թվականից Չինաստանի քաղաքներում բնակարանային և կոմունալ շինարարություն չի տարվում, դադարեցված են նաև դպրոցների ու բուհերի կառուցումները, ուսանողների թիվը կրճատվել է 250 հազարով, աշակերտներինը՝ 12 միլիոնով։ 30 միլիոն երեխա զրկված է սովորելու հնարավորությունից, որ գյուղացիների ուղիղ կեսն անգրագետ է:
Իսկ եթե չինական ղեկավարները, չլուծելով տնտեսական խնդիրները, ժողովրդին միայն հույս են տալիս, որ դժվարություններից չպետք է վախենալ, զոհողություններ, և այն էլ համաշխարհային հեղափոխության համար, պետք են, իսկ մի 25-30, գուցե 100 տարի հետո ամեն ինչ լավ կլինի։ Եթե ասում են՝ առայժմ ուսումնասիրեցեք Մաոյի ուսմունքը, անգիր արեք, սովորեք ու երգեք Մաոյին նվիրված երգերը, ի՞նչ եք կարծում, բողոքի ալիք չի՞ բարձրանա, ղեկավարների մեջ չե՞ն գտնվի խելոք մարդիկ…
Եվ Վոլոդյա Միլուտենկոն սկսում է փաստերով խոսել: Դեռ 59 թվականին ՉԿԿ Կենտկոմի Լուշանի պլենումում մի խումբ կուսակցական ու պետական գործիչներ, քաղբյուրոյի անդամ և պաշտպանության մինիստր Պին Դե Խուայի գլխավորությամբ, Մաո Ցզե-դունին մեղադրեցին հակաժողովրդական, անսկզբունքայնության, ուժի դիրքերից ելնելու քաղաքականության մեջ։ Չինական մամուլը դա որակավորեց՝ խղճուկ մի խմբի կամքի արտահայտո ւթյուն, իսկ Պին Դե Խուայը շուտով անհետացավ հրապարակից։ Անվանի զորավարը բացառություն չէ: Պեկինի քաղկոմի քարտուղար Դեն Տոն դեմ դուրս եկավ ժողովրդական կոմունաների և «Մեծ թռիչքի» քաղաքականությանը։ «Չի կարելի գործել, հենվելով միայն կույր բնազդների վրա,— հայտարարեց նա,— չի կարելի որոշումներ ընդունել և գործն առաջ տանել՝ հիմք ընդունելով միայն միակողմանի նյութերն ու մակերեսային երևույթները»։
ՉԿԿ Կենտկոմի բաժնի վարիչի տեղակալ Չոու Յանը իր ասելիքն ասաց. «Մեծ թռիչքը քայքայեց էկոնոմիկան»։ Իսկ ՉԿԿ առաջին համագումարի պատգամավոր Լի Դան «Մեծ թռիչքի» քաղաքականությունը համարեց մեծ նահանջ և հայտարարեց, թե չի ընդունում, որ Մաոն զարգացրել է մարքսիզմ-լենինիզմը, որ Մաոյի փիլիսոփայական աշխատությունները հետաքրքրություն չներկայացնող բրոշյուրներ են։ Մի այլ կուսակցական գործիչ՝ Չա Լու Ցին, 1965 թվականին հայտարարեց. «Երեք կարմիր դրոշները սխալ են. ժողովրդական կոմունաները փուլ եկան, մեծ թռիչքն ու գերագույն գիծն ավարտվեցին կրախով»։ Չինական հայտնի կոմպոզիտոր Խե Լա Տին նույնպես անհանգստացավ. «…Մեծ թռիչքը, ժողովրդական կոմունան և գերագույն գիծը ժողովրդին կարող են միայն գերեզման տանել»։
— Էլի շարունակե՞մ ,— Վոլոդյա Միլուտենկոյի դեմքը շառագունել է, չիմանաս էլ, ենթադրելը դժվար չէ, որ նա պատմաբան է և այն էլ՝ շատ լավ, մոտ չլինես նրա զգացմունքներին, ճանաչելը դժվար չէ, որ նա ժողովրդի անունից կարող է բարձրանալ ցանկացած ամբիոնը։ — Հիշենք նաև Պեկինի քաղաքագլխի նախկին տեղակալ, իմ կոլեգա Ու Խային: Նա իր մի պիեսում դիմելով կայսերը (նկատի ունի Մաոյին) գրում է.
«Առաջ դու ինչ-որ լավ բան արեցիր, իսկը ինչպիսի՞ն են գործերի վիճակը վերջին տարիներին։ Ուղղիր սխալները, թույլ տուր ժողովրդին հասնելու երջանկության։ Դու համարում ես, որ ամեն ինչում ճիշտ ես և քննադատություն չես ընդունում, բայց քո սխալները չափից ավելի շատ են»։
Եվ ահա, ներքին և արտաքին քաղաքականության ճգնաժամը չինական ղեկավարներին կանգնեցրել էր երկընտրանքի առջև. կամ հրաժարվել էր պետք մեծապետական, հակամարքսիստական քաղաքականությունից, կամ շարունակել ու խորանալ ընդունած քաղաքականության մեջ, փորձ անել եղած դատարկությունը լցնելու Մաոյի գաղափարներով։ Եվ Լին Բիաոն կոչ արեց. «Կարդալ նախագահ Մաո Ցզե-դունի գրքերը, լսել նախագահ Մաո Ցզե-դունին, գործել նախագահ Մաո Ցզե-դունի ցուցումներով, լինել նախագահ Մաո Ցզե-դունի մարտիկը… Մեր երկիրն ունի 700 միլիոն բնակչություն, նրանք պետք է կրեն միասնական գաղափարներ, այսինքն՝ Մաո Ցզե-դունի գաղափարները, անհրաժեշտ է այդ գաղափարները ներդնել բանվորների, գյուղացիների գիտակցության մեջ: Բոլոր գործերում դրանք են հանդիսանում միկրոսկոպն ու խոշորացույցը»։
— Լա՜վ, չինացի բանվորն ու գյուղացին այդ միկրոսկոպով ու խոշորացույցով հաց ոլ կոշիկ կարո՞ղ են հայտնաբերել,— ասում է Գենադի Ելիսեևը։
Իրենք՝ չինացիներն են այդ հարցը տալիս նախագահ Մաոյին։ Այդ հարցի պատասխանն էլ եղել է այն, որ կուսակցական ու պետական օրգանները ողողել է զինվորական և պետական անվտանգության կոմիտեի կադրերով, և դրանց աջակցությամբ 1964 թվ. քաղբյուրոյի նիստերից մեկում Մաոն հանդես է եկել մեղադրանքով՝ մտավորականության և կուսակցական շատ աշխատողների նկատմամբ: Ապա շարքից հանվել են գրականության և արվեստի մի շարք գործիչներ, փակվել են շատ ամսագրեր, գրադարանները «զտվել» են համաշխարհային դասական հեղինակների գործերից։ Եվ հենց նույն տարում էլ Մաոյի ցուցումով Չժու Էն Լայը կոչ արեց՝ շարժում սկսել սոցիալիստական դաստիարակության համար, որը կրեց «կուլտուրական հեղափոխություն» անունը։ Այնպես որ, «կուլտուրական հեղափոխության» սկիզբը 66 թվականին տեղի ունեցած 11-րդ պլենումը չէ։ Մինչև այս պլենումը, հաշիվը մաքրված էր մտավորականության հետ, կատարվել էր նաև կուսակցական ապարատի զտում։ Ասպարեզից հանվեց Լի Շաո Ցին, որի աճող հեղինակությունը անհանգստություն էր պատճառում, նրա փոխարեն առաջին պլանի վրա մղվեց Լին Բիաոն, որովհետև սա Մաոյին ջերմեռանդորեն գովերգելու մեծ ընդունակություն ուներ։ Քաղաքական ասպարեզում ակտիվ դեր գրավեց նաև Մաոյի կինը՝ Ցզյուն Յին։
— Բայց մարդկանց գրաված պոստից հեռացնելու համար հիմք պետք է լինի, ախր, հո չի կարելի…
— Ասում ես՝ հիմք,— Վոլոդյան տաքացած վրա է տալիս,— ամեն րոպե կարելի է ստեղծել, կարևորը ցանկությունն է։ Օրինակ, Կենտկոմի բաժնի վարիչի տեղակալ Չժո Յանը մեղադրվեց հակահեղափոխական գործունեության մեջ և հանվեց աշխատանքից գիտե՞ք, թե ինչի համար։ Թենիսիստ Սյու Յուն Շենը հոդված է գրում, թե ուսումնասիրելով Մաոյի գաղափարները՝ կարողացավ դառնալ աշխարհի չեմպիոն, իսկ սա հոդվածի վրա մակագրում է. «Չի կարելի Մաո Ցզե-դունի գաղափարները կապել սեղանի թենիսի հետ»։ Հոդվածը, մակագրությամբ, հասնում է Մաոյի մոտ, նա էլ Չժո Յանի մակագրության վրա է մակագրում. «Երկար տարիներ ես այսպիսի լավ գործ չեմ կարդացել։ Այդ հոդվածի վրա մենք պետք է սովորենք տեսությունը, քաղաքականությունը, կուլտուրան և ռազմական գործը…»։ Եվ, խնդրեմ, սա դարձավ մեղադրանքներից մեկը, որով Չժո Յանը թռավ տեղից: Եղա՞վ հիմք։ Եղավ։ Կամ Պեկինի համալսարանում, հանկարծ, հայտնվում է մի թռուցիկ, թե՝ ռեկտորն ու կուսկոմի քարտուղարը համարվում են սև հրոսակախմբի անդամներ, այսինքն` Մաոյի գաղափարներին դեմ մարդիկ։ Կուսկոմը երեք օր նիստ է անում, համալսարանի ռեկտորը երեք օր ճգնում է ապացուցել, որ ինքը նախագահ Մաոյի գաղափարների համակիրն է։ Ապա դրան հաջորդում է համալսարանի կուսակցական կոմիտեի ցրումը, սկսվում է հաշվեհարդար դասախոսների հետ։ Նրանց պարտադրում էին ծնկաչոք մնալ, պարանոցներից կախում էին լոզունգներ, թքում երեսներին:
— Թո՜ւու,— զայրանում է Գենադին,— դա ֆաշիզմ է։
— Եվ ինչ ահավոր ցինիզմ է պրոֆեսորների «դաստիարակությունը» հանձնել 15-18 տարեկան մի կաթնակերի,— Անատոլի Սոկոլը դառը ժպտում է:
— Վերջը,— Միլուտենկոն ամփոփում է,— բոլոր ժամանակների «հանճար» Մաոյի հույսն այդ կաթնակերներն են:
Չգիտեմ ինչու, այդպես էլ ինձ չի հաջողվում ակտիվորեն մասնակցել «չինական հարցի» լուծմանը։ Ես նայում եմ գնացքի պատուհանից, փորձելով մտածել անծանոթ, խորհրդավոր երկրի մասին, որը շուտով տեսնելու էինք։

ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Մեզ հանդիպած առաջին չինացիները զինվորականներ էին, տասներկու հոգի։ Գնացքը Մանջուրիայում կանգնեց թե չէ, նրանք վագոն բարձրացան։ Սկզբում չհասկացանք, որ նրանք մեզ «դիմավորելու» են եկել, բայց Վոլոդյան բացատրեց՝ զինվորները մեր պահապաններն են։ Մենք վիրավորվեցինք, ախր ի՞նչ պետք է զինվոր պահապան ունենալ, բարեկամների մոտ ենք գնում, և ապա՝ նույն գնացքով Ֆրանսիայից ու Գերմանական Ֆեդերատիվ Հանրապետությունից եկած զբոսաշրջիկների համար ինչո՞ւ պահապաններ չկան:
— Մեր կյանքի ապահովության համա՞ր է։ Ո՞ր վտանգից։
Վոլոդյայի դեմքի արտահայտությունն ասում էր, թե առարկել պետք չէ, այսպես են հարմար գտել։
— Այդ դեպքում երեք զինվոր պակասում է, մեր խումբը 15 հոգի է,— Անատոլին փորձում է կատակել։
Տինի դեմքն ավելի է լրջանում, ասել կուզե, թե կատակելը արգելվում է։ Այդ բանում մենք ավելի համոզվեցինք զբոսաշրջիկների Լու Սին-Շենի բյուրոյի սրճարանում, երբ մեզ հետ երկար ու բարակ զրուցում էին Մաոյի գաղափարների մասին, և դա այնպես էր արվում, կարծես մենք պարտավոր էինք լինելու մաոցզեդունական։ Միանգամից բացվեցին խաղաթղթերը, և պարզ դարձավ մեր խմբի նկատմամբ դիրքորոշումը։ Իսկ մենք ինչպե՞ս պետք է դրսևորեինք մեզ, որպեսզի զերծ մնայինք բախումներից ու անախորժ առիթներից։ Սա արդեն լուրջ մտահոգության առաջարկ էր։ Համենայն դեպս, մենք զբոսաշրջիկ էինք՝ Չինաստանը տեսնելու մեծ ցանկությամբ։
Զինվորականների «թիկնապահությամբ» դուրս եկանք Խարբինը տեսնելու։ Չինաստանում օտարերկրացին շուտ է նկատվում, նաև՝ ստրկության աստիճանի հասնող խոնարհվելու սովորություն կա նրանց նկատմամբ, բայց, ինչպես սովորաբար, այստեղ էլ բացառություն կա. Սովետական Միությունից եկածներին, վերջին տարիներում, դիմավորում են աղմուկ-աղաղակով, իսկ վերջում, դարերից եկած բնազդով… ծափահարում են։ Այդպես վարվեցին նաև մեր նկատմամբ. զինվորականները հազիվ էին պաշտպանում մեզ խունվեյբինների սեղմող օղակից։ Նրանց աղմուկ-աղաղակների միջից դժվար էր որոշել. ի՞նչ են ուզում, ի՞նչ են պահանջում մեզնից։ Իսկ քաղաքի կայարանամերձ հրապարակում (ուր 1945 թվականից կանգնած սովետական տանկ կա) խունվեյբինները մեզ նկատելուն պես իրար անցան, փորձեցին միտինգ անել։ Անախորժ վիճակ էր ստեղծվելու, ո՞վ գիտե, ինչով կավարտվեր, և մենք շտապեցինք վերադառնալ վագոն։
Մինչև Պեկին հասնելը, երկու օր, մենք հաջող ու անհաջող փորձեր արեցինք՝ փակելու սովետական պետությանն ու ղեկավարներին բացահայտորեն զրպարտող բերանները և դրանով ավելի քան անզուսպ դարձրեցինք նրանց։ Փորձեցինք չլսելու տալ այդ հերյուրանքները, չտեսնելու սովետական կառավարության ու ղեկավարների դեմ եղած լոզունգ-թռուցիկները, ծաղրանկարները, բայց վայնասուն բարձրացրին մեր գոց ականջների տակ, սևով գրված թռուցիկները կանգնեցրին մեր աչքերի առջև։ Դրանք պատռելու, մի կողմ շպրտելու միակ ցանկությունը զսպել էր պետք, որովհետև դրանց ձեռք տալը ծանր հանցագործություն է համարվում։
Ի դեպ՝ այդ խունվեյբինների մասին։ Բոլորը միատեսակ հագուստ ունեն (Չինաստանում այժմ բոլորն են նույն տարազը կրում, կին, թե տղամարդ). բամբակյա տաբատ և բամբակյա բաճկոն։ Խունվեյբինների կազմը դեռահասներն են, 12-20 տարեկանները։ Ինչո՞ւ է հատկապես այդ տարիքը ընդգրկված։ Հասկանալի է. ավագ սերունդը՝ բանվորները, գյուղացիները, մտավորականությունը դադարել են Մաոյի քաղաքականությունով ոգևորվելուց և հիմք չէին կարող լինել նրա մտադրությունների կենսագործման համար։ Իսկ այդ, Անատոլի Սոկոլի լեզվով ասած, կաթնակերները մեծացել են հակասովետական քաղաքականության կամպանիայի մթնոլորտում, նրանց աչքադեմից պահվել է Սովետական Միության օգնությունը, ինչպես նաև Մաոյի «Մեծ թռիչքի» պլանի ձախողումը։ Ապա, այդ տարիքի պատանիներին ու աղջիկներին հեշտ է գրավել ուլտրահեղափոխական լոզունգներով, ուզած ռելսերի վրա գցել նրանց ռոմանտիկ ձգտումները։ Եվ հետո՝ այդպես ներարկվելով՝ նրանք կարող են նախագահ Մաոյի գաղափարների համար մարտիկ դառնալ և եթե պետք է՝ նաև թնդանոթի միս։ Պատահական չէ, որ խունվեյբինները հանդիսանում են ժողովրդա-ազատագրական բանակի ռեզերվը։
Նրանք դասակավորված են և ռազմական գործ են սովորում։ Անցյալ տարվա հոկտեմբերին հաշվվում էր 47 միլիոն խունվեյբին և նախատեսված է մինչև գարուն այդ թիվը հասցնել 110 միլիոնի։ Նոր խունվեյբինը ընդունվում է ժողովում: Նրանք ունեն կարմիր թևկապ և, ինչպես Չինաստանում ամենքը, կրում են Մաոյի նկարը, ունեն Մաոյի մեջբերումների կարմրակազմ գրքույկը: Խունվեյբինների հիմնը «Շառագունում է արևելքը» երգն է, և նրանք պահանջում են, որ դա լինի նաև պետական հիմն։ Պեկինի բյուջեի զգալի մասը խունվեյբիններն են խժռում, սնունդը և տրանսպորտը ձրի է նրանց համար։ Միայն մայրաքաղաքում նրանց սպասարկող 1500 ավտոբուս է առանձնացված։ Այդ մոլորված աղմկարարները շատ ծանր են նստում ժողովրդի վրա, նամանավանդ որ նրանց ծախսերի մի մասը ծնողներին է պարտադրվում։ Մի ծնող թող փորձի չկատարել այն. առաջին պատիժը երևի խունվեյբին որդուց կստանա։

ԱՌԱՆՑ ՍԵՓԱԿԱՆ ԲՈՂՈՔԻ

Պեկինում ավելի մեծ անախորժություններ էին սպասվում մեզ։ Այստեղ աղմուկ-աղաղակն ավելի շատ էր գիշեր ու ցերեկ։ Վերաբերմունքը սովետական մարդկանց նկատմամբ՝ ավելի ընդգծված, և դա ավելի ծիծաղելի էր, ավելի անտանելի։ Պեկինի ճանապարհին մենք փաստ ու դեպքերի ականատես եղանք, որի համար կարելի էր սրտանց լաց լինել, բայց մենք հեգնոտ ժպտացինք։ Մի քանի տեղ մենք տեսանք լծկան պատանիների։ Այո, լծկան, գութան քաշող։ Առաջին անգամ, երբ գնացքի պատուհանից աչքս դիպավ գութանին լծված չորս զույգ պատանու, ինձ թվաց, թե դա պատրանք է, երևակայության քմահաճ մի խաղ։ Ոչ, իրողություն էր և շատ ցավալի։ Նրանք այնպե՜ս էին լարվել և ձգում, ակոս էին բացում հողում, այնպե՜ս էին պրկվել։ Ուր-որ է, ամոլի տակ լծված պատանու պարանոցից մի ջիղ կկտրվեր, ուր-որ է, մեկը ծունկի կգար և գլուխը կթաղեր ակոսի մեջ, բերանի փրփուրով կթացեր հողը։ Շատ դժվար էր նայելը, և ես երեսս շուռ տվեցի պատուհանից, և, ինձ միայն հասկանալի, իմ մայրենի լեզվով հայհոյեցի նրան, ում պետք էր։ Գիդը նկատեց իմ անհանգիստ շարժումը և ժպտալով դիմեց.
— Ձերոնք այդպիսի բան անել չեն կարող, իսկ եթե մեր երեխաները գութան կարող են քաշել, նրանից է, որ ամեն օր, աշխատանքից առաջ և հետո, նրանք ուսումնասիրում են նախագահ Մաո Ցզե-դունի գաղափարները։
Ես գիդին էլ հայհոյեցի։ Երևի նա զգաց դա և սկսեց մեր Միության դեմ թափել կաղապարված բառերի շարանը։ Մարդուն լծկանի աստիճանի իջեցնելու, այդ երեխաների համար իմ հոգում ծնված մեծ ցավը գիդի կարմիր աչքերի դիմաց փոխվեց հեգնոտ մի ժպիտի։ Թքած, ես ու այդ Վան գիդը՝ պատուհանից այն կողմ եղած մարդ-լծկանների համար պիտի միասին լաց լինեինք, բայց կանգնած ենք դեմ-դիմաց, նա՝ իր փրփրած բերանով, ես իմ հեգնոտ ժպիտով։ Չինաստանում ուղևորությունների ժամանակ մենք էլի տեսանք գութան քաշող պատանիների։
Չինաստանում ճանապարհորդելու ժամանակ մենք հանդիպեցինք խումբ-խումբ դեռահասների՝ քրքրված կոշիկներով, քրքրված շորերով, հոգնած ու տանջված դեմքերով, բայց որոնք մեզ դիմավորում էին ձեռքերը բռունցք արած, ատամները
կրճտացնելով, վայրենու աղաղակով։ Նրանք «ուխտագնացներ» էին. կտրել էին 1000-1500 կիլոմետր ճանապարհ, էլի պիտի գնային, հասնեին Պեկին՝ Մաո Ցզե-դունին տեսնելու։ Չինաստանում կոչ է արվել. «Ով ուզում է տեսնել նախագահ Մաոյին, նրա մոտ պետք է հասնի ոտքով»։ Եվ խումբ-խումբ գալիս են, հավաքվում Պեկինի փողոցներում ու հրապարակներում, լրացնում 1,5-2 միլիոն, որպեսզի Մաոն հանդիպման շնորհ անի, մի քանի րոպե լուռ ու «իմաստուն» կանգնի նրանց աչքերի դիմաց, իսկ մի Լին Բիաո, Մաոյի գաղափարների մասին խոսելով՝ պետք է պատռի կոկորդը։ Դե եկ ու առաջին հերթին զայրացիր բռունցք ցույց տվող այդ դեռահասների վրա, այլ ոչ թե խղճա և՝ սրտանց։ Եվ հենց խունվեյբիններին, այդ մոլորված կաթնակերներին ևս առաջին հերթին խղճալ է հարկավոր։ Ախր նրանցից ոչ մեկը իր աղմուկի մեջ սեփական բողոք չունի, չգիտի նաև, թե ինչ է պահանջում և ումից, ի՞նչ կա մեջբերումների այն կարմրակազմ գրքույկում, որն ինքն անգիր է անում՝ նույնը պահանջելով զառամյալ մի չինացուց, մինչև ականջները սիրահարված, մտքով երազների աշխարհը գնացած մի աղջկանից, նաև՝ զբոսաշրջիկ սովետական մարդուց։
Աչքը նոր բացած, աշխարհի հյուսիսն ու հարավը հազիվ տարբերող միլիոնավոր մարդկանց մեջ սպանել ու սպանում են մարդը, նրանց դարձրել են կոճակների սեղմումով ու լծակներով ղեկավարվող մեխանիզմ։ Մեկը (և այդ մեկը կարող է լինել նաև Մաոյի կինը) կարող է սեղմել կոճակը և մի քանի հարյուր հազար, միլիոն, երկու միլիոն դեռահաս կարող են ճաքեցնել մի հրապարակ, շրջակա փողոցներն էլ հետը և բարձրաձայն որոճալ Մաոյի գաղափարները։ Կարող են աչքերը փայլեցնել մեզ վրա և 5-6 հոգով զառամյալ մի մարդու վերցնել ու շպրտել սայլակի մեջ, շպրտել ինչպես տախտակի կտոր։ Պատճա՞ռը։ Նախագահ Մաոյից ոչ մի տող անգիր չգիտե։ Կարող են մեր ներկայությամբ, օրը ցերեկով 15-16 տարեկան մի աղջկա ծեծել այնքան, որ նա հոգևարքի մեջ սկսի խռխռացնել, իսկ մենք, մի խումբ այր մարդիկ, չկարողանանք պաշտպանության տակ առնել մանկամարդ մի կնոջ։ Չկարողանանք ոչ այն պատճառով, որ կարող են ծեծկռտուքի մեջ քաշել մեզ, այլև, որ դա կդիտվի իբրև մի ցույց Չինաստանի կառավարության դեմ, Մաոյի գաղափարների դեմ, կդիտվի իբրև ուրիշ պետության ներքին գործերին միջամտելու փորձ, որի համար պետք է նաև նոտա տալ, հերթական զգուշացում անել Սովետական Միությանը։
Պեկին հասնելու օրը, հոկտեմբերի 28-ին, առաջին լուրը, որն իմացանք ավտոբուսում, այն էր, որ Չինաստանում կատարվել է ատոմային ռումբի երկրորդ փորձարկումը։ Քաղաքը թնդում էր աղմուկից։ Այդ կապակցությամբ թերթերը հատուկ համարներ էին լույս ընծայել մի հիմնական բովանդակությամբ, որ զենքի փորձարկումը Մաոյի գաղափարների մեծ հաղթանակն էր ՍՍՀՄ-ի և ԱՄՆ-ի ատոմային գործարքի դեմ։ Ամենուրեք ցույց, ամենուրեք Մաոյին նվիրված երգեր, սև տառերով լոզունգներ՝ ՍՍՀՄ-ի և ԱՄՆ-ի դեմ։ Քաղաքում զբոսնելը դժվար էր. ամեն քայլափոխին առիթներ էին որոնում մեզ օղակի մեջ առնելու համար, շպրտելու հերյուրանքներ սովետական պետության նկատմամբ, դաստիարակելու մեզ Մաոյի «իմաստուն» գաղափարներով։ Կամեցանք գնալ սովետական դեսպանատուն, բայց փողոցը փակել էին։ Պեկինում սովետական դեսպանություն տանող գլխավոր փողոցը դարձրել են ռևիզիոնիզմի դեմ պայքարելու փողոց և արգելել սովետական մարդկանց ելքն ու մուտքն այդտեղ, իսկ դեսպանության աշխատողներին խորհուրդ են տվել առանց զգուշացնելու փողոց դուրս չգալ։ Դեսպանատուն հասանք զիգզագ ճանապարհներով, խուսափելով խունվեյբինների աղմկող խմբերից։ Դեսպանատան գլխին պայթում էր ռադիոբարձրախոսի աղմուկը։ Իսկ ավտոբուսի մեջ գիդը շարունակում էր իր շատ երկար հակասովետական դասախոսությունը։ Լռելն իզուր էր, հաջորդ օրը թերթերը «ամենայն իրավունքով» մեր լռությունը կթարգմանեին իբրև համաձայնության նշան՝ սովետական կառավարության նկատմամբ ասված հերյուրանքների։ Եվ տղաներից մեկն առաջարկեց երգել։ Երգեցինք խմբով, խունվեյբինները ավելի կատաղեցին։
Ի՞նչ անել։ Պե՞տք է, արդյոք, և հնարավո՞ր է շարունակել այդ տիպի շրջագայությունը չինական հողում։ Բոլորովին պետք չէր, անտանելի էր, բայց պիտի համբերեինք, այլ կերպ դա նույնպես կդիտվեր հակամաոյական և չգիտես, թե էլ ինչ։
Հաջորդ օրը գիդն առաջարկեց հանդիպման գնալ № 54 դպրոցի աշակերտների հետ։ Մեր պահանջը գրեցինք.
— Եթե հանդիպումը պետք է անցնի հակասովետական խոսակցությունների ուղեկցությամբ, հրաժարվում ենք։
Խոստացավ, որ այդպիսի բան չի լինի։ Դպրոց չհասած, մոտ 300 մետր երկարությամբ, ճանապարհը ծածկված էր մեր Միության դեմ գրված լոզունգ-թռուցիկներով. «Սովետական Միությունը դեպի կապիտալիզմ է գնում…», «Մաոյի արևը կչորացնի բոլորին», «Մենք ձեր կաշին կքերթենք», «Մենք ձեզ կայրենք և ձեր փոշին քամուն կտանք» և այլն։ Յոթ-ութ հարյուր երեխաներ խժդժոցով դիմավորեցին մեզ։ Ես փոքրիկ մի աղջկա կրծքանշան մեկնեցի, նա ընդունեց, մեծավարի ծռմռեց դեմքը, և կրծքանշանը շպրտեց։
Մեծ մի սրահում բարձր դասարանցիների հետ հանդիպում է։ Ամբիոնին մոտեցավ ռազմականացված դպրոցի խունվեյբինական շտաբի պետը, 15-16 տարեկան մի պատանի և դիմեց մեզ.
— Դուք սովետական ժողովրդի ներկայացուցիչնե ր եք, թե՞ կուսակցության և կառավարության, եթե կառավարության ներկայացուցիչներ եք, մենք հանդիպումը շարունակել հարկ չէինք համարի, բայց, քանի որ ժողովրդի ներկայացուցիչներ եք, մենք այժմ միասին կուսումնասիրենք Մաոյի գաղափարները։
Եվ առանց պատասխանի սպասելու բացեց կարմրակազմ գրքույկն ու սկսեց։ Մենք բողոքեցինք, շտաբի պետը շարունակեց ընթերցումը։ Ավելի բարձրաձայն բողոքեցինք, բայց այս անգամ հուզմունքից կարմրած դեմքով մի պատանի ոտքի կանգնեց, ասաց, որ Մաոյի գաղափարների ընթերցումն ընդհատել չի կարելի, մեղք է, նստեց ու լաց եղավ, իսկ շտաբի պետը շարունակեց։ Վոլոդյան ոտքի կանգնեց.
— Պարո՛ն,— ասաց,— մենք ձեզ մոտ դասընթացների չենք եկել։
Վոլոդյան վրիպել էր. խունվեյբինին կոչել էր «պարոն»: Իրարանցումով կառչեցին այդ բառից, հասցրեցին «տրամաբանական» մտահանգման, թե՝ «պարոն» կոչում են կապիտալիստներին, և պատիվ պահանջեցին մեզնից։ Կամեցանք դուրս գալ, փակեցին դուռը։ Բոլորը կարմրած աչք ու դեմք ունեն, բոլորը միասին աղմկում են, հայհոյանք թափում մեր գլխին, երկրորդ հարկում եղածները թակում են առաստաղը, պատուհաններն են սպառնալից ծեծում, և հրաժարվում են բացել դուռը, պահանջում են, որ նստենք և սուս ու փուս լսենք Մաոյի գրքի ընթերցումը։ Ինչպե՞ս վարվել սրանց հետ։ Հիշեցինք, որ խունվեյբիններն արտասահմանյան մամուլից վախենում են, և սպառնացինք արտասահմանյան թղթակիցներով։ Բացեցին դուռը։
Նորից օրակարգ. վերադառնալ հայրենի՞ք, թե՞ շարունակել։ Եվ ամփոփեցինք ժողովրդական առածով. «Ընկել ես, պետք է քաշես»:
Գնում ենք չինական պարիսպը տեսնելու։ Ավտոբուսում մեզ, այսպես կոչված, անհատական մշակման են ենթարկում, այսինքն «դաստիարակում» են Մաոյի գաղափարներով, «ապացուցում», որ մենք սխալ ճանապարհով ենք գնում, որ աշխարհի մարդկության ամենաճիշտ ու միակ ուղին Մաոյի նախանշածն է։ Դա էլ, թե ինչ ուղի է, իրենք էլ չգիտեն։ Խոսում են ու սպասում արձագանքի մի նախադասության, մի բառի, գլխաշարժումի։ Ես արդեն հոգնել եմ՝ գիդի, թարգմանիչի, մեզ կցված մյուսների հետ վիճաբանելուց ու երբեմն միայն դեմ մի երկու խոսք եմ ասում, այն էլ նրա համար, որ լռությունը չհամարեն համաձայնության նշան։ Բայց Էմմա Կաֆարովան էլ չի համբերում։
— Վերջապես ի՞նչ եք ուզում ինձանից, թողեք հանգիստ մնամ,— նեղսրտած ոտքի է կանգնում։ Տղաներն էլ են զայրանում և պահանջում են վերադառնալ Պեկին. չինական պատը պետք չէ տեսնել։ Ետ դառնալու համար վարորդին կարգադրություն է պետք, իսկ կարգադրություն անող չկա։ Պահանջը կրկնվում է։ Գիդը բացատրում է, որ դա հնարավոր չէ թեկուզ նրա համար, որ այսօրվա ճաշը պարսպի մոտ է նախատեսված։
— Պետք չէ, վերադառնալ ենք ուզում։
— Այդ պահանջը թող գրավոր լինի, — գիդը կամենում է փաստեր հավաքել, վերջապես հասնել մի արդյունքի։ Հրաժարվում ենք։
— Այդ դեպքում կարող եք ավտոբուսից իջնել, ոտքով գնալ,— հանգիստ պատասխանում է նա։
Իջնում ենք։ Պեկինից հեռու ենք 12 կիլոմետր։ Քայլում ենք, մեր ետևից՝ միլիցիոների ղեկավարությամբ խունվեյբինների խումբը։ Նրանք մեկ սպառնագին մոտենում են մեզ, մեկ փոխում իրենց որոշումը: Երեկոյան հյուրանոց են գալիս՝ թարգմանիչը, էլի մի քանի հոգի, շողոքորթում են մեզ, խնդրում, որ հավաքվենք, զրուցենք, պայմանավորվենք, որպեսզի այլևս այդպիսի անախորժություններ չպատահեն։ Խոստանում են նաև Սովետական Միության դեմ ոչ մի խոսք չասել։ Համաձայնել էր պետք։ Գիդը սկսում է և հենց բերանը բացում է, թե չէ, հայհոյանք է մեր կառավարության հասցեին։ Գոռգոռոցով խլացնում է մեր բողոքը և այդ տոնով շարունակում 35-40 րոպե։ Մի կերպ լռեցնում ենք, սկսում է մյուսը։ Խմբի անդամների մի մասը դուրս է գալիս. մենք հինգ հոգով չենք հասցնում. դուռը փակ է արդեն։ Կարմրած աչքերով, ակնոցավոր մեկը այնքան է մոտեցել ինձ, որ նրա հևացող շնչառությունը դեմքիս վրա եմ զգում։ Համբերել արդեն հնարավոր չէ. պապիս արյունը գժվել է երակներիս մեջ, աչքերս մթնել են… Բայց Անատոլին հասցնում է բռնել բռունցք դարձած ձեռքս (որի համար, ետ գալիս, ողջ ճանապարհին մեղադրում էի նրան, իսկ նա և խմբի մյուս անդամները գտնում էին, որ բռունցքս կարող էր ռումբի պես պայթել Պեկինում։ Ճիշտն ասած, ես էլ եմ այդ կարծիքին…)։ Վերջում պարզվեց, որ ողջ զրույցի ընթացքում գործել է ձայնագրիչը, փողպատ պոկելու համար շպրտված երկու խոսք է պակասել. «Ձեր ասածը թող լինի, միայն լռեք»,— որպեսզի հաջորդ օրը սենսացիոն հոդված լիներ, թե սովետական մարդիկ մերժում են իրենց մոտ եղած-չեղածը, ընդունում են Մաոյի գաղափարները։

Շանհայում ենք: Այստեղ հարձակումները մեր նկատմամբ ինչ-որ պակասել են։ Դա երևի այն պատճառով, որ «հաղթական ավարտին» հասցրած ցուցադրելու գործեր կան։ Գիտենք, որ մեր կողմից կառուցած սովետա-չինական բարեկամության շենք պետք է լիի, ցանկանում ենք տեսնել։ Անկաշկանդ տանում և կանգնեցնում են դռանը։ Շենքը վեր է ածվել քաղաքի արդյունաբերության ցուցահանդեսի։
Գիտենք, որ այս քաղաքում պետք է լինի Պուշկինի արձանը։ Պատվանդանն է մնացել միայն, իսկ արձանի փոխարեն կա մի լոզունգ. «Իսկական կուլտուրա կարող է ստեղծել միայն չին ժողովուրդը»։
— Ստեղծեք, ուրախ կլինենք,— ասում է Միլուտենկոն,— իսկ արձանը ի՞նչ է եղել։
— Միևնույնը չէ՞,— ուսերն է շարժում գիդը:
Պատմական թանգարանում ներողություն են խնդրում, որ այն դեռ չեն վերակառուցել «կուլտուրական հեղափոխության» ոգով, այսինքն քիչ բան է վերագրված Մաոյին, պակաս են նրա ասացվածքները։ Սա էլ արդեն ուրիշ քաղաքականություն է. ստացվում է այնպես, որ մենք արդեն համաձայն ենք խունվեյբինների հետ, անհամբեր սպասում ենք նրանց «կուլտուրական հեղափոխության» հաղթական ավարտին, և եթե այդ տեսակետից Շանհայի պատմական թանգարանը մեզ չի գոհացնում, դրա համար տանտերերը ներողություն են խնդրում։ Ծիծաղելի է։
— Նախագահ Մաոն Նանկինի քաղկոմի ղեկավարներից պետք է, որ շատ գոհ լինի,— երբ շրջում էինք Նանկինում, ասաց Նիկոլայը։ Եվ, իրոք, այստեղ երևակայության ամեն սահման անցել է Մաոյի գաղափարների պրոպագանդումը։
Ահա, մի աղջիկ է անցնում՝ աչքի վիրակապով, իսկ վիրակապի վրա փակցված է մի թուղթ՝ Մաոյի կարմրակազմ գրքից մեջբերում։ «Թալիսման է,— ասել են,— կառողջացնի աչքդ»։ Մի ուրիշի կռնակին էր կապած նույնպիսի «թալիսման» — թուղթ։ Կայարանում գիշերող բազմությունը, մեծապես երեխաներ, հենց հատակին փռված, Մաոյի գործերն էին ուսումնասիրում։ Նույնիսկ սանատորիայում, հիվանդների բուժման ծրագրերում, Մաոյի ուսումնասիրմանը գլխավոր տեղ է հատկացված։
Գիդը մեզ առաջնորդում է Նանկինի դամբարանը։ Շրջակայքում մի կես միլիոն մարդ կա հավաքված։ Նկատում են մեզ, աղմուկն ու աղաղակն ալիքվում է։ Խժդժոցի միջից արդեն հազար անգամ լսած բառերն ենք առանձնացնում. «Մաոն արև է», «Ամենակարմիր արևը», «Մաոն մարքսիզմ-լենինիզմի գագաթն է», «Մենք ձեր աղիքները կքաշենք դուրս», «Ձեր դիակները կայրենք, փոշին քամուն կտանք»… Հոգնել ենք արդեն լսելուց, իսկ խունվեյբինները զարմանալիորեն չեն հոգնում: Մտնում ենք դամբարան, դուրս գալիս՝ ավտոբուսը չկա: Անհանգստանում ենք. ամեն ինչ հնարավոր է և ոչինչ՝ անսպասելի։ Ապա Նոնան նկատում է, որ ավտոբուսը հենց իր տեղում է, միայն թե՝ լոզունգներով ծածկված: Հրաժարվում ենք նստելուց, պահանջում ենք հակասովետական այդ լոզունգները պոկել ավտոբուսի վրայից։ Օ՜, պոկել, թող փորձի որևէ մեկը, դրա համար դատ է հասնում: Պահանջում ենք ավտոբուսը փոխել։ Երբեք, հենց այդ ավտոբուսը պետք է մեզ վերադարձնի Նանկին, այդպես է կես միլիոնանոց մոլորված կաթնակերների պահանջը։ Քայլում ենք, օղակը սեղմվում է. ավտոբուս պետք է նստենք։
— Հերն էլ անիծած,— ասում է Սոկոլը, — ավտոբուս նստելով հո չընդունեցի՞նք լոզունգ-հայհոյանքները, Մաոյի գաղափարները, նստենք։
Ավտոբուսը հասնում է Նանկին, պտտվում քաղաքի փողոցներով (հազիվ են «իշխանության» տակ առել մեզ, բաց թողնող չեն) և կանգնում ավտոգործարանի բակում։
Ժամանակակից սարքավորումներով կահավորված գործարան է։ Նկատում եմ, որ հաստոցները իրենց ծննդյան տեղն ու ժամանակն ապացուցող մակնիշներ են ունեցել, երևում են դատարկ տեղերը։
— Հաստոցներն ո՞ւմ արտադրությունն են,— հարցնում եմ մի բանվորի։ Սա աշխատանքով տարված՝ միամտացել է.
— Սովետական են,— պատասխանում է, ապա գլխի ընկնում, որ «սխալ» թույլ տվեց։ Հետո է հիշում, որ աշխատանքից առաջ կես ժամ Մաոյի գաղափարներն է ուսումնասիրում, ընդմիջմանը՝ ուսումնասիրում է, աշխատանքից հետո՝ դարձյալ կես ժամ ուսումնասիրում է, այդքանից հետո ուրիշ պատասխան պետք է տված լիներ։
— Մերն են,— չոր-չոր փոխում է խոսքը։
Չինաստանում բանվորներն աշխատանքից դուրս գալու, ինչպես նաև արձակուրդի իրավունք չունեն։ Հասկանալի է. նույնն է նաև Նանկինի ավտոգործարանում: Այստեղ բանվորների մեկ երրորդը ձևակերպված է որպես աշակերտ, չնայած նրանք 3-4 տարվա աշխատանքի փորձ ունեն։ Որակավորման ձգձգումը կապ ունի միայն աշխատավարձի հետ, աշակերտները 17 յուան են ստանում։ Իսկ ավտոգործարանի բանվորների միջին աշխատավարձը 40-45 յուան է։
Տպավորությունները գրելուց առաջ, երբ այս մասին պատմում էի մի ընկերոջ, նա յուանի արժողությունը պարզելու համար, չգիտեմ ինչու, այսպիսի հարց տվեց.
— Իսկ 40-45 յուանով քանի՞ կիլոգրամ միս կարելի է գնել։
Ես պատասխանեցի.
— 15-20 կիլոգրամ։
Նույն չափանիշով էլ թող ընթերցողը գաղափար կազմի մեկ յուանի գնողունակության մասին։
«Կանաչ՝ տարվա չորս եղանակներին» կոմունայից վերադառնալուց հետո, երկար ժամանակ տպավորություններից կտրվել չէի կարողանում։ Հիմնականում խոհերը պտտվում էին կոմունայի դիրեկտորի շուրջը։ Շատ անկեղծ և շիտակ մարդ էր. այդ խժդժոցի մեջ փորձում է պահել ինքնուրույնությունը։ Երբ ջրամբարի մոտ էինք, հիշեց, որ գարնան անձրևների ժամանակ ճաքեց, վերանորոգեցին, ահագին դժվար գործ էր։
— Ինչպե՞ս կարողացաք վերանորոգել,— մեր գիդը ինչ-որ բան է հուշում կոմունայի դիրեկտորին, իսկ սա գլխի չի ընկնում:
— Աշխատեցինք,— հանգիստ պատասխանում է։
— Բացի աշխատանքի՞ց,— գիդի տոնը չոր է, պահանջող, և դիրեկտորը հասկանում է ամեն ինչ։
— Հա՜, — ասում է շփոթված,— մենք ուսումնասիրեցինք Մաո Ցզե-դունի գաղափարները, և դա՛ օգնեց ջրամբարի վերանորոգմանը։
Վերջում, երբ հրաժեշտ էինք տվել նրան, նստել ավտոբուս, մեկը նրա թևից բռնած ներս բերեց։ Դիրեկտորն ուզեց ժպտալ իր սովորական ժպիտով, հետո ժպիտը ծամածռվեց և հենց ծամածռված դեմքով էլ սկսեց.
— Մեր կոմունայի հաջողությունը նախագահ Մաոյի գաղափարների ուսումնասիրության մեջ է,— ասաց և լռեց։ Կողքինը սեղմեց թևը, թե շարունակիր,— մենք ճիշտ ճանապարհով ենք գնում, իսկ դուք,— դժվարացավ բառ գտնել, բայց պարտավոր էր. պահանջում էին,— իսկ դուք բռնել եք կապիտալիզմի ուղին։ Դուք…,— լռեց։
Կոմունայի դիրեկտորի հրաժեշտի խոսքը չբավարարեց կողքինին, և կիսատ թողածը նա շարունակեց ու մեծ հաջողությամբ, իսկ դիրեկտորը քրտնել էր և ուզում էր պահ առաջ դուրս գալ ավտոբուսից։
Չինական հողում շրջագայելու վերջին օրն է։ Վերադառնում ենք չինական կայսրերի ամառային պալատից: Խմբի անդամներից ամեն մեկս զգում ենք, որ բավականին պարտքի տակ ենք. շատ են հայհոյել մեզ, և ամեն մեկս ցանկություն ունենք մի քիչ թեթևանալու այդ բեռից՝ թեկուզ կատակի տալով, թեկուզ տեղին ասված մի բառով:
— Վանյա, — մեր գիդի անունը Վան է, դեռ երկու ուրիշ մասնիկ էլ հետը, իսկ Նիկոլայը այդպես է դիմում նրան։ Գիդը վիրավորվում է, պահանջում երկրորդ անգամ այդպես չկոչել իրեն, Նիկոլայը չի ենթարկվում,— Վանյա, մի բան հարցնեմ, վերջիվերջո, մենք ձեր բարեկամներն ե՞նք, թե՞ չէ:
Հարցը շատ ուղիղ է տրված, և Վանը անմիջապես չի պատասխանում, երևի այդ հարցի կոնկրետ պատասխանն էլ չեն դրել մարդու գրպանում։ Փորձում է չլսելու տալ, իսկ Նիկոլայը պոկ չի գալիս։ Վերջապես Վանը կմկմում է.
— Դուք ավելի լավ դիտեք, մեր բարեկամն եք, թե ոչ։
— Ուրեմն՝ բարեկամներ ենք. շատ լավ է, այդ դեպքում ինչու ձեր երկիրը զբոսաշրջիկ եկած բոլորին կարմիր ժապավեն եք տվել՝ «Չինաստանի արտասահմանցի բարեկամ» մակագրությամբ, իսկ մեզ՝ ոչ։
Վանը փորձում է շրջանցել.
— Այդ ժապավեններից տալիս ենք միայն իմպերիալիստական երկրներից եկածներին։
— Իսկ Բուլղարիան երբվանի՞ց է դարձել իմպերիալիստական,— հասկացնում եմ, որ ճիշտ չես խոսում, Վան։ Սա ճպճպացնում է աչքերը և փորձում ինչ-որ բան կոտրել վրաս։
— Հա՞, ուրեմն Դուք Բուլղարիան համարում եք իմպերիալիստական։
Ես նորից կրկնում եմ ասածս, իսկ նա նորից բառերը շուռ է տալիս։
— Շատ լա՜վ,— ասում է,— Ձեր ասածի միտքը կպարզենք,— դեռ հույսը չի կտրել, որ մի բան, այնուամենայնիվ, կարող է կպցնել խմբին, խմբի անդամներից մեկն ու մեկին։ Իսկ ես չեմ ուզում խորացնել։
— Պին,— ասում եմ,— չինարեն ինչպե՞ս կլինի՝ աղջի, քեզ սիրում եմ։
— Գիտեք, Դուք մեզ շատ եք վիրավորում,— մյուս կողմից էլ Պինն է հարձակման անցնում,— մեզ մոտ ընդհանրապես սեր չկա, կա միայն դասակարգային սեր, հասկանալի՞ է։ Ռևիզիոնիզմը ձեզ թույլ չի տալիս ճշմարտությունը հասկանալու։
— Հասկանալի է,— պատասխանում եմ հաշտ, բայց դա էլ չի օգնում, գիդը պահանջում է, որ ես բացատրեմ, թե Բուլղարիան ինչու է իմպերիալիստական, թարգմանիչը՝ հա՜ կրկնում է, որ ես ընդհանրապես շատ եմ վիրավորում իրենց, պատասխան պիտի տամ դրա համար։ Երկուսով բռնում են փողպատս, պարզապես ազատում չկա։ Խումբը մի քիչ առաջ է անցել, ձորակի մյուս ափին է և գուցե դրա համար է Պինը կոպտորեն քաշում թևս։ Չեմ համբերում, քաշում, երկուսին կպցնում եմ իրար, հրում մի կողմ, քայլերս արագացնում և միանում եմ խմբին։

ԶՐՈՒՅՑԸ ՉՇԱՐՈՒՆԱԿՎԵՑ

Նորից սահմանամերձ Մանջուրիայում ենք, որտեղից պետք է նստենք գնացք։
Այդ օրը, երբ առաջին անգամ ոտք դրեցինք չինական հողը, արտասահմանյան զբոսաշրջիկների Լու Սին-Շենի բյուրոյի ներկայացուցիչները մոտ երեք ժամ մեզ պահեցին, այսպես ասած, «կարանտինայի» մեջ. երկար ու բարակ քարոզում էին Մաո Ցզե-դունի «գաղափարները» և այն Չինաստանով մեկ արմատավորող խունվեյբինների «կուլտուրական հեղափոխության» գովքն էին անում։
Երկար կշարունակեին «մշակել» մեզ, եթե չընդհատեինք.
— Պայմանավորվենք՝ այս զրույցը շարունակել հայրենիք վերադառնալու օրը։
Ահա և այդ օրը։ Նորից Մանջուրիայում ենք։ Մինչև գնացքի մեկնելը բավականին ժամանակ կա, չորս-հինգ ժամ։ Սպասում ենք, որ արտասահմանյան զբոսաշրջիկները, Լու Սին-Շենի բյուրոյի ներկայացուցիչները կհիշեն պայմանավորվածությունը, և կհրավիրեն զրույցի։ Բայց մենք սխալվում էինք, կիսատ մնացած զրույցն այդպես էլ չշարունակվեց։ Հասկացել էին, որ միտք չունի իզուր տեղը քարոզ կարդալ այնպիսիներին, որոնք ամեն ինչ տեսել ու լսել են սեփական աչք ու ականջով, ամեն ինչ դրել նժարի վրա ու ցավով նկատել, որ կշռաքարով նժարը միշտ էլ մնում է անշարժ։

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով