Հարդ-ռոքի գերաստղ Յան Գիլլան

«Գարունի» անդրադարձը Յան Գիլլանի 1990-ի մայիսի Հայաստան կատարած այցին՝ համեմված Գիլլանի հետ հարցազրույցով

Դուք ինձ տվեցիք ամեն ինչ, ու ես ձեր ամբողջ տվածը կտանեմ ինձ հետ աշխարհով մեկ: Ես ձեզ սիրում եմ՝ Յան Գիլլան:
Ամերիկացի լրագրող Լոդերին տված հարցազրույցի ժամանակ Փոլ Մաք Քարթնին ասել էր. «Ուզո՞ւմ եք, կազմեմ մի սիմվոլիկ ռոք-խումբ, այն երաժիշտներից, ովքեր իմ կարծիքով այսօրվա դրությամբ լավագույնն են. վոկալ՝ Ռոբերտ Փլանթ, կիթառ՝ Էդդի Վան Խալեն, ստեղնային գործիքի վրա՝ Սթիվի Ուանդեր, հարվածային գործիքներ՝ Ֆիլ Քոլինզ, բաս-կիթառ, որքան էլ անհամեստ է, բաս-կիթառ կնվագեմ ես»:
Հանրահայտ «Բիթլի» կարծիքը երևի թե պետք էր ընդունել առանց երկբայելու: Սակայն եթե իմ մեջ ծագեր սիմվոլիկ ռոք-խումբ կազմելու գաղափարը, ապա ես կվարվեի այլ կերպ, հարվածային գործիքները կթողնեի Ֆիլ Քոլինզի տրամադրության տակ, կիթառը՝ Բրայն Ջոնսի, ստեղնայինը՝ Էլթոն Ջոնի, (նաև որպես երկրորդ վոկալ), բաս-կիթառը «անհամեստորեն» կնվագեր Մաք Քարթնին, բայց որպես երկրորդ բաս-կիթառ կամ ռիթմ-կիթառ, կհրավիրեի նաև Դեյվիդ Գիլմորին: Նման երաժիշտ-կատարողների խմբում հարկ է, որ հնչի Յան Դիլլանի ձայնը:
Յան Գիլլան, այսինքն «Դիփ փըրփըլ», «Գիլլան», «Հիսուս Քրիստոս», Յան Գիլլան, այսինքն շոտլանդական ըմբոստ սիրտ ու լեռնեցու անապական հոգի. Յան Գիլլան, այսինքն ազնիվ արվեստագետի պրպտող կամք ու պատրաստակամություն, հարդ-ռոքի գերաստղ ու… ծով զգացմունքայնություն…
Անգլիական «Բարուչի լեժե էնթերփրայզ» ֆիրման, որը կազմակերպում է էստրադային աստղերի հյուրախաղեր Խորհրդային Միությունում (Սյուզի Քուաթրո, «Իմեջինեյշն») այս անգամ Մոսկվա, Երևան, Թբիլիսի, Մախաչկալա, Նալչիկ, Օրջոնիկիձե, Վոլգոգրադ, Կիև քաղաքներում ռոք երաժշտության սիրահարներին հնարավորություն ընձեռեց հանդիպելու Յան Գիլլանին:
Մայիսի 19-ին, երևանյան հյուրախաղերի երրորդ օրը, համերգային ծրագրում փոփոխություն մտավ: Փոփոխությունն արվել էր Գիլլանի խնդրանքով, Սպիտակից վերադառնալուց հետո:
Խելահեղ ռոքի մի քանի կատարում, և նա խնդրեց բոլորին հանդարտվել, «դառնալ մի ականջ» ու լսել մի մեղեդի, որ իրեն շատ է հազել. «Այդ երաժշտական գործիքը խոցել է իմ սիրտը: Սրանով հնչող երաժշտությունն ինձ հիշեցնում է «քանթրի մյուզիքը»:
Մթնած դահլիճը ողողվեց մոմերի, կրակվառիչների,
բենգալյան կրակների լույսով…
Չգիտեմ, ինչ նմանություն էր գտել երգիչը մեր թախծոտ դուդուկի ու անգլիական «քանթրիի» միջև, բայց ակնհայտ է, որ նա ոչ թե մնաց սոսկ «Երկրաշարժի ալբոմ» ձայնասկավառակի և վերջինիս մեկ միլիոն ֆունտ ստեռլինգ հասույթը Հայաստանին փոխանցելու հեղինակ, այլ Երգ բերեց մեզ ու այստեղ ոչ միայն տեսավ, այլև ԶԳԱՑ Հայաստանի ցավը: Դրանում ես համոզվեցի մեր զրույցի ժամանակ…

***

— Միստր Գիլլան, նախ ես ողջունում եմ Ձեզ Հայաստանում: Ասացեք խնդրեմ, ե՞րբ ծնվեց Հայաստան գալու գաղափարը, և ո՞վ կազմակերպեց Ձեր այս այցը:
— Իմ այս ուղեպտույտը Խորհրդային Միությունում լրիվ անկախ է ամեն կարգի պատասխանատու ձեռնարկումներից և երկրաշարժից հետո «Հայաստանին կենսական օգնություն» կազմակերպության աշխատանքների հետ չի առնչվում: Սա պարզապես սովորական, մասնագիտական ուղևորություն է:
— Երբ ասում ենք Յան Գիլլան, անմիջապես հիշում ենք Վեբերի և Թիմ Ռայսի «Հիսուս Քրիստոս-գերաստղ» ռոք-օպերան և բնականաբար Ձեր կատարումը:
— Օ, շատ շնորհակալ եմ: Այն Ժամանակ ես շատ երիտասարդ էի: Հիմա զգում եմ, որ շրջագայության ընթացքում անասելի հոգնել եմ: Սրանից մի շաբաթ առաջ մրսել էի, հիմա անընդհատ հազում եմ, դժվարանում եմ շնչել: Բայց օրըստօրե ավելի լավ եմ զգում և արդեն կարող եմ երգել ինչպես այն Գիլլանը:
— Չե՞ք պատրաստվում կրկին համագործակցել Վեբերի հետ: Այդպիսի մտադրություն չունե՞ք:
— Նոր գործե՞ր, էնդրյու Լլոյդ Վեբերի հե՞տ: Ոչ, չեմ կարծում: Մեր արածը ֆանտաստիկ փորձ էր: Այն, ինչ մենք անում էինք առանձնահատուկ, արտակարգ մի բան էր: Դրանից հետո այդպիսի գործեր շատ եղան: Հետո մենք գնացինք տարբեր ուղղություններով: Հիմա մեր երաժշտությունը տարբեր է:
— Գյոթեն ասում է. «Կա՛նգ առ ակնթարթ, դու սքանչելի ես»: Ձեր կյանքի ո՞ր ակնթարթը դուք կուզենայիք կանգնեցնել:
— Էհ, դա շատ սրտահույզ, խորաթափանց հարց է, և ես ուզում եմ լավ պատասխան տալ, ոչ թե պարզ մի պատասխան: Երբ ես շատ ծեր կլինեմ, երբ այլևս ոչինչ չեմ ունենա ասելու, այլևս բառեր չեմ ունենա, երբ այլևս չեմ կարողանա երգել, երբ ոչ մեկին օգտակար չեմ լինի, երբ կլինեմ վերջացած մարդ, մի քիչ
խենթացած, երբ այլևս չեմ կարողանա երգել, այդժամ… Բայց մինչ այդ ես բավական ուժեղ եմ զգում ինձ:
— Խոսքը ոչ թե ասելիք չունենալու, բեմին հրաժեշտ տալու մասին է, այլ կյանքի լավագույն ակնթարթը երկարաձգելու, մի պահ կանգնեցնելու մասին:
— Ես կողմնակից չեմ կյանքը կանգնեցնելուն: Ես գտնում եմ, որ այն պետք է նորից նոր վերսկսել:
— Լավ, այդ դեպքում այս հարցս ձևակերպեմ այսպես. Հայաստանում եղած այս չորս օրերի ո՞ր պահը Ձեզ դուր եկավ, ո՞ր պահը կհիշեք հետո:
— Իմ զգացողությունը այնպիսին է, որ Հայաստանում ինչ-որ բան կանգնած է, արգելակված: Մայիսի 19-ին Սպիտակում եղա: Կարծում եմ, որ ամենաէականը լսեցի քաղաքագլխի ընկերոջից: Նա ինձ ասաց, որ երկրաշարժի աղետից հետո երիտասարդների հարսանիքների ժամանակ երբևէ երաժշտություն չի հնչել: Նա ավելացրեց նաև. «Իմ կարծիքով դա սխալ է: Մենք պետք է ողբանք մեր կորուստներն ու զոհերին, պետք է միշտ հիշենք կատարվածը, բայց վաղ թե ուշ երաժշտությունը պետք է վերսկսվի այստեղ»: Եվ երբ հայ ժողովուրդը հոգեպես պատրաստ կլինի վերսկսելու երաժշտությունը, ապա մենք կնշենք լռած երաժշտությամբ արտահայտվող այդ հարգանքի տուրքը մի յուրօրինակ փառատոնով և կդարձնենք դա նշանակալից իրադարձություն, տոնակատարություն: Մի խոսքով, երբ ես լսեցի, որ այնտեղ մոտ ապագայում երիտասարդների հարսանիքների ժամանակ երաժշտություն պիտի հնչի, այդ պահը սքանչելի էր ինձ համար: Ինձ թվամ է՝ կյանքը պետք է ոչ թե կանգնեցնել, այլ վերսկսել:
— Միստր Գիլլան, Դուք Հայաստանի համար կազմակերպել էիք համերգ և մի յուրօրինակ ասուլիս Բի-Բի-Սի-ով: Ուղիղ հեռախոսակապ էր գործում, և ցանկացողները կարող էին զանգահարել ռադիոկայան: Դուք հարցերի էիք սպասում Հայաստանից և հաճախ հարցնում հաղորդումը վարողին, դեռ հարցեր չկա՞ն: Բայց հեռախոսահամարը կենտրոնական «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում սխալ էր տպագրված: Ի՞նչ զգացիք, ի՞նչ մտածեցիք, երբ երեքժամյա ծրագրի ընթացքում ոչ մի հարց չեղավ Հայաստանից:
— Գիտեք, այն Ժամանակ ես մոտավորապես եզրակացրի, բայց հիմա շատ լավ եմ հասկանում: Հայաստանում գտնվելուս առաջին օրվանից փորձում էի հեռախոսով խոսել կնոջս հետ և պարզվեց, որ շատ բարդ գործ է: Բայց ես կարծում եմ, որ աշխարհը փոխվում է: Ոչ միայն քաղաքագետների, ոչ միայն քաղաքականության և կրոնի միջոցով, այլ մասամբ նաև երաժիշտների ջանքերով. իհարկե սա մեծ հարցերին չի վերաբերում, բայց փոքր բաները փոխվում են, և դրա շնորհիվ մարդիկ ոգի են առնում: Ես հիմա վստահ եմ, որ ժողովուրդը եկել է դահլիճ, որպեսզի ասի. «Ողջո՞ւյն, ես սիրում եմ քեզ»:
— Ասել կուզե Դուք վստահ չէիք, որ ճանաչված և սիրված եք Հայաստանում:
— Իհարկե ոչ, որովհետև ես Հայաստանում չէի եղել երբեք: Ես մոլորվել էի, ես չէի հասկանում: Միակ մարդը, որ զանգեց Բի-Բի-Սի Հայաստանից, չգիտեմ պրեմիեր մինիստրն էր, թե պրեզիդենտը: Մի խոսքով նա էր, որ զանգեց, ես նրան լսեցի: Ճիշտ է, չհասկացա, թե ինչ ասաց, բայց զգացի, որ դա շնորհակալության և ողջույնի խոսք էր՝ ուղղված անգլիացիներին: Ես նորից եմ ուզում նշել, որ աշխարհը փոխվում է: Ինձ թվում է, որ մենք բոլորս դառնում ենք մի ընտանիք և ավելի նախաձեռնող: Երկար դարերի հիմարություններից հետո, քաղաքական ու կրոնական պատերազմներից հետո, կարծում եմ, որ ժողովուրդը, հասարակ ժողովուրդը, ոչ թե վրնախավերը (fat cats), վերջապես հասկացել է, որ մենք կարող ենք հաղորդակցվել: Հաղորդակցվել այնպիսի պարզ հարցերում, ինչպես կյանքն ու երաժշտությունը: Ու միմյանց նեցուկ լինել: Ցանկացած պայմաններում: Ես հաստատ համոզված չեմ, բայց սիրտս ինձ այդ է ասում:
— Ի՞նչ եք սիրում ամենից շատ:
— Ինչ եմ սիրու՞մ: Հավասարապես սիրում եմ երգել, լինել երաժիշտների հետ, շրջել աշխարհում, նվագել: Սա ամեն ինչ է ինձ համար: Ինչպես նաև իմ ընտանիքը’ կնոջս, դստրիկիս: Ընտանիքս նույնպես ամեն ինչ է ինձ համար: Աղջիկս վեց տարեկան է: Երեկ հեռախոսով խոսում էի նրա հետ, նա լաց էր լինում, որ հայրն իր մոտ չէ: Նրա համար շատ դժվար է հասկանալ, որ իր հայրը պրոֆեսիոնալ երաժիշտ է և պետք է շրջի աշխարհով մեկ: Երբ մեծանա, հուսով եմ կհասկանա, թե ինչու էի ես նրան մենակ թողնում տանը, դպրոցում, մոր մոտ: Կհասկանա, որ ես իրեն չէի վերցնում ինձ հետ միայն մի պատճառով, և դա այն է, որ սիրում եմ նրան: Միայն թե սա ավելի ուշ, ավելի ուշ:
— Իսկ ի՞նչ եք ատում ամենից շատ:
— Դա խճճված հարց է, և պատասխանն էլ խճճված կլինի: Ինչը որ ատամ եմ ամենից շատ՝ խառնակություն մտցնող հիմարություններն են: Ես շատ հարգել եմ ու այժմ է մեծագույն հարգանք ունեմ բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր հավատում են իրենց Աստծուն: Մինչև տասնչորս տարեկան մեծացել էի որպես մի սովորական քրիստոնյա: Հետո, երբ կարդացի Աստվածաշունչը, զգացի, որ մոլեռանդ հավատացյալ եմ: Ես կարդացել եմ գրքերում ու պատմություններ լսել այն մասին, թե ինչպես են մարդիկ կռվում ի սեր իրենց Աստծո: Ես կարծում եմ, որ ամենայն կրոն մարդկանց սրտերին կոչված է հաղորդել հավատքով լի լավագույն զգացողություններ, և շատ եմ ուզում մտածել, որ մի օր կրոնն ու ատելությունը հոմանիշներ չեն լինի: Սա ամփոփում է այն ամենը, ինչ ես երգում եմ քաղաքականության և կրոնի մասին: Մի յուրօրինակ ինքնավստահություն կա յուրայինների հանդեպ, մենք ճիշտ ենք, դուք սխալ եք: Այս ամենը հանգեցնում է կռվի, պատերազմի: Ես ցանկանում եմ ուժերս բաշխել երաժշտության, գրականության և գեղարվեստի այլ ճյուղերի վրա ու օգուտ բերել մարդկանց սրտերին, որովհետև չկա պատերազմ, չկա կռիվ երաժշտության մեջ: Այսպիսով ես գտնում եմ, որ ապագաս ոչ թե ազգություններինը կամ կրոններինն է, ոչ թե հայերինը, թուրքերինը, ռուսներինը, ադրբեջանցիներինը, ֆրանսիացիներինը, անգլիացիներինը, ճապոնացիներինը, հարավաֆրիկացիներինը, ամերիկացիներինը կամ գերմանացիներինը: Ապագան ողջ մարդկային ցեղինն է, մարդկությանը: Այն մարդկությանը, որը մի ժողովրդի պես միասնական կլինի: Ապագան երկու, երեք, ԲՈԼՈՐ ԺՈՂՈՎՈԻՐԴՆԵՐԻ ՄԻՄՅԱՆՑ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ մեջ է: Իմ երազանքը շատ խենթ երազանք է: Գիտեմ: Ամեն մարդ կարող է ասել. «Հա՜-հա՜-հա՜, դու հիմար ես, որովհետև մենք ուժեղ ենք, մենք այս ենք, մենք այն ենք, սևեր, սպիտակներ, կարմիրներ, դեղիններ»: Խենթ երազ է, գիտեմ, բայց գոյատևելու ուրիշ հնարավորության չկա: Պարզապես չկա: Այսպիսով, կարծում եմ, որ որպես մեկ ժողովրդի նման մարդկություն, գոյատևելու հնարավորություն մարդկային ցեղն ունի, հակառակ դեպքում՝ չունի…
— Մենք, դժբախտաբար, շատ քիչ բան գիտենք Ձեր վերջին տարիների երգերի մասին: Խնդրեմ մի քանի խոսքով պատմեք Ձեր վերջին տարիների աշխատանքների մասին:
— «Դիփ փըրփըլում» ներկայումս շատ դժվարին կացություն է: Ես դադարել եմ նրանց հետ երգել: Խմբում բոլորը խենթացել են: Ես այլևս նրանց կազմում չեմ: Այնտեղ միշտ էլ շատ դժվար է եղել: Անընդհատ վեճեր են գնում, չգիտեմ էլ, թե ինչու: Ես մինչև հիմա էլ մեծ սեր ունեմ իմ սրտում ու մեծ հարգանք դեպի այդ խմբի անդամները: Շատ հպարտ եմ, որ ժամանակին եղել եմ «Դիփ փըրփըլում»: Ես հեռացել եմ խմբից, բայց գործադուլ չեմ հայտարարել: Այժմ իմ ապագան իմ երաժշտության հետ է, իմ այս խմբի հետ, որի անդամներն ուղղակի հրաշալի տղաներ են. հարվածային գործիքներ՝ Թեդ Մաք Քենն, կիթառ՝ Սթիվ Մորիս, բաս-կիթառ՝ Քրիս Գլին, ստեղնային գործիք՝ Թոմի Իըր, ռիթմ-կիթառ՝ Միք 0՛Դոնըգ և երկրորդ վոկալ՝ Դեյվ Լլոյդ: Իմ ապագան այս խմբի և ընտանիքիս հետ է: Հիմա ես սիրում եմ երաժշտությունը, բեմն ու շրջագայություններն ավելի, քան երբևէ: Ես միշտ սիրել եմ դրանք, բայց այժմ դրանց նշանակությունն ավելի եմ կարևորում: Եվ կարծում եմ, նոր եմ հայտնաբերել, որ երբ մոռանամ ես դրամի մասին, այնժամ լիակատար խաղաղության ես գտնում:
— Միստր Գիլլան, ես ուզում եմ Ձեզ նվիրել մի փոքրիկ խաչքար: Խաչը բոլոր քրիստոնյաների խորհրդանիշն է, խաչքարը՝ Հայաստանի: Դրանց վրա հայոց հոգին կարելի է տեսնել: Ուզում եմ, որ Դուք սա Ձեզ հետ վերցնեք:
— Օ՜, շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ: Ի՜նչ լավ եք մտածել: Իսկ հոգի՞ն… Այո: Շատ շնորհակալություն: Երբ հայ ժողովուրդը նորից պատրաստ կլինի երաժշտության համար, մենք կկազմակերպենք միջազգային մի մեծ փառատոն, որի նպատակը մեկը կլինի՝ վերսկսել երաժշտությունը Հայաստանում: Դա կլինի հաջորդ տարի կամ երկու տարի անց, չգիտեմ: Երբ հայ ժողովուրդը պատրաստ կլինի, մենք կգանք և կտանք նրան երգ ու երաժշտություն:
— Ուրախ կլինենք կրկին ուրջունելու Ձեզ:
— Շնորհակալություն:

Զրույցը վարեց Աննա Կարպետյանը

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով