Գրիգոր Ջանիկյան. Ամպրկացի Հովակիմը՝ դալգանների անթագակիր արքա

«Գարունի» անդրանիկ` 1967 թվի 1-ին համարում հրապարակված հեղինակներից միայն Գրիգոր Ջանիկյանն է այսօր մեզ հետ, մյուս հեղինակները, ցավոք, հեռացել են կյանքից` իրենց աստղաբույլը թողնելով «Գարունի» էջերում:
Նոր «Գարունի» առաջին համարում Գրիգոր Ջանիկյանը ներկայանում է նոր հրապարակումով` կամրջելով «Գարունի» կեսդարյա պատմությունը:

Հովակի՛մ, դու Հովակի՛մ, ի՞նչ գործ ունեիր, գնայիր Թայմիր հասնեիր, որ դալգանների արքա օծվեիր։ Անթագակիր արքա…
Սիբիրյան տայգայով, ապա նաև տունդրայով դեպի անհայտություն սուրացող բանտ-կառաշարում Սեղբոս Ակնունին իմացավ, որ «Սինայ» ջերմանավով Հայաստան ժամանած ֆրանսահայերից միայն իրեն չէ, որ խորհրդային վարչակարգը վտանգավոր թշնամի է համարում։ Նույն վայրաշարժով Սիբիր էին աքսորվում Ֆրանսիայից հայրենիք ներգաղթած, այդպես էլ իր նման հայրենիքն չտեսած Երվանդ Թոլոյանն ու Գևորգ Յաղուբյանը։ Պատերազմը սկսվելուն պես, որպեսզի գերմանացիների հետ չհամագործակցեն, խափանարարությամբ Խորհրդային Միությունը չկործանեն, ձերբակալվեցին, մեկուսացվեցին նաև Երվանդ Քոչարը, Լևոն Հարութը, Արարատյան դաշտի խաղողի բերքատվությունը բարձրացնելու համար Շվեյցարիայից ներգաղթած գյուղատնտես Անդրեն։
Գնացքը կանգ առավ այնտեղ, որտեղ վերջացան երկաթգծերը։ Ցրտից օդըս առցակալել, ասեղնասայրերի էր վերածվել։ Շնչելը տաժանք էր: Բռնադատվածներին, նրանց, որոնց վերադաստիարակելու էին խորհրդային ճամբարներում, խումբ-խումբ իջեցրին, հինգ րոպե ժամանակ տվեցին, որ թարմ օդում բնական պետքերը հոգան, ոտքով ճանապարհը շարունակեն մինչև թիարան։
Երգիծաբան և սյունակագիր Գավռոշը փոխանն իջեցրել, պպզել էր, բայց սառնամանիքին, մոլեգնած շների ժանիքների ու հրացանների սվինների սպառնալիքի ներքո ոչ մի կերպ չէր կարողանում աղիքները պարպել։ Համենայնդեպս, իրեն հավատարիմ մնաց, հասցրեց սրամտել.
— Ամեն ինչին մէջը գեշը մի՛ փնտռեք, մեզի համար ձրի այս զբոսապտոյտը յղացածեն, որ մենք անծայրածիր Խորհրդային Միութեան մեծութիւնն ու գեղեցկութիւնը, տայգաներն ու տունդրաները տեսնանք, հայրենադարձուելու համարինք զինքնիս հպարտ, բախտավոր զգանք եւՀայաստան դառնալնուս պէս, պատմենք։
Նվագավար Գևորգ Յաղուբյանը եղյամակալած միակնոցը երկար շփեց, չորս կողմը զուգարան փնտրեց, բայց քանի որ ձյունածածկից բացի ոչինչ չտեսավ, նստեց ընկերոջ կողքին։ Նա առանց այն էլ անհաշտ բնավորություն ուներ, խեթեց.
— Բախտ ունենաս, ետ դառնաս նէ, կը պատմէս։
— Ծո,- ոչ այնքան ընկերոջը, որքան իրեն սրտապնդեց երգիծաբանը,- ինծի Թալեաթը 850 հայ մտաւորականներուն հէտը ապրիլի 24-ին Չանղըրը աքսորեց, սակայն երկու շաբաթէն հասկցաւ, որ հախէս չիպիտի կրնայ գալ, Կոմիտասին հետը ետ՝ Պոլիս դարձնել տուավ։ Ասոնք ո՞վ են, որ ինծի…
Նա հազիվ միզել կարողացավ, մյուս պետքերը հոգալ չհասցրեց։
Գավռոշին, Յաղուբյանին, Ակնունուն այնքան արագ բաժանեցին, տարբեր խմբերի խառնելով՝ տարբեր ուղղություններով քշեցին, որ իրար հրաժեշտ տալ չհասցրին։ Խորհրդային պետանվտանգությունը զգոն էր. Նույն վայրից աքսորվածներին, առավել ևս հայրենադարձներին իրարից հեռու թիարաններ էր քշում, որ չմիավորվեն, Ստալինի դեմ մահափորձ չձեռնարկեն։
Ըստ երևույթին Ակնունուց հատկապես էին զգուշանում. Ընդհուպ Թայմիր՝ հյուսիսային բևեռագիծ հասցրին։ Թոլոյանն իրավացի էր. նման շրջագայություն ակնցի ջղախտաբանը ոչ միայն նախաձեռնել, երազել էլ չէր կարող։ Սառուցյալ օվկիանոս մխրճվող թերակղզում՝ փոկի մորթուց կարված վրաններում, ցանցառ ցեղախմբերով ապրում էին դալգաններ, նենեցներ, էնեցներ, նգանասաններ, անանուն այլ քոչվորներ, որոնց ընդհանուր թիվը հաստատ մի վրանի շուրջը որոճացող եղջերուներից շատ չէր լինի։ Ցարական բանակի գեներալ Վասիլի Ֆեոդորովիչ Կարամազինը (առաջինը նա Սեղբոսին մտերմորեն Սանյա կոչեց, ու մինչև ազատարձակվելը անունը Սանյա մնաց)՝ ցարական բանակի գեներալն, ուրեմն, որ ռուսերենից լավ ֆրանսերեն էր խոսում, Սեղբոս Ակնունու հետ զրուցելիս հաճույք զգում, ականջին շշնջաց, որ դեռևս հարյուր-հարյուրհիսուն տարի առաջ Սանկտ-Պետերբուրգի ակադեմիայի հանձնարարությամբ բրիտանացի երկրաբանները Թայմիր թերակղզու այս նույն սառցակալած ընդերքում պեղումներ էին կատարել, հայտնագործել էին պղնձի, նիկելի, քարածխի, քարյուղի, այլ հանածոների չափազանց հարուստ պաշարներ, բայց կայսերական կառավարությունը բնությունն այնքան դաժան էր համարել, որ հրաժարվել էր շահագործել։ «Դուք գիտեք՝ տարվա տասներկու ամիսը ձմեռ է, մնացածը՝ ամառ»,- ցարի բանագնացներին նախազգուշացրել էին բնիկները։
Այն, ինչ կայսերական Ռուսաստանը անհնարին, անկարելի էր կարծել, կոմունիզմ կառուցող խորհրդային վարչակարգին դյուրավ մատչելի էրթ վացել։ Հույսը Կարամազինի նման գեներալների, Ակնունու նման հայրենադարձների վրա էր դրել։ Նրանք իծաշարով եռաշար փշալարերից ներս մտան, ու թվաց, թե թիարանի դարպասները, որոնք զինված ժամապահներու վարժեցված շներ էին հսկում, ետևներից մեկընդմիշտ փակվեցին։ Առաջին իսկ հեղակի մոտ, որի վրա օվկիանոսից փչող մրրիկը ծածանում, ծվատել էր ուզում խորհրդային կարմիր դրոշը, թիապարտներին ստիպեցին շարք կանգնել, խումբ-խումբ ներս մտնել։ Ներսում զինվորական համազգեստով, բժշկական ծառայության տարբերանշանով մի կին, որ շեղ, հազիվ բացվող նեղ աչքեր ու աքաղաղի կատիկի պես թորշոմած, կախված այտեր ուներ, լնդախտից խարխլված ատամնաշարով բառեր էր լմլմացնում։ Զգալով, որ նորեկներն իրեն չեն հասկանում, համազգեստի գոտին ուղղեց, գրասեղանի ետևն անցնելով՝ գոռգոռաց, որ իր անունը Օգդո է, դալգանները դեռևս ազգանուն չունեն, կալանավորներն իրեն հենց անունով էլ պիտի դիմեն՝ «քաղաքացի Օգդո» կոչեն։ Ապա հրամայեց, որ յուրաքանչյուրը ներկայանա, ասի անուն-ազգանունը, ազգությունը, բողոքները։ Առանց լմլմացնելը ընդհատելու նա սկսեց գրանցումներ կատարել մատյանում, ու ձայնի հնչերանգից, որով կրկնել էր տալիս ազգությունները, զգացվեց, որ ոչ միայն չեչենների կամ ինգուշների, մերձբալթների՝ լատվիացիների, լիտվացիների, էստոնացիների մասին էլ գաղափար չունի։ Դա դեռ ոչինչ՝ ով ինչից բողոքում էր, պարզվեց՝ նոր աքսորված քրեականների մեջ նույնիսկ գոդավոր ներկային, կտրուկ ընդհատում, թափ էր տալիս ձեռքը.
— Էդ հեչ, մերսառնամանիքը կանցկացնի։
Երբ հերթը ֆրանսահպատակ ջղախտաբանին հասավ, նա մասնագիտական մտահոգությամբ, երկաթե վարագույրի մյուս կողմից մնացած միամտությամբ փորձեց զգուշացնել, որ այդքան ծանր ու վարակիչ հիվանդությանը չի կարելի իմիջիայլոց վերաբերվել, Հայաստան-Սիբիր բանտային կառաշարում մոտ մի ամսում սովորած ռուսերենով ծառայությունն առաջարկեց.
— Ես բժիշկ եմ, Ձեր գործընկերն եմ, եթե ուզում եք, պատրաստ եմ, կօգնեմ։
Օգդոն բարձրացրեց հայացքն, ու նրա առանց այն էլ հազիվ նշմարվող աչքերը վերջնականապես փակվեցին։ Փակ աչքերով, այնուամենայնիվ, ոչնչացրեց Ակնունուն.
— Գիտե՜նք ձեզ՝ բուրժուական բժիշկներիդ: Դուք ծնվել եք, որ աշխատավորների արյունը ծծեք, նրանց վերջին կոպեկը խժռելով՝ գերեզման ուղարկեք։ Բայց մենք թույլ չենք տա, որ մեր երկրում վնասարարությամբ զբաղվեք: Վաղվանից դու էլհ անքախորշ կգնաս, ածխագործ կդառնաս։ Մեզ պետք չեն քո կապիտալիստական գիտելիքները։
Հասկացնելու համար, որ Ֆրանսիայից եկած բժիշկն ու Ռոստովի կրկնահանցագործը իր համար տարբերություն չունեն, նույն լմլմացող ձայնով շարունակեց.
— Անուն, ազգանուն, ազգություն։ Բայց մարդկային լեզվո՛վ ասա։
Որպեսզի մյուս բախտակիցների՝ լատիշների, չեչենների պես ստիպված չլինի հայ լինելը մի քանի անգամ կրկնել, հետո ծաղրվել, մի պահ որոշեց ասել, որ ֆրանսիացի է (Ասիայի թեկուզ ծայրակետում Փարիզի տեղը բուժակ Օգդոն պիտի որ իմանար)։ Նույն ակնթարթին էլ մտածածը երկչոտություն, ազգուրացություն համարեց:
— Սեղբոս Ակնունի, հայ եմ,- ասաց բարձր ու կոշտ։
Պատասխանն, ըստ երևույթին, քաղաքացի Օգդոյին նորից դուր չեկավ։ Գրչակոթը ցած դրեց, այս անգամ ոչ թե կիսախուփ, կլորացրած աչքերով ոտքից գլուխ Սեղբոսին չափեց.
— Զտարյո՞ւն հայ ես։
Ջղախտաբանը Սիբիրի, ընդհանրապես աշխարհիկ ոչ մի թիարանում չէր եղել, չգիտեր, որ ինքը բժշկի պաշտոն ստանձնած բուժակին նույնիսկ հարցեր տալու իրավունք չունի, բայց այնպես էր զարմացել նրա զարմանքի վրա, որ ուզեց իմանալ՝ անորոշ տարիքի դալգանուհին Արարատ լեռա՞ն, Նոյ նահապետի՞, թե՞ այն մասին էր լսել, որ հայերն աշխարհում առաջինն են քրիստոնեություն ընդունել։
Բուժակն արհամարհանքով ճաքճքած շրթունքները ծռմռեց. նա Արարատ լեռան, Նոյ նահապետի, առավել ևս քրիստոնեության մասին գաղափար չուներ, բայց իր վրա ըստ երևույթին ավելի քան վստահ էր.
— Հովակիմ Հովակիմյանը հա՞յ չէ։
— Իհարկե՛ հայ է։
— Քրոջս ամուսինն է։ Որ քեզ լավ պահես, կծանոթացնեմ։
— Բռնադատվա՞ծ է։
— Ի՞նչ,- Օգդոն փտած ատամները ցուցադրեց, ըստ երևույթին քրքջաց,- նա մեր՝ դալգանների թագավորն է։

***
Բուժզննությամբ օրը չավարտվեց։ Մրրիկը հետզհետե սաստկանում, տեղացող ձյունը ծեփվում, սառցե դիմակ էր դառնում նոր համալրվողների չածիլված երեսներին, բայց հսկիչները տեղավորել չէին շտապում. Դրսում կանգնեցրել, խուզարկում, հաշվարկում ու վերահաշվարկում էին։ Վերջապես թիապարտներին (նրանք ակնկալվածից անհամեմատ շատ էին), հոտի նման առաջներն արեցին, տարան ճամբարի ամենամեծ՝ 130 տեղանոց հեղակը։ Քնահարթակների վրա կալանավորներն ըստ իրենց ճարպկության տեղավորվեցին, բայց հսկիչները դարձյալ չթողեցին, որ քնեն։ Ցմահ դատապարտված քրեականներ բերեցին, որոնք, նորեկների անուն-ազգանունները կարդալով, զոլավոր քոթանակներ ու խտակտավից անդրավարտիք, ինչպես նաև աչքերի, բերանի համար բացվածքներով մգդակած գդակներ էին բաժանում։ Այդ ընթացքում էլ հրամայում էին, որ յուրաքանչյուրը քոթանակի ձախ թևի նկարի ճերմակ քաթանի վրա գրված համարանիշը։ Սեղբոսն ասեղը ձեռքին նիրհել էր, մեկ էլ լսեց, որ հսկիչները գոռգոռում, թիվ 5810 քաղաքականին են փնտրում։ Նրանք հետզհետե ձայները բարձրացնում, անընդհատ նույն թիվն էին կրկնում, բայց նոր համալրումից ոչ մեկը քնահարթակից չէր իջնում, ինչպես հրամայված էր, առջևները զգաստ չէր ձգվում։ Վերջապես հսկիչներից մեկը ձեռքի թղթերը շուռումուռ տվեց, հայհոյախառն քամահրեց.
— Ձեր մեջ ո՞վ է Ֆրանսիայից թե Հայաստանից աքսորվածը։ Բժիշկ է, ինչ կ…ս է։
Երևի խոսքն իր մասին էր։ Քաթանե համարանիշը ձեռքին ցած իջավ, ներկայացավ.
— Ես Ֆրանսիայում եմ ապրում, բայց Հայաստանից եմ աքսորված, բժիշկ եմ։
Հսկիչի աջ ձեռքում կալանավորների ցուցակն էր, ձախով այնպես ուժեղ հարվածեց ծնոտին, որ Սեղբոսը երերաց, ներքևի քնահարթակին փլվեց։
-Մերդ ք…եմ, ի՛նչ բժիշկ ես, որ համարանիշդ չես իմանում։ Առա՛ջ ընկիր, ճամբարի պետը քեզ է կանչում։
Այդ պահին ջղախտաբանն իմացավ﹐որ ինքն այլևս անուն-ազգանուն չունի, ինքը ՍեղբոսԱկնունին չէ, այլ քառանիշ մի թիվ՝ 5810 աքսորականը, որի առաջին երկու թվերը քրեական օրենսգրքի հոդվածի համարն էին, վերջին երկուսը՝ դատապարտության տարիները։
Հոգեսևեռում, հոգեգարություն, հոգեկան այլ հիվանդություններ բուժող սորբոնավարտը քթից ու լնդից ծորացող արյունը սրբում, ծոծրակով անգամ զգում էր բանտակիցների թունոտ, քենոտ հայացքները։ Դեռևս ճանապարհին քրեականները քաղաքականներին զգուշացրել էին, որ եթե ճամբարի պետը որևէ մեկին առանձին, ընդ որում հենց առաջին օրն իր մոտ է կանչում, ուրեմն հաստատ ուզում է մատնիչ, լրտու, իրազեկիչ դարձնել։ Այդպիսիներին նրանք գարնանը անտառում բռնում, ծառին են կապում, որ մոծակները մարմինը խժռեն, կմախքը թողնեն։
Հսկիչի հսկողությամբ Սեղբոսը ճամբարի պետի առանձնասենյակը մտավ, բայց չհասցրեց ներկայանալ։ Դռների ետևում դարանակալած մեկը հարձակվեց վրան, գրկեց, սկսեց հեկեկալ.
-Եղբայր ջան։
Նրանք իրար չէին տեսնում, փաթաթված՝ հայերեն այդ մի բառի համար լաց էին լինում։
Ճամբարի պետի՝ Մատվեյ Իվանիչի աչքերը խոնավացան։ Նա ռուսական՝ կարմիր այտերով, կոճղի նման պինդ կեցվածքով, միջահասակ տղամարդ էր։ Սեղբոս Ակնունին իհարկե դեռևս գաղափար չուներ, որ Մատվեյ Իվանիչն էլ է իր նման քաղկալանավոր։ Խարկովում՝ պաշտոնը զավթելու համար, անմիջական ենթական անստորագիր ամբաստանագիր էր գրել, իսկ վերևներում հերյուրանքները ստուգելու փոխարեն ձերբակալել էին։ Սակայն, քանի որ քաղաքացիական կռիվների մասնակցել, պատվո սրի էր արժանացել, չէին գնդակահարել, Թայմիր էին աքսորել, ճամբարի պետ նշանակել։ Մատվեյ Իվանիչը բոլոր քաղկալանավորներին էլ իր նման անմեղ էր համարում, բայց հատկապես հարբած ժամանակ նրանց վրա գոռգոռում, հայհոյում էր, որովհետև վախենում էր իր անմիջական տեղակալից՝ ներքին խստակարգի պատասխանատուից։ Գիտեր, թիարանում բոլորը գիտեին, Ալեքսեյ Դմիտրիչը՝ չնայած համազգեստ չէր հագնում, պետանվտանգության գնդապետ էր, պետին էլ էր վերահսկում, ամենաանշան տեղեկությունները Մոսկվա հաղորդում։ Բավական է Մատվեյ Իվանիչը բռնադատվածի հանդեպ մարդկայնություն, թեկուզ ուշադրություն ցուցաբերեր, ուսադիրները կկորցներ, ածխահոր կիջներ։
Նա երկու հայերի արցունքներից ազդվեց, բայց իր զգոնությունը չկորցրեց, կարմիրերիզ գլխարկը ճակատին քաշեց, ձայնը կոպտացրեց.
— Կորե՛ք ակումբ, տեսակցության համար ձեզ կես ժամ ժամանակ եմ տալիս։
Ակումբում թոքախտավոր մի աքսորական, որ ազատ կյանքում երևի նկարիչ էր եղել, խորհրդային իրավակարգը փառաբանող պաստառներ էր գեղագրում։ Հայերը կարմիր անկյուն մտան ու նորից իրենց ազատ չզգացին։ Հանդիպակաց պատերից Ստալինի ու Բերիայի մեծադիր նկարներն ակնդետ նայում էին իրենց, ամեն բառը որսում էին, մտապահում։ Ջղախտաբանը դեռևս գլխի չէր, թե ինչու էին նրանք դա անում, միամիտ-միամիտ խոսում էր.
— Ի՞նչ է նշանակում այս ամենը, եղբա՛յր։ Բժշկուհին ճի՞շտ էր ասում, որ դու դալգանների թագավորն ես։
— Բա ի՜նչն եմ։ Ես եմ նրանց կավահողը թրծել սովորեցրել, աղյուսե առաջին տունը կառուցել, կարի, կոշիկի արհեստանոց, նույնիսկ վարսավիրանոց բացել։ Սրանց տղամարդիկ ածիլվել էլ չգիտեին։ Հիմա էլ կանչել են, որ ճամբարում աղյուսե բուխարիներ շարեմ։ Թիթեղե վառարանները, սրանք «բուրժույ» են ասում, քրեականները հաճախ, մեծ մասամբ դիտմամբ շուռ են տալիս, հեղակները հրդեհում։
— Դրա համա՞ր են քեզ արքա կոչում:
— Չէ՛, դա ուրիշ պատմություն է։
Հովակի՛մ, դու Հովակի՛մ, Սեղբոսին ոչ թե հյուսիային բևեռում, եթե հասարակածային՝ մարդու ոտք չդիպած ջունգլիներում էլ պատահաբար հանդիպեիր, այտերիդ խորշոմներով, ճակատիցդ դուրս պրծած, կնճիթի նման կախված սապատավոր քթովդ, երկարությունը ցցուն դարձնելու համար ոլորած բեղերովդ կմատնեիր քո հայ լինելը։ Բայց ճամբարի պետ Մատվեյ Իվանիչը ձեզ կես ժամ ժամանակ էր տվել, որի տասը երկվայրկյանն արդեն անցել էր, մնացած քսանում ինչպե՞ս պատմեիր Արաբկիրի ձեր Ամպրկա գյուղի մասին, որը, համոզված էիր, այդպես էր կոչվում ամպերին շատ մոտ լինելու համար։ Երբ դու, որպեսզի բացատրես քո որտեղացի լինելը, փորձեցիր նկարագրել Ամպրկան, իսկ Սեղբոսը քեզ ընդհատեց ու զարմացած պնդեց, որ իր ծննդավայրը՝ Ակնն ես նկարագրում, քիթդ ֆսֆսացրիր, խոստովանեցիր՝ կարոտն է քե՛զ էլ, նրա՛ն էլ այդպես խոսեցնում, ու անիծեցիր թուրքական սահմանադրությունը, որ ձեզ գաղթական դարձրեց։
Սահմանադրությունը հռչակվելուց հետո, հայհոյեցիր թքոտ, թուրքերը հավասարություն, եղբայրություն գոռալով հայերին խաբեցին, նույնիսկ բանակային ծառայության զորակոչեցին, բայց զենք չտվեցին։ Նրանք 18-20 տարեկան հայ պատանիներին գրաստի պես ամբողջ օրը բանեցնում, գիշերներն էլ որպես կնիկ էին օգտագործում։
Սեղբոսն ի՞նչ գիտեր, թե ինչ էր տեղի ունենում բուն Արևմտահայաստանում. նա Պոլսում էր մեծացել, սահմանադրությունից հետո էլ գնացել էր Ֆրանսիա, եվրոպացի դարձել։ Հովակի մի ամպրկացի հայրենակցին՝ հայտնի իմաստասեր Տիրան Չրաքյանի զարմիկ Հովհաննեսին զորակոչելուց մի քանի օր անց տասնապետը գիշերը կանչել էր իր ննջարանը, երևի դուրը եկել էր, ինքը հանվել, հրամայել էր, որ Հովհաննեսն էլ հանվի։ Տասնութ տարեկան, դեռ սափրվել չսկսած տղան հասկացել էր նրա մտքինը, սեղանի վրայից դաշույնը խլել, օնբաշիի առնանդամը կտրել, բերանն էր կոխել։ Հետո համազգեստը խուզարկել, ատրճանակը գտել, նրան էլ, իրեն էլ սպանել էր։ Դու որ էդ իմացար, պժգեցիր, որպեսզի թուրքական բանակում չծառայես, ահագին փող պարտք արեցիր, Ամերիկա փախար։ Ուստրի էն մրոտ թաղամասերում ինչ ծանր գործ ասես անում էիր, պարտքդ արդեն փակել, սկսել էիր ծնողներիդ էլ փող ուղարկել, սև սպանդի բոթը հասավ։ Գործից հետո գիշերները հայ բանվորներով հավաքվում, մեռելաթաղ կանանց հանգի ողբում էիք, չէիք պատկերացնում, թե ո՛ւր են, ի՛նչ օրի են ձեր հարազատները։ Վերջը էլի դու անելիքդ արեցիր, Հովակի՛մ, կամավորական ջոկատ կազմեցիր, նավով աշխարհը ծայրից ծայր կտրեցիր, Արխանգելսկով Հայաստան հասար, Անդրանիկի առանձին հարվածող զորամասին միացար։
Դուք թուրքերին շատ հեշտ հաղթել, ռուսական բանակին միացած՝ հա՛մ նրանց առաջնորդում, հա՛մ էլ իրար հետևից ազատագրում էիք Վանը, Բիթլիսը, Մուշը։ Ուր որ է Արաբկիր՝ Ամպրկա պիտի մտնեիր, Ռուսաստանում հեղափոխություն ընկավ, ռուս զինվորները «դեպի տուն» գոռալով, զենքերը նետեցին, փախան։ Նրանց դասալքությունը դեռ ոչինչ, դուք ձեր ուժերով էլ կպահեիք սահմանները, Անդրանիկի հրամանատարությամբ կռվում ու դիմանում էիք, բայց լուր առաք, որ թիկունքում ազգային կուսակցություններն էդ ճակատագրական պահին հավակնություններով հակադրվում, ազատագրված տարածքները՝ մինչև անգամ Կարսը, Կարինն են հետ՝ թշնամուն հանձնում։ Անդրանիկն էդ որ իմացավ, կատաղեց, բանակը ցրեց, պաչեց իր սպիտակ ձիու ճակատը, օտարություն գաղթեց։
Բայց դու հայրենիք հասնելու համար երկրագունդն էիր ծայրեծայր կտրել, վարչակարգն ի՜նչ նշանակություն ուներ, որոշեցիր մնալ, հիմա էլ նոր Հայաստանի զինվորը դառնալ։ Հողը հող էր, մանավանդ որ կարմիր իշխանավորները հաշտության, անհիշաչարության խոստումներ էին տվել։ Ինչպես սահմանադրության ժամանակ՝ թուրքերը։ Բայց հենց իշխանությունը զավթեցին, ձեզ զինաթափ արին, բանտերը լցրին։ Քո ամենասիրելի զորավարներից մեկը՝ Համազասպը, նույն խցում, վիրավոր կողքիդ մեկնված էր. զանգիբասարցի մի թուրք, իբր համայնավար էր, կացնով ներս մտավ, գլուխը երկու կես արեց։ Ուզում էր քո ճակատն էլ ճղել, տեղից վեր թռար, գոռացիր՝ էս Հայաստանում մի հայ չկա՞, որ թուրքի ձեռքով եք ուզում մեզ վերացնել։ Քո մոլեգին ցասումից ոնց որ զղջահարվեցին, մնացած զորականներին, ճիշտ է, չկացնահարեցին, բայց հայկական բանակի 1400 սպայի, որոնց թվում 15 գեներալի ու 25 գնդապետի, Ռուսաստանի խորքերն աքսորեցին։ Բա՜, այդպես հայրենիքը վարձահատույց եղավ քեզ, Հովակի՛մ։ Քեզ, քո զինակիցներին։ Հետդ Ամերիկայից եկած կամավորականները, նրանք, ովքեր, իհարկե, ողջ էին, այնպես էին հուսախաբվել, որ ամբողջ Սիբիրը ոտքով անցան, Հեռավոր Արևելքով, ոմանք էլ Ալյասկայով աքսորավայրից Ամերիկա փախան։ Բայց դու Ամերիկայից էլ էիր զզվել ու քանի որ ուխտել էիր Հայաստան՝ երախտամոռ այդ երկիրն այլևս ոտք չդնել, հայի երես չտեսնել, հայերեն չխոսել, ամուսնացար, մնացիր Թայմիրում։
Հովակի՛մ, դու Հովակի՛մ…
Սեղբոսը հիշեց Օգդոյի փտած ատամնաշարն ու խորշանքով ամպրկացու խոսքը կտրեց.
— Ուրեմն դու դալգան կնոջից երեխա՞ ես ունեցել։
Հովակիմը ծիծաղեց անուրախ.
-Կարծում ես խեղճերը գոնե էդ մի բանը կարգին կարողանո՞ւմ են անել։ Սովորեցնում եմ, սովորեցնում, բան դուրս չի գալիս… Բայց դա նշանակություն չունի, ես հենց իմ դալգան կնոջ միջոցով պիտի քո գլխի ճարը տեսնեմ։
— Քո կինն ո՞վ է որ։
— Խատագա՞ն։ Սրանց մայրաքաղաքի՝ Դուդինկայի կուսակցության քաղկոմի երկրորդ քարտուղարը։
Հովակի՛մ, դու Հովակի՛մ…

***
Ամեն առավոտ՝ հանքախորշ իջնելիս, Սեղբոսին թվում էր﹐ թե իր շիրմափոսն էր մտնում ու զարմանում էր, որ հերթափոխի վերջում ողջ է մնում, լույս աշխարհ ելնում։ Սափրվելիս նկատում էր՝ ակնախոռոչները դատարկվում, այտի փոսորակները՝ խորանում էին﹐ ինքն իր քայլող կմախքն էր դառնում։ Հայացքն ակամա ուղղվում էր փշալարերի տակ բազմակետերի պես ձգվող շիրմաթմբերին, որոնց վրա մրրիկը ճոճում էր մահացածների թվահամարներով թեփափայտերն, ու համակերպվում էր այն մտքին, որ հերթական գերեզմանափոսն իրենն է լինելու։ Կարճ, շատ կարճ ժամանակ։ Աշնանը ձյունամրրիկը չարացած կաղկանձելու (թե մեռելներն իրեն ի՜նչ էին արել), պոկել-տանելու էր թեփափայտը, հետո նաև հարթեցնելու, սիբիրյան անեզրությանն էր հավասարեցնելու հողաթումբը։ Իրեն թույլ չէին տալիս տուն նամակգրել, տնից նամակ ստանալ, կինը, աղջիկները այդպես էլ չէին իմանալու, թե ինքն ի՛նչ եղավ, ո՛ւր անհետացավ։ Քանի դեռ Հովակիմը կար, հույս ուներ նրա կնոջ՝ կուսքաղկոմի քարտուղարի շնորհիվ ածխահանքից ազատվել, թերևս նաև կենդանի մնալ﹐ բայց մի երեկո…
Այդ երեկո, հերթափոխից վերադառնալուց հետո շարքով ճաշարան էին գնում, թիարանի դարպասների մոտ աներևակայելին պատահեց։ Ամպրկացի Հովակիմը՝ դալգանների արքան﹐ խփվում էր փշալարերին, խնդրում էր ճամբարի պետին՝ Մատվեյ Իվանիչին կանչել, իրեն ներս թողնել, ժամապահներն անհաղորդ էին մնում։ Տվյալ օրվա անցաթուղթ չուներ։ Թիվ 5810 կալանավորը՝ Սեղբոս Ակնունին ճաշարանի շեմից ներս չէր անցել, Հովակիմի կողքին սահնակ կանգ առավ։ Մորթե նվարտանների տակից դուրս պրծավ կինը, հետևից Դուդինկայի քաղկոմի պաշտոնյա կանանց խաժամուժը։ Նրանք, կոշտ ու կոպիտ գլխանոցների ականջակալները ծածանելով, խոյացան Հովակիմի վրա ու միաձայն ճղճղացին.
— Մա՛հ հայերին…
Հասնելով Հովակիմին՝ Խատագան﹐ եղջերուի ազդրաջլերից հյուսած մտրակը շաչեցրեց դեմքին, արյուն ցայտեցրեց.
— Իգամո՛լ շուն,- եռեփվում էր քաղկոմի երկրորդ քարտուղարը,- հինգ տարում ինձնից մի երեխա չկարողացար շինել, ամբողջ թերակղզին քեզ պես Հովակիմներով ես լցրել։
Նրա ենթակաները վերադասին հաճոյանալու համար քաշքշելով արքային գետին տապալեցին, սկսեցին թաղյակներով տրորել։ Արդեն ճաշարանում, վռիկը գդալելիս, Սեղբոսը հսկիչներից իմացավ, որ ընկեր Խատագան դալգան կանանց վրանային պայմաններին ծանոթանալու, պահանջներն իմանալու համար կուսակցական հանձնարարություն է ստացել, եղջերուի սահնակ նստել, թերակղզով մեկ շրջագայության է ելել։ Ու իրարից տասնյակ, երբեմն հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող ո՛ր վրանը որ մտել, շեղաչք դալգան երեխաների կողքին Հովակիմի նման պլստան կլոր աչքերով, սևահեր, սևահոն նորածիններ է տեսել։ Նրան կատաղեցրել է հատկապես այն, որ դալգան կանանց օրինական ամուսինները ըմբռնումով են վերաբերվել դրան։
Իրենք ընթրիքը վերջացրել, հեղակներն էին քաշվել, դալգան կանանց ձայները հեռանում﹐ բայց չէին հանդարտվում.
— Մա՛հ հայերին, մա՛հ…
Պարզվեց՝ թերակղզու պետանվտանգության ծառայությունում շատ լավ էլ իմանում էին, թե Հովակիմն ո՛վ է, որտեղի՛ց է հայտնվել։ Չհամբերեցին, որ ճամբարի բուխարիները շարի, վերջացնի, հենց հաջորդ օրը կորցրին, իսկ ճամբարի մյուս հային՝ Սեղբոսին, ըստ երևույթին ոչ առանց Խատագայի թելադրության, ամենավտանգավոր հանքախորշն իջեցրին։
Հովակի՛մ, դու Հովակի՛մ:

«Գարուն», 2016, 1

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով