Թող լինի Գառնիի ֆեստիվալը

«Գարուն», 1967, 1

Մենք երբեմն մոռանում ենք, որ արվեստը տոն է: Սակայն ռադիոյի և հեռուստատեսության միջոցով այն դարձնում ենք առօրեական: Եվ դրանից չէ՞, որ ամբողջ աշխարհում վերածնվում են ֆեստիվալների տրադիցիաները: Դրանից չէ՞, որ մարդիկ կարիք են զգում արվեստը ընկալել ուրիշ, ոչ սովորական ձևերով: Հարավսլավական Դուբրովնիկ քաղաքում տեղի են ունենում բացօթյա երաժշտական ֆեստիվալներ՝ «Դուբրովնիկյան խաղեր», որտեղ հին շինությունների ավերակները ստեղծում են բնական դեկորացիա:
Իսկ «Վարշավայի աշունը» մասնագիտանում է ժամանակակից երաժշտության ամենավերջին նորությունների ցուցադրման գծով:
Զալցբուրգը խնկարկում է Մոցարտին և ընդհանրապես երաժշտական կլասիկային: Բայրույտը արդեն մի քանի տասնամյակ է, ինչ «ծառայում» է Վագներին: Բեյրութից քիչ հեռու գտնվող Բաալաբեկի հելլենիստական տաճարի ավերակներում նույնպես անց են կացվում երաժշտա-թատերական ֆեստիվալներ: Այժմ ընդհանրապես դժվար է տալ մի երկրի անուն, որտեղ չանցկացվեն տրադիցիոն ֆեստիվալներ, իսկ շատ երկրներում անց են կացվում մի քանիսը:
Մեզ մոտ էլ փորձ արվեց անցկացնել «Երևանյան երաժշտական օրեր» ֆեստիվալը, սակայն այդ փորձը մեզ մոտ մնաց եզակի:
Պատկերացրեք մի պահ, որ գնում եք Գառնի: Գառնիի անկրկնելի բնությունը, լույսը, օդը, ավերակները, որոնց սանդուղքներին այնպես շոշափելի կձուլվեն մի հին ողբերգության բեմադրություն: Հեթանոսական տաճարի ավերակներում հիանալի կհնչեր օրատորիան, պատարագը: Ապա բալե՞տը… Այդ ավերակները հիանալի դեկորացիա են «Հավերժական կուռք»-ի և «Պրոմեթևոսի» համար: Ֆեստիվալը ոչ միայն տոն է, այլև ժողովրդի կուլտուրայի չափանիշ, էտալոն: Մեզ թվում է, որ մեր հանրապետության արվեստը, նրա խստապահանջ հանդիսատեսն ու ունկնդիրը կդառնան այդպիսի ֆեստիվալների ջատագովներ: Մենք հիմա չենք կարող ասել, թե ինչ բնույթի կլինի դա:
Մենք ֆեստիվալի մասին առաջարկ արեցինք և մեծ ցանկություն ունենք այդ տոնը դարձնել ինքնատիպ իր բովանդակությամբ, ձևով՝ շքեղ, արժանի այն մեծ արվեստի ավանդներին, որն անկրկնելի հուշարձան է Գառնին:

Արամ Քաթանյան
Էդգար Հովհաննիսյան
Պարույր Սևակ
Մինաս Ավետիսյան
Արտո Չաքմաքչյան
Հովհաննես Չեքիջյան

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով