Տիգրան Մանսուրյան. Կոմիտաս

«Գարուն», 1969, 11

Կոմիտաս, ամենուրեք Կոմիտաս…
Տոնում ենք մեր հանճարի ծննդյան 100-ամյակը և այս օրերին Կոմիտասի անձի, ինչպես նաև նրա ստեղծագործությունների շուրջ հուզումի և ոգեշնչման մի նոր ալիք է բարձրացել, որի նմանը երևի դեռ չի եղել:
Հայրենիքն ու համայն հայությունը այսօր շնչում են Կոմիտասով:
Կոմիտաս հասկացողությունը իր նախնական պարզության մեջ տեսնելու և այսօր նրա շուրջ եղած ոգեշնչման հորձանքի իրական վիճակը պարզորոշ վերըմբռնելու համար հարցնենք. ո՞վ է Կոմիտասը:
Կոմիտասը կոմպոզիտոր է: Գրել է ոչ մեծ քանակի երգչախմբային գործեր, մեներգեր ձայնի և դաշնամուրի համար, ինչպես նաև մի քանի երկ` դաշնամուրի համար: Թողել է ժողովրդական երաժշտության առանձնահատկություններին նվիրված մի քանի տեսական աշխատանքներ, արևմտաեվրոպական կոմպոզիտորներից մի քանիսի մասին փոքր հոդվածներ: Թողել է աշակերտների մի խումբ: Եղել է կատարող երաժիշտ: Եղել է խմբավար, երգիչ, դաշնակահար: Հավաքել ու գրի է առել մեծ քանակի հայկական ժողովրդական երգեր: Ահա այն ամենը, որով Կոմիտասը ներկայանում է մեզ որպես երաժիշտ: Կոմիտասը բացահայտել է հայ երաժշտության այն ուժն ու ճշմարտությունը, որով նա գործել է դարերով, եղել է մեր ժողովրդի հնչյունների մտածողության հետ և սակայն իր առանձնահատկության, իր հնարավորոլթյունների և իր գեղեցկության մեջ եղել է անքննելի, չճանաչված:
Կոմիտասի առաքելությունն էր աշխարհին ապացուցել, որ հայն ունի իր երաժշտությունը:
Ժողովրդական երգը աշխարհի բազմաթիվ երաժիշտների ուշադրությունն է գրավել: Ըմբռնելով ժողովրդական երգի գեղեցկությունն ու հմայքը, նրանցից շատերը աշխատել են որոշակի վերաբերմունք ունենալ նրա նկատմամբ: Երբեմն ժողովրդական երգը դարձել է երաժշտական մեծ կտավի ստեղծագործության հիմնական առանցքը: Երբեմն բավարարվել են ժողովրդական երգի մի քանի բնորոշ դարձվածքները իրենց ստեղծագործության մեջ ցուցադրելով, երբեմն էլ զարդարել են ժողովրդական երգը իրենց ժամանակաշրջանի պրոֆեսիոնալ երաժշտության շքեղ հագուստներով ու նրան համերգային կատարման կարծեցյալ պատշաճ տեսքն են տվել: Բազմաթիվ են ժողովրդական երաժշտության նկատմամբ երաժիշտների մոտեցման ձևերը: Եթե շատերի համար ժողովրդական երգը ծառայել է որպես սեփական մտահղացումները իրագործելու օժանդակ միջոց, ապա Կոմիտասի համար այն այդպիսին չի եղել: Միշտ հակառակը, Կոմիտասր ինքն է եկել ծառայելու ժողովրդական երգին, ճանաչելու, վեր հանելու նրա ճշմարտությունը: Մեծ երաժշտապետը հայ ժողովրդական երգի նկատմամբ մշակել է երաժիշտ-գիտնականի լուրջ և ծանրակշիռ վերաբերմունք:
Կոմիտասյան երաժշտության ուժը նրա ճշմարտացիության մեջ է:
Քանի որ Կոմիտասը առաջինն էր, որ այսպիսի մոտեցում ցուցաբերեց հայ ժողովրդական երգի նկատմամբ, ուրեմն, հարկադրաբար նա ստիպված եղավ պեղելու, ուսումնասիրելու և ամբողջական տեսք տալու դարերի կյանք ունեցող և նաև դարերի փոշին իր վրա առած հայ երգին:
Իհարկե, նման առաքելություն արված է միայն հանճարներին: Միայն վերուստ տրված իմացության և պայծառատես զգայականության ուժը կարող էր մի երաժշտի համար քննելի, շոշափելի ու նաև հասանելի դարձնել մեր ժողովրդի երաժշտության դարավոր կուտակումը:
Կոմիտասին իրավունք էր տրված լսելու մեր երաժտության դարավոր ղողանջն ու սոսափյունը, դղիրդն ու շշուկը, համն ու շեշտը, նյութն ու ոգին:
Անհրաժեշտ էր ունենալ հայ երգի օրինաչափության չափանիշը, կարենալու համար մաքրել այն ավելորդ ազդեցություններից և օտարություններից: Այդ օրինաչափության չափանիշը մեզ ցույց տվեց Կոմիտասը:
Այս բոլորի հետ հայ հանճարը մեր երաժշտության մտածողության մեջ բերեց մի ամփոփում, որի եթե մի թևը կապված էր հայ դարավոր երգերի գոյության ամենախոր շերտերին, ապա մյուսը նետված էր այսօրվա աշխարհի երաժշաության խառնիխուռն ու փոփոխական որոնումների կենտրոնը, այստեղ ես առաքելական ուժով համաշխարհային երաժշտության մեծամեծների հետ պարզելու մեր ժամանակի երաժշտության ընդհանուր միտումները: Եվ, մանավանդ, այս բոլորի հետ հայ երաժշտության համար աշխարհին բացված լուսամուտ ստացանք, որի շնորհիվ մեր իսկությունը հնարավոր եղավ չափելու աշխարհի բարձր զարգացած երաժշտություն ունեցող ժողովուրդների արշինով: Հանդես գալով 20-րդ դարի համաշխարհային երաժշտության հրապարակում, Կոմիտասը բարձր գիտակցության ու պատասխանատվության հենքի վրա մեր ժողովրդի երաժշտությունը խարսխեց Եվրոպայի` դարերով պրոֆեսիոնալիզմի ճանապարհով զարգացած երաժշտության ավանդույթներին: Իհարկե, այս խարսխման փորձը մի շարք հայ երաժիշտներ, մինչև Կոմիտասը, կատարել էին: Այս առիթով հիշատակենք Տիգրան Չուխաջյանին, Քրիստափոր Կարա-Մուրզային, Մակար Եկմալյանին: Սակայն սրանցից ոչ մեկի խարիսխը չեղավ այնքան բնական ու օրգանական, ինչպես Կոմիտասինը:
Եթե եվրոպական երաժշտության ավանդույթները օգնական եղան Կոմիտասին` բացահայտելու հայ երգի օրինաչափություններն ու բնությունը, ապա եվրոպական երաժշտությունը մեր երգի, ավելի հիշտ Կոմիտասի շնորհիվ, ստացավ արտահայտության մի եղանակ, հնչյունների ճշմարտացիության ճանաչման մի ամբողջություն, որը մինչ այդ անհայտ Էր:
Կոմիտասի ստեղծագործությունները պարզ են, առանձին ճիգ հարկավոր չէ ընկալելու և ապրելու համար նրանց գեղեցկությունը: Այստեղ ներկայացված են մարդկային հոգեկան աշխարհի տարբեր վիճակներ. վեհացած վիճակ, եռանդ ու կորով, սեր, անծայրածիր սեր, ողբ, կատակ, հանդարտ ու հավասարակշիռ մի հրճվանք բնության հրաշքն ապրողի, իմաստնացած ու ներամփոփ վիճակ…: Եվ ամեն տեղ հասանելի ու անխարդախ, և ամեն տեղ մարդկային ու բարի, անչափ բարի:
Այս պարզությունը իր մեջ բնության խորհուրդն ունի. անմեկնելի է ու պարզաբանման համար` անհատակ, ճշմարիտ ու նրա գեղեցկությունը ապրելու համար` անթառամ: Սա է Կոմիտասը:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով