Հրաչյա Սարուխան. Բանաստեղծություններ

Հրապարակվել է «Գարունի» 1967 թվականի 1-ին համարում՝ «Նոր անուն» խորագրով:

ՍՊԱՍՈՒՄ

Եթե գալիս են,
Ուրեմն ընդմիշտ մնալու համար:
Ինչո՞ւ գնացիր:
Ինչո՞ւ բռնեցիր իմ սրտից փախչող
Ճանապարհների սանձը բազմահյուս…
Եթե գնում են,
Ուրեմն կրկին դառնալու համար:
Ինչու՞ չդարձար:
Ծիծեռնակները — քեզնով հեռացած—
Դարձել են վաղուց…
Եթե չեն դառնում,
Ուրեմն տեսնել չուզելու համար:
Ինչո՞ւ ես սակայն
Մի հսկայական կապույտ աչք դարձած՝
Բիբերդ երկնից կախել իմ վրա —
Բիբերդ լացող ու արցունքափայլ…
Եթե լալիս են
Ու մտաբերում ու հիշում են դեռ,
Կարոտն ուրեմն չի հալվել իսպառ:
Ուրեմն դեռ կա հետադարձ հայացք
Ու կա վերադարձ:

ՄՂՁԱՎԱՆՋ

Իրիկո՞ւն է պաղ, թե՞ գիշերն է ցուրտ —
Լավ չեմ եսականում,
Միայն թե ահա կատուն այն ճերմակ,
Որ երեկ սատկեց
Պարիսպների տակ անհաըտ դրախտի,
Եվ շներն այն գորշ,
Որ աղոթեցին
Նրա խեղճ եոգու փրկության համար:

***
Մութը կաղկանձեց,
Ու սահոցներում փախչող գնացքի
Արձանագրվեց
Գերեզմանոցի լռությունը թաց…

***
Ափս՝ մոմակալ—
Իր հինգ մոմերով:
(Միասին ենք մենք):
Տասը զույգ մոմեր:
Լուսնի մանգաղը
Հուշերիս ցանած գիշերն է հնձում:
(Անխոս ենք ու լուռ):
Երկու զույգ աչքեր:
Լուսինը հալվեց:—
Ահա
Ծորում է քսան մոմերից
Ու չորս աչքերից կաթկթում դանդաղ…

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով