Վահագն Դավթյան. Ծարավ

Շոգի անշշուկ ալիքներն էին
Իջնում մրափած քարափներն ի վար,
Եվ ծարավ հողի աղերսն էր անձայն
Թավալվում այդ նույն քարափներն ի վեր…

Եվ չկար կապույտ,
Եվ չկար ստվեր,
Երկինքը ասես արև էր հսկա ու համատարած,
Եվ այն ձորն ասես աշխարհաստեղծման այն քուրան էր շեկ,
Ուր ժայռ են ձուլել, ապառաժ ու քար:

Եվ կապույտ չկար,
Եվ քամի չկար,
Կար շեկ լռություն,
Մաքրություն մի շեկ
Ու շեկ մի ծարավ:

Ճանապարհը ինձ այդ ձորը տարավ,
Եվ ինձ հետ էր նա,
Նա՝ իմ ծարավը,
Նա, որ չգիտի, թե գիշերները մինչև լուսաբաց
Ինչ զարմանալի խոսքերով եմ ես զրուցում իր հետ
Եվ ինչ կարոտի առասպելներ եմ պատմում ես իրեն…
Նա՝ իմ ծարավը,
Նա, որ հայտնությամբ իր անակնկալ
Հուր աստղեր դրեց իմ երազների ափերի մեջ բայց,
Եվ մահվան խորհուրդն անգամ դարձրեց
Լույսի ու բարու շարունակություն…
Նա՝ իմ ծարավը.
Նա, որ ինձ ծանոթ ճամփաների տեղ
Իմ դիմաց փռեց
Անհայտի ուղին.
Որի սկիզբը մի անմեկնելի հայացք է միայն,
Ընթացքը՝ մի շեկ, այրող մի ծարավ…

Եվ այդ ծարավն ինձ այն ձորը տարավ.
Ձորը Գեղարդի,
Ուր հեռու մի օր հավատի ձեռքով
Ու սիրո ձեռքով ժայռերը փորում
Եվ դնում էին ժայռերի սրտում
Բյուրեղյա վանքեր, զանգեր բյուրեղյա,
Մատուռներ բյուրեղ,
Ամեն մեկը մի քարե կախարդանք…

Ու մենք կիսամութ մի մատուռ մտանք,
Եվ մտանք այնպես,
Որ այնտեղ նիրհող կապույտ դարերը չարթնանան հանկարծ,
Եվ լռությունը չբանա հանկարծ կոպերն իր կապույտ…

Մենք այդպե՞ս մտանք,
Եվ վայրկյանը մեզ կանգնեց հսկումի,
Մի անքննելի, անիմանալի,
Անխոհ մի վայրկյան,
Որի վեհերոտ տևողությունը չի չափել ոչ ոք:

Քարե մատուռի քարե կամարին
Լուռ գոյանում էր
Քարերից քամվող արցունքի մի շիթ:
Հսկումի կանգնած այդ վայրկյանի մեջ
Լոկ աչքեր կային խոշոր ու վճիտ,
Վճիտ աչքերում
Ահի ալեկոծ ստվերներ կային,
Ու խռովքի մեջ՝ ալեկոծության
Վախվորանքը կար գլխապտույտի…

Եվ ի՞նչ արի ես…
Հսկումի կանգնած այդ վայրկյանի մեջ
Ես զույգ ձեռքերով նրա դեմքն առա,
Ու դեմքն էր հլու…

Եվ վայրկյանի մեջ,
Որի վեհերոտ տևողությունը չի չափել ոչ ոք,
Ես այն աչքերի մարումը տեսա,
Ես նվաղումը տեսա կոպերի
Եվ տեսա նաև անտեսանելին՝
Ես գոյացումը տեսա արցունքի…
Այն աչքերն հանկարծ լրիվ լցվեցին արցունքի լույսով…

Եվ իմ բախտն էր դա…

(… Գիտեմ, ժամանակն առաջ կսուրա,
Կբերի թախիծ
Եվ ունայնության փոշի կբերի,
Բայց բավ է, որ ես
Հոգնաբեկ նստեմ իմ ճամփի վրա
Եվ հիշել հանկարծ
Լուռ գոյացումը
Այն մի շիթ խոշոր,
Վճիտ արցունքի,
Որ արտասուքը դողա սրտիս մեջ…)
Եվ ի՛նչ արի ես…—
(Թող իմ հեռավոր, վիմափոր նախնին
Ների հեթանոս իր շառավիղին),
Ես համբուրեցի շուրթերը նրա…
Քարե կամարին
Քարերից քամվող կաթիլն արցունքի
Ընկավ ծանրացած ու զնգաց քարին…

Նա փարվել էր ինձ,
Նա՝ վախվորածն իմ,
Նա՝ իմ սխրալին,
Նա՝ հայտնությունս,
Տոնս,
Կիրակիս,
Նա՝ առեղծվածս,
Անիմանալիս…

Քնքշանք ու մրրիկ,
Մրրիկ ու քնքշանք,
Ես օրհներգում եմ դաշնությունը ձեր…

Եվ այդ քնքշության մրրիկի միջից,
Իմ գրկի միջից
Փախավ նա հանկարծ,
Փախավ տատրակի, ճառագայթի պես:

Ու մութ մատուռից երբ դուրս եկա ես՝
Գլխապտույտ էր աշխարհում արար,
Եվ առավել էր սիրտս ծարավել…

«Գարուն», 1967, 1

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով