Աշոտ Գաբրիելյան. Բանաստեղծություններ

***
Սերը չի գալիս
Ու չի գնում.
Սերը դու ինքդ ես…

Սերը ոչ ճշմարիտ է/ ճիշտ է,
Ոչ էլ՝ սուտ/ սխալ.
Սերը ինքդ ես…

Ամենը երկրպագություն է
Աստծու տված իրերին
Եվ Աստծու
Տված խաղերին…

Ամենը նվիրում է,
Ամենը՝ սպառում,
Եվ ամենը
Գալիս են
Ու գնում…

Սերը ինքդ ես…

Մնացածը
Երազում են…

***
…Եվ եթե դու
Չես գալիս
Ինձ…
Դա դեռ չի
Նշանակում,
Որ դու
Ուրիշ տեղ ես
Գնացել…

…Եվ եթե դու
Վերադառնում ես
Ինձ…
Դա դեռ չի
Նշանակում,
Որ
Սպասել եմ
Քեզ…

Եվ…
Ինչ-որ…
Պիտի վերադառնաս՝
Մոլորվածի սկիզբը
Սքողելու…

…Եվ եթե անցածը
Չես գտնում…
Ուրեմն՝
Ճանապարհը վերադարձավ…

Եվ կյանքը չսկսեց…

***
Ձեռքերիս նայելուց հետո
Ես այլևս հայելուն չեմ նայում.
Չեմ փնտրում ինձ
Ուրիշի աչքերում…

Եվ միայն ձեռքերն էին
Դասական՝
Կոշտ,
Լիաբուռ,
Ադամական մեղքից
Հոշոտված…

ԳԼԽԻԿՈՐ

Ձեռքերիդ չեմ նայի
Անգամ.
Տվածդ սուրճը
Առանց ծխախոտ
Կխմեմ…

Հոգոց
Չեմ հանի…

***
Ամեն անգամ
Նոր տարի է,
Եվ հինը չի ավարտվում
Ամեն անգամ…

Ու ամեն անգամ
Կուտակվում է
Թվերի բեռը
Կնճիռներիդ խորության մեջ
Եվ պտտվում
Մոլորակի շուրջը,
Որը չի հաշվել
Ու չի հաշվում
Լուսնային տարիները
Հին ու նոր…

Եվ ի՞նչ կապ ունեն
Տարիները
Ապրածի հետ,
Երբ ամեն անգամ
Մոռանում ես
Տարիքդ
Ապրելու համար…

***
Ամեն ճանապարհ
Վերջինն է…

Եվ եթե
Ինչ-որ տեղ
Լույսեր են վառվում,
Դա չի նշանակում
Որ դեռ
Խոստովանելու են
Ինչ-որ բան…

Ինչ-որ տեղ
Լույսեր են վառվում
Անգաղտնի
Ու քողարկված…

Ու միայն մահն է քեզ
Նվաստացնում…

***
Ոչ մի տող չի գրվում.
Բառերը հանգչում են,
Ձայնը չի լսվում…

Սիրտը դեռ տաք էր…

Ճանապարհն էր,
Որը
Մարդիկ լքում ու
Վերադառնում եմ
Մահանալու…

***

Մ.-ի հիշատակին

Փոքր Մհերը
Արայի պես
Կվերադառնա…

Կվերադառնա
Քծնո՛ղ արալեզներին…

***

Քեզ հանդիպելուս համար
Ցնծացի
Ու ցնծությանս մեջ
Մոռացա քեզ,
Ինչպես սերն է ծնվում
Ու մահանում
Դիպվածից
Առօրյա…

***
Ռիթմերը
Փախան բոլոր,
Տողերս
Ջարդվեցին.
Ջարդվեցին,
Մանրացան
Ու դարձան
Հոդաբաշխ…

Եվ այս մեծ
Քաղաքում,
Ինչպես
Քարանձավում,
Խարույկի եմ
Սպասում,
Որ ինչ-որ
Բան հասկացնեմ
Ու հասկանամ՝
Մարդու կամ վայրենու
Դեմքին նայելով…

ԴՈՆ ԿԻԽՈՏԻՆ ԵՐԱԶԵԼՈՎ

Չկարողացանք
Փոքր Մհերին
Քարանձավից հանել
Ու
Դոն Կիխոտ դարձնել՝
Համախոհ,
Բայց բարկ…
Եվ ծաղրել,
Ծաղրել
Ու սիրել
Նրան…

Իսկ Կիլիկիայում
Որքան ասպետներ
Իմ արկածներն էին
Սրբազան դարձնում…

Չգիտեմ
Ափ նետած ձուկն է
Սարսափելի վիճակում.
Թե
Ցամաքին
Հայտնված
Նավը….

***
Վեպերը չավարտեցի,
Կիրքը միշտ մահանում է
Երազանքից
Առաջ
և
Հետո…

Վեպը
Երազանք է
Քարանձավում՝
Խարույկով սեպագրված…

Մնացածը
Ստվեր է,
Որ առանց կրակ
Կենդանանում է
Տիեզերքի
Հոգեվարքում…

Ինչ-որ մեկն
Ուզում է
Վեպ ապրել
Ու սիրել ինձ…

Իսկ ես Փոքր Մհերին եմ
Սպասում
Վեպ գրելու համար….

Մեկ մեկնաբանություն

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով