Մկրտիչ Սարգսյան. Ազապ Վաղոն

«Մեր հները» շարքից

Ինչքան սիրահարվեցի՝ խաբվեցի։ Ում վրա աչք դրի, ուրիշն եկավ, զարկեց ու տարավ։ Աստծո առաջ ազապ մնալու ուխտ արի: Չոր գլուխ մնացի, անպտուղ մնացի, թաց բարձով մնացի:
— Պա՛պ, կպատմես սիրահարվելդ,— խնդրում են ջահելները։
— Ինչո՞ւ չէ, ձագե՛րս, կպատմեմ։— Ու պատմում է,— առաջին սերս Մարգարիտն էր։ Տասնութ տարեկան էի։ Մարգարիտին գիտե՞ք որտեղ տեսա: Կուռնաշեթ ուխտ էինք գնացել, նրանք էլ ֆայտոնով եկել էին… Պատմում է Վաղոն։ Սիրուն է եղել Մարգարիտը։ Ինքը՝ ջահել ու խելառ։ Կուռնաշեթ գյուղի սուրբ Խաչ վանքը լիքն է եղել ուխտավորներով։ Թնդացել է դհոլ-զուռնան. աղջիկները նազանք են պարել, տղաները՝ գժություն։ Ժպտացել է Մարգարիտը Վաղոյին, իսկ սա խելագարի նման նետվել է ս. Խաչ վանքը, Աստվածամոր նկարի տակ մոմ է վառել, որ պաշտպան դառնա իր սիրուն և մուրազը կատարի։ Հետո, կտրել է աղջկա ճամփան և խանչալը հանել.
— Մարգարի՛տ,— ասել է,— թե մեր տան հարսը դառնաս, սիրտս քեզի փեշքեշ, չդառնաս, խանչալը կխրեմ լերդ ու թոքդ դուրս կթափեմ… Աղջիկը կողքանց ժպտացել է և շշուկով, բայց հատ-հատ արտասանել.
— Խելա՛ռ, սիրտդ կուզեմ։ Ձերոնց մեր տուն ուղարկիր, իսկ խանչալդ՝ գրողի ծոցը։
Ծփացել է Վաղոյի սիրտը: Հարբել է նա և ճգնավորի քարի գլխին մինչև լույս պարել ու երգել: Ուշ գիշերով նրան տեսնողները փախել են լեղաճաք, և մյուս օրը քաղաքը թնդացել է անսովոր նորությունից, թե՛ «սատանաները էս գիշեր ճգնավորի քարին հարսանիք էին անում»։
— Բայց ուրբաթը շաբաթից շուտ եկավ,— հառաչում է Վաղոն,— ինձի զինվոր տարան։
Կռիվ է գնացել, արյուն է թափել Վաղոն: Եվ կրակների միջով անվթար տարել է Մարգարիտի կարոտն ու սերը: Զորացրվել է, տուն է դարձել Մարգարիտի պսակվելու օրը: Քաղաք մտնելուն պես՝ լուրը խանչալի նման խրվել է սիրտը.
— Էլ տուն չգնացի, մտա եկեղեցի էն ժամին, որ կհարցներ. «—Տե՞ր ես, որդյակ»։
— Տե՛ր եմ,— ականջիս դիպավ Կուպեց Սիրականի ձենը։
— Տերը ե՛ս եմ, — գոռացի ու խելառի պես թռա դեպի սուրբ սեղանը։ Խև էի, խև։ Կհիշեմ. Մարգարիտիս ուշքն անցավ։ Կուպեց Սիրականը դեղնեց լվացքի սապոնի պես։ Ժողովուրդը խառնվեց իրար: Դանակ քաշեցի: Բայց Կուպեց Սիրականը առաջ եկավ.
— Քու մեծ ախպերդ իմ ընկերս է, Վաղո՛, էնոր հիշատակի սիրուն, տունս մի՛ քանդե…
Ձեռքերս թուլացավ: Մեծ ախպերս ֆրոնտում զարկվել էր։ Կուպեց Սիրականի հետ մոտիկ էին, Դանակը նետեցի ու տխուր-տրտում գնացի տուն։
Ու պատմում է Ազապ Վաղոն, թե ինչի՜սի մեծ տանջանքներ է ապրել նաև մյուս սերերը կորցնելիս.
— Կսիրահարվեի՝ ուրախութենեն կխենթանայի, կկորցնեի՝ տխրութենեն։ Թանկ գտածս՝ էժան կկորցնեի։
Մարգարիտին կորցնելուց հետո, ինձի տվի հարբեցողության ու անառակության։ Ելել էի խղճիս դեմ։
Անիչկան օֆիցերի կնիկ էր: Ռուս կնիկ էր, շոլկըվի կնիկ: Անիչկայի հետ սեր կապեցի։ Սիրահարությունը անառակության դեմ բան է։ Սիրելով կնոջը գրկելը սուրբ գործ է, չսիրելով գրկելը՝ շան գործ։ Անիչկան շատ սիրուն կնիկ էր, բայց մարդուն չէր սիրե։
— Կծեծե զինվորներուն, կխմե, ինձի էլ կծեծե,— լալիս էր Անիչկան։
Մարդ ինչքան անաստված պիտի լիներ, որ ձեռք բարձրացներ Անիչկայի վրա։ Կնիկ չէր, հրեշտակ էր, որ կտեսնեի էնոր երեսհարքն ու քայլվածքը, ինքս ինձի կխանդեի, «Թագավորի բախտը, Վաղո ջա՛ն, քու բախտը»— կասեի։ Շատ կսիրեի, շա՛տ… Որ կգրկեի, ինձի էնպես կթվար, թե անմահութենս կղրկեմ, որ կհամբուրեի, կվախենայի, թե ուրախութենես հանկարծ չմեռնի՞մ…
— Հետո՞, հետո՞…
— Հետո՛, էս ամենն ընկավ Անիչկայի մարդու ականջը։
Դարանել են Վաղոյին։ Անիչկայի ամուսինը մի քանի զինվորներով բռնել է նրան սիրած կնոջ հետ և հենց նրա աչքերի առջև, այնքան ճիպոտել Վաղոյի փափուկ տեղերը, որ սա ցավից, բայց ավելի շատ ամոթից, ուշաթափվել է։ Սիրած տղամարդուն անպատված տեսնելով, չկարողանալով տանել ամուսնու անսրտությունը, Անիչկան լքել է ամուսնուն և փախել, հայտնի չէ, թե ուր…
— Բայց ես վրեժս առա էդ պարուչիկեն։ Մեր ձորում բռնեցի էնքան տվի, որ մազ մնաց էն աշխարհը էրթար, ափսո՜ս, Անիչկան չկար, որ տեսներ, և աչքն ու ունքը բացվեին…
Ու Սիրիր է քշվել Վաղոն։ Քայլել է անծայր հեռուներում, ծանրորեն զնգացնելով աքսորականի ծանր շղթաները։
— Որ օֆիցեր կտեսնեի փափուկ տեղերս կցավեին, բայց սիրտս ավելի…
Սիբիրը միայն տաժանավայր չի եղել։ Սիբիրը եղել է նաև հեղափոխական մկրտության ավազան։ Շփվել է բոլշևիկներին և համակրել նրանց։ Կովկաս է վերադարձել բոլշևիկյան զորամասերի հետ, և նրա սիրային վերջին նովելը հյուսվել է պատերազմի ճամփաներին։ Հայ բուժքույր է եղել, Շուրա անունով։ Խաժ աչքեր է ունեցել և հոգատար ձեռք։ Վաղոյին փրկել է արնաքամվելուց։ Վաղոն սիրել է նրան և սիրվել նրանից։ Զորամասն իջել է հարավ։ Վաղոն հոգում փայփայել է հարսնացուի հետ տուն գնալու հույսը։ Իսկ երբ հեռու-հեռվում մի փունջ արևի տակ նկարվել է հայրենի քաղաքը, Վաղոն աղջկան հայտնել է իր մտադրությունը.
— Շուրա ջա՛ն,— ասել է՝ գրկելով աղջկա ուսերը,— ուրիշները դհոլ-զուռնով հարս կերթան, դու հրով ու սրով, բայց էս սերն ավելի անուշ է։ Տե՛ս, մեր քաղաքը, էդ քու ռեզիդենցիան է…
— Ասելիքդ ի՞նչ է,— ժպտացել է աղջիկը։
— Տուն կերթանք, ազի՛զ, ամուսնանանք, տուն-տեղ դնենք։
Աղջիկը ծիծաղել է բարձրաձայն, մատով կտտացնելով Վաղոյի քթին.
— Չեղա՜վ, Վաղարշակ Սեմյոնովիչ,— ասել է,— քո մանր բուրժուական առաջարկությունը ես ընդունել չեմ կարող, այս պայմաններում դու…
Եվ լռել է, փաստորեն մերժելով Վաղոյին.
— Է՜հ, — օրորում է գլուխը Վաղոն,— Շուրան մեղք չուներ: Նոր աշխարք էր ստեղծվել, Շուրան էլ կկարծեր, թե սերն էլ պիտի փոխեր իրա ձևն ու պատկերքը։ Ասի՝ Շուրա ջա՛ն, ախր ամուսնանալն ի՞նչ կապ ունի բուրժուայի և պրոլետարի հետ։ Ասավ դու դեռ պետք է քաղգրագիտություն ձեռք բերես, Վաղարշա՛կ։ Ասում եմ, բա մեր պրոլետարական սերն ի՞նչ տեսակ պիտի լինի, արի այդսլես էլ վարվենք։ Ասում է՝ ի՞նչ իմանամ, և ուսերը կցնցե… Ա՜խ, դու աղջի՛կ, ուսերը ցնցելով ընտանիք չի ստեղծվի, սուրբ պսակով կլինի էդ բանը։
Աղջիկը սուրբ պսակ արտահայտության պատճառով խիստ ընդհարվել է Վաղոյի հետ։
— Ուրե՛մն, Վաղարշակ Սեմյոնովի՛չ, մեր միջև ամեն ինչ, համարենք վերջացած…
Եվ վերաջացել է Ազապ Վաղոյի սիրային Ոդիսականը։ Այլևս չի սիրել, չի կարողացել սիրել։
— Աչքս կնիկարմատներեն վախեցավ։ Գրագիտութենս էլ պակաս էր, նորեն կպա իմ գործին։ Քար կտաշեի, տուն կշինեի։ Բայց իմ տունս կիսատ մնաց, տխուր ու անձեն։ Մահեն շատ կվախենամ, շա՜տ, որովհետև չոր գլուխ եմ, անպտուղ եմ, թաք բարձով եմ… Հավիտյա՜նս հավիտենից ազապ…
«Գարուն», 1967, 1

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով