Շառլ Ազնավուր. Բանաստեղծություններ

ԵՎ ՍԱԿԱՅՆ

Մի առավոտ կանուխ, գիտեմ, ես կարթնանամ
Բոլորովին տարբեր անտարակույս,
Եվ սիրտըս մեր սիրուց դատարկված ես կզգամ:
Եվ սակայն, և սակայն
Առանց վշտի, խղճի խայթի ես կգնամ,
Չեմ ունենա ես երբեք դարձի հույս:
Եվ հեռու, անտարբեր
Չեմ հիշի հավիտյան
Մարմինըդ, թևերըդ
Եվ ձայնըդ,
Սեր իմ, սեր:

Եվ սակայն, սակայն
Ես քեզ եմ սիրում:
Եվ սակայն, սակայն
Ես քեզ եմ սիրում:
Եվ սակայն, սակայն
Ես քեզ եմ սիրում:
Եվ սակայն…

Ինձ փաթաթող բոլոր թաքուն կապերն անգամ
Ես կպոկեմ անճիչ ու անարցունք,
Որ քեզնից ազատվեմ ու հանգիստս զգամ:
Եվ սակայն, և սակայն
Ես կքայլեմ դեպի ուրիշ ծով ու ափունք,
Մոռանալով սառնությունդ դաժան:
Ձեռքերըս սիրով լի՝
Վայելքին կձոնեմ
Գիշերներ ու օրեր
Եվ կյանքը
Իմ սրտի:

Եվ սակայն, սակայն
Ես քեզ եմ սիրում:
Եվ սակայն, սակայն
Ես քեզ եմ սիրում:
Եվ սակայն, սակայն
Ես քեզ եմ սիրում:
Եվ սակայն…

Պետք է նորից դառնամ ես անհոգ ու խոհեմ,
Պոռթկումներս գտնեմ ուրախության.
Պետք է ես հեռանամ, որ քեզնից խուսափեմ:
Եվ սակայն, և սակայն,
Երբ ուրիշ գրկում քո անունն իսկ մոռանամ,
Կարողանամ երազել ապագան՝
Դու պիտի հեռավոր
Հիշատակ դառնաս,
Երբ որ ցավ ու սոսկում
Եվ արցունք
Վերջանան:

Եվ սակայն, սակայն
Ես քեզ եմ սիրում:
Եվ սակայն, սակայն
Ես քեզ եմ սիրում:
Եվ սակայն, սակայն
Ես քեզ եմ սիրում:
Եվ սակայն…

ԻՆՁ ՏՎԵՑԻՆ

Ինձ տվեցին աչքեր և ասացին՝ նայիր,
Նայեցի, բայց ոչի՛նչ չտեսա ես կյանքում:
Ինձ տվեցին մի սիրտ և ասացին՝ պահի՛ր,
Պահեցի, բայց մի օր ես կորցըրի հանկարծ:
Ինձ տվեցին սերը, որ լոկ բերեց կսկիծ,
Քանզի նա էլ մեկնեց, երբ հավատըս հանգավ:
Ինձ տվեցին մարմին, բայց կորցըրի ես ինձ
Եվ մարմինս տվի օտարների՛ն անգամ:
Ինձ տվեցին, ինձ տվեցին այնքա՜ն…

Ինձ տվեցին երազ, որ գիշերըս չզգամ,
Բայց երազըս դարձավ մղձավանջ ու տանջանք:
Ինձ տվեցին շուրթեր, որ շշնջան միայն,
Սակայն անբույս բառեր լոկ ասացին նրանք:
Ինձ տվեցին արցունք, որ լամ վիշտ ու խնդում,
Բայց չեմ լալիս—սիրտըս է անսի՛րտ մարդու:
Ինձ տվեցին նաև մի խիղճ, բայց իմ սրտում
Ես չեմ լսում երբեք նրա ձայնը հեռու:
Ինձ տվեցին, ինձ տվեցին, ինչո՞ւ…
Ինձ տվեցին շուրթեր, որ ես կարդամ կյանքում,
Սակայն դեռ բաց չարած՝ ես այրեցի նրանք:
Ինձ տվեցին ձեռքեր, որ միանան վանքում,
Բայց ճակատիս դժո՞խք, թե դրախտ է գրած:
Ինձ տվեցին հոգի, որ ես պահեմ անեղծ,
Բայց մատնեցի դևին ես իմ հոգին մաքուր,
Ինձ տվեցին կյանքը, որ կիրակի՛ անեմ,
Բայց վատնեցի կյանքս և չգիտեմ, թե ո՞ւր…
Ինձ տվեցին, ինձ տվեցին, իզո՜ւր:

ԻԶԱԲԵԼ

Խորունկ քուն էր մտել սիրտս վաղուց ի վեր
Եվ հույս չուներ երբևիցե, թե կարթնանա,
Բայց քո ձայնից բարձրացըրի գլուխըս վեր,
Եվ ահա սերը պաշարեց ինձ ակամա:

Ահ, Իզաբել, Իզաբել իմ,
Իմ սեր, իմ սեր…

Ինչպես մատը փայտի միջով ու կեղևի,
Այդպես է որ մտավ սերը իմ մաշկի տակ.
Այնքան հզոր էր նա, համառ ու կորովի,
Որ ես չունեմ հանգստի հույս ու հիշատակ:

Ահ, Իզաբել, Իզաբել իմ,
Իմ սեր, իմ սեր…

Քեզ մոտ ժամերը անցնում են ինչպես վայրկյան,
Քեզնից հեռու կարծես օրը լինի տարի,
Որ իմ սիրույն հաղորդում է դողը մահվան
Եվ մարմնիս հետ հուզում շղթան իմ խոհերի:

Ահ, Իզաբել, Իզաբել իմ,
Իմ սեր, իմ սեր…

Դու ապրում ես լույսերի մեջ, իսկ ես՝ շուքի,
Քանի որ քեզ կյանքն է գերում, ինձ՝ սերը քո,
Ես ստվերդ փայփայելով կլինեմ գոհ,
Թե ինձ ընդմիշտ ձոնես բախտ ու ճակատագիր:

Ահ, Իզաբել, Իզաբել իմ,
Իմ սեր, իմ սեր…

ԹԵ ԴԱՇՆԱՄՈՒՐ ՈՒՆԵՆԱՅԻ

Եթե փող ունենամ, դաշնամուր կգնեմ:
Դաշնամուր թե գնեմ, կսկսեմ գամմայից:
Երբ գամմա նվագեմ, կտորն ի՞նչ է արդեն,
Եվ Գավո սրահում մի համերգ կտան ինձ:
Տաքարյուն բյուր մարդիկ համերգիս կսուրան
Եվ կեցցե՝ կգոռան ինձ նորեն ու նորեն:
Կեցցեի շնորհիվ կշահեմ ես դրամ
Եվ շաղված դրամով դաշնամուր կգնեմ:

Եթե բախտ ունենամ ես սերը կգտնեմ
Եվ արդեն ավելի համարձակ ինձ կզգամ:
Լինելով համարձակ, կերևամ առնադեմ,
Եվ մարդիկ կընդունեն ինձ իրենց բարեկամ:
Վայելուչ վարմունքով, սիրալիր, բայց ազատ,
Ես ձևեր կթափեմ գեղեցիկ կանանց դեմ:
Երբ սրանք ունենամ, կունենամ նաև բախտ,
Իսկ բախտի շնորհիվ ես սերը կգտնեմ:

Եթե փող ունենամ, կգտնեմ ես մի սեր,
Եվ սերը գտնելով, դաշնամուր կգնեմ:
Երբ գնեմ դաշնամուր, կթափեմ ես ձևեր
Եվ ձևեր թափելու կգնամ Գավո՝ բեմ:
Եվ մարդիկ վայելուչ վարմունքով, բայց ազատ,
Ինձ կեցցե՝ կգոռան այնքան նուրբ կանանց դեմ:
Երբ կեցցե ունենամ, կունենամ նաև բախտ,
Իսկ բախտի շնորհիվ դաշնամուր կգնեմ:

Եվ այդ ինձ բախտ բերող դաշնամուրը արդեն
Կբերի նաև փող, և ես սեր կգտնեմ:

Ֆրանսերենից թարգմանեց Աբրահամ Ալիքյան
«Գարուն», 1967, 6

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով