Երվանդ Վարդանյան. Փախուստ ցամաքից

«Գարուն», 2016, 3
Նավահանգիստը ատրճանակի փողի պես մտել էր քաղաքի ճարպոտ բերանը, ալիքների առատությունը կարծես զգուշացնում էր մոտալուտ կրակոցի մասին, սակայն քաղաքը բանի տեղ չէր դնում ու ծծելով անցորդների ոտնաձայները՝ ջազ էր նվագում աներևույթ ստեղների վրա: Այդ հնչյունները լսելու համար մարդ պետք է լիներ նրանից բավականին հեռու, անեզր ջրերի մեջ, որտեղ հազիվ էր նշմարվում ափի չնչին եզրագիծը: Նավի ու քաղաքի միջև կապը նման է համբույրի, որը սկսվելով տաք շնչառությունից` ավարտվում է ինչ-որ պարտադրողական ներքին մղումով, այլապես համբույրը կտևեր հավերժ, իսկ նավը դուրս չէր գա նավահանգստից:
Նավ նստելն ու դուրս գալը նման է այլափոխման: Իզուր չէ, որ գալիլեացի հյուսնը շատ էր սիրում նավով զբոսանքները և քարոզ կարդում էր նավից: Այստեղ մի հետաքրքիր խորհրուրդ է թաքնված՝ մտքերդ նավի վրա ստանում են նրբերագներ, որոնք երբեք չէին նկատվի ցամաքում: Ելնելով տախտակամած` այլ հարթության մեջ ես հայտնվում: Մարդիկ շարունակում են քայլել իրենց քաղաքներում, փնտրում են աշխատանք ու բախտ, իսկ դու տախտակամածին ես` հայացքդ սլաքի պես ուղղած հազիվ նշմարվող քարակույտերին, որտեղ գուցե ցուցադրվում են Մատիսի նկարները` ոսկեփեղկ շրջանակի մեջ, և աճուրդ իրականացնողը մուրճով հաստատում է ամենաբարձր գինը: Նավն այն կղզին է, որ թքած ունի, թե ինչ-որ մեկը կարող է կասկածել իր մենությանը, նա անընդհատ ջրի վրա է, իսկ խորտակվում է միայն այն ժամանակ, երբ թողնում է, որ ջրերը մտնեն ներս:
Նավը կախարդական տարածություն է՝ լցված փոփոխության ձգտումով: Ծովի ժողովուրդները փոխեցին մարդկության ընթացքը: Միտքը փայտե տարածության վրա առաջին անգամ հասկացավ, որ ցամաքներ ոչ միայն կարելի է գրավել, այլև ստեղծել (գուցե դրա մասին էր ակնարկում Հիսուսը, երբ քայլում էր ծովի վրայով): Ցամաքային քաղաքակրթությունների մտքով երբեք չէր անցել, որ առանց կռվի կարելի է նոր հողեր գրավել, ինչպես որ նախամարդու միտքը չէր ըմբռնել, որ հանքաքարը հալեցնելով կարելի է երկաթ ստանալ: Արևելքն ու Արևմուտքը նույնպես մրցում են նավերով. նրանց աշխարհահայացքների տարբերությունը կարելի է տեսնել նրանց միֆականացված նավերում: Արևմուտքն իր ողջ փորձը հավաքում և բերում է իր նավահանգիստ՝ Ոդիսևսի ձեռամբ, իսկ Արևելքն անընդհատ տարածվում է` կենտրոնը տեղափոխելով իր հետ, ինչպես` Սինդբադը: Եթե մի դեպքում Իթակեն բաղձալի նպատակ` վերջնական հանգրվան է, ապա մյուս դեպքում Բաղդադը՝ խաղաղության օթևան է, ուր հանգստանում է ծովագնացի հոգին ու նորից ձգտում դուրս` դեպի անհանգիստ աշխարհ: Մի դեպքում մարդը ձեռնոց է նետում աստվածներին, մյուսում Ալլահի կամքին է հանձնվում, ինչպես խատուտիկը` քամուն: Երկու տեսակների անվերջանալի պայքարն է սա, գիտակցության ու ընկալումների անվերջանալի բախում, մարգարեների ու փիլիսոփաների կռիվ…
Սինդբադի և Ոդիսևսի բախումն անխուսափելի էր. նրանց ուղիներն անընդհատ հատվում էին աշխարհի տարբեր նեղուցներում: Մի օր նրանք հանդիպեցին երկու ցամաքների արանքում: Խորամանկ Ոդիսևսը առաջարկեց, իբրև բարեկամության նշան, փոխանակվել նավերով, Սինդբադը համաձայնեց և երբ փորձեց բարձրացնել հունական նավի խարիսխը, չկարողացավ (Ոդիսևսը խարիսխը տեղավորել էր ծովային ժայռերի արանքում): Իսկ Ոդիսևսը հակառակը` սարսափով նկատեց, որ Արևելքի նավը խարիսխ չունի: Որոշեց ետ դառնալ, վերցնել իրենը, բայց երբ մոտեցավ իր առաջվա նավին, տեսավ, որ նրա տեղում գոյացել են հարյուրավոր փոքրիկ լաստանավեր, որոնք փորձում են անցնել ջրանցքը…
Դու կանգնած ես այն խցում, որտեղից ծնվել է միֆը` ամենահզոր զենքը, որ վաղեմության ժամկետ չունի, որը բոլոր ժամանակներում հաղթանակի ամենամեծ գրավականերից է եղել: Ցանկացած իրավիճակում հաղթում է միֆը. մարդկային գիտակցությունը, որը դեռ չի պոկվել նախնադարյան հիմքերից՝ ջերմեռանդորեն սրտին մոտիկ է ընդունում ցանկացած առասպել: Հարյուրամյա պատերազմում շարունակում են հաղթել ֆրանսիացիները: Ինչո՞ւ: Քանզի նրանց հաջողվեց միֆ ստեղծել, միֆ` Ժաննա դ՚Արկի մասին….
Էդմոն Դանտեսի խցում կանգնած` մանկությունը մուրճով խփում է գլխիդ ու ջարդուփշուր գանգիցդ դուրս են հորդում երևակայության կարծրացած հիմքերը՝ պարուրելով Իֆ ամրոցը` Թյորների կտավներից պոկված խորհրդավորության շղարշով, իսկ հեռվում քաղաքն է` Մարսելը, ուր ծնված հանճարեղ դրամատուրգ Անտոնեն Արտոյի մասին ոչ ոք չի հիշում, ուր փողոցների մայթերին արաբները մրգեր են վաճառում, ուր Փղոսկրի Ափից եկած երիտասարդներն «Իզմիր» սրճարանում անանուխով թեյ են խմում, խոսում եղանակի մասին` երկարավուն մատները վերև-ներքև անելով հյուսածո արաբեսկների վրա: Այս ամենի մեջ իհարկե կա խորհրդավորություն, Արտոյի ծնողները Իզմիրից եկած հույներ չէի՞ն…
Երբ հույն ծովագնացներն առաջին անգամ ափ իջան այս քաղաքի տեղում, նրանցից մեկը թքեց դեղնագորշ հողի վրա, նայեց ընկերոջն ու հարցրեց.
— Ի՞նչ ես կարծում, կարելի՞ է այստեղ գիշերել:
Գիշերն են ծնվում երազները, իսկ երազը միֆին մոտենալու ամենակարճ ճանապարհն է …
Հույն ծովագնացները քնած են այնտեղ, որտեղ այժմ քաղաքի պատմական կենտրոնն է: Նրանց երազները պտտվում են սևամորթ երիտասարդի սուրճի բաժակում, ապա տարածվում քաղաքի արյունատար համակարգում և չկարողանալով այլևս դուրս գալ նրա միջից՝ բանտարկվում են փողոցում քայլողի տեսողության մեջ, ստիպում իրականությունը տեսնել մթության մեջ, որտեղ չկա առարկայացման կարիք, որտեղ բոլոր ճանապարհները բերում են դեպի ինքդ քեզ, և զգում ես այն մետաֆիզիկական բացթողումը, որ միայն կույրերին է հասու: Ասում են` Քաղաքը ոմանց Հոմերոս է դարձնում, հանում է աչքերդ ու տեղավորվում դատարկ խոռոչներիդ մեջ, ստիպում գրել` խոստանալով, որ գրելուց հետո կվերադարձնի տեսողությունդ: Երբ Հոմերոսը սկսում է գրել պատմությունը գրականության միջոցով, հասկանում է, որ բոլոր ճանապարհները բերում են դեպի կուրություն, և հրաժարվում է քաղաքի տված տեսողությունից, քանզի ավելի լավ է համարում տեսնել քաղաքը մթության մեջ, քան` մթությունը նրանում:
Հնում պատմությունը գրականությունից չի տարանջատվել, երևի այն ժամանակներում բոլորը գիտակցում էին, որ ամեն ինչ հորինված է, որ գրել ինչ-որ բանի պատմություն, նույնն է, թե հորինել այն: Պատմիչը պետք է ուղղորդեր հասարակությանը, պետք է ցույց տար, թե ինչ վտանգներ են կանգնած նրա առաջ, իր անձական ապրումները մտցներ տեքստ, այսինքն, զոհելով գրելիքի տրամաբանական կառուցվածքը՝ կենդանացներ մի նոր հարթություն, որտեղ ճշմարտությունն ու հորինվածքը զբաղվում են սիրով, ճանկռում են իրար, ծծում են մեկը մյուսի արյունը, մինչև նրանցից մեկը մահանա, կլանվի մյուսի կողմից, ինչպես էգ աղոթարարն է սեռական ակտի ժամանակ ուտում որձի գլուխը, որպեսզի վերջինս կարողանա հասնել օրգազմի ու դուրս հեղել իր սերմը նրա արգանդում, որտեղ պետք է հասունանա մեռածի վերջին ցանկությունը: Առասպելը երբեք չի մահանում, հասնում է հաճույքի վերին աստիճանին ու պայթում` սփռելով իր սերմնաբջիջները մարդկային գիտակցության մեջ…
Վանդալներն ավերեցին Հռոմը, քանզի բոլոր ճանապարհները տանում էին այնտեղ, քանզի այդ քաղաքը մոռացել էր աչքերը փակելու մասին, և մշտապես արթուն մնալով՝ դադարել էր երազներ տեսնելուց: Բարբարոսները գրավեցին երկրի կենտրոնը՝ պատրանքներին կուրորեն հավատալու շնորհիվ: Նրանք փշրեցին մարմարե արձանները ոչ թե հաճույքի համար, այլ որովհետև չկամեցան նայել աշխարհին ուրիշի տեսողությամբ…

Տեսողությունս կորցրած քայլում եմ բանանահոտ փողոցներով, գիտակցությունս թողած խցում՝ բիբով հավաքում եմ ցաքուցրիվ պատկերները, դատարկում դրանք թուրքական սուրճի մեջ, թաքուն լիզում դեկորատիվ անուշը: Փողոցը վերանում է, շուրջբոլորս ընդհատված հիշողություներ են, զգում եմ` ինչպես է մարմինս ձևափոխվում, ներկայությունս դարձնելով միֆական: Մարդիկ ուշադրություն չեն դարձնում իմ կերպարանափոխությանը: Նրանք դադարել են զարմանալուց: Սա Հիմերայի վերջնական հաղթանակն է իրականության հանդեպ:
Օգտվելով նրանց անուշադրությունից` ես դառնում եմ դու, որովհետև ես դու եմ, քանզի քո մասին ես ոչինչ չգիտեմ, ինչպես և դու` իմ: Ու մեր չիմացությունը նույնն է, ինչպես սայրը գիլեոտինի կամ կախաղանի պարանը, որ հավերժ մեր վզից կախված կմնա, ու երբ մարմիները մեր կփակվեն տակառում, ես կդառնամ դու, իսկ դու` ես. տարբերություն չկա լինելու ու չլինելու միջև…
Դու մեկն ես, ով քայլում է հավերժական սառույցների վրայով կամ մարմինն է վաճառում Բոմբեյի կեղտոտ արվարձաներից մեկում, իսկ ես, այսինքն` նա (քանզի նա նույնպես ես եմ) փորձում եմ դուրս գալ վերելակից, որն անընդհատ վերև է բարձանում, կամ գուցե` նե՞րքև: Իսկ ո՞վ կարող է այդ հարցին պատասխանել, երբ արթնացել է այստեղ ու շարունակում է կարդալ քարոզը` կանգնած ափին մոտեցող նավի դիմամասին, որտեղից պարզ երևում է տախտակամածի վրա այս ու այն կողմ անող մարդկանց գորշասպիտակ զանգվածը` հաստատակամորեն սպասող հրաշքի: Սակայն ձկնորսական նավակը ոչինչ չի բերում իր հետ, գուցե միայն մի անծանոթ հիվանդություն, ինչպես երեք դար առաջ Լևանտից եկած առևտրական նավը, որն իր հետ բերեց ժանտախտի համաճարակը: Վերջինը ֆրանսիայի տարածքում…
Մարդկային պատմությունը սկսվում է առևտրից: Դանտեսի առասպելը նույնպես խելացի կազմակերպված առևտրի արդյունք չէ՞ միթե:
Այն, որ ծովային ամրոցում ոչ մի իրական հերոս էլ չի ապրել, այլևս ոչ ոքի չի էլ հետաքրքրում: Մարդկային զանգվածը տարերայնորեն շարժվում է դեպի առասպել, որում երբևէ գոյություն չունեցած պատմության պատճենը սպասում է հետաքրքրասեր աչքերի: Նրան այլևս անհնար է կանգնեցնել, ձնալավայի պես մարդկությունը փնտրում է այն առասպելական անդունդը, որտեղ հոգիները հեշտությամբ կլքեն մարմիների ծանրությունը, որում նրանք գոնե մի ակնթարթ կմոռանան իրականության ներկայությունը ու աճպարարի հնարքից զարմացած երեխայի նման կհայեն իրականությանը հեքիաթային մոռացությամբ…
Նավից իջնելով՝ փորձում եմ պատմել հավաքվածներին այն ամենը, որ տեսա ու զգացի, բացատրել, որ իրականությունը վաղուց կեղծված է, և որ մարդկությունը հիշողությունը կորցրած ծերունու պես չհիշելով իր ապրած կյանքը` փորձում է հասկանալ իր ծերության պատճառը: Սակայն նրանք ոչինչ չեն ուզում լսել: Ինձ հրում են մի կողմ ու ափին հավաքված` նրանք սպասում են հրաշքի: Ասում են, որ շուտով գալու է (երևի շուտով փոքրիկ ձկնորսական նավակներից ձկնորսները թարմ ձուկ պիտի բերեն` նավահանգստում վաճառելու համար): Շարժվում եմ առաջ, խոսում ժամանակի ու տարածության մասին, քերում եմ իրականությունը խեղելու մոլուցքով տարված ճանապարհի կեղևը, որի տակ թաքնվում են անցյալի վաճառակաները, ովքեր ծախելով իրականությունը՝ ինքնակամ հանձնվել են մոռացության, Ատլանտի պես իրենց ուսերի վրա պահելով քաղաքակրթությունների պատանեկան երազախաբությունը…
Առավոտյան հույն ծովագնացները սկսում են արթնանալ: Նրանցից մեկը շտապում է բարձրանալ դեղնականաչավուն ծովաջրի վրա երեկ խարիսխ գցած տրիեր՝ ուտելիք ու գինի իջեցնելու համար: Թմբի հետևից լսվում է նրա գոռոցը: Նա ասում է, որ նավն անհետացել է: Նրանք ընդմիշտ բանտարկված են ու ստիպված են կառուցել տներ, գտնել կանանց, մոռանալ ծովային անարխիզմը, փոխարինելով այն հողի ծանրությանը համապատասխան մի նոր բանով, ապա ստեղծել բնակավայր: Այսինքն` ոչինչը դարձնել ինչ-որ բան, ստեղծել է այսօրվա իրականությունը` ալժիրյան այս թեյարանն ու ափի մոտ պտտվող սատանայի անիվը, որ շերեփի պես անդադար խառնում է անտիկ տեսողությունը: Այն չի թողնելում փակել հոգնած կոպերը, որոնց արանքում լայնացած բիբերը հետևում են միջնաբերդ բերող գլխավոր ճանապարհներին…
Բոլոր ճամփաները տանում են դեպի քո տան ժամացույցը, որի սլաքները անվերջորեն կրկնում են Զենոնի պարադոքսը, ու տեսողությունից միշտ փախչում է այն կետը, որում հատվում է վայրկյանը հավերժության հետ՝ ստիպելով քեզ մտածել …
Մտածել մահվան մասին… Ինչպե՜ս կուզեի… Բոհումիլ Հրաբալի պես աղավնիներին կեր տալիս սայթաքել ու ընկնել պատուհանից, զգալ թե ինչպես են սառչող ափիդ մեջ ժողովվում աղավնիների կտուցները, որոնց կտցահարումը գնալով թուլանում է, ու հիշել այն վերջին ծակոցը, որը կուղեկցի քեզ դեպի կուրություն…
Իսկ ինչպե՞ս է մահանում մշակույթը… երբ գետերը ցամաքու՞մ են կամ հրաբուխը ծածկում է քաղա՞քը: Մեր օրերում մշակույթը մահանում է Հրաբալի պես, պատահական, ինքն իրեն դուրս է գցում պատուհաններից` փորձելով իր վերջին փշրանքները բաժանել պատուհանից ներս մտնելուց վախեցող սոված աղավնիներին, որոնք գուցե վաղը կմեռնեն ցրտից…
Իսկ քաղաքն աստիճանաբար կորչում է թանձրացող մթության քողի տակ՝ իր բեմի վրա թողնելով հատուկենտ մարդկանց, որոնք իրենց չդադարող հսկումն են անում այս չամայացող բեմի վրա, որտեղ շարունակվում է Արտոյի բեմադրությունը` իր մեջ խտացնելով անցորդների մտածումները: Սրանք ներկում են քաղաքը` հասնելով մինչև ամրոցի պարիսպներին, ապա նորից հետ են քաշվում, հասկանալով, որ միջնաբերդն անմատչելի է, և այն գրավելու միակ ելքը չտեսնելու տալն է: Միջնաբերդերի կործանումը միշտ էլ սկսվել է ներսից, ինչպես որ մարդն է կորցնում գիտակցությունը` իր ներսում կատարվող իրադարձությունների պատճառով, սակայն կան բախտավոր միջնաբերդեր, որոնք հենված են ջրերին և մահից առաջ կարողանում են իրենց գանձարանները պահ տալ ծովին՝ հավերժացնելով իրենց գոյությունը…
Դրամատուրգի գոյությունը անտեսանելի է, երբեք էլ առասպել չի դառնա այս քաղաքի համար: Ինը տարի հոգեբուժարանում անցկացնելուց հետո Արտոն դուրս կգա, ու կտեսնի իրեն կանգնած նույն տեղում, իր ձախողված ներկայացման դիմաց, հետո կմեռնի: Սևամորթ երիտասարդը` գուցե այս քաղաքի վերջին պայծառատեսը, Սատանայի անիվից հետևում է հերթական հոսանքին: Մարդիկ սպասում են մոտեցող մոտորանավակին կղզի հասնելու հույսով: Նրանց կողքի սրճարանները խլացնում են ալիքների ձայնը: Սևամորթը ժպտում է: Նրա` լեմուրի կլոր աչքերը` լցված նախնադարյան պարզությամբ, Սահարայի պես կլանում են շրջակայքը, Եվրոպան պտտվում է նրա տեսողության մեջ, ինչպես գդալը թեյի բաժակում: Հայացքը տիրական է (երևի այսպիսի հաղթական հայացքով է նայել Կյուրոսը Բաբելոնին, Ալեքսանդրը` Պերսեպոլիսին, Մեհմեդը` Պոլսին): Նա նայում է դեմքիս, շարժում հաստ շութերը. «Դեռ գլխի չեն ընկնում, որ Դանտեսը նրանց բոլորի թշնամին է, որ շուտով բոլորը պետք է պատասխան տան նրան բանտարկելու համար, և որ նա վաղուց ազատության մեջ է, ու թաքնված իր ապարանքում`գծում է նրանց պատժելու ամենադաժան եղանակները»…
Եղանակը միջնաբերդում ոչ ոքի չի հետաքրքրում: Այստեղ բոլորը մտածում են պաշարը խնամքով ծախսելու ու հարձակումներին դիմակայելու մասին: Նայում եմ դիտարանից: Ոչինչ չի երևում: Մառախուղը ծածկել է շրջակայքը: Վախն աստիճանաբար տարածվում է պարիսպներից ներս` օրեցօր ավելի սաստկանալով: Ոչ ոք այլևս չի հավատում փրկությանը: Մառախուղն ամենուր է: Ոչ ոք չի կարողանում բացատրել, թե ինչ է կատարվում: Երևի հենց այսպիսի պահերին են ծնվում մարգարեները, երբ սպառվում է պարենն ու ամպամշուշը լցվում է դռներից ներս: Ինչևէ, ես չափազանց ծարավ եմ միջնաբերդում գոյությունս պահպանելու համար: Ժամանակն է դուրս գալ ամրոցի լաբիրինթոսից` նետվել ծովը, հանձնվելով ալիքների հարահոս կամքին: Գուցե արթանամ մի նոր ափում, որտեղ դեռ չի սկսվել ժամանակը, որտեղ Արևմուտքն ու Արևելքը դեռ չեն հասցրել որոշել, թե որ կողմից է ծագելու արևը…

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով