Արևշատ Ավագյան. Սասունիկ

«Գարուն» 1967, 6

Չորս տարի առաջ ավանը չի եղել, երկհարկանի ու քառահարկ շենքերը չե՛ն եղել, բակերում կանաչ երազներով բռնկված ծառերը չե՛ն եղել, ու չի եղել սովխոզի գրասենյակի առաջին հարկում տեղավորված մանկապարտեզը:
Քիչ առաջ վարպետ Գևորգը գնաց, իսկ ես դեռ կանգնել ու մանկապարտեզի լուսամուտից ներս եմ նայում: Երկու սենյակն էլ լիքն է մանուկներով:
— Ո՞վ է մանկապարտեզի վարիչը,— հարցնում եմ:
— Վարիչը տուն գնաց, կգա…
Լեզուն դուրս գցած մի տղա նստել է գրասենյակի պատշգամբի ստվերում, թղթից նավակ է շինում:
— Անունդ ի՞նչ է:
— Սամվել:
— Սամվել մանկապարտեզի վարիչին գիտե՞ս:
— Ըհը՛,— Սամվելը գլուխը տմբացնում է:
— Անունն ի՜նչ է:
— Սոսոյի մաման է:
— Անունը չգիտե՞ս:
Սամվելը գլուխը թափահարում է:
Պառավ մի կին, կապոցը թևատակին պինդ սեղմած՝ գնում է. նրան եմ հարցնում.
— Հեքոյի աղջիկն է վարիչը:
Բեռնատար մի մեքենա է կանգնում, վարորդը պառավ կնոջը ինչ-որ բան է հարցնում, իսկ ես դիմում եմ մեքենայի թափքում կանգնած ջահել տղային.
— Մանկապարտեզի վարիչն ո՜վ է:
— Մաղդեցի Վարուժի կինն է:
— Անունն ի՞նչ է:
— Չգիտեմ, քեռի Կրկոյին հարցրու, կասի,— տղան մատնացույց է անում արևկող արած ծերունուն, որ բրդե շալ ունի մեջքին կապած:
— Քեռի, մանկապարտեզի վարիչն ո՞վ է:
Քեռի Կրկոն ոտքից գլուխ ինձ է չափում:
— Բալա, պսակված ի…
— Ոչինչ, Դուք անունն ասեք:
— Սաքոյի հարսն է, անունը… անունը…
Ինձ թվում է, որ ես հայտնագործություն եմ անում: Այ, Սամվելիկը գիտեր մանկապարտեզի վարիչի տղայի անունը, ջահել տղան գիտեր նրա ամուսնու անունը, պառավ կինը՝ մոր անունը, քեռի Կրկոն՝ հոր անունը: Եթե ես հարցնեմ մի ջահել աղջկա, նա անպայման կասի մանկապարտեզի վարիչի անունը:
Ես նայում եմ շուրջս: Ընդամենը մի երկու փողոց, մի քանի տասնյակ շենքեր ունի Սասունիկը: Բայց մարդիկ իրար չեն ճանաչում:
Ես հիշում եմ վարպետ Գևորգին: Քիչ առաջ, երբ ավտոմեքենայով այստեղ էինք գալիս, նա հանկարծ ընդհատեց սուլելն ու ասաց.
— Սասունիկը չորս տարեկան է:
— Ձեր տղա՞ն,— հարցրեցի:
— Չէ, ավանի անունն է: Մի քանի տարի առաջ Աշտարակից Էջմիածին տանող ճանապարհի վրա փայտյա մի ցուցանակ խփվեց, որի վրա գրված էր՝ № 39 սովխոզ: Մեքենայով անցնում էի, աջ ու ձախ նայեցի, առաջ ու ետ նայեցի, ոչինչ չտեսա: Հեռվում Օշականի այգիներն էին, իսկ ցուցանակի չորս կողմը քար ու փուշ՝ ինչքան ուզես: Երկու օր այս գծով անցնում էի ու մտածում. «Գոնե աշխատող մի երկու մարդ լիներ, կասեի, իրոք, սովխոզ է»: Մարդկանց մի տաս օր հետո տեսա: Քար էին հավաքում: Տրակտորներ տեսա, վար էին անում: Հետո, ամենակարևորը, էս կողմերում ջուր տեսա: Թե ջուր կա, այստեղ այգիներ կգցեն, հով ու զով կլինի,— մտածեցի,— արի ընտանիքս վերցնեմ, գամ էս սովխոզը: Ջուրը կյանք է, բերք ու բարիք է: Ջուրը ծառերի արյունն է: Հիմա կասես, էս շոֆերը բանաստեղծի պես է խոսում: Մեղքս ինչ թաքցնեմ, ջահել ժամանակ գրել եմ: Սիրահարված էի, գրում էի: Հեստ պսակվեցի, տեսա էդ գրել-մրելը մարդու հաց չի տա, երեխեքը հաց են ուզում: Հիմա տղերք ունեմ, նրանք են գրում: Մեծը շատ է կարդում, բայց գրածները ես չեմ հավանում: Փոքրը շնորհքով է, բայց՝ ծույլ: Մեծը անընդհատ բանաստեղծություններ է ուղարկում թերթերին ու անընդհատ մերժում են, թե՝ «Ձեր բանաստեղծությունները գեղարվեստական մի շարք թերությունների պատճառով չեն տպագրվի»: Մի անգամ մեկից լսեցի, որ էդ տեսակ հայ չկա, որ գրելու փորձ չանի: Հիմա, խոսքը մեր մեջ, դու էլ ես գրում, չէ՞:
— Չէ՛, վարպետ Գևորգ, չեմ գրում:
— Չնեղանաս, բայց երևի սուտ ես ասում: Գրելը հո ամոթ չի: Ամոթը… Հա, էն էի ասում, տեսնեմ, էս ճանապարհի երկու կողմերում ծառեր են տնկում, խաղողի այգիներ են գցում: «Շուտով այստեղ ավան էլ կկառուցեն,— մտածեցի,— բայց որտե՞ղ»: Ես ենթադրում էի, որ կշինեն Քասախի ափին: Ջուրը, հո գիտես, բնակավայրի համար ինչ կարևոր է: Բայց օրերն անցնում էին, ոչ մի կառուցում չէր սկսվում: Հետաքրքրվեցի և ի՞նչ. պարզվում է, որ տեղի համար համաձայնության չեն գալիս: Շրջկոմի քարտուղարն ասում է՝ բերեք այսինչ տեղը կառուցենք, սովխոզի վարչությունից եկած մարդը՝ այնինչ տեղը, մեկը ասում է՝ այստեղ, մեկն ասում է՝ այնտեղ, իսկ սովխոզի դիրեկտոր Պապիկ Բաղդասարյանը պնդում է, թե այսինչ տեղն եմ ուզում, համաձայն եք՝ կաշխատեմ, համաձայն չեք, դուք գիտեք:
Էս ձայնը գնում, ընկեր Քոչինյանի ականջն է ընկնում, նա էլ կարգադրում է, թե՝ սովխոզի դիրեկտորը որտեղ ուզում է, այնտեղ էլ կառուցեք: Ու մի օր տեսնեմ Աշտարակից եկող ճանապարհի ձախ կողմում շենքերի հիմքեր են գցում: Մտածեցի՝ լավ տեղ է: Ու էլ ժամանակ չկորցրեցի, եկա դիրեկտորի մոտ, դիմում գրեցի, մի քանի ամսից հետո բնակարան ստացա, ընտանիքով եկանք այստեղ:
Ընկեր ջան, հո չձանձրացա՞ր: Հիմա կասես, էս ինչ շատախոս մարդ է: Դրսում, որ էս տեսակ պատմություններ եմ անում, ընկերներս ասում են. «Ուստա Գևորգ, քիչ խոսա»: Տանն էլ հակառակն է, կինս դժգոհում է, թե ամբողջ ցերեկը տուն չես գալիս, գոնե իրիկունը մի բան պատմիր, լսենք: Բայց իրիկունն էլ հոգնած եմ լինում, շուտ քնում եմ:
Վարպետ Գևորգից ես շատ բան իմացա Սասունիկի մասին: Իմացա, որ այստեղ է իջել մի ողջ գյուղ: Այդ գյուղը Արագածի լանջին է եղել, անունը Սասունիկ: Սասունիկը Սասնա աշխարհից փախած գաղթականների սփոփանքն է եղել: Հիմնել են գյուղը գաղթական մարդիկ ու մտածել, ինչպե՞ս կոչել: Հետո որոշել են՝ Սասունիկ, այսինքն փոքրիկ Սասուն, կորցրածի մխիթարանք: Հողը ժլատ է եղել, արևը հողից քաղցրություն չի պեղել խաղողի վազը կանաչ կարոտով չի բռնկվել: Բայց սարերը ապահով են եղել, սարերը թիկունք են դարձել սասունցուն: Ու մի օր, երբ Սևանի ջրերի աղմուկը Արզնի-Շամիրամ ջրանցքի հետ Աշտարակ է հասել, երբ նոր սովխոզներ են ստեղծվել ամենուրեք, գյուղը որոշել է խաղողի վազ ունենալ, պտղատու այգի, ու լեռներից իջել է Սասունիկը: Իջել է և իր անունն է բերել նոր շենին:
Հետո ես իմանում եմ, որ այստեղ է իջել մի ուրիշ գյուղ: Այդ գյուղն էլ է Արագածի լանջին եղել, անունը Օրգով: Օրգովը կանաչ սարեր է ունեցել կանաչ խոտհարքներ, սառ աղբյուրներ: Օրգովը չի ուզել սարերից իջնել: Օրգովցի Մոսեյի Մկրտիչը մի անգամ, երեք օրով շրջկենտրոն է իջել, շոգից սիրտը թուլացել է, «Քասախ» ռեստորանում կերած ճաշից սրտխառնուք է զգացել, ու որոշել է գյուղից չիջնել: Օրգովցի Ասատուրի աղջկան քաղաքից եկել են ուզելու՝ ասել է. «Մեր գյուղի հովիվ տղային քաղաքի հազար մինիստրի հետ չեմ փոխի»: Բայց շրջկենտրոնում որոշել են, որ Օրգովը պիտի սարերից իջնի և վերջ:
— Մեզանից այգեգործությունը հեռու է,— ասել են ծերունիները,— մեզ որ էս հողից հանեցիք, կմեռնենք: Ու չեն իջել: Ջահելները իջել են: Օրգովցի Հայկազին լավ բնակարան են տվել, լուսավոր, հարմարավետ: Գիշերները չի կարողացել քնել: Իրենց սարերն է կարոտել, հողաշեն իր տունը, գոմը ու տան մոտով անցնող առուն:
— Առանց կաթ ու մածունի ինչպե՞ս ապրենք,— ասել է,— երրորդ հարկում հավ ինչպե՞ս պահենք:
Հայկազին թվացել է, որ 12 տարեկան Ռաֆիկի կակաչ թշերը գունատվել են, Ռուբիկը մաշվել է: «Օդը չեն սիրում»,— մտածել է Հայկազը և իրերը նորից բեռնել է ավտոմեքենային:
Օրգովցի Հարութը երկու օրը մեկ անգամ գյուղ է բարձրացել: «Գնում եմ հորս տեսնեմ, մորս կարոտել եմ: Թութունը պիտի ջրեմ»,— ասել է: Ու մի օր էլ սարերից ետ չի դարձեր: Ու մի օր էլ Սասունիկում ապրող օրգովցիները վեր են կացել, թե՝ Օրգովի սարեր եկանք:
Բայց Սասունիկ շատերն են եկել:
Ով եկել է, միանգամից տուն ու տեղի տեր է դարձել: Ով մենակ է եկել, մի սենյականոց բնա-կարան է ստացել, ով երեք-չորս հոգով՝ երկու: Բայց եկել են նաև ութ-տաս հոգով: Եկել են Սպիտակից, Արտաշատից, Ապարանից, Թալինից, Ախալքալաքից, Բորժոմից… Տաշքենդից: Եկել են նոր ամուսնացածներ, բաժանվածներ, եկել են ամուսնանալու, տուն- տեղ ունենալու հեռանկարով: Եկել են բարի նպատակով ու… Մի անգամ ապարանցի մի տղա է մտել սովխոզի գրասենյակ, մի կնոջ հետ: Ես Սարգիսն եմ,— ասել է,— սա էլ իմ կին Սոֆիկն է, թե մեզ շուտ բնակարան տաք, կաշխատենք: Դիրեկտորն էլ նայել է սրա թև-թիկունքին, մտածել է, որ լավ աշխատող կլինի ու տեղն ու տեղը կարգադրել է բնակարան տալ: Երկու օր հետո մի կին է մտել գըրասենյակ երեք երեխաների հետ, թե ես Սարնգյուլն եմ, ապարանցի Սարգսի կինն եմ, լսել եմ ամուսինս բնակարան է ստացել, եկել եմ:
— Բարով ես եկել,— ասել է դիրեկտորը,— բայց նրա կնոջ անունը Սոֆիկ էր ու երեխաներ չուներ:
Կանչում են Սարգսին: Պարզվում է, որ կնոջն ու երեխաներին թողել է, Սոֆիկի հետ փախել: Սրանց մի քիչ ամոթանք են տալիս ու նորից ուղարկում Ապարան:
Սարգսի նման էլի մարդիկ են եկել: Եկել են ու գնացել: Սասունիկում մնացել են հողի լեզուն հասկացող մարդիկ:
Հիմա Սասունիկը չորս տարեկան է:
Ուրախ մանկություն ունի: Նրա մասին կարելի է ուրախ երգ գրել, արևոտ պատմություն: Բայց ես չեմ մոռանում Սասունիկի մանկապարտեզը, չեմ մոռանում Սամվելիկին, որ թղթից նավակ էր շինում անձրևալճում փորձարկելու համար: Ես մտածում եմ. «Տեսնես հիսուն տարի հետո Սասունիկը կունենա՞ իր բնավորությունը, իր դեմքը, իր մտածողությունը: Այնպիսի բնավորություն, ինչպիսին հին Սասունիկը, կամ Օրգովը ունեն: Որ թե հարկ լինի նորից սարերը բարձրանան, մեկ մարդու նման ելնի ու բարձրանա, որ մեկ մարդու նման կռվի, թե թշնամություն լինի աշխարհում»: Ես ուզում եմ պատկերացնել, թե ինչպես է ձևավորվում չորս տարեկան Սասունիկի բնավորությունը: Ես ուզում եմ ազնիվ, մարդկային մեկ բնավորություն ունենա Սասունիկը: Այսօր ոչ մի լեզվաբան չի կարող ասել, թե ինչպես կխոսի սասունիկցին մի քանի տարի հետո: Այսօր Սասունիկում խոսում են տարբեր բարբառներով: Լեզվաբանը հավանաբար կենթադրի, որ տարիների ընթացքում այդ բոլոր բարբառները կձուլվեն ու կառաջանա նոր որակ: Սա շատ ընդհանուր ենթադրություն կլինի, բայց, հավանաբար՝ ճիշտ: Սասունիկի դպրոցի դիրեկտոր Հովհաննես Գալստյանին ու հայոց լեզվի դասատու Հարություն Ավետիսյանին դա չի հետաքրքրում: Նրանց երազանքն է, որ իրենց աշակերտները խոսեն մաքուր հայերենով: Բայց ինչպե՞ս հասնեք դրան, երբ նույնիսկ Սիրիայից եկած հայրենադարձները, դասընկերներին զարմացնելու համար մեկ էլ տեսար քրդերեն խոսեցին, երբ սասունցի Մնացի չորս տարեկան տղայի խոսքերից ապարանցի Արշոյի չորս տարեկան տղան մի քանի բառ հազիվ հասկանա:
— Էս երեխեքին հայերեն սովորեցնել դժվար խնդիր է,— գլուխն օրորում է շքանշանակիր Մնացականը:— Ժամանակ է պետք դրա համար:
«Իտալական կինոսցենարներ» ռուսերեն գիրքը թևի տակ դրած, սովխոզի տեխնիկական վերահսկիչ Միշայի կարծիքով Սասունիկը այսօր երկու բնավորություն ունի: Զարմանայի է, չէ՞: Չորս տարեկան և երկու բնավորություն: Բայց դա այդպես է, որովհետև…
Մի քանի տասնյակ երկհարկ ու եռահարկ շենքեր ունեցող ավանը բաժանված է երկու մասի, ըստ՝ «տերիտորիայի» և «հոգեկան կերտվածքի»: Ավանի այն մասը, որտեղ երկհարկանի շենքեր են կառուցված, կոչվում է Սասունցիների գյուղ, եռահարկ շենքերից կառուցված մասը՝ Քաղաքատիպ ավան: Սասունցիների գյուղում երկու տարի աոաջ Հարութը, Վաղոն, Փայլակը գոմեր շինեցին: Սասունցիների գյուղում սկսեցին ոչխար ու հավ պահել, ծառեր տնկեցին տնամերձ հողամասերում, մառաններ կառուցեցին խաղող ու գինի պահելու համար: Քաղաքատիպ ավանի բնակիչները բարեհոգի ժպտում էին: Նրանց մեջ էլ, իհարկե, մարդիկ եղան, որ ուզեցին տեղափոխվել սասունցիների գյուղ, բայց մեծամասնությունը համոզված է, որ շուտով մարդիկ խելքի կգան, որովհետև Սասունիկը քաղաք է դառնալու, իսկ քաղաքում անասուն չեն պահի: Սասունցիները հակառակն են մտածում՝ սովխոզում առանց կաթ ու մածուն, բանջարեղեն ու կանաչի ունենալու՝ դժվար է ապրել: «Քաղաքատիպ ավանում շուտով խելքի կգան»,— ասում են նրանք: Ու երբեմն վեճեր են լինում: Եվ երբ քաղաքատիպ ավանի բնակիչը վեճի մեջ նեղն է ընկնում, խայթում է.
— Ես մոռացեւ էի, որ դու գյուղացի ես:
Սասունցիները չեն վիրավորվում: Եվ երբ, աշխատանքից հետո, քաղաքատիպ ավանի պատշգամբներում նստած մարդիկ շախմատ ու նարդի են խաղում, սասունցիների գյուղում մարդիկ տնամերձ այգում աշխատում են:
Չորս տարեկան Սասունիկը սովորում է:
Սովորում է մանկապարտեզում, դպրոցում, տանը, այգիներում:
Ապարանցի Հովհաննեսը արդեն գինի քամել է սովորել ու սովորեցնում է նորեկ Միսակին: Հովհաննեսի կինը արդեն ալանի ու սուջուխ է պատրաստում: Հայրենիք անունով հայրենադարձ տղան դպրոցում սովորած տառերը փոքր եղբորն է սովորեցնում:
Սասունիկում սովորում են խաղող աճեցնել, գինի քամել, բայց հարբեցողներին չեն սիրում: Եվ եթե մեկը հանկարծ հարբեց, նրան պատմում են տրակտորիստ Հակոբի հետ պատահած դեպքը: Հակոբը սովխոզի առաջին աշխատողներից է: Մի օր, երբ դեռ Սասունիկի հիմքն էլ չէին գցել, Հակոբը որոշում է խմել: Նստում է «Բելոռուս» տրակտորը և ուղիղ գնում է Էջմիածին: Ճաշարաններից մեկում լավ խմելուց հեստ, դուրս է գալիս փողոց, բայց չի հասկանում, թե ինքը որտեղ է: Մոտենում է մի խումբ մարդկանց.
— Տղերք, էս որտե՞ղ է:
— Էջմիածինն է,— պատասխանում են:
— Բա դուք ի՞նչ գործ ունեք այստեղ,— հարցնում է:
Տղերքը ծիծաղում են, իսկ միլիցիոներները գալիս են սրան բռնում, զրկում են տրակտոր վարելու իրավունքից:
Հիմա Հակոբը սովորական բանվոր է, այգիներում էտ ու փոր է անում:
Չորս տարեկան Սասունիկը սովորում է խորամանկել…
Հիսուն տարեկան Գվիդոնի տղան՝ Ահարոնը, հիվանդանում է: Գվիդոնր գալիս է սովխոզի գրասենյակ, որ զանգահարի շրջկենտրոնի հիվանդանոց, շտապ օգնություն կանչի:
— Ալո,— ասում է,— ո՞վ է լսում:
— Լսում ենք, ասեք,— պատասխանում են:
— Ո՞վ է լսում:
— Ի՞նչ եք ուզում, միանգամից ասեք,— բարկանում են:
— Չէ, ո՞վ է…
— Ենթադրենք՝ Պողոսը, ասեք…
— Պողոս ջան (ընկալուչի մեջ ծիծաղի ձայն է լսվում), Պողոս, Ահարոնս հիվանդ է, դու ծիծաղում ես:
— Ի՞նչ է պատահել…
— Տաքություն ունի, վառվում է:
— Չէ՛, տաքության համար մեքենա չենք ու-ղարկում, դուք բերեք…
— Բժիշկ ջան, խնդրում եմ…
— Տո՜ւ, տո՜ւ, տո՜ւ…
Գվիդոնր տխուր-տրտում ներքև է իջնում, պատշգամբի տակ խմբված մարդկանց պատմում է այս դեպքը: Ու մեկ էլ վեց տարեկան Սամվելն ասում է.
— Չկարողացա՞ր խաբել, ասեիր կույր աղիքի նոպա ունի, կգային:
— Վայ, քո հողն իմ գլխին, Սամվել…
Չորս տարեկան Սասունիկը սովորում է: Լեռնարոտցի անասնապահի կինը այստեղ նոր բնակարան է ստանում, ամեն մի հարմարությունով՝ ջուր, գազօջախ… Ուրախանում, աշխարհով մեկ է լինում: Երեկոյան, կերակուրով ամանը գազօջախից վերցնում է, փչում է, կրակը հանգցնում: Իսկ գազը հոսում է, հա հոսում: Ու մեկ էլ՝ զգում է, որ սենյակի օդը ծանրացավ: Ոչինչ չի կասկածում, մինչև հարևանի կինը պատահաբար ներս է մտնում: Գազի գրասենյակում իմանամ են, ուզում են տուգանել, բայց խեղճ կինը արդարանում է. «Ես չգիտեի, թող ասեիք, ինչ անեմ»:
Հաջորդ օրը ավանում մի նոր մականուն է հայտնվում:
Սասունիկի սովխոզում ամեն մի թուփ, ամեն մի քար, հանդամաս, այգի իր անունն ունի: Նույնիսկ Արշակի չծնված որդին անուն ունի:
Սասունիկում երեխա ունենալը բարի գործ է: Հինգ երեխայից պակաս ունեցող ծխերը մատների վրա են հաշվվում:
Ծնվում են մանուկները, ու Սասունիկը մեծանում է: Անցյալ տարի Սիրիայից հայրենադարձներ եկան: Ծխի գլուիւ Ռզգու Հովսեփյանը իր հետ բերեց 11 շունչ, որից ութը տղա, ծխի գլուխ Խաչիկ Կոշկարյանը իր հետ բերեց 7 երեխա… Ու այդպես քսաներեք ծուխ:
Չորս տարեկան Սասունիկը սովորում է պարել, ուրախանալ: Սասունցիների գյուղում մոռացվում են Սասնա պարերը, քաղաքատիպ ավանում թվիստ են պարում: Քաղաքատիպ ավան հարսանիքի կանչված սասունցին աչքի ծայրով նայում է, թե դպրոցի դիրեկտոր Հովհաննեսը ոնց է պատառաքաղ բռնում, սասունցի Փայլակը չի հավատում, թե Երևանում սովորող հարևանի տղան երգում է ֆրանսերեն, անգլերեն, թե… ավելի ճիշտ, չի հասկանում նա արտասանո՞ւմ է, թե՞ երգում…
Սասունիկը սովորում է նաև տխրել:
Երկու տարի առաջ ավանում սուգ եղավ: Սասունիկը ստիպված էր գերեզմանոց ունենալ: Մարդիկ այդ մասին չէին էլ մտածել: Ավանից հեռու հարմար մի տեղ գտնվեց: Մարդիկ հավաքվեցին գերեզմանափոսի մոտ ու իրար աչքերի մեջ նայեցին: Մարդիկ միմյանց աչքերում մահվան սարսափ նկատեցին ու վշտից սեղմվեցին կոկորդները: Հաջորդ օրը մի շիրմաթումբ ունեցող գերեզմանը արդեն անուն ուներ՝ Խաչոյի գերեզմանոց: Խաչոն կոլտնտեասթյան նախագահ է եղել հին Սասունիկում:
Նոր Սասունիկում 13 պաշտոնաթող նախագահ կա: Սասունիկում մի հանդամաս կա, որ կոչվում է Սաշիկի անունով: Սաշիկը քրդական Շամիրամ գյուղի նախկին նախագահներից է: Սասունիկում բրիգադավար է աշխատել:
Ու թեև հաստ, փառահեղ բեղեր ունեցող Սաշիկը արդեն Սասունիկում չի աշխատում, բայց նրա աշխատանքային խանդավառությունը չի մոռացվում: Ավանում հետաքրքիր պատմություններ կան կապված բրիգադիր Սաշիկի հետ: Պատմում են, որ մի անգամ գյուղատնտես Վոլոդյա Եղիազարյանը նրան ուղարկում է Էջմիածին, խաղողի տնկիներ բերելու:
— Սաշիկ, «Գառան դմակ» կբերես,— ասում է,— չմոռանաս:
Սաշիկը սկզբում մտածում է, որ գյուղատնտեսն իրեն ձեռք է առնում: «Քուրդ եմ, դրա համար գառան դմակ է ուզում»,— մտածում է: Իր բրիգադի տղերքին հարցնում է, ասում են, որ, իրոք, խաղողի այդպիսի տեսակ կա:
— Եկել եմ խաղողի չոփ տանելու,— ասում է Էջմիածնում:
— Ի՞նչ տեսակ եք ուզում,— հարցնում են:
Այստեղ Սաշիկը մոռանում է գյուղատնտեսի
պատվիրած տեսակի անունը, բայց խորամանկում է:
— Դուք ասեք, ինչ տեսակ ունեք, ես կընտրեմ:
— Ոսկեհատ, Թավրիզենի, Երևանի, Հաչաբաշ…
— Չէ…— Ու հանկարծ հիշում է.
— Ոչխարի դմակ…
Սովխոզում իսկույն հասկանում են, որ Սաշիկի ուզածը «Գառան դմակն» է: Հիմա Սաշիկը Սասունիկից թողել, գնացել է: Դաշտամասը, ուր տնկվել են նրա բերած «չոփերը», կոչվում է «Սաշիկի հանդամաս», իսկ բերքատու վազերը՝ «Սաշիկի չոփեր»:
Սասունիկում աշնանը նոր շենքեր կբարձրանան, երկհարկանի ու եռահարկ կշինեն այդ շենքերը, բայց շենքերի հետ սասունիկցիները մառաններ կունենան: Աշունը գինու երգով կմտնի մառանները, կարմիր խաղողների կայծկլտոցով, ուրախությամբ… Աշուններով կհարստանա Սասունիկը. կդառնա հանրապետությունում հայտնի անուն: Բայց տարիներ հետո, եթե մի ուրիշ տեղ ասեն, այս մարդը սասունիկցի է, ինչպե՞ս կընդունվի այդ մի բառը դիմացինի կողմից:
Գուցե այդ մի հատիկ բաոը արդեն տվյալ մարդու բնորոշումը լինի. «Ուրեմն լավ մարդ է», կամ՝ բարի է, խորամանկ է, հայրենասեր է, ժլատ է, խելոք է, միամիտ է…
Կուզեի Սասունիկը բարի անուն ունենար աշխարհում: Կուզեի չորս տարեկան Սասունիկին լավ սովորեցնեն՝ մանկապարտեզում, դպրոցում, այգիներում, տանը:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով