Միլան Կունդերա. Ազատարար աքսոր

(հրապարակվել 1994 թ. մայիսի 7-ին, «Le Monde» ամսաթերթում)

Վերա ԼինհարտովաՎերա Լինհարտովան վաթսունականներին Չեխոսլովակիայի ամենասիրված գրողներից էր՝ խոհական, հերմետիկ, անկրկնելի պրոզայի բանաստեղծը: 1968-ի դեպքերից հետո երկիրը լքած ու Փարիզ մեկնած լինելով՝ սկսեց գրել ու տպագրվել ֆրանսերեն: Մենասերի համբավ ունեցողը իննսունականների սկզբին զարմացրեց իր բոլոր ընկերներին, ընդունելով Պրահայի ֆրանսիական ինստիտուտի հրավերը՝ աքսորի խնդրին նվիրված համաժողովում ելույթ ունենալով: Ես երբևէ այդ թեմայով չեմ կարդացել որևէ բան այդքան իրատեսական, այդքան ոչ կոնֆորմիստ:

Անցած դարի երկրորդ կեսը աշխարհին չափազանց զգայուն դարձրեց իրենց երկրից վտարված մարդկանց ճակատագրի նկատմանբ: Այդ ցավակցող զգայնությունը աքսորի խնդիրը պատեց արցունքաշատ բարոյախոսության մառախուղով և զանց առավ աքսորյալի իրական կյանքի բնույթը: Աքսորյալի, որն ըստ Լինհարտովայի, հաճախ ի վիճակի է եղել իր վռնդվելը ձևափոխելու որպես ազատարար մեկնում դեպի «այլ ափեր, ըստ էության անծանոթ, բայց բոլոր հավանականությունները հնարավոր դարձնող»: Իհարկե, հազար անգամ իրավացի է նա: Այլապես ինչպես բացատրել այն իբր անակնկալի բերող փաստը, որ կոմունիստական հասարակարգի անկումից հետո ոչ մի աքսորյալ մեծ արվեստագետ չի շտապում երկիր վերադառնալ: Ինչպե՞ս. մի՞թե կոմունիզմի ավարտը նրանց չի մղում Մեծ Վերադարձի տոնը փառաբանել իրենց Հայրենիքում: Եվ նույնիսկ, առ մեծ հիասթափություն հասարակության, եթե վերադարձը նրանց տենչանքը չէ, արդյոք այն չպիտի՞ լիներ նրանց բարոյական պարտքը: Լինհարտովան․ «Գրողը նախ և առաջ ազատ մարդ է և իր անկախությունը պահպանելու խնդիրը բոլոր այլ նկատառումներից աոաջ է դրվում : Եվ դեռ ես չեմ խոսում այն անիմաստ պարտադրանքներից, որոնց նպատակը մեզ չափ չճանաչող իշխանությանը ենթարկելն է, այլև խոսքս այն սահմանափակումների մասին է, որոնք հաշվի չառնելը դժվար է, քանի որ բխում են լավ նկատառումներից ու դիմում են քո երկրի նկատմամբ ունեցած պարտքիդ զգացումին: Իրականում, այդպես մտածողները մարդու իրավունքների վերաբերյալ նախակարծիքներ մտմտալով՝ շարունակում են անհատին որպես ազգի սեփականություն դիտել»:
Ավելի հեռուն է գնում. «Այսպիսով ես ընտրել եմ ոչ միայն այն վայրը, ուր ուզում էի ապրել, այլ նաև այն լեզուն, որով խոսել եմ ցանկանում»: Նրան կհակադրվեն. գրողը որքան էլ ազատ մարդ լինի՝ մի՞թե իր լեզվի պահապանը չէ: Մի՞թե հենց մայրենիի կիրառումը չէ նրա գործնեության ամենաէական իմաստը: Լինհարտովան․ «Հաճախ են ենթադրում, թե անբաժանելիորեն մայրենի լեզվին կապված լինելու պատճառով, գրողը, ավելի քան ոչ այլ ոք, չի կարող կատարելապես ազատ լինել իր գործնեության մեջ: Իմ կարծիքով այս մտածելակերպը վախվորուկ մարդկանց արդարացում ծառայող առասպելներից մեկն է»: Քանզի «գրողը մի կենտ լեզվի կալանավոր չէ» :Այս է ազատարար խոսքը: Եվ միայն կյանքի կարճատևությունն է, որ խանգարում է գրողին ազատարար այս հրավերից օգտվելու եզրակացություն անել:
Լինհարտովան. «Իմ համակրանքը թռչում է դեպի թափառ ազգերը, նստակյացի հոգին ես չեմ հասկանում: Այսպիսով, արդյոք իրավունք ունեմ ասելու, թե աքսորվելու փաստը իրականացրել է իմ մշտնջենական ամենաթանկ երազը՝ ապրել ուրիշ տեղ»: Ֆրանսերեն գրելով արդյոք Լինհարտովան շարունակում է մնալ չեխ գրող: Ոչ: Դառնում է ֆրանսիացի գրող: Դարձյալ ոչ: Ուրիշ տեղ է նա: Այլուր: Այն Այլուրը, ուր մի ժամանակ Շոպենն էր, ուր՝ ավելի ուշ ու յուրովի կլինեն Նաբոկովը, Բեկետը, Ստրավինսկին, Գոմբրովիչը: Ինքնին հասկանալի է, որ յուրաքանչյուրը իր աքսորը կապրի իրեն բնորոշ անկրկնելի ձևով, և որ, Լինհարտովայի կենսափորձը բացառիկ դեպք է: Ինչ էլ ասելու լինենք՝ անկարելի է ժխտել, որ նրա պայծառ ու հիմնավոր խոսքից հետո, անհնար է դառնում աքսորի մասին խոսել այնպես, ինչպես խոսում էին մինչ այսօր:

Ֆրանսերենից թարգմանեց Աննա Ազբեկյանը

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով