Հարություն Մարտիրոսյան. Հազարամյակների վարագույրը ետ է գնում

Անցյալ դարի կեսերից մինչև մեր օրերը Հայաստանի անդնդախոր կիրճերում, հովիտներում, երկնասլաց լեռների ստորոտներին հայտնաբերվել և ուսումնասիրվել են հարյուր հազարավոր հնագիտական ու ճարտարապետական հուշարձաններ: Դրանք տեղաբնիկների շուրջ միլիոն տարվա տնտեսական, մշակութային, քաղաքական զարգացման ու ժողովրդի անխորտակ ոգու հրաշապատում հուշարձաններ են: Այսօր էլ, սակայն, մեր երկրի ինքնատիպ հուշարձանները չեն դադարում զարմացնել մարդկային ամենապայծառ երևակայությունն անգամ և հրամայական պահանջ են ներկայացնում անցած-գնացած սերունդների նյութական ու հոգևոր կյանքը խորապես ուսումնասիրելու՝ մեր նոր կյանքին ի սպաս դնելու:
Հնագիտական 1966 թվականն էլ իր արդյունքներով չափազանց առատ էր ու զարմանահրաշ: Մայր Արաքսի բարեբեր հովտում, նրա վաղուց ցամաքած վտակների ափերին, հետախուզական նոր պրպտումներով (Ռ. Թորոսյան) հայտնաբերվեցին պղնձեքարեդարյան ժամանակների (մ. թ. ա. 5-4-րդ հազարամյակներ) բացառիկ նշանակություն ունեցող հուշարձաններ: Դրանք պատկանում են համամարդկային քաղաքակրթության այն շրջանին, երբ Հին Արևելքի առավել զարգացած ցեղերն ու ժողովուրդները իրենց մտածված, ստեղծագործ ջանքերով ստացան աոաջին հատիկն ու պտուղը, առաջին բույսն ու թուփը: Նրանք ստեղծեցին առաջին պարզունակ խեցանոթներն ու պղնձե գործիքները, ընտելացրին կենդանիների առաջին հոտերը, հնարեցին բրուտագործական դուրգն ու անիվը և այլ հրաշալիքներ: Տնտեսական առաջադիմության այս պրոցեսը, որ ընթանամ էր Ասիայի ընդարձակ տարածություններում, ընդգրկում էր Արաքսի, Եփրատի, Տիգրիսի վերին և միջին հոսանքներով սահմանափակված Հայկական լեռնաշխարհն ու հյուսիսային Միջագետքը՝ իրենց հզոր խուրրի-սուբարական նախահայ ցեղախմբերով: Այժմ արդեն շատ մասնագետների կարծիքով՝ նախահայ-խարրիտների ստեղծած մշակույթն, իր պատկառելի հնությամբ ու արժանիքներով, կարող էր մրցել Շումերական քաղաք- պետությունների, սեմիթական Միջագետքի ու Եգիպտոսի մշակույթների հետ:

ՇՔԵՂ ՈՒ ԲԱԶՄԻՄԱՍՏ ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐԸ

Պղնձե-քարեդարյան վաղ ժամանակներին են պատկանում Գեղամա (Ա. Պետրոսյան) և Սյունյաց (Կարախանյան, Սաֆյան) լեrների գագաթների մոտ 1966 թվականին հայտնաբերված հարյուր հազարավոր ժայռապատկերները: Ժսսյռապատկերներ, որոնք սկզբնավորվել են նոր քարեդարյան մշակույթի վերջին փուլում՝ մեզանից 7-8 հազար տարի առաջ, և հարատևել ողջ նախնադարի ընթացքում: Սրանք ժայռերի ողորկ մակերեսներին փորագրված կենդանիների, մարդկանց, որսորդների, երկնային մարմինների վիշապօձերի երևակայական կամ առասպելական էակների նկարներ են: Լինելով նախնական ցեղերի հոգևոր ստեղծագործության արգասիք, ժայռապատկերները պարզունակ, բայց անմիջական ձևով արտացոլում են հրաշալի երևակայությամբ լի բնիկների կյանքի մանրամասները: Երկաթաքարի լերկ մակերեսներին արտաբերելով եղնիկ-եղջերուների, քարայծերի, վայրի ցուլերի հետապնդման ու որսի տեսարաններ՝ նախնադարի մարդիկ հավատում էին, որ ապահովել են որսի հաջողությունը:
Պատկերելով ընտանի մանր անասունների մեծ ու փոքր խմբեր՝ հոտաղների ու շների ուղեկցությամբ, անասունների կախարդման, ծիսական պարերի տեսարաններ, նրանք հավատում էին, որ հիմք են դնում նյութական բարեկեցության գեղեցիկ հեռանկարին: Անլեզու քարերին էին տալիս իրենց զգացմունքը, մտքերն ու խոհերը, իղձն ու պաշտամունքը:
Հիշատակված «երկրային» պատկերներից բացի, Գեղամա, Սյունյաց և Արագածի լեռներում շատ են հանդիպում երկրաչափական մարմիններ՝ կենդանիների, օձերի, մակույկավոր մարդկային կերպարների, խեցգետինների պատկերներով: Այդ բոլորը ուղղակի կապված են լուսատուների և տիեզերքի վերաբերյալ այն ժամանակվա կրոնական ու գաղափարական հասկացությունների հետ: Սրանք էլ նախնական երկ-րագործ և անասնապահ ցեղերի զորավոր աստվածություններն էին: Եվ սրանց քմահաճույքներն ու «բարի վերաբերմունքը» չափազանց թանկ էին բնապաշտ նախահայ-խուրրիտների համար:
Լուսատուների ու տիեզերքի մասին ստեղծված պաշտամունքները այսօրվա մեր աստղագիտության ու տիեզերագիտության պարզունակ, բայց ամրակուռ հիմքերն էին, որ դարեդար ավելի որոշակի բնույթ էին ստանում ու զարգանում՝ պաշտամունքից դեպի գիտություն:
Նորահայտ ժայռապատկերների բազմաթիվ սյուժեները, գրեթե անմիջականորեն կապվում են 5-7-րդ դարերի հայ հանճարեղ մտածողներ Եզնիկի, Խորենացու, Շիրակացու աշխատություններում արծարծված մտքերին: Կապվում են նաև հայ բանահյուսության և ազգագրության գանձարաններում պահպանված տիեզերական պատկերացումների բազմաթիվ պատառիկների հետ և մեկնաբանվում նրանց օգնությամբ:
Կասկածից դուրս է, որ լեռների գագաթների մոտ սփռված ժայռապատկերների առանձին խմբերը կիսաքոչվոր անասնապահների հնագույն բացօթյա սրբատեղիներ էին: Այնտեղ հավաքվում էին մեր հեռավոր նախնիները՝ սրբազան արարողությունների ու գուշակությունների համար: Թե որքան շքեղ ու հետաքրքրական է այս պատկերների ներքին իմաստը, այժմ էլ կարելի է կռահել: Սակայն այդ խնդիրները կարող են խորությամբ մեկնաբանվել տարիների քրտնաջան ոաումնասիրությունների միջոցով միայն: Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիան առանձնահատուկ նշանակություն է տալիս այս հուշարձանների ուսումնասիրությանը: Կազմված են ժայռապատկերներն ուսումնասիրող արշավախմբեր, որոնք ուսումնասիրության աշխարհներ կգտնեն Հայաստանի բազմահազար ժայռապատկերներում և կոլեկտիվ ստեղծագործական մտքով ու կամքով հազարամյա խավարից լույս աշխարհ կհանեն մեր նախնիների խորախորհուրդ գաղտնիքները:

ՔԱՆԴԱԿՆԵՐ, ՈՐՈՆՔ ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ

Պակաս հետաքրքրական չեն նաև մեր մշակույթի զարգացման հաջորդ՝ վաղ բրոնզեդարյան (մ. թ. ա. 3-րդ հազարամյակի) փուլին պատկանող նոր հուշարձանների հայտնագործությունները: Դրանց ուսումնասիրությունը ցույց է տալիս Հայկական լեռնաշխարհում բյուրեղացած խուրրիտ-նախահայրերի մշակութային և տնտեսական առաջադիմությունը՝ նախորդ, պղնձե-քարեդարյան ժամանակների համեմատ. խուրրիտների բնակատեղիները մ.թ.ա. 3-րդ հազարամյակում տարածվում են Աղձնիքից, Սասունից, Հայկական Միջագետքից մինչև Քուռ և Արաքս գետերի հովիտները, մինչև Փոքր Կովկասի լեռները: Իսկ անկրկնելի գեղեցիկ մշակույթն իր ազդեցության ճառագայթներն է սփռում Ասորիքի ու Պաղեստինի, Հյուսիսային Միջագետքի, արևմտաիրանական սարահարթի քաղաքակիրթ օջախների, կովկասյան շատ ցեղերի ու ցեղախմբերի վրա: Ժամանակակից անգլիական որոշ գիտնականների կարծիքով Հայաստանի վաղ բրոնզեդարյան ցեղերի մշակութային ազդեցությունը տարածվում է մինչև Եգիպտոս, Միջերկրականի ափերին զետեղված երկրներն ու Բրիտանական կղզիները: Հնարավոր է, որ այս տեսակետները չեն հիմնավորվում պատմական իրողությամբ: Սակայն նրանք մատնանշում են Հայաստանի վաղ բրոնզեդարյան մշա-կույթի հսկայական նշանակությունը՝ Արևելքի ու Արևմուտքի ընդհանուր առաջադիմության ասպարեզում:
Ահա այս ժամանակաշրջանին են պատկանում 1966 թվականին Արարատյան (Է. Խանզադյան) և Շիրակի (Տ. Խաչատրյան) դաշտերում հայտնաբերված երկու նոր բնակատեղիները՝ իրենց միանգամայն եզակի հուշարձաններով:
Արտաշատի նախկին Ջաբախալու գյուղի մոտ, բարձրադիր բլրի վրա զետեղված Ջրահովտի հին բնակատեղիի մշակութային շերտերի խորությունը հասնում է 12-15 մետրի: Դրանից կարելի է ենթադրեր որ այստեղ մարդիկ բնակվել են հազարամյակներ անընդհատ՝ գուցե նոր քարեդարյան ժամանակներից սկսած: Ջրահովտի բնակավայրի գոյության վերջին շրջանին են պատկանում միայն մ.թ.ա. 3-րդ հազարամյակի բազմաթիվ կառույցների մնացորդները: Դրանք զետեղված են իրար վրա՝ հինգ անընդմեջ ենթաշերտերով, աղյուսաշեն կլոր ու քառանկյունի շինությունների լավ պահպանված նմուշներ են: Հարուստ են սև, փայլեցրած խեցեղենի, մարդակերպ ու կենդանակերպ արձանիկների, աշխատանքային գործիքների բազմաթիվ օրինակներով: Ջրահովտի հետազոտված բնակատեղին արժանի է լուրջ ոաումնասիրության: Յուրահատուկ է նաև Արթիկի կիկլոպյան կառույցում բացված պաշտամունքային շինություններից մեկը, որը առանձնապես հարուստ է հին արվեստի հուշարձաններով: Սրանք բազմաթիվ են, բազմապիսի, որոշ չափով ռեալիստական, բայց և խիստ ոճավորված, ժամանակակից մոդեռնիստական արվեստի նմուշներ հիշեցնող: Կավե արձաններ, արձանիկներ ու մոդելներ են՝ ընդհանրացման մեծ ուժով և ներշնչանքով կատարված: Առանձնապես աչքի են ընկնում ծավալային քանդակի ձև ունեցող ընտանի կենդանիների բավականաչափ խոշոր գլուխները, կանանց կիսանդրիները, մարդկանց ու կենդանիների կանգնած մանր ֆիգուրները և զարդանախշ խեցեղենը: Արթիկի հուշարձանի ողջ կոմպլեքսն ու ներքին իմաստը հիշեցնում են Հայկական լեռնաշխարհի սահմաններից ոչ հեռու Կոնիայի դաշտում բացված նեոլիթյան (7-6-րդ հազարամյակներ մ.թ.ա.) հրաշալի հուշարձանները՝ Չաթալ-Հույաք բնակավայրում:

ՄԵԾԱՄՈՐԻ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

Հնարավոր չէ մի քանի տող չնվիրել Մեծամորի այժմ արդեն հայտնի բնակավայրի 1966 թ. պեղումներին (Կ. Մկրտչյան, Է. Խանզադյան): Հետազոտությունների ընթացքում հայտնաբերվեց մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջերին և 1-ին հազարամյակի սկզբներին պատկանող մի ընդարձակ մեհյանի, կամ ավելի ճիշտ սրբատեղիի եզակի շինություն: Մեծ ու փոքր զոհասեղանները զետեղված են կենտրոնական ամենամեծ զոհասեղանի հիմքի մոտ և առանց մեծ տարբերությունների կրկնում են նրա որոշ մանրամասները: Մեծ զոհասեղանի կլոր
պատվանդանն ունի 1 մ բարձրություն, 2 մ լայնություն: Կենտրոնական գոգավորության մեջ ածխի ու մոխրի մնացորդներ կան, պատվանդանի
եզրին կանգնած են երեք ուղղահայաց ֆիգարներ՝ վեր «խոյացող աշտարակներով», կամ թևերով: Մեծամորը, հետազոտողների կարծիքով, յոթ կրակարաններ են՝ արևի, լուսնի և հինգ մոլորակների պաշտամունքին նվիրված: Չմերժելով այս ենթադրությունը, անհրաժեշտ է նկատի ունենալ նաև Հ. Իսրայելյանի այն կարծիքը, թե Մեծամորի սրբատեղիի ֆիգարները չափազանց նման են «մայր աստվածության» կանացի կուռքերին: Հայաստանում ու Առաջավոր Ասիայում դրանց բազմազան տեսակները կապվում էին բնիկների հիմնական պաշտամունքի ու գաղափարախոսության՝ պտղաբերության, բնության զարթոնքի հետ:

«ԲՐՈՆԶԱԳՈՐԾԻ ԱՐՀԵՍՏԱՆՈՑՈՒՄ»
Մեծամորի բլրի հակառակ՝ արևելյան լանջին հայտնաբերվեց մ.թ.ա. 1-ին հազարամյակի սկզբների ոչ պակաս հետաքրքրական մի շինություն, որը պայմանականորեն անվանում են «բրոնզագործի արհեստանոց»: Այս օբյեկտի կուլտուրական շերտը հագեցված է բաց տիպի բազմաթիվ օջախներով, ածխով ու մոխրով, աշխատանքային մեծ ու փոքր քարե գործիքների զանազան նմուշներով, որոնց կոնկրետ ֆունկցիոնալ նշանակությունն առայժմ այնքան էլ պարզ չէ: Հնարավոր է, սակայն, որ այս նոր հուշարձանը կապ ունի Մեծամորի արևելյան բլրալանջին բացված 12 թոնրատիպ փոքր ձուլարանների, ավելի մեծ ծավալի աղյուսակերտ վառարանների, ինչպես նաև հումքի հարստացման խոշոր հարմարանքների հետ: Դրանք բռնում են շուրջ մեկ հեկտար տարածություն, բաղկացած առվակների մի ամբողջ սիստեմից, իրար մեջ կապված քառանկյունի, ոչ խորը ավազաններից, մեծ ու փոքր տրամաչափի հորերից և հումքի մշակման այլ հարմարանքներից: Արտադրական հագեցված կոմպլեքսների առկայությունն իսկ Մեծամորի հուշարձանը դարձնում է առաջնակարգ ոաումնասիրության պեղավայր: Չնայած դրան, բացարձակապես սխալ է տարածված այն տեսակետը, թե իբր Մեծամորը ընդհանրապես Հայաստանի ու Առաջավոր Ասիայի հնագայն ու խոշորագույն մետաղագործական կենտրոն է: Մ.թ.ա. 7-6-րդ հազարամյակների մետաղագործության պարզորոշ հետքեր ու ապացույցներ այժմ արդեն շատ կան Անդրկովկասի, Սովետական Հայաստանի սահմաններում և Առաջավոր ու Փոքր ասիական մի շարք այլ շրջաններում: Մյուս կողմից, միանգամայն հասկանալի է, որ հին աշխարհի և առանձնապես Հայաստանի մետաղագործական խոշոր բազաները զետեղված էին հանքանյութերով հարուստ լեռների փեշերին՝ հումքի աղբյուրների անմիջական հարևանությամբ: Այնուամենայնիվ, Առաջավոր Ասիայի ուսումնասիրված արտադրական կոմպլեքսների մեջ Մեծամորը ամենամեծն ու հետաքրքրականն է:
Մեծամորը պատկանում է ուշ բրոնզեդարյան և վաղ երկաթե դարի ժամանակաշրջաններին, երբ Հայկական լեռնաշխարհն Առաջավոր Ասիայի խոշորագույն մետաղագործական կենտրոնն էր, կամ այդպիսիներից մեկը: Այստեղ հայտնաբերված արտադրական նստվածքների, թափոնների, խարամների, մետաղյա փոքրիկ իրերի սպեկտրալ և քիմիական անալիզները ցույց են տալիս, որ Մեծամորի արդյունահանության մեջ կարևոր տեղ էր բռնում պղնձամկնդեղային, պղնձաանագային խառնուրդների ստացումը:
Մեծամորի աշխարհագրական դիրքը չափազանց նպաստավոր էր. գտնվում էր Արարատյան դաշտի կենտրոնում: Հին աշխարհի առևտրական ճանապարհների խաչմերուկն էր դա: Կարևոր էր նաև սառնակունք աղբյուրների, լճակի, ծառ ու ծաղկի առկայությունը, հողի հարստությունն ու հումքի մոտավոր բազաների գոյությունը: Այս բոլորը Մեծամորի բնակատեղին դարձրել էին ոչ միայն ծաղկուն ու բարեբեր մի օազիս, այլև նյութական արտադրության և մեր նախնիների կրոնի ու պաշտամունքի մի խոշոր կենտրոն: Մեծամորի երկրաչափական ու կենդանակերպ ժայռապատկերները, անկասկած, կրոնական բնույթ ունեն: Ինչպես ենթադրվում է, Մեծամորի աստղաբաշխական նշաններ կրող արհեստական հարթակներն էլ կարող էին ծառայել գուշակությունների և աստղազարդ երկինքը դիտելու գործնական միջոցառումների հա-մար: Այստեղ ամենահետաքրքրականն այն է, ոք Մեծամորի աստղաբաշխական նշանները համապատասխանում են հայկական ձեռագրերում պահպանվածներին: Նշանակում է՝ և՛ հայերը, և՛ նրանց հեռավոր նախնիներն օգտվել են մեկ ընդհանուր աղբյուրից: Ինչպես նշում է 7-րդ դարի խոշորագույն մտածող Անանիա Շիրակացին՝ այդ ընդհանուր աղբյուրն հին արևելքի, այդ թվում և Հայաստանի համար, բաբելական աստղագիտությունն էր:

ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ՍԱՐՍԱՓԵԼԻ ՏԵՍԱՐԱՆՆԵՐԸ

1966 թվականին շարունակվում էին նաև Ուրարտական նշանավոր քաղաքների պեղումները: Մ.թ.ա. 8-րդ դարի խոշորագույն քաղաքներից մեկը Մեծամորից ոչ հեռու գտնվող Արգիշտիխինիլին էր. հիմնադրվել է 776 թվին ջրաբաշխական հզոր ցանցի վրա, Արաքսի ձախ ափին: Արգիշտիխինիլին աճել, դառել էր մեծ քաղաք՝ ամրակուռ բեր-դերով, պալատներով ու տաճարներով, ընդարձակ ու բարեկարգ թաղամասերով:
1966 թվի աշխատանքներով (ղեկ. Ա. Մարտիրոսյան) բացվեցին քաղաքի արևմտյան ամրոցի կրկնապարիսպները՝ իրենց բոլոր մանրամասներով: Իր ներկա տեսքով այս ամրոցը կրկնում է ասսուրական ռելիեֆների վրա քանդակված բերդերի և պաշտպանողական կառույցների արտաքին նկարագիրը։ Ամրոցի հյուսիսային պարսպապատի տակ, նրա ամբողջ երկայնքով մեկ, հողի թանձր շերտից ազատվեցին 7-6-րդ դարերում կառուցված բազմաթիվ աղքատիկ հյուղակներ, որոնք կրակի ճարակ էին դարձել մեդա-սկյութական վերջին արշավանքի պահին։ Ամրոցի կործանման զարհուրելի պատկերը կրկնվեց մեր աչքի առաջ նաև պալատական շինությունների մեջ, որտեղ ի հայտ եկան սարսափելի տանջանքներով մեռած դեռատի աղջիկների ու կա-նանց կմախքներ՝ թշնամու արձակած նետերը ոսկորների մեջ: Առաջներում ուսումնասիրված Թեյշեբաինի և Էրեբունի քաղաքների կործանման պատկերն էլ նույնն էր։ Կարելի է ենթադրել, որ Արարատյան դաշտի բոլոր քաղաքներն էլ ավերվել ու թալանվել էին մեդա-սկյութական այս վերջին արշավանքի պահին, շատ կարճ ժամանակամիջոցում:
ՆԵՐՇՆՉՎԱԾ ԱՐՎԵՍՏԻ ՄԵԾ ՈՒԺՈՎ
Իր անկրկնելի գեղեցկությամբ ու նյութերի յուրօրինակությամբ նորից փայլեց մեր քաղաքամայր Երևանի հնագույն նախնին, ուրարտական Էրեբունին, որի հիմնադրման 2750-ամյակը նշվելու է 1968 թվին: Անցյալ տարվա պեղումների ընթացքում (ղեկ. Կ. Լ. Հովհաննիսյան) պալատական խոշոր դահլիճներից մեկում հայտնաբերվեցին Արգիշտի 1-ին և Սարդար 2-րդ թագավորների բազմաթիվ սեպագիր արձանագրություններ և աշխարհիկ որմնանկարների անկրկնելի բեկորներ: Որմնանկարը վերականգնում է թագավորական որսի մի շքեղ տեսարան. ուրարտական թագավորը՝ իր մարտակառքով ու հեծյալ մարտիկների հոծ բազմությամբ, որսի շներով, հետապնդվող հովազների, առ-յուծների, վայրի ձիերի, ցուլերի երամակներով ու հոտերով: Ներշնչման ու ռեալիստական արվեստի մեծ ուժով են կատարված սլացող սև նժույգները, թփերում թաքնված հորթուկը, գազանների լեշը կրծող շները և մի շարք այլ դետալներ:
Էրեբունիի բազմագույն որմնանկարները ամենալավերն են ամբողջ Առաջավոր Ասիայում և հաջողությամբ կարող են մրցել հին Եգիպտոսի վարպետների աշխատանքների հետ:
Վերջերս հայտնի դարձավ, որ անցյալ տարի նմանօրինակ բազմագույն որմնանկարներ են հայտնաբերվել նաև Վանի շրջակայքում պեղված ուրարտական ամրոցներից մեկում։
1966 թվականին շարունակվում էին նաև ուրարտական Թեյշեբաինի քաղաքի, Լճաշենի, Իջևանի ամրոցների ու դամբարանադաշտերի, Սևանի ավազանի կիկլոպյան բերդերի պեղումները, որոնք նույնպես հետաքրքրական արդյունքներ են տվել: Ներկա փոքրիկ հաղորդման շրջանակները, սակայն, չափազանց նեղ են՝ կատարված բոլոր աշխախատանքները ներկայացնելու կամ բնութագրելու համար:

«Գարուն», 1967, 6

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով