Հայտնաբերված է Միքայել Նալբանդյանի կորած վեպը

«Գարուն», 1967, 1
Այս համարի նյութերը շարված էին, երբ խմբագրությունն ստացավ Միք. Նալբանդյանի կորած համարվող վեպի հայտնաբերման լուրը: Նալբանդյանից անհայտ էին 6 գործ, ինչպես նաև բազմաթիվ հոդվածներ ու նամակներ: Դրանց հետ նաև «Մինին խոսք, մյուսին հարսն» վեպը, որի մասին պահպանվել են միայն մի քանի կցկտուր տեղեկություններ: Վեպը, որն առնված է Նոր-Նախիջևանի ժողովրդի կյանքից, առաջին անգամ տպագրվել է 1871 թ. «Մեղվում» (ընդամենը 88 տող), բայց ինչ-ինչ պատճառներով Սվաճյանը դադարեցրել է նրա արտատպությունը: Չնայած չեն պահպանվել «Մեղվի» 57-61 համարները, բայց այնտեղ եղած լինելու դեպքում անգամ չէր կարող ավարտվել այն: Որ վեպը 1858 թ. հեղինակի ցանկությամբ արգելվել է, այդ մասին է ասում Ստ. Նազարյանցի վկայությունը 1867 թ. ապրիլի 3-ին Հ. Հովսեփյանին ուղղված նամակում, որտեղ նա գրում է. ««Մինին խոսք, մյուսին հարսն» ասած գործը հանգուցյալ Նալբանդյանի, մինչև օրս կալած և կաշկանդված մնացել է տպարանում, որովհետև հեղինակը չկամեցավ դորան հրապարակ տալ, ուրեմն և ստանալ կարելի չէ նորան»:
Այս է այն բոլորն, ինչ հայտնի է նալբանդյանագիտությանը: Եվ ահա, ավելի քան հարյուր տարի հետո, հայտնաբերվեց Նալբանդյանի ցանկությամբ արգելված վեպը, այն 1858 թ. տպարանից գաղտնի հանված սկզբնօրինակ է, որը պահպանվել է, և գտնվում է բեյրութցի Վահե Սեթյանի մոտ: Վերջինս պատրաստվում է հրատարակելու այն:
Դրա ֆոտոպատճեների երկու օրինակներից մեկն է, որ վերջերս պրոֆ. Մորուս Հասրաթյանը հայրենիք բերեց Բեյրութից:
Լուծվեց նալբանդյանագիտության առեղծվածներից մեկը ևս:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով