Արքմենիկ Նիկողոսյան. Ուրիշ պատասխանատվություն

«Գարունի» 2016 թվականի 1-ին համարի՝ «Ինչպե՞ս անդրադարձավ անկախությունը գրականության վրա» հարցին պատասխանում է Արքմենիկ Նիկողոսյանը:

Անկախությունը նախ քաոս ծնեց, անկապ դեսուդենություն, շտապ կարգ հաստատելու վտանգավոր ամենաթողություն, բայցև՝ անկախ պետականության պայմաններում գրականություն ստեղծելու բախտավորություն, որի գիտակցումը հետագայում օգնեց շտկել սկզբի բացթողումները: Անկախությունն օգնեց ազատագրվել բազմաթիվ բարդույթներց, բայց իր հետ բերեց նոր բարդույթներ, որոնք հայ պոեզիան տեղ-տեղ դարձրին անթիրախ, ձևը տիրական դարձրին բովանդակության հանդեպ, հայ արձակը տեղ-տեղ դարձրին բառակույտ, ամենաթողության բարբաջանք, պարապ վախտի խաղալիք, ազատությունն ու անկախությունը առավել հաճախ համաբանվեցին ամենաթողության հետ, որի պատճառով երբեմն կտրվեց ժառանգորդական շղթան ու ավանդույթը դիտվեց իբրև ծիծաղելի կատեգորիա…
Անկախությունը մեր գրականությանը օժտեց պատասխանատվության ուրիշ արժեհամակարգով, և հայ գրականությունը լիարժեքորեն կրեց ու կրում է մեր պետականության կայացման ընթացքի դժվարությունները, երբեմն՝ ուղիղ արտացոլումներ չտալով, այնուամենայնիվ, իր բնույթով հրաշալիորեն պատկերեց ու պատկերում է նորանկախ Հայաստանի իրականությունը, հատկապես՝ հոգևոր-բարոյական կացության, իդեալների ու արժեքների ոտնահարման մտայնության առումով:
Այնուամենայնիվ, անկախության ամենակարևոր պարգևը հայ գրողին ու հայ գրականությանը՝ հնարավորությունն էր ազատագրվելու բազմաթիվ գաղափարական բեռներից և դրսևորվել այսպես ասած՝ մաքուր գեղագիտության տիրույթում: Ու լավագույն մասով՝ անկախության շրջանի գրականությունը այդ հնարավորության իրագործումն է, ու լավագույն մասով՝ անկախության շրջանի գրականությունը՝ Երկրի ու Պետության Տիրոջ իրացրած տեքստի հնարավորությունն է: Անկախությունը մեր գրականությունն օժտեց բազմազանությամբ, բարդույթներ հաղթահարելու, նոր տարածքներ ու տարածություններ որոնելու և դրանք մեզնով անելու խիզախություն, տվեց նոր անուններ, որոնք մեր ժամանակներն արժևորելու չափանիշ են…

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով