Ֆելիքս Շաքարյան. Նա մնաց սարերում

Գյուղը լանջերին է, սակայն միջնակարգ դպրոցի կողքին ընկած ժայռոտ տարածությունն է միայն կոչված լանջ: Սա գյուղամեջն է, այստեղ է կանգնում բեռնատար «տաքսին», որով մարդիկ գնում են շրջկենտրոն, պետական ու անձնական գործերով: Գանձապան Ղուկասին հարկավոր է ամսվա մեջ մեկ օր բանկ գնալ, բայց ստիպված գնում է ավելի շուտ, որովհետև սովխոզը աշխատում է վնասով և ցանկացած ժամանակ իրենց հաշվում փող չի լինում:
Լանջում հավաքվում են գյուղի փողոցները: Կա նաև մի փոքրիկ, հին գերեզմանոց, որի չեչոտ քարերին նստոտելով, ծերունիները թազբեն են գցում:
Ծերունիներից մեկը թեքվում է կողմ և նկատելով ինձ.
— Ո՜վ ես, այ որդի,— հարցնում է:
Ասում եմ, որ եկել եմ հողանմուշներ վերցնել, իրենց գյուղի ագրոքիմիական քարտեզը կազմելու համար:
— Էդ ո՞նց եք անում:
Բացատրում եմ:
— Հա՜,— ասում է հիացմունքով ու շարունակում,— այ որդի, էս մեր գյուղի քարտեզն է՞,— գյուղի հատակագիծը գետնին փռելով, ծերունին չոքում է:—Էս հողի համար վեճ կար,— ճաքճքված ձեռքը դնում է մի կետի,— հա, էն լուսահոգի Բակունցը եկավ, քրքրեց պատմությունը, հողը տրվեց մեզ: Էս հանդին Խոյասար ենք ասում: Սարի տակ զանգակ աղբյուր կա, ճանճոտ տեղ էր: Բակունցը շինեց… հա՜, քրքրեց պատմությունը, և հողը տվեց մեզ:
Ծերունին (Բաղդասար բիձեն) դառնացած պատմեց, որ շրջանի ղեկավար աշխատողներից մեկի
կարգադրությամբ մի քանի օր առաջ Խոյասարի մի մասը տվել են ուրիշ տնտեսության: Դիրեկտորը Բաղդասար բիձուն խիստ անպատվելուց հետո հրաժարվել է իր արարքից: Ծերունին վիրավորվել էր նաև իրենց սովխոզի դիրեկտորի հաշտվողականությունից:
— Ինձ նամար չէ, իմ թոռների նամար է, Մարտիրոսի թոռների, Հունանի… Էդ հողի համար քսան թվին իր պապը չի զոհվել: Վաղը, երբ ազատեն աշխատանքից, նրանց երեսին է նայելու՝ պաշտոն տվողը ո՛չ ես եմ, ո՛չ Մարտիրոսը, ո՛չ Հունանը, նրանք են: Նրանք էլ կասեն՝ քո էսենցն ու էնենցը, մեզ չէիր լսում, հիմա գնա բանվորություն արա, քար ու ցեխ հասցրու պատդիրներին… բա՜ս:
Բաղդասար բիձեն գիտեր, որ մեծ տարածությունները չափում են նիվիլիրով: Բակունցը չափել է նիվիլիրով, իսկ սրանք՝ քսան մետրանոց ժապավենով: Երբ ծերունին պատմել է Բակունցի մասին, շրջկենտրոնից եկած հողաշինարարը չի ճանաչել:
1926-28 թվերին Հայաստանի շրջաններում մեծ ծավալով հողաշինարարական աշխատանքներ են կատարվել: Իսկ Բակունցը այդ գործում եղել է լավագույն մասնագետ: Այս գյուղում էլ է եղել:
Քսանյոթամյա Բաղդասարը մի իրիկուն նրան ուղեկցել է ջրաղացպան Հովսեփի մոտ և հին, ծխակոլոլ ջրաղացում, մարխի լույսի տակ Սկսելը գրի է առել խուլ ու մթին անտառներում կատարված դաժան եղելություններ:
Ես մնում եմ մտորումներիս հետ:
Բակունց… մի կիսատ ճանապարհ…
Բաղդասար բիձեն ասաց, որ աշխարհը հիմա խելոքացել է և խոսքը տարավ հասցրեց իրեն մտատանջող հարցին:
— Հրաշք մարդ էր: Հիմա էն տեսակ մարդիկ, դժվար են պատահում: Մեկ-մեկ մտածում եմ, վեր կենամ, գնամ Գորիս, բայց կամ պառավս է հիվանդանում, կամ տավարին է բան պատահած լինում, կամ էլ էս անտեր թևիս ցավը նորից է սկսվում:
Եվ դժգոհեց պառավի հիվանդությունից, տավար պահելու դժվարությունից ու թևում շրջող բեկորից:
Ինձ հետ աշխատելու եկած տղաները հավաքվեցին: Բաղդասար բիձեն վեր կացավ.
— Ես էլ եմ գալիս,— ասաց նա,— գնամ հաց վերցնելու:
Ճանապարհին նա պատմում էր գյուղի հիմնադրման պատմությունը՝ լուսավոր ու մռայլ եղելություններով, զարմանալիորեն ճշմարտանման ու առասպելական: Ինձ ճամար կենդանանում էին Խուփ Քարի ձորի ավերակները, ձորագլխի քանդված մատուռը, չորացած աղբյուրները՝ մեծ և փոքր պասերով, նավասարդի ու վարդավառի տոներով: Եվ պատմում էր այնպիսի համոզվածությամբ, որ թվում էր, թե ոչ թե վաթսունվեց, այլ երկուհարյուր տարեկան է: Հետո ես իմացա, որ նա գյուղի տարեգիրն է:
Լեռնալանջին եգիպտացորենի արտն էր: Բույսերը կարճ էին մնացել, դիրեկտորի կարծիքով՝ անձրևներ չլինելու, իմ ու Բաղդասարի կարծիքով՝ հողի անզորության պատճառներով: Այդ հողակտորը, որ ուներ բավականին թեքություն՝ եգիպտացորեն մշակելու առաջին տարուց վարել են ուղղահայաց, և անընդմեջ եգիպտացորեն ցանել: Առաջին տարին հեկտարից ստացել են 300 ցենտներ բերք, սակայն տարեցտարի այդ թիվը փոքրացել է: Անձրևաջուրը և ձյունաջրերը քշել-տարել են հողը, բացվել է ապարը: Դաշտի միջին մասերում վարելաշերտի հզորությունը քսան սանտիմետր էր: Բաղդասար բիձեն հողակտորի ծայրին ցույց տվեց ճաքճքված մի քարաժայռ.
— Տասը տարի առաջ հազիվ էր երևում:
Տնքաց ու ափսոսաց հողը, որ գնացել է անվերադարձ, ինչպես մարդն է գնում:
— Հարկավոր է ընդարձակել վիկ-վարսակի, գարու, ոլոռի ցանքատարածությունները, մշակել երեքնուկ ու կորնգան,— ասացի,— բոլ-բոլ անասնակեր կլինի, կդադարի հողի էրոզիան:
— «Գալուստի վիկը» կարդացե՞լ ես,— հարցրեց:
Գլխով արեցի:
— Էդ գիրքը, մեկ էլ «Կարտոֆիլի մշակությունը» Բակունցը նվիրել էր ինձ: Առաջ էնքա՜ն վիկ էինք մշակում, թողեցի՞ն, որ… 39 թվից էս կողմ մեր տնտեսությունում կարտոֆիլի սորտը չի փոխվել, ո՞վ է հետաքրքրվողը: Բան չունես:—Հետո պայծառացավ,— նամակ գրեցի Բակունցին, որ վիկից բարձր բերք ենք ստացել՝ հեկտարից երեսուն ցենտներ չոր խոտ: Ծանրոցով նոր սերմացու ուղարկեց, բա՜ս… Հեյ գիտի, հա՜:
Տխրեց, նստեց ժայռին:
Բակունցի աղբյուրի մոտ Բաղդասար բիձու ունքամեջը բացվեց: Դողդոջուն ձայնով երգեց հին, մոռացված մի երգ.
— Բակունցից եմ լսել,— ասաց,— անմահական ձայն ուներ…
Տղաները իրար նայեցին: Կռատուկի լայն տերևի վրա, հաց ու պանրի կողքին, հայտնվեց սալորի օղին: Եվ քառասուն տարի անց Բաղդասարը խմեց իրեն պատահած ամենալավ մարդու կենացը: Թրջվեցին աչքերը.
— Չէ՛, էս աշունք գնալու եմ Գորիս,— թևով սրբեց աչքերը:— Ոնց էլ լինի, գնալու եմ, թեկուզ մի ոտքս գերեզմանում է:
Մութ էր, որ վերադարձանք սարերից: Գյուղի գլխին, այգու դռնակի մոտ, Ղուկասը բարկացած խոսում էր մի կնոջ ճետ.
— Հիմա հարս չես բերելու, էլի՞:
— Չէ՞, մտադիր չեմ,— դժգոհ պատասխանում էր կինը:
— Խելք չունես, խելք,— ձայնը բարձրացնում էր Ղուկասը:— Տունդ ոնց որ խանութ լինի, ունիվերմագ: Իրար գլխի ես թափել հազար ու մի զիբիլ, հարս բեր, տունդ շնորհքի գա:
— Միտք չունեմ,— կրկնեց կինը:
Լուռ անցանք նրանց մոտով:
Իրիկունը հեռուստացույցի առաջ նստած ֆուտբոլ էինք նայում, տեսանք մառախլապատ Անգլիան:
— Պահո՜,— ձայն տվեց Բաղդասար բիձեն,— էս ի՞նչ երկիր է:
Հողանմուշները շրջկենտրոն տեղափոխելու համար լուսաբացին եկավ բեռնատարը: Իջանք ցած:
Վարորդը շտապեցնում էր:
— Գնաս բարով, որդիս,— վերջին անգամ ասաց Բաղդասար բիձեն,— Գորիս եմ գնալու:
Մեր բեռնատարը հեռացավ:
Նա մնաց սարերում:

«Գարուն», 1967, 6

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով