Աննա Ազբեկյան. Կեսգիշերից մի քանի ժամ առաջ

— Ես մտքիս գիտակցաբար թույլ չեմ տալիս ճանապարհորդել Տոսկանայի ու Շինոնի միջև: Չեմ ուզում համեմատության մեջ դնել երկու տարբեր մտածելակերպ: Մշտապես ստիպված եմ մի շարք մտքեր փակել մութ դարակներում շիզոֆրենիայից խուսափելու համար, հասկանո՞ւմ ես, կարծես թե դրանք գոյություն չունեն: Մոռանալ մի աշխարհընկալման մասին մյուսը ճշտորեն հասկանալու համար, պատկերացնո՞ւմ ես` ինչ եմ ասում. որպեսզի մաքուր լինի ընկալումը, ազդեցություններից զուրկ,-Ֆրանկը մատուցողին հասկացրեց միայն կոկա-կոլա ավելացնել Կամիլիային մատուցվելիք վիսկի-կոկա բաժակին, բայց բոլորիս կարծիքով արդեն բանը բանից անցել էր: Երբ Կամիլիան սկսում էր Տոսկանայից խոսել, սեփական ոտքերի վրա կանգնել ի վիճակի չէ:- Ողբերգությունը սկսվում է ավելի ուշ, երբ փորձում ես աշխարհին նայել քո մյուս` նախկին հայացքով… Ժամանակավորապես մութ դարակներում պահածդ տեսնում ես, այ քեզ բան, չկա… ջնջվել է, ձևափոխվել… այո, ձևափոխվել, չեմ ուզում ասել խեղաթյուրվել, բայց դե առանց քո կամքը հարցնելու խառնվել է մյուսին, ձուլվել… ու եթե նույնիսկ տարբերես խառնված կտորը ու հանես, իզուր է, մնացածն արդեն կրում է դրա համը, ինչպես ապուրը սխտորի կտորը հանելուց հետո:
— Էհ, Կամիլիա, կան ապուրներ, որ դրանց հենց սխտորն է համ ու հոտ տալիս,- իրեն բնորոշ բարեհոգությամբ ասաց Պիեռը, որը հավանաբար միակն էր, որ իսկապես լսում էր Կամիլիայի ու Սարգսի շատախոսությունը:
— Սխտորը իրենով է անում մյուս ուտելիքների համը, բայց հակառակ ուղղությամբ,- Սարգիսը փնտրեց Կամիլիայի ֆրանսերենով ասած դժվար բառը,- «խեղաթյուրում». սխտորն է խեղաթյուրում… Տոսկանադ է սխտորը … Պիցցարիաս բացելուց հետո ամբողջ Շինոնը ինձ բարև է տալիս, քաղաքապետը կնոջ հետ բացմանը եկավ… Ուրախանալու փոխարեն, էհ, Նորավանն եմ ափսոսում, որ այսքանը Նորավանում չունեցա, բայց դե Նորավանում, քաղաքապետը կգա՞ր բացմանը… ու հետո այստեղ բոլորն են անծանոթին բարև տալիս: Նորավանում անծանոթներին բարև չես տալիս, ով ուզում ես եղիր… Բայց ծանոթներից էլ,- Սարգիսը «ծանոթ» ասաց, որովհետև «ընկեր» բառը չգտավ,- միայն բարևով չես պրծնի, մինչև քեզ տուն չտանեն, հարևաններին ցույց չտան, բաժակ-բաժակի չխփեք ու ձեր կյանքը իրար չպատմեք, ով քեզ կթողնի ճանապարհդ շարունակես…
— Նորավանում պիտի որ շատ-շատ ծանոթներ ունենաս,- ասաց Սարգսին Վարդանը, որն իր վերադասին՝ Պիեռին, հետևելով՝ առաջին անգամ ոտք էր դնում գետափնյա բացօթյա այս սրճարանը, որ էժանագին ու ժողովրդական էր համարում, իսկ ինձ ու իր կնոջը հայերենով շշնջաց,- ամեն մեկի հետ մի-մի բաժակ, այ թե ոնց ես էդ օրի հասել…
— Դու ուսուցիչ էիր այնտեղ,- հարցրեց Տոնիոն Սարգսին,- մի անգամ կարծեմ քո աշակերտներից էիր պատմում:
— Կարող էի ուսուցիչ լինել, ռազմական երկու դպրոց եմ ավարտել… գուցե ջոկատիս կամավորներից եմ խոսել…
Տոնիոն նկատեց իր ուղղությամբ արվող Անահիտի նշանները խոսակցության թեման փոխելու համար․
— Այդպես, այդպես,- եզրափակեց ու դարձավ մյուսներին,- ով ինչ է խմում:
— Մրգահյութ,- ասացի ես:
— Մրգահյութ՝ մի քիչ ալկոհոլով…
— Ոչ, Տոնիո, առանց:
— Ինձ ու կնոջս՝ նույնպես, առանց,- ասացՎարդանը:
— Ինչ է, ձեր հավատը արգելում է ձեզ խմել:
— Մեր հավարը քո հավատից է, Տոնիո:
— Ես հավատ չունեմ, ուրեմն՝ ալկոհոլով:
— Առանց, Տոնիո, առանց, կեսգիշերից առաջ պիտի տուն գնամ, վաղը առավոտվա հերթ եմ:
— Օհ, տիկինն աշխատում է, այսպես թե այնպես միշտ էլ Պիեռին մենակ ես թողնում…- ասաց Ֆրանկը:
Որևէ մեկի մտքով չանցավ, որ ինքս էլ մենակ եմ վերադառնում կեսգիշերին Շինոնի չորսհարյուրամյա, քայլերից մաշված ամայի նրբանցքներով…
— Մենակ ու հարբած,- ավելացրեց Պիեռը:
Վարդանը վիրավորված տեսք էր ընդունել:
— Մի նեղացիր հավատի առումով,- ծիծաղեց Ռաշելը,- Տոնիոն պատմության դասերը լավ չի սովորել…
— Ըհը,- Վարդանի չոր պատասխանից հասկացա, որ նրան վիրավորողը ուրիշ բան էր:
«Ձեզը»: Մեզ` շարքային գաղթականներիս, ու հայկական համայնքի կողմից երաշխավորված, աշխատանքային հրավերով եկած բժշկին ու իր թարգմանչուհի կնոջը նույն տոպրակի մեջ դնող «ձեզը»: Չգիտես քաղաքական ինչ ուժերի կողմից ֆինանսավորվող ու « հայկական» կոչվող ասոցիացիայի «աշխատանքային հրավեր» հասկացողությունը մութ ու անհասկանալի էր ոչ միայն ֆրանսիացիների, այլ նաև մեզ՝ այդ համայնքի օգնության կարիքը երբևէ չունեցած հայերիս համար: Այդպես թե այնպես, իրեն միայն ու միմիայն մշակութային համարող այդ ընկերությունը մեզ նմանների համար նույնիսկ օգնել ձևացնելու ջանքը անելու ժամանակ չուներ: Ու այդպես ավելի լավ էր: Ե՛վ Սարգիսն ու Անահիտը, և՛ ես, ամեն ինչ սկսել էինք զրոյից, որևէ մեկին որևէ բան պարտք չէինք, որևէ մեկի բարի կամքից կախված չէինք: Եվ քանի որ ազատ էինք ֆինանսապես, կարող էինք մեզ թույլ տալ բարձրաձայն ասելու այն, ինչ մտածում էինք «հայկական» կոչվող այդ ընկերության 1915 թվի տվյալների վրա կանգ առած քաղաքականության մասին, և ընդհանրապես քաղաքականության մասին: Չգիտեմ՝ Վարդանի համար ո՞րն էր ավելի դժվար՝ ընդունել մեր ֆինանսական, թե տեսակետների ազատությունը:
Պիեռը ցուցադրական քնքշանքով խառնշտեց մազերս ու վիրաբույժի ճկուն մատները թողնելով մազերիս մեջ, ասաց, առանց ինձ նայելու.
— Ույ, ույ, ույ, իմ սիրելին տուն է գնում մոխրոտիկի նման կեսգիշերից առաջ,- հետո իբր իմիջիայլոց հարցրեց Ռաշելին.- Տոնիոն ե՞րբ է մեկնում Պաղեստին` հյուրախաղերի:
— Այս չորեքշաբթի բարձրանում է Նանտ՝ մարիոնետների մյուս տուփը բերելու,- հայացքը Պիեռի աչքերի մեջ պատասխանեց Ռաշելը,- ի դեպ, ես պիտի քեզ հետ խոսեի, պատանիների իմ խումբը առաջին օգնության ստաժ էր ուզում անցկացնել քեզ մոտ չորեքշաբթի օրը կեսօրից հետո:
— Չորեքշաբթին ծանրաբեռնված կերպարանք է ընդունում,- ասացի՝ Պիեռի մատները զգուշորեն մազերիցս հանելով,- դու մոխրոտիկի նման կեսգիշերին էլ տուն չես հասնի…
Ռաշելը չգիտեր` ինչ իմաստով եմ ասում… Ժպտացի, Ռաշելը ծիծաղեց.
— Դժվար թե Տոնիոն համաձայն լինի,- ասաց:
— Իսկ դու,- Պիեռը կատակել էր ձևացնում, բայց գիտեի, որ հարցնում էր ամենայն լրջությամբ:
— Օհ, հայ կանայք հարգում են տղամարդկանց բոլոր որոշումները,- պատասխանից խուսափեցի ես,- այդպես չե՞ն մեր ավանդույթները, Թագուհի՛:
Թագուհին թարգմանչուհու հնաոճ, բայց անթերի ֆրանսերենով հաստատեց իմ ասածը․Վարդանը ինչ-որ բան էր ուզում ավելացնել, բայց խմիչքներով վերադարձած Տոնիոն մատուցարանը շրխկացրեց սեղանին` առանց մի կաթիլ խմիչք թափելու:
— Որպես մատուցող վատ չես,- ասաց Պիեռը:
— Ոմանց նման հպարտ չեմ,- Վարդանին նայելով` պատասխանեց Տոնիոն: Վարդանը գլխի ընկավ, Տոնիոյին օգնեց խմիչքները տերերին փոխանցելու,- իմ կյանքի սկզբում քիչ չեմ մատուցող աշխատել, բայց հիմա` ուշադրություն, ուշադրություն,- թատերական տեսք ընդունեց,- եկող շաբաթ-կիրակի չեղյալ եք համարում ամեն ինչ ու գալիս եք Նանտ, իմ տուն, ուզում եմ մեծ քեֆ անել բոլոր իմ ընկերների հետ: Շատվոր ենք լինելու, ձեզ հետ վրան վերցրեք, երեք հեկտարի չափ պարտեզ կա, բայց ընդամենը վեց ննջասենյակ… Ուզում եմ սրտանց բոլորի հետ ուրախանալ,- Տոնիոն զսպանակի նման ցատկատում էր գետափնյա սրճարանի փողային նվագախմբի արագ ռիթմին համապատասխան,- մի աղմկոտ քեֆի հավես ունեմ Պաղեստին գնալուցս առաջ,- Տոնիոն մի խորամանկ ժպիտ նետեց Ռաշելին,- ով գիտի, գուցե այնտեղ սիրահարվեմ ու էլ ետ չգամ,- Ռաշ, արի հետս պարելու, էս թոշակառուների հետ գործ չունենք: Այդ Սարգսի բաժակն է, քոնը սա է, Պիեռ,- առավ Ռաշելին իր հզոր բազուկների մեջ ու ամբոխի մեջ ճանապարհ բացելով՝ ուղեկցեց դեպի պարահրապարակ:
Պիեռը հաշվեամանի մեջ խոշոր դրամ դրեց բոլորիս փոխարեն: Վարդանը դրամը նրան վերադարձրեց ու ասաց հայ տղամարդու պատվախնդրությամբ.
— Իմ հերթն է, կոլեգա:
— Ինչ կոլեգա, ընկերներ ենք,- Վարդանի ուսին թփթփացրեց Պիեռը:
Վարդանը ավելի շատ կուզեր կոլեգա լինել, քան ընկեր: Բայց, որքան ժամանակն առաջ էր ընթանում, այնքան սեփական կլինիկա ունենալը երազ էր թվում: Դառը երազ: Ինքն էլ չէր հասկանում` ինչպես էր հավատացել հայկական համայնքի խախուտ ու վստահության անարժան խուստումներին: Միայն հիմա էր տեսնում, որ դրանք էլ էին հիմնվում այն նույն խավար ճանապարհների, նույն մութ ու անտեսանելի ֆինանսավորողների վրա, որոնց հետ համագործակցելը իր համար հայրենիքում արդեն անտանելի էր դարձել: Առանց Պիեռի հովանավորության, որ ամսվա մեջ մի քանի անգամ խնդրում էր փոխարինել իր օգնականին, Վարդանը այս օտար երկրում ամբողջապես կախյալ կլիներ հայ համայնքի ժլատ կամքից:
Թագուհին Պիեռի բաժակը իրեն մատուցելու պատրվակով, ինձ թեթևակի հրելով, մի բան որ Ֆրանկի ու Կամիլիայի աչքից չվրիպեց, ու հայացքով ինձ ասացին՝ այ քեզ բարքեր, տեղավորվեց իմ ու Պիեռի միջև՝ երեխաների դաստիարակությունից խոսք բացելու համար: Քիչ-քիչ խոսակցությունը թեքելու էր հիվանդ երեխաների համար հիվանդանոցում իր գլխավոորությամբ որևէ խմբակ կազմակերպելու կողմը: Կարծում էր` պահը հարմար է. մյուսների ներկայությամբ ու ալկոհոլի առկայությամբ Պիեռը ամեն ինչին «այո» ասելու սովորություն ուներ:
Անահիտը, որ երբևէ որևէ բան Պիեռին չէր խնդրել, ընդոստ վեր կացավ․
— Գնում եմ ծխելու:
— Ես էլ եմ գալիս,- նրան հետևեցի ես:
Մոխրամանները ակացիաների ծառուղու վերջում էին: Անահիտը քայլում էր՝ չնկատելու տալով իր սև մազերի խրձին ու նուրբ հասակին ուղղված տղամարդկանց հայացքները: Դժվար էր ասել` ինչը, բայց Անահիտի դիմագծերում ու պահվածքում մի բան կար, որ հեռվից հեռու խոսում էր նրա օտարուհի լինելու մասին: Մի բան, որ գիտեր` խորհրդավոր էր դարձնում իր հմայքը նրանց աչքին:
Անահիտը ներս էր քաշում ծուխը ու բացակա հայացքով նայում իր առջև: Առաջ ես նրա վստահելի ընկերուհին էի. օտարության մեջ իրենց հայտնվելու առաջին տարիներին, երբ Սարգիսը՝ իր ամուսինը, իմ զարմիկը, դեռ չէր բացել իր սեփական Պիցցարիան, երբ դեռ հավատարիմ էին այն պայմանականություններին, որ ընդունված էին այստեղից հազարավոր կիլոմետրեր հեռու, ուր կինը չէր կարող տանից դուրս գալ մեն-մենակ ու վերադառնալ ուշ երեկոյան… Բայց առօրյա կյանքի հրամայականով Անահիտը քիչ-քիչ ձեռք էր բերել էմանսիպացված կնոջ բոլոր իրավունքները, ու ծխելը դրա մեջ էր մտնում: Վաղուց արդեն նրա կողքին ես ինձ ավելորդ էի զգում ու ձախողակ: Նա ինձ հանդիմանում էր պահի ընձեռնած հնարավորություններից օգտվել չիմանալը, տեղին կամ իրադրությանը հարմարվելու անկարողությունը…
— Երեկ տեսա քո հարևանին, բարեբախտաբար ինձ պատմել էիր, թե չէ` չէի հասկանա ինչ գործ ունի մեր խեղճ ու կրակ Պիցցարիայում, միայն մի երեկո ընթրեց մեզ մոտ: Շարունակ դռանն էր նայում… Կին ունի թե չէ` իր գործն է, քեզ ինչ է վերաբերում: Դու ինչ պարտավոր ես դրանից տեղյակ լինել: Նման առիթ կյանքում մի անգամ է պատահում, ու դու էլ վաղուց քսան տարեկան չես…
— Լուրջ բանի տեղ ես ընդունում…
— Նրա դիրքի, նրա կարողության պայմաններում լուրջ ու անլուրջը ով է հարցնում, ապրածն է մնում: Ի՞նչ ունես կորցնելու, դու իրեն դուր ես գալիս, հավատա թե չէ` շուրջն ինչքան ասես պտտվող կա, ինչո՞ւ պիտի կյանքը բարդացնի… լուրջ, չէ մի լուրջ, Սարգսի նման ես մտածում, կյանքը ոչինչ ձեզ չի սովորեցնում, ի վիճակի չեք սովորելու, մի հարցնող լինի այդ հավերժական լուրջը կյանքում ե՞րբ ու որտե՞ղ եք տեսել, որ չեք կարողանում դրանից ազատվել, ո՞նց եք կարողանում դրան հավատալ…
— Առաջ դու էլ էիր հավատում:
— «Առաջը» ուրիշ ժամանակ էր… ուրիշ տեղ էր… Սարգիսը լավ մարդ է, լավ հայր, բայց կյանքը մի անգամ է: Միայն «լուրջը» չէ, որ արժանի է ուշադրության: Հավատա` կյանքում միայն լուրջը չէ, որ գոյության իրավունք ունի… Ես ինձ չեմ զոհաբերելու ամեն գնով ամուր ընտանիք ունենալուն: Արծաթե կամ ոսկե հարսանիքը Սարգսի երազն է, իսկ ես, չգիտեմ… Տեսնում ես, ինչ վիճակի է այս երեկո… վերջերս հաճախ է այս վիճակի:
— Առաջ էլ էր հաճախ, բայց այդ վիճակը քեզ չէր խանգարում, չէիր էլ նկատում, Անահիտ, որ ճիշտն, ասենք, նույնիսկ քեզ դուր էր գալիս, պատճառն ուրիշ է…
— Ասա միանգամից, ըստ քեզ պատճառն ի՞նչն է:
— Ոչինչ քեզ այլևս լուրջ չի թվում, չգիտեմ արդեն ի՞նչն է կարևոր քեզ համար…
— Ես գիտեմ` ինչն է կարևոր ինձ համար, մի անհանգստացիր, արժեքների հասկացությունը չեմ կորցրել, պարզապես Սարգսի համար կարևորը ինձ համար այլևս կարևոր չէ: Այդ ժամանակն անցել է,- ասաց Անահիտը,- անցած այդ ժամանակի նկատմամբ կարոտ չունեմ… նայիր Թագուհուն, նրա կյանքով արդեն ապրել եմ, կուզենայիր Թագուհու կյանքով ապրել:
— Ինձ ոչ ոք չի առաջարկել Թագուհու կյանքով ապրել…
Անահիտն սկսեց ծիծաղել ինձ հետ, ինչպես առաջ, մեր ծանոթության սկզբում, մի դատարկ բան մեզ բավական էր ծիծաղից փղձկալու համար:
Երբ վերադարձանք մեր սեղանին, Վարդանն ու Թագուհին ցտեսություն էին ասում տուն գնալու համար: Նրանց գնալուց հետո Ֆրանկը դարձավ Պիեռին.
— Իզուր այդ տոնով խոսեցիր Թագուհու հետ:
— Գիտես որերորդ անգամ եմ նույնը բացատրում:
— Կարծում ես` եթե դու նրա տեղում լինեիր, միանգամից կհասկանայիր… ցանկացած հարց փողով կամ ծանոթ-բարեկամությումբ լուծող աղքատ երկրներից են:
— Աղքատը դուք եք,- ասաց Անահիտը,- մեր երկիրը գիտեք քանի միլիարդատեր ունի…
— Գիտենք, գիտենք,- ծիծաղեց Ֆրանկը,- բոլոր աղքատ երկրներն էլ ունեն, ինչքան իրենց միլիարդատերերը շատանում են, այնքան իրենք ավելի են աղքատանում:
— Ֆրանկ, ինչ կլինի այս երեկո մեզ էկոնոմիկա մի դասավանդի,- ասաց Ռաշելը, որ Տոնիոյի հետ վերադարձել էր պարահրապարակից:
Նվագախումբը Սեզարիա Էվորայի «Սոդադի» առաջին ակորդներն էր նվագում, Տոնիոն ինձ մի հայացք նետեց.
— Կուզես պարել,- հարցրեց:
— Դու տեսած կաս, որ Ժաննան Սեզարիա մերժի,- իմ փոխարեն պատասխանեց Պիեռը, բայց ինքը ինձ պարի չհրավիրեց:
Ես բռնեցի Տոնիոյի քրտինքից լպրծուն, տաք ձեռքը, ու առաջացանք դեպի պարահրապարակ:
Տոնիոյի պարելն այդպես Էր: Առանց որևէ սահմանի հասկացողության, առանց հաշվի առնելու պարաքայլերը, երկու մարմինների միջև ընկած տարածությունը, առանց հաշվի առնելու ոչինչ. ոչինչ, բացի ռիթմից: Քեզ այնպես ամուր էր սեղմում իրեն, որ կարող էիր հաշվել իր մատները քո թիակոսկրի վրա: Ուրիշ օդ չկար շնչելու՝ իր քրտինքի ու օծանելիքի բույրից բացի:
Գիտեինք, որ լավ պարող զույգերից էինք, հատկապես երբ սալսայի ռիթմը դժվար էր, ինչպես հիմա: Շատ արագ մեր շուրջն ամբոխ էր գոյանում ու զգում էինք մեզ նայող հայացքները: Տոնիոյի շուրթերը գրեթե հպվում էին իմ այտերին: Ես փորձում էի կռահել․կուզենայի լինել Տոնիոյի գրկում՝ թե ոչ: Չգիտեի: Հասկացա, որ ծերանում եմ: Որ այդպես են սկսում ծերանալ:
— Հոգեբանի մոտ գնացիր,- կռանալով ու իր շրթունքները իմ շրթունքների մակարդակին պահելով` հարցրեց Տոնիոն:
— Գնացի… ասաց, կարող եմ իր մոտ գալ ինչքան ուզեմ, միևնույնն է` երբևէ չեմ սիրահարվի ինձանից տասնմեկ տարի, երեք ամիս, քսանմեկ օր փոքր տղամարդկանց:
Տոնիոն հռհռաց:
— Իսկ ես միայն ինձանից մեծ կանանցով եմ տարվում:
— Մայրիկի նախընտրած բալիկը փնտրում է իր մայրիկին:
— Գուցե, մայրս բացառիկ կանանց թվին է պատկանում:
— Դրա մասին կասկած չկա, դեռ չեմ տեսել մի տղամարդ, որ իր մոր մասին այլ կարծիքի լինի:
— Ես շատ եմ տեսել, այստեղ դու էլ շատ կտեսնես, այս քո մաֆիոզ երկիրը չի` օրենքի գողերի մտածելակերպով. «ով մորս մի բան ասի»,- վերջին նախադասությունը Տոնիոն ասաց անթերի նմանակելով ռուսական առոգանությունը: Մեր կողքին պարող աղջիկներն ամեն ինչ արեցին, որ նկատենք, թե ինչպես են պոռթկում ծիծաղից:
— Դու ինչո՞ւ վիսկի չես խմում, հիմա կհամբուրվեինք ու կասեինք. «ինչ ասես, որ չի պատահում, երբ հարբած ես լինում»:
Մեր կողքին պարող աղջիկները նրան ժպիտներ ուղարկեցին, ու Տոնիոն գլխի նրբակիրթ ռևերանսով դրանք ընդունեց:
Նրանցից մեկը, որին իր թմբլիկությունը համակրելի տեսք էր տալիս, ասաց.
— Իմ ընկերուհին հարբածից հարբած է, այդպես չէ՞, Ժյուլի:
Ժյուլին մուգ կապույտ անծիր աչքեր ուներ: Տոնիոն դժվարությամբ դուրս լողաց այդ վճիտ հայացքի խորքերից, խոսքը նրան ուղղելու համար.
— Դու գեղեցիկ ես ու ջահել, ես արդեն ծեր եմ քո համար,- այս անգամ կապկում էր իմ առոգանությունը:
— Դա ոչ մի նշանակություն չունի,- պատասխանեց համակրելի գիրություն ունեցող աղջիկը:
— Կունենա, արթնանալիս… ոչ առավոտյան, այլ արթնանալիս,- Տոնիոն հայացքը սևեռեց աչքերիս,-ասում են թե արթնացումը անխուսափելի է, նախասահմանված:
Նվագախումբը Սեզարիայի սալսաներից աննկատ անցել էր Պիազզոլայի մեղեդիներին: Պարահրապարակում միայն պրոֆեսիոնալ պարողներն էին մնացել: Տոնիոն իր ետևում դասական պարի տարիներ ուներ: Ես չէի կարողանում հետևել: Իր պարաքայլերն ինձ պարտադրելով շշնջում էր ականջիս. «Մեկ-մեկ, մեկ, երկու, երեք, ահա և սկիզբը: Բազմաթիվ են նրանք, ովքեր ցանկանում են պարի նման, առանց պատասխանատվության, առանց կապվածության: Նորից նույնը: Մեկ, մեկ-մեկ, մեկ, երկու, երեք: Խաղի նման թեթև, օրվա պես անցողիկ: Մեկ, մեկ-մեկ, երկու-երեք, միայն խաղ, միայն դիստրակցիա, բեմի վրա ինձ բոլորն են սիրում..․մեկ-երկու, մեկ-մեկ…»:
Իմ ռիթմը չէր: Ես վերադարձա: Տոնիոն ինձ հետ չվերադարձավ:
Սեղանի շուրջը Պիեռը Ռաշելի հետ թունդ զրույցի մեջ էր: Նրա ձայնը, շարժումները, խոսելիս կապտականաչ աչքերի քնքուշ հայացքը երկար ու նշանակալից Ռաշելի աչքերի մեջ պահելը իմ մեջ հեռավոր հուշեր էր արթնացնում: Աշխատանքից հետո մեր առաջին հապաղումները մասնավոր Կլինիկայի շքեղ ու ամայի ծառուղիներում, երկար զրույցները, որ ինձ հիմա այնքան հեռու էին թվում և՛ տարածության, և՛ ժամանակի առումով: Խոսակցության բուռն մի պահի Ռաշելն ամուր բռնեց Պիեռի ձեռքն ու խանդավառությամբ ինչ-որ բան էր պատմում: Նույն րոպեին Պիեռն ինձ հաղթական մի հայացք նետեց: Իմ հոգում բարկություն չարթնացավ: Առանց դիրքս փոխելու իրեն ժպտացի: Ցավը, խանդը, չարության թույնը, դրանց ժամանակը վաղուց էր անցել: Սպառվել էին մեր անվերջանալի վեճերի, իր անսպասելի բացակայությունների, պատասխանատու հարցերը մենակ-մենակ իմ ուսերին վերցնելու, լուծում փնտրելու մտատանջ գիշերների մեջ: Արդյոք այդ բոլորը կապ ունե՞ր գոյատևման պարբերաբար կրկնվող իր ճգնաժամերի հետ: Տրամադրության կտրուկ փոփոխությամբ բնորոշվող, իմ կողմից՝ երբեք չհասկացված, իր կողմից՝ երբեք չխոստովանված, երբեք բուժման փորձ չարված իր հիվանդության հետ… Ոչ մեղավորության զգացումը՝ նրա հիվանդության ճգնաժամային պորթկումները կանխամտածված ու պլանավորված չարություն համարելու համար, ոչ այդ հիվանդության իմ կատարյալ անտեղյակություն գիտակցումը՝ հիմա ինձ չեն օգնում վերադարձնելու իմ երբեմնի զգացմունքները:
Իմ ժպիտը անկեղծ էր, խաղաղ: Իմ հոգու խորքում քնքշանքի նման մի բան էի զգում նրա նկատմամբ, նրա գրեթե պատանեկան այն հպարտության համար, որով նայում էր ինձ՝ «տես` կանանց գայթակղող ինչ տղամարդ եմ ես»: Բարյացկամություն, խանդաղատանք՝ կարծես կողքիս վաղեմի մի ընկեր էր, մի մոտիկ բարեկամ, եղբայր, որի թերությունները ընդունում ես, որովհետև չես նկատում: Ներելը հեշտ էր: Կռահո՞ւմ էր արդյոք, որ իմ զգացածը իր նկատմամբ այլևս սեր չէր, որ մեր պատմության գուցե վերջին օրերն էինք ապրում:
Կեսգիշերը մոտենում էր, ժամանակն էր տուն դառնալու, բայց պարահրապարակի հիստերիկ ճիչերը շեղեցին իմ ուշադրությունը: Ինձ ժամանակ պետք եկավ հասկանալու համար, որ ճիչերը երկրպագունների երախտագիտության արտահայտությունն էիր նվագախմբի տարվա ամենամոդայիկ ռիթմերից մեկը սկսելու համար: Տոնիոն վերադարձավ Ռաշելին հրավիրելու ու ձեռքի հետ վերցրեց նրա պայուսակի վրա գցված խոհարարի գոգնոցը: Վերցնելու պահին իմ ու Ռաշելի հայացքները իրար հանդիպեցին: Նրա հայացքում խորունկ տխրություն կար: Ցավն այնքան ուժգին էր, որ նույնիսկ փորձ չարեց ինձ կեղծ ժպտալու:
Ինչ առաջավոր գաղափարների ու մտածողության տեր էլ լինես, սիրած տղամարդու մերկությունը աշխարհի հետ կիսելը հեշտ չէր:
Խոհարարի գոգնոցով Տոնիոյի խաղահամարը գիտեինք: Հիմա, երբ արդեն հայտնի էր ու հաջողակ՝ մարիոնետների իր բեմադրությունների շնորիվ, ուր ամեն ինչ՝ սցենարը, ձայնն ու լույսը, նույնիսկ տիկնիկները ինքն էր պատրաստում՝ քաղաքական գործիչների դեմքերով, հիմա՝ առանց սեթևեթանքի, նույնիսկ հպարտությամբ էր պատմում թատերական աշխարհի իր առաջին, դառը քայլերի մասին: Խոհարարի գոգնոցով համարն առաջին անգամ խաղացել էր ձմռան մի իրիկուն: Մի իրիկուն, երբ չգիտեր, գիշերը որտեղ է քնելու. գրպանում մի գրոշ չուներ: Մտել էր նվագախումբ ունեցող մի սրճարան ու ռիթմի յուրաքանչյուր նոտային համահունչ՝ սկսել էր մերկանալ: Երբ կարգ պահպանող ոստիկանները մոտեցել էին նրան դուրս հրավիրելու՝ խոհարարը, որ աղմուկի պատճառով խոհանոցից դուրս էր եկել ու բոլորի հետ բերանբաց դիտում էր տեսարանը, անսպասելիորեն իրեն էր մեկնել իր գոգնոցը… Այդ գոգնոցը, որ Տոնիոյի համար բարության խորհրդանիշ էր, իրեն հետևում էր ամենուրեք՝ որպես հաջողության թալիսման… Ժամանակ առ ժամանակ Տոնիոն կրկնում էր այդ համարը, ինչպես ինքն էր ասում՝ ստուգելու համար, թե դեռ կա իր մեջ այն հանդգնությունը, որ կենդանի մնալու տենչն է մեզ տալիս:
Ֆրանկը Պիեռին հայացքով խնդրեց՝ խանգարել Տոնիոյին մերկանալ՝ հանուն Ռաշելի նկատմամբ ունեցած ընկերության զգացումի, իսկ ինքը փորձում էր Կամիլիային, որ տեսարանը դիտելու համար վեր էր կացել իր աթոռից, օգնել՝ պահպանելու հավասարակշռությունը, ու միաժամանակ համազում էր տուն վերադառնալ:
— Ինչ տուն,- չէր համոզվում Կամիլիան,- քո ճստան բնակարանը, իմ տունը Տոսկանայում է, էկալիպտուսների իմ պուրակը… հոգնել եմ քո ֆրանսերենից,- մնացածը իտալերեն էր:
Նրա արագախոս, բարկացայտ իտալերենը զվարճալի էր: Շուրջը հազիվ էին զսպում իրենց ծիծաղը: Որքան զսպում էին ծիծաղը, այնքան ավելի արագախոս էր դառնում Կամիլիան: Կամիլիան գրեթե արտասվում էր:
— Վերջ տվեք,- ասաց Ֆրանկը:
— Կամիլիա, տար ինձ քո տուն, ես էլ եմ հոգնել ֆրանսերենից,- ասացի ես:
— Իսկ ինձ, ինձ ո՞ւմ ես թողնում,- Պիեռի ձայնի տոնը անասելի թախիծ ինձ պատճառեց: Գուցե նախազգում էր:
Առաջացան դեպի պարահրապարակ: Նկատեցի, որ մենակ եմ մնացել սեղանի առջև: Սարգիսն ու Անահիտը աննկատ մեկնել էին, ինչպես մեկնում էին սովորաբար՝ ցտեսության համբույրը չանելով: Նախ՝ որովհետև ծանոթ-անծանոթի համբուրելու ավանդույթը Սարգիսն այդպես էլ ընդունել չէր կարողանում ու հետո՝ որպեսզի մյուսներին զգալ չտան, թե արդեն ուշ է: Իմ տուն դառնալու ժամանակն էր:
Բռնեցի վերադարձի այն ճանապարհը, որ ժամանակին ես ու Պիեռը ամենագեղեցիկն էինք համարում: Կամարակապ կամրջի լույսերն արդեն վառվել էին ու կայծկլտում էին Վիեն գետի սառնաշունչ, հզոր ալիքների վրա: Կառամատույցի երկայնքով ձգվում էր պլատանների անծայր ծառուղին: Պիեռը նրանց բներից պոկվող կեղևներից ինձ համար ընտրում էր անսպասելի նրբերանգներ ունեցողներին… Հարյուրամյա այս ծառերը սիրո քանի պատմությունների սկիզբ ու ավարտ էին տեսել: Գետից մառախուղ էր բարձրանում: Մառախուղը առաջանում ու դանդաղ լցվում էր Շինոնի նեղ փողոցները: Քիչ-քիչ թանձրանում էր` ավելի ու ավելի սպիտակ ու անտեսանելի դարձնելով ամեն ինչ: Պատանեկության տարիներիներին մառախուղի մեջ աշխարհից թաքնված, մեն մենակ թափառելու հաճույքը գիտակցությունս պահել էր: Բայց հիմա՝ ամեն ինչ ջնջող, սպիտակեցնող այդ մոռացումը կենդանական վախ էր ինձ պատճառում ու ստիպում էր քայլերս արագացնել:
Մառախուղի մեջ աննկատելի էր, բայց ես իսկույն նրան ճանաչեցի: Ծնոտը ձեռքերին հենած պպզելու այդ ձև հարազատ էր ինձ, թաքնված իմ հիշողության ցավոտ խորքերում: Արցունքները ջերմացնում էին այտերս: Երբ կանգ առան, մոտեցա ու կատակել ձևացրեցի.
— Ինչո՞ւ են հայերն այսպես պպզում, չեն համարձակվում խոտի վրա հանգիստ նստել. իրենց կնոջ վախից՝ հանկարծ շալվարը չկեղտոտվի:
— Իմ արև, նույնիսկ մտքովս չի անցել,- ասաց ու նստեց խոտերի վրա: Նստեցի կողքին:
Լռում էինք: Դեռ մանկությունից Սարգիսն ու ես իրար հասկանում էինք՝ առանց մի բառ ասելու:
— Այս կողմերում մի տեղ բարդիներ կան, լսո՞ւմ ես:
Լսում էի նվագախմբի հեռավոր արձագանքը, հետո լռության մի պահի՝ տերևների սոսափ…
— Բարդիներ են:
— Իմ բարդիները անգազ ձմեռներին կտրեցի: Սիրուն էին, բակի բազմոցին ստվեր էին անում, պառկած ականջ էի դնում դրանց սվսվոցին ու չգիտեի էլ` ինչ երջանիկ ժանամակներ էին… տնկելուց, մտքիս ծայրով անգամ չէր անցնում, թե մի օր կտրելու եմ, թե մի օր այդ տանը էլ չեմ ապրելու, ինչպես իմ կյանքը երբեք չեմ պատկերացրել առանց Անահիտի…
— Ինչո՞ւ ես այդպես ասում:
— Կարծես թե չգիտես… չես տեսնո՞ւմ, ինչպես է ինձանից հեռանում… ժամանակի հարց է: Ստիպված եմ ամեն ինչ կանխատեսել… երեխաների համար, Պիցցարիաս չփակելու համար: Ստիպված եմ, բայց, անընդունակ՝ որևէ բան ձեռնարկելու: Հավատա` երբեք այս վիճակի չեմ եղել: Երբե՛ք, ո՛չ պատերազմի ժամանակ, ո՛չ հետո:
Ամեն ինչ ջուրն էր ընկնում, իմաստազրկվում էր առանց Անահիտի: Մենք իրար մանկությունից գիտեինք: Նրա բնույթի փխրունությունը կռահում էի դեռ այն ժամանակներում, երբ առնական ու ինքնավստահ հրամաններ էր տալիս իրեն սազող լեյտենանտի, փոխգնդապետի, գնդապետի համազգեստներում:
— Հիշո՞ւմ ես,- ինձ թվաց, թե նրա ձայնի մեջ արցունքներ կային,- որ գալիս էի ձեր տուն քնելու, երբ Նորավանի վերջին ավտոբուսից ուշանում էի, դուք դեռ քաղաքի ձեր տունը չէիք վաճառել:
— Տեր աստված այդ այնքան վաղուց էր… կարծես ուրիշ մեկի կյանքը լինի…
— Ավտոբուսից չէի ուշանում, Անահիտի հետ էի: Խոհարարի աշակերտ էի, խոհարարը երեսս չէր տեսնում, միայն Անահիտի համար էի քաղաք գալիս:
— Մի քիչ էլ վազերի, կովերի ու խոզերի գործից փախչելու:
— Ոչ թե մի քիչ, այլ շատ… ջահել էի, այդպես է ջահելությունը: Ինչ իմանայի, որ կիսատ-պռատ սովորած խոհարարության շնորհիվ եմ եվրոպաներում իմ օրվա հացը վաստակելու: Ո՞ւմ են պետք ռազմական իմ դպրոցները…
— Քնքուշ ժամանակներ էին: Դեռ սովետական էինք…
— Չգիտեմ՝ սովետական ժամանակներն էին քնքուշ թե մեր ջահելությունն էր քնքուշ: Անկախության պատերազմը դեռ չէր սկսվել: Չգիտեինք նույնիսկ, որ անկախ չենք… ու երջանիկ էինք: Ճիշտ որ, կարծես ուրիշ մեկի կյանքը լինի… Որ լավ ես մտածում, ո՞ւմ էր պետք այդ պատերազմը… Անահիտի հետ սկսել ենք մեր իրերը բաժանել… իմ կամավորներին ես էի ընտրում: Ճշմարտությունը նրանց համար եմ ուզում… մենակ նրանց հուշն է ինձ խանգարում այդ ճամպրուկը աղբանոց նետել:
— Ինչ ճամպրուկ, Սարգիս:
— Ի դեպ` քո ճամպրուկն էր, կաշվե բալագույն ճամպրուկ, այնքան օգտագործեցի, ուզած-չուզած ինձ թողեցիր:
Մառախուղի միջից դուրս լողաց սիրահար մի զույգ, ձեռք-ձեռքի տված անցավ մեր կողքով ու նորից կորավ մառախուղի մեջ:
— Թե ուզում ես, կարող եմ հիմա քեզ ետ տալ: Այդ ճամպրուկը քանի երկիր, քանի բնակարան եմ քարշ տվել: Ինչ ասեմ, նույնիսկ այդտեղ Անահիտը ճիշտ դուրս եկավ: Աղբանոց նետել էր պետք: Հենց սկզբից: Այդ ճամպրուկի մեջ են իմ բոլոր դիպլոմները՝ գրականության ֆակուլտետի, ռազմական դպրոցների… համազգեստներս, զինվորից մինչև անկախ երկրի գնդապետի, բոլոր կարևոր փաստատղթերը: Կամավորներիս անվան ցուցակները: Նրանց զոհվելու պարագաների մութն ապացուցող թղթերը: Շքանշաններս…
Սարգիսը լռեց: Գետի հզոր շնչի խոնավությունը թափանցում էր մեր հագուստների մեջ:
— Իմ կամավորները իմ տղաներն էին, Ժաննա, հավատա… Դու քո ձեռքերում մեռնող երեխա տեսած չկաս… մենակ այդքանը բավական է էլ երբեք քեզ երջանիկ չզգալու համար: Անկախության հերոս… անկախ երկրի գնդապետ… հիմա՝ փչացող ապրանքը շուտ վաճառելու համար գինը զեղչող պիտակ է աչքիս երևում: Ես թքած ունեմ, բայց իմ երեխա-զինվորները մի շքանշանի էլ չարժանացան: Թեև ո՞ւմ են պետք շքանշանները, որ հիմա ով ասես չունի` թաղի լածիրակից մինչև քառակի մարդասպան: Զոհվեցին հանուն մի Անկախության… ուզում եմ միայն իմանալ ո՞ւմ մեղքով: Մեծ բան չի ուզածս, բայց նույնիսկ դրանում Անահիտն է իրավացի… միայն նման ցանկության համար քեզ կարող էին էն աշխարհն ուղարկել:
Մեր նմանների գոյությունն իրենց վախեցնում էր՝ ո՛չ վաճառվում էինք, ո՛չ կոտրվում… եթե այդքան տարի մեռնելու պատրաստ եմ եղել, ուրեմն մի բան ինձ կյանքից ավելի կարևոր է թվացել: Ոնց վաճառվեի… գաղտնի ծառայությունների փոխարեն կարևոր աթոռների ամուր ու պինդ նստացրածներին… Խոզի ախորժակ ունեցող խամաճիկներ: Հողի ընդերքը իրենց ախորժակին չէր բավարարում:
Իզուր չեն ռազմական դպրոցները… Հենց սկզբից հասկացա: Չէի հավատում: Բոլոր փաստաթղթերը, բոլոր ցուցակները, իմ միամտության ժամանակներում գրած նամակների պատճենները… այսքան տարի քարշ եմ տվել… Ո՞ւմից եմ արդարություն պահանջելու…
Սարգսի ձայնը ավելի ու ավելի էր բարձրանում:
— Հանգստացիր,- ասացի,- անցածը անցել է, մոռացիր, ոչ ոք քեզ չի մեղադրում, բոլորն էլ գիտեն, արել ես` ինչ կարող էիր…
— Ձե՞ռ ես առնում. ինչ կարող էի… Եվրոպա փախչել: Իրոք կարծում ես դրանից բացի ուրիշ բան չէի կարող: Բանն այդտեղ է, Ժաննա, չգիտեմ ինչպես ասեմ, կյանքն ինձ թանկ թվաց հենց այն ժամանակ, երբ ոչ մի բանի էլ չէի հավատում: Տղաս էր ծնվել: Գրկած ման էի տալիս: Դեմ առ դեմ ելա հորքուր Խաթունին: Ուրագը ուսին տուն էր գնում: Ուրիշի հողն էր քաղհանում, իրեն հող չէր հասել: Իր միակ որդուն, անհայր մեծացրած, ժամանակին ինձ էր վստահել, իմ վաշտում էր: Հողերը բաժանելիս ասել էին` ի՞նչ իմանանք որդիդ ուր է, հող չէին տվել… ապրել էի ուզում: Այդ մարդկանց աչքերին նայելով ապրել չէր լինում… «քեզ չեն մեղադրում», իսկ ես… ես ինչ եմ զգում՝ հաշվի մեջ չի՞: Պիտի մնայի, իմ պարտքը մնալն էր, պատերազմը ավարտվել էր, բայց ես գիտեի, որ կողմում պիտի շարունակվեր… շարունակել չէի ուզում․.. ապրել էի ուզում… Խոզերը տաք տեղերը գրավվել էին ու իրենց շրջապատել մինչև ատամները զինված անուղեղներով: Ինչո՞ւ եմ այսպես ասում: Մարտական ընկերներ ունեմ դրանց մեջ, անուղեղ չէին, իրենց կամքով ուղեղները մի կողմ դրեցին: Չեմ մեղադրում: Ապրել էին ուզում: Ամեն մարդ իր ձևով: Բոլորը չեն ուզում ինձ նման գաղթական դառնալ… Հայրենիք… Հայրենիքից թող ոչ ոք ինձ հետ չխոսի, նույնիսկ ով իր կյանքը իմ չափ վտանգած կա… Սեփական որդիներին խժռող Էգ Խոզ, որ մինչև խժռելը, արևի ճառագայթն էլ վրաները վաճառել է ուզում… իմ Հայրենիքը… ուրիշների Հայրենիքում ապրել լինում է… Բախտի դառը խաղ՝ երբ Անահիտը սպառնում էր հեռանալ, եթե նորից զենք վերցնեմ, վերցնում էի, հիմա՝ որ հանուն ոչ մի գաղափարի զենքի ձեռք չեմ տա, Անահիտն է հեռանում…
Կեսգիշերն ազդարարող եկեղեցու զանգերի ղողանջը տարածվեց Վիեն գետի մութ ջրերի երկայնքով:

«Գարուն», 2016, 2

Մեկ մեկնաբանություն

  1. Բարեւ, ես կանչում եմ JOSE DEXTER- ը, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել այս մեծ բժիշկ Բաբուիին, չորս տարի առաջ իմ կյանքում կատարածի համար, եւ ես եւ կինս ընկել էինք, եւ նա թողեց առանց ինձ, երբ ես գիտեի, իմ երկու զավակները, ես իսկապես ցնցված էի, որ գնացի ոստիկանություն `կնոջս մասին, որ իմ երեխան չափազանց թանկ էր, որպեսզի նա նայում ու նայում էր դեռ չեմ գտնում նրան, ես իսկապես հիվանդ էի, եւ ես չէի կարող ապրել առանց դրա: իսկապես բացակայում էի իմ երեխային Ես իսկապես զայրացած էի դրա համար, քանի որ ես չեմ կարողանում վերահսկել իմ մնացորդային զայրույթը երկու անգամ կոտրված, ես դարձա թմրամոլ եւ փոս acohol իմ իրավիճակի պատճառով իմ կինը թողել է ինձ լավ 4years, ցավոք, իմ ընկերը ասել է առցանց magic կարիերան կոչվում է Dr.Chamberc եւ ինձ ասաց, որ դիմել նրան, որպեսզի օգնի ինձ վերադարձնել կինս, նախ իմացա, որ նա ինձ կատակում է, մինչեւ որ նկատեցի, որ դա լուրջ էր, ուստի ես որոշեցի կապ հաստատել, չկարողացա հավատալ իմ աչքերին Dr.Chamberc ինձ ասաց, որ չվախենաք, որ իմ երեխաները հետ կվերադառնան անվտանգ 12 ժամվա ընթացքում: Իմ կախարդը ձգեցուց հետո նա զանգահարեց ինձ եւ ասաց, որ ստիպված չեմ եղել անհանգստանալ, որ կինս գալիս է, երբ հեռախոսը խոսում է ինձ հետ, ցավոք, իմ կինը վերադարձավ ինձ իմ երեխաների հետ, իսկապես երջանիկ էր, իմ կյանքի ամենաերջանիկ օրը, այնպես որ ես որոշեցի կիսել իմ վկայությունը անունը, նրա կախարդական աշխատանքները, որպես կայծակ, մեծ շնորհակալություն Dr.Chamberc շնորհիվ իմ կին բերելու համար: Խնդրում եմ, եթե խնդիրներ ունեք, խնդրում ենք դիմել նրան, քանի որ նա կարող է օգնել ձեզ լուծել ձեր խնդիրները: էլ. փոստով `chamberc564@yahoo.com
    ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՏԿԱՑՎԵԼ ԵՆ
    (1) Եթե ուզում եք ձեր նախկին ետ.
    (2) եթե դուք միշտ ունեք վատ երազներ:
    (3) Ցանկանում եք առաջադրվել ձեր գրասենյակում:
    (4) Ցանկանում եք կանանց / տղամարդկանց վազել ձեզանից հետո:
    5) Եթե ուզում եք երեխա:
    (6) Ցանկանում եք լինել հարուստ:
    (7) Ցանկանում եք, որ ձեր ամուսինը պարտավորված լինի:
    ընդմիշտ դու:
    8) Եթե ֆինանսական օգնության կարիք ունեք:
    (9) Բուսական խնամք:
    խնդրում ենք դիմել Dr.Chamberc- ին իր էլեկտրոնային փոստի միջոցով, chamberc564@yahoo.com ամբողջական լուծման համար

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով