Արամ Պաչյան. Բացական կամ ինչ-որ մեկը

«Գարունի» 2016 թվականի 1-ին համարի՝ «Ինչպե՞ս անդրադարձավ անկախությունը գրականության վրա» հարցին պատասխանում է Արամ Պաչյանը:

Անկախության 25 տարիները և հայ գրականությունը… Սա ավելի շատ թեզի վերնագիր կլինի, և թեզը ուշ թե շուտ կպաշտպանվի հայ գրականության հերթական մասնագետը: Եվ մասնագետը մանրամասնորեն կներկայացնի անկախության շրջանի հայ գրականության պատմությունը, այն ինչ եղել է, նաև այն` ինչ չի եղել: Մասնագետը կհիշատակի հարյուրավոր անուններ, այդ անուններից կառանձնացնի առավել տաղանդավորներին, առավել շնորհալիներին, առավել կարևորներին, հետո կանցնի ապաշնորհներին, միջակություններին, գրչակներին, ապա այդ ժամանակաշրջանում ընտրված սին ու ասելիքավոր թեմաներին, թեմաների իրացմանը:
Արդարև հեշտ չէ գրականության մասնագետի գործը: Վերջիվերջո մասնագետը գրականության մասնագետ է, այլ ոչ թե մասնագետ: Եվ ահա հայ գրականության մասնագետները ժրաջան մեղունների բզզոցով կժողովեն սրբալույս մյուռոնը և վիճակագրությունը պահ կտան ապագա սերունդներին, որպեսզի ապագա սերունդներն ճանաչեն անկախության 25 տարիների ընթացքում ստեղծված ժառանգության ողջ բնույթը և աղն արժեքների: Ուստի թե ինչ տվեցին հայ գրականությանը անկախության 25 տարիները և ինչ տվեց հայ գրականությունը անկախության 25 տարիներին այս հարցերի պատասխանները կիմացվի հայ գրականության մասնագետներից՝ հեռավոր ու մոտավոր ապագայում: Եվ ուրեմն զինվենք համբերությամբ ու խաղաղության մեջ սպասենք օծյալների հերթական բարեբեր հայտնությանը:
Բայց և այնպես մինչ կգա այդ պատմական և սրտառուչ պահը ամրագրենք, որ շատ հնարավոր է անկախության 25 տարիները մեծ հաշվով որևէ բան չտվեցին հայ գրականությանը, որ այդպես լինում է: Շատ հնարավոր է, որ գրականությունը ունի իր առանձնակի պատմությունը և այդ առանձնակիությունը առաջնորդվում է համաձայն իր ներքին ուրիշ ժամանակի և ուրիշ տարածության զգացողությամբ: Չեն ծնվել թումանյաններ, չարենցներ, տերյաններ ու սևակներ: Եվ փառք Աստծո: Գրականության պատմությունը բացասում է որևէ կրկնություն: Դասականի ավտորիտար կեցության փուլն այլևս անցյալում է: Գրականությունը թոթափել է սիրվել-սիրելու, գոչելու, փրփրելու, խրատելու, քարոզելու, գործիքանալու փոշեբեռը: Այն ուղղակի գրվում է, որ բացակայի, բայց ինչ-որ մեկը լեզվի մեջ նրան տեսել է:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով