Աքրամ Այլիսլի. Կապույտ ծով

Որդուս՝ Իլյասին

Ուսուցիչ Նիյազի տունը կանգնած էր գյուղի ծայրին՝ բլրի վրա։ Իսկ դպրոցը ներքևում էր, գյուղի մեջտեղը։ Եվ Նիյազի տան ու դպրոցի միջև կար մի փողոց՝ արևով ողողված, լուսավոր։ Լուսավոր էր այդ փողոցը հատկապես գարնանը, երբ ծաղկում էին ծառերը։
Եվ ահա, տղաս, գարնանային մի օր իրար էին նայում երկու ծառ, հեռվից հեռու նայում էին նրանք իրար իրենց ծաղիկ-աչիկներով։ Ծառերից մեկը Նիյազի դռանն էր կանգնած, մյուսը՝ դպրոցի բակում։ Մեկը խնձորենի էր՝ ծաղիկները մուգ կարմրավուն, իսկ մյուսը սերկևիլենի՝ ձյունաճերմակ ծաղիկներով։ Եվ ահա այդ ձյունաճերմակ սերկևիլենու տակ առավոտ կանուխ լվացվում էր Նիյազը, և այնտեղից, ոսկեզօծ արևի ու լույսի միջից, լսվում էր Նիյազի ձայնը՝ ջինջ ու պարզ։
Նիյազը, ճերմակ վերնաշապիկը հագին, շտապում էր դպրոց (քիչ հետո կհնչի զանգը): Քայլում էր արևոտ փողոցով և բարևում մարդկանց, և նրա ձայնը անհնարին էր շփոթել մեկ ուրիշի ձայնի հետ։ Իսկ դպրոցի բակում խնդություն էր. ճռվողյուն, երջանիկ բացականչություններ։ Խնձորենին, որ դպրոցի բակում էր, նազանքով օրորվում էր հովից, և ծաղիկները՝ մուգ-կարմրավուն, գեղեցիկ շաղաթղթիկների պես թափվում էին անցորդների վրա։
Իսկ հետո դատարկվեց դպրոցի բակը։ Եվ փողոցները մնացին դատարկ, և տները ասես համրացան։ Լուռ իրար էին նայում ծառերը, խնձորենին՝ դպրոցի բակից, սերկևիլենին՝ Նիյազի այգուց։
Այն գարունը մնաց իմ հիշողության մեջ։ Մտաբերում եմ հիմա՝ հեռու-հեռվից և ինձ այնպես է թվում, թե այդ գարնանը երկու ծառ էին ծաղկել միայն և մի փողոց էր միայն այնքան շատ լուսավորված արևի ոսկով… Եվ թվում է ինձ, թե նամակը, որ գրել էր Նիյազը, այնպես գեղեցիկ էր ստացվել այն բանի շնորհիվ, որ նա ապրել էր երկու ծաղկող ծառերի միջև և բանակ էր գնացել այն լուսավոր ու արևով ողողված փողոցով…
Ուսուցիչ Նիյազի նամակը կարդացին մեր բակում, ճրագի աղոտ լույսի տակ։ Դա ամռանն էր, հնձի ամենաեռուն ժամանակ։ Կանայք հենց նոր էին վերադարձել հանդից։ Մութը դեռ չէր ընկել, սարերի կատարներին, ժայռերի վրա, ծառերի գագաթներին լույս կար դեռ, իսկ ձորերում մութ էր՝ արդեն թանձրաց՛ող, սև: Եվ օրորվում էին ծառերը, և սվսվում էին կամացուկ, շշուկով ինչ-որ բաներ էին ասես ասում իրար, բարդիների վրա ագռավները տեղավորվում էին բներում…
Այն օրը, երբ Մանզեր մորաքույրը ճրագի լույսի տակ կարդում էր Նիյազի նամակը, ինքը՝ Նիյազը, հեռավոր ինչ-որ տեղ էր, ծովի մոտ։ Ծովն այդ կոչվում էր Սև ծով, բայց ջուրը կապույտ-կապույտ էր, և այդ մաքուր, կապտաժեռ ջրերի վրա օրորվում էին ձյունից էլ սպիտակ թռչունները՝ ճայերը… Իսկ այդ ծովի ափը պատված էր անտառներով, անտառներում՝ ծառե՜ր, ծառե՜ր… Մեզ մոտ այդպիսիները չեն աճում… Ահա կվերջանա պատերազմը, Նիյազը կվերադառնա ու կտանի Մանզերին այնտեղ, միասին ման կգան անտառներում։ Մանզերը ծովն էլ կտեսնի, կլողանա կապույտ ջրերի մեջ… Բոլորը լինելու է, միայն պահպանիր քեզ, իմ ճերմակ աղավնյակ… Ուզում ես, որ մեր երեխան գեղեցիկ լինի, շատ քնիր, միրգ, շատ կեր։ Եվ բացի այդ, իմ թանկագինս, ձգտիր գեղեցիկ բաների նայել, ամեն րոպե ձգտիր նայել…
«Ձգտիր գեղեցիկ բաների նայել…»,— այդ տարօրինակ բառերը սկզբում ծիծաղ առաջացրին կանանց մեջ։ Հետո նրանք հանկարծ լրջացան և սկսեցին մտածել՝ ո՞րն է գեղեցիկը…
Զրույցն սկսեց տատս. — Ճիշտ է ասում Նիյազը,— ասաց,— դու աշխատիր մաքուր ջրի նայել, գեղեցիկ երեխա կբերես…
— Աշխարհում ամենագեղեցիկ բանը վարդակակաչն է,— ասաց Էսմեր մորաքույրը։— Իսկ վարդակակաչը գարնանն է լինում, հիմա չկա։ Գուցե համբերե՞ս,— ծիծաղեց Էսմերը։— Հիմա մի բեր, գարնանը ծաղիկները կբացվեն, կբերես քո հրաշամանուկը…
Մայրս նստած էր լուռ, լուռ նայում էր շուրջը։ Հետո ասես արթնացավ։
— Տեր աստված,— ասաց Նա։—Պատկերացրեք միայն՝ կռիվ է, մահ, իսկ նա գեղեցկության մասին չի մոռացել…
Իսկ հետո մայրիկը ասաց.
— Ես քեզ, Մանզեր, մի բան ասեմ, միայն թե դու չծիծաղես, աստված սիրես, չծիծաղես… Որ պառկես քնելու, մտածիր Նիյազի մասին, մտածիր։ Երազ ես տեսնելու… Նիյազը երազում կգա, քեզ մոտ կլինի… Արթնացար՝ այնպես թեթև, այնպես լավ ես զգալու քեզ…
Այդ ամառ կանայք աշխատեցին քափ ու քրտինքի մեջ, բայց Նիյազի նամակի մասին, միևնույն է, չմոռացան, նրանց հիշողության մեջ ամուր տպվել էին Նիյազի խոսքերը… Արևը մայր էր մտնում՝ հիշում էին, ելնում էր լուսինը՝ հիշում էին։ ՛Մոտիկ ինչ-որ տեղ, թփերի մեջ, սոխակը երգում էր թե չէ՝ կանայք իսկույն կանչում էին Մանզերին։ Գեղեցկությունը, որի մասին գրել էր Նիյազը, մեկ շաղաթաթախ խոտն էր կածանի եզրին, մեկ՝ նորաբաց վարդը… Մի առավոտ վարար անձրև էր տեղում, իսկ երբ անձրևը դադարեց, Ֆաթմա մորաքրոջ կտրից ինչ-որ մեկը կանչեց.
— Մանզեր, Մանզեր, դուրս եկ…—–Ֆաթմա մորաքույրն էր։— Շուտ դուրս եկ,— ասում էր նա։- Մի տես ի՜նչ գեղեցիկ ծիածան է։
Ես նույնպես դուրս եկա։ Նույնպես սկսեցի նայել ծիածանի կողմը։ Դա ամենագեղեցիկ ծիածանն էր, որ ես տեսնում էի կյանքում…

Հունիսը վերջացավ։ Կանայք արդեն բանջարանոցներում էին աշխատում։ Եվ ահա մի օր, աշխատանքից վերադառնալիս, Մանզեր մորաքույրը ասաց, որ ինքը, ինչ-որ, ասես հենց հիմա… Եվ միայն նրա համար, որ նա այդպես ասաց, կանայք նրան առավոտյան չթողեցին վեր կենա անկողնուց, իսկ ինձ պատվիրեցին ոչ մի տեղ չգնալ, խաղալ նրանց բակում։
Ես խաղում էի նրանց բակում, իսկ նրանց բակից երևում էր ամբողջ գյուղը՝ ինչպես ափի մեջ։ Եվ լեռնալանջին, գետակի վրա թեքված, անշարժ կախվել էին տատրակները։ Արևը նոր-նոր ելել էր դիմացի սարի ետևից. վաղորդյան սյուքից համր օրորվում էին ծաղիկները. «Տեր աստված, պատկերացրեք, կռիվ է, մահ, իսկ նա գեղեցկության մասին չի մոռացել…»— հիշում էի կանանց խոսքը։
Ամբողջ օրը նստեցի Մանզեր մորաքրոջ բակում, նայում էի գյուղի կողմը, հետո պառկել էի խոտերի վրա և հանկարծ լսեցի բժշկուհի Զարիֆայի ձայնը, հետո մանկան ճիչ լսեցի։ Ես վեր թռա։
Տղա էր ծնվել, բոլորը միանգամից ասացին՝ գեղեցիկն է։ Միայն թե երկար ժամանակ անանուն էր նա։ Թեպետ նոր էր սկսվել կռիվը, բայց կանայք որոշեցին նրան կոչել Գյալաբա1։ Մանզեր մորաքույրը չէր ուզում։ «Դուք ինչպես ուզում եք,— ասում էր նա,— ես Նիյազին նամակ եմ գրել։ Պատասխանը կգա, կդնենք անունը»։
Ուսուցիչ Նիյազի պատասխանը այդպես էլ չեկավ…
Պատահում էր, Մանզեր մորաքույրը ժամերով նստում էր ցանկապատի մոտ, որտեղից ամբողջ գյուղը, երևում էր, ինչպես ափի մեջ, նստում ու նայում էր հեռու ինչ-որ տեղ։ Երբեմն ինձ կանչում էր իր մոտ։
— Տեսնո՞ւմ ես,— ասում էր,– ծովը,– իսկ ինքը լեռների կողմն էր ցույց տալիս։
Հիմա տարիներ են անցել այն օրվանից։ Երկար տարիներ։ Ես նայում եմ դպրոցի կողմը, ուր, ինչպես այն ժամանակ, ծաղկել է խնձորենին, և նրա ծաղիկները գեղեցիկ են, մուգ կարմրավուն։ Եվ Նիյազի տան կողքն եմ նայում, ուր ծաղկել է սերկևիլենին՝ ձյունաճերմակ ծաղիկներով։
Իսկ փողոցը, որտեղով քայլում էր Նիյազը, ողողված է արևով, լույսով։ Ինձ փողոցը լուսավոր է թվում, որովհետև այդ փողոցով առավոտ կանուխ դպրոց է շտապում Նիյազի տղան։ Նա դասավանդում է դպրոցում, և հիմա քայլում է նա ոսկեզօծ արևի ու լույսի միջով և բարևում է մարդկանց, ու նրա ձայնը անհնարին է շփոթել մեկ ուրիշի ձայնի հետ։ «Հոր ձայնն է»,— ասում են մարդիկ։ Քայլում է նա դպրոցի ճամփով, ուր ճռվողյուն է, երջանիկ բացականչություններ։
Ծառերը նազանքով օրորվում են հեռվից և ծաղիկները՝ մուգ կարմրավուն ու ձյունաճերմակ, շաղաթղթիկների պես թափվում են Նիյազի որդու ուսերին…

Թարգմանեց Լևոն Ադյանը

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով