Հովհաննես Մարտիրոսյան. Փառքի նախերգանքը

«Գարուն», 1967, № 3

Կիսլավոդսկի քաղաքային ստադիոնի դարպասի մոտ հավաքված 10-14 տարեկան տղաները երկյուղածությամբ նայում էին մարզվողներին: Ստադիոնի պահակը թույլ չէր տալիս նրանց անգամ դարպասին մոտենալ:
— Ձեզանից ո՞վ կգնա խանութ:
Բազմաթիվ ձեռքեր մեկնվեցին, իսկ մեկը, որը բոլորից երկարն էր, արագորեն որսաց դրամը: Նա քիչ հետո պիտի արժանանար ստադիոն մուտք գործելու պատվին: Այդ օրը 14-ամյա պատանին առաջին անգամ ոտք դրեց մարզադաշտ, առաջին անգամ հարվածեց իսկական կաշվե գնդակին և զարմացրեց մարզվող ֆուտբոլիստներին՝ շատ էր շեշտակի և ուժգին նրա հարվածը:
— Էգուց պարապմունքի կգաս,— ասին ու ավելացրին,— չմոռանաս:
Եկավ, մոռանալ չէր կարող:
Սակայն… Երբ անցնում էր ծանրորդների դահլիճի կողքից, չգիտես ինչու, այնտեղից հնչող երկաթյա մեղեդին կտրում էր դեմը, և նրա երկար ու ամուր ոտքերն ակամա շեղվում էին ֆուտբոլի դաշտ տանող ճանապարհից: Մի օր էլ նա վերջնականապես փոխեց ճանապարհը: 20-ամյա երիտասարդի մուտքը դահլիճ ոչ մեկի ուշադրությունը չգրավեց: Թող այդպես լինի: Բայց պարապմունքից պարապմունք մետաղը նրա ձեռքերի մեջ ջերմանում էր, դառնում հնազանդ: Աչքերում խորհրդավոր կայծեր էին բռնկվում, երբ մատները գրկում էին մետաղյա ձողը: Իսկ այդ կայծերը աննկատ մնալ չէր կարող մարզիչի աչքերից: Նա զգում էր, որ հսկա է ծնվում:
1932 թվականին 22-ամյա երիտասարդը սովորեց բարձրանալ պատվո պատվանդանի աստիճաններով և, ի զարմանս բոլոր նրանց, ովքեր թերահավատությամբ էին նայում նրա բարձր հասակին և գտնում, որ ավելի շուտ թեթև ատլետ է, քան ծանրորդ, նա չկանգնեց երկրորդ կամ երրորդ աստիճանին, բարձրացավ ավելի վեր:
Մի տարի հետո երկրի ծանրության բարձրացման առաջնությանն էր Մինսկում, երիտասարդ մարդիկի առաջին համամիութենական մրցումը: Դահլիճը լեփ-լեցուն էր մարդասերներով, որոնք ջերմորեն էին դիմավորում արդեն ճանաչված մարզիկներին: Եվ մինչև մրցահարթակ դուրս գալը, մարզիչն ու իր սանը նորից զգացին, որ թերահա-վատությունը ամեն տեղ ունի նույն դեմքը: Զգացին և ժպտացին` առաջինը վստահ, իսկ երկրորդը` մի անծանոթ հուզմունքով, որը իրեն զգացնել տվեց նաև պատվո պատվանդանի առաջին աստիճանին կանգնելիս, փոխված` հաղթողի հուզմունքի: Թերահավատությունը մարզասրահում սղվեց, դարձավ հավատ, որպեսզի մեկ տարի հետո դառնար համոզմունք:
Երկրի ծանրության բարձրացման նվիրական ցուցանիշները, որոնք երազանք էին յուրաքանչյուր մարզիկի համար, ճոճվում էին, ինչպես աշնանային հասած մրգերը վար ընկնելուց առաջ: Հողագնդով քայլում էին երկու հսկա: Մեկի գոյությունը արդեն հայտնի էր բոլորին, իսկ մյուսը նոր պետք է խոսեր, և խոսեր այնպես համարձակ, որ հասած միրգը վար ընկներ, որ ցնցվեր երկրագունդը: Իսկ դրա համար անհրաժեշտ էր, որպեսզի բոլորեր տարին, իսկ համամիութենական բարձրագույն ցուցանիշը գլխահակ հեռանար դահլիճից, տեղը զիջելով նորին: Պիտի բոլորեր տարին, պիտի հայտնվեր մի նոր ցուցանիշ, շփոթության մեջ գցեր բոլորին, բայց ոչ նրան, ով դուռը պիտի բացեր նրա առջև: Պիտի գար նոր ցուցանիշ-այցելուն և կոչվեր համաշխարհային բարձրագույն ցուցանիշ:
Գիտեմ, այդ պահին երկրագունդը չշեղվեց իր ուղեծրից, բայց սպորտասեր հասարակայնության ուշադրությունը շեղվեց: Նոր աստղ բռնկվեց ծանր ատլետիկայի երկնակամարում, որն, իր երկրի անաղարտ կարմրին ձուլելով աննախընթաց փառքի ճաճանչը, ավելի ընդգծեց իր սնուցման հզոր աղբյուրը: Աշխարհն ակամա կրկնեց այդ անունը, և երիտասարդ «հարցականը» դարձավ հայկական դյուցազն Սերգո Համբարձումյան:
Մի երեկոյում նշանավոր երեք դյուցազուններ ծնկի եկան նրա առաջ: Նախ` մեկ ձեռքով «պոկեց» գերմանացի Ռեսսին պատկանող բարձրագույն ցուցանիշը, այն դարձնելով 95.8 կգ.: Ապա պոկում երկու ձեռքով ձևում առաջ անցավ եգիպտացի Նոսս-Պերիից, հնազանդեցնելով 127,5 կգ ծանրաձողը: Եվ աջ ձեռքով անվարան հրեց 115,5 կգ ծանրությունը, ետևում թողնելով շվեյցարացի Խյուննենբերգին: Իսկ հնգամարտի գումարն այնպիսին էր, որ կերազեին աշխարհի բոլոր հսկաները` 571 կիլոգրամ էր: «Ռուսական առյուծ» Հակկենտ Շմիդտը իրավամբ կարող էր նախանձել նրան, և դա միայն այն պատճառով, որ փառաբանված դյուցազնը, որը իր ժամանակին համարվում էր աշխարհի ուժեղագույն մարզիկը, երբեք չէր հասել այդպիսի արդյունքի և փառքի:
Այդպիսի հաջողություններին հաճախ հաջորդում է մի շրջան, որը կոչվում է գլխապտույտ: Ասում են. փառքի գովերգումը ներարկվում է մեծ դոզայով և եթե օրգանիզմը ի վիճակի չլինի ընդունելու այն… Ո’չ, դա հայկական դյուցազնի մասին չէր ասված:
Եվ հաջորդ բարձունքը, որը հայտնվեց նրա ճանապարհին, արտասահմանյան ուղևորությունն էր: Եվրոպան անհամբեր սպասում էր հայկական դյուցազնին: Մամուլը խոշոր տառերով հայտարարում էր աշխարհի ուժեղագույն մարդու այցը Փարիզ: Եվ մամուլը խոշոր տառերով ազդարարեց նաև նրա հաղթանակը: Նա պահել էր իր անունը, իր հայրենիքի պատիվը: Եվ հայրենիքը արժանվույն հատուցեց իր զավակին, նրան արժանացնելով «Պատվո նշան» շքանշանի:
Նա առաջին սովետական մարզիկն էր, որը դարձավ պետական շքանշանակիր:
1937 թ. երկրի առաջնությունը տեղի ունեցավ Թբիլիսիում: Իսկ Սերգոն երկմտանքի մեջ էր գցել իր երկրպագուներին… Հիվանդ էր: Հիվանդությունը հիվանդություն, բայց հանրապետության պատիվը պետք էր պաշտպանել ամեն գնով: Չէ՞ որ թիմը առանց իր ոգու չէր կարող լուրջ հաջողության հասնել: Հանուն կոլեկտիվի հաջող ելույթի, մրցասպարեզ մտնել էր պետք: Թբիլիսյան մրցահարթակը այս անգամ չտեսավ նրա հաղթական քայլերը դեպի պատվո պատվանդանի ամենաբարձր աստիճանը: Հիվանդությունից ընդարմացած ոտքերը կանգնեցին առաջին իսկ պատահած աստիճանին, և դա երրորդն էր: Սակայն աչքերը այլ բան էին ասում, երբ բարի ժպիտով նայում էին առաջին աստիճանին կանգնած նոր դյուցազնին՝ Յակով Կուցենկոյին: Այդ ժպիտում կարելի էր կարդալ մարտահրավեր և ավելի նուրբ մի բան, որը միայն իրեն էր հայտնի: Եվ երբ 1938 թ. կենտրոնական թերթերը սկսեցին խոսել նրա մասին, պարզ դարձավ, որ դյուցազնը պատրաստվում է վճռական մարտի՝ գրոհ համաշխարհային ցուցանիշի վրա:
Հոկտեմբերի 29-ը տոնական օր էր Կիևի համար. այդ օրը ուկրաինացի դյուցազն Կուցենկոն ֆիզկուլտուրնիկների պալատում ձեռնոց նետեց էստոնացի Լյուխերին, հրում երկու ձեռքով վարժությունում սահմանելով նոր համաշխարհային մրցանիշ՝ 168,2 կիլոգրամ: Նույն օրը տոն էր նաև Երևանում. Համբարձումյանը, անտեղյակ Կուցենկոյի հաջողությանը, նույնպես ձեռնոց նետեց Լյուխերին, հնազանդեցնելով նույն ծանրությունը, իսկ հնգամարտում առաջ անցավ Կուցենկոյից: Համաշխարհային բարձրագույն ցուցանիշը աշնան տերևի պես նորից դողում էր հսկաների հուժկու քայլերի ցնցումից, և ուր որ է, օրորվելով վայր կընկներ, բայց ո՞ւմ ոտքերի տակ` Համբարձումյանի՞, թե՞ Կուցենկոյի…
Եվ այն բանից հետո, երբ Կուցենկոն մեկ ամիս անց Տաշքենդից ազդանշան տվեց` բարձրացնելով 420 կգ, այդ պահին Երևանում արդեն ամեն ինչ վճռված էր:
Արևը սառած հայացքով նայում էր սուրացող գնացքի վագոններին, հոգնած ծամում սաստկացող ձմեռը և ձանձրույթից դեղնում: Գնացքում էր գտնվում Կուցենկոն` վերադառնում էր հայրենի տուն` Կիև: Եվ երբ Կիևի կառամատույցում Կուցենկոյին ջերմորեն ողջունում էին, Երևանում, Հայֆիլհարմոնիայի համերգային դահլիճում, Սերգո Համբարձումյանը վճռական գրոհի է դուրս եկել, որի արձագանքը մի քանի ժամ հետո հասնելու էր Կիև, տարածվելու էր երկրով մեկ, ապա աշխարհն էր կրկին ցնցվելու սպորտային սխրագործությունից: Ի վերջո, համաշխարհային մրցանիշը վայր ընկավ: Նոր մրցանիշը հավասար էր 433,55 կիլոգրամի. ամբողջ 8,55 կիլոգրամով ավելի, քան Մանգերի համաշխարհային նվագումը:
«Ջերմորեն ողջունում ենք Խորհրդային Հայաստանի դյուցազն Սերգո Համբարձումյանին, դասական եռամարտում համաշխարհային բացարձակ ցուցանիշի հասնելու համար և ցանկանում նորանոր հաջողություններ սպորտային ասպարեզում»:
Բայց սկսվեց երկրորդ աշխարհամարտը…
…Պատերազմի ավարտից մեկ տարի անց, 1946 թ., Փարիզում կայացավ աշխարհի առաջնության ետպատերազմյան առաջին պաշտոնական առաջնությունը: Եվ այն Փարիզը, որը մեկ անգամ արդեն խոնարհվել էր հայկական դյուցազնի ուժի առջև, կրկին խոնարհվեց, ընդունելով նրա մատուցած «նվերը», նոր համաշխարհային բարձրագույն ցուցանիշ պոկում մեկ ձեռքով վարժությունում, որը հավասար էր 100,8 կիլոգրամի:
Անցյալը անցյալ, բայց ոչ ոք մոռանալ չի կարող, երբ ոչ միայն հաճելի է այն, այլև ցանկայի, որպեսզի նորից կրկնվի:
Ես այն տանն եմ, ուր բազմիցս բաժակներ են բարձրացել ու զրնգացել որպես հաղթանակի արձագանք: Տարիների մշուշի միջից ինձ է նայում Սասունցի Դավթի հագուստ-կապուստով մեծադիր մի լուսանկար-մարդ: Սերգո Համբարձումյանն է, որը 1939 թվ. Մոսկվալում կայացած հայ արվեստի ու գրականության առաջին տասնօրյակին մարմնավորել է Դավթի կերպարը: Ներս է մտնում որդին` Մհերը, կրծքին սպորտի վարպետության թեկնածուի նշանը: Հոր սպորտային կենսագրությունն է կրկնում:
Սերգոն հիշում է մի դեպք: Երբ հարկ է եղել Մոսկվա գնալ` համամիութենական շքերթի, առաջ է եկել մի դժվարություն, ոչ մի ծնող չի կամեցել, որ իր աղջիկը մասնակցի շքերթին: Իսկ առանց աղջիկների ամեն ինչ կձախողվեր: Ի՞նչ անել: Կազմակերպիչները մտածում են և գտնում ելքը, ծնողներին ասում են, թե` աղջիկներին շքերթի տանողը Սերգո Համբարձումյանն է: Սերգո՞ն է, լավ, այդ դեպքում կարելի է: Ամեն մեկը բռնում է իր աղջկա ձեռքից, գալիս Սերգոյի մոտ. «Աղջկաս քեզ եմ հանձնում»:
— Իսկ գիտե՞ք, թե ինչ երկյուղածությամբ տարա աղջիկներին ու ետ բերի, ինքս էլ չէի պատկերացնում, թե կարող եմ այդքան բծախնդիր լինել:
Համբարձումյանը պատմում էր իր անցած ճանապարհից, իսկ ես հիշում էի Պետրոսյան-Սպասսկի մատչի օրերին շրջող կարծիքներն ու լուրերը. «Եթե Համբարձումյանը այնտեղ լիներ, Պետրոսյանը այդ պարտիան չէր տարվի»: «Նորից թռել է, դե թող փորձեն հիմա խանգարել Պետրոսյանին, հերները կանիծի…»: Ես լսում էի ու մտածում, որ հայկական դյուցազնի փառքը անցած չէ դեռ, նոր սերունդը լավ է ճանաչում ու գնահատում նրան: Եվ ոչ միայն հանրապետությունում: 1963 թ. «Մոսկվայի մրցանակ» միջազգային մրցության ժամանակ, սպորտի պալատում բոլորը ակնածանքով ճանապարհ էին տալիս նրան, ինքնագիր խնդրում: Ես հպարտանում էի, և դրանից աչքերս լցվում էին:
…Դրսում եմ: Դեկտեմբերյան սպիտակ երկնակամարը անձրևում է: Ձմռան ամիս է, բայց ձյուն չէ, անձրև է գալիս, և աշունը համառում է, տեղը չի ուզում զիջել:
Իսկ ես ուրախանում եմ այդ համառ ու դուրեկան աշնան համար:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով