Լին Դուրյան

«Գարուն», 1967, 3
Առաջին ծանոթությունը ֆրանսահայ երիտասարդ երգչուհու հետ

Փոթորկվում էր դահլիճը: Ողջույնի ու շնորհակալության ջերմ բացականչություններ էին միահյուսվում, վանկարկվում էր «Բրավո»-ն: Իսկ լույսերով ողողված բեմահարթակից մի զույգ աչքեր, հայկական աչքեր էին ժպտում ոգևորված արվեստասեր հասարակայնությանն ու ջերմեռանդ երկրպագուներին… Նոր էր ավարտվել Վերդիի «Դոն Կարլոս» օպերան: Ներկաներին հրապուրողը իշխանուհի Էպոլիի դերակատարուհին էր՝ շնորհալի երգչուհի Լին Դուրյանը: Առաջին փորձությունն էր ու առաջին մեծ հաղթանակը:
«Զգայացունց դեպք օպերայում»,— երաժշտական քննադատ Մարսել Գլավրին այսպես էր վերնագրել իր հոդվածը ֆրանսիական «Քոմբա» օրաթերթում: Գնահատանքի բացառիկ տողերը խոսում են երիտասարդ արվեստագիտուհու կատարողական բարձր արվեստի և ձայնական տվյալների մասին:
Լինը նոր է բոլորել երեսուն տարին: Ծնվել է Ֆրանսիայի Լիոն քաղաքում: Տասնչորսամյա աղջնակը ի հայտ է բերում իր երաժշտական ունակությունները, սովորում Լիոնի երաժշտանոցի դասընթացներում: Շուտով ընդգրկվում է մի խմբի մեջ, կատարում իբերիական ժողովրդական երգեր: Դա չի գոհացնում նրան: Ծանոթանում է օպերային երգարվեստին և որպես երգչախմբի անդամ, ներկայանում է Փարիզի օպերա, ուր և անմիջապես ընդունվում է:
Ուրախացնող նոր լուրերը չեն ուշանում. տնօրեն Բոնվիլը Դուրյանին առաջարկում է օպերայում որպես մեներգչուհի հանդես գալ: Պայմանագիր է կնքվում: Եվ Լինը մեծ հաջողությամբ ելույթ է ունենում Ֆրանսիայի մի շարք գավառներում, իր երգացանկում ունենալով 11 դեր:
Այսօր երգչախմբի երբեմնի համեստ երգչուհին դերեր է ստանձնել միջազգային համբավ ունեցող աստղերի հետ, ինչպիսիք են Բորիս Քրիստոֆը, Բրյունո Պրեվետին, Սյուզան Սարոգգան և Լուի Քիլիգոնը:
Ֆրանսիական «Օրոր» թերթի երաժշտական քննադատ Ռընե Սերվին գրում է, որ իտալացի թատերագետներից մեկի կարծիքով Լինը հիշեցնում է նախապատերազմյան շրջանի մեծ երգչուհի Ստինյանիին: Իսկ ունկնդիրները խոսում են նրա ուժգին, նույնքան թավ ու հեզասահ ձայնի, զարմանալի ինքնավստահության մասին:
Լին Դուրյանը բարձր արվեստով կատարում է Վագների, Վերդիի, Բիզեի, Մասնեի ստեղծագործությունները: Տնօրեն Բոնվիլը ցնծության մեջ է: «Վերջապես գտանք այն մեծ մեցցոն, որը մեզ պակասում էր»,— ասում է նա:
Ընդարձակ է Լինի օպերային խաղացանկը՝ «Աիդա»-ի Ամներիսը, «Ռաու դ իս»-ի Մարգարիտը, «Տանհոյզերի»-ի Վենյուսը, «Վերթերի»-ի և «Կավալերիա»-ի գլխավոր դերերը և ամենից առաջ «Կարմենը»:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով