Ալեքսանդր Գորբովսկի. Դագանակ՝ չափազանց խելոքների համար

«Գարուն», 1967, 6
Հոդվածը գրված է «Գարունի» համար

Մի հավատացեք նրան, ով ասի թե դա բնորոշ չէ, ով պնդի, թե դա տիպական չէ կամ երեկ է սկսվել: Դա և՛ բնորոշ է, և՛ տիպական, ու գոյություն ունի հավանաբար այնքան վաղուց, որքան հասարակությունը:
Արիստոտելը պատմում է, որ դեռևս եփեսոսցիները իրենց ամենատաղանդավոր համաքաղաքացիներին աքսորում էին:
— Թող մեզանից ո՛չ ոք չլինի լավագույնը,— իմաստնաբար եզրակացնում էին նրանք,— եթե ոչ՝ թող ապրի այլ վայրում, այլոց մեջ:
Հանճարեղ պիեսների հեղինակներն ու հռետորները, որոնք իրենց արվեստով գերազանցում էին մյուսներին, և պետական այն գործիչներին, որոնք դժբախտություն էին ունենում մյուսներից ավելի խելոք լինել, նույն բախտին էին արժանանում՝ աքսոր:
Նման դեպքերում պակաս մարդասիրաբար էին վարվում Վոլգայի բուլղարները: Արաբ գրող Իբն Ֆադլենը, որ X դարում եղել է նրանց մոտ, պատմում է. «Երբ նրանք շարժուն ու բանիմաց մարդ են տեսնում, ասում են. այս մարդուն վայել է աստծուն ծառայել: Ուստի վերցնում, պարան են գցում վզից ու կախում ծառից, մինչև որ կտոր-կտոր լինի»:
Ամենատաղանդավոր մարդիկ ամենավտանգավորն են:
Այս կարծիքին էին ոչ միայն հին հույներն ու բուլղարները: Դրանում համոզվելու համար բավական է ծանոթանալ տարբեր ժամանակների ու ժողովուրդների մեծ մարդկանց ճակատագրին: Նրանք բոլորն էլ այս կամ այն ձևով իրենց ժամանակակիցների կողմից հալածվել են:
Սպինոզան նզովվեց, Պոլիբիոսը՝ հին աշխարհի այդ մեծ պատմագիրը, աքսորվեց, աքսորվեց և Դանթեն: Մյուսները հարկադրված իրենք էին բռնում արտաքսման ուղին: Գերցենն ընդմիշտ հեռացավ Ռուսաստանից, Բայրոնը՝ Անգլիայից, Էյնշտեյնն ու Ֆեյխթվանգերը՝ Գերմանիայից: Տարբեր ժամանակներ ու տարբեր մարդիկ, բայց նույն ճակատագիրը: Եվ արդյոք այս օրինաչափության հետևանքով չէ՞, որ երեք խոշորագույն ծովագնացները՝ Մագելանը, Վեսպուչին և Կոլումբոսը, նույնպես ստիպված էին թողնել իրենց հայրենիքն ու հայտնագործություններ անել օտար դրոշի ներքո:
Որքա՜ն մեծ ճակատագրեր վշտալի հաստատումն են բիբլիական այն արտահայտության, թե մարգարեն իր գավառում պատիվ չունի: Սև ապերախտությամբ են հատուցվում մեծ մարդկանց գործերը: Կոլումբոսը Սևիլիա վերադարձավ շղթայակապ, Կորտեսը, այն Կորտեսը, որ նվաճեց Մեքսիկան, շնորհազրկվեց, Պիզառոն սպանվեց, իսկ Պունիես դը Բալբոան՝ Խաղաղ օվկիանոսի հայտնագործողը գլխատվեց: Օրինաչափ է, այդ պատճառով էլ Սոկրատը, որն այնքան գործ էր արել իր համաքաղաքացիների բարօրության համար, հենց նրանց կողմից էլ դատապարտվեց մահվան: Ջորդանո Բրունոն հարստացրեց մարդկությունը մեծ հայտնագործություններով ու կենդանի-կենդանի այրվեց: Քիչ էր մնացել, որ նույն բախտին արժանացնեին Դեկարտին՝ նրա «երախտապարտ» ժամանակակիցները:
Երեքուկես դար շարունակ մարդիկ ծիծաղում ու արտասվում են՝ կարգողով «Դոն-Քիշոտը»: Իսկ նրա հեղինակը իր կենդանության օրոք հալածվել է, ու մեկ անգամ չէ, որ բանտի ծանր դարպասները փակվել են նրա վրա: Բանտի հացը ճաշակել է նաև Դանիել Դեֆոն: Այդ նա՝ «Ռոբինզոն Կռուզոյի» հեղինակը, երկու անգամ դատապարտվել է բանտարկության: Այդ նրան էին ցանկանում ենթարկել հրապարակային ու ամոթալի պատժի՝ ականջները կտրելուն: Իսկ Բոմարշեն՝ «Սևիլյան սափրիչի» ու «Ֆիգարոյի ամուսնության» հեղինակը, քանի՜ տարի է անց կացրել բանտում: Իսկ Դոստոևսկին, Շևչենկոն…
Թերթելով պատմության էջերը հանճարներին մենք տեսնում ենք տանջվելիս ու ամենածանր ստորացումների ենթարկվելիս:
Ո՞վ է այս երաժիշտը, որ ջութակ է նվագում Պրագայի փողոցներում և երախտաբար պղնձեդրամներ ընդունում անցորդներից: Դա չեխերի ազգային հպարտությունն է՝ Դվորժակը: Իսկ սա՞, որ վերարկուով ու ձեռնոցներով խոնարհվել է նոտաների վրա ցուրտ սենյակում: Մոցա՛րտն է: Նա այնքան աղքատ էր, որ ի վիճակի չէր նույնիսկ վառելափայտ գնել: «Ահա արդեն երկու շաբաթ շարունակ ես հաց ու ջրով եմ սնվում,— գրում է Սեն-Սիմոնը,— աշխատում եմ առանց կրակի: Ես ամեն ինչ, անգամ հագուստս, վաճառում եմ աշխատություններիս արտագրման ծախքերը վճարելու համար»:
Մարիա Սկլոդովսկայա-Կյուրին, ում անվան հետ կապված է ատոմային դարաշրջանի սկիզբը, հաճախակի թերսնումից ուշաթափ էր լինում: Էդգար Պոն, որ ամբողջ կյանքում քաղցել է, գարնանը, երբ ծաղկում էր խտուտիկը, քաղում էր այն: Կինը եփում էր և ուտում էին: Իսկ Նեկրասովը, անապաստան ու ցրտից փայտացած, մտնում էր պետերբուրգյան ճաշարանները և ջանալով աննկատ մնալ, սեղաններից վերցնում էր հացի մնացորդները:
Անունների այս ցուցակն ու ճակատագրերի թվարկումը որքան ասես կարելի է շարունակել: Ամբողջապես վերցրած՝ այն կկազմեր մարդկային քաղաքակրթության ողջ պատմությունը: Նրանց պատմությունը, ով ստեղծել է այդ քաղաքակրթությունը: «Մեծ մարդիկ,— գրել է Հեգելը,— երբեք երջանիկ չեն լինում, նրանք ծանր կյանք են վարում, շուտ են մեռնում, նրանց սպանում են, կամ աքսորում»: Բայց կարևորն այն է, որ հանճարեղ մարդկանց հալածանքները հաճախ միանգամայն մտածված ու հետևողական բնույթ են կրել:
Մ. թ. ա. 7-րդ դարում Կորնթոսի բռնակալ Պերիանդրեսը պատվիրակ է ուղարկում միլետյան բռնակալ Ֆրասիբուլի մոտ, հանձնարարելով իմանալ բռնակալից՝ ինչպես կարգուկանոն հաստատել պետության մեջ: Հերոդոտը պատմում է, որ Ֆրասիբուլը պատվիրակի հետ գնում է քաղաքամերձ դաշտը և զբոսնելիս մի քանի անգամ հարցնում է նրա գալու նպատակը: Ըստ որում, երբ Ֆրասիբուլը տեսնում էր մի հասկ, որը մյուսներից բարձր էր, պոկում ու դեն էր նետում: Եվ այդպես այնքան, մինչև որ ոչնչացնում է արտի բոլոր ամենալավ ու ամենաբարձր հասկերը: Ամբողջ դաշտն անցնելուց հետո Ֆրասիբուլը թողնում է պատվիրակին, այդպես էլ ոչ մի պատասխան չտալով նրան:
Երբ պատվիրակը վերադառնում է Կորնթոս, Պերիանդրեսը անհամբեր հարցնում է, թե ինչ պատասխան է բերել բռնակալից: Պատվիրակը իր զարմանքն է հայտնում, որ Պերիանդրեսն իրեն ուղարկել է այդ խելառ մարդու մոտ, ու պատմում է, թե ինչպես Ֆրասիբուլը փչացնում էր սեփական բարիքը: Պերիանդրեսը գլխի է ընկնում, որ Ֆրասիբուլը խորհուրդ է տալիս մահապատժի ենթարկել ականավոր մարդկանց և այդ ժամանակից ի վեր իր հպատակների նկատմամբ անասելի դաժանություն է հանդես բերում:
Շատ կառավարողներ են հետևել այս օրինակին: Եղել են ժամանակներ, երբ խելոք մարդու համբավ ունենալը վտանգավոր է համարվել: Կայսր դառնալուց հետո Կլավդիոսը խոստովանում է, որ իր նախորդի՝ Կալիգուլայի թագավորության օրոք դիտմամբ հիմար է ձևացել, այլապես իրեն չէր հաջողվի ազատվել:
Ապշեցնում է այս սկզբունքի համընդհանրությունը: Չինական հին փիլիսոփա Լաո-տցիի կարծիքով կառավարողի գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ պատսպարի իր հպատակներին գիտելիքներից և խլացնի նրանց անհատականությունը, քանի որ ամեն մի գիտելիք ու զարգացում հղի է վտանգներով:
Չին փիլիսոփայի այս դրույթի հետ հազիվ թե ծանոթ լիներ անցյալ դարի ռուս եկեղեցական գործիչ Ֆիլարետը: Այնուամենայնիվ, ողջ գործունեության ընթացքում նա ղեկավարվել է հենց այդ սկզբունքով: Առարկելով գեղջուկ երեխաներին ուսումնարաններ ընդունելու դեմ, Ֆիլարետը դա բացատրում էր այսպես. նախ պետք է համոզվել, թե գիտելիքների տարածումն արդյոք չի՞ հանգեցնում «մտքերի վտանգավոր խմորման»: Իսկ սա, եզրակացնում է նա, «կարող է ավելի վնասակար լինել, քան անգրագիտությունը»: Կրթության ընդհանուր վնասի մասին այս մտքով շատ կառավարողներ են ղեկավարվել:
Մի անգամ, երբ Նիկոլայ I-ը այցելում է ռազմական ուսումնարան, դիրեկտորը նրան է ներկայացնում լավագույն սովորողին, որը արտակարգ գիտելիքներ ու տաղանդ է դրսևորել:
— Ինձ այսպիսիները պետք չեն,— մռայլվում է ցարը և ավելացնում,— առանց նրա էլ մտածող ու խորհող կա: Ինձ ահա այսպիսիներն են պետք:
Այս խոսքերի հետ նա ձեռքից բռնում ու խմբից դուրս է բերում մի մարմնեղ պատանու՝ մի կենդանի մսակույտ, առանց խելքի նշույլի:
Կարելի է զարմանալ այս փաստի վրա, վշտանալ ժողովրդի համար, որ երկար ժամանակ եղել է նման կառավարողի իշխանության տակ, բայց մի բան անժխտելի է՝ այդ գործողությունները միանգամայն մտածված են եղել:
Սակայն սկզբից ևեթ պայքարն ինտելեկտուալների դեմ իրագործվում էր հակասական պայմաններում: Մի կողմից իշխանության գլուխ կանգնածները իսկապես ատում էին այդ մարդկանց և վախենում նրանցից, բայց մյուս կողմից այդ մարդիկ կենսականորեն անհրաժեշտ էին իրենց՝ իրերի գոյություն ունեցող կարգը պահպանելու համար: Բայց այդ հակասությունը երբեք չի արտահայտվել այնպիսի սրությամբ, ինչպես կապիտալիստական աշխարհում, այն էլ վերջին տասնամյակներում:
Մեծ հեռավորության վազքին դիմանալու համար կապիտալիզմն արդեն չի կարող բավարարվել միայն ոսկու կոպիտ իշխանությամբ կամ ռազմական ուժով: Գիտատեխնիկական հեղաշրջման դարաշրջանում ամենավճռական գործոնը դառնում է մտավոր պոտենցիալը: Սա, անկասկած, հասկանում են նրանք, ովքեր իրենց պատասխանատու են համարում կապիտալիստական աշխարհի ճակատագրի համար: Ուստի հետաքրքրական է ժամանակակից Արևմուտքի օրինակով դիտել այդ երկու տենդենցների պայքարը. մի կողմից հենվել մտածողների վրա, մյուս կողմից վախենալ նրանցից:
Վերջերս ամերիկյան ինը առաջատար գիտնականների առաջարկեցին պատասխանել այն հարցին, թե նրանք այն կարծիքի՞ն են, արդյոք, որ ամերիկյան հասարակությանը բնորոշ են մտածողների ու գիտության մարդկանց նկատմամբ անբարյացակամությունն ու անվստահությունը: Իրենց պատասխանում գիտնականները միաձայն հայտարարել են, որ հակաինտելեկտուալիզմը թափանցել է հասարակության բոլոր ոլորտները: Թշնամանքը մտավորականների դեմ ի հայտ է գալիս ամեն ինչում՝ անձնական ու աշխատանքային հարաբերություններում, դպրոցներում ու քոլեջներում տիրող բարքերում, բիզնեսում, գիտության մեջ: «Հակաինտելեկտուալիզմը Միացյալ Նահանգներում,— եզրակացնում են նրանք, — լայնորեն տարածված է և խորը արմատներ ունի: Դրա ամենավառ դրսևորումը վերջին տարիներին՝ մակարտիզմն էր»:
Այստեղ, թերևս, հարկ է կարևոր պարզաբանում անել: Դուրս է գալիս, որ առաջադիմական գաղափարների նկատմամբ առանձնակի ընկալունակություն է ի հայտ բերում հենց մտավորականությունը: Անշուշտ, իր անհաղթահարելի տրամաբանությունն ունի այն հանգամանքը, որ առավել մեծ խելքով օժտված մարդիկ մյուսներից ավելի շուտ են հանգում առաջադիմական աշխարհայացքի: Ահա թե ինչու, շատ-շատերի խոստովանությամբ, հակակոմունիստական կամպանիան ԱՄՆ-ում, մակարտիզմի հարվածներն ուղղվեցին հիմնականում մտավորականության ներկայացուցիչների դեմ:
«Նա չափից ավելի է մտածում, այդպիսի մարդիկ վտանգավոր են»—շեքսպիրյան Հուլիոս Կեսարի այս խոսքը կարող էր դառնալ մտածողների նկատմամբ բազմադարյան քաղաքականության բնաբանը: «Մեր հասարակության մեջ,— դառնորեն փաստում է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Էռնեստ Մայերը,— ականավոր անձնավորությունը բոլոր հնարավոր միջոցներով պատժվում է կառավարության կողմից: Բազմաթիվ վարչական կանոններ ու կառավարական օրենքներ ակամայից ուղղված են հասարակության առավել շնորհալի անդամների դեմ»:
Բուրժուական մի շարք հետազոտողների կարծիքով հասարակությունն ինքը մշակել է պաշտպանական մի յուրահատուկ մեխանիզմ՝ մեծ խելք կրողների դեմ: Նրանց պնդմամբ հասարակության մեջ հարաբերություններն այնպես են կառուցված, որ ինչքան մարդը սովորական է, ինչքան համապատասխանում է հանրաճանաչ ստանդարտներին, այնքան կյանքում հաջողության հասնելու մեծ շանսեր ունի: Միջին մակարդակից ամեն մի շեղում արգահատելի է: Պնդում են (հավանաբար ոչ առանց հիմքի), որ «չափազանց խելոք» մարդիկ ջղայնացնում են քաղքենուն: Այս ռեակցիայի մեխանիզմը բուրժուական հետազոտողները կապում են վախի զգացումի հետ: Վախ՝ ընտանիքի համար (կինը կգերադասի ուրիշին, որովհետև այդ ուրիշև ավելի խելոք է), վախ՝ կյանքում զբաղեցրած տեղի համար (ավելի խելոքը ոչ միայն առաջ կանցնի աշխատանքում, այլև կարող է զբաղեցնել իր տեղը), վախ՝ ապագայի համար (այդ «խելոքները» այնպիսի մի բան կհորինեն, որ իմ աշխատանքը կդառնա անկարևոր):
Ստրատֆորդի համալսարանի պրոֆեսոր Թերմընը գիտական իր ամբողջ կյանքը նվիրել է այն խնդրի ապացուցմանը, թե միշտ չէ ու ոչ էլ պարտադիր, որ անհատի մեծ խելքը սպառնալիք է հասարակության համար: Բազմաթիվ հետազոտությունների, թվերի ու փաստերի հիման վրա նա փորձում է իր կրթված համաքաղաքացիներին համոզել, որ նրանք չպետք է վախենան ու ատեն իրենցից խելոքներին: Բայց ապարդյուն: Պարզվեց, որ ենթագիտակցության մեջ թաքնված վախը ավելի ուժեղ է, քան տրամաբանությունը, ավելի անհաղթահարելի, քան ապացույցները և ավելի համոզիչ, քան ամեն մի թիվ:
Այդ վախն ավելի է ուժեղանում սոցիալական աճող տեղաշարժերի ու այն կարևոր դերի առկայության պայմաններում, որ փոփոխվող աշխարհում խաղում է մտավորականությունը: Պատահական չէ, որ արդիականության վրա առավելագույն ներգործություն ունեցած մարդիկ՝ Մարքսը, Էնգելսը, Լենինը, մտավորականներ էին: Եվ բուրժուական բարեկեցությունն ինքնամոռացաբար ծծող քաղքենին հակված չէ ո՛չ ներելու մտավորականությանն այդ բանի համար, ոչ էլ մոռանալու դա:
«Անօթևան ենք մենք, անընտանիք, անպաշտպան, աղքատ` էլ ի՞նչ ունենք կորցնելու»,— գրում է Բլոկը 1918 թվականին հեղափոխական մտավորականության մասին: Ստեղծագործական մտավորականության այս առանձնահատկությունն ու հեղափոխականությունն էլ հենց այն բնորոշ գիծն է, որն այնքան թանկ է նստում նրա վրա ամբողջ պատմության ընթացքում: Դրանում համոզվելու համար բավական է աչքի անցկացնել հալածանքների այն երկար ու վշտալի ցուցակը, որ կազմված է հայտնագործություններ անողների ու գլուխգործոցներ ստեղծողների անուններից, բոլոր նրանց անուններից, ում վերջին հաշվով պարտական է մարդկությանը իր առաջադիմությամբ:
«Բոլոր մեծ հայտնագործությունների հեղինակները,— նշում է Շառլ Ֆարիենը,— Կոպեռնիկոսը, Նյուտոնը, Լիննեյը, Կոլումբոսը, Գալիլեյը, հակասել են իրենց դարին»:
Ամեն մի մեծ բան միշտ էլ ինչ-որ բանի հակառակ է եղել: Հենց սա է ստեղծագործական անձնավորությունների հեղափոխականության իմաստը ինչ բնագավառ էլ վերցնելու լինենք՝ գիտություն, արվեստ, թե քաղաքականության:
Ովքեր սիրտ են արել մտածել կամ արտահայտվել այլ կերպ, քան ընդունված է եղել մինչև այդ, անխուսափելիորեն ծանր են հատուցել դրա համար: Ծաղրուծանակն ու համընդհանուր խուլ ատելությունն են եղել նրանց սովորական ճակատագիրը: Հենց սա նկատի ուներ Գերցենը, երբ գրում էր մեծ մարդկանց անվերջանալի տառապանքների մասին, տառապանքներ, որոնք իրենց ու իրենց ժամանակակից հասարակության միջև գոյություն ունեցող անդունդի արդյունք էին: «Այդ տառապանքները,— գրամ է նա,— երբեմն նրանց հասցնում էին գերեզման, կառափնարան կամ գժանոց»: Ո՞րն է այն ողբերգական ճեղքվածքի պատճառը, որ այնքան ակնհայտ է այսօր Արևմուտքում տխրահռչակ «հակաինտելեկտուալիզմի» օրինակով: Պատճառը միայն այն չէ, որ ականավոր անձնավորությունները միշտ հասարակության առջևից են քայլում: Հասարակության իներտ մասը, իշխող խմբերն ու դասակարգերը միշտ շահագրգռված են այն բանում, որպեսզի իրերի գոյություն ունեցող կարգը անսասան լինի: Եվ ամեն մի հանճար, իր ստեղծագործության անկրկնելիությամբ արդեն, ժխտում է աշխարհի այդ անսասանությունն ու գոյություն ունեցող հարաբերությունների անփոփոխությունը: Իհարկե, նրանք, ովքեր մեծություններին դատապարտել են հալածանքների, կամ նրանք, որ այսօր Արևմուտքում հետամտում են մտածողներին, անուժ են գիտակցելու իրենց զգացմունքների ծածուկ պատճառները: Ինտելեկտուալների նկատմամբ իրենց թշնամանքով ու ատելությամբ նրանք անկեղծ են: Ամեն մեկին թվում է՝ թե սեփական կամքով է հետապնդում, ծաղրում ու ատում: Բայց դա ինքը չէ: Հետապնդում ու ատում է նրանց մեջ եղած դասակարգային խորը բնազդը, ինքնապահպանման հզոր բնազդը:
Ահա թե ինչու, երբ բուրժուական մամուլում կարդում ենք այն անասելի թշնամական մթնոլորտի մասին, որում այսօր գտնվում են ինտելեկտուալները, ապա դա շատ ավելի կարևոր երևույթների մասին է վկայում, քան այն ճեղքվածքն է, որ գոյություն ունի ինտելեկտուալների ու հասարակության մնացած մասի միջև: Դա խոսում է այն մասին, որ առաջացած ճեղքվածքն սկսում է անցնել ծայրագույն սահմանը:
Հետաքրքրական է հիշել, որ ճիշտ այդպիսի երևույթ էր դիտվում Ռուսաստանում 1905 թվականի հեղափոխության պարտությունից հետո, ռեակցիայի տարիներին: Այն ժամանակ նույնպես շատ էին խոսում ու գրում մտավորականությանը ժողովրդից բաժանող անդունդի, «անանցանելի գծի» մասին: Հիմա մենք գիտենք, որ դա վկայում էր այն մասին, որ հասարակությունն սկսել էր սոսկալիորեն ետ մնալ իր հոգևոր ավանգարդից: Հավանաբար նման մի բան է տեղի ունենում հիմա, առավել զարգացած կապիտալիստական երկրների հասարակական կյանքում:
Մտավորականության և մյուս դասակարգերի միջև աճող ճեղքվածքը խոսում է ամբողջ հասարակության ետ մնալու մասին: Այն մասին, որ հասարակության ընթացքը սոցիալական առաջադիմության ուղիով արգելակվում է, ավելի դանդաղ է կատարվում, քան թելադրում է սոցիալական զարգացման տրամաբանությունը: Հենց սրանումն է «հակաինտելեկտուալիզմի» իմաստը, հենց այս մասին է վկայում ինտելեկտուալների նկատմամբ գոյություն ունեցող այն թշնամանքը, որի մասին այնպիսի տագնապով են խոսում այսօր Արևմուտքում:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով