Պրոսպեր Մերիմե. Կարմեն

Յուրաքանչյուր կին թույն է. ունի՞ արդյոք նա բարեմասնություններ.— երկու դեպքում` մեկը սիրո առագաստում, մյուսը մահվան մահճում:
ՊԱԼԼԱԴԱՍ (V դ. մ. թ. ա.)

I
Ես միշտ կասկածում էի, որ աշխարհագրագետները չգիտեն, թե ինչ են ասում, երբ Մունդայի ճակատամարտի վայրը ընդունում են Պունիկյան բաստուլների երկրում, ներկայիս Մոնդայի մոտ, Մարբելայից մի երկու լիյո հյուսիս։ Ըստ Bellum hispaniense-ի անհայտ հեղինակի տեքստի վրա հիմնված իմ հավանական ենթադրությունների և Օսունայի դքսի հիանալի գրադարանում ձեռք բերած մի քանի տեղեկանքների` ես կարծում էի, թե Մոնտիլայի շրջակայքում պետք է փնտրել այն հիշարժան վայրը, որտեղ Կեսարը վերջին անգամ ամեն վտանգ հանձն առավ հանրապետության պաշտպաններից ազատվելու համար։ Երբ 1830 թվականի աշնան սկզբին ես գտնվում էի Անդալուզիայում, մի երկար ուղևորություն կատարեցի` լուսաբանելու ինձ համար կասկածելի մնացած մի քանի կետեր։ Այն հուշագիրը, որ ես շուտով հրատարակելու եմ, հույս ունեմ, որ այլևս ոչ մի կասկած չի թողնի ճշմարտասեր հնագետների մոտ։ Սպասելով, որ իմ հուշագիրը լուծի վերջապես այս աշխարհագրական առեղծվածը, որ ամբողջ գիտական Եվրոպային պահում է տարակույսի մեջ, ես ուզում եմ ձեզ պատմել մի փոքր պատմություն, որը ոչնչով չի կանխորոշում Մունդայի վայրի հետաքրքիր հարցը։
Կորգովա քաղաքում ես մի առաջնորդ ու երկու ձի էի վարձել և ճանապարհ ընկել որպես բեռ ունենալով միայն Կեսարի «Հիշատակարանը» և մի քանի շապիկ։ Մի օր, երբ թափառում էի Կաչենայի դաշտավայրի բարձրադիր մասում, չափազանց հոգնած, ծարավից պապակած, շեշտակի արևից խանձված` ամբողջ սրտովս Կեսարին էլ, Պոմպեոսի որդիներին էլ գրողի ծոցն էի ուղարկում, երբ իմ գնացած արահետից բավական հեռու նկատեցի մի փոքրիկ կանաչ մարգագետին` այս ու այն տեղ կնյուններով ու եղեգներով սփռված։ Դա ավետում էր ինձ, որ մոտակայքում աղբյուր կա։ Հիրավի մոտենալով` ես տեսա, որ իմ ենթադրած մարգագետինը ճահիճ էր, ուր կորչում էր, ինչպես թվում էր ինձ, Սիերրա դե Կաբբայի բարձր լեռնաճյուղերի մեջ ընկած մի նեղ կիրճից բխող առվակը։ Ես եզրակացրի, որ եթե բարձրանամ առվակն ի վեր, կգտնեմ ավելի մաքուր ջուր, նվազ տզրուկներ ու գորտեր ու թերևս մի ստվերոտ վայր ժայռերի միջև։ Կիրճը մտնելիս իմ ձին խրխնջաց, և մի ուրիշ ձի, որին ես չէի տեսնում, անմիջապես պատասխանեց նրան։ Հազիվ մի քանի հարյուր քայլ առաջ էի անցել, երբ կիրճը հանկարծ լայնանալով` իմ առջև պարզեց մի բնական կրկես` հիանալիորեն հովանավորված իրեն շրջապատող բարձր լեռնալանջերով։ Ուղևորի հանգրվանի համար անկարելի էր դրանից ավելի հաճելի վայր գտնել։ Ցից ժայռերի ստորոտում աղբյուրը փրփրալով գահավիժում ու թափվում էր ձյունասպիտակ ավազով պատված մի ավազանի մեջ։ Քամիներից մշտապես պաշտպանված և աղբյուրից թարմացող հինգ-վեց դալարագեղ կանաչ կաղնի իրենց խիտ սաղարթով ծածկում էին աղբյուրը. վերջապես ավազանի շուրջը փռված նուրբ ու փայլուն խոտը ընձեռում էր շատ ավելի լավ անկողին, քան կարելի էր գտնել տասը լիյո շրջապատում եղած որևէ պանդոկում։
Այդ գեղեցիկ վայրը հայտնագործելու պատիվն ինձ չէր պատկանում։ Մի մարդ արդեն հանգստանում էր այդտեղ և անկասկած քնել էր, երբ ես մոտեցա։ Խրխնջոցից արթնանալով, նա վեր էր կացել ու մոտեցել իր ձիուն, որն օգտվելով իր տիրոջ քնելուց` հիանալի ճաշ էր արել շրջապատի խոտերից։ Այդ մարդը երիտասարդ, առույգ տղա էր, միջահասակ, բայց հուժկու արտաքինով և մռայլ ու հպարտ հայացքով։ Նրա դեմքի գույնը, որ կարող էր գեղեցիկ համարվել, արևի ազդեցությունից դարձել էր ավելի մուգ, քան նրա մազերը։ Նա մի ձեռքով բռնել էր ձիու երասանակը, իսկ մյուսով` լայնացող փողով մի պղնձե հրացան։ Պետք է խոստովանեմ, որ սկզբում հրացանն ու դրա տիրոջ ահարկու տեսքը մի քիչ հանկարծակիի բերին ինձ. սակայն ես այլևս չէի հավատում գողերի գոյությանը, քանի որ շարունակ լսում էի նրանց մասին, բայց չէի տեսնում։ Բացի դրանից, շուկա հասնելու համար մինչև ատամները զինված այնքան պարկեշտ ագարակատերերի էի հանդիպել, որ մի որևէ հրազեն տեսնելն ինձ իրավունք չէր տալիս անծանոթի բարոյական սկզբունքները կասկածի տակ առնել։ «Եվ հետո,— մտածում էի ես,— նրա ինչի՞ն են պետք Կեսարի «Հիշատակարան»-ի էլզեվիրյան հրատարակությունը և իմ շապիկները»։ Ուստի և այդ մարդուն բարևեցի իսպանական ձևով` գլխով բարեկամական նշան անելով և ժպտալով հարցրի, թե չէի խանգարել արդյոք նրա քունը։ Առանց պատասխանելու նա աչքով ոտքից գլուխ չափեց ինձ, ապա կարծես իր քննությունից բավարարված` միևնույն ուշադրությամբ քննեց իմ ուղեցույցին, որը մոտենում էր։ Ես նկատեցի, որ սա գույնը գցեց ու երևան բերեց երկյուղի ակնհայտ նշաններ։ «Ա՜յ քեզ վատ հանդիպում»,— մտածեցի ես։ Բայց խոհեմությունն անմիջապես թելադրեց ինձ ոչ մի անհանգստության նշան ցույց չտալ։ Ձիուց իջա, ուղեցույցիս կարգադրեցի սանձը հանել և չոքելով աղբյուրի ափին` գլուխս ու ձեռքերս թաղեցի մեջը, այնուհետև փորիս վրա պառկելով, ինչպես Գեդեոնի վատ զինվորները, կուշտ խմեցի։
Այդ միջոցին ես դիտում էի իմ ուղեցույցին ու անծանոթ մարդուն։ Առաջինը մոտենում էր նկատելի չկամությամբ, իսկ մյուսը կարծես վատ դիտավորություն չուներ մեր դեմ, քանի որ իր ձին արձակել էր և հրացանը, որ մինչ այդ հորիզոնական դիրքով էր բռնել, այժմ գետնին էր ուղղված։
Համոզվելով, թե կարիք չկար նեղանալու այն հանգամանքից, որ նա քիչ ուշադրության արժանացրեց ինձ, ես փռվեցի խոտերի վրա և անպաճույճ շեշտով հարցրի հրացանակիր մարդուն, թե հրահան չունի՞ իր մոտ։ Միևնույն ժամանակ ես հանեցի իմ ծխախոտատուփը։ Անծանոթը, միշտ լուռ, պրպտեց իր գրպանները և գտնելով հրահանը` շտապեց կրակ պատրաստել ինձ համար։ Ակներև էր, որ նա մարդամոտ է դառնում, որովհետև նստեց իմ դեմ` թեև առանց բաժանվելու իր զենքից։ Իմ սիգարը վառելուց հետո ընտրեցի ինձ մոտ մնացածներից լավագույնը և հարցրի, թե չի՞ ծխում։
— Այո, պարոն,— պատասխանեց նա։
Առաջին խոսքն էր դա, որ նա արտասանեց, և ես նկատեցի, որ s տառը անդալուզյան ձևով չէր արտաբերում. դրանից ես եզրակացրի, որ նա էլ ինձ նման ճանապարհորդ է, միայն թե ոչ հնագետ։
— Այս մեկը բավական լավն է,— ասացի ես, մատուցելով նրան մի իսկական Լավանայի սիգար։
Նա գլխով մի թեթև խոնարհում արեց, վառեց իր սիգարն իմից, գլխի մի նոր խոնարհությամբ շնորհակալություն հայտնեց, ապա սկսեց ծխել ըստ երևույթին մեծ բավականությամբ։
— Ա՜խ,— գոչեց նա, դանդաղորեն քթածակերից ու բերանից բաց թողնելով առաջին ծուխը,— ինչքա՜ն ժամանակ էր, որ չէի ծխել։
Իսպանիայում ծխախոտ տալը կամ ստանալը բարեկամական հարաբերություններ է հաստատում, ինչպես Արևելքում աղն ու հացը բաժանելը։ Իմ անծանոթն ավելի զրուցասեր գտնվեց, քան ենթադրում էի։ Ի միջի այլոց, չնայած նրա հայտարարության, թե Մոնտիլայի շրջանի բնակիչ է, երևաց, որ վատ է ճանաչում այդ շրջանը։ Նա չգիտեր այն սքանչելի հովտի անունը, որտեղ մենք էինք գտնվում, չէր կարող շրջակայքի մի որևէ գյուղի անունը տալ։ Վերջապես իմ այն հարցումներին, թե այս վայրերում կործանված պատեր, լայնեզր աղյուսներ կամ քանդակազարդ քարեր չէ՞ր տեսել, նա խոստովանեց, որ երբեք այդպիսի բաների ուշադրություն չի դարձրել։ Բայց դրա փոխարեն պարզվեց, որ շատ լավ է հասկանում ձիերից։ Քննադատեց իմ ձիուն, մի բան, որ դժվար չէր, ապա իր նժույգի ցեղաբանությունն արեց, ասելով, որ դա սերում է Կորդովայի նշանավոր ձիաբուծարանից։ Իսկապես էլ ազնիվ կենդանի էր դա, այնքան դիմացկուն և, ինչպես նրա տերն էր հավատացնում, մի օրվա մեջ երեսուն լիյո կտրել էր արագ վազքով կամ քառատրոփ արշավով։ Իր պատմության կեսին անծանոթը մեկեն կանգ առավ` կարծես հանկարծակիի եկած ու զայրացած, որ շատ էր խոսել։ «Այդ նրա համար էր, որ շտապում էի Կորդովա հասնել,— շարունակեց նա մի քիչ շփոթված։— Պետք էր դատավորների միջնորդությունը խնդրեի մի դատի առթիվ…»։ Խոսելիս նա դիտում էր իմ ուղեցույց Անտոնիոյին, որը խոնարհել էր հայացքը։
Ստվերն ու աղբյուրը այնքան հրապուրեցին ինձ, որ ես հիշեցի խոզապուխտի մի քանի ընտիր կտորները, որ Մոնտիլայի իմ բարեկամները դրել էին իմ ուղեցույցի պայուսակի մեջ։ Անմիջապես բերել տվի դրանք և հրավիրեցի օտարականին մասնակցել այդ հանպատրաստից նախընթրիքին։ Եթե երկար ժամանակ նա չէր ծխել, ապա ինձ հավանական թվաց, որ երևի ոչինչ չէր կերել առնվազը քառասունութ ժամից ի վեր։ Նա լափում էր սոված գայլի նման։ Ես մտածում էի, որ նախախնամության կարգադրությամբ պատահեցի այդ խեղճ մարդուն։ Այնինչ իմ ուղեցույցը քիչ էր ուտում, էլ ավելի քիչ խմում և ամենևին չէր խոսում, թեև մեր ճանապարհորդության սկզբից անզուգական շատախոս էր եղել։ Մեր հյուրի ներկայությունը կարծես ճնշում էր նրան, և ինչ-որ անվստահություն նրանց հեռու էր պահում միմյանցից, թեև ես ոչ մի կերպ չէի կարողանում դրա պատճառը գուշակել։
Հացի և խոզապուխտի վերջին կտորներն արդեն անհետացել էին, մենք մի-մի սիգար ևս ծխել էինք. ուղեցույցիս կարգադրեցի ձիերը սանձել ու պատրաստվում էի հրաժեշտ տալ իմ նոր բարեկամին, երբ նա հարցրեց, թե որտե՛ղ եմ մտադիր գիշերել։
Նախքան ես ուշադրություն կդարձնեի Անտոնիոյի արած նշանին` պատասխանեցի, որ գնում եմ Վենտա[5] դել Կուերվո։
— Վատ օթևան է ձեզ պես մարդու համար, պարո՛ն… Ես էլ եմ այնտեղ գնում և, եթե թույլ տաք ձեզ ընկերակցել, միասին կգնանք։
— Ամենայն սիրով,— պատասխանեցի ձին հեծնելով: Անտոնիոն, որ բռնել էր ասպանդակը, աչքերով մի նոր նշան արեց ինձ։ Ես պատասխանեցի ուսերս թոթվելով, կարծես վստահեցնելով նրան, որ կատարելապես ապահով եմ զգում ինձ, և ճանապարհ ընկանք։
Անտոնիոյի խորհրդավոր նշանները, նրա անհանգստությունը, անծանոթի բերանից դուրս թռած մի քանի բառերը մանավանդ երեսուն լիյոնոց արշավը և դրան տրված քիչ ճշմարտանման բացատրությունը արդեն իմ մեջ կարծիք էին կազմել իմ ուղեկից ընկերոջ մասին։ Ես չէի կասկածում, որ գործ ունեմ մի մաքսանենգի կամ թերևս գողի հետ. բայց չէի անհանգստանում։ Ես բավական ճանաչում էի իսպանական բնավորությունը և դրա համար էլ վստահ էի, որ կարիք չկա վախենալու մի մարդուց, որը կերել ու ծխել էր ինձ հետ։ Նրա ներկայությունը նույնիսկ ապահով պաշտպանություն էր ամեն տեսակ վատ անակնկալի դեպքում։ Բացի դրանից, ես շատ գոհ էի, որ այդպիսով կճանաչեմ, թե ինչ բան է ավազակ կոչվածը։ Չէ՞ որ նրանց ամեն օր չես կարող տեսնել և մի որոշ հրապույր կա վտանգավոր մարդու հետ լինելու մեջ, մանավանդ, երբ զգում ես, որ նա հեզաբարո ու ընտելացված է։
Ես հույս ունեի, որ իմ անծանոթին աստիճանաբար կհասցնեմ մինչև իր գաղտնիքն ինձ վստահելը և, հակառակ Անտոնիոյի արած ակնթարթումներին, խոսակցությունն ուղղեցի մեծ ճանապարհների գողերի վրա։ Հասկանալի է, որ ես հարգանքով էի խոսում նրանց մասին։ Այդ ժամանակ մի նշանավոր ավազակ կար Անդալուզիայում` Խոսե-Մարիա անունով, և նրա արշավանքների մասին խոսում էին ամենքը։ «Չլինի՞ թե ինձ հետ գնացողը Խոսե-Մարիան է»,— մտածում էի ես… Պատմում էի այդ հերոսի մասին իմացած իմ բոլոր պատմությունները, բոլորն էլ անշուշտ հօգուտ նրան, և բարձրաձայն արտահայտում էի իմ հիացմունքը նրա քաջության ու վեհանձնության մասին։
— Խոսե-Մարիան սրիկայի մեկն է,— սառնությամբ ասաց օտարականը։
«Ճիշտ գնահատական է տալիս իրեն, թե՞ կեղծ համեստություն է անում»,— կրկնում էի ես մտքումս, որովհետև, նայելով ուղեկից ընկերոջս, նկատեցի նրա մեջ Խոսե-Մարիայի հատկանշանները, որ կարդացել էի Անդալուզիայի բազմաթիվ քաղաքների դարբասներին փակցված հայտարարությունների մեջ։— Այո, նա ինքն էր… Մազերը խարտյաշ, աչքերը կապույտ, բերանը մեծ, ձեռքերը փոքրիկ, նուրբ շապիկ և արծաթե կոճակներով թավշյա բաճկոնակը հագին, սպիտակ մորթե սռնապաններով և ձին էլ թուխ-կարմրագույն… Այլևս կասկած չկար։ Բայց հարգենք նրա ծպտվածությունը։
Հասանք վենտա, որը ճիշտ այնպես էր, ինչպես իմ ուղեկիցն էր նկարագրել, այսինքն` մեկը այն ողորմելի իջևաններից, որպիսին դեռ չէի հանդիպել։ Մի մեծ սենյակ ծառայում էր և՛ որպես խոհանոց, և՛ ճաշարան, և՛ ննջարան։ Սենյակի մեջտեղը, մի տափակ սալի վրա, կրակ էր վառվում, որի ծուխը դուրս էր գալիս առաստաղի մեջ բացված մի անցքից, կամ ավելի ճիշտ` դուրս չէր գալիս և գետնից մի քանի ոտք բարձրութեան վրա կանգ էր առնում ամոլի նման։ Պատի երկայնքին, գետնին փռված ջորու հինգ-վեց ծածկոցները ուղևորների անկողիններն էին։ Տանից կամ ավելի ճիշտ այն միակ սենյակից, որը հենց նոր նկարագրեցի, քսան քայլ հեռու, բարձրանում էր ախոռի տեղ ծառայող մի տեսակ մարագ։ Այդ հրապուրիչ օթևանում, բացի մի պառավից և տասը-տասներկու տարեկան փոքրիկ աղջկանից, գոնե այդ պահին մարդկային ուրիշ էակ չկար, երկուսըն էլ մրի պես սև դեմքերով և սարսափելի ցնցոտիներով։ «Ահա այն ամենը, ինչ մնացել է հնադարյան Մունդա-Բեոտիկայից,— մտածում էի ես։— Ո՜վ Կեսար, ո՜վ Սեքստոս Պոմպեոս, ինչքա՜ն կզարմանայիք դուք, եթե վերստին աշխարհ գայիք»։
Տեսնելով ճամփի իմ ընկերոջը, պառավը չկարողացավ զսպել իրեն և զարմանքի բացականչություն արեց։
— Օ՜, սինյո՜ր դոն Խոսե,— գոչեց նա։
Դոն Խոսեն կիտեց հոնքերը և հրամայական ձևով բարձրացրեց ձեռքը, որն իսկույն ևեթ կանգնեցրեց պառավին։ Ես շրջվեցի Անտոնիոյի կողմը և աննկատելի մի նշանով հասկացրի, թե ավելորդ է հասկացնել ինձ, ինչպիսի մարդու հետ եմ ուզում անցկացնել գիշերը։ Ընթրիքն ավելի լավ էր, քան ես սպասում էի։ Մի ոտնաչափ բարձրություն ունեցող սեղանի վրա մեզ մատուցեցին բրնձի ու մեծաքանակ կանաչ պղպեղի հետ եփված մի ծեր աքաղաղ, ապա ձեթով տապակած պղպեղ և վերջապես գասպաչո` մի տեսակ պղպեղի սալաթ։ Այսպես համեմված այդ երեք կերակուրները մեզ ստիպեցին հաճախակի դիմել Մոնտիլայի սքանչելի գինով լիքը տկին։
Ընթրելուց հետո, նկատելով պատից կախված մանդոլինը (Իսպանիայում ամենուրեք մանդոլին կա), մեզ սպասավորող աղջկանը հարցրի, թե նվադել չի՞ իմանում։
— Ոչ,— պատասխանեց աղջիկը,— բայց դոն Խոսեն շատ լավ է նվագում։
— Բարի եղեք,— ասացի նրան,— մի բան երգելու. ես շատ եմ սիրում ձեր ազգային երաժշտությունը։
— Ես չեմ կարող որևէ բան մերժել այնպիսի պարկեշտ պարոնի, որն այնքան ընտիր սիգարներ է տալիս ինձ,— ասաց դոն Խոսեն զվարթ շեշտով։
Եվ մանդոլինը բերել տալով, սկսեց երգել ու նվագել։ Նրա ձայնը կոպիտ էր, բայց դուրեկան, եղանակը մելամաղձոտ ու տարօրինակ. իսկ ինչ վերաբերում է խոսքերին, ո՛չ մի բառ չհասկացա։
— Եթե չեմ սխալվում,— ասացի նրան,— ձեր երգածը իսպանական եղանակ չէ։ Դա նման է sorsicos-ներին, որ ես լսել եմ Նահանգներում, իսկ խոսքերն էլ պետք է որ բասքերեն լինեն։
— Այո,— պատասխանեց դոն Խոսեն տխրագին։
Մանդոլինը գետին դրեց և, խաչաձևելով ձեռքերը, սկսեց բացառիկ տխուր արտահայտությամբ դիտել կրակը։ Փոքրիկ սեղանի վրա դրված ճրագի լույսով լուսավորված նրա և՛ ազնիվ, և՛ ահարկու տեսքն ինձ հիշեցնում էր Միլտոնի սատանային։ Նրա նման իմ ընկերն էլ գուցե մտածում էր իր թողած բնակավայրի և դրանից հետո որևէ զանցանքի համար աքսորի ենթարկվելու մասին։ Ես փորձում էի կենդանացնել խոսակցությունը, բայց նա, թաղված իր տխուր մտքերի մեջ, չէր պատասխանում։ Պառավն արդեն քնել էր սրահի մի անկյունում` պատսպարվելով պարանից կախված ծածկույթի ետևը։ Փոքրիկ աղջիկն էլ հետևելով նրան, թաքնվել էր գեղեցիկ սեռի համար վերապահված այդ ապաստարանում։ Այդ միջոցին իմ ուղեցույցը վեր կենալով` հրավիրեց ինձ իր հետ ախոռ գնալ։ Բայց այդ խոսքի վրա դոն Խոսեն, կարծես հանկարծակի արթնացած, հարցրեց նրան խիստ շեշտով, թե ո՞ւր է գնում։
— Ախոռը,— պատասխանեց Անտոնիոն:
— Ինչի՞ համար. ձիերն ուտելիք ունեն։ Պառկիր այստեղ. պարոնը թույլ կտա։
— Ես կարծում եմ, որ պարոնի ձին հիվանդ է. դրա համար էլ կուզենայի, որ պարոնը տեսնի նրան. գուցե իմանա, թե ինչ պետք է անել։
Երևում էր, որ Անտոնիոն ուզում է առանձին խոսել ինձ հետ, բայց ես չէի մտածում կասկածի տեղիք տալ դոն Խոսեին, և ինձ թվում էր, թե մեր ներկա վիճակում լավագույն բանը կատարյալ վստահություն ցույց տալն է։ Այդ պատճառռով էլ պատասխանեցի Անտոնիոյին, որ ոչինչ չեմ հասկանում ձիերից և քնել եմ ուզում։ Դոն Խոսեն ինքը նրա հետ գնաց ախոռ և իսկույն վերադարձավ միայնակ։ Նա ինձ ասաց, որ ձիուն ոչինչ չի պատահել, բայց իմ ուղեցույցը այնպիսի մեծարժեք անասուն է համարում նրան, որ իր բաճկոնով շփում է քրտնեցնելու համար և ուզում է ամբողջ գիշերը այդ հաճելի զբաղմունքով անցկացնել այնտեղ։ Մինչ այս, մինչ այն, ես պառկեցի ջորիների ծածկույթի վրա` խնամքով փաթաթվելով իմ վերարկուի մեջ, որպեսզի դրանց չդիպչեմ։ Դոն Խոսեն ներողություն խնդրելով ինձանից, որ համարձակվում է ինձ մոտ տեղավորվել, պառկեց դռան առջև, բայց մինչ այդ նորոգեց իր հրացանի խանձը և խնամքով դրեց իր համար բարձ ծառայող պայուսակի տակ։ Հինգ րոպե անց, բարի գիշեր մաղթելով իրար, երկուսս էլ խոր քուն մտանք։
Ես այնքան հոգնած էի զգում ինձ, որ վստահ էի, թե կքնեմ այդպիսի օթևանում. բայց մի ժամ հետո խիստ անդուր մի քոր արթնացրեց առաջին քնից։ Հենց որ հասկացա դրա պատճառը, վեր կացա համոզված, որ ավելի լավ էր գիշերվա մնացած մասն անցկացնել բաց, աստղազարդ երկնքի տակ, քան այդ անհյուրընկալ ծածկի ներքո։ Քայլելով ոտքիս ծայրերի վրայով, հասա դռանը, անցա խոր քուն մտած դոն Խոսեի անկողնի վրայով և այնպիսի ճարպկությամբ դուրս եկա տանից, որ նա չարթնացավ։ Դռան կողքին մի լայն տախտակե նստարան կար, պառկեցի վրան և, ինչքան հնարավոր էր, հարմարվեցի` քունս ավարտելու համար: Երկրորդ անգամ աչքերս փակելու վրա էի, երբ ինձ թվաց, որ մի մարդու ու ձիու ստվեր անցան առջևիցս, որոնք քայլում էին, թե՛ ձին, թե՛ մարդը, առանց նվազագույն շշուկ հանելու։ Վեր կացա ու նստեցի և թվաց, թե ճանաչեցի Անտոնիոյին։ Զարմացած, որ այդ ժամին նրան տեսնում եմ ախոռից դուրս, վեր կացա ու գնացի նրա կողմը։ Ինձ նկատելով, նա կանգ առավ։
— Ո՞ւր է նա,— հարցրեց Անտոնիոն ցած ձայնով։
— Ներսն է, քնած է ու չի վախենում փայտոջիլներից։ Բայց ինչո՞ւ եք տանում այդ ձին։
Այդ ժամանակ միայն նկատեցի, որ մարագից դուրս գալիս, աղմուկ չբարձրացնելու նպատակով, Անտոնիոն խնամքով փաթաթել էր ձիու ոտքերը հին ծածկոցի կտորներով։
— Ի սե՜ր Աստծու, կամաց խոսեցեք,— ասաց Անտոնիոն։— Չէ՞ որ դուք չգիտեք, թե ով է այդ մարդը։ Խոսե Նավառոն է` Անդալուզիայի ամենահայտնի ավազակը։ Ամբողջ օրը ես ձեզ նշաններ էի անում, իսկ դուք չէիք ուզում հասկանալ։
— Ավազակ է կամ ավազակ չէ. իմ ի՞նչ հոգսն է,— պատասխանեցի ես։— Նա ձեզ չի կողոպտել, և պատրաստ եմ գրազ գալ, որ միտք էլ չունի:
— Հաջողությո՜ւն ձեզ։ Բայց նրա տեղը ցույց տվողը երկու հարյուր դուկատ կստանա։ Սրանից մեկ կամ մեկուկես լիյո հեռավորության վրա նիզակազորքերի մի պահակակետ կա. լույսը դեռ չբացված` մի քանի պնդակազմ կտրիճներ կբերեմ այստեղ։ Ես կվերցնեի նրա ձին, բայց այնպես կատաղի է, որ Նավառոյից բացի, ոչ ոք չի կարող մոտենալ նրան։
— Գրո՛ղը ձեզ տանի,— ասացի Անտոնիոյին։— Ի՞նչ վատություն է արել ձեզ այդ մարդը, որ ուզում եք մատնել նրան։ Բացի դրանից, վստա՞հ եք, որ նա ձեր ասած ավազակն է։
— Միանգամա՜յն վստահ. նա քիչ առաջ հետևեց ինձ և ախոռում ասաց. «Կարծես ինձ ճանաչում ես. եթե այն բարի պարոնին ասես, թե ով եմ ես, գլուխդ կթռցնեմ»։ Մնացեք, պարո՛ն, մնացեք նրա մոտ. դուք վախենալու պատճառ չունեք։ Քանի նրա մոտ եք, նա ո՛չ մի բանից չի կասկածի։
Խոսելով հանդերձ մենք բավական հեռացել էինք տաից, որպեսզի ձիու պայտերի ձայնը չլսվի։ Անտոնիոն մի ակնթարթում քանդեց ձիու ոտքերին փաթաթած քրջերը և պատրաստվեց հեծնել։ Ես փորձեցի աղաչելով ու սպառնալով թույլ չտալ նրան։
— Ես խեղճ մարդ եմ, պարո՛ն,— ասաց նա,— երկու հարյուր դուկատը կորցնելու բան չէ, մանավանդ, երբ հարցը վերաբերում է երկիրը նման զեռուններից ազատելուն: Բայց զգույշ կացեք. եթե Նավառոն արթնանա, կվերցնի իր հրացանը, և ձեր բանը վատ կլինի։ Իսկ ես բավական առաջացել եմ ու է՛լ ետ չեմ դառնա։ Ինքներդ հարմարվեցեք, ինչպես ուզում եք։
Սրիկան արդեն թամբի վրա էր. նա խթանեց ձին, և շուտով նրա հետքը կորցրի խավարում։
Ես սաստիկ զայրացած էի իմ ուղեցույցի դեմ և բավական անհանգստացած։ Մի րոպե մտածելուց հետո որոշումս արի ու մտա տուն։ Դոն Խոսեն դեռ քնած էր, ըստ երևույթին, այդ միջոցին վերականգնելով բազմաթիվ արկածալի օրերի հոգնությունից ու անքուն գիշերներից կորցրած ուժերը։ Արթնացնելու համար ես պարտավորվեցի բավական կոպտությամբ ցնցել նրան։ Երբեք չեմ մոռանա նրա ահարկու հայացքը, ոչ էլ հրացանը վերցնելու համար արած շարժումը, որը նախազգուշությամբ անկողնից մի քիչ հեռացրել էի ես։
— Պարո՛ն,— ասացի նրան,— ներողություն եմ խնդրում ձեզ արթնացնելու համար. բայց մի հիմար հարց ունեմ ձեզ տալու։ Լավ կզգայի՞ք ձեզ, եթե հինգ-վեց նիզակակիր տեսնեիք այստեղ։
Նա վեր թռավ և զարհուրելի ձայնով հարցրեց.
— Ձեղ ո՞վ ասաց այդ։
— Կարևոր չէ, թե ով ասաց. միայն թե լուրը ճիշտ է։
— Ձեր ուղեցույցն է դավաճանել ինձ. բայց նա կհատուցի դրա համար։ Ո՞ւր է նա։
— Չգիտեմ… կարծեմ ախոռում է… բայց մեկը ասաց ինձ…
— Ո՞վ ասաց ձեզ… չի կարող պառավը լինել։
— Մեկը, որին չեմ ճանաչում… Այլևս ո՛չ մի խոսք. որևէ պատճառ ունե՞ք զինվորների սպասելու համար. այո կամ ոչ։ Եթե այո, ժամանակ մի՛ կորցնեք, իսկ եթե ոչ, բարի գիշեր։ Ներողություն եմ խնդրում ձեր քունն ընդհատելու համար։
— Ա՜խ, ձեր ուղեցո՜ւյցը, ձեր ուղեցո՜ւյցը։ Հենց սկզբից էլ կասկածեցի նրանից… Բայց… նրա հաշիվը հեշտ է… Մնաք բարով, պարո՛ն, Աստված վարձահատույց լինի ինձ արած ձեր ծառայության համար։ Ես այնքան վատ մարդ չեմ, ինչքան դուք կարծում եք… այո, իմ մեջ դեռ մի քիչ կա այն բանից, որն արժանի է ազնիվ մարդու կարեկցությանը… Մնաք բարով, պարո՛ն… միայն մի բանի համար եմ ցավում, այդ այն է, որ չեմ կարող պարտահատույց լինել ձեզ։
— Որպես իմ մատուցած ծառայության գին, խոստացեք, դո՛ն Խոսե, ո՛չ ոքի չկասկածել և վրեժի մասին չմտածել։ Այս սիգարներն էլ վերցրեք ճանապարհի համար։
Ես ձեռքս մեկնեցի նրան։
Նա առանց պատասխանելու սեղմեց իմ ձեռքը, վերցրեց հրացանն ու պայուսակը և, ինձ անծանոթ լեզվով մի քանի խոսքեր ասելով պառավին, վազեց մարագ։ Մի քանի րոպե հետո ես լսեցի նրա քառատրոփ արշավը դաշտում։
Իսկ ես նորից պառկեցի իմ նստարանի վրա, բայց չկարողացա քնել։ Ինքս ինձ հարցնում էի, թե իրավունք ունե՞ի կախաղանից ազատելու մի գողի և գուցե մարդասպանի, և դա միմիայն նրա համար, որ նրա հետ խոզապուխտ ու վալենսյան ձևով պատրաստված փլավ էի կերել։ Չէի՞ դավաճանել արդյոք իմ ուղեցույցին, որը օրենքն էր պաշտպանում։ Չէի՞ ենթարկել արդյոք նրան մի սրիկայի վրեժխնդրությանը։ Իսկ հյուրընկալության պարտավորություննե՞րը… Վայրենու նախապաշարմունք,— մտածում էի,— ես պատասխանատու եմ լինելու այն բոլոր ոճիրների համար, որ կատարելու է այդ ավազակը… Բայց մի՞թե նախապաշարմունք է այն բնազդական խիղճը, որ դիմադրում է ամեն տեսակ դատաղությունների։ Թերևս այն նուրբ դրությունից, որի մեջ գտնվում էի ես, չէի կարող առանց խղճի խայթի դուրս գալ։ Ես դեռ ալեկոծվում էի կատարյալ անորոշությունից` իմ արարքի բարոյականության մասին մտածելով, երբ հինգ-վեց հեծյալ երևացին Անտոնիոյի հետ, որը խոհեմությամբ մնացել էր որպես վերջնապահ։ Ես գնացի նրանց ընդառաջ և նախազգուշացրի, որ ավազակը փախուստի դիմեց ավելի քան երկու ժամ առաջ։ Տասնապետի հարցերին պառավը պատասխանեց, որ ինքը ճանաչում է Նավառոյին, բայց որովհետև մենակ է ապրում, ապա ոչ մի դեպքում չէր համարձակվի մատնել նրան` առանց իր կյանքը վտանգի ենթարկելու։ Այնուհետև ավելացրեց, որ երբ գալիս էր իր մոտ, սովորություն ուներ միշտ կեսգիշերին մեկնելու։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես հարկադրված եղա գնալ այդտեղից մի լիյո հեռու, անցագիրս ներկայացնելու ու դատավորին ուղղված մի հայտագիր ստորագրելու, որից հետո ինձ թույլ տվին վերսկսելու իմ հնագիտական հետազոտությունները։ Անտոնիոն ոխ էր պահել իմ դեմ, կասկածելով, որ ես էի խանգարել նրան երկու հարյուր դուկատը շահելու։ Չնայած դրան, Կորդովայում մենք բաժանվեցինք որպես լավ բարեկամներ. այստեղ ես վարձատրեցի նրան այնքան, ինչքան իմ ֆինանսական դրությունը թույլ էր տալիս։

II
Ես մի քանի օր անցկացրի Կորդովայում։ Ինձ մատնանշել էին Դոմինիկյան միաբանների գրադարանում մի ձեռագիր, որտեղ հետաքրքրական տեղեկություններ պիտի գտնեի հնադարյան Մունդայի մասին։ Խիստ լավ ընդունելություն գտնելով այդ բարի վանականների կողմից, ցերեկներն անց էի կացնում նրանց վանքում, իսկ երեկոյան զբոսնում էի քաղաքում։ Վերջալույսին Կորդովայում անգործ մարդկանց բազմությունը հավաքվում է Գվադալքուիվիր գետի աջ ափը եզերող քարափի վրա։ Այնտեղ մարդիկ շնչում են արտաթորումը մի կաշեգործարանի, որը պահում է դեռ այդ երկրի կաշվի մշակության հնամենի հռչակը, բայց դրա փոխարեն այդտեղ կարելի է դիտել մի խիստ հետաքրքրական տեսարան։ «Հրեշտակ տյառն» աղոթքի զանգից մի քանի րոպե առաջ բազմաթիվ կանայք հավաքվում են գետափը, բավական բարձր քարափի ստորոտը։ Ոչ մի տղամարդ չի համարձակվում խառնվել այդ խմբին։ Հենց որ «Հրեշտակ տյառն»-ի զանգերը հնչում են, գիշերն սկսած են համարում։ Զանգի վերջին ղողանջին այդ բոլոր կանայք շորերը հանում են և ջուրն են մտնում. դրանից հետո սկսում են աղաղակել, ծիծաղել, մի խոսքով դժոխային աղմուկ բարձրացնել։ Քարափի վերևից տղամարդիկ դիտում են այդ լողացող կանանց, չռում են աչքերը և մեծ բան չեն տեսնում։ Սակայն գետի մուգ-կապույտի վրա գծագրվող այդ սպիտակ ու տարտամ ձևերը աշխատեցնում են բանաստեղծական մտքերը, և մի փոքր երևակայության օգնությամբ դժվար չէ պատկերացնել Դիանային ու նրա հավերժահարսնրին լողանալիս` առանց վախենալու, որ կարող ես Ակտեոնի բախտին արժանանալ։ Ինձ պատմեցին, որ մի օր մի քանի լպիրշ ստահակ հանգանակություն կատարելով իրենց մեջ կաշառեցին մայր եկեղեցու ժամկոչին, որպեսզի «Հրեշտակ տյառն»-ի զանգերը սովորական ժամից քսան րոպե առաջ հնչեցնի։ Եվ չնայած բոլորովին լույս լինելուն, Գվադալքուիվիրի հավերժահարսերը չտատանվեցին և հավատալով ավելի շուտ «Հրեշտակ տյառն»-ին, քան արևին, հանգիստ խղճով հանեցին իրենց շորերը, որոնք միշտ էլ խիստ պարզ են։ Ես այդտեղ չէի։ Իմ ժամանակ ժամկոչն անկաշառելի մարդ էր, վերջալույսն էլ մշուշոտ, և միայն կատուն կկարողանար նարինջ ծախող պառավ կնոջը զանազանել Կորդովայի ամենագեղեցիկ գրիզետուհուց։
Մի երեկո, այն ժամին, երբ այլևս ոչինչ չես տեսնում, ես, հենված քարափի պատվարին, ծխում էի։ Այդ միջոցին մի կին, բարձրանալով դեպի գետը տանող սանդուղքով, եկավ ու նստեց իմ կողքին։ Նրա մազերին ամրացված էր հասմիկի մի խոշոր փունջ, որի թերթիկները երեկոյան արբեցնող բույր են արձակում։ Նա պարզ, թեթև, նույնիսկ աղքատիկ շորեր էր հագել, բոլորն էլ սև, ինչպես գրիզետուհիների մեծ մասն է հագնվում երեկոյան։ Բարեկիրթ կանայք միայն առավոտներն են սև զգեստ հագնում, իսկ երեկոները` à la francesa։ Հասնելով ինձ մոտ, լողանալուց վերադարձող այդ կինն ուսերի վրա իջեցրեց մետաքսե շալը, որ ծածկում էր նրա գլուխը, և աստղերից ցանվող մթնշաղ լույսի տակ ես տեսա, որ նա փոքրամարմին, դեռատի ու բարեձև էր և խիստ խոշոր աչքեր ուներ։ Անմիջապես շպրտեցի սիգարս։ Նա հասկացավ այդ բոլորովին ֆրանսիական քաղաքավարության արտահայտությունը և շտապեց ինձ ասել, որ ինքը շատ է սիրում ծխախոտի հոտը և նույնիսկ ծխում է, երբ կարողանում է ախորժահամ papelitos-ներ գտնել։ Բարեբախտաբար ճիշտ դրանից ես ունեի իմ ծխախոտատուփի մեջ, ուստի և շտապեցի հրամցնել նրան։ Նա բարեհաճեց մի հատ վերցնել և վառեց մի այրվող պարանի ծայրով, որ մի երեխա բերեց մեզ` ստանալով մի սու։ Խառնելով մեր ծուխերը, գեղեցիկ գրիզետուհին ու ես այնքան խոսեցինք, որ մեկ էլ տեսանք մենակ ենք քարափի վրա։ Ես մտածեցի, թե անհարմար բան արած չեմ լինի, եթե առաջարկեմ նրան գնալ neveria պաղպաղակ ուտելու։ Մի քիչ վարանելուց հետո նա ընդունեց իմ առաջարկը, բայց համաձայնելուց առաջ ցանկացավ իմանալ, թե ժամը քանիսն է։ Ես հանեցի ու սեղմեցի իմ հնչուն ժամացույցը, և այդ զնգոցը խիստ զարմացրեց նրան։
— Ինչպիսի՜ գյուտեր կան ձեզ մոտ, պարո՛ն օտարականներ։ Ի՞նչ երկրացի եք դուք։ Անգլիացի, իհարկե։
— Ֆրանսիացի եմ` ձեզ խոնարհ ծառա։ Իսկ դուք, օրիո՛րդ, կամ տիկին, հավանաբար կորդովացի եք։
— Ոչ։
— Համենայն դեպս անդալուզցի եք։ Ես այդ նկատեցի ձեր խոսակցության մեղմ շեշտից։
— Եթե դուք լավ եք տարբերում արտասանությունները, պետք է ուրեմն գուշակեք, թե ով եմ։
— Ես կարծում եմ, որ դուք Հիսուսի երկրից եք, դրախտից երկու քայլ հեռու։
(Այս փոխաբերությունը, որ նշանակում է Անդալուզիա, ես սովորել էի իմ բարեկամ, հանրածանոթ պիկադոր Ֆրանսիսկո Սևիլայից)։
— Պա՜հ, դրախտից… Այս երկրի մարդիկ ասում են, որ դա մեզ համար չի շինված։
— Ուրեմն դուք մավրիտանիացի եք կամ…— ես կանգ առա` չհամարձակվելով ասել հրեուհի։
— Դե լավ, լա՜վ. չե՞ք տեսնում, որ գնչուհի եմ։ Ուզո՞ւմ եք, որ ձեր baji-ն ասեմ։ Լսե՜լ եք երբևիցե Կարմենսիտայի մասին։ Այդ ես եմ։
Այն ժամանակ ես այնպիսի անհավատն էի (սրանից տասնհինգ տարի առաջ էր դա), որ սարսափած չփախա տեսնելով, որ նստել եմ մի կախարդ կնոջ կողքին։ «Լավ,— ասացի ինքս ինձ,— անցած շաբաթ ես ընթրել եմ մեծ ճանապարհների մի գողի հետ, այսօր էլ գնանք պաղպաղակ ուտելու սատանայի աղախնի հետ։ Ճանապարհորդելիս ամես բան պետք է տեսնել»։ Այդ ծանոթությունը զարգացնելու մի ուրիշ շարժառիթ ևս ունեի ես։ Կոլեջն ավարտելիս (համոթ ինձ խոստովանում եմ), ես բավական ժամանակ էի կորցրել կախարդական գիտություններ ուսումնասիրելու վրա և նույնիսկ շատ անգամ փորձել էի դյութել խավարի ոգուն։ Նման հետազոտություններ կատարելու մարմաջից վաղուց բուժված, այնուամենայնիվ, ես որոշ հետաքրքրություն էի տածում դեպի ամեն տեսակ սնապաշտություն և այժմ չափազանց ուրախացա, որ կարող եմ իմանալ, թե ինչքան է զարգացած մոգության արվեստը գնչուների մոտ։
Խոսելով հանդերձ մենք մտել էինք neveria ու նստել մի փոքրիկ սեղանի առջև, որը լուսավորված էր ապակյա գնդի մեջ պարփակված մոմով։ Այդ ժամանակ ես լիուլի հնարավորություն ունեցա զննելու իմ gitana-ին, այնինչ պաղպաղակ ուտող մի քանի մարդիկ ապշել էին` տեսնելով ինձ այդպիսի ընկերակցության մեջ։
Ես շատ եմ կասկածում օրիորդ Կարմենի ցեղային զտարյունությանը, համենայն դեպս նա անհամեմատ ավելի գեղեցիկ էր, քան նրա ազգին պատկանող բոլոր կանայք, որոնց երբևէ հանդիպել եմ։ Որպեսզի կինը գեղեցիկ լինի,— ասում են իսպանացիները,— պետք է համադրի երեսուն եթե, և կամ, եթե ուզում են, թող որոշեն նրա գեղեցկությունը տասը ածականների միջոցով, որոնցից յուրաքանչյուրը պետք է կիրառվի նրա անձի երեք մասերին։ Օրինակ, նա երեք սև բան պետք է ունենա` աչքերը, թարթիչներն ու հոնքերը. երեք նուրբ բան` մատները, շրթունքներն ու վարսերը, և այլն։ Մնացածը տես Բրանտոմի գրքում։ Իմ գնչուհին այդպիսի գեղեցկությամբ օժտված լինելու հավակնություն չուներ։ Նրա մորթը թեև բոլորովին միանման, բայց խիստ մոտենում էր պղնձի գույնին։ Նրա աչքերը թեև շեղ էին, բայց հիանալիորեն բացված. շրթունքները մի քիչ հաստ, բայց լավ գծագրված և ցուցադրում էին մաշկազերծ նշից ավելի սպիտակ ատամներ։ Գնչուհու գուցե մի քիչ կոշտ վարսերը սև էին` ագռավի փետուրի նման կապույտ ցոլքով, երկար ու փայլուն։ Ավելի մանրամասն նկարագրությամբ ձեզ չձանձրացնելու համար ասեմ պարզապես, որ նա յուրաքանչյուր թերությանը միացնում էր որևէ բարեմասնություն, որը հակադրության շնորհիվ ավելի ցայտուն էր դառնում։ Դա անսովոր ու վայրենի գեղեցկություն էր, մի դեմք, որն առաջին հայացքից զարմացնում էր, բայց որը չէր կարելի մոռանալ: Մանավանդ նրա աչքերն ունեին միաժամանակ և՛ հեշտալի, և՛ վայրագ արտահայտություն, որը հետագայում ոչ մի մարդկային հայացքի մեջ չեմ տեսել։ «Գնչուի աչքը գայլի աչք է», ասում է իսպանական մի առած, և դա ճիշտ դիտողություն է։ Եթե դուք հնարավորություն չունեք գայլի հայացքն ուսումնասիրելու համար Բուսաբանական այգին գնալ, գիտեցեք ձեր կատվին, երբ նա դարան է մտնում ճնճղուկ բռնելու համար։
Հասկանալի է, որ ծիծաղելի բան կլիներ սրճարանում բախտ գուշակե լ տալը, ուստի և խնդրեցի գեղանի կախարդին` թույլ տալ նրան տուն առաջնորդելու։ Նա առանց դժվարության համաձայնեց, բայց ցանկանալով իմանալ, թե ինչքան ժամանակ է անցել, խնդրեց, որ նորից հնչեցնեմ իմ ժամացույցը։
— Ւսկապե՞ս դա ոսկուց է,— հարցրեց նա ծայրահեղ ուշադրությամբ դիտելով այն։
Երբ մենք սկսեցինք քայլել, արդեն խավար գիշեր էր, և խանութների մեծ մասը փակ, փողոցներն էլ ամայի էին։ Անցանք Գվադալքուիվիրի կամուրջը և արվարձանի ծայրում կանգ առանք մի տան առջև, որը ոչ մի կերպ պալատի չէր նմանում։ Դուռը բաց արեց մի երեխա։ Գնչուհին ինձ անծանոթ լեզվով մի քանի խոսք ասաց նրան. հետո ես իմացա, որ դա գնչուների rommani կամ chippe calli բարբառն է։ Երեխան անմիջապես անհետացավ, թողնելով մեզ բավական ընդարձակ մի սենյակում, որի կահավորությունը կազմված էր մի փոքրիկ սեղանից, երկու նստարանից և մի պահարանից։ Չպետք է մոռանամ նաև, որ այդտեղ կար մի կուժ ջուր, նարինջների կույտ և մի կապ սոխ։
Հենց որ մենք մենակ մնացինք, գնչուհին հանեց իր դարակից ըստ երևույթին բավական գործածված խաղաթղթեր, մի մագնիսի կտոր, մի չորացած քամելեոն և իր արհեստին անհրաժեշտ այլ իրեր։ Ապա նա ինձ ասաց, որ որևէ դրամով ձախ ձեռքիս մեջ խաչի նշան անեմ, որից հետո սկսվեց մոգական արարողությունը։ Անօգուտ է պատմել ձեզ նրա գուշակությունները. ինչ վերաբերում է կատարելու նրա ձևերին, երևում էր, որ նա թերի կախարդ չէր։
Դժբախտաբար մեզ շուտով խանգարեցին։ Դուռը հանկարծակի բացվեց, և մինչև աչքերը գորշ վերարկուով ծածկված մի մարդ ներս մտավ` դիմելով գնչուհուն ոչ սիրալիր շեշտով։ Ես նրա ասածը չէի հասկանում, բայց ձայնից երևում էր, որ չափազանց վատ տրամադրության մեջ է նա։ Գնչուհին նրան տեսնելով ո՛չ զարմացավ և ո՛չ էլ բարկացավ, բայց վազեց նրան ընդառաջ ու արտասովոր արագությամբ մի քանի խոսք ասաց այն խորհրդավոր լեզվով, որն արդեն իմ ներկայությամբ գործ էր ածել։ Ես հասկացա միայն հաճախակի կրկնվող payllo բառը։ Գիտեի, որ գնչուներն այդ անունն են տալիս այն բոլոր մարդկանց, որոնք իրենց ցեղակից չեն։ Ենթադրելով, որ խոսքն իմ մասին է, ես պատրաստվում էի մի նուրբ բացատրության։ Ձեռքս արդեն դրել էի նստարաններից մեկի ոտքին և ինքս ինձ միտք էի անում` գուշակելու համար ճիշտ րոպեն, թե ե՛րբ հարմար կլինի այդ նստարանը շպրտել ինքնակոչ հյուրի գլխին։ Նա կոպտությամբ ետ մղեց գնչուհուն և առաջացավ դեպի ինձ. ապա մի քայլ ետ գնալով, ասաց.
— Ա՜, պարո՛ն, այդ դո՞ւք եք։
Ես էլ իմ հերթին զննեցի նրան ու ճանաչեցի բարեկամիս` դոն Խոսեին։ Այդ րոպեին մի քիչ ափսոսացի, որ թույլ չտվի կախեն նրան։
— Օ՜, այդ դո՜ւք եք, կտրի՛ճս,— գոչեցի ես ծիծաղելով, ըստ հնարավորին անբռնազբոսիկ ձևով։— Դուք խանգարեցիք օրիորդին ճիշտ այն րոպեին, երբ նա խիստ հետաքրքրական բաներ էր հայտնում ինձ։
— Միշտ միևնույն բանը։ Սա վե՛րջ կունենա,— ասաց նա ատամների միջից և մի վայրագ հայացք սևեռեր նրա վրա:
Այնինչ գնչուհին շարունակում էր խոսել նրա հետ իր լեզվով և աստիճանաբար աշխուժանում էր։ Նրա աչքերը արնակալում էին ու դառնում ահարկու, դիմագծերը ծռմռվում էին, ոտքը գետին էր խփում նա։ Ինձ թվաց, թե նա համառորեն ստիպում էր դոն Խոսեին ինչ-որ բան կատարել, իսկ սա վարանում էր անել դա։ Ինձ թվաց, թե լավ հասկացա ինչ էր նրա ուզածը, երբ տեսա, որ գնչուհին իր փոքրիկ ձեռքն արագ-արագ տարուբերում էր կզակի տակ։ Ես հակված էի հավատալու, որ հարցը մեկի կոկորդը կտրելու մասին է, և մի քիչ էլ կասկածում էի, որ դա իմ կոկորդն է։
Ճարտասանության այդ ամբողջ հեղեղին դոն Խոսեն պատասխանեց հակիրճ շեշտով արտասանած միայն երկու-երեք բառով։ Այդ ժամանակ գնչուհին խոր արհամարհանքի մի հայացք նետեց նրան, ապա ծալապատիկ նստելով սենյակի մի անկյունում, մի նարինջ ընտրեց, կճպեց և սկսեց ուտել։
Դոն Խոսեն բռնելով իմ թևը, դուռը բաց արեց և տարավ ինձ փողոց։ Մենք բացարձակ լռությամբ մոտավորապես եր֊կու հարյուր քայլ առաջ անցանք։ Ապա նա, ձեռքը մեկնելով ինձ, ասաց.
— Շարունակեցեք ուղիղ գնալ և կգտնեք կամուրջը։
Անմիջապես նա մեջքն ինձ դարձրեց ու արագ հեռացավ։ Ես վերադարձա իմ պանդոկը մի քիչ ամոթահար ու բավական վատ տրամադրությամբ։ Ամենավատն այն էր, որ հագուստներս հանելիս նկատեցի, որ ժամացույցս անհետացել է:
Զանազան նկատառումներ թույլ չտվին, որ հաջորդ առավոտ գնամ ժամացույցս պահանջելու և կամ դիմելու պարոն դատավորին, որպեսզի սա բարեհաճի փնտրել տալ։ Աշխատանքս ավարտեցի Դոմինիկյան վանքի ձեռագրի հետ ու մեկնեցի Սևիլ։ Մի ամիս Անդալուզիայում թափառելուց հետո ցանկացա վերադառնալ Մադրիդ, այնպես որ հարկ եղավ դարձյալ Կորդովայից անցնել։ Մտադրություն չունեի երկար մնալու այդտեղ, որովհետև այդ քաղաքը, Գվադալքուիվիրում լողացող կանանցով հանդերձ, աչքիցս ընկել էր։ Սակայն մի քանի բարեկամների տեսնելու և մի քանի հանձնարարություններ կատարելու պատճառով ստիպված էի առնվազն երեք կամ չորս օր մնալ մավր իշխանների այդ վաղեմի ոստանում։
Հենց որ կրկին երևացի Դոմինիկյանների մենաստանում, վանականներից մեկը, որը միշտ վառ հետաքրքրություն էր ցուցաբերել Մունդայի վայրը որոշելու իմ հետազոտությունների նկատմամբ, գրկաբաց ընդունեց ինձ` բացականչելով.
— Փառավորյա՜լ լինի Աստծու անունը։ Բարո՜վ եկաք, սիրելի՛ բարեկամ, մենք ձեզ մեռած էինք կարծում, և ես, որ այժմ խոսում եմ ձեզ հետ, քանի անգամ «Հայր մեր» և «Ողջույն քեզ, Մարիամ» եմ արտասանել ձեր հոգու փրկության համար, և հիմա բնավ չեմ ափսոսում։ Ուրեմն դուք սպանված չե՞ք, քանի որ ձեր կողոպտվելն արդեն իմացել ենք։
— Ինչպե՞ս թե,— հարցրի ես մի քիչ զարմացած։
— Այո, դուք շատ լավ գիտեք, որ այն գեղեցիկ, հնչուն ժամացույցը, որ զնգացնում էիք, երբ մենք ասում էինք, թե ժամերգության գնալու ժամանակն է, այժմ գտնված է և շուտով կվերադարձնեն ձեզ։
— Այսինքն,— ընդհատեցի ես մի քիչ շփոթված,— որ ես կորցրել էի…
— Այդ սրիկան այժմ փականքի տակ է, և որովհետև գիտեին, որ այդ մարդն ընդունակ է իր հրացանը կրակել որևէ քրիստոնյայի վրա` թեկուզ մի պեսետայի համար, մենք չափազանց վախենում էինք, որ նա սպանել է ձեզ։ Հիմա միասին կգնանք դատավորի մոտ ու ետ կստանանք ձեր գեղեցիկ ժամացույցը։ Իսկ դրանից հետո կարծում եմ, թե չեք մտածի ձեր երկրում ասելու, որ Իսպանիայում արդարադատությունն իր գործը չի իմանում։
— Խոստովանում եմ,— ասացի նրան,— որ ես գերադասում եմ կորցնել իմ ժամացույցը, քան թե վկայություն տալ դատարանում ընդդեմ մի խեղճ մարդու, որպեսզի նրան կախեն, մանավանդ այն պատճառով, որ… որ…
— Օ՜, երբեք մի՛ անհանգստանաք. նա «լավ» հանձնարարություններ ունի իր մասին, և երկու անգամ չեն կախի նրան։ Սխալվում եմ, երբ ասում եմ կկախեն։ Ձեզ կողոպտողը հիդալգո է, այնպես որ վաղը չէ մյուս օրը առանց այլևայլության նրան գալարամահ կանեն։ Ինչպես տեսնում եք, մի գողություն ավելի կամ պակաս նրա գործը չի փոխի։ Երանի՜ թե միայն գողություն արած լիներ նա, այնինչ բազմաթիվ սպանություններ է գործել մեկը մյուսից քստմնելի։
— Եվ ինչպե՞ս է նա կոչվում։
— Երկրում նա ճանաչված է Խոսե Նավառո անունով, բայց նա ունի մի ուրիշ բասքյան անուն, որ ո՛չ ես և ո՛չ էլ դուք չենք կարող արտասանել։ Ճիշտ եմ ասում տեսնելու արժանի մարդ է նա, և դուք, որ սիրում եք երկրի եզակի երևույթները տեսնել, չպետք է առիթը փախցնեք իմանալու, թե ինչպես Իսպանիայում սրիկաները մյուս աշխարհն են գնում։ Նա մատուռում է, և հայր Մարտինեսը ձեզ կառաջնորդի այնտեղ։
Իմ դոմինիկյան հայրը այնքան պնդեց, որ ես տեսնեմ «սատ սիյուն փոքյիկ կախաղան հանելու» պատրաստությունները, որ ես այլևս չկարողացա հրաժարվել։ Գնացի տեսնելու կալանավորին` մի ծրար սիգար վերցնելով հետս, որը, ինչպես հույս ունեի, նրան կմղեր ներելու իմ անզգուշությունը։
Ինձ ներս տարան դոն Խոսեի մոտ այն րոպեին, երբ նա ճաշում էր։ Գլխով բավական սառն մի նշան արեց նա ինձ և քաղաքավարությամբ շնորհակալություն հայտնեց իմ տարած ընծայի համար։ Ապա հաշվեց իմ տված ծրարի սիգարները և որոշ քանակությամբ ընտրելով, մնացածը վերադարձրեց ինձ, ասելով, որ ավելի վերցնելու կարիք չունի:
Հարցրի նրան, թե որևէ գումարով կամ իմ բարեկամների բարեխոսությամբ չէի՞ կարող արդյոք նրա վիճակի որոշ թեթևացում ձեռք բերել։ Նա նախ ուսերը տխրագին թոթվեց, ապա միտքը փոխելով` խնդրեց, որ պատարագ մատուցել տամ իր հոգու փրկության համար։
— Կուզենայի՞ք արդյոք,— ավելացրեց նա ամոթխածությամբ,— կուզենայի՞ք մի պատարագ էլ մատուցել տալ մի անձնավորության համար, որը ձեզ վիրավորել է։
— Անպայմա՛ն, սիրելի՛ս։ Բայց այս երկրում, ինչքան ես գիտեմ, ոչ ոք ինձ չի վիրավորել։
Նա բռնեց իմ ձեռքը և ծանրախոհ հայացքով սեղմեց։ Մի պահ լռելուց հետո շարունակեց.
— Կարո՞ղ եմ համարձակվել ձեզանից մի ծառայություն խնդրել… Երբ վերադառնաք ձեր երկիրը, կարող է պատահել Նավառայով անցնեք. համենայն դեպս կանցնեք Վիտտորիայով, որը նրանից շատ հեռու չէ։
— Այո,— պատասխանեցի ես,— անպայման Վիտտորիայով կանցնեմ, թեև հնարավոր չէ ճանապարհը շեղել և Պամպելուն գնալ, իսկ ձեզ համար հոժարությամբ այդ շրջադարձը կկատարեմ։
— Դե՛, լավ, եթե դուք գնաք Պամպելուն, ձեզ հետաքրքրող շատ բաներ կտեսնեք այնտեղ… Շատ գեղեցիկ քաղաք է… Այս մեդալիոնը ես կտամ ձեզ (մի փոքրիկ, արծաթե մեդալիոն ցույց տվեց նա, որ կախված էր նրա վզից). դուք կփաթաթեք դա թղթի մեջ…— նա մի րոպե կանգ առավ իր հուզումը զսպելու համար…— և կհանձնեք կամ հանձնել կտանք մի բարի կնոջ, որի հասցեն կտամ ձեզ։ Կասեք նրան, որ ես մեռել եմ. բայց չեք ասի ինչպես։
Խոստացա կատարել նրա հանձնարարությունը։ Տեսա նրան հաջորդ օրը և այդ օրվա մի մասն անցկացրի նրա հետ։ Եվ նրա բերանից էլ լսեցի հետևյալ տխուր, արկածալից պատմությունը:

III
— Ես ծնվել եմ,— ասաց նա,— Էլիզոնդոյում, Բաստանի հովտում։ Իմ անունը դոն Խոսե Լիսարաբենգոա է, իսկ դուք, պարո՛ն, բավական ճանաչում եք Իսպանիան, որպեսզի իմ անունից իմանաք, որ ես բասք եմ և հին քրիստոնյա։ Եթե ես կրում եմ դոն նախդիրը, այդ նրանից է, որ իրավունք ունեմ կրելու և եթե Էլիզոնդոյում լինեի, ձեզ ցույց կտայի մագաղաթի վրա գրված իմ տոհմաբանությունը։ Ծնողներս ուզում էին, որ ես հոգևորական դառնամ, և կրթության տվին. բայց բան դուրս չեկավ։ Շատ էի սիրում գնդակ խաղալ, և հենց այդ էլ կործանեց ինձ։ Երբ մենք գնդակ ենք խաղում, մենք` նավառացիներս, ամեն ինչ մոռանում ենք։ Մի անգամ, երբ ես շահել էի, ալավացի մի լակոտ կռվի հրահրեց ինձ. մենք վերցրինք մեր maquila-ները, և ես դարձյալ հաղթող հանդիսացա. բայց դա ստիպեց ինձ հեռանալ երկրից։ Պատահեցի վիշապազորքերի և ընդունվեցի Ալմանսայի հեծյալ գունդը։ Մեր լեռնեցի մարդիկ շուտ են սովորում ռազմական արվեստը։ Շատ չանցած տասնապետ դարձա, և խոստանում էին ենթասպա դարձնել, երբ, ի դժբախտություն իմ, նշանակեցին Սևիլի ծխախոտագործարանի պահակ։ Եթե դուք եղել եք Սևիլում, ապա տեսած կլինեք այն մեծ շենքը, պարիսպներից դուրս, Գվադալքուիվիրի մոտ։ Ինձ թվում է, թե այժմ էլ տեսնում եմ նրա դուռը և կողքի պահականոցը։ Ծառայության ժամանակ իսպանացիները թուղթ են խաղում կամ քնում, իսկ ես, որպես ճշմարիտ նավառացի, աշխատում էի միշտ մի բանով զբաղվել. արույրի թելից շղթա էի շինում իմ հրացանափողի ձողիկի համար։ Հանկարծ ընկերներս ասացին. «Ահա զանգը հնչում է. աղջիկները հիմա ներս կմտնեն` աշխատանքը վերսկսելու»։ Դուք երևի գիտեք, որ հինգ-վեց հարյուրից ոչ պակաս կանայք աշխատում են այդ գործարանում։ Նրանք են, որ մի մեծ սրահում սիգար են փաթաթում, իսկ տղամարդիկ առանց Քսանչորսի թույլատրության չեն կարող մտնել այնտեղ, որովհետև երբ շոգ է, բանվորուհիները, մանավանդ դեռատիները, շատ անկաշկանդ են պահում իրենց։ Այն ժամին, երբ բանվորուհիները ճաշի ընդմիջումից հետո աշխատանքի են վերադառնում, շատ երիտասարդներ գնում են նրանց անցնելը դիտելու և անմիտ ու ծիծաղելի բաներ են ասում։ Այդ օրիորդներից քչերն են հրաժարվում նրբամետաքս շալից, ուստի այդ տեսակ ձկնորսություն սիրողներին մնում է միայն կռանալ ձուկր բռնելու համար։ Մինչդեռ ուրիշներր նայում էին, ես մնում էի իմ նստարանի վրա, դռան կողքին։ Այդ ժամանակ ես երիտասարդ էի, շարունակ մտածում էի ծննդավայրիս մասին և չէի հավատում, որ աղջիկները կարող են առանց կապույտ շրջազգեստի և ուսերի վրա փռվող հյուսերին գեղեցիկ լինել։ Բացի դրանից, անդալուզցիներից ես վախենում էի. դեռ չէի հարմարվել նրանց ձևերին, այսինքն` շարունակ ծիծաղել և ոչ մի իմաստալից բան չասել։ Ահա այդպես գլուխս կախել էի շղթայիս վրա, երբ լսեցի. «Ահա գնչուհին»։ Աչքերս վեր բարձրացրի ու տեսա նրան։ Ուրբաթ օր էր դա, որը երբեք չեմ մոռանա։ Ես տեսա այն Կարմենին, որին դուք ճանաչում եք և որի տանը ես ձեզ հանդիպեցի սրանից մի քանի ամիս առաջ։
Նա հագել էր խիստ կարճ կարմիր շրջազգեստ, ուստի և երևում էին մեկից ավելի ծակեր ունեցող սպիտակ մետաքսե գուլպաները և կարմիր սեկից կարված և հրագույն ժապավեններով կապված փոքրիկ մաշիկները։ Նա ետ էր գցում շալը` ցույց տալու համար իր ուսերը և շապկից դուրս ցցված ակացիայի խոշոր փունջը։ Այդ ծաղկից մի հատ էլ բռնել էր բերանի անկյունում և քայլում էր շորորելով իր ազդրերը, ինչպես Կորդովայի ձիաբուծարանի զամբիկները: Մեր երկրռւմ այդպիսի զգեստ հագած կին տեսնելիս ժողովուրդը խաչ կհաներ երեսին, այնինչ Սևիլիայում ամեն մարդ մի կիսահամեստ հաճոյախոսություն էր նետում նրա արտաքինի վերաբերյալ։ Նա ամեն մեկին պատասխանում էր աչք-ունք անելով և ձեռքերը կոնքին հենելով անամոթ գնչուհու պես, որպիսին էր իսկապես։ Սկզբում նա ինձ դուր չեկավ, և ես վերսկսեցի աշխատանքս, բայց նա հետևելով կանանց ու կատուների սովորությանը, որոնց երբ կանչում ենք, չեն գալիս, բայց գալիս են, երբ չենք կանչում, կանգնեց առջևս ու խոսքն ինձ ուղղեց.
— Քավո՛ր,— ասաց նա ըստ անդալուզյան սովորության, — այդ շղթան չե՞ս տա ինձ դրամարկղիս բանալիները շարելու համար։
— Սա իմ հրացանաձողիկը կապելու համար է,— պատասխանեցի։
— Քո ձողի՜կր,— բացականչեց նա ծիծաղելով։— Օ՜, պարոնն ուրեմն ժանյակ է գործում, քանի որ ձողի կարիք ունի։
Հավաքված բազմությունն սկսեց ծիծաղել, իսկ ես զգացի, որ կարմրում եմ և պատասխանելու բառ չէի գտնում։
— Հապա՛, իմ սրտի՛ հատոր,— շարունակեց նա,— մի յոթ կանգուն ժանյակ հյուսիր շալիս համար, ո՜վ իմ հոգու նետահար։
Եվ վերցնելով բերանում բռնած ակացիայի ծաղիկը բթամատի մի շարժումով նետեց ինձ, ուղիղ աչքերիս մեջտեղը։ Այդ արարքը, պարոն, ինձ վրա կրակված գնդակի ազդեցություն գործեց… Չէի իմանում ուր թաքնվեմ, մնացել էի փայտի նման անշարժ։ Երբ նա մտավ գործարան, ես նկատեցի ոտքերիս մոտ ընկած ծաղիկը. չեմ իմանում ինչ զգացմունք համակեց ինձ, բայց ընկերներիցս ծածուկ վերցրի ծաղիկը և դրի բաճկոնիս գրպանը որպես մի թանկագին իր: Առաջին հիմարությունս էր այդ։
Երկու-երեք ժամ անց, ես դեռ դրա մասին էի մտածում, երբ մի դռնապան, շնչասպառ ու դեմքն այլայլված, ներս ընկավ պահականոց և ասաց, որ սիգարի մեծ սրահում մի կին են սպանել. անհրաժեշտ է պահակ ուղարկել այնտեղ։ Ենթասպան հրահանգեց ինձ երկու զինվոր վերցնել ու գնալ ստուգելու։ Երկու մարդ վերցրի ու վեր բարձրացա։ Պատկերացնո՞ւմ եք, պարո՛ն, որ ներս մտնելով տեսա նախ երեք հարյուր կին, սոսկ մի շապիկ հագած կամ համարյա այդպես, միաբերան աղմկում էին, գոռում, ձեռքերը թափահարում և այնպիսի ժխոր էին բարձրացրել, որ Աստծու որոտն էլ չէր լսվի։ Սրահի մի կողմը մեջքի վրա ընկած էր մի կին արյունաշաղախ ու դեմքի վրա էլ թեք խաչի մի նշան, որ դրոշմել էին դանակի զույգ հարվածով։ Վիրավորի դիմաց, որին օգնում էին այդ ոհմակի լավագույնները, տեսա Կարմենին` կաշկանդված մի քանի սանամայրերի կողմից։ Վիրավոր կինը աղաղակում էր. «Խոստովանահա՜յր կանչեցեք, խոստովանահա՜յր, ես մեռնո՜ւմ եմ»։ Կարմենը ոչինչ չէր ասում. սեղմել էր ատամները և քամելեոնի նման պտտեցնում էր աչքերը։ «Ի՞նչ է պատահել»,— հարցրի ես։ Բավական մեծ դժվարությամբ կարողացա իմանալ, թե ինչ էր տեղի ունեցել, որովհետև բոլոր բանվորուհիներն էլ միասին էին խոսում։ Պարզվեց, որ վիրավորված կինը պարծեցել էր, թե այնքան փող ունի իր մոտ` գրպանում, որ կարող է մի էշ գնել Տրիանայի շուկայում։ «Ահա՜ թե ինչ,— ասում է Կարմենը, որ խիստ լեզվանի էր,— ուրեմն կերածդ ցախավելի հարվածները բավական չե՞ն»։ Մյուսը, վիրավորված այդ անարգանքից ու թերևս այդ հարցում իրեն կասկածելի զգալուց, պատասխանում է, թե ինքը երբեք ցախավելի հարվածներ չի ստացել, որովհետև ո՛չ գնչուհի է և ո՛չ էլ սատանայի սանուհի լինելու պատիվ ունի, իսկ օրիորդ Կարմենսիտան շատ չանցած կծանոթանա իր էշի հետ, երբ պարոն դատավորը նրան տանի զբոսանքի` երկու սպասավոր էլ նշանակելով ետևից, որպեսզի ճանճերը քշեն։ «Շատ լավ,— ասում է Կարմենը,— իսկ ես երեսիդ վրա ճանճերի համար ավազան կշինեմ և կնկարեմ մի շախմատատախտակ» Եվ ասում է թե չէ, շա՛խկ-շո՛ւխկ, վերցնում է այն դանակը, որով սիգարների ծայրերն են կտրում ու նրա դեմքի վրա սուրբ Անդրեասի խաչեր է գծում։
Գործը պարզ էր. ես բռնեցի Կարմենի թևը և քաղաքավարությամբ ասացի. «Քույրիկ, եկեք իմ ետևից»: Նա մի հայացք գցեց ինձ վրա, որով ուզում էր ասել, թե ճանաչում է ինձ, բայց համակերպվողի շեշտով ասաց. «Գնանք: Ո՞ւր է իմ շալը»: Ապա շալը գցեց գլխին, բայց այնպիսի ձևով, որ նրա խոշոր աչքերից երևում էր միայն մեկը, և հեզ գառնուկի պես հետևեց մեզ` զինվորներիս։ Երբ հասանք պահականոց, ենթասպան ասաց, որ գործը ծանրակշիռ է և պետք է բանտ տանել նրան։ Եվ տանողն էլ ես պիտի լինեի: Կանգնեցրին նրան երկու վիշապազորքի միջև, ես էլ հևալու էի ետևից, ինչպես պետք է անի դասակապետը նման դեպքերում, և ճանապարհ ընկանք դեպի քաղաք։ Սկզբում գնչուհին լուռ էր, բայց Օձի փողոցում — դուք ճանաչում եք այդ փողոցը. նա արժանի է այդ անվան իր բազմաթիվ ոլորապտույտների պատճառով։ — Օձի փողոցում նա սկսեց շալն իջելխել ուսերի վրա, որպեսզի ցույց աա ինձ իր հրապուրիչ, սիրուն դեմքը, և շրջվելով դեպ ինձ ինչքան կարող էր, ասաց.
— Պարո՛ն սպա, ո՞ւր եք տանում ինձ։
— Բանտ, խե՜ղճ փոքրիկս,— պատասխանեցի ըստ հնարավորին քաղցր շեշտով, ինչպես լավ զինվորը պարտավոր է խոսել կալանավորի, մանավանդ կնոջ հետ։
— Ավա՜ղ, ի՜նչ կդառնամ ես։ Տե՛ր սպա, խղճացեք իեձ: Դուք այնքան երիտասարդ եք, այնքան գեղադեմ… Ապա ավելի ցած ձայնով ավելացրեց. «Թողեք փախչեմ. ես ձեզ մի կտոր bar lachi կտամ, որով բոլոր կանայք ձեզ կսկսեն սիրել։
Bar lachi-ն, պարոն, մագնիսի քար է, որով գնչուհիները հավակնում են, թե կարող են բազմաթիվ կախարդություններ անել, երբ գիտեն նրա գործածության ձևը։ Բերեցեք դրանից մի պտղունց և գցեցեք մի բաժակ սպիտակ գինու մեջ ու խմացրեք որևէ կնոջ, նա այլևս չի դիմադրի։
Ես, որքան կարող էի, պատասխանեցի լուրջ շեշտով.
— Մենք չենք եկել այստեղ դատարկ բաների մասին խոսելու համար. պետք է բանտ գնալ. այդ է ինձ տրված հրամանը, ուրիշ ճար չկա։
Մենք` բասքյան նահանգի բնակիչներս, ունենք արտասանության մի ուրույն շեշտ, որով իսպանացիները հեշտու֊թյամբ ճանաչում են մեզ։ Դրան հակառակ, ոչ մի իսպանացի չի կարող սովորել արտասանել թեկուզ baï, jaona Այդ պատճաոով էլ Կարմենն առանց դժվարության գուշակեց, որ Բասքյան նահանգից եմ եկել։ Դուք պետք է իմանաք, պարո՛ն, որ գնչուհիները ոչ մի երկրացի չլինելուց շարունակ ճամփորդում են, խոսում են բոլոր լեզուներով, և նրանց մեծ մասն իրեն իր տանն է զգում և՛ Պորտուգալիայում, և՛ Ֆրանսիայում, և Բասքյան նահանգներում, և՛ Կատալոնիայում, ամենուրեք, նույնիսկ մավրերի ու անգլիացիների հետ խոսելու ձևը գտնում են։ Կարմենը բավական լավ բասքերեն գիտեր։
— Laguna ene bihotsarena` իմ սրտի՛ ընկեր,— ասաց նա հանկարծ,— Բասքոնիայի՞ց եք դուք։
— Մեր լեզուն, պարոն, այնքան գեղեցիկ է, որ երբ լսում ենք օտար երկրռւմ, ցնցվում ենք… Ես կցանկանայի մեր երկրից եկած խոստովանահայր ունենալ,— ավելացրեց դոն Խոսեն ավելի ցած ձայնով։
Եվ մի պահ լռելուց հետո շարունակեց.
— Ես էլիզոնդոցի եմ,— պատասխանեցի Կարմենին խիստ հուզված` լսելով նրանից մեր լեզուն։
— Ես էլ էչալարցի եմ,— ասաց նա (դա մեզանից չորս ժամ հեռավորության վրա է):— Գնչուներն ինձ տարան Սևիլիա, և ես աշխատում էի ծխախոտի գործարանում, որպեսզի փող հավաքեմ ու վերադառնամ Նավառա` իմ խեղճ մոր մոտ, որն ինձանից բացի, այլ նեցուկ չունի և մեկ էլ մի փոքրիկ barratcea քսան հատ սիդրի խնձորօղու խնձորենիներով։ Օ՜, եթե ես մեր երկրում լինեի, սպիտակ սարի առջև։ Ինձ վիրավորեցին, որովհետև ես այդ խաբեբաների, նեխած նարինջ ծախողների երկրից չեմ։ Եվ այդ բոլոր լկտի կանայք միաբանեցին իմ դեմ, որովհետև ես ասացի, որ Սևիլիայի նրանց բոլոր jacque-ները` իրենց դանակներով հանդերձ, չէին կարող վախեցնել մեր երկրացի կապույտ գլխարկ դրած և մաքուիլան ձեռքին պահած երիտասարդին։ Ընկե՜ր, բարեկա՜մս, չե՞ք ուզում արդյոք մի կերպ օգնել ձեր հայրենակցուհուն։
Նա ստում էր, պարո՛ն, և միշտ էլ ստել է։ Ես չեմ իմանում, թե այդ աղջիկն իր կյանքում երբևիցե մի ճիշտ խոսք ասե՞լ է, թե ոչ. բայց երբ նա խոսում էր, ես հավատում էի նրան. դա ինձնից ավելի ուժեղ էր։ Նա բասքերեն էր կոտրատում, և ես կարծեցի, թե նավառացի է. միայն աչքերս, բերանն ու մաշկի գույնը մատնում էին նրա գնչուհի լինելը: Ես խելագարվել էի և ոչ մի բանի ուշադրություն չէի դարձնում։ Մտածում էի, որ եթե իսպանացիները համարձակվեն վատ բան ասել մեր երկրի մասին, ես էլ կկտրատեի նրանց դեմքը, ինչպես Կարմենն էր արել իր ընկերուհուն։ Կարճ ասած, ես հարբած էի, սկսել էի հիմարություններ դուրս տալ և պատրաստ էի նաև հիմարություններ անել։
— Հայրենակի՛ց, եթե ես ձեզ հրեմ, և դուք ընկնեք,— շարունակեց նա բասքերեն,— կարծում եմ, որ այս երկու կաստիլիացի նորակոչիկները չեն, որ պիտի բռնեն ինձ…
Երդվում եմ, մոռացա և՛ տրված հրամանը, և՛ ամեն բան ու ասացի.
— Լավ, բարեկամուհի՛, հայրենակցուհի՛, փորձեցեք, և թող Սարի աստվածածինն էլ ձեզ օգնական լինի։
Այդ միջոցին մենք անցնում էինք այն նեղ փողոցներից մեկի առջևից, որոնք այնքան շատ են Սևիլիայում։ Հանկարծ Կարմենը ետ դարձավ և բռունցքի մի հարված իջացրեց կրծքիս: Ես դիտմամբ ընկա բերանքսիվայր։ Մի ոստյունով նա ցատկեց իմ վրայից և սկսեց վազել` մեզ ցույց տալով մի զույգ սրունքնևր… Ասում են բասքերի սրունքներ. բայց Կարմենի արագաշարժ ու բարեձև սրունքները հազվագյուտ էին… Ես անմիջապես վեր կացա, բայց նիզակս հորիզոնական դիրքով բռնեցի, այսինքն` փողոցը պատնեշելու ձևով, և այնքան լավ, որ երբ րնկերներս ցանկացան հետապնդել նրան, մի պահ կանգ առան։ Այնուհետև ես ինքս սկսեցի վազել, նրանք էլ իմ ետևից, բայց մեր խթաններով, սրերով ու նիզակներով հասնել նրան անկարելի էր։ Ավելի կարճ ժամանակում, քան այն, որի ընթացքում ես ձեզ պատմեցի այս դեպքը, կալանավորուհին չքվեց։ Բացի դրանից, այդ թաղի բոլոր սանամայրերը նպաստում էին նրա փախուստին, ծիծաղում մեզ վրա և սխալ ճանապարհ ցույց տալիս… Բազմիցս վեր ու վար վազելուց հետո ստիպված եղանք վերադառնալ պահականոց` առանց բանտապետի ստացականի։
Իմ մարդիկ, չպատժվելու համար, ասացին, որ Կարմենն ինձ հետ բասքերեն էր խոսել, և ճիշտն ասած, բնական էլ չէր, որ այդպիսի փոքր աղջկա հասցրած բռունցքի մի հարվածն այնքան հեշտությամբ գետին գլորեր իմ ուժի տեր երիտասարդին։ Այս բոլորը խիստ կասկածելի թվաց կամ ավելի ճիշտ, շատ` որոշ։ Այդ օրվա պահակությունը վերջացնելուց հետո ինձ աստիճանազրկեցին և մեկ ամսով ուղարկեցին բանտ։ Առաջին պատիժն էր, որ ստացա զինվորական ծառայության մտնելուց հետո։ Մնաք բարո՜վ, ենթասպայի տրեզներ, որոնք արդեն ստացած էի համարում։
Առաջին օրերս բանտում շատ տխուր անցան։ Զինվոր դառնալով ևս պատկերացնում էի, թե ամենաքիչը կդառնամ սպա։ Իմ հայրենակիցներից Լոնդան, Մինան գեներալ-կապիտան են. Չապալանգառան, որը նեգրո է, ինչպես և Մինան, նմանապես փախել է ձեր երկիրը. Չապալանգառան գնդապետ էր, մի քսան անգամ գնդակ եմ խաղացել նրա եղբոր հետ, որն ինձ նման չքավոր մարդ էր։ Այժմ ինքս ինձ ասում էի.— այն ամբողջ ժամանակը, որ դու ծառայել ես անպատիժ, կորած ժամանակ է։ Դու արդեն վատահամբավ ես, և որպեսզի կրկին վարկդ վերականգնես մեծավորներիդ մոտ, պետք է տասն անգամ ավելի աշխատես, քան այն, երբ եկար որպես նորակոչիկ։ Եվ ինչո՞ւ պատժվեցի ես.— մի անպիտան գնչուհու համար, որը ծիծաղեց վրաս և այս րոպեին գողություն է անում քաղաքի անկյուններից մեկում։ Բայց և այնպես չէի կարող չմտածել նրա մասին։ Հավատո՞ւմ եք, պարո՛ն, որ նրա ծակծկված մետաքսե գուլպաները, որոնք փախչելիս նա ցուցադրել էր ամբողջությամբ, շարունակ աչքիս առջև էին։ Բանտի վանդակներից դիտում էի փողոցից անցնող բոլոր կանանց և նրանց մեջ ոչ ոքի չէի գտնում, որը համարժեք լիներ այդ սատանա աղջկան։ Բացի դրանից, հակառակ իմ կամքին, հոտոտում էի նրա գցած ծաղիկը, որը թեև չորացել, բայց պահել էր իր հաճելի հոտը… Եթե երբևէ կախարդներ են եղել աշխարհում, ապա այդ աղջիկը նրանցից մեկն էր։
Մի անգամ բանտապահը ներս մտավ և մի հատ Ալկալայի հաց տվեց ինձ։
— Վերցրեք,— ասաց նա,— ձեր մորաքրոջ աղջիկն է ուղարկել։
Ես վերցրի հացը, թեև չափազանց զարմացած, որովհետև մորաքրոջ աղջիկ չունեի Սևիլիայում։ Սխալմունք է թերևս, մտածեցի ես դիտելով հացը. բայց դա այնքան ախորժալի էր, այնքան հաճելի հոտ ուներ, որ առանց մտատանջվելու, թե որտեղի՛ց էր գալիս և ո՛ւմ էր կանխորոշված, որոշեցի ուտել։ Երբ ուզում էի կտրել, դանակս մի կարծր բանի դիպավ։ Նայեցի ու գտա մի փոքրիկ անգլիական խարտոց, որ թխելուց առաջ դրել էին խմորի մեջ։ Բացի դրանից, մի հատ էլ երկու պիաստրանոց ոսկի կար այդ հացի մեջ։ Այլևս ո՛չ մի կասկած, որ Կարմենից էր այդ նվերը։ Նրա ցեղի մարդկանց համար ազատությունն ամեն բան է. նրանք պատրաստ են կրակի մատնել մի ամբողջ քաղաք, միայն թե մի օր իսկ բանտ չնստեն։ Բացի դրանից, սանամայրը խորամանկ էր և այդ հացն ուղարկելուց ծիծաղել էր բանտապահների վրա։ Մի ժամվա մեջ կարող էի այդ փոքրիկ խարտոցով սղոցել ամենահաստ վանդակը և երկու պիաստրովն էլ հենց առաջին հնավաճառի մոտ կարող էի իմ զինվորական շինելը փոխել քաղաքացիական զգեստի հետ։ Դուք հասկանում եք, որ մեր ժայռերում իրենց բներից շատ անգամ արծիվներ փախցրած մարդը չէր դժվարանա երեսուն ոտք բարձրություն ունեցող պատուհանից փողոց իջնել։ Բայց ես չէի ուզում փախուստի դիմել։ Դեռ պահում էի իմ զինվորական պատիվը, և դասալիք լինելը մեծ հանցագործություն էր թվում ինձ։ Ես միայն զգացվեցի ինձ հիշելու այդ նշանից։ Երբ բանտում ես, հաճելի է մտածել, որ դրսում կա մեկր, որը հետաքրքրվում է քեզանով։ Ոսկին էր միայն ինձ մի քիչ նեղում. շատ կցանկանայի ետ տալ, բայց որտեղի՞ց գտնեի պարտատիրոջս։ Այդ ինձ հեշտ բան չէր թվում։
Աստիճանազրկման արարողությունից հետո ես կարծում էի, որ տանջվելու այլ պատճառ չունեմ։ Բայց դեռ մի նվաստացում ևս մնում էր կուլ տալ, և դա տեղի ունեցավ բանտից դուրս գալուս օրը, երբ ինձ հրամայեցին, որպես հասարակ զինվոր, պահակ կանգնել։ Դուք չեք կարող երևակայել, թե ինչ է զգում նման դեպքերում սրտոտ մարդը։ Ինձ թվում է, թե ես կգերադասեի ավելի շուտ գնդակահարվել։ Համենայն դեպս առանձին ես քայլում քո դասակի առջևից, զգում ես, որ մի բան արժես, ամենքը քեզ են նայում։
Ւնձ պահակ նշանակեցին գնդապետի դռանը։ Նա մի հարուստ երիտասարդ էր, լավ բնավորությամբ ու սիրում էր զվարճանալ։ Բոլոր երիտասարդ սպաները լինում էին նրա մոտ, ինչպես նաև քաղաքացիներ ու կանայք, որոնք, ըստ խոսակցությունների, դերասանուհիներ էին։ Ինձ թվում էր, թե ամբողջ քաղաքը ժամադրվել է նրա դռան առաջ` ինձ դիտելու համար։ Ահա մոտենում է գնդապետի կառքը, սենեկապանն էլ կառապանի կողքին նստած։ Եվ ո՜ւմ եմ տեսնում կառքից իջնելիս… գնչուհուն։ Այս անգամ նա զարդարված էր սրբություններ պարունակող տուփի նման, պճնված ու փքված էր ամբողջովին ոսկեգունով ու ժապավեններով։ Փայլուն ուլունքներով ասեղնագործված կապույտ կիսակոշիկներ, ամեն տեղ ծաղիկներ ու տրեզներ։ Ձեռքում ուներ բասքյան մի փոքրիկ դափ։ Նրա հետ կային ևս երկու ուրիշ գնչուհիներ` մեկը դեռատի, մյուսը պառավ։ Սովորաբար նրանց միշտ էլ առաջնորդում է մի պառավ, հետո մի ծեր տղամարդ կիթառը ձեռքին, նույնպես գնչու, որպեսզի նվագի, և նրանք պարեն։ Դուք գիտեք, իհարկե, որ խնջույքների ժամանակ հաճախ գնչուհիներ են հրավիրում հասարակության մեջ, որպեսզի romalis պարել տան նրանց (այդ նրանց պարն է) և հաճախ էլ ուրիշ շատ բաներ։
Կարմենն ինձ ճանաչեց, և մենք մի հայացք փոխանակեցինք։ Չեմ իմանում, բայց այդ րոպեին ես կգերադասեի հարյուր ոտք խորը գետնի տակ լինեի։
— Agur laguna,— ասաց նա։— Պարո՛ն սպա, նորակոչիկի պես պահակ ես կանգնել։
Եվ նա տուն մտավ ավելի շուտ, քան թե ես կգտնեի պատասխանելու նրան։
Ամբողջ հասարակությունը ներսի բակում էր, և, չնայած բազմությանը, ես վանդակին միջով մոտավորապես տեսնում էի, թե ինչ էր տեղի ունենում այնտեղ։ Լսում էի կաստանիետների և դափի նվագ, ծիծաղներ ու կեցցեներ. երբեմն նշմարում էի նրա գլուխը, երբ նա ցատկոտում էր իր դափի հետ միասին։ Հետո լսում էի սպաների նրան ուղղված ափեղցփեղ խոսքերը, որոնցից արյունս գլուխս էր խփում։ Թե ինչ էր նա պատասխանում, չգիտեմ։ Կարծում եմ, որ այդ օրվանից սկսեցի իսկապես սիրել նրան, որովհետև երկու-երեք անգամ մտքովս անցավ մտնել բակը և սուրս խրել այդ թեթևսոլիկների փորը, որոնք քծնաբանություններ էին ասում նրան։ Իմ այդ տառապանքը մի ամբողջ ժամ տևեց, որից հետո գնչուները դուրս եկան, և կառքը նրանց տարավ։ Կարմենն անցնելիս դարձյալ նայեց ինձ այն հայացքով, որ դուք ճանաչում եք, և խիստ ցած ձայնով ասաց.
— Հայրենակի՛ց, ով տապակած ձուկ շատ է սիրում, ուտելու համար գնում է Տրիանա` Լիլաս Պաստրայի մոտ։
Ուլի թեթևությամբ նա ցատկեց կառքը, կառապանը մտրակեց ջորիներին, և ամբողջ ուրախ խումբը գնաց, ո՜վ գիտե ուր։
Դուք, իհարկե, գուշակում եք, որ պահակության ժամից հետո գնացի Տրիանա, բայց մինչ այդ ածիլվեցի և խոզանակով սրբեցի հագուստս, ինչպես զորահանդեսի օրերին։ Կարմենը Լիլաս Պաստրայի ճաշարանում էր, տապակած ուտելիքներ ծախող մի մավրանման, սև գնչու, որի մոտ բազմաթիվ քաղաքացիներ էին գալիս տապակած ձուկ ուտելու, մանավանդ, իմ կարծիքով, այն օրվանից հետո, երբ Կարմենը բնակություն էր հաստատել այնտեղ։
— Լիլա՛ս,— ասաց նա, հենց որ ինձ տեսավ,— այսօր ես է՛լ ոչինչ չեմ անի։ Վաղը նույնպես արև կծագի։ Գնա՛նք, հայրենակի՛ց, գնանք, զբոսնելու։
Հենց Լիլասի քթի տակ էլ նա շալը վրան գցեց, և դուրս եկանք փողոց` առանց իմանալու, թե ուր եմ գնում։
— Օրիր րդ,— ասացի նրան,— կարծում եմ, որ ձեզ պետք է շնորհակալություն հայտնեմ մի նվերի համար, որ դուք ուղարկել էիք ինձ, երբ ես բանտում էի։ Հացը կերել եմ, խարտոցն էլ կգործածեմ նիզակս սրելու համար և կպահեմ որպես հիշատակ ձեզանից, իսկ փողը` ահա՛։
— Վա՜յ, փողը պահե՜լ է,— բացականչեց նա քահ-քահ ծիծաղելով։— Բայց և այնպես ավելի լավ, որովհետև ես դեռ փողառատ չեմ. իսկ ինչո՞ւ մտահոգվել, քայլող շունը քաղցած չի սատկի: Գնա՛նք, բոլորն էլ ուտենք, դու ինձ կհյուրասիրես։
Մենք ուղղվեցինք դեպի Սևիլիա։ Օձի փողոց մտնելիս նա մի տասնյակ նարինջ գնեց և թաշկինակիս մեջ դնել տվեց։ Քիչ այն կողմը գնեց նաև հաց, երշիկ, մի շիշ մանսանիլա և ապա մտավ մի հրուշակարան։ Այդտեղ նա հաշվեսեղանի վրա շպրտեց իմ վերադարձրած ոսկին, մի ուրիշն էլ հանեց իր գրպանից մի քանի արծաթ դրամների հետ, վերջն էլ պահանջեց ինձնիր իմ ամբողջ ունեցածը։ Ես միայն մի պեսետրա ու մի քանի կվարտո ունեի և բոլորն էլ տվի նրան` խիստ ամաչելով, որ դրանից ավելի չունեմ։ Ինձ թվար, թե նա ուզում է դատարկել ամբողջ խանութը. վերցրեց այն ամենը, ինչ որ ամենալավն ու ամենաթանկն էր, եմաս, տուրոն, շաքարի մեջ եփված պտուղներ, ինչքան որ փողը բավականացավ։ Ստիպված էի այդ բոլորը թղթե տոպրակներով տանել։ Դուք երևի ճանաչում եք Կանդիլեխո փողոցը, որտեղ դրված է դոն Պեդրո Արդարադատ թագավորի կիսանդրին։ Այդ կիսանդրին պետք է խորհրդածություններ առաջացներ իմ մեջ։ Մենք կանգ առանք այդ փողոցում, մի հին տան առջև։ Կարմենը մտավ ծառուղին և ծեծեց ներքնահարկի դուռը։ Մի գնչուհի, սատանայի իսկական աղախին, դուռը բաց արեց։ Կարմենը նրան մի քանի բառ ասաց ռոմանի լեզվով։ Պառավը նախ մրթմրթաց: Կարմենը նրան մեղմելու համար երկու հատ նարինջ և մի բուռ շաքարեղեն տվեց ու խոստացավ գինի խմացնել։ Ապա իր շալը գցեց նրա կռնակին ու տարավ նրան դեպի դուռը, որը փակեց փայտե նիգով։ Հենց որ մենք մնացինք մենակ, նա սկսեց պարել, խելագարի նման ծիծաղել ու երգել:
— Դու իմ rom-ն ես, ես Էլ քո romi-ն։
Ես կանգնել էի սենյակի մեջտեղը, բեռնավորված նրա բոլոր գնումներով ու չէի իմանում ուր դնեմ։ Նա բոլորը թափեց գետին, փաթաթվեց վզիս ու ասաց.
— Ես վճարում եմ պարտքերս, ես վճարում եմ պարտքերս. այսպես է calé-ների օրենքը։
Ա՜խ, պարո՛ն, այդ օ՜րը, այդ օ՜րը… երբ մտածում եմ այդ օրվա մասին, մոռանում եմ վաղվա օրը։
Բանդիտը մի պահ լռեց, ապա մարած սիգարը նորից վառելուց հետո շարունակեց։
Ամբողջ օրը մենք միասին անցկացրինք` ուտելով, խմելով և մնացյալով հանդերձ։ Երբ նա վեց տարեկան երեխայի նման կերավ քաղցրավենիները, սկսեց դրանից բուռ-բուռ վերցնել ու կոխել պառավի ջրի փարչի մեջ. «Այս էլ նրան օշարակ պատրաստելու համար», ասաց նա։ Այնուհետև սկսեց եմասներ ջարդել ու խփել պատին` ասելով. «Այս էլ նրա համար, որ ճանճերը մեզ հանգիստ թողնեն…»։ Է՛լ խեղկատակություն ու գժություն չմնաց, որ չաներ։ Ես ցանկություն հայտնեցի տեսնելու նրա պարը, բայց որտեղի՞ց գտնեինք կաստանիետներ։ Նա անմիջապես վերցրեց պառավի միակ ափսեն, ջարդեց ու սկսեց պարել հախճապակու կտորներն այնպիսի հաջողությամբ շխկշխկացնելով, որ կարծես եբենոսե կամ փղոսկրե կաստանիետներ լինեին։ Վստահեցնում եմ ձեզ, որ մարդ երբեք չէր ձանձրանա այդ աղջկա հետ։ Մութն ընկնում էր, և ես լսեցի թմբուկի ձայներ, որոնք վերադարձի նշանն էին տալիս։
— Պետք է վերադառնամ զորանոց` ստուգմանը ներկա լինելու,— ասացի ես։
— Զորանո՞ց,— կրկնեց նա հեգնական շեշտով։— Ուրեմն դու նեգր ես, որ թույլ ես տալիս քեզ ուրիշների մտրակի տակ մնալու։ Դու իսկական դեղձանիկ ես, և՛ հագուստով, և՛ բնավորությամբ։ Գնա՛, ճտի սիրտ ունես դու։
Ես մնացի` նախօրոք հանձն առնելով արգելարանը։ Առավոտյան նա առաջինը խոսեց իրարից բաժանվելու մասին։
— Լսի՛ր, Խոսեի՛տո,— ասաց նա,— պարտքս վճարեցի քեզ, այնպե՞ս չէ։ Մեր օրենքով ես քեզ ոչինչ պարտք չէի, քանի որ դու payllo ես. բայց դու սիրուն տղա ես և ինձ դուր եկար: Մենք այլևս պարտք ու պահանջ չունենք. երթաս բարո՜վ։
Ես հարցրի, թե երբ կարող եմ նորից տեսնել նրան։
— Երբ դու նվազ անմիտ լինես,— պատասխանեց նա, ապա ավելի լուրջ շեշտով ավելացրեց,— գիտես, տղա՛ս, ինձ թվում է, թե մի քիչ սիրում եմ քեզ։ Բայց սա չպետք է շարունակվի։ Շունն ու գայլը երկար ժամանակ կողք-կողքի հաշտ ապրել չեն կարող։ Գուցե և, եթե դու ընդունեիր Եգիպտոսի օրենքը, ես ցանկանայի դառնալ քո romi-ն։ Բայց դատարկ բան է, չի կարող լինել։ Պա՜հ, հավատա, տղա՛ս, որ դու էժան պրծար։ Դու հանդիպել ես սատանային, այո, սատանային. նա միշտ սև չի լինում և գլուխդ չի պոկել։ Ես բուրդ եմ հագել, բայց ոչխար չեմ։ Գնա մոմ վառիր քո majari-ի առջև. նա արժանի է դրան։ Գնաս բարո՜վ, ևս մի անգամ, գնաս բարո՜վ։ Այլևս մի մտածիր Կարմենսիտայի մասին, ապա թե ոչ` նա քեզ կստիպի ամուսնանալ փայտասրունք որբևայրու հետ։
Այսպես խոսելով հանդերձ, նա ետ էր մղում դուռը փակող նիգը և հենց որ փողոց դուրս եկանք, փաթաթվեց իր շալի մեջ և կռնակն ինձ դարձրեց։
Ճիշտ էր ասում նա. ես խելացիություն արած կլինեի, եթե այլևս չմտածեի նրա մասին, բայց Կանդիլեխո փողոցում անցկացրած այդ օրվանից հետո այլևս ուրիշ բանի մասին մտածել չէի կարող։ Ամբողջ օրը զբոսնում էի` հուսալով հանդիպել նրան։ Հարցնում էի նրա մասին պառավին և տապակած վաճառողին։ Երկուսն էլ պատասխանում էին, որ մեկնել է Լալորո. այդպես են նրանք անվանում Պորտուգալիան։ Այդպես էին խոսում նրանք հավանորեն ըստ Կարմենի տված հրահանգների, և ես շուտով հասկացա, որ ստում էին։ Կանդիլեխո փողոցում անցկացրած այդ օրվանից մի քանի շաբաթ հետո ես պահակ նշանակվեցի քաղաքի դարբասներից մեկի մոտ։ Այդ դարբասից քիչ հեռու, շրջապարսպի մեջ գոյացել էր մի բացվածք. ցերեկը աշխատում էին այդտեղ, իսկ գիշերը պահակ էին նշանակում` մաքսանենգներին արգելելու համար։ Ցերեկը նկատեցի, որ Լիլաս Պաստիան թրև է գալիս պահականոցի շուրջը և խոսում է ընկերներիցս մի քանիսի հետ։ Ամենքն էլ ճանաչում էին նրան, է՛լ ավելի լավ` նրա ձկներն ու յուղաբլիթները։ Նա մոտեցավ ինձ ու հարցրեց, թե լուր չունե՞մ Կարմենից։
— Ոչ,— պատասխանեցի ես։
— Լավ, շուտով կունենաք, քավո՛ր։
Նա չէր սխալվում։ Գիշերը ես պահակ նշանակվեցի այդ բացվածքի մոտ։ Հենց որ տասնապետը հեռացավ, տեսա, որ մի կին է գալիս դեպի ինձ։ Սիրտս վկայում էր, որ Կարմենն է դա։ Այնուամենայնիվ աղաղակեցի.
— Հեռո՛ւ, ճանապարհը փակ է։
— Լա՜վ, մի՛ չարանաք, խնդրեմ,— ասաց նա, ճանաչեցնելով իրեն։
— Ի՜նչ, այդ դո՞ւք եք, Կարմե՛ն։
— Այո, հայրենակի՛ց։ Քիչ խոսենք, լավ խոսենք։ Ուզո՞ւմ ես մի դուրո շահել։ Հիմա մի քանի մարդիկ կգան կապուկներով միասին. թույլ տուր անցնեն։
— Ոչ,— պատասխանեցի ես,— թույլ չեմ տա անցնեն. այդպես է հրամանը։
— Հրամա՜նը, հրամա՜նը։ Դրա մասին չէիր մտածում Կանդիլեխո փողոցում։
— Ա՜խ,— պատասխանեցի սոսկ այդ հիշեցումից բոլորովին այլայլված. դա բավական էր հրամանը մոռանալու համար,— ես մաքսանենգների փողին կարիք չունեմ։
— Լավ, եթե փողի կարիք չունես, արի գնանք ճաշենք պառավ Դորոթեայի մոտ։
— Ոչ,— ասացի` գրեթե խեղդվելով իմ գործադրած ճիգի պատճառով։— Չեմ կարող։
— Շատ լավ։ Եթե դու այդքան անդրդվելի ես, ապա ես գիտեմ, թե ում պիտի դիմեմ։ Հենց քո սպային կառաջարկեմ գնալ Դորոթեայի մոտ։ Նա լավ տղա է երևում և այնպիսի մեկի պահակ կնշանակի, որը կտեսնի միայն այն, ինչ պետք է տեսնել։ Մնաս բարով, դեղձանիկս։ Ես մի լավ կծիծաղեմ այն օրը, երբ հրաման տրվի քեզ կախելու։
Ես թուլություն ունեցա նրան ետ կանչելու և խոստացա թույլ տալ բոլոր գնչուներին անցնելու, եթե դա անհրաժեշտ էր, միայն թե ստանայի խոստացված ցանկալի վարձատրությունը։ Նա անմիջապես երդվեց հաջորդ օրն իսկ կատարել իր խոսքը և վազեց տեղեկացնելու իր բարեկամներին, որոնք մի քանի քայլ էին հեռու։ Հինգ հոգի էին նրանք, որոնցից մեկն էլ Պաստիան էր, բոլորն էլ անգլիական ապրանքներով բեռնավորված։ Կարմենը հսկողություն էր անում։ Նա պարտավոր էր իր կաստանիետներով զգուշացնել, հենց որ գիշերապահներ երևային. բայց կարիք չունեցավ դրան։ Մաքսանենգները մի ակնթարթում վերջացրին իրենց գործը։
Հաջորդ օրը գնացի Կանդիլեխո փողոցը: Կարմենը բավական սպասեցնելուց հետո եկավ վատ տրամադրված։
— Ես չեմ սիրում նրանց, ովքեր ուզում են, որ խնդրեն իրենց,— ասաց նա։— Դու ինձ շատ ավելի մեծ ծառայություն մատուցեցիր առաջին անգամ` առանց իմանալու, որ դրանից մի բան կարող ես շահել։ Իսկ երեկ սակարկեցիր ինձ հետ։ Չեմ իմանում, թե ինչու եկա, քանի որ քեզ չեմ սիրում։ Քեզ եմ ասում, կորի՛ր, այս էլ քեզ մի դուրո քո աշխատանքի համար։
Քիչ մնաց, որ դրամը նրա դեմքին շպրտեի, և ստիպված եղա բուռն ճիգ գործադրել ինքս ինձ վրա, որպեսզի չծեծեմ նրան։ Մեկ ժամ իրար հետ վիճելուց հետո, դուրս եկա կատաղած։ Մի քանի ժամանակ թափառում էի քաղաքում` խելագարի պես այս ու այն կողմ գնալով. մտա մի եկեղեցի և քաշվելով ամենամութ անկյունը, դառնագին լաց եղա։ Հանկարծ մի ձայն լսեցի.
— Վիշապի արտասուք. ես դրանից սիրաջուր կպատրաստեմ։
Աչքերս բարձրացրի։ Առջևս կանգնած էր Կարմենը։
— Դե, լավ, հայրենակից, դեռ բարկացած եք ինձ վրա,— ասաց նա։— Երևի սիրում եմ ձեզ` հակառակ տեղի ունեցածին, որովհետև ձեր գնալուց հետո, չգիտեմ թե ինչ պատահեց ինձ։ Հապա՛, հիմա ես եմ քեզ հարցնում` չե՞ս ուզում Կանդիլեխո փողոցը գալ:
Այդպիսով մենք հաշտվեցինք։ Բայց Կարմենի տրամադրությունը նման էր մեր երկրի եղանակին. մեր սարերում ոչ մի ժամանակ մրրիկն այնքան մոտալուտ չէ, ինչքան ամենապայծառ արևաշող եղանակին։ Նա ինձ խոստացավ մի ուրիշ անգամ ևս հանդիպում ունենալ Դորոթեայի տանը, բայց չեկա՛վ, իսկ Դորոթեան շարունակ կրկնում էր, որ նա Լարոլո է գնացել Եգիպտոսի գործերով։
Փորձառությունից իմանալով արդեն, թե ինչպես պետք է վերաբերվել այդ լուրին, ես Կարմենին փնտրում էի ամենուրեք, որտեղ ըստ իմ ենթադրության նա կարող էր լինել, և օրական մի քսան անգամ անցնում էի Կանդիլեխո փողոցով։ Մի երեկո էլ ես Դորոթեայի մոտ էի, որին երբեմն անիսօղու փող տալով, գրեթե ընտելացրել էի ինձ, երբ ներս մտավ Կարմենը մեր վաշտի երիտասարդ լեյտենանտներից մեկի հետ։
— Հեռացի՛ր շուտով,— ասաց նա բասքերեն։
Մնացի ապշած` զայրույթը սրտումս։
— Ի՞նչ ես անում այստեղ,— հարցրեց ինձ լեյտենանտը։— Կորի՛ր, դո՛ւրս այստեղից։
Ոչ մի քայլ չէի կարող անել. կարծես անդամալույծ լինեի։ Սպան զայրացած, որ չեմ գնում և նույնիսկ գլխարկս էլ չեմ հանում, բռնեց վզակոթիցս ու սկսեց կոպտորեն թափահարել։ Չեմ հիշում, թե ինչ ասացի նրան. նա սուրը մերկացրեց, ես էլ իմս քաշեցի։ Պառավն իմ թևը բռնեց, և լեյտենանտը մի հարված հասցրեց ճակատիս, որի հետքը մնում է դեռ։ Ես ետ քաշվեցի և արմունկի մի հարվածով գցեցի Դորոթեային բերանքսիվայր, ապա տեսնելով, որ լեյտենանտն ինձ հետապնդում է, սուրս դեմ արի նրան, և նա ընկավ դրա վրա։ Այդ միջոցին Կարմենը հանգցրեց ճրագը և իրենց լեզվով ասաց Դորոթեային, որ փախչի։ Ես էլ փախա դուրս և սկսեցի վազել չիմանալով, թե ուր։ Ինձ թվում էր, թե մեկը հետևում է ինձ։ Երբ ուշքս գլուխս եկավ, տեսա, որ Կարմենը չէր բաժանվել ինձնից։
— Հիմա՜ր դեղձաիկ, դու միայն գժություն կարող ես անել,— ասաց նա։— Ես քեզ վաղուց եմ ասել, որ քեզ դժբախտության մեջ կգցեմ։ Համենայն դեպս ամեն բանին էլ ճար կա, երբ հռոմեացի ֆլամանդուհին քո լավ բարեկամն է։ Այս թաշկինակը կապիր գլխիդ և թրագոտիդ դեն գցիր։ Սպասիր ինձ այս ծառուղում. երկու րոպեից կվերադառնամ։
Նա անհայտացավ և քիչ հետո մի զոլավոր վերարկու բերեց ինձ, որ չգիտեմ որտեղից ճարել էր։ Նա հանել տվեց իմ համազգեստը և այդ վերարկուն հագցրեց ինձ` շապկիս վրա։ Այսպես հագնված, թաշկինակն էլ գլխիս, որով նա կապել էր ճակատիս վերքը, ես բավական նման էի Վալենսիայի նահանգի գյուղացու, որոնցից շատերին ես հանդիպում Սևիլիայում իրենց նշաջրի chufas-ը վաճառելիս։ Հետո նա ինձ տարավ Դորոթեայի տանը նմանող և ինչ-որ նրբանցքի խորքում գտնվող մի տուն։ Նա և մի ուրիշ գնչուհի վերքս լվացին, դեղ դրին վրան և կապեցին շատ ավելի լավ, քան որևէ ավագ-վիրաբույժ կարող էր անել, ինչ-որ հեղուկ տվին խմեմ և վերջապես պառկեցրին ներքնակի վրա, ու ես քնեցի։
Հավանաբար այդ կանայք դեղին խառնել էին այն թմրեցուցիչ դեղերից մի քանիսը, որոնց գաղտնիքը միայն իրենք գիտեն, որովհետև հաջորդ օրը շատ ուշ վեր կացա։ Գլուխս խիստ ցավում էր, և մի քիչ էլ ջերմ ունեի։ Մի քանի րոպե հետո միայն կարողացա հիշել այն սոսկալի տեսարանը, որին մասնակցել էի երեկ երեկո։ Վերքիս դեղը փոխելուց հետո Կարմենն ու նրա բարեկամուհին ներքնակիս կողքին պպզած, մի քանի խոսք փոխանակեցին իրենց լեզվով, որն ըստ երևույթին բժշկական խորհրդակցություն էր։ Այնուհետև երկուսն էլ հանգստացրին ինձ, որ շատ շուտով կառողջանամ, բայց պետք է հեռանայի Սևիլիայից ինչքան կարող էի շուտ, որովհետև եթե ինձ բռնեին, անմիջապես կգնդակահարեին։
— Տղաս,— ասաց ինձ Կարմենը,— պետք է մի զբաղմունք ճարես. հիմա, երբ թագավորն այլևս քեզ ո՛չ բրինձ է տալիս և ո՛չ էլ չորացած ձուկ, պետք է մտածես ապրուստդ ճարելու մասին։ Դու բավական հիմար ես, որպեսզի ուզենաս à pastesas գողանալ։ Բայց ճարպիկ ես և ուժեղ. եթե սրտոտ ես, գնա ծովափ, մաքսանենգ դարձիր։ Չէ՞ որ ես քեզ ասել եմ, որ դու իմ պատճառով կախաղան կհանվես։ Դա գնդակահարվելուց ավելի լավ է։ Իսկ եթե կարողանաս գործը լավ, վարել, կապրես իշխանի նման այնքան ժամանակ, մինչև որ մինյոններն ու ծովափի սահմանապահները իրենը ձեռքը դնեն քո վզակոթին։
Ահա այս հրապուրիչ ձևով էլ այդ սատանա աղջիկը ցույց տվեց ինձ այն նոր ասպարեզը, որն ինքը նշանակել էր ինձ համար, ճիշտն ասած` միակ ասպարեզը, որ մնում էր ինձ այն օրվանից հետո, երբ ես քիչ էր մնացել մահապատժի ենթարկվեի։ Ասե՞մ արդյոք, պարո՛ն, որ նա ինձ վճռական դարձրեց առանց դժվարության։ Ինձ թվում էր, թե ես ավելի մտերմորեն եմ կապվում նրան նույն արկածալից ու ըմբոստ կյանքով։ Ես կարծեցի, թե դրանից հետո ապահովել եմ նրա սերը իմ հանդեպ։ Հաճախ էի ես լսել այն մի քանի մաքսանենգների մասին, որոնք շրջագայում էին Անդալուզիայում` մի լավ ձի հեծած, հրացանը ձեռքին և սիրուհին գավակին։ Ես ինձ արդեն տեսնում էի սարերում ու ձորերում ձիով գնալիս` իմ սիրելի գնչուհու հետ։ Երբ ես խոսում էի նրա հետ այդ մասին, նա ծիծաղում էր կողերը բռնելու աստիճան և ասում էր, որ ոչ մի բան այնպես հաճելի չէ, որքան բացօթյակում անցկացրած գիշերը, երբ յուրաքանչյուր rom-ն առանձնանում է իր romi-ի հետ իր եռաշերտ և վերևից էլ վերմակով ծածկված վրանում։
— Եթե երբևէ քեզ ընդմիշտ պահեմ լեռներում,— ասում էի նրան,— ապահով կլինեմ քեզանից։ Այնտեղ լեյտենանտներ չկան, որպեսզի բաժնընկեր լինեն ինձ:
— O՜, դու խանդոտ ես,— պատասխանեց նա։— Ավելի վատ քեզ համար։ Մի՞թե այդքան հիմար ես դու։ Չե?ս տեսնում, որ քեզ սիրում եմ, քանի որ երբեք փող չեմ պահանջել քեզնից։
Երբ նա այդպես էր խոսում, ես նրան խեղդելու ցանկություն էի ունենում։
Կարճ ասած, պարո՛ն, Կարմենն ինձ համար քաղաքացիական շոր ճարեց, այնպես որ ես Սևիլիայից դուրս եկա առանց ճանաչվելու։ Պաստիայից նամակ ստացա անիսօղի վաճառող մի առևտրականի հասցեագրված, որի մոտ մաքսանենգներ էին հավաքվում, և գնացի Խերես Ինձ ներկայացրին այդ մարդկանց, որոնց պետը, Դանկայր մականունով մեկը, ինձ ընդունեց իր խմբի մեջ: Մենք գնացինք Գաուսին, ուր ես գտա Կարմենին, որը ինձ ժամադրություն էր նշանակել այդտեղ: Արշավների ժամանակ նա մերոնց համար լրտեսի դեր էր կատարում, նրանից լավն անկարելի էր գտնել: Սա Ջիբրալտարից էր վերադառնում և համաձայնել էր մի նավատիրոջ հետ ցամաք իջեցնելու նրա անգլիական ապրանքները, որ մենք պետք է ընդունեինք ծովափում։ Մենք գնացինք Էստեպոնո` սպասելու այդ ապրանքներին, ապա մի մասը սարում թաքցնելուց հետո, վերցրինք մնացածը և վերադարձանք Ռոնդա։ Կարմենը մեզնից առաջ էր գնացել այնտեղ։ Նա էր դարձյալ, որ իմաց տվեց քաղաք մտնելու հարմար րոպեն։ Այս առաջին ճանապարհորդությունը, ինչպես նաև մի քանի ուրիշները, հաջող անցավ։ Մաքսանենգի կյանքն ինձ ավելի էր դուր գալիս, քան զինվորի կյանքը. ես նվերներ էի տալիս Կարմենին։ Այսպիսով ես և՛ փող ունեի, և՛ սիրուհի։ Խղճի խայթ էլ չէի զգում, որովհետև, ինչպես գնչուներն են ասում, հաճույքի ժամանակ քոսը քոր չի առաջացնում։ Ամենուրեք լավ ընդունելություն էինք գտնում մենք, ընկերներս լավ էին վերաբերվում հետս, նույնիսկ հարգանք տածում։ Պատճառն այն է, որ ես մի մարդ էի սպանել, իսկ նրանց մեջ կային այնպիսիները, որոնք իրենց խղճի վրա այդպիսի սխրագործություն չունեին։ Բայց ինչ որ ինձ ավելի էր դուր գալիս իմ նոր կյանքում, այն էր, որ հաճախ էի տեսնում Կարմենին։ Նա այժմ ավելի, քան երբևիցե, բարեկամության նշաններ էր ցույց տալիս, սակայն ընկերների ներկայությամբ հանձն չէր առնում, որ իմ սիրուհին է, նույնիսկ բոլոր երդումներով երդվեցրել էր ինձ ո՛չ մի բան չասել նրանց այդ մաին։ Ես այնքան թույլ էի այդ արարածի առջև, որ հնազանդվում էի նրա բոլոր քմահաճույքներին։ Բացի դրանից, առաջին անգամն էր, որ նա ներկայանում էր ինձ պարկեշտ կնոջ վերապահությամբ: Եվ ես այնքան միամիտ էի, որ հավատացի, թե նա իսկապես ուղղվել է իր առաջվա մոլորություններից:
Մեր խումբը, որ կազմված էր ութ կամ տասը մարդուց, ի մի էր հավաքվում միայն վճռական րոպեներին, իսկ առհասարակ մենք ցրված էինք քաղաքներում կամ գյուղերում երկու-երկու, երեք-երեք։ Մեզնից յուրաքանչյուրը հավակնում էր, որ իբր թե մի արհեստ ունի. մեկը կաթսայագործ էր, մյուսը ձիավաճառ, ես էլ մանրավաճառ էի, բայց բազմամարդ վայրերում չէի երևում Սևիլիայի իմ վատ գործի պատճառով։ Մի օր, ավելի ճիշտ մի գիշեր մենք ժամադրավայր էինք նշանակել Վեխեր քաղաքի մոտ։ Ես ու Դանկայրը մյուսներից ավելի շուտ հասանք այդտեղ։ Նա շատ ուրախ էր երևում։
— Շուտով մենք մի նոր ընկեր ենք ունենալու,— ասաց նա։— Կարմենը գլուխ է բերել իր լավագույն օյիններից մեկը։ Այս քանի օրր նա փախցրել է իր rom-ին Տարիֆայի բանտից։
Ես արդեն սկսում էի գնչուերեն հասկանալ, որով գրեթե խոսում էին իմ բոլոր ընկերները և այդ rom բառը ինձ խռովություն պատճառեց։
— Ինչպե՞ս թե իր ամուսնուն. ուրեմն նա ամուսնացա՞ծ է,— հարցրի ես մեր խմբի պետին։
— Այո,— պատասխանեց նա,— Գարսիա Միականու, մի այնպիսի խորամանկ գնչուի հետ, որպիսին Կարմենն ինքն է: Խեղճ տղան թիարանում Էր։ Կարմենը կարողացել է այնպիսի անուշ խոսքերով խաբել բանտի վիրաբույժին, որ ձեռք է բերել իր rom-ի ազատությունը։ Օ՜, այդ աղջիկն իր քաշով ոսկի արժե։ Երկու տարի է, ինչ աշխատում էր փախցնել նրան։ Ոչ մի հաջողություն չունեցավ, մինչև որ բժշկին փոխելու ճարը գտավ։ Ըստ երևույթին նորի հետ իրար հասկանալու միջոցը շուտ է գտել։
Դուք երևակայում եք, իհարկե, թե ինչ «հաճույք» պատճառեց ինձ այդ լուրը։ Շատ չանցած ես տեսա Գարսիա Միականուն. դա անպայման ամենազզվելի հրեշն էր, որպիսին երբևէ սնուցել է գնչուական ցեղը. սև մաշկով և է՛լ ավելի սև հոգով` նա ամենահամարձակ սրիկան էր, որպիսին երբևէ տեսել եմ կյանքումս։ Կարմենը եկավ նրա հետ և երբ իմ ներկայությամբ կոչում էր նրան իր rom-ը, պետք էր տեսնել, թե ի՜նչ հայացք էր ուղղում ինձ և ինչպիսի՜ ծամածռություններ էր անում, երբ Գարսիան շրջվում էր։ Ես զայրացած էի և ամբողջ գիշեր չխոսեցի նրա հետ։ Առավոտյան մեր կապոցները պատրաստել ու ճանապարհ էինք ընկել արդեն, երբ նկատեցինք, որ մի տասնյակ ձիավորներ հետապնդում են մեզ։ Անդալուզցի պոռոտախոսները, որոնք բոլոր այդպիսիներին կոտորելու մասին էին միայն խոսում, իսկույն ողորմելի տեսք ընդունեցին։ Սկսվեց մի ընդհանուր փախեփախ։ Դանկայրը, Գարսիան, էսիխացի մի սիրուն տղա` Ռեմենդադո մականունով և Կարմենը գլուխները չկորցրին։ Մնացածները լքեցին ջորիները ու նետվեցին հեղեղատները, ուր ձիերը չէին կարող հետապնդել նրանց։ Մենք չէինք կարող մեզ հետ տանել մեր կենդանիներին և դրա համար էլ շտապեցինք ազատել միայն ավարի լավագույն մասը։ Վերցրինք որքան կարելի էր մեր շալակը և փորձեցինք ազատվել փախչելով ժայռերի վրայով և ամենաթեք լանջերով։ Մեր կապոցները նետում էինք մեր առջևի ուղղությամբ և ինչքան հնարավոր էր հետևում էինք դրանց` մագլցելով թաթերի վրա։ Այդ միջոցին թշնամին գնդակոծում էր մեզ։ Առաջին անգամ էր, որ գնդակների սուլոց էի լսում և չէի վախենում։ Կնոջ ներկայությամբ մեծ արժանիք չէ արհամարհել մահը։ Մենք ճողոպրեցինք, բացի խեղճ Ռեմենդադոյից, որը մի գնդակ ստացավ մեջքին։ Ես շպրտեցի իմ կապոցը և փորձեցի վերցնել նրան։
— Հիմար,— գոռաց Գարսիան,— Ի՞նչ ենք անելու այդ լեշը։ Վերջացրու դրա հաշիվը և բամբակե գուլպաները մի՛ կորցնի։
— Գցի՛ր դրան,— աղաղակում էր Կարմենը։
Հոգնությունն ստիպեց ինձ, որ մի րոպե դնեմ նրան ժայռի ետևը։ Մոտեցավ Գարսիան և հրացանը կրակեց նրա գլխին։
— Հիմա սատանան էլ չի ճանաչի նրան,— ասաց նա, դիտելով նրա դեմքը, որ տասներկու գնդակից կտոր-կտոր էր եղել։
Ահա, պարո՛ն, ինչպիսի՜ «լավ» կլանք էի վարում ես։ Երեկոյան հասանք մի մացառուտ, հոգնությունից ուժասպառ, առանց որևէ ուտելիքի և սնանկացած` մեր ջորիների կորուստի պատճառով։ Իսկ ի՞նչ արեց այդ դժոխային Գարսիան. գրպանից մի ձեռք թուղթ հանեց ու սկսեց խաղալ Դանկայրի հետ` իրենց վառած խարույկի լույսի տակ։ Այդ միջոցին ես պառկել ու աստղերն էի դիտում` մտածելով Ռեմենդադոյի մասին և ասելով ինքս ինձ, որ սիրով կուզենայի նրա տեղը լինել: Կարմենը պպզել էր կողքիս ու երբեմն-երբեմն կաստանիետներն էր չխկչխկացնում ու թեթև երգում։ Ապա մոտենալով ինձ, նա, հակառակ իմ ցանկության, երկու-երեք անգամ համբուրեց ինձ։
— Դու սատանա ես,— ասացի նրան։
— Այո,— պատասխանեց նա։
Մի քանի ժամ հանգստանալուց հետո Կարմենը գնաց Գաուսին քաղաքը, իսկ առավոտյան մի փոքրիկ այծարած մեզ հաց բերեց։ Ամբողջ օրը մենք անցկացրինք այդտեղ, իսկ գիշերը մոտեցանք Գաուսինին։ Լուր էինք սպասում Կարմենից։ Ոչ ոք չէր գալիս։ Ցերեկը մի ջորեպան տեսանք. նա ուղեկցում էր լավ հագնված ու հովանոց պահած մի կնոջ ու մի փոքրիկ աղջկա, որ ըստ երևույթին նրա սպասուհին էր։ Գարսիան ասաց.
— Ահա երկու ջորի ու երկու կին, որոնց սուրբ Նիկողայոսն ուղարկում է մեզ. շատ կուզենայի, որ չորս ջորի լինեին։ Բայց ոչի՜նչ, ես գործը կդրստեմ։
Նա վերցրեց հրացանը, իջավ արահետի կողմը ու թաքնվեց թփերի ետևը։ Դանկայրն ու ես հետևում էինք նրան մի փոքր հեռավորությունից։ Գնդակի հասողության չափ առաջ գնալով, ձայն տվինք ջորեպանին, որ կանգ առնի։ Կինը մեզ տեսնելով` փոխանակ սարսափելու —իսկ մեր հանդերձանքը բավական էր դրա համար — քրքջաց.
— Էհե՜, lillipendi-ներն ինձ ընդունում են erañi-ի[64] տեղ։
Կարմենն էր, բայց այնքան լավ ծպտված, որ ես չէի ճա֊նաչի, եթե մի ուրիշ լեզվով խոսած լիներ։ Նա ջորուց ցած ցատկեց և բավական ժամանակ շշուկով խոսեց Դանկայրի ու Գարսիայի հետ, ապա դառնալով ինձ` ասաց.
— Դեղձանիկ, նախքան քեզ կախաղան կհանեն, մենք դեռ կտեսնվենք։ Ես Ջիբրալտար եմ գնում Եգիպտոսի գործերով։ Շատ չանցած կլսեք իմ մասին:
Մի քանի օրվա համար մեզ մի ապաստարան ցույց տալուց հետո, մենք բաժանվեցինք։ Այդ աղջիկը մեր խմբի նախախնամությունն էր։ Շուտով մենք նրանից մի քիչ փող ստացանք, հետն էլ մի ծանուցում, որը մեզ համար ավելի կարևոր էր. այսինչ օրը, այսինչ ճանապարհով երկու անգլիացի լորդ Ջիբրալտարից Գրենադա են գնում։ Ճիշտ խոսքը հիմարին են ասում։ Նրանք լավ գինեներ ունեին։ Գարսիան ուզում էր սպանել նրանց, բայց Դանկայրն ու ես հակառակվեցինք։ Մենք վերցրինք միայն նրանց փողերն ու ժամացույցները` չհաշված շապիկները, որոնց մեծ կարիք ունեինք։
Անգիտակցորեն սրիկա ես դառնում, պարո՛ն։ Սիրուն աղջկա պատճառով գլուխդ կորցնում ես, կռվում ես նրա համար, դժբախտության ես պատահում, պարտավորվում ես սարերում ապրել և դեռ մտածելու ժամանակ չունեցած` արդեն մաքսանենգից դառնում ես ավազակ։ Մենք հասկացանք, որ լորդերի գործից հետո մեզ համար լավ չէր մնալ Ջիբրալտարի շրջակայքում, և մտանք Սիեռա դե Ռոնդայի խորքերը։— Դուք ինձ հետ խոսել եք Խոսե Մարիայի մասին. ա՛յ, հենց այդտեղ էլ ես ծանոթացա նրա հետ։ Արշավանքների ժամանակ նա իր սիրուհուն վերցնում էր իր հետ։ Դա մի սիրուն աղջիկ էր` խելացի, համեստ, լավ շարժուձևերով, ոչ մի անպարկեշտ խոսք չէր ասում և ի՜նչ անձնավորություն էր… Հակառակ դրան, Խոսե Մարիան նրան շատ էր դժբախտացնում. վազում էր շարունակ ամեն տիպի աղջիկների ետևից, վատ էր վերաբերվում հետը և երբեմն էլ խելքին փչում էր խանդել նրան։ Մի անգամ էլ դանակի հարված հասցրեց։ Այնուամենայնիվ այդ աղջիկը է՛լ ավելի էր սիրում նրան։ Կանայք այդպես են ստեղծված, անդալուզեիք` առավել ևս։ Իսկ սա հպարտանում էր բազուկի վրա առաջադած սպիից և ցույց էր տալիս որպես աշխարհի լավագույն բանը։ Այդ բոլորի հետ միասին Խոսե Մարիան չափազանց վատ ընկեր էր… Մեր կատարած արշավանքներից մեկում նա գործն այնպես շուռ տվեց, որ ամբողջ օգուտն իրեն մնաց, իսկ մեզ բաժին հասան հարվածներն ու մտահոգությունը։ Բայց ես կվերսկսեմ իմ պատմությունը։ Մենք ոչ մի լուր չունեինք Կարմենից։ Դանկայրն ասաց.
— Մեզանից մեկնումեկը պետք է Ջիրըալտար գնա նրանից լուր իմանալու։ Ըստ երևույթին նա որևէ գործ է գլուխ բերել։ Ինքս կգնայի, բայց Ջիբրալտարում շատ եմ ճանաչված:
Միականին ասաց.
— Ես էլ. այնտեղ ինձ էլ են ճանաչում. այնքան խաղեր եմ խաղացել խեդդետինների[66] գլխին, և քանի որ միայն մի աչք ունեմ, ապա ինձ համար դժվար է ծպտվել։
— Մնում է, որ ես գնամ,— ասացի ես իմ հերթին, զմայլած բացառապես Կարմենին տեսնելու մտքից։— Ասեք տեսնեմ, ի՞նչ պետք է անել։
Նրանք պատասխանեցին.
— Աշխատիր մի կերպ նավով գնալ Սեն-Ռոկ կամ անցնել այդ տեղից. ինչպես ուզում ես, և երբ Ջիբրալտար հասնես, նավահանգստում հարցրու, թե որտեղ է ապրում Ռոլոնա անունով շոկոլադ վաճառող կինը. երբ սրան գտնես, կիմանաս, թե ինչ է կատարվում այնտեղ։
Որոշվեց, որ մենք երեքս էլ գնանք Սիեռա դե Գաուսին. իմ երկու ընկերները կմնան այդտեղ, իսկ ես կգնամ Ջիբրալտար որպես մրգավաճառ։ Ռոնդայում մերոնցից մեկն ինձ համար անձնագիր էր ճարել, իսկ Գաուսինում էլ մի էշ տվին ինձ։ Ես նարինջ ու սեխ բարձեցի էշին ու ճանապարհ ընկա։ Ջիբրալտար հասնելով` իմացա, որ Ռոլոնային լավ են ճանաչում այդտեղ, բայց նա մեռել էր և կամ finibus terrae էր գնացել, և ես կարծում էի, որ նրա անհետանալու պատճառով էինք կորցրել Կարմենի հետ կապ պահպանելու միջոցը: Էշս մի ախոռ տարա և նարինջներս վերցնելով սկսեցի ման գալ քաղաքում, իբր թե միրգ եմ ծախում, բայց իրականում ուզում էի տեսնել, թե որևէ ծանոթ մարդու չե՞մ հանդիպի։ Այդտեղ ինչքան ասես աշխարհի չորս ծայրերից հավաքված սրիկաներ կային. իսկական Բաբելոնի աշտարակ, քանի որ յուրաքանչյուր տասը քայլին այդքան լեզու ես լսում որևէ փողոցում։ Բավական շատ գնչուների էի հանդիպում, բայց չէի համարձակվում վստահել նրանց. ես նրանց էի զննում, նրանք էլ ինձ։ Լավ էինք հասկանում, որ սինլքորներ ենք, բայց կարևորն այն էր, որ իմանայինք, թե արդյո՞ք նույն խմբից ենք։ Երկու օր այդպես անօգուտ թափառելուց հետո ես ոչինչ չէի իմացել ո՛չ Ռոլոնայի և ո՛չ էլ Կարմենի մասին և մի քանի գնումներ անելուց հետո մտածում էի վերադառնալ ընկերներիս մոտ, երբ իրիկնապահին, փողոցում ման գալիս, լսեցի մի կանացի ձայն, որը լուսամուտից կանչում էր. «Նարինջ ծախո՜ղ…»։ Գլուխս բարձրացրի ու պատշգամբում տեսա Կարմենին, բազրիքին հենված, կարմիր համազգեստով, ոսկե ուսադիրներով, գանգրահեր և մեծահարուստ միլորդի տեսք ունեցող մի սպայի հետ։ Կարմենը նույնպես շքեղ էր հագնված` գեղեցիկ շալ ուսերին, ոսկե սանր վարսերին և ամբողջովին մետաքսե զգեստներով, և սատանի ճուտը, ինչպես միշտ, ծիծաղում էր ուշաթափվելու աստիճան։ Անգլիացին իսպաներեն կոտրատելով, հրամայեց ինձ վեր բարձրանալ, որովհետև տիկինը նարինջ է ուզում։ Կարմենն ինձ ասաց բասքերեն.
— Բարձրացիր ու ոչ մի բանից մի՛ զարմանա։
Հիրավի նրա արած ոչ մի բանը ինձ չպետք է զարմացներ։ Չեմ իմանում` ավելի շատ ուրախացա, թե՞ վշտացա նրան նորից գտնելով։ Դռանը մի հաղթանդամ, կեղծամ դրած անգլիացի ծառա կար կանգնած, որն ինձ առաջնորդեց մի հիանալի դահլիճ։ Կարմենն անմիջապես բասքերեն ասաց ինձ.
— Դու իսպաներեն ոչ մի բառ չգիտես և ինձ չես ճանաչում։
Ապա շրջվելով դեպի անգլիացին, ասաց.
— Ես ձեզ չասացի, որ անմիջապես ճանաչեցի, թե նա բասք է. դուք հիմա կլսեք, թե ինչ արտառոց լեզու է դա։ Ի՜նչ ապուշ տեսք ունի սա, այնպես չէ՞: Կարծես թե մառանում բռնված կատու լինի։
— Իսկ դու,— ասացի նրան մեր լեզվով,— դու էլ լիրբ սրիկայի տեսք ունես, և ես շատ եմ ուզում կտրատել քո դեմքը հենց քո տարփածուի ներկայությամբ։
— Ի՞նչ, իմ տարփածուի՞,— ասաց նա,— այդ դու մենա՞կ կռահեցիր։ Եվ դու խանդում ես այս հիմարին։ Դու դեռ ավելի տգետ ես, քան Կանդիլեխո փողոցի մեր երեկույթներից առաջ։ Չե՞ս տեսնում, ապո՛ւշ, որ այս րոպեին ես Եգիպտոսի գործերն եմ գլուխ բերում, այն էլ ամենափայլուն ձևով։ Այս տունն իմն է, և խեցգետնի գինիներն էլ իմը կլինեն։ Ես նրա քթից բռնած` քարշ եմ տալիս ու կտանեմ այնտեղ, որտեղից է՛լ երբեք դուրս չի գա։
— Գիտես ինչ,— ասացի նրան,— եթե դու շարունակես Եգիպտոսի գործերն այդ ձևով կատարել, ես այնպես կանեմ, որ դու այլևս չես կրկնի։
— Ահա՜ թե ինչ։ Հո իմ rom-ը չես, որ հրամայես ինձ։ Միականին որ չի բողոքում, դու ի՞նչ կարող ես առարկել։ Դեռ շատ գոհ պիտի լինես, որ կարող ես ասել, թե իմ միակ michorro-ն ես։
— Ի՞նչ է ասում սա,— հարցրեց անգլիացին։
— Ասում է ծարավ եմ, սիրով մի բաժակ կխմեի,— պատասխանեց Կարմենը։
Եվ իր թարգմանությունից գոհ` քահ-քահ ծիծաղելով ընկավ բազմոցի վրա։
Պարո՛ն, երբ այդ աղջիկը ծիծաղում էր, այլևս անկարելի էր լինում լրջորեն խոսել նրա հետ։ Ամբողջ շրջապատը ծիծաղում էր միասին։ Այդ հաստափոր անգլիացին էլ սկսեց ծիծաղել հիմարի նման, որպիսին էր իսկապես, և հրամայեց, որ խմելու բան տան ինձ։
— Տեսնո՞ւմ ես նրա ձեռքի մատանին,— ասաց Կարմենը, երբ ես խմում էի,— եթե ուզում ես կտամ քեզ։
Իսկ ես պատասխանեցի.
— Ես մի մատս կտամ, որպեսզի քո միլորդին պատահեմ սարերում, ամեն մեկս մի մաքուիլա ձեռքում։
— Մաքուիլա, այդ ի՞նչ է նշանակում,— հարցրեց անգլիացին։
— Մաքուիլա,— պատասխանեց Կարմենը, շարունակելով ծիծաղել,— նշանակում է նարինջ։ Ծիծաղելի բառ է նարինջի համար, այնպես չէ՞։ Ասում է, թե ուզում եմ ձեզ նարինջ հրամցնել։
— Հա, վաղն էլ մաքուիլա բեր,— ասաց անգլիացին։
Երբ մենք խոսում էինք, ծառան ներս մտավ և ասաց, որ ճաշը պատրաստ է։ Այն ժամանակ անգլիացին վեր կացավ, մի պիաստր տվեց ինձ ու թևն առաջարկեց Կարմենին, որն իբր թե մենակ չէր կարող քայլել։ Կարմենը շարունակ ծիծաղելով, ինձ ասաց.
— Տղաս, ես չեմ կարող քեզ ճաշի հրավիրել. բայց վաղը, հենց որ զորահանդեսի թմբուկը լսես, նարինջ վերցրած արի այստեղ։ Դու կգտնես մի սենյակ` ավելի լավ կահավորված, քան Կանդիլեխո փողոցինը, ու կտեսնես, որ ես միշտ քո Կարմենսիտան եմ։ Հետո էլ մենք կխոսենք Եգիպտոսի գործերի մասին։
Ես ոչինչ չպատասխանեցի և արդեն փողոցում էի, երբ անգլիացին կանչում էր.
— Վաղն էլ մաքուիլա բերեք։
Իսկ Կարմենը քրքջում էր։
Ես հեռացա, առանց իմանալու, թե ինչ պիտի անեմ: Չկարողացա քնել և առավոտյան այնքան կատաղած էի այդ դավաճանի դեմ, որ որոշեցի Ջիբրալտարից մեկնել առանց նրան տեսնելու։ Բայց թմբուկի առաջին ձայնը լսելուն պես ամբողջ արիությունս լքեց ինձ. վերցրի նարինջների զամբյուղը ու վազեցի Կարմենի մոտ։ Նրա սենյակի փեղկերը կիսաբաց կին, և ես տեսա նրա խոշոր աչքերը, որոնք ինձ էին սպասում։ Կեղծամ դրած ծառան անմիջապես ինձ ներս տարավ, Կարմենը մի հանձնարարություն տվեց նրան, և երբ մենք մենակ մնացինք, նա սկսեց ծիծաղել իր կոկորդիլոսյան քրքիջով ու նետվեց գիրկս։ Ես երբեք նրան այդքան գեղեցիկ չէի տեսել։ Աստվածամոր նման զարդարված, անուշահոտություններով օծված… մետաքսապատ կահույք, ասեղնագործված վարագույրներ… ա՜խ… իսկ ես գողի տեսքով, որպիսին էի իսկապես։
— Անուշիկս,— ասում էր Կարմենը,— սիրտս ուզում է այստեղի բոլոր իրերը ջարդել, տունը կրակի տալ և փախչել սար։
Այնուհետև սկսվեցին գգվանքները… ապա դարձյալ քրքիջներ… նա պարում էր, պատառոտում իր զարդերիզները։ Ոչ մի կապիկ այդքան ոստյուն, ծամածռություն ու խեղկատակություն չէր կարող անել։ Երբ նա լրջացավ, ինձ ասաց.
— Լսիր, այժմ դառնանք Եգիպտոսի գործերին։ Ես ուզում եմ, որ այս մարդը ինձ տանի Ռոնդա, որտեղ մի միանձնուհի քույր ունեմ… (այստեղ նորից քրքջաց)։ Մենք կանցնենք մի տեղով, որը ես քեզ կասեմ։ Դուք կհարձակվեք նրա վրա և մաքուր կկողոպտեք։ Ավելի լավ կլինի, եթե վերջացնեք, բայց,— ավելացրեց նա այն դիվային ծիծաղով, որ ունենում էր որոշ դեպքերում. իսկ այդ ծիծաղը… այդ միջոցին ոչ ոք չէր ուզենա ընդօրինակել նրան,— գիտես ինչ պետք է անել։ Ամենից առաջ թող Միականին երևա, իսկ դուք մի քիչ հեռու սպասեցեք։ Խեցգետինը քաջ է, դյուրաշարժ և լավ ատրճանակներ ունի… Հասկացա՞ր…
Նա ընդհատեց մի նոր քրքիջով, որն ինձ սարսուռ պատճառեց:։
— Ոչ,— ասացի ես,— թեև ես ատում եմ Գարսիային, բայց վերջապես նա իմ ընկերն է։ Մի օր գուցե ես ազատվեմ նրանից. բայց մենք մեր հաշիվները կմաքրենք մեր երկրի ձևով։ Ես պատահմամբ գնչու եմ, իսկ որոշ դեպքերում միշտ կլինեմ ազատ նավառացի[69], ինչպես առածն է ասում։
Նա շարունակեց.
— Դու հիմար ես, անխելք, իսկական payllo: Դու նման ես այն թզուկին, որն իրեն հսկա է կարծում, երբ հեռու է թքում։ Կորի՛ր, դու ինձ չես սիրում։
Երբ նա ինձ ասում էր «կորիր», ես չէի կարող մի քայլ իսկ հեռանալ։ Խոստացա մեկնել, վերադառնալ ընկերներիս մոտ և սպասել անգլիացուն, ինքն էլ իր կողմից խոստացավ հիվանդ ձևանալ, մինչև Ռոնդայից Ջիբրալտար գնալու օրը։ Ես երկու օր էլ մնացի Ջիբրալտարում։ Նա համարձակվեց ծպտված գալ ինձ մոտ` պանդոկ։ Ես մեկնեցի, ես էլ իմ ծրագիրն ունեի։ Վերադարձա մեր ժամադրավայրը, երբ արդեն իմացա անգլիացու ու Կարմենի անցնելիք ճանապարհն ու ժամը։ Գտա Դանկայրին ու Գարսիային, որոնք սպասում էին ինձ։ Գիշերն անցկացրինք մի պուրակում, սոճու փստակներից վառած խարույկի կողքին, որոնք հիանալի այրվում էին։ Առաջարկեցի Գարսիային թուղթ խաղալ. նա համաձայնեց։ Երկրորդ խաղին ես ասացի նրան, որ խարդախություն է անում. նա սկսեց ծիծաղել։ Ես թղթերս շպրտեցի նրա դեմքին։ Նա ձեռքը հրացանին տարավ, բայց ես ոտքս դրեցի վրան ու ասացի. «Ասում են, որ դու շատ լավ ես իմանում դանակ գործածել, ինչպես Մալագայի պոռոտախոսները. ուզում ես փորձենք»։ Դանկարն ուզեց մեզ բաժանել։ Ես բռունցքի մի հարված հասցրի նրան։ Բարկությունը քաջացրել էր Գարսիային. նա հանեց իր դանակը, ես էլ իմը։ Երկուսս էլ Դանկայրին ասացինք, որ մի կողմ քաշվի ու չմիջամտի։ Նա էլ տեսնելով, որ մեզ ետ կանգնեցնելու ճար չունի, մի կողմ քաշվեց։ Գարսիան արդեն կոլորվել էր մկան վրա հարձակվելու պատրաստվող կատվի նման։ Ձախ ձեռքով բռնել էր իր գլխարկը` իմ հարվածները ետ մղելու համար, իսկ դանակը առաջ էր պահել։ Այդ նրանց անդալուզյան ձևն է։ Ես նավառյան ձևով կանգնեցի ուղիղ նրա առաջ ձախ ձեռքս բարձրացրած, ձախ սրունքս առաջ, դանակս էլ աջ ազդրիս ուղղությամբ պահած։ Ես ինձ հսկայից ավելի ուժեղ էի զգում։ Նա հարձակվեց ինձ վրա նետի պես, ես պտտվեցի ձախ ոտքիս վրա և նա այլևս ոչինչ չգտավ իր առջև. բայց ես հարվածեցի նրան կոկորդից, և դանակն այնքան խոր մտավ, որ ձեռքս մնաց նրա կզակի տակ։ Ապա այնպես ուժեղ պտտեցրի դանակը, որ բերանը կոտրվեց։ Վերջացել էր։ Բազուկի հաստությամբ ժայթքող արյան հոսանքը դուրս նետեց դանակի բերանը։ Նա ընկա՛վ երեսնիվայր` ցցի նման փայտացած։
— Այդ ի՞նչ արիր,— ասաց Դանկայրը։
— Լսիր,— ասացի նրան,— մենք միասին չէինք կարող ապրել։ Ես սիրում եմ Կարմենին և ուզում եմ մենակ լինել։ Բացի դրանից, Գարսիան սրիկա էր. ես հիշում եմ, թե ինչ արեց նա խեղճ Ռեմենդադոյին։ Այժմ մենք մնացինք միայն երկու հոգի, բայց մենք լավ տղաներ ենք։ Ասա, ուզո՞ւմ ես ընկեր դառնանք` կենաց և մահու։
Դանկայրը ձեռքն ինձ մեկնեց։ Նա հիսուն տարեկան մարդ էր։
— Գրո՛ղը տանի սիրային գործերը,— բացականչեց նա։— Եթե դու նրանից խնդրեիր Կարմենին, նա մի պիաստրով կծախեր քեզ։ Մենք հիմա երկու հոգի ենք. վաղն ի՞նչ պիտի անենք։
— Թող ինձ, մենակ կանեմ,— պատասխանեցի ես։— Հիմա ես ծիծաղում եմ ամբողջ աշխարհի վրա։
Մենք թաղեցինք Գարսիային և մեր ճամբարը փոխադրեցինք երկու հարյուր քայլ այդտեղից հեռու։ Հաջորդ օրը Կարմենն ու անգլիացին անցան երկու ջորեպանի և մի ծառայի հետ։ Ես Դանկայրին ասացի.
— Անգլիացու խնդիրն ինձ վրա եմ վերցնում, իսկ դու վախեցրու մյուսներին, նրանք զինված չեն։
Անգլիացին սրտոտ էր։ Եթե Կարմենը չքաշեր նրա թևը, նա ինձ կսպաներ։ Կարճ կապեմ. այդ օրը ես Կարմենին ետ նվաճեցի և առաջին խոսքը, որ ասացի նրան, այն էր, որ նա այժմ այրի է։ Երբ նա իմացավ, թե ինչպես էր դա տեղի ունեցել, ասաց.
— Դու միշտ էլ lillipendi կմնաս։ Գարսիան քեզ կսպաներ։ Քո նավառյան ձևը պարզապես հիմարություն է. նա քեզանից շատ ճարպիկներին է այն աշխարհն ուղարկել։ Ըստ երևույթին օրհասը եկել էր։ Քոնն էլ կգա։
— Նույնպես և քոնը,— պատասխանեցի ես,— եթե իսկական rom չլինես ինձ։
— Հաջողությո՜ւն,— ասաց նա։— Ես շատ անգամ սուրճի մրուրի մեջ տեսել եմ, որ մենք միասին կվերջացնենք մեր օրերը։ Պա՜հ, ինչ ուզում է լինի։
Եվ սկսեց չխկչխկացնել իր կաստանիետները, մի բան, որ անում էր նա այն բոլոր դեպքերում, երբ ուզում էր որևէ տաղտկալի միտք փարատել։
Երբ մարդն իր մասին է խոսում, ամեն բան մոռանում է։ Այս բոլոր մանրամասնություններն անկասկած ձանձրացնում են ձեզ, բայց ես շուտով կվերջացնեմ։ Մեր վարած այս կյանքը բավական երկար տևեց։ Դանկայրն ու ես մեր խմբին միացրել էինք մի քանի ընկերներ նախորդներից ավելի վստահելի և մաքսանենգությամբ էինք զբաղվում. երբեմն էլ, պետք է խոստովանել, մեծ ճանապարհներին էինք հսկում, բայց ամենածայրահեղ դեպքերում, երբ ուրիշ բան չինք կարողանում անել։ Ի միջի այլոց ճամփորդներին ձեռք չէինք տալիս և բավականանում էինք նրանց դրամները վերցնելով։ Մի քանի ամիս ես գոհ էի Կարմենից. նա շարունակում էր оգտակար լինել մեր գործողություններին ու իմաց էր տալիս համեղ պատառների մասին։ Նա ապրում էր կամ Մալագայում, կամ Կորդովայում և կամ Գրենադայում, բայց բավական էր, որ մի խոսք հասցնեի նրան, ամեն բան թողնում և գալիս էր ինձ մոտ` որևէ հյուղակի ծածկի տակ կամ բացօթյակում։ Միայն մի անգամ, Մալագայում, նա բավական անհանգստություն պատճառեց ինձ։ Ես իմացա, որ նա աչք է տնկել մի մեծահարուստ առևտրականի վրա և հավանաբար ուզում է նրա հետ Ջիբրալտարի կատակը կրկնել։ Հակառակ Դանկայրի բոլոր հորդորներին, որ չգնամ, ես մեկնեցի և օր-ցերեկով մտա Մալագա, փնտրեցի գտա Կարմենին և անմիջապես ետ բերի։ Մենք մի բուռն բացատրություն ունեցանք։
— Գիտես ինչ,— ասաց նա,— այն օրվանից հետո, որ դու դարձել ես իմ իսկական rom-ը, ես քեզ ավելի քիչ եմ սիրում, քան երբ դու իմ սիրականն էիր: Ես չեմ ուզում, որ ինձ տանջեն, առավել ևս հրամայեն։ Իմ ուզածն այն է, որ ազատ լինեմ և ինձ դուր եկածն անեմ։ Զգուշացիր ինձ ծայրահեղության մղելուց։ Եթե դու ինձ ձանձրացնես, ես որևէ լավ տղա կգտնեմ, որպեսզի քեզ այնպիսի դաս տա, ինչպիսին դու Միականուն տվիր։
Դանկայրը մեզ հաշտեցրեց, բայց մենք այնպիսի բաներ էինք ասել միմյանց, որ ծանրացել էր մեր սրտին, և մենք առաջվա նման չէինք այլևս։ Շատ չանցած մեզ դժբախտություն պատահեց. զինվորները hանկարծակիի բերին մեզ։ Դանկայրն սպանվեց, ինչպես նաև իմ ընկերներից երկուսը, իսկ մյուս երկուսն էլ բռնվեցին։ Ես ծանր վերք ստացա, և եթե իմ հիանալի նժույգը չլիներ, կընկնեի զինվորների ձեռքը։ Հոգնածությունից ուժասպառ, մի գնդակ էլ մարմնիս մեջ, գնացի թաքնվելու անտառում իմ միակ ճողոպրած ընկերոջ հետ։ Ձիուց իջնելիս նվաղեցի և կարծեցի, թե վիրավորված նապաստակի նման կսատկեմ թփերի մեջ։ Ընկերս ինձ տարավ մեզ ծանոթ մի քարայր, հետո գնաց փնտրելու Կարմենին։ Նա Գրենադայում էր և անմիջապես եկավ։ Տասնհինգ օր նա ինձնից ոչ մի րոպե չհեռացավ, աչքը չփակեց և այնպիսի ուշադրությամբ ու հմտությամբ խնամեց ինձ, որ որով ոչ մի կին իր ամենասիրած մարդուն երբևիցե չի խնամել։ Հենց որ ես կարողացա ոտքի կանգնել, նա չափազանց ծածուկ կերպով ինձ տարավ Գրենադա։ Գնչուներն ամենուրեք ապահով ապաստարաններ գտնում են. վեց շաբաթ ապրեցի մի տան մեջ, գրեթե ոստիկանապետի կողքին, որն ինձ փնտրում էր։ Շատ անգամ, փեղկի արանքից նայելիս տեսել եմ նրա անցնելը։ Վերջապես ես կազդուրվեցի, բայց հիվանդության մահճում երկար-բարակ խորհրդածություններ էի արել և ծրագրում էի ապրելակերպս փոխել։ Առաջարկեցի Կարմենին հեռանալ Իսպանիայից և ազնիվ կյանք փնտրել Նոր Աշխարհում։ Նա ծիծաղեց ինձ վրա։
— Մենք ստեղծված չենք գյուղական կյանք վարելու համար,— ասաց նա,— մեր` գնչուների ճակատագիրը payllo-ների հաշվին ապրելն է։ Լսիր, ես մի գործ եմ սարքել ջիբրալտարցի Նաթան Բեն-Յուսուֆի հետ։ Նա բամբակեղեններ ունի, որոնք քեզ են սպասում անցկացվելու համար։ Նա գիտե, որ դու ողջ ես և հույսը քեզ վրա է դրել։ Ի՞նչ պիտի ասեն Ջիբրալտարի մեր մարդիկ, եթե դու թերանաս քո խոսքից։
Ես տարվեցի հորձանքով ու վերսկսեցի իմ ստոր զբաղմունքը։
Երբ ես թաքնված էի Գրենադայում, տեղի ունեցան ցլամարտեր, ուր գնաց և Կարմենը։ Վերադառնալուց հետո նա երկար խոսեց Լուկաս անունով մի խիստ ճարպիկ պիկադորի մասին։ Գիտեր նրա ձիու անունը և ասեղնագործված բաճկոնակի գինը։ Ուշադրություն չդարձրի դրան։ Խուանիտոն` միակ ընկերը, որ ունեի այդ ժամանակ, ասաց, թե տեսել էր Կարմենին Լուկասի հետ Զակատինի առևտրականներից մեկի մոտ։ Այդ լուրն սկսեց անհանգստացնել ինձ։ Հարցրի Կարմենին, թե ինչպե՞ս և ինչո՞ւ էր ծանոթացել պիկադորի հետ։
— Մի տղա է նա, որի հետ կարելի է գործ տեսնել,— ասաց նա։— Աղմկող գետը կամ ջուր ունի, կամ խիճ[73]։ Նա հազար երկու հարյուր րեալ է շահել ցլամարտում։ Երկուսից մեկը` կամ պետք է կորզել նրա փողը, կամ թե, քանի որ նա լավ ձիավոր է ու սրտոտ երիտասարդ, կարելի է ներգրավել մեր խմբի մեջ։ Այդպիսի տղաներ կային, բայց մեռան, իսկ քեզ փոխարինողներ են պետք. վերցրու նրան։
— Ես ո՛չ նրա փողն եմ ուզում, ո՛չ էլ նրան` իրեն, և արգելում եմ քեզ խոսել նրա մասին,— պատասխանեցի ես։
— Զգուշացիր,— ասաց նա,— երբ ինձ արգելում են որևէ բան անել, ապա ավելի շուտ եմ անում։
Բարեբախտաբար պիկադորը մեկնեց Մալագա, ես էլ ձեռնամուխ եղա այդ հրեայի բամբակեղենը ներմուծելուն։ Այդ գործը շատ զբաղեցրեց ինձ, ինչպես նաև Կարմենին, ուստի և մոռացա Լուկասին. գուցե և Կարմենն էլ մոռացավ նրան, գոնե միառժամանակ։ Հենց այդ շրջանում էր, պարո՛ն, որ ես հանդիպեցի ձեզ նախ Մոնտիլայի մոտ, հետո էլ Կորդովայում։ Ես չեմ խոսի մեր վերջին հանդիպման մասին. դուք դրա վերաբերյալ թերևս ինձնից ավելի շատ բան գիտեք։ Կարմենը գողացավ ձեր ժամացույցը, ուզում էր ձեր փողն էլ գողանալ, մանավանդ այն մատանին, որ այժմ ձեր մատին է և որը, ինչպես ասում էր Կարմենը, մոդայական օղ է և շատ կարևոր է նրան տիրանալը։ Մենք բուռն վիճաբանություն ունեցանք, և ես ծեծեցի նրան։ Նա գունատվեց ու լաց եղավ։ Առաջին անգամ էի տեսնում, որ նա լաց է լինում, և այդ պատկերը սոսկալի ազդեցություն գործեց ինձ վրա։ Ներողություն խնդրեցի նրանից, բայց նա մի ամբողջ օր խռովեց ինձնից, և երբ ես Մոնտիլա մեկնեցի, նա չցանկացավ ինձ ողջագուրել։ Սիրտս լցված էր, երբ երեք օր հետո եկավ ինձ մոտ` ժպտուն ու խայտիտի նման ուրախ։ Ամեն ինչ մոռացության տրվեց, և մենք կարծես երկու օրվա սիրահարներ լինեինք։ Բաժանվելու ժամանակ նա ասաց.
— Կորդովայում տոնահանդես կա. գնում եմ տեսնելու, հետո էլ կիմանամ, թև ինչ փողատերեր են մեկնելու այդտեղից, և քեզ իմաց կտամ։
Թույլ տվի, որ գնա։ Երբ մենակ մնացի, սկսեցի մտածել այդ տոնահանդեսի և Կարմենի տրամադրության փոփոխության մասին։— Ըստ երևույթին վրեժը լուծել է,— ասում էի ինքս ինձ,— քանի որ իր ոտքով վեր կացավ ու եկավ։ Մի գյուղացի ասաց, որ Կորդովայում ցլամարտեր կան։ Արյունս եռաց, ու խենթի նման մեկնեցի և հասա արենա։ Ինձ ցույց տվին Լուկասին, իսկ պատնեշի առջև, նստարանի վրա, նկատեցի Կարմենին։ Մի րոպե նրան դիտելը բավական եղավ, որպեսզի կասկածներս հիմնավորվեն։ Առաջին ցուլը դուրս գալու պահին, Լուկասը, ինչպես գուշակել էի, սիրահարի ձևեր ընդունեց։ Նա պոկեց ցուլի կոկարդը ու տարավ Կարմենին, որն անմիջապես ամրացրեց իր վարսերին։ Ցուլը հանձն առավ իմ վրեժը լուծել։ Լուկասն իր ձիու հետ գլորվեց երեսնիվայր, ցուլն էլ նրանց վրա։ Նկատեցի, որ Կարմենն այլես իր տեղը չէ։ Ես հնարավորություն չունեի դուրս գալու իմ տեղից և ստիպված էի սպասել ցլամարտերի վերջանալուն։ Դրանից հետո գնացի ձեզ ծանոթ տունը և լուռումունջ մնացի այդտեղ ամբողջ երեկոն ու գիշերվա մի մասը։ Գիշերվա ժամը երկուսի մոտերը Կարմենը վերադարձավ և մի քիչ զարմացավ ինձ այդտեղ տեսնելով։
— Արի գնանք,— ասացի նրան։
— Ինչու չէ, գնա՛նք,— համաձայներ նա։
Գնացի ձիս բերի, նրան էլ գավակիս դրի, և ամբողջ գիշերը գնացինք առանց մի բառ փոխանակելու։ Առավոտյան կանգ առանք մի մենավոր խրճիթում, որը բավականին մոտ էր մի փոքրիկ մենաստանի։ Այդտեղ ես ասացի Կարմենին.
— Լսիր, ես պատրաստ եմ ամեն բան մոռանալ։ Քեզ ոչինչ չեմ հիշեցնի, բայց մի բան խոստացիր. դու կհետևես ինձ Ամերիկա և խելոք կպահես քեզ այնտեղ։
— Ոչ,— ասաց նա խռոված շեշտով,— ես չեմ ուզում Ամերիկա գնալ։ Այստեղ ինձ լավ եմ զգում։
— Որովհետև այստեղ դու Լուկասից հեռու չես. բայց լավ մտածիր, եթե նա առողջանա, միևնույն է, ծերության չի հասնի։ Ճիշտն ասած, ինչու պիտի զայրանամ նրա վրա։ Հոգնել եմ քո սիրեկաններին սպանելուց. ես քեզ կսպանեմ։
Նա իր վայրագ հայացքով շեշտակի նայեց ինձ ու ասաց.
— Ես միշտ մտածել եմ, որ դու ինձ կսպանես։ Առաջին անգամ երբ քեզ տեսա, մի քահանայի էի հանդիպել մեր դռանը։ Իսկ այս գիշեր Կորդովայից դուրս գալիս ոչինչ չտեսա՞ր։ Մի նապաստակ փախավ ճանապարհով հենց քո ձիու ոտքերի միջով։ Ճակատիս այդպես է գրված։
— Կարմենսիտա,— հարցրի ես,— մի՞թե ինձ այլևս չես սիրում։
Նա ոչինչ չպատասխանեց. ծալապատիկ նստել էր խսրին և գետնի վրա մատով նշաններ էր անում։
— Փոխենք մեր կյանքի եղանակը, Կարմե՛ն,— ասացի ես աղաչական շեշտով։— Գնանք մի ուրիշ տեղ ապրելու և էլ երբեք չբաժանվենք իրարից։ Դու իհարկե գիտես, որ այստեղից ոչ հեռու, կաղնու տակ, մենք հարյուր քսան ունկի ունենք թաղած… Բացի դրանից, Բեն-Յուսուֆի մոտ էլ գումարներ ունենք։
Նա սկսեց ծիծաղել ու ասաց.
— Նախ ես, հետո դու։ Ես գիտեմ, որ այդ այդպես էլ պետք է կատարվի։
— Մտածիր,— շարունակեցի ես։— Համբերությունս ու արիությունս հատել են. որոշիր, ապա թե ոչ ես կորոշեմ։
Թողեցի նրան ու գնացի ման գալու մենաստանի կողմերը։ Տեսա ճգնավորին աղոթելիս։ Սպասեցի որ իր աղոթքը վերջացնի։ Ինքս էլ շատ էի ցանկանում աղոթել, բայց չէի կարողանում։ Երբ ճգնավորը վեր կացավ, մոտեցա նրան։
— Հա՛յր սուրբ,— ասացի,— կուզենա՞ք աղոթել մի մարդու համար, որը մեծ վտանգի մեջ է։
— Ես աղոթում եմ բոլոր վշտացյալների համար։
— Կարո՞ղ եք պատարագ մատուցել մի հոգու համար, որը գուցե շուտով իր արարչին է ներկայանալու։
— Այո,— պատասխանեց նա, շեշտակի նայելով ինձ։
Եվ որովհետև իմ արտահայտության մեջ մի տարօրինակ բան կար, նա փորձեց ինձ խոսեցնել։
— Ինձ թվում է, թե ձեզ տեսել եմ,— ասաց նա։
Մի պիաստր դրի նրա սեղանին։
— Ե՞րբ եք պատարագը մատուցելու,— հարցրի նրան։
— Կես ժամ հետո։ Մոտակա պանդոկատիրոջ որդին պիտի գա սպասավորելու։ Ասացե՛ք, երիտասա՛րդ, մի այնպիսի բան չունե՞ք ձեր խղճի վրա, որը ձեզ տանջում է։ Ուզո՞ւմ եք քրիստոնեի խորհուրդը լսել։
Քիչ էր մնում լաց լինեի։ Ասացի կվերադառնամ ու դուրս փախա։ Գնացի ու պառկեցի խոտերի վրա, մինչև որ զանգերը ղողանջեցին։ Այդ ժամանակ մոտեցա, բայց մատուռից դուրս մնացի։ Երբ պատարագը մատուցվեց, վերադարձա հյուղակը։ Կարծում էի, որ Կարմենը փախած կլինի. նա կարող էր հեծնել իմ ձին ու փախչել… Բայց նա այդտեղ էր. չէր ուզում, որ իրավունք ունենան ասելու, թե վախեցավ ինձնից։ Ւմ բացակայության միջոցին նա քանդել էր իր շրջազգեստի քղանցքը և հանել միջի արճիճը։ Այժմ նա նստել էր սեղանի առջև ու դիտում էր արճիճը, որ հալեցրել էր ու լցրել ջրով լի մի ամանի մեջ։ Այնքան էր նա զբաղված իր կախարդությամբ, որ սկզբում իմ ներս մտնելը չտեսավ։ Մերթ նա վերցնում էր արճիճի մի կտոր ու տխրագին շրջում ամեն կողմ, մերթ երգում էր կախարդական երգերից մեկնումեկը, որոնք ոգեկոչում են Մարիա Պադիլային` դոն Պեդրոյի սիրուհուն, որն, ինչպես ասում են, եղել է Bari Crallisa կամ գնչուների մեծ թագուհին[76]:
— Կարմե՛ն,— ասացի նրան,— ուզո՞ւմ եք ինձ հետ գալ:
Նա վեր կացավ, ամանը դեն շպրտեց, շալը գլխին գցեց` կարծես մեկնելու պատրաստ։ Ձիս բերին, նա նստեց գավակս, ու հեռացանք։
— Ուրեմն, ի՛մ Կարմեն,— ասացի ես մի քիչ գնալուց հետո,— դու ուզում ես ինձ հետևել, չէ՞։
— Մինչև մահս կհետևեմ քեզ, բայց այլևս չեմ ապրի քեզ հետ։
Մենք գտնվում էինք մի խուլ կիրճում։ Ձիս կանգնեցրի։
— Այստե՞ղ է,— ասաց նա։
Եվ մի ոստյունով վայր ցատկեց։ Հանեց իր շալն ու գցեց ոտքերի առաջ և կանգնեց անշարժ` մի բռունցքը կոնքին դրած ու հայացքը սևեռած ինձ վրա։
— Դու ուզում ես սպանել ինձ, ես գիտեմ,— ասաց նա,— ճակատիս գրված է, բայց դու անզոր ես ստիպելու ինձ, որ զիջեմ։
— Խնդրում եմ,— ասացի նրան,— խելքդ գլուխդ հավաքիր։ Լսիր ինձ. ամբողջ անցյալը մոռացված է։ Չէ՞ որ դու ինձ կորստյան մատնեցիր, ինքդ լավ գիտես, քեզ համար ես գող ու մարդասպան դարձա։ Կարմե՛ն, ի՛մ Կարմեն, թող, որ քեղ փրկեմ, քեզ հետ էլ ինձ։
— Խոսե՛,— պատասխանեց նա,— դու ինձնից անկարելին ես պահանջում։ Ես քեզ է՛լ չեմ սիրում, իսկ դու դեռ սիրում ես ինձ և դրա համար էլ ուզում ես սպանել։ Ես կարող էի քեզ դեռ էլի խաբել, բայց չեմ ուզում այդ նեղությունը քաշել։ Մեր մեջ ամեն ինչ վերջացել է։ Որպես իմ rom, դու իրավունք ունես սպանել քո romi-ին, բայց Կարմենը միշտ ազատ կմնա։ Նա calli է ծնվել, calli էլ կմեռնի։
— Ուրեմն դու սիրո՞ւմ ես Լուկասին,— հարցրի ես։
— Այո, ես նրան սիրել եմ, ինչպես որ քեզ, մի պահ, թերևս ավելի քիչ, քան քեզ։ Այժմ ոչ մի բան չեմ սիրում և ատում եմ ինձ, որ սիրել եմ քեզ։
Ես ընկա նրա ոտքը, բռնեցի նրա ձեռքերը և թրջեցի արտասուքներով։ Հիշեցրի նրան միասին վայելած մեր երջանկության բոլոր պահերը։ Նրան դուր գալու համար համաձայնեցի ավազակ մնալ։ Ամե՜ն բան, պարո՛ն, ամե՛ն բան առաջարկեցի, միայն թե համաձայներ դարձյալ սիրել ինձ։
Նա ինձ ասաց.
— Դարձյալ սիրել քեզ` անկարելի՛ է։ Ապրել քեղ հետ` է՛լ չեմ ուզում։
Կատաղությունը համակում էր ինձ։ Դանակս քաշեցի։ Ուզում էի, որ վախենար ու աղաչեր խնայեմ իրեն. բայց այդ կինը դև էր։
— Վերջին անգամ եմ ասում` ուղո՞ւմ ես մնալ ինձ հետ,— աղաղակեցի։
— Ո՛չ, ո՛չ, ո՛չ,— ասաց նա ոտքը գետնին խփելով։
Եվ հանելով մատից իմ նվիրած մատանին` նետեց թփերի մեջ։
Երկու հարված հասցրի նրան։ Հասցրի Միականու դանակով, որ ես վերցրել էի, իմը կոտրելուց հետո։ Երկրորդ հարվածին նա ընկավ առանց ձայն հանելու։ Ւնձ թվում է, թե դեռ տեսնում եմ շեշտակի ինձ նայող նրա խոշոր, սև աչքերը, որոնք հետո տարտամացան ու փակվեցին։ Մի ամբողջ ժամ ես անէացած մնացի այդ դիակի առաջ։ Ապա հիշեցի, որ Կարմենը հաճախ ասում էր ինձ, թե կգերադասեր թաղվել անտառում։ Դանակովս մի փոս փորեցի ու մեջը դրի նրան։ Շատ երկար փնտրեցի մատանին ու վերջապես գտա։ Այդ էլ փոսի մեջ դրեցի մի փոքրիկ խաչի հետ։ Գուցե սխալվեցի։ Հետո հեծա իմ ձին, արշավեցի Կորդովա և անձնատուր եղա առաջին իսկ պահականոցին։ Ասացին որ սպանել եմ Կարմենին, բայց չուզեցի հայտնել նրա մարմնի տեղը։ Ճգնավորը, որ մի սուրբ մարդ էր, աղոթեց Կարմենի համար, պատարագ մատուցեց ի փրկություն նրա հոգու։ …Խե՜ղճ երեխա։ Հանցավորը գնչուներն էին. նրանք էին այդպես դաստիարակել նրան։

IV
Իսպանիան մեկն է այն երկրներից։ որտեղ այսօր էլ գտնվում են, այն էլ ավելի մեծ թվով, ամբողջ Եվրոպայում սփռված այդ վաչկատունները, որոնք ճանաչված են Bohémiens, Gitanos, Gypsies, Zigeuner և այլ անուններով։ Նրանց մեծ մասն ապրում է, ավելի ճիշտը` թափառական կյանք է վարում Հարավի ու Արևելքի նահանգներում` Անդալուզիայում և Էստրեմադուրայում` Մուրսիի թագավորության մեջ. բավական շատ են նրանք և Կատալոնիայում։ Այս վերջինները հաճախ անցնում են Ֆրանսիա։ Նրանց հանդիպում ենք Հարավային Ֆրանսիայի բոլոր տոնավաճառներում։ Տղամարդիկ սովորաբար զբաղվում են ձիավաճառությամբ, անասնաբուժությամբ և ջորիներ խուզելով, հաճախ այդ զբաղմունքին միացնում են պղնձե ամաններ նորոգելու արհեստը` չխոսելով արդեն մաքսանենգության և ուրիշ ապօրինի արարքների մասին։ Կանայք էլ բախտ են գուշակում, մուրացկանություն անում և վաճառում ամեն տեսակ դեղեր` անվտանգ կամ ոչ։
Գնչուների ֆիզիկական հատկանիշներն ավելի հեշտ է նկատել, քան թե նկարագրել, և եթե մեկին տեսել ես, ապա հազարի միջից կզանազանես այդ ցեղին պատկանող անհատին։ Գլխավորը դեմքն ու արտահայտությունն է, և հենց դա էլ տարբերում է նրանց նույն երկրի այլ ժողովուրդներից։ Նրանց գույնը արևակեզ է, միշտ ավելի մուգ, քան այն ժողովուրդների գույնը, որոնց հետ ապրում են նրանք։ Դրանից էլ առաջանում է նրանց calé` սև անունը, որով հաճախ անվանում են նրանք իրենց։ նկատելիորեն շեղ, լավ գծագրված և խիստ սև աչքերը ստվերված են խիտ ու երկար թարթիչներով։ Նրանց հայացքը կարելի է համեմատել միմիայն գիշատիչ կենդանու հայացքի հետ։ Հանդգնություն ու միաժամանակ երկչոտություն են նկատվում այդ հայացքի մեջ, և այդ տեսակետից նրանց աչքերը շատ լավ են երևան բերում այդ ազգի նկարագիրը` խորամանկ ու համարձակ, բայց Պանյուրժի նման բավականաչափ վախենում են հարվածներից: Տղամարդիկ մեծ մասամբ բարեձև են, նրբամարմին ու դյուրաշարժ. ինձ թվում է, թե ո՛չ մի ճարպակալած գնչուի չեմ հանդիպել։ Գերմանիայում գնչուհիները հաճախ լինում են սիրուն, մինչդեռ Իսպանիայի gitana-ների մեջ գեղեցիկները խիստ հազվագյուտ են։ Երբ նրանք բոլորովին դեռատի են, կարող են հաճելի տգեղուհու տեղ ընդունվել, բայց բավական է, որ երեխա ունենան, դառնում են զզվելի։ Երկու սեռի մոտ էլ կեղտոտությունը անհավատալի է, ով չի տեսել չափահաս գնչուհու մազերը, դժվարությամբ կկարողանա գաղափար կազմել դրա մասին, նույնիսկ եթե պատկերացնի ձիու ամենակոշտ, ճարպոտ ու փոշոտ բաշերը։ Անդալուզիայի մի քանի մեծ քաղաքներում հատուկենտ դեռատի աղջիկներ, որոնք մյուսներից քիչ ավելի հաճելի են, ավելի են խնամք տանում իրենց անձին։ Սրանք դնում են փողով պարելու. այդ պարերը չափազանց նման են մեր կառնավալի հասարակական պարահանդեսներում արգելվածներին։ Անգլիացի միսիոներ, Իսպանիայի գնչուների մասին երկու խիստ հետաքրքրական աշխատություններ գրած պարոն Բարրոուն, որ Աստվածաշնչի Ընկերության միջոցներով ձեռնարկել էր քրիստոնյա դարձնել գնչուներին, պնդում է, թե չի եղել մի դեպք, որ որևէ գնչուհի իրենց ցեղին չպատկանող տղամարդու նկատմամբ երբևէ ցանկություն ունեցած լինի։ Ինձ թվում է, թե չափազանցություն կա նրանց ժուժկալության այս ներբողի մեջ։ Նախ և առաջ նրանց մեծագույն մասը գտնվում է Օվիդիոսի տգեղ կնոջ վիճակում Casta quam nemo rogavit, իսկ ինչ վերաբերում է գեղեցիկներին, նրանք էլ, ինչպես բոլոր իսպանուհիները, դժվարահավան են իրենց սիրահարն ընտրելու խնդրում։ Պետք է դուր գալ նրանց, պետք է արժանանալ նրանց։ Որպես ապացույց գնչուհիների առաքինության` պարոն Բարրոուն հիշատակում է մի դեպք, որը պատիվ կարող է բերել հենց նրա` Բարրոուի առաքինությանը, մանավանդ նրա միամտությանը։ Նրա մի անբարոյական ծանոթը,— ասում է նա,— իզուր բավական ունկիներ նվիրեց մի գնչուհու։ Մի անդալուզցի, որին ես պատմում էի այս անեկդոտը, նկատեց, որ այդ անբարոյական մարդն ավելի հաջողություն կունենար, եթե միայն երկու-երեք պիաստր ցույց տար, իսկ գնչուհուն ոսկի ունկիներ տալը նույնքան վատ միջոց է, որքան պանդոկի սպասուհուն մեկ կամ երկու միլիոն խո տանալը։— Ինչ էլ որ լիսի, մի բան ճիշտ է. գնչուհիները արտակարգ անձնվիրություն են ցուցաբերում իրենց ամուսինների նկատմամբ։ Չկա այնպիսի վտանգ կամ նեղություն, որ նրանք չդիմագրավեն` կարիքի դեպքում իրենց ամուսիններին օգնելու համար: Այն անուններից մեկը, որով գնչուներն անվանում են իրենց romè կամ ամուսիններ, իմ կարծիքով վկայում է նրանց ցեղի հարգանքը ամուսնական դրության նկատմամբ։ Ընդհանրապես կարելի է ասել, որ նրանց առաքինությունը հայրենասիրությունն է, եթե կարելի է այսպես անվանել այն հավատարմությունը, որ նրանք տածում են դեպի իրենց ցեղին պատկանող որևէ անհատ, միմյանց օգնելու նրանց պատրաստակամությունը, անխախտ գաղտնապահությունը, որ նրանք ցուցաբերում են անվանարկիչ գործերում։ Ի միջի այլոց, բոլոր խորհրդավոր և ապօրինի ընկերակցությունների մեջ նման երևույթ տեսնում ենք։
Մի ամիս առաջ ես այցելեցի Վոգեզ լեռներում հաստատված գնչուական մի հորդայի։ Իր տոհմի ավագը հանդիսացող մի պառավ կնոջ հյուղակում մահացու հիվանդությամբ բռնված, բայց նրա ընտանիքին օտար մի գնչու կար։ Այս մարդը դուրս էր եկել հիվանդանոցից, որտեղ նրան լավ էին խնամել, որպեսզի գնար մեռնելու իր ազգակիցների շրջապատում։ Տասներեք շաբաթից ի վեր նա պառկած էր իրեն հյուրընկալածների մոտ և շատ ավելի լավ վերաբերմունքի էր արժանացել, քան նույն տանն ապրող պառավի որդիներն ու փեսաները։ Նրան տվել էին հարդից ու մամուռից պատրաստված և բավական սպիտակ սավանով ծածկված մի լավ անկողին, մինչդեռ տասնմեկ հոգուց բաղկացած ընտանիքի մնացած մասը քնում էր երեք ոտնաչափ երկարություն ունեցող տախտակների վրա։ Այս էլ նրանց հյուրընկալության մասին։ Այդ նույն կինը, որ այնքան մարդկայնական էր իր հյուրի նկատմամբ, հիվանդի ներկայությամբ ինձ ասում էր Singo, singo, homte hi mulo, շուտով, շուտով պետք է նա մեռնի։ Վերջին հաշվով այս մարդկանց կյանքն այնքան ողորմելի է, որ մահվան ծանուցումը երբեք սարսափելի չէ նրանց համար։
Գնչուների բնավորության ամենալավ գծերից մեկը նրանց անտարբերությունն է կրոնի հանդեպ. այդ, իհարկե, նրանց անկրոն կամ թերահավատ լինելուց չէ։ Նրանք ոչ մի ժամանակ անաստված չեն համարել իրենց։ Հեռու այդ մտքից, նրանք իրենցն են համարում այն երկրի կրոնը, որտեղ ապրում են. բայց հենց որ հայրենիքը փոխեն, կփոխեն ն կրոնը։ Այն սնապաշտությունները, որոնք անքաղաքակիրթ ժողովուրդներու մոտ փոխարինում են կրոնական զգացմունքներին, գնչուներին հավասարապես խորթ են։ Հիրավի, կարո՞ղ էին սնապաշտ լինել այնպիսի մարդիկ, որոնք մեծ մասամբ ապրում են ուրիշների դյուրահավատությամբ։ Այնուամենայնիվ ես նկատել եմ, որ իսպանական գնչուները բացառիկ սարսափ են զգում դիակներին մերձենալուց։ Նրանցից շատ քչերը կհամաձայնեն մեռելը գերեզման տանել ի սեր դրամի:
Ես արդեն ասացի, որ գնչուհիների մեծ մասը զբաղվում է բախտագուշակությամբ։ Նրանք շատ լավ են գլուխ բերում դա։ Բայց նրանց ամենաշահավետ եկամուտը թովելու բժժանքներ ու սիրադեղեր ծախելն է։ Նրանք ոչ միայն հեղհեղուկ սրտերը կայունացնելու համար դոդոշի ոտքեր են պահում և կամ անզգաների մեջ սեր արթնացնելու համար մագնիսաքարի փոշի ունեն, այլ նաև կարիքի դեպքում հզոր դավակցություններ են կազմում, որով և ստիպում են սատանային օգնության գալ իրենց։ Անցած տարի մի իսպանուհի հետևյալ պատմությունն արավ ինձ։ Մի օր այդ կինը խիստ տխուր ու մտազբաղ անցնելիս է եղել Ալկալա փողոցով, երբ մայթի վրա պպզած մի գնչուհի դիմել է իրեն. «Սիրո՛ւն տիկին, ձեր սիրականը դավաճանել է ձեզ»։ Իրոք էլ այդպես էր։ «Ուզո՞ւմ եք, որ ետ դարձնեմ նրան ձեզ»։ Հասկանալի է, թե ինչպիսի՜ ուրախությամբ ընդունվեց այդ առաջարկը, և ինչպիսի՜ վստահություն կարող էր ներշնչել մի անձ, որը սոսկ մի անգամ նայելուց գուշակում էր սրտի ամենանվիրական գաղտնիքները։ Եվ որովհետև հնարավոր չէր կախարդանք սկսել Մադրիդի ամենաբանուկ փողոցում, ուստի ժամադրություն նշանակվեց հաջորդ օրվա համար։ «Ոչ մի բան այնքան հեշտ չէ, որքան անհավատարիմին ձեր ոտքը բերելը,— ասել էր գնչուհին։— Չունե՞ք արդյոք որևէ թաշկինակ, շարֆ կամ շալ, որ նա տված լինի ձեզ»։ Տիկինը մետաքսե մի վզնոց է տալիս նրան։ «Այժմ մուգ կարմիր մետաքսաթելով մի պիաստր կարեցեք վզնոցի անկյուններից մեկում, մյուսում կես պիաստր, երրորդում մի պեսետա, իսկ չորրորդում կես պեսետա։ Հիմա էլ մեջտեղը պետք է կարել մի ոսկի, ավելի լավ է կրկնակ ոսկի»։ Կարում են կրկնակ ոսկին ու մնացածները։ «Հիմա վզնոցը տվեք ինձ. ուղիղ կեսգիշերին Կամպո Սանտո եմ տանելու։ Եթե ուզում եք գեղեցիկ սատանայություն տեսնել, եկեք ինձ հետ։ Ես ձեզ խոստանում եմ, որ վաղն իսկ դուք կտեսնվեք ձեր սիրածին»։ Գնչուհին մենակ էր գնացել Կամպո Սանտո, որովհետև տիկինը խիստ վախենալով սատանաներից` չէր ուզեցել ընկերանալ նրան։ Ձեզ եմ թողնում մտածել, թե խեղճ լքված սիրուհին կրկին տեսավ իր վզնոցն ու սիրեկանին։
Հակառակ իրենց թշվառության ու այն խորշանքին, որ ներշնչում են գնչուհիները, այնուամենայնիվ նրանք որոշ հարգանք են վայելում կիսակիրթ ժողովուրդների մոտ և խիստ հպարտանում են դրանով։ Նրանք մտավորապես ավելի բարձր ժողովուրդ են համարում իրենց ու սրտանց էլ արհամարհում են իրենց ասպնջականություն շնորհած ժողովրդին։— Հեթանոսներն այնքան տխմար են,— ասում էր Վոգեզի գնչուհիներից մեկը,— որ նրանց խաբելը մեծ շնորհք չէ։ Անցած օրը փողոցում մի գեղջկուհի կանչում է ինձ. ես մտա նրա տունը։ Վառարանը ճխում էր, և գեղջկուհին որևէ միջոց էր խնդրում ինձնից, որպեսզի վառարանն այլևս չծխար: Ես նախ մի լավ կտոր խոզաճարպ պահանջեցի, ապա սկսեցի գնչուերեն մի քանի բառ մրթմրթալ։ «Դու հիմար ես,— ասացի,— հիմար ես ծնվել ու հիմար էլ կմեռնես…»։ Երբ մոտեցա դըռանը, մաքուր գերմաներենով ասացի նրան.— «քո վառարանի ծխալը դադարեցնելու ապահով միջոցը չվառելն է» և արագ ծլկեցի։
Գնչուների պատմությունը դեռ մնում է առեղծվածային։ Ճիշտն այն է, որ նրանց առաջին, խիստ սակավաթիվ հորդաները արևելյան եվրոպայում երևացին XV դարի սկիզբներին. բայց դժվար է ասել ո՛րտեղից էին գալիս և ինչո՛ւ էին Եվրոպա եկել։ Եվ ամենատարօրինակն այն է, որ ոչ ոք չի իմանում, թե ինչպես նրանք այդքան կարճ ժամանակում այդքան զարմանալի կերպով բազմացան միմյանցից խիստ հեռու գտնվող բազմաթիվ երկրներում։ Գնչուներն իրենք էլ ոչ մի ավանդություն չեն պահպանել իրենց ծագման մասին, և եթե նրանց մեծ մասն ասում է, որ իբր թե Եգիպտոսն է եղել իրենց սկզբնական հայրենիքը, ապա այդ նրանից է, որ նրանք ընկալել են շատ վաղուց իրենց մասին տարածված մի առասպել։
Գնչուների լեզուն ուսումնասիրած արևելագետների մեծ մասը կարծում է, որ նրանք Հնդկաստանի բնիկներ են եղել: Հիրավի պարզվում է, որ ռոմանիի մեծ թվով արմատներ և բազմաթիվ քերականական ձևեր պատահում են սանսկրիտից առաջացած բարբառներում։ Նույնպես հասկանալի է, որ գնչուներն իրենց երկար թափառումների ընթացքում կերցրել են բազմաթիվ օտար բառեր։ Ռոմանիի բոլոր բարբառներում էլ գտնվում են բավականաչափ հունարեն բառեր։ Օրինակ cocal — ոսկոր` հունարեն χοχχαλου-ից, petalli — պայտ` πεταλου-ից, cafi — գամ` χαρφί-ից և այլն։ Ներկայումս գնչուներն այնքան տարբեր բարբառներ ունեն, ինչքան որ նրանց ցեղի բաժան-բաժան հորդաներն են։ Ամենուրեք նրանք խոսում են իրենց ապրած երկրի լեզուն ավելի հեշտությամբ, քան իրենց սեփական բարբառը, որը գործ են ածում այն դեպքում, երբ ուզում են ազատ արտահայտվել օտարականի ներակյությամբ։ Եթե գերմանական գնչուների բարբառը համեմատենք իսպանականի հետ, որոնք դարեր շարունակ հարաբերություն չեն ունեցել իրար հետ, կգտնենք բազմաթիվ ընդհանուր բառեր, սակայն սկզբնական լեզուն ամենուրեք, թեև տարբեր չափերով, զգալապես աղավաղվել է ավելի մշակված լեզուների հետ ունեցած շըփումից, լեզուներ, որոնք այդ վաչկատուններն ստիպված են եղել գործածել։ Մի կողմից գերմաներենը, մյուս կողմից իսպաներենը այնքան են ձևափոխել ռոմանիի հիմքը, որ շվարցվալդցի գնչուի համար անկարելի կլիներ զրուցել իր անդալուզցի ազգակցի հետ, թեև բավական է, որ մի քանի խոսք փոխանակեն, որպեսզի իմանան, թե երկուսն էլ խոսում են միևնույն լեզվից առաջացած բարբառներով։ Մի քանի խիստ գործածական բառեր, իմ կարծիքով, ընդհանուր են բոլոր բարբառներին էլ. այսպես, իմ տեսած բոլոր բառարաններում pani նշանակում է ջուր, manro հաց, mâs միս, lon աղ։
Թվական ածականներն ամենուրեք գրեթե նույնն են։ Ինձ թվում է, թե գերմանական բարբառն ավելի մաքուր է մնացել, քան իսպանականը, որովհետև նա պահպանել է սկզբնական քերականական շատ ձևեր, մինչդեռ խիտանոները` իսպանական գնչուները վերցրել են կաստիլերենի ձևերը։ Բայց և այնպես մի քանի բառեր բացառություն են կազմում և ապացուցում են լեզվի երբեմնի ընդհանրությունը։ Գերմանական բարբառի անցյալ ժամանակները կազմվում են ium ավելացնելով հրամայականին, որը միշտ էլ բայարմատն է։ Այնինչ իսպանական ռոմանիի բոլոր բայերը խոնարհվում են կաստիլերենի առաջին լծորդության բայերի ձևով։ Jamar ուտել բայի անորոշ եղանակից պետք է կազմվեր, ըստ կանոնավոր բայերի ձևի, jané կերել եմ, lillar առնել, պետք է կազմվեր lillé առել եմ։ Այնինչ մի շարք ծեր գնչուներ բացառություն են կազմում` ասելով jayon, lillion: Այս հին ձևը պահող ուրիշ բայեր չգիտեմ ես։
Ռոմանի լեզվի իմ խղճուկ գիտելիքներն այսպես ցուցադրելով, ես պետք է նշեմ ֆրանսիական արգոյի մի քանի բառեր, որ մեր գողերը վերցրել են գնչուերենից։ «Փարիզի գաղտնիքներ»-ից հարգելի հասարակությունն իմացավ, որ chourin (շուրին) նշանակում է դանակ. դա մաքուր ռոմանի է` tchouri, և հատուկ է նրա բոլոր բարբառներին։ Պարոն Վիդոկը ձիուն անվանում է grés — այս էլ գնչուական guas, gre, graste, gris բառն է։ Ավելացրեք նաև romanichel բառը, որ փարիզյան արգոյում նշան ակում է գնչու։ Դա rommani tchave գնչու պատանի բառի աղավաղումն է։ Բայց մի ուրիշ ստուգաբանություն, որով ես հպարտանում եմ, frimoussè տեսք, դեմք բառն է, որ գործածում են բոլոր դպրոցականները կամ գործածում էին իմ ժամանակ։ Նկատեցեք նախ, որ Ուդենն իր հետաքրքրական բառարանում 1640 թվականին գրում էր firlimouse: Այդ firla, fila-ն ռոմանիում նշանակում է դեմք, mui-ն էլ միևնույն նշանակությունն ունի և ճիշտ լատինական os-ն է։ Firlamui բարդ բառն անմիջական հասկացավ մի մաքրախոս գնչու, և ես կարծում եմ, որ դա համապատասխանում է նրա լեզվի ոգուն։
Կարծում եմ, թե այսքանը բավական է, որպեսզի «Կարմեն»-ի ընթերցողները նպաստավոր կարծիք կազմեն ռոմանի լեզվի վրա կատարած իմ ուսումնասիրությունների մասին։ Վերջացնում եմ հետևյալ առածով, որը տեղին է գալիս. En retudi panda nasti abela macha — փակ բերանի մեջ երբեք ճանճ չի մտնում։

Ֆրանսերենից թարգմանեց Վահե Միքայելյանը

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով