Էդուարդ Խաչիկյան. Բյուրականի աստղադիտարանը

 «Գարուն» 1967, 6

Հայկական ՍՍՀ գիտությանների ակադեմիայի Բյուրականի աստղադիտարանը, որը վերջերս արժանացավ Լենինի շքանշանի, աշխարհի աստղագիտական խոշորագույն կենտրոններից մեկն է: Աստղադիտարանի ստեղծողը, նրա անփոփոխ դիրեկտորը և գիտական ղեկավարը խոշորագույն գիտնական, ակադեմիկոս Վիկտոր Համբարձամյանն է: Աստղադիտարանի կառուցումն սկսվել է երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից անմիջապես հետո: Ընդամենը երկու տասնամյակ, այնքան էլ շատ ժամանակ չէ: Սակայն Սովետական Հայաստանի աստրոֆիզիկոսներն այդ ընթացքում գիտությունը հարստացրին այնպիսի հայտնագործություններով, որոնք ճանաչում գտան ամբողջ աշխարհում:

ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՈԻՄԸ
1933-34 թվականներին Երևանի պետական համալսարանին կից աստղադիտարան կազմակերպվեց: Այնտեղ կատարվում էին փոփոխական աստղերի, Արեգակի և ասուպների դիտումներ: Օգտագործվող հիմնական գործիքը 22 սմ աստղադիտակն էր: Խոշոր գործիքների պակասը, ինչպես նաև աստղադիտարանի աննպաստ դիրքը՝ հնարավորություն չէին տալիս կատարելու աստրոֆիզիկական բնույթի ուսումնասիրութուններ: Բացի դրանից, բարձրորակ մասնագետներ չկային: Ամռան ամիսներին Լենինգրադից Երևան էին ժամանում աստղագետներ, որոնք տեղի աշխատողների հետ հետազոտում էին երկրագնդի մթնոլորտի թափանցիկությունը, դիտում փոփոխական աստղեր և ասուպներ:
1943 թվականին Վիկտոր Համբարձումյանը մշտական աշխատանքի է անցնում Երևանում: Դա վճռական նշանակություն է ունենամ Հայաստանում ֆիզիկամաթեմատիկական գիտությունների, ինչպես նաև աստրոֆիզիկայի զարգացման համար: Մեծ, կատարյալ աստղադիտարան ունենալը դառնում է անհրաժեշտություն:
Աստղադիտարան կառուցելա համար ընտրվում է նոր վայր՝ Երևանից 35 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք գտնվող Բյուրական գյուղի մոտ:
Այստեղ, քառագագաթ Արագածի հարավային լանջին, ծովի մակերևույթից 1500 մետր բարձրության վրա, 1946 թվականին, սկսվեց Բյուրականի աստղադիտարանի շինարարությունը: Աստղադիտարանի կառուցման հետ զուգընթաց աշխատանք էր տարվում գիտական կադրեր պատրաստելու և դիտողական հիմք ստեղծելու ուղղությամբ:
Սկզբնական շրջանում հետազոտություններ են կատարվում տեսական և վիճակագրական աստղագիտության բնագավառում: Հետագայում, աստղադիտակներ ձեռք բերելու և դրանք գործի գցելու հետ մեկտեղ, դիտողական աշխատանքը հետզհետե դառնում է աստղադիտարանի գործունեության հիմնական մասը:
Բյուրականի աստղադիտարանում առաջին դիտակը՝ 12 սմ կրկնակի աստրոգրաֆը, տեղակայվել է 1946 թվականի մայիսին: Այդ դիտակով կատարվում էին փոփոխական աստղերի երկգունային դիտումներ:
թվականին Բյուրականում տեղակայվում է Շմիդտի սիստեմի 20 սմ դիտակ, որի օգնությամբ մեր գիտնականները սկսում են կատարել Ծիր-Կաթինում ընտրված տիրույթների լուսաչափական հետազոտություններ, ուսումնասիրում Բյուրականի աստղադիտարանում հայտնաբերված աստղասփյուռներ:
1949 թվականին տեղակայվում է ոչ մեծ, բայց մի յուրօրինակ՝ 25 սանտիմետրանոց դիտակ՝ սպեկտրոգրաֆը, (որի հեղինակներն են Օ. Ա. Մելնիկովը և Բ. Կ. Հովհաննիսյանը) և միգամածային սպեկտրոգրաֆը: Առաջինը զինված է կվարցային օպտիկայով և հնարավորություն է տալիս ստանալու աստղերի ուլտրամանիշակագույն սպեկտրները: Իսկ միգամածային սպեկտրոգրաֆի օգնությամբ ուսումնասիրվում են գազային միգամածությունների սպեկտրները:
1950 թվականին նոր աշտարակում տեղակայվում է 40 սմ հայելի ունեցող դիտակը: Աստղերի և միգամածությունների բևեռաչափական և գունաչափական դիտումների համար այս դիտակի կիզակետում տեղակայվում է էլեկտրալուսաչափ: Երկու տարի անց աստղադիտարանի մեխանիկական արհեստանոցում հավաքվում է Ցայսի օբյեկտիվներով 15 սմ կրկնակի աստրոգրաֆը, որը մինչև այժմ էլ օգտագործվում է փոփոխական աստղերի լուսանկարման համար: Համեմատաբար մեծ՝ Շմիդտի սիստեմի 50 սանտիմետրանոց դիտակը տեղակայվում է 1954 թվականին: Ունենալով գերազանց օպտիկա, այս դիտակը երկար ժամանակ հանդիսանում էր աստղադիտարանի հիմնական գործիքը: Հենց այս դիտակի օգնությամբ էլ մեր աստղադիտարանում սկսվում են արտագալակտիկ, ինչպես նաև գազային միգամածությունների բևեռաչափական և գունաչափական ուսումնասիրությունները:
1961 թվականին Բյուրականի աստղադիտարանում տեղակայվում է աշխարհում ամենամեծ դիտակներից մեկը՝ Շմիդտի սիստեմի դիտակը, որի հայելու տրամագիծը 132 սմ է, մուտքի բացվածքը՝ 100 սմ: Դիտակն օժտված է աշխարհում ամենամեծ՝ 100 սմ տրամագիծ ունեցող երեք օբյեկտիվ պրիզմաներով, որոնց միջոցով հնարավոր է ստանալ աստղերի և գալակտիկաների սպեկտրներ: Ունենալով մեծ լուսաուժ (1:2), այն հանդիսանում է մի հզոր գործիք՝ թույլ գալակտիկաների և միգամածությունների լուսաչափական և գունաչափական ուսումնասիրություններով զբաղվելու համար: Դիտակը պատրաստել է Լենինգրադի օպտիկա-մեխանիկական միավորումը:
Վերջապես, երկու տարի առաջ, շարք է մտնում 50 սմ տրամագծով հայելիավոր դիտակը, որը էլեկտրալուսաչափի օգնությամբ թույլ է տալիս կատարելու աստղերի և միգամածությունների բևեռաչափական և գունաչափական հետազոտություններ:
1950 թվականից Բյուրականի աստղադիտարանում սկսվում են ռադիոդիտակների նախագծման և կառուցման աշխատանքները: Սկզբում շարք է մտնում պարաբոլաձև հայելի ունեցող 3 մետրանոց ռադիոդիտակը, ապա տեղադրվում է մի այլ ռադիոդիտակ, որի օգնությամբ կատարվում են կետային ռադիոաղբյուրների դիտումներ:
1957-58 թվականներին Սարավանդում՝ Բյուրականից 3 կմ հեռավորության վրա, սկսվում է աստղադիտարանի ռադիոաստղադիտական բազայի շինարարությունը և իր բոլոր ռադիոդիտակներով ռադիոաստղագիտության բաժինը տեղափոխվում է այստեղ։
Երեք տարի առաջ աստղադիտարանում կազմակերպվում է տեսական աստրոֆիզիկայի բաժին, որը գլխավորում է ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը:

ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Աստղադիտարանի գիտաշխատողների հետազոտության և ուսումնասիրության նյութը ծավալուն է. արտագալակտիկ աստղագիտություն, գալակտիկայի կառուցվածք, փոփոխական աստղեր, գազային միգամածություններ, աստղերի ծագում և զարգացում, ռադիոաստղագիտություն և այլն:
Այս փոքր ակնարկում կարելի է միայն շատ հակիրճ պատմել Բյուրականի աստղադիտարանի գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունների մասին:

ԱՍՏՂԱՍՓՅՈՒՌՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒՄԸ
Գալակտիկայի կառուցվածքը հասկանալու համար շատ կարևոր է պարզել նրա առանձին օբյեկտների, ֆիզիկական խմբավորումների բաշխումը: Գալակտիկայում գոյություն ունի ճառագայթումը կլանող և անհավասարաչափ տարածված միջաստղային նյութ: Այդ կլանման պատճառով տիեզերական օբյեկտների հեռավորության, բաշխման և մի շարք այլ տվյալների պատկերը աղավաղվում է: Ուրեմն՝ խիստ ստույգ և լրիվ չեն լինում նաև այդ տվյալների վրա հիմնվող մեր պատկերացումները: Բյուրականի աստղադիտարանում երկար տարիների ընթացքում ուսումնասիրվել են միջաստղային կլանող ամպերը, կլանման չափը Ծիր-Կաթինի տարբեր տիրույթներում: Այդ հետազոտությունները հանգեցրին ֆլուկտուացիաների տեսության ստեղծմանը, և մեծ նշանակություն ունեցան աստղասփյուռների հայտնաբերման գործում: Մինչև վերջին ժամանակներս գիտնականները որոշակի պատկերացում չունեին աստղերի հասակի մասին: Ավելին, ենթադրում էին, որ մեր Գալակտիկայի բոլոր աստղերն առաջացել են միաժամանակ: Այդ պատկերացմանը հարված հասցվեց 1947 թվականին, երբ Բյուրականի աստղադիտարանում հայտնաբերվեցին աստղերի յուրօրինակ խմբեր: Վիկտոր Համբարձումյանը Գալակտիկայում հայտնաբերեց ֆիզիկապես միմյանց հետ կապված երիտասարդ աստղերի խմբավորումներ, որոնք անվանեց աստղասփյուռներ: Աստղասփյուռներ հայտնաբերելը շատ դժվար է, որովհետև աստղասփյուռներում լուսատուների խտությունը շատ ավելի փոքր է, քան Գալակտիկայի դաշտում՝ աստղերի ընդհանուր խտությունը:
Ինչպես ցույց տվեցին հաշվումները, աստղասփյուռները դինամիկայի տեսակետից անկայուն համակարգեր են: Մի քանի միլիոն տարվա ընթացքում դրանք պետք է քայքայված լինեին, իսկ աստղերը՝ ցրված Գալակտիկայի աստղային ընդհանուր դաշտում: Եթե հիշենք, որ մեր Արեգակի տարիքը հավասար է 3-5 միլիարդ տարու, ապա մենք պետք է մի այսպիսի եզրակացություն անենք. քանի որ աստղասփյուռներ այժմ էլ գոյություն ունեն և դեռևս չեն քայքայվել, ուրեմն, դրանք շատ երիտասարդ գոյացումներ են:
Մյուս կողմից, աստղասփյուռները չէին կարող կազմավորվել, մի քանի տասնյակ լուսատուների պատահական հանդիպումների հետևանքով: Այդպիսի հանդիպման հավանականությանը գրեթե հավասար է զրոյի:
Այսպիսով՝ եզրակացնում ենք, որ աստղասփյուռների բոլոր աստղերը առաջացել են միաժամանակ և դրանց տարիքը չի գերազանցում աստղասփյուռի տարիքը: Տեսական հետազոտությունների հիման վրա Վ. Համբարձամյանի աոաջ քաշած այն տեսակետը, որ աստղասփյուռները ընդարձակվում, քայքայվում են, հետագայում հաստատվեց 0 տիպի աստղասփյուռների աստղերի շարժումների ուսումնասիրությամբ:
Աստղասփյուռների ուսումնասիրությունը ցույց տվեց նաև, որ դրանք օժտված են միջուկներով: Միջուկներն իրենցից ներկայացնում են աստղակույտեր և բազմաստղեր, հանդիսանում են աստղառաջացման կենտրոններ:
Աստղասփյուռների ընդարձակվելու փաստը հնարավորություն է տալիս եզրակացնելու, որ այդ միջուկների նախնական չափերը շատ փոքր են եղել: Այսինքն՝ աստղասփյուռները առաջանում են փոքր ծավալ և մեծ խտություն ունեցող մարմիններից:
Այդ ենթադրության համաձայն Գալակտիկայում գոյություն ունեն տիեզերական անհայտ բնույթի նախաաստղային մարմիններ: Վիկտոր Համբարձումյանի կարծիքով, աստղասփյուռները առաջանում են այդ գերխիտ մարմինների՝ նախաաստղերի տրոհման հետևանքով: Տրոհման ժամանակ նոր առաջացած աստղերը կարող են ձեռք բերել այնպիսի արագություններ, որ հաղթահարելով ձգողության ուժը, ի վիճակի են հեռանալ աստղասփյուռից: Աստղասփյուռների քայքայումը հաստատվել է Բյուրականի և արտասահմանյան աստղագետների ուսումնասիրություններով: Աստղասփյուռների հետազոտությունը ցույց տվեց, որ Գալակտիկայում աստղերն առաջացել են տարբեր ժամանակ, և որ այդ աստղառաջացման երևույթը շարունակվում է նաև այժմ: Աստղասփյուռները հանդիսանում են աստղային շղթաների, բազմաստղերի և աստղակույտերի առաջացման օջախներ:
Աստղասփյուռների հայտնաբերումը դրեց աստղերի կոսմոգոնիայի նոր ուղղության հիմքը: Աստղասփյառների հայտնագործումից անմիջապես հետո (1949 թվական), Բյուրականում սկսվեցին ջերմ, գերհսկա և աստղասփյուռներին պատկանող T Ցուլի տիպի փոփոխական աստղերի սպեկտրալուսաչափական հետազոտությունները: Աստղասփյուռների կինեմատիկ առանձնահատկությունների, աստղերի մթնոլորտի կառուցվածքի, նրանց ճառագայթման աղբյուրների հետազոտությունները ցույց տվեցին, որ որոշ աստղերի սպեկտրների ուլտրամանիշակագույն մասում ժամանակ առ ժամանակ փոփոխություն է դիտվում: Աստղերի պայծառության այդ փոփոխությունը պայմանավորված է անհայտ բնույթի ոչ ջերմային աղբյուրի ավելցուկային ճառագայթմամբ: Այդ ավելցուկային ճառագայթումը հնարավոր չէ բացատրել աստղերի մթնոլորտների սովորական ջերմային տաքացմամբ, քանի որ աստղերի պայծառության փոփոխությունը հաճախ տևում է շատ կարճ, թեև պայծառությունը աճում է մի քանի տասնյակ անգամ: Բյուրականում գոյության ունեցող պատկերացումների համաձայն, կարելի է ենթադրել, որ էներգիայի այդ անընդհատ առաքումը կապված է աստղերի խորքերից վեր բարձրացող նախաստղային նյութերի ժայթքման հետ: Աստղերի մթնոլորտի վերին շերտերում ազատվում է մեծ քանակությամբ էներգիա և ճառագայթվում ան-ընդհատ առաքման տեսքով: Այդ պատկերացումները հետագայում հաստատեցին Ամերիկայի և Մեքսիկայի աստղագետները:

ԳԱԼԱԿՏԻԿԱՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒԸ
Շատ ժամանակ չի անցել, ինչ գալակտիկաները մեկը մյուսից տարբերում էին լոկ արտաքին տեսքով և քիչ ուշադրություն էին դարձվում դրանց միջուկներին: Սակայն, հենց այդ միջուկներին էր, որ բյուրականցիները հատուկ ուշադրություն դարձրեցին: Պարզվեց, որ միջուկները և դրանց շուրջն ընկած կենտրոնական տիրույթները գալակտիկաների ամենագործուն մասերն են:
Այդ նոր գաղափարների զարգացման առիթ ծառայեց ամերիկացի գիտնականներ Բաադեյի և Մինկովսկու ենթադրությունը, գալակտիկաների ռադիոճառագայթումը՝ գալակտիկաների բախման հետևանք է:
Այդ երևույթին բոլորովին այլ բացատրություն տրվեց մեզ մոտ՝ Բյուրականի աստղադիտարանում: Վիկտոր Համբարձումյանը ցույց տվեց, որ գալակտիկաների բախումը գրեթե անհավանական է: Կրկնակի գալակտիկաների գոյությունը բացատրվեց շատ պարզ և բնական ձևով՝ գալակտիկայի միջուկի բաժանումով: Բյուրականում եկան այն եզրակացության, որ գալակտիկաների միջուկներում կարող են տեղի ունենալ ֆիզիկական բուռն երևույթներ: Դրանք կարող են առաջացնել ոչ միայն ռադիոճառագայթում, այլև միջուկներից դարս նետել նյութի մեծ զանգվածներ, իսկ որոջ դեպքերում էլ ծնունդ տալ նոր գալակտիկաների:
Դիտողական տվյալները հաստատում են այդ եզրակացությունը: Օրինակ, «Կարապ-A» ռադիոգալակտիկայի լուսանկարի վրա պարզ երևում է, թե ինչպես գալակտիկայի միջուկը տրոհվել է երկու մասի, իսկ «Կույս-A» ռադիոգալակտիկայում հիանալի երևում են միջուկից արտավիժված առանձին խտացումները: Դրանք հանդիսանում են ուժեղ ռադիոճառագայթման աղբյուր: Բյուրականում հայտնաբերվեցին նաև արտանետումների դեպքեր, որոնք տեղի են ունեցել ոչ թե ռադիո, այլ սովորական գալակտիկաների միջուկներից: Դուրս շպրտված այդ զանգվածները իրենց տեսքով և պայծառությամբ որոշ դեպքերում նման են փոքր գալակտիկաների:
Նշված բոլոր փաստերը հաստատում են գալակտիկաների միջուկների ակտիվության գաղափարը: Այդ մասին ակադեմիկոս Համբարձամյանը զեկուցեց Բրյուսելում, 1958 թվականին կայացած Սոլվեյի միջազգային կոնֆերանսում:
Հետագայում դիտողական նորանոր փաստերը կրկին անգամ հաստատեցին այդ տեսակետը: Դրանցից պետք է նշել 1963 թվականին կատարված երկու հայտնագործություն՝ աստղակերպ գալակտիկաները (քվազարները), և «M-82» գալակ-տիկայի միջուկում տեղի ունեցած վիթխարի պայթյունը: Քվազարները հանդիսանում են աստղակերպ հեռավոր ռադիոգալակտիկաներ, որոնք ճառագայթում են ավելի շատ էներգիա, քան հսկա և գերհսկա գալակտիկաները: Փաստորեն նրանք հանդիսանում են գալակտիկաների միջուկներ՝ առանց միջուկը շրջապատող աստղային բնակչության; Այսինքն, «մերկ» միջուկներ են, որոնք գտնվում են անսովոր գրգռված վիճակում:
Այս բոլոր փաստերը լիովին հաստատեցին Բյուրականում առաջ քաշված տեսակետները: Դրանք, միաժամանակ, հանգեցրին այն եզրակացության, որ վիթխարի պայթյուններ կարող են լինել միայն այն դեպքում, եթե ենթադրենք, որ աստղերից և գազից բացի, գալակտիկաների միջուկներում գոյություն ունեն ոչ աստղային բնույթ ունեցող շատ խիտ մարմիններ:
Բյուրականում տարվող ռադիոաստղագիտական աշխատանքներից պետք է նշել «Կասիոպեա-A» ռադիոաղբյուրի պարբերական դիտումները: Դրանք ցույց տվեցին, որ այդ աղբյուրի ռադիոճառագայթումը նվազում է տարեկան 2 տոկոսով:

ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ
Իր ստեղծման հենց առաջին տարիներից Բյուրականի աստղադիտարանը կապ է հաստատել Լենինգրադի համալսարանի աստղադիտարանի (որի հարավային կայանը գտնվում է մեզ մոտ՝ Բյուրականում), Պուլկովոյի, Ղրիմի և Աբասթումանի աստղադիտարանների հետ:
Բյուրականի աստղադիտարանի գիտական աշխատանքները այնքան կարևոր էին և ուշագրավ, որ դարձան համամիութենական և միջազգային հավաքների քննարկման առարկա:
Մեծ իրադարձություն էր Սովետական Միությունում առաջին անգամ ՄԱՄ-ի գործադիր կոմիտեի նիստի հրավիրումը, որը տեղի ունեցավ Երևանում, 1962 թվականին: Նիստին մասնակցում էին աշխարհի խոշորագույն աստղագետները։
1956 թվականին, Բյուրականի աստղադիտարանի պաշտոնական բացման ժամանակ, տեղի ունեցավ անկայուն աստղերին նվիրված միջազգային խորհրդակցություն. մասնակցում էին Սովետական Միության, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեքսիկայի, ՉԺՀ-ի, Հարավսլավիայի խոշորագույն աստղագետները: Այդ խորհրդակցաթյան նյութերը հրապարակվեցին «Անկայուն աստղեր» վերնագրով առանձին գրքույկում:
Այդ ժամանակվանից աստղադիտարանի կապերը հետզհետե աճում են: Վերջին 10 տարվա ընթացքում Բյուրական են այցելել Սովետական Միության և արտասահմանյան 20 պետությունների խոշորագույն աստղագետներ՝ պրոֆեսոր Դմիտրովը, պրոֆեսոր Գոլդբերգը (ԱՄՆ), ԱՄՆ-ի ազգային ակադեմիայի անդամ, պրոֆեսոր Հերբիգը, Աստղագետների Միջազգային միության նախկին պրեզիդենտ, ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ, պրոֆեսոր Օորտը, Մինաերտը (Հոլանդիա), պրոֆեսոր Հարոն (Մեքսիկա), Յագիհարան (Ճապոնիա), Էլիսոն և Բրուկը (Իռլանդիա), Մակ-Կրեյը (Անգլիա), Բոկը և Քրիստիանսենը (Ավստրալիա), ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ, պրոֆեսոր Ալֆենը (Շվեդիա) և ուրիշները: Բյուրականում մեկ տարի իր դիսերտացիայի վրա էր աշխատում Հարավսլավիայից ժամանած Վ. Օսկանյանը, որը հետագայում վարում էր Բելգրադի աստղադիտարանի դիրեկտորի պաշտոնը: 1966 թվականին նա մշտական աշխատանքի անցավ մեզ մոտ՝ Բյուրականում:
Աստղադիտարանում երկու ամիս աշխատել են Վարշավայի համալսարանի ներկայացուցիչ Սմակը, հունգարացի աստղագետ Պալը և չեխ աստղագետ Անտալովան:
1963 թվականին Բյուրականի աստղադիտարանի հյուրն էր չեխ աստղագետ Ռուպրեխտը, որին Աստղագետների միջազգային միությունը իր 11-րդ համագումարում (Բերկլի, 1961 թ. ԱՄՆ) հանձնարարել էր՝ հիմնվելով Բյուրականի աստղադիտարանի տվյալների վրա, կազմել 0 տիպի աստղասփյուռների նոր ցուցակ: Բյուրականի պատվավոր հյուրերի թվին են պատկանում նաև խոշորագույն գիտնական՝ Ջոդրել Բենկ (Անգլիա) ռադիոաստղադիտարանի դիրեկտոր, պրոֆեսոր Լովելը: Նա մի քանի անգամ այցելել է Բյուրական:
Թույլ գալակտիկաները հետազոտելու ընղհանուր գիտական ծրագիր է հաստատված ԳԴՀ ԳԱ Տաուտենբուրգի աստղադիտարանի հետ, որտեղ տեղակայված է Շմիդտի սիստեմի աշխարհում ամենամեծ դիտակը, հայելու տրամագիծը երկու մետր է: 1963, 1964 և 1966 թվականներին այդ աստղադիտարանի դիրեկտոր, պրոֆեսոր Ռիխտերը Բյուրականում, աստղադիտարանի աշխատակիցների հետ քննարկել ու համաձայնեցրել է ընդհանուր հետազոտությունների ծրագիր: Բյուրականի և Տաուտենբուրգի աշխատակիցներն արդեն մի շարք համատեղ հետազոտություններ են կատարել, որոնք տպագրվել են գերմանական և սովետական գիտական ամսագրերում: Այդպիսի համատեղ աշխատանք կատարվել է նաև Անգլիայի և Լեհաստանի գիտնականների հետ:
Բյուրականի աստղադիտարանի աշխատակիցները նույնպես հաճախ գործուղման են մեկնում Սովետական Միության և արտասահմանյան խոշոր աստղադիտարաններ: Բյուրականի գիտնականները եղել են ԱՄՆ-ում, Անգլիայում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, ԳԴՀ-ում, ԳՖՀ- ում, Հոլանդիայում, Չեխոսլովակիայում, Հտրավսլավիայում, Հանգարիայամ և այլ երկրներում: Նրանք օգնել են տեղակայելու և յուրացնելու նոր գործիքներ, քննարկել գիտական ծրագրեր և հարցեր:
Աստղադիտարանի գիտաշխատողներն ակտիվորեն մասնակցում են նաև միջազգային գիտական հավաքներին, խորհրդակցություններին, որտեղ հանդես են գալիս հաղորդումներով և զեկուցումներով:
Աստղադիտարանի աշխատակիցները 1961 թվականին Բերկլիում (ԱՄՆ), և 1964 թվականին Համբուրգամ (ԳՖՀ) մասնակցեցին Աստղագետների միջազգային միության 11-րդ և 12-րդ համագումարներին, հանդես գալով ուշագրավ զեկուցումներով: Բերկլիում ակադեմիկոս Համբարձումյանն ընտրվեց Միության պրեզիդենտ:
Բացի գիտնականների անձնական հանդիպումներից, աստղադիտարանը կատարում է գիտական գրականության ծավալուն փոխանակություն: Մեր գիտական աշխատանքները տպագրվում են ՍՍՀՄ և ՀՍՍՀ ԳԱ տարբեր հանդեսներում, ինչպես նաև արտասահմանում: Աստղադիտարանը հրապարակում է պարբերական, որը կոչվում է «Բյուրականի աստղադիտարանի հաղորդումներ»: Այդ հաղորդումները փոխանակման կարգով ուղարկվում են աշխարհի աստղագիտական 300-ից ավելի հիմնարկների:
Աստղադիտարանի կոլեկտիվը տարեցտարի համալրվում է Երևանի պետական համալսարանի երիտասարդ շրջանավարտներով: Միաժամանակ պահանջ է զգացվում կառուցելու նոր, հզոր դիտակներ:
Մոտակա երկու-երեք տարում Բյարականում տեղակայվելու է դասական սիստեմի 2,6 մետր տրամագծով հայելի ունեցող աստղադիտակ, որը Ղրիմի աստղադիտարանի դիտակի կատարելագործված տարբերակն է և կլինի ամենամեծը Եվրոպայամ: Շուրջ երկու տասնամյակ առաջ հիմնադրվեց Բյուրականի աստղադիտարանը: Գիտական հիմնարկի կյանքում դա մեծ ժամկետ չէ: Սակայն նույնիսկ աստղադիտարանի գիտական գործունեության համառոտ նկարագրությունը ցույց է տալիս, թե ինչպիսի հաջողությունների է հասել նրա կոլեկտիվը ակադեմիկոս Վ. Համբարձամյանի ղեկավարությամբ և խոսում է աստղադիտարանի հետագա մեծ հեռանկարների մասին:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով