Մհեր Խաչատրյան. Ռոզան

Բարեկամներիցս շատերը 90-ականների սկզբին գնացին Ամերիկա։ Ռոզան էլ գնաց։ Հա, իդեպ, Ռոզան մորական պապուս հարազատ քույրն էր։
Ասում են շատ ծանր բնավորություն ուներ, սիրում էր ընտանեկան ինտրիգներ, խառնվում էր բոլոր բարեկամների գործերի մեջ։ Բայց դե Ռոզան էր, պապուս` Զավենի պես ունիկալ։
Իրենց հայրն ու մայրը շատ հարգված էին Երևանում։ Հայրը արմատներով քյավառցի (Գավառ լավ չի հնչում), հայտնի ներկարար Ուստա Սերգոն էր, մայրը` Շուշանը, հայտնի կամ ոչ այնքան «Շուշան Մամա»-ն։ Քաղաքի կենտրոնում էին ապրում, հախվերդյանական երևանցի էին։ Պապս երբ տեղափոխվեց Մոսկվա` որպես Մոսկվայի շրջանի նկարիչների միության նախագահ աշխատելու (ի դեպ` շատ լավ նկարիչ էր), Հրաչյա Ներսիսյանը, իրենց տան մոտով ամեն օր անցնելիս պարտաճանաչորեն հարցնում էր «Զավենը ո՞նց ա»։ Ուստա Սերգոն գրել-կարդալ չգիտեր, բայց տեղյակ էր ամեն ինչից։ Ամեն օր Շուշան Մամային խնդրում էր իր համար օրվա թերթը բարձրաձայն կարդալ։ Շուշան Մաման էլ շատ համեղ էր պատրաստում ու բնավորություն ուներ. ամեն օր կերակրում էր իրենց տան մոտակայքում «աշխատող» բեռնակիրներին։ Էն ժամանակ բեռնակիրները ուսներին պարան էին կապում ու դրանով կրում ամեն ինչ։
Շուշան Մամայի ու Ուստա Սերգոյի երրորդ զավակը հայտնի Գառնիկ Սերգեյիչ Դարբինյանն էր` 26 տարեկանում ՀԽՍՀ թեթև արդյունաբերության նախարար դարձած մի մարդ։
Հետո էդ ժամանակներն անցան, Սովետը վերացավ, Շուշան մաման ու Ուստա Սերգոն արդեն չկային, Գառնիկ Սերգեյիչն էլ չկար։ Մնացել էին Ռոզան, Զավենը ու նրանց ժառանգները, այդ թվում և ես։
Մի խոսքով` Ռոզան գնաց Ամերիկա։ Նույն Ռոզան էր, ծերանալ-մերանալ չկա։ Նույնիսկ էնտեղի հայկական սերիալներում էր նկարվում` որպես կոլորիտային տատիկ։ Մի քանի տարի առաջ Ռոզայի որդիներից մեկի` Լևոնի երիտասարդ դուստրը անհեթեթ պատճառով մահացավ։ Ռոզան ծանր տարավ թոռնուհու մահը, կտրուկ ծերացավ, բայց շարունակեց ապրել։ Հետո դարձավ 90 տարեկան, հավեսը փախավ ու մահացավ։ Հա, Դարբինյանները երկարակյաց են. մահանում են, երբ զուտ ապրելու հավեսները փախնում է։
Դստերն արդեն կորցրած Լևոնը Ռոզային բերեց Երևանում թաղելու` Ռոզայի խնդրանքով` Ուստա Սերգոյի ու Շուշան Մամայի կողքին։ Չնայած արդեն երկու շաբաթ է մահացած էր` բավականին թարմ տեսք ուներ Ռոզան։ Դե Ամերիկայում լավ բալզամներ կան, ասում են մի քանի տարի էդպես թարմ կմնա։ Համարյա Լենին։
Արդեն ժամը 2-ն էր, վերցնելու ժամանակը։ Սգո սրահի աշխատակիցները մոտեցան դագաղին, որ վերցնեն տանեն մեքենայի մեջ, հետո Թոխմախ։ Մի պահ նկատեցի, որ աշխատողները խառնվեցին իրար. դագաղի կափարիչը չէր փակվում։ Սեղմում էին, արանքում մնացած կտորը փորձում ներս մտցնել, հետո փակել, բայց ապարդյուն։ «Լավ դե, հիմա ժամանակ չկա։ Թող սենց կիսաբաց մնա, մեկ ա գերեզմաններում պիտի բացենք»։
Էդպես կիսաբաց տարան մեքենայի մեջ ու Թոխմախ։ Եկավ Ռոզային հրաժեշտ տալու պահը։ Տղան` Լևոնը, իսկապես հուզիչ բաներ ասաց։ «Մաման աղջկաս մահը ծանր տարավ, էս վերջերս էլ երազում տեսել էր իրեն» և նման բաներ։ Հետո հարազատներով մոտեցանք հրաժեշտ տալու։ Ճիշտն ասած ես էդպես էլ չսովորեցի ճիշտ հրաժեշտ տալ հանգուցյալներին. ուղղակի մի քանի վայրկյան կանգնեցի Ռոզայի գլխավերևում, անթարթ նայեցի, խաչակնքեցի ու հետ քաշվեցի։
Էս անգամ դագաղը դժվարությամբ, բայց փակվեց, սակայն փոսի մեջ իջեցնելու ժամանակ դխկոց եկավ։ Լռվել էր։ Փոսը նախատեսվածից փոքր էին փորել։ Հուզիչ պահերը մոռացվեցին, սկսվեց վեճը` գերեզմանափորների ու Ռոզայի հարազատների միջև.
-Ախր Լյովա ջան, մեզ ասել են 1 մետրը 2.20-ի վրա փորեք, մենք էլ փորել ենք։ -Բա խի՞ չի մտնում։
-Դե ամերիկյան դագաղ ա, երևի մեծ ա։ Թե ասա ալարո՞ւմ էր մետրով չափեր հետո ասեր։
-Հլը չափե՛ք։
Գերեզմանափորի մոտ էլ մետր չկար, բահով չափումներ արեց, ու պարզվեց, որ դագաղի երկարությունը 2.10 է, այսինքն դեռ մի 10 սանտիմետր էլ ավել են փորել։
-Բա ինչի՞ չի մտնում։
-Հաաաա, էս բետոնի կտորն ա խանգարում,- նկատեց գերեզմանափորը։ -Բայց ախր…
Ու էդպես մի 15 րոպե, մինչև հարազատներից մեկը գոռաց.
-Արա դե հիմա դրա վա՞խտն ա։ Մեկ ա պիտի քանդեք։ Արե՛ք, պրծե՛ք, գնանք, յա։
Հարազատների սգացող ու անթարթ հայացքների ներքո 15 րոպե «կվալդով» քանդեցին խանգարող կտորը։ Դագաղը փոսի մեջ իջեցնելու երկրորդ փորձը կարծես ավելի հաջող անցավ, սակայն կրկին դխկոց լսեցինք։ Խանգարող բետոնից դեռ մի քիչ էլ մնացել էր։ Եվս 15 րոպե ու վերջ, ստացվեց։ Ռոզային վերջապես ճանապարհեցինք Շուշան Մամայի, Ուստա Սերգոյի, Գառնիկ Սերգեյիչի ու պապուս` Զավենի մոտ։
Գերեզմաններից դուրս գալու ժամանակ բարեկամներիցս մեկն ինձ ասաց.
-Զգացի՞ր, Ռոզան չէր ուզում գնալ։
-Հա, կամ էլ հակառակը,- սրամտեցի ես։

«Գարուն», 2016, 1

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով