Հովհաննես Երանյան. Անաղ երկիր

Առաջ էլ մշտապես նկուղը ջուր էր լցվում, բայց անմիջապես էլ դույլերով դուրս էր թափվում, որովհետև այնտեղ պահելու բան կար: Պահելու բան լիներ, տանտիրոջ ծերությունը որոշիչ չէր լինի, թեպետ ձեռքերի դողդոջն ամեն մի գործ անհարմար էր դարձնում, բայց ամբողջ կյանքում ծանր աշխատանքով ապրելու սովորույթը դեռևս ուժ էր նշանակում: Վերջին հինգ տարում միայն դեպքից դեպք էր նկուղը մաքրվել, ջուրը շարունակ նեխել էր, գարշահոտն անցել էր պատերին, և վերջին անգամ հայր ու աղջիկ զուր չարչարվեցին:
Խնջույքը դեռ չէր սկսվել, որ այդ նպատակով բաց պատշգամբում դրված սեղանի անկյունում նարդի խաղացողներից մեկը բացականչեց.
— Նայեք, նայեք, այն ի՞նչ է:
Հավաքվածները շրջվեցին դեպի լեռը և մի քանի րոպե լռությամբ ներս թողեցին ահը: Հետո, դրա դեմն առնելու հուսահատ փորձ որպես, մեկն անտարբեր ասաց.
— Է՜, հեչ, ամերիկյան ռազմական բազայի լույսերն են:
— Չէ,- առարկեց տանտիրոջ երիտասարդ հարևանը,- բազան աջ է ընկնում և ավելի բարձր է:
— Թռչող հսկայական ափսե է երևի,- ասաց ռազմական բազայի վարկածն առաջ քաշած նույն հյուրը:
Այս վարկածն էլ հեշտությամբ ժխտվեց, որովհետև սարի կրծքին օղակ դարձած նշանն արագորեն փոփոխում էր, մեծացնում պարագիծը, երբեմն կորցնում կլորությունը, տձևանում:
— Գուցե թուրքերը փորձում են պայթեցնե՞լ սարը,- առաջարկեց մայրաքաղաքցի լրագրողը,- գիտեն, որ վաղ թե ուշ վերադարձնելու են:
— Այդ մի բանն ունենք հավերժ անփոփոխ,- ասաց երիտասարդ սփյուռքահայը:
— Հենց այդ պատճառով էլ, երևի, պայթեցնում են,- պնդեց լրագրողը:
— Կա, չկա՝ հրաբուխ է,- ասաց տարեց սփյուռքահայը:
Այս մեկն էլ փորձեցին հերքել. «Մի քանի հազար տարվա հանգած հրաբուխ է համարվում լեռը»:
— Նշանակություն չունի,- առարկեց տարեցը.- ինչ ա-սես՝ կպատահի, բոլոր քնածները երբևէ արթնանում են, հանգածները բռնկվում, մեռածները հարություն առնում:
Հրաբխի տարբերակը չհերքվեց, որովհետև պնդողը տարեց էր ու սփյուռքահայ, վարկածն էլ գեղեցիկ էր ասված… Սկսեցին քննարկել, թե հրաբխի լավան քանի կիլոմետր է սովորաբար աշխարհը լափելով առաջ գնում, թե ինչքան է հեռավորությունը սարի ու գյուղի միջև:
Խնջույքն սկսելու տանտիրոջ հրավերով տեղավորվեցին սեղանի շուրջը, բայց ողջ երեկոյի ընթացքում թաքուն հայացքներ էին նետում դեպի լեռն ու տեսնելով ծավալվող կրակե օղակը՝ ներբորբոքում սկզբնական ահը: Լրագրողը մի քանի պտույտ արեց սեղանի շուրջն ու ասաց. «Ինչո՞ւ այդպես՝ մահմեդականների նման նստեցիք: Ես, օրինակ, ուզում եմ կնոջս կողքը նստել»:
— Այդ ղզիկը վերջը ծեծ է ուտելու,- քենակալի ականջին շշնջաց ավագ փեսան,- նարդի խաղալիս էլ հարամություն էր անում:
Պահմտոցի խաղացող երեխաներն անընդհատ բաց էին թողնում նկուղի դուռը, և այնտեղից խոնավ գարշահոտ էր տարածվում: Ծեր տանտերը մի քանի անգամ վեր կացավ գնաց փակեց ու սաստեց երեխաներին, իսկ ավագ փեսան խորհուրդ տվեց. «Մի կողպեք ճարիր կամ մի լարով կապիր»:
Սեղանապետը երգելու առաջարկ չէր արել, ոչ ոք մյուսին չէր խնդրել երգել, մեկը քթի տակ մի մեղեդի էր դնդնացել, մյուսը միացել էր, երրորդը՝ փոխել երգը, երգում էին, բայց տանտիրոջ երիտասարդ հարևանը ընդհատեց, ասաց. «Դիմացի հարևանի տանը մի քանի ժամ առաջ թաղում էր, հուղարկավորները դեռ լրիվ չեն ցրվել, ամոթ է, թող Ղազարոս ափին մի շիշ օղի վերցնի, գնա երգելու թույլտվություն առնի»:
— Չեն տա,- ասաց Ղազարոսը. չէր ուզում գնալ:
— Է՜, չեն տա՝ չեն տա, բայց ի՞նչ պիտի ասեն,- համոզում էր միջնեկ փեսան՝ սեղանապետը:
— Ախպեր, իմ սիրտը պայթում է, դուք ինձ երգելու բանակցության եք ուղարկում,- համառեց տանտերը:
— Մենք էլ հո թաղման չենք եկել, ի՞նչ ես ասում՝ թողնենք-գնա՞նք,- խոսակցությանը միացավ ավագ փեսան:
Ղազարոսին համոզեցին, ճանապարհեցին հարևանի տուն, իսկ նկուղի դուռը մինչև նրա վերադարձը մնաց բաց, և նեխահոտը սրտխառնուք էր առաջացնում:
Լրագրողն սկսեց քթի տակ երգել, բայց մինչ այդ ասաց.
— Բիձան հազիվ մի ժամից գա, քեֆը լավացրած գա, հիմա համաձայնությունն առած կլինի, երգելս գալիս է:
Ավագ փեսան մի անգամ էլ խոստացավ դնգստել լրագրողին: Ղազարոսը եկավ, հարցրին. «Ի՞նչ ասացիր»: Պատմեց. Ասացի՝ Աստված հոգին լուսավորի, շատ բարի կին էր, ափսոս, երկու զավակները չկարողացան գալ, իրենց ձեռքերով մորը հողին հանձնել, բայց ի՞նչ մեղք ունեն. Ավստրալիան ո՞ւր, Հայաստանն ո՞ւր: Ասացի մենք էլ մեր վերջին աղջկան նշանել ենք, գիտեք երևի, փեսացուն Ամերիկայից է, նշանը դրել, գնացել, երեք ամիս է՝ իր հարսնացուին է սպասում: Վաղը ճանապարհում ենք, հավաքվել ենք, ծախս ենք արել, ուզում ենք՝ ուրախ սրտով գնա, չենք ուզում տխուր ճանապարհել: Չէ, այնտեղ ուրիշ կերպ ասացի, այնտեղ չեմ լացել, ինձ զսպել եմ, այնտեղ դիմացել եմ: Նրանց ասացի, որ ճանապարհի էլ, այս խնջույքի համար էլ փեսացուն է փող ուղարկել»:
Ընդհատեցին, ավագ փեսան ասաց. «Բիձան լրիվ ցնդել է, խելքն էլ ձեռքերի պես դողում է, կարճ կապիր, վերջն ի՞նչ եղավ»:
Պատասխանեց. «Ասացին Ղազարոս, հաշվեք, որ երկու օր առաջ մեր տանը մահ չի եղել, հաշվեք, թե դուք ոչինչ չգիտեք, ասացին՝ անկեղծ ասած, Ղազարոս, եթե չգայիր սրտներս շահելու՝ կվիրավորվեինք, բայց որ այդ տարիքիդ վեր կացար-եկար՝ գնացեք՝ երգեք էլ, պարեք էլ: Ասացին՝ մեր լուսահոգի մայրը շատ էր սիրում Նանարին, քանի անգամ է լողացրել, մազերը մեկիկ-մեկիկ հյուսել, իր աղջիկներից չի տարբերել: Ասացին՝ Ղազարոս, հաշվիր, թե մի ընտանիք ենք, ու քեզ միայնակ մի զգա, ասացին՝ Նանարը քեզ հետ շատ էր կապված, այդ պատճառով մինչև հիմա չէր ամուսնանում, չէր ուզում քեզ մենակ թողնել, ի՜նչ փեսացուներ ետ ճամփեց, բայց լավ էր, բախտը բերեց, ո՞վ չի ուզենա ամուսնանալ, հեռանալ Ամերիկա, հանգիստ եղիր, Ղազարոս, հենց Նանարն այնտեղ ամրանա, քեզ էլ կտանի, առանց քեզ չի կարող Նանարն ապրել, երկու տարեկանից միայնակ պահեցիր, մեծացրիր, ասացին…»:
— Հերիք է, պապ,- խնդրեց Նանարը:
— Լրիվ ցնդել ես, աներ,- ասաց ավագ փեսան,- արի, արի նստիր, բայց նկուղի դուռը ձեռքիդ հետ փակիր, կերածներս հարամ է լինում:
— Ի՞նչ անեմ, էլ ուժս չի պատում, առաջ շաբաթը երկու-երեք անգամ դույլերով ջուրը քաշում, դուրս էի թափում, հիմա էլ ուժս չի պատում: Արդեն կես տարի գոլել ու նեխում էր, մի կերպ չորացրեցի, որ դուք՝ հյուրերդ, վատ չզգաք, բայց հոտը չանցավ, ես ի՞նչ անեմ, ներող եղեք: Առուն այստեղից մինչև ակումբ խցանված է, ջուրը լցվում է նկուղները, իսկ մեր տունը ամենացածրն է: Միայն այդ նեխահոտը չէ վատը, խոնավությունից հիմքը խարխլվել է, տան պատերի ծեփը մեկ մետր բարձրությամբ թափվում է, վախենում եմ, որ փուլ գա:
Երիտասարդները պարում էին, Նանարին չկարողացան համոզել:
— Կյանքումդ գոնե մի անգամ պարիր, է՛լի, սրանից լավ օր էլ կունենա՞ս,- համոզում էր իրենից ավագը:
Երբ պարն ավարտվեց, սեղանապետն ասաց, թե վերջին կենացն է առաջարկում, պիտի ներող լինեն, որովհետև ինքը շտապում է, մեկ այլ տեղ էլ խնջույքի է հրավիրված, պիտի շրջկենտրոն հասնի:
— Թե լավ տեղ է, ինձ էլ հետդ տար,- ասաց ավագ փեսան:
— Բաբկենն է հրավիրել,- պատասխանեց թամադան,- դու նրան ճանաչում ես: Միասին շինարարական տեխնիկումում ենք սովորել, հետո որ կամավորական ջոկատի հրամանատար էր:
— Նա, որ ա՞չքը կորցրեց արկի բեկորից:
— Չէ, դա Ռուբենն էր: Բաբկենը երկու անգամ կոնտուզիա ստացավ:
— Ի՞նչ է, հարսանի՞ք, կնո՞ւնք, ծնո՞ւնդ,- հետաքրքրվեց ավագը:
— Չէ, ուղղակի բանկետ է անում,- պատասխանեց միջնեկը:- Քրդի անձնագիր ձեռք գցեց, հավաքվում են նշելու: Ուրիշները քառապատիկ են ծախսում դրա համար:
— Չէ, գալիս եմ, ինձ էլ պիտի տանես, այստեղ արդեն տխուր է: Բիձան դեռ նոր է սկսել:
— Քրդի անձնագիրն ի՞նչ է անելու,- հարցրեց երիտասարդ սփյուռքահայը,- հիմա էլ Օջալանի հե՞տ պիտի կռվի:
— Քեզ միամիտի տեղ մի դիր,- պատասխանը ավագը,- ինձանից լավ գիտես, դրանով եվրոպաններում ի՛նչ թոշակ են ստանում:
— Որ այդպես է, մեր Նանարի համար էլ ճարենք, գուցե Ամերիկայում էլ են տալիս:
— Պապ, պապ, իսկապես լրիվ ցնդել ես,- այս չդիմացավ ավագ դուստրը,- արդեն հարբել ես. լավ կլինի՝ գնաս քնելու, էլ չես հասկանում, թե ինչ ես խոսում: Երեկ զանգահարել էր, Նանարին հարցրել, թե «Լինկոլնը» ինչ գույնի է նախընտրում, հետո գլխի էր ընկել, որ մեր Նանարն իսկի չգիտի էլ, թե «Լինկոլն» ինչ է: Դու գիտե՞ս, պապ, թե «Լինկոլնը» ինչ է: Նանարը չգիտեր, բայց հենց այնպես պատասխանել էր՝ ծիրանագույն: Գիտես՝ ի՛նչ էր ասել, գիտե՞ս: Ասել էր՝ հենց օդակայանում կստանաս որպես հարսանեկան նվեր: Չորս օրից ամուսնական ճամփորդության են մեկնում Կարիբյան կղզիներ: Գիտե՞ս, թե ինչ ասել է՝ Կարիբյան կղզիներ:
— Օ՜, դա շիկ է,- մեջ մտավ տարեց սփյուռքահայը,- շնորհավորում եմ, աղջիկս, դա արդեն ինչ-որ բան նշանակում է: Ինչո՞ւ չէիք ասում, որ փեսացուն այդքան հարուստ է:
— Լսեցի՞ր, պապ,- շարունակեց ավագը,- իսկ դու շարունակ փնթփնթում ես, դժգոհում: Ափսոս, շատ ծեր ես, թե չէ Նանարը քեզ էլ կտաներ, ու դու կտեսնեիր, թե ապրելը որն է: Հիմա ինքն է բոլորիս հույսը: Սկզբում կօգնի, որ այստեղ ապրենք, հետո մենք էլ կգնանք:
— Կգնաք, իհարկե, կգնաք,- գոռում էր հարբած Ղազարոսը:- Դրա համար էիք միաբերան համոզում աղջկաս, ինչքա՛ն լացացրիք խեղճին: Այդ հարստությունը թող իրեն պահի, աղջկաս հոր տեղ է գալիս: Մեկ շաբաթ մնաց այստեղ, մի օր առողջ չտեսանք: Քանի կար՝ ստամոքսն էր, հետո սիրտը, հետո էլ, հենց երկինքը ամպեց, թիկունքն ու ոտքերը:
— Հայրիկ, խնդրում եմ, բավական է,- ճչաց Նանարն ու գլուխն ափերի մեջ առավ:
Տարեց սփյուռքահայը զուր փորձեց գեղեցկախոսել, զուր կոչ արեց ու սկսեց հայրենասիրական, խրոխտ ինչ-որ երգ երգել մթնոլորտը մեղմելու համար:
— Հինգ աղջիկ ունես,- խոսակցությանը խառնվեց դուստրերից միջնեկը,- ո՞ր մեկիս ամուսնուց ես գոհ:
— Ճիշտ է, մի քիչ մեծ է,- շարունակեց ավագը,- բայց Նանարն էլ, մեր մեջ ասած, փոքր չէ: Ամերիկայից այստեղ խեղճը երեք անգամ գնաց-եկավ, մինչև փափկեցիք հայր ու աղջիկ: Այսքան կին ու աղջիկ կա այստեղ, հարցրու նրանց՝ որևէ մեկը կմերժե՞ր ամուսնության այդպիսի առաջարկը: Ամուսնացածներն էլ կփախչեին հետը:
— Դե, դե, չափդ ճանաչիր,- դիտողություն արեց ավագ փեսան՝ ավելի շուտ սեփական արժանապատվությունը պաշտպանելու, քան ուրիշիների վիրավորվածությունը մեղմելու նպատակով:
— Ճիշտ չե՞մ ասում,- համառում էր կինը,- այսքան հյուրերից քանի՞սն են հրավերով եկել, ինչի՞ են եկել: Օրինակ, այս պրեսսան: Քանի՞ տարի է՝ ոտք չի դրել մեռած հորաքրոջ տունը, քանի՞ տարի է՝ չի տեսել Նանարին: Հիմա ի՞նչ է պատահել, ինչո՞ւ է փորձում վերաթարմացնել բարեկամությունը: Կամ դո՛ւ, դու,- անցավ հարևանին,- քեզ որևէ մեկը կանչե՞լ է:
— Նրան բան չասես,- կրկին գոռաց Ղազարոսը:- Ես եմ նրան կանչել: Նա ինձ ավելի հարազատ է, քան դուք ու ձեր ամուսինները:
— Աղջկադ իրեն տայիր, գոնե մի սիրելի փեսա կունենայիր,- ասաց ավագ փեսան:
— Դու ձայնդ կտրիր,- շարունակում էր գոռգոռալ Ղազարոսը:- Ես հենց նրան էի կամենում, դու և կինդ Նանարին ետ համոզեցիք:
Հարևանը ցատկեց ոտքի, ցանկացավ ինչ-որ բան ասել, բայց ձեռքը ցասկոտ խփեց սեղանին ու դուրս փախավ:
— Հա, մենք թույլ չտվեցինք,- ասաց ավագ դուստրը:- Ու ճիշտ էլ արեցինք, չենք փոշմանել: Ո՞ւմ էիր տալու աղջկադ: Պարզապես ուզում էիր կողքիդ պահել: Մինչև հիմա դպրոցական վերջին դասարանի շալվարն է հագին: Գիտե՞ս՝ ինչու են մորը միաչքանի ասում, գիտե՞ս, որովհետև յոթ-ութ տարի առաջ ակնոցի մի կողմը կո-տրվել է, միակնանի ակնոցով է մարդամեջ դուրս գալիս:
— Վերջացրեք, խնդրում եմ, վերջ տվեք,- ճչում էր Նանարը:
Ղազարոսը գրկեց նրա գլուխը:
— Լաց եղիր, աղջիկս, թափիր հետագա կարոտիդ արցունքի ամբողջ պաշարը: Դու անպայման երջանիկ կլինես: Մոռացիր այս ամենը, բոլորիս մոռացիր: Ինձ ուշադրություն մի դարձրու, ես, երևի, իսկապես ցնդել եմ:
— Ասացի, չէ՞, սկսվելու է,- ասաց ավագ փեսան, ոտքի ելավ ու քենակալի հետ մեկական շիշ կոնյակ վերցնելով սեղանից, դուրս եկան:
Նրանց գնալուց հետո, լռության մեջ, նորից ուժգնացավ ահը: Տեսան, որ սարի կրծքին կրակե օղակը ահավոր մեծացել էր, մթության մեջ առավել սարսռեցնող ու վհատեցնող էր դարձել: Կանայք, չգիտես ինչու, շտապ գիրկներն առան իրենց երեխաներին:
— Սարը հրդեհել են,- ասաց լրագրողը,- պետք է նկարել:
— Բան չկա, մի վախեցեք,- հանգստացրեց Ղազարոսը,- քրդերը ցորենի տակն են այրում, սարի փեշերին, այս էլ երրորդ տարին է՝ ցորեն են ցանում: Հնձել են, ծղոտն են այրում: Բան չկա, մի վախեցեք, սարին ոչինչ չի պատահի:

«Գարուն», 1999, N10

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով