«Գարունին» պատասխանում է Ֆրունզե Դովլաթյանը

«Գարուն» ամսագրին պատասխանում է կինոռեժիսոր, Հայաստանի կինոմոտոգրաֆիայի միության առաջին քարտուղար Ֆրունզե Դովլաթյանը

«Գարուն», 1967, 1

1965-66 թվականները հաջողության տարիներ եղան «Հայֆիլմ» կինոստուդիա յի համար: Ինչո՞վ եք բացատրում այդ հաջողությունները:
Ես չեմ գտնում, որ այդ հաջողությունները հայ կինեմոտոգրաֆիայի օրինաչափ զարգացման արդյունքներն են։ Ավելի շուտ, դրանք քիչ թե շատ հաճելի էպիզոդներ են հայ կինեմատոգրաֆիայի կյանքում։ «Արտակարգ հանձնարարություն»,
«Մարտիրոս Սարյանը», «Բարև, ես եմ»— ահա այն ֆիլմերը, որոնց հաշվին խոսվում է հաջողությունների մասին։ Վերցնենք «Արտակարգ հանձնարարություն» ֆիլմը։ Բոլորիս հայտնի է, որ այդ ֆիլմի սցենարը ստեղծվել է Հայաստանից դուրս, ո՛չ հայ կինոդրամատուրգի ձեռքով և այդ ֆիլմը համարյա չի խոսում հայ հեղափոխական անցյալի մասին։ Ես ուզում եմ, որ ինձ ճիշտ հասկանան. ես ողջունում եմ «Հայֆիլմի» մակնիշով դուրս եկած այդ ֆիլմը, բայց համաձայնվեք ինձ հետ, որ այդ ֆիլմով դժվար է հայ կինոարվեստի վերելքի մասին խոսել, եթե մենք նկատի ունենք հայ ազգային կինոարվեստը: Մոտավորապես նույնը կարելի է ասել «Բարև, ես եմ» ֆիլմի մասին, չնայած մենք աշխատեցինք գործողությունների մեծ մասը բերել Հայաստան և դա մասամբ հաջողվեց։ Թե այս, թե այն ֆիլմում գլխավորապես խաղում են այնպիսի դերասաններ, որոնք գուցե կցկտուր տեղեկություններ ունեն Հայաստանի մասին: Իհարկե, դերասանների նման ընտրությունը «լավ կյանքից» չէր գալիս, բայց դա լուրջ և երկար խոսակցության նյութ է:
Արդյոք օրինաչա՞փ է այն փաստը, որ «Արտակարգ հանձնարարություն» ֆիլմի սցենարը մտահղացվել էր Հայաստանից դուրս, որ «Բարև, ես եմ» ֆիլմի սցենարի հեղինակ Արնոլդ Աղաբաբովը չորս տարի պարապ նստեց Երևանում, որ ռեժիսոր Ֆ. Դովլաթյանը հերթական ֆիլմր վերջացնելուց հետո ուզեց Հայաստան գալ և այդ սցենարը նկարել: Մի՞թե օրինաչափ է, որ ռեժիսոր Ս. Փարաջանյանը պատրաստվում է «Սայաթ-Նովա» ֆիլմը նկարել «Հայֆիլմում»։ Սրանք ուրախալի բացառություններ են և գուցե փիլիսոփայորեն բավականին օրինաչափ է Փարաջանյանի Հայաստան գալը, բայց հայ կինոարվեստի համար դա օրինաչափ չէ։ Կինեմատոգրաֆիայի զարգացումը չի կարելի այդպիսի պատահականություններով բացատրել, ուստի և ես զգուշությամբ եմ օգտագործում «վերելք» բառը: Հայ կինեմատոգրաֆիան իսկական զարգացում կարող է ապրել միայն այն դեպքում, երբ հիմնվի տեղի ռեժիսորների, արտիստների, կինոդրամատուրգների և կինոօպերատորների վրա, երբ հայ կինեմատոգրաֆիան իր ռեժիսորները, դերասանները և մասնագետ կինոդրամատուրգներն ունենա:
Ի դեպ. դերասանական տագնապի մասին: «Հայլֆիլմ» կինոստուդիան կինոդերասանների ժողովրրդական ստուգատես է բացել, ի՞նչ հույսեր է ներշնչում այդ խումբը:
Դա երեի հարցերից ամենադժվարն է, որովհետև սխալ կլիներ ասել, թե Հայաստանում չկան կինոդերասաններ։ Անցյալում և որոշ չափով վերջին ժամանակներս եղել են դերասանական հաջողություններ, բայց այն մեծ խնդիրը, որը հիմա զբաղեցնում է «Հայֆիլմ» կինոստուդիայի ռեժիսորներին՝ ունենալ կինոդերասանական որակյալ կոլեկտիվ, շատ դժվար է լուծել: «Հայֆիլմում», իրոք, կինոդերասանների ժողովրդական ստուդիա կա։ Ցավոք սրտի, ես չգիտեմ, թե կազմը ինչպես է ընտրված և ինչ մակարդակ ունի, բայց մի բանում ես համոզված եմ, որ մեզ մոտ կինոդերասաններ պատրաստող մանկավարժական կազմը ի վիճակի չէ այդ ծանր խնդիրը լուծել։ Որովհետև փորձով գիտեմ, թե ինչպիսի ուժեղ մանկավարժներ են պետք, որպեսզի կինոարվեստի ժամանակակից պահանջների մակարդակով կինոդերասաններ պատրաստվեն։
Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի ժամանակակից կինոդերասանը:
Այսօրվա հանդիսատեսի ընկալման մակարդակը այնքան է աճել, որ դերի, կերպարի «մոտավորապես» կատարումը, ֆիլմից-ֆիլմ գնացող կերպարների պրոֆեսիոնալ-ստանդարտ հնարքների օգտագործումը այլևս չեն կարող նրան բավարարել։ Անվիճելի փաստ է, որ սովետական դերասանների դպրոցը տվել է իր կարկառուն ներկայացիցիչները։ Այս միտքը հաստատելու համար, բավական է հիշել միայն Չերկասովին, որը կարողանում էր ապշեցուցիչ ներդաշնակությամբ հանդես գալ և՛ թատրոնում, և՛ կինոյում։ Բայց, ցավոք սրտի, այդպիսի դերասանի կողքին ծնվեցին հարյուրավոր շնորհալի դերասաններ, որոնք լցվեցին թատրոններն ու կինոստուդիաները, իրենց հետ բերելով Ստանիսլավսկու սիստեմի քարացած ըմբռնումը։ Չնայած, որքան էլ ծիծաղելի լինի, Ստանիսլավսկու սիստեմը ծնվել է քարացածության դեմ մղած պայքարում։ Այստեղից խոսք է բացվում դերասանի աշխատանքի մի ոճի մասին, որն իմ կարծիքով մեր հիմնական ցավերից մեկն է։ Դա այսպես կոչված «խնդիր խաղալն» է։ Դերասանը կորցնում է ինքնուրույնությունը, հուզական աշխարհը, իսկ ռեժիսորը ի ցույց դնելով իր մտավոր կարողությունները, սկսում է բարդ տերմիններով վերլուծել դերը, կտրվելով կենսական, պարզ և հանրահայտ ճշմարտություններից։ Այստեղից էլ կազմակերպվում է չոր, բանական սխեմա, այսինքն կերպար «խաղալը»։ Այս բանում, իհարկե, շատ մեղք ունեն ռեժիսորները, որոնք վախենալով համարձակությունից, դերասանին մղում են ստուգված շտամպների։ Շատ հաճախ այդպես էր պատահում։ Ես կողմնակից եմ մի այլ մեթոդի։ Այսինքն, ոչ միայն ես։ Դա ռեժիսոր-դերասանի մեթոդն է։ Նախ և առաջ մենք պետք է շատ ուշադիր լինենք, հասկանալու համար դերասանի ներաշխարհը և նրա մտավոր կարողութ յուններր։ Իհարկե, մի պայմանով, եթե դերասանը շնորհալի է:
Ամենակարևոր պայմաններից մեկը դերասանի ներքին ազատությունն է։ Ռեժիսորը պետք է «ազատագրի» դերասանին։ «Ազատագրումը» պետք է լինի հետևյալ կերպ. թող սա պարադոքս չթվա. ռեժիսորը պետք է ազատի դերասանին ռեժիսորական խնդիրներից: Այսինքն՝ սկսելով դերի վրա աշխատել, ռեժիսորը և դերասանը պետք է քննարկեն և վերլուծեն իրական կյանքը, այն կյանքը, որի մեջ ապրում է կերպարը։ Այստեղ դերասանը և ռեժիսորը պետք է իրար հասկանան, ընդ որում, ընդգծում եմ. այդ փոխըմբռնումը առանց բարդ տեսականացման և առանց տերմինների պետք է կատարվի։ Պետք է դերասանի մեջ կենսական ասոցիացիաներ արթնացնել, և այդ ասոցիացիաների բեկումը կատարել դերասանի հոգում։ Եվ եթե հուզական լիցքավորման գործողությունը դերասանի մեջ ճիշտ զարգանա, աշխատանքի այդ շրջանում, դերասանի և ռեժիսորի միջև իդեալ, փոխըմբռնում ստեղծվի, ապա կարելի է ասել, որ դա հաջողության երաշխիքն է։
Նկարահանման հրապարակում ռեժիսորը այլևս դերասանին չպետք է ծանրաբեռնի զանազան խնդիրներով, այլ զգուշորեն պետք է հետևի, որ դերասանը ընդհանուր վիճակի թելը չկորցնի։ Այդ դեպքում ծնվում է այն անկրկնելի ինտոնացիան, որի մեջ հանդիսատեսը լրիվ վստահություն է գտնում ։ Այստեղ դերասանն աստիճանաբար ինքնուրույնություն է ձեռք բերում և կարողանում է ինքն իրեն ռեժիսոր դառնալ։ Վերջին ժամանակներս, շատ ռեժիսորներ, այդ թվում և ես, դիմում ենք այսպես կոչված իմպրովիզացիային։ Այստեղ արդեն դերասան-ռեժիսորը շատ անհրաժեշտ է։ Ահա սրանք են ժամանակակից կինոդերասանի հատկանիշները։
Ի՜նչ եք ծրագրում անել:
Իմ ծրագիրն առնչվում է ժամանակակից թեմայի հետ։ Ավելի որոշակի ասած, ես մտածում եմ և հույս ունեմ, որ շուտով կկարողանամ նկարահանել ֆիլմ Երևանի մասին, մեր այսօրվա երիտասարդության մասին: Եվ, ամենակարևորը, փնտրել այն ուրույն, այն առանձնահատուկ երանգը, որն այսօրվա հայ մարդու մեջ կա։ Իհարկե, դա չի նշանակում, որ ես չէի ուզի գործ ունենալ մեր դասական գրականության հետ։ Կան շատ գեղեցիկ գործեր, որոնց անհամբեր սպասում է մեր ժողովուրդը։ Դրանց թիվը շատ է:
Առայժմ մտորում եմ, միայն մտորում։

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով