Անծայր ժամանակի կեսդարյա հետքը

«Գարունին» պատասխանում է Երևանի
քաղաքային սովետի գործկոմի նախագահ
ԳՐԻԳՈՐ ՀԱՍՐԱԹՅԱՆԸ
«Գարուն» 1967, 6

ՀԱՐՑ.- Որքա՞ն բնակիչ է ունեցել Երևանը 1917-18 թվականներին:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Մոտավորապես այնքան, որքան ուսանող է հաշվվում այսօր հանրապետության բարձրագույն հաստատություններում: 18-22 թվականներին Երևանի բնակչության թիվը տատանվել է 24-25 հազարի սահմաններում: Այստեղից էլ հնարավոր է պատկերացում կազմել քաղաքի գրաված չափի մասին:
— Իսկ այժմ որքա՞ն տարածություն է գրավում Երևանը:
— Նոր հատակագծով, որը կազմված է մինչև հետագա տարիների համար՝ 19.000 հեկտար կամ 190 քառակուսի կիլոմետր:
— Նշանակում է՝ նորանան բնակատեղեր, նոր տարածություններ է ընդգրկելու Երևանը:
— Ոչ, շրջակա նոր բնակատեղեր չեն ներառնվի, այսպես է. ասենք, Դավթաշենը մտնում է Երևանի Շահումյանի շրջանի մեջ, բայց այժմ կա որոշ դատարկ տարածություն՝ Աջափնյակի և Դավթաշենի միջև, այդ տարածությունը կլցվի, կծածկվի կառույցներով:
ՀԱՐՑ.- Տարիներ հետո հին Երևանից հետք չի մնա: Լավ չէ՞ր լինի որևէ թաղամասում, ասենք Կոնդում, ընտրել հին Երևանին հատկանշական մեկ-երկու շինության, պահպանել որպես հուշ:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Միշտ էլ պետք է ետ նայել անցած ճանապարհին՝ իմանալու համար թե որտեղից ես սկսել, որքան ճանապարհ ես կտրել: Եվ հետո, բացարձակ մեծություն, բացարձակ նվաճում գոյություն չունի, դրանք համեմատական աստիճաններ են: Այդ տեսակետից ձեր հարցը տեղին է: Հնից նմուշ պահելը, այդ մասին գալիք սերունդներին պատմելը, անհրաժեշտ է: Պահպանելու համար հին Երևանը արժեքավոր թաղամաս չունի: Ժողովրդական ու ազգային ճարտարապետության առանձին շինություններ կարելի է պահել և այդ մասին մտածում ենք: Ինչպե՞ս վարվել, ընտրված նմուշը թողնել-պահպանել հենց տեղո՞ւմ, նորի կողքին, թե՞ նույնությամբ տեղափոխել մի այլ տեղ, սա արդեն հարց է, այդ մասին խորհում ենք և պետք է գտնել լուծման հարմար տարբերակը:
ՀԱՐՑ.- Երբեմն լսվում է այսպիսի խոսակցություն, թե քաղաքի կենտրոնի վերակառուցումը չավարտած, նոր փողոցներ ու թաղամասեր են բացվում: Դա, իհարկե, այդպես է, բայց ինչո՞վ բացատրել:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Ամեն ինչ իր ժամանակն ունի: Այսօր մեզ պետք է մարդկանց ապահովել բնակարաններով: Աոաջինը այդ: Եվ միմյանց հետևից կառուցվում են բնակելի շենքեր՝ երբեմն իրար նման, ճարտարապետական նմուշի հետ այնքան էլ կապ չունեցող: Բայց Երևանի կենտրոնի հետ այդպես վարվել չենք կարող: Ժողովուրդը մեծ է, ճանաչվում ու գնահատվում է, եթե ունի հարուստ գիր ու գրականություն, երգ ու երաժշտություն, քանդակ ու նկարչության, ինչպես նաև՝ ուշադրության արժանի ճարտարապետական կոթողներ: Մեր ճարտարապետները չեն ուզում ետ մնալ գրողներից, նկարիչներից, քանդակագործներից: Իսկ Երևանի կենտրոնի որոշ փողոցների վերակառուցումը մեր ճարտարապետներին հնարավորություն կտա իրականացնեի իրենց խոհերն ա պրպտումները: Ասեմ նաև, որ հասել է այդ ժամանակը:
ՀԱՐՑ.- Բնակարանային ապահովվածության գծով Երևանը Միության հանրապետությունների մայրաքաղաքների շարքում ո՞ր տեղն է գրավում:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Նախ, այս հարցը պետք է կապել մի ուրիշ հարցի հետ. Միության հանրա-պետությունների մայրաքաղաքների շարքում բնակչության աճի տեսակետից Երևանը ո՞ր տեղն է գրավում: Երևանը մեծ, շատ մեծ աճ ունի և պատահական չէր Ձեր հենց առաջին հարցը: 40-45 տարում՝ 650-700 հազարի աճ: Չնայած դրան, յուրաքանչյուր շնչին ընկնող բնակտարածության գծով Երևանը Միության միջին մակարդակի վրա է, մայրաքաղաքի ամեն բնակչին 5-5,5 քառակուսի մետր բնակտարածություն է ընկնում:
ՀԱՐՑ.- Այս տարի որքա՞ն բնակարան է շահագործման հանձնվել:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Երևանում օրը մեջ շահագործման է հանձնվում 40-50 բնակարանից բաղկացած մեկ բնակելի շենք: Ինչպես տեսնում եք՝ լավ թափ է, և հոբելյանական տարում երևանցիները կստանան 280 հազար քառակուսի մետր բնակելի տարածություն:
Շինարարության այս թափը մի ավելի կարևոր նվաճում է բերել, դա բարոյականի հաղթանակն է՝ կապված ժամանակակից մարդու մտածելակերպի, գեղեցիկի ընկալման հետ: Աչքադեմի բազմաթիվ փողոցների, շենք ու շինությունների մեջ մարդիկ ընտրում են ճաշակավորը, գեղեցիկը, որոնում, գտնում են արվեստի գործը:
ՀԱՐՑ.- Ի՞նչ ընթացքի մեջ է երիտասարդական պալատի շինարարության հարցը:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Այդ ուղղությամբ լուծված է կարևոր մի հարց, որը մինչ այս խոչընդոտում էր. ապագա երիտասարդական պալատի տեղը զբաղեցրած 150 ընտանիքներ ապահովված են բնակարաններով և այժմ վստահորեն կարելի է ասել՝ շինարարությունը սկսված է:
— Իսկ ե՞րբ պատրաստ կւինի:
— Երիտասարդական պալատը մեծ կառույց է լինելու, մեր քաղաքին վայել և պատիվ բե-րող, հետևապես՝ հապճեպությունը կարող է վնասել: Մոտ երեք տարի կտևի շինարարությանը:
ՀԱՐՑ.- Հրատարակված ամենաաննշան գրքույկի վրա անպայման գրվում է հեղինակի անուն-ազգանունը, իսկ ինչո՞ւ չիմանալ, չճանաչել ճարտարապետական խոսքով կառուցված փողոցների ու առանձին շինությունների հեղինակներին:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Իմ անձնական կարծիքը այն է, որ Երևանում արվեստով նախագծված փողոցներ ու կառույցներ շատ չկան, չնայած դրան, արդեն հանձնարարված է հանրապետության ճարտարապետների միությանը, որպեսզի իրականացնեն այդ միտքը: Դրա համար պետք է հարմար լուծում գտնել. ելնելով կառույցների էությունից, անհրաժեշտ է ընտրել հարմար ձև՝ ներկայացնելու նախագծող հեղինակին:
ՀԱՐՑ.- Ձեզ, որպես շինարար, Երևանի փողոցներից ամենաշատը ո՞րն է դուր գալիս:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Իր լուծումներով վատ չէ Լենինի պողոտան, սլացիկ է, զուսպ, լակոնիկ: Դրանով քաղաքը կառուցման կուլտուրա ձեռք բերեց և այժմ նոր փողոցներ նախագծելիս երբեմն օգտագործվում են Լենինի պողոտայի լուծման ձևերը: Սակայն, իմ կարծիքով, շատ ավելի կշահեր, եթե պողոտայի բնակելի շենքերի առաջին հարկերը լինեին զուտ խանութներ, սրճարաններ, սրահներ:
— Իսկ ո՞ւմ նախագծով է կառուցվել պողոտան:
— Ճարտարապետ Լիպարիտ Սաղոյանի: Աբովյան փողոցը նախագծելիս Ֆելիքս Դարբինյանը աչքի տակ է ունեցել այն հանգամանքը, որ փողոցը պետք է կատարի զբոսավայրի և մարդկանց դաստիարակության ֆունկցիաները: Եվ, պետք է ասել, ճարտարապետը և փողոցը կառուցողները հիմնականում լածել են իրենց առջև դրված հարցը:
Սայաթ-Նովայի փողոցով փորձվեց իրագործել՝ «Ամեն ինչ մարդու համար» սկզբունքը: Իրագործվե՞լ է: Ոչ կատարյալ: Բայց այնտեղ մանկապարտեզի երեխայից մինչև թոշակառու մարդը իրեն հետաքրքրող որևէ բան կգտնի: Փորձ է արվել, որ փողոցը մարդու հետ զրուցի բարոյականության, սիրո, գիր ու գրականության, արվեստի մասին: Սայաթ-Նովայի նախագծմամբ ու կառուցմամբ առաջ քաշվեց՝ փողոցների դերերի դասա-կարգման հարցը: Սպանդարյան, Սվերդլով և այլ փողոցները վերակառուցելիս փողոցի դերի հարցը ավելի քան ուշադրության կենտրոնում կլինի:
ՀԱՐՑ.- Լավ չէ՞ր լինի, եթե Կոմիտասով, Սայաթ-Նովայով, Աբովյանով և կենտրոնական այլ փողոցներով զբոսնողներին օրվա երեկոյան ժամերին ուղեկցեր երգը:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Այս մասին արդեն մտածում ենք: Իրոք, փողոցը մարդկանց իրեն կապող միջոց պետք է ունենա, մեկը՝ երգ-երաժշտաթյան միջոցով, մյուսը՝ ծառերի ու կանաչ գոտիների, երրորդը՝ լռության ու խաղաղության և այլն: Միջոցները շատ են, միայն մտածել ու գտնել է հարկավոր:
ՀԱՐՑ.- Քաղաքի որոշ թաղամասերում խմելու ջրի պակաս է զգացվում: Այդ հարցը վերջնականապես լուծելու համար ի՞նչ հեռանկար կա:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Բանն այն է, որ մինչև հիմա խմելու ջրի որոշ մասը օգտագործվել և օգտագործվում է արդյունաբերական նպատակներով: Այժմ արդյունաբերական ջուր է բերվում Կապույտ լճից (Արտաշատ): Ջրաշինարարության առաջին հերթով Երևան է հասել վայրկյանում 1500 լիտր ջուր: Այս տարի շահագործման կհանձնվի երկրորդ հերթը, նույն կարողությամբ:
— Իսկ հնարավոր չէ՞ արդյունաբերական նպատակներով օգտվել նաև Երևանի տակով անցնող ջրից:
— Երևանը խմելու ջրով ապահովելու մասին հանրապետության կուսակցության Կենտկոմի որոշումն էլ կա: Այսպես կոչված «Երևանյան գետից» 800 լիտր այժմ օգտագործվում է և այդ ուղղությամբ շարունակվում են աշխատանքները:
ՀԱՐՑ.- Կարծում ենք, Դուք նույնպես համամիտ եք, որ քաղաքի տրանսպորտի հարցը այնքան էլ բավարար չէ:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Չհամաձայնվել չեմ կարող և դա քաղսովետին մտահոգող հարցերից մեկն է: Ասեմ նաև, որ չլուծվող հարցեր չկան, միայն թե ամեն ինչ միանգամից լինել չի կարող: Այ, Նորքի թաղամասում արդեն տրոլեյբուս է աշխատում. նոր տրոլեյբուսներ, տրամվայներ, հատկապես ավտոբուսներ են ավելանալու երթուղիներում: Կա Նորքի ճոպանուղին, Պարոնյան փողոցից Ծիծեռնակաբերդ գնացող ճոպանուղի է կառուցվում, որը այս տարի պատրաստ կլինի, Ծիծեռնակաբերդ տանող երկրորդ ճոպանուղին շահագործման կհանձնվի եկող տարի: Հետո: Բացվում են և կբացվեն նոր փողոցներ, և դրանով էլ տրանսպորտի շարժումը ավելի ինտենսիվ կդաոնա և լավ կլինի: Ամեն ինչ լավ կլինի: Բայց ինչո՞ւ դուք չեք տալիս նաև հետևյալ հարցը.
— Ինչպե՞ս է երևանցին վերաբերվում եղածը պահել-պահպանելուն, ի՞նչ սրտացավությամբ: Եվ ապա. ինչպե՞ս է պահում իրեն սեփական տանը՝ Երևանում:
Ասում եք, որ մարդիկ տրտնջում են տրանսպորտի պակասից, շատ լավ են անում, իրավունք ունեն, բայց, ասացեք խնդրեմ, այդ պակասը թո՞ւյլ է տալիս երևանցան, որ նա կոտրի տբոլեյբուսի, ավտոբուսի նստարանները, կտրի սրճարանների թիկնաթոռների պաստառները, անունը քանդակի սեղան-նստարանների վրա, ծաղկած ծառի ճյուղը կոտրի, իբր թե ծաղիկ-գեղեցկության է սիրում: Ասենք թե, այդ անողները մեծապես դեռ կյանք չմտած մարդիկ են, բայց և այնպես նրանք երևանցինե՞ր են, հասարակության անդա՞մ:
Կամ ասենք, հարմա՞ր է, երբ առանց սափրվելու փողոց են դուրս գալիս, բարձրաձայն են խոսում, հայհոյում, հարբում են և փողոցի համար դառնում չարիք:
Խմելու ջրի պակասի մասին ենք խոսում, բայց եթե մի բաժակ ջուր խմելու համար շատերը իրենց իրավունք են վերապահում ծորակը մի ժամ բաց պահել՝ «թող ջուրը սառչի, մաքրվի, նոր խմեմ», իսկ Երևանի ջուրը առանց այն էլ և՛ մաքուր է, և՛ սառը:
Հարմա՞ր է, երբ տնային տնտեսուհին աղբը թափում է բակում, տուն մտնում, օճառով երկար լվանում աղբամանը բռնած ձեռքը՝ իր, ընտանիքի անդամների համար ստեղծելով մաքրասիրության պատրանք: Իսկ հետո, նույն տանտիկինը, առիթի դեպքում, դժգոհում է, որ փողոցը մաքուր չէ:
Իսկ քաղաքը մաքուր պահելու համար ոչ միայն մաքրել է պետք, այլև չկեղտոտել:
Կցանկանայի, որ «Գարունի» երևանցի ընթերցողները այս հարցազրույցը կարդալիս, վերջին հարցի մասին լրջորեն խորհեին:
Երևանը աճել, զարգացել է, ավելի կաճի, կզարգանա, միայն թե պետք է որ ամեն երևանցի Երևանը համարի իր տունը:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով