Հրաչյա Պողոսյան. Պալատը բլրի վրա

Երիտասարդության պալատը կկառուցվի Սարի լանջ կոչվող գեղատեսիլ բլրի գագաթին՝ Աբովյանի պուրակից քիչ վեր: Գտնվելով ուսանողական թաղամասում, այն լավ է կապված նաև Հաղթանակի անվ. զբոսայգու հետ: Օգտագործելով տեղանքի բարդ պայմանները, ստեղծվել են դեպի բլրի գագաթը հետզհետե բարձրացող դարավանդներ, որոնցից առաջինի կտուրը հանդիսանում է բակ երկրորդի համար, երկրորդի կտուրը՝ երրորդի և այլն:
Հնից եկող ճարտարապետական այս միջոցը հնարավորություն է տալիս ստեղծելու տեղանքի և իրար հետ օրգանապես կապված դարավանդների խումբ, որն ավարտվում է հյուրանոցի դեպի վեր խոյացող գլանաձև ծավալով: Այս ուղղահայաց ծավալին, որպես հակակշիռ, մտածված են լողավազանի և հանդեսների դահլիճի ծավալները:
Հարկավոր էր, ոչ թե հակադրվել տեղանքին, այլ օգտագործել այն, կրկնել և ավարտել:
Պետք է ասել, որ քաղաքը շրջապատող բարձունքների վրա կառուցելը ինքնին չափազանց բարդ և պատասխանատու գործ է քաղաքաշինարարական տեսակետից, թեկուզ այն պատճառով, որ այդ բարձունքները դիտվում են քաղաքի շատ կետերից: Ուրեմն՝ կառուցվող ծավալը պետք է հետաքրքիր լինի ամենատարբեր դիտակետերից և ամեն մի դիտակետի համար ունենա համապատասխան տարածական մասշտաբ:
Երկրորդ՝ այն պատճառով, որ բարձունքի վրա կառուցվող ծավալը դառնում է լավ դիտակետ՝ քաղաքի կառուցապատումը դիտելու համար:
Կառուցապատման այս հարցերը հաճախ անտեսելով, մենք հանգել ենք նրան, որ քաղաքի ամբողջ հատվածներ այժմ շատ կարևոր կետերից դիտվում են որպես խայտաբղետ, անմասշտաբ ծավալների զանգվածներ՝ իրենց բակերի տխուր ճակատներով:
Օրինակ, ձևավորելով Կիևյան և Բարեկամության փողոցները, մոռացվել է, որ այս զանգվածը ունի մի կարևոր, մարդաշատ դիտակետ՝ Ծիծեռնակաբերդը, որտեղ կառուցվում են Սպորտի պալատը՝ 10 հազար մարդու համար, Եղեռնի հուշարձանը և մարզադաշտը:
Մի ուրիշ չհաջողված օրինակ՝ Նորքի զանգվածը: Պետք է խոստովանել, որ շատ դժվար է գտնել կառուցվածքի քաղաքաշինարարական և գեղագիտական ձևը, տարածության մեջ կառուցվածքի այն չափը, որը նրան կդարձնի տվյալ տեղի անբաժան մասը:
Վերը բերված օրինակներում, թվում է, փորձ անգամ չի արված ինչ-որ մի կապ հաստատելու շինության և շրջապատող բնության միջև:
Պետք է ասել, որ երիտասարդության պալատի նախագիծը բավական բարդ ճարտարապետական խնդիր է, քանի որ, լինելով մի ամբողջական ֆունկցիոնալ օրգանիզմ, նա իր կազմում ունի տարբեր նշանակություն ունեցող հիմնարկներ՝ 500 տեղանոց հյուրանոց, 400 տեղանոց ռեստորան, երկու սրճարան՝ յուրաքանչյուրը 100 մարդու համար, ակումբային սենյակներ, ծածկված լողավազան, դահլիճ՝ 1200 հանդիսատեսի համար, պսակադրումների դահլիճ և այլն:
Պալատի մուտքը սկսվում է այն փողոցից, որը այժմ տանում է Աբովյանի պուրակից դեպի Հաղթանակի այգին: Վերելակը այցելուին տանում է առաջին լողավազանը, որի երկարությունը 50 մետր է, լայնությունը՝ 20:
Երկրորդ հարկում տեսնում ենք մի մեծ սրահ, որը հատկացված է կոմերիտմիության պատմությանը, ներկային և ապագային վերաբերող նյութերին: Այս ճեմասրահից այցելուն անցնում է 1200 հանդիսատեսի համար նախատեսված դահլիճը, որտեղ կարելի է լսել համերգներ, կամ դիտել կինոնկար, անցկացնել սպորտային մրցույթներ և այլն: Դահլիճի նստատեղերը դասավորված են միաթեք ամֆիթատրոնի ձևով: Շարժական բեմահարթակը կարող է օգտագործվել որպես մարզադաշտ, բասկետբոլի, վոլեյբոլի, մարմնամարզության և այլ սպորտաձևերի մրցույթներ անցկացնելու համար: Բեմի հետևի պատը ամռան օրերին կբացվի և Երևանի համայնապատկերը կդառնա բնական ֆոն ներկայացումների համար:
Ճեմասրահի մյուս մասը հատկացված է պսակադրության արարողություններին: Այստեղից, բոլոր նախապատրաստություններից հետո, հանդիսավոր անցումով հասնում ենք առանձին կանգնած պսակադրությունների դահլիճը, որին կից նախատեսված են երկու ճաշասրահներ:
Բարձրանում ենք ևս մի հարկ: Այստեղ գտնվում է 400 տեղանոց ռեստորանը, որը սպասարկելու է ինչպես հյուրանոցի բնակիչներին, այնպես էլ դրսից եկող այցլուներին: Ամռանը բաց հարթակի վրա կարող են տեղավորվել ևս 200 մարդ:
Այստեղից սկսվում են դեպի հյուրանոց տանող վերելակները: Նույն հարկում են նաև երիտասարդների տան վարչության, տուրիստների ընդունման և այլ ադմինիստրատիվ սենյակներ:
Բոլոր հարկերից կարելի է անցնել ակումբային մասը, որտեղ նախատեսված են՝ թատերական ստուդիա, կինոսիրողների ակումբ, ֆիզիկայի, ռադիոէլեկտրոնիկայի խմբակներ, հատուկ կահավորված լաբորատորիաներով և այլն:
Հյուրանոցի գլանաձև ծավալը բաղկացած է 14 բնակելի հարկերից: Գլանի կենտրոնական խողովակում գտնվում են վերելակները և աստիճանավանդակները, որը շրջապատող օղակաձև միջանցքի շուրջը ճառագայթաձև դասավորված են բնակելի սենյակները: Սրանք նախատեսված են երկու կամ երեք մահճակալի համար: Յուրաքանչյուր սենյակից լայն, ապակեպատ դռները բացվում են դեպի պատշգամբ:
Հյուրանոցի վերջին հարկում գտնվում է 100 տեղանոց սրճարանը, որի հատակը պետք է անի ժամում մեկ լրիվ պտույտ: Այսպիսով՝ այցելուները հնարավորություն կունենան մեկ ժամվա ընթացքում լրիվ դիտել Երևանի համայնապատկերը:
Մնում է ամեն ջանք գործադրել այս նախագիծը իրականություն դարձնելու համար:

«Գարուն» 1967, 6

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով