Արմեն Մարտիրոսյան. Գնչուական մեղեդիներ

***
Պարում է գնչուհին:
Երկար վարսերը մարմինը գրկել
ու պար են գալիս:
Վարսերը մարմնին պար են հագցրել,
Այտերին` ժպիտ
ու որդան-կարմիր:
Էսմերալդա, քո պարի չափ խոնավ են աչքերդ
և երգերդ պիրկ են իրանիդ պես:
Խտանալով՝
լույսերը մարմին են կերտել
ու պար՝
քո իսկ սեփական ստվերի տեսքով:
— Պարիր, Էսմերալդա,
իմ փակ աչքերով
ես կվերծանեմ ճակատագիրդ:

***
Խարույկի վրայից բարձրացող ծուխը
գնչուի կարոտն է,
որը հեռվում՝ երկնում, աղմկում է՝
չհանդիպելով առաստաղի:
Ծուխը
խարույկի դիմաց կռացած գնչուի
տխուր աչքերից
արցունքներ է քամում,
հետո թեթև-թեթև բարձրացնում է վերև,
հետո թեթև-թեթև ցրում է երկնքում:
Չորացած արցունքները ցրվում են երկնքում,
չորացած արցունքները այտերին դեղնում են,
ինչպես պատերը դեղնում են կաթիլքից:
Դեղին այտերը հեռու երկնքում առաստաղ են փնտրում,
որից կախ տան կարոտը:
Դեղին այտերը տխրում են՝ չգտնելով,
և խարույկի վրա
չորացնում է գնչուն… արցունքները:

***
Քամու երկա՜ր, երկա՜ր թաշկինակով
մաքրում է Էսմերալդան թարթիչների փոշին,
և այտերը մաքրում
է քամու երկա՜ր, երկա՜ր թաշկինակով:
Շուրթերի վրայից ջնջվում են
գիշերից մնացած համբույրները:
Մաքուր շրթունքներով Էսմերալդան հառաչում է
կորած համբույրների համար:
Քամու ծալ-ծալ պարանոցին կտրատվելով՝
զրնգում է հառաչը,
նվագում է:
Նրա սիրածի թմբկաթաղանթին
աղմկում է քամին՝
քարշ տալով ճառաչը:
Քարավանի հետ հեռու է գնչուն,
որին կարոտում է:
Էսմերալդան արցունք-խճաքարեր է հավաքում
իր այտերից ու նետում է վարը՝
քրքջացող գետի կողերի մեջ:

***
Ճամփաների նման կտրտված քարավանը
միանում է հեռվում մայրամուտին:
Հեռվում
ծալվող մայրամուտը ծիծաղի է նման.
ծիծաղելով ծալվում է քարավանը.
— Մնաս բարով, լավս, գնչու:
Ջութակի լարերին է նման մայրամուտը:
Գնչուն նվագում է,
և հնչյունները ասեղնագործում են
անցած ճանապարհը.
— Մնաս բարով, լավս, գնչու:
Բոբիկ ոտքերի կոշտուկները
կապույտ տխրություն են քամում
ճամփաների փոշուց,
և մայրամուտը կապույտ տխրություն է քամում
ճամփաների փոշուց,
ու նետում է երկինք վրձինների տեսքով:
Եվ քարավանը նետվում է երկինք՝
վրձինների տեսքով՝
նկարելու կապույտ տխրությունը վերում.
— Բարեկամս, գնչու, մնաս բարով:

«Գարուն» 1967, 6

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով