Գաբրիել Գարսիա Մարկես. Բալթազարի զարմանահրաշ երեկոն

Թռչնավանդակը պատրաստ էր: Ըստ սովորության, Բալթազարն այն կախեց ջրհորդանից, և, մինչ կավարտեր նախաճաշը, արդեն չորս կողմից բոլորն ասում էին, որ դա աշխարհի ամենագեղեցիկ վանդակն է: Այնքան մարդ հավաքվեց տեսնելու, որ տան առջև աղմուկ-աղաղակ ընկավ, և Բալթազարը ստիպված վանդակը կախած տեղից հանեց, արհեստանոցն էլ փակեց:
— Պետք է սափրվես,- ասաց կինը` Ուրսուլան,- տիրացուի տեսք ունես:
— Լավ նշան չէ նախաճաշից հետո սափրվելը,- ասաց Բալթազարը:
Երկու շաբաթվա մորուք ուներ, կարճ մազեր` կոշտ ու բիզ-բիզ, ինչպես ջորու բաշ և, առհասարակ, վախվորած տղայի արտահայտություն: Սակայն` կեղծ արտահայտություն: Փետրվարին լրացել էր նրա երեսուն տարին, արդեն չորս տարի էր, ինչ ապրում էր Ուրսուլայի հետ` առանց ամուսնանալու և երեխաներ ունենալու: Կյանքը նրան շատ առիթներով էր սթափեցրել, սակայն դեռ չէր վախեցրել: Չէր էլ կարծում, որ շատերն իր նոր ավարտած վանդակը համարում էին աշխարհում ամենագեղեցիկը: Մանկութ սովոր լինելով վանդակներ սարքել, իր կարծիքով սրա վրա պարզապես մնացածներից ավելի էր աշխատանք թափել:
— Ուրեմն, մի քիչ հանգստացիր,- ասաց կինը,- այդ մորուքով ոչ մի տեղ երևալ չես կարող:
Հանգստանալու ընթացքում ստիպված մի քանի անգամ վեր կացավ ցանցաճոճից, որ վանդակը ցույց տար եկող-գնացող հարևաններին: Նախքան այդ, Ուրսուլան նրան ուշադրություն չէր դարձնում: Բարկացած էր, որովհետև ամուսինը թողել էր փայտամշակման գործը, ուշք ու միտքը տվել վանդակին, երկու շաբաթ մարդավարի չէր էլ քնել` անկողնում շուռումուռ գալով ու ինքն իրեն խոսելով, մոռանալով անգամ սափրվել: Բայց նրա բարկությունն անցավ, երբ տեսավ պատրաստի վանդակը: Երբ Բալթազարն արթնացավ ետճաշյա քնից, Ուրսուլան արդուկել էր նրա տաբատն ու վերնաշապիկը, դրել ճոճի մոտ` աթոռին, վանդակն էլ տեղավորել էր ճաշասենյակի սեղանին: Եվ լուռ հիանում էր:
— Որքանով կվաճառես,- հարցրեց:
— Չգիտեմ,- պատասխանեց Բալթագարը,- կասեմ` երեսուն, տեսնեմ քսան կտա՞ն:
— Հիսուն ուզիր,- ասաց Ուրսուլան,- տասնհինգ օրում քանի գիշեր ես լուսացրել:
— Բավական էլ մեծ է: Երևի կյանքումս սրանից մեծը չեմ տեսել:
Բալթազարն սկսեց սափրվել:
— Կարծում ես` մի հիսուն պեսո կտա՞ն:
— Դա ինչ է դոն Չեպե Մոնտիելի համար, մանավանդ որ վանդակն իրոք այդքան արժե,- ասաց Ուրսուլան,- վաթսուն ուզիր:
Տունը նիրհում էր հեղձուցիչ կիսախավարում: Ապրիլի առաջին շաբաթն էր, և շոգն ավելի անտանելի էր չիչառաների բզզոցի պատճառով: Երբ Բալթազարը հագնվեց ու բացեց բակի դուռը` տունը զովացնելու համար, մի խումբ երեխաներ մտան ճաշասենյակ:
Վանդակի լուրը տարածվել էր: Օկտավիո Խիրալդոն` մի ծեր բժիշկ, կյանքից գոհ, բայց մասնագիտությունից հոգնած, իր հաշմանդամ տիկնոջ հետ նախաճաշում էր ու մտածում Բալթազարի վանդակի մասին: Դեպի ներս բացվող դարավանդում, ուր շոգ օրերին սեղան էին գցում, ծաղկամաններով ծաղիկներ կային և դեղձանիկներով երկու վանդակ:
Նրա կինը շատ էր սիրում թռչուններ, այնքան շատ, որ ատում էր կատուներին, վախենալով, թե կխժռեն նրանց: Խորհելով կնոջ մասին, բժիշկ Խիրալդոն այդ երեկո այցելեց մի հիվանդի և վերադարձին մտավ Բալթազարի տուն` վանդակը տեսնելու:
Ճաշասենյակում շատ մարդ կար: Սեղանին ցուցադրված երեք հարկանի մետաղալարե հսկա, գմբեթաձև վանդակը` միջանցքներով, ուտելու և քնելու հատուկ բաժիններով, թռչունների հանգստի համար նախատեսված քառանկյուն ազատ տարածքով, նման էր սառույցի հսկա գործարանի մանրակերտի: Բժիշկը ուշի ուշով զննեց վանդակն առանց ձեռք տալու և եզրակացրեց, որ այն գերազանցում էր սպասելիքները, և ավելի գեղեցիկ էր ու կատարյալ, քան երբևէ երազել էր ձեռք բերել կնոջ համար:
— Սա երևակայության թռիչք է,- ասաց նա: Մարդկանց մեջ փնտրեց Բալթազարին և հայրաբար աչքերը սևեռելով նրան, ավելացրեց.
— Քեզանից արտակարգ ճարտարապետ դուրս կգար:
Բալթազարը կարմրեց:
— Շնորհակալ եմ,- ասաց:
— Իսկապես,- ասաց բժիշկը, որն աչքի էր ընկնում նուրբ ձեռքերով և կանացի կլորիկ ու փափուկ գիրությամբ, կին, որ երիտասարդ ժամանակ չքնաղ է եղել: Ձայնը նման էր լատիներեն խոսող քահանայի ձայնի:
— Հարկ չի լինի անգամ դեղձանիկներ պահել,- ասաց բժիշկը վանդակը պտտելով մարդկանց աչքերի առջև, կարծես վաճառելիս լիներ:
— Բավական է կախես ծառերի մեջ` ինքն իրեն կսկսի երգել:
Կրկին այն դրեց սեղանին, մտածեց, ապա, նայելով վանդակին, ասաց.
— Լա՛վ, տանում եմ:
— Վաճառված է,- ասաց Ուրսուլան:
— Դոն Չեպե Մոնտիելի որդանն է,- ասաց Բալթազարը,- հատուկ նրա համար են պատվիրել:
Բժիշկը հեղինակավոր կեցվածք ընդունեց:
— Քեգ տվե՞լ էր նմուշը:
— Ոչ,- ասաց Բալթազարը:- Ուզում էր մի մեծ վանդակ, ինչպիսին սա է, մի զույզ պիրոլների համար:
Բժիշկը նայեց վանդակին:
— Բայց սա պիրոլների համար չէ:
— Իհարկե, այո, բժիշկ,- ասաց Բալթազարը, մոտենալով սեղանին: Երեխաները շրջապատեցին նրան:- Չափսերը ճիշտ են հաշվարկված,- ասաց` մատնանշելով տարբեր բաժինները: Հետո ծալած մատներով խփեց գմբեթին, և վանդակը լցվեց խուլ ակկորդներով:
— Եղած մետադալարերից սա ամենադիմացկունն է, և բոլոր միացումները ներսից ու դրսից զոդված են,- ասաց նա:
— Թութակին էլ հարմար է,- միջամտեց երեխաներից մեկը:
— Ճիշտ այդպես,- ասաց Բալթազարը:
Բժիշկը շարժեց գլուխը:
— Լավ, բայց չէ՞ որ քեզ չի տվել նմուշը,- ասաց նա:- Ստույգ ոչինչ չի պատվիրել, բացի այն, որ ընդարձակ վանդակ լինի պիրոլների համար: Այդպես չէ՞:
— Ճիշտ այդպես:
— Ուրեմն, ամեն ինչ կարգին է,- ասաց բժիշկը:- Պիրոլների համար մեծ վանդակը մի բան է, այս վանդակը` այլ բան: Ապացույց էլ չկա, թե սա հենց նրա պատվիրած վանդակն է:
— Հենց սա է, որ կա,- ասաց Բալթազարը,- դրա համար էլ սարքեցի:
Անհամբերությունից բժիշկը մի շարժում արեց:
— Կարող ես մի ուրիշը սարքել,- ասաց Ուրսուլան նայելով ամուսնուն, հետո բժշկին:- Դուք չէ՞ որ չեք շտապում:
— Վանդակը կնոջս եմ խոստացել այս երեկո,- ասաց բժիշկը:
— Շատ եմ ցավում, բժիշկ,- հարեց Բալթազարը,- բայց չի կարելի վաճառել մի բան, որ արդեն վաճառված է:
Բժիշկը թոթվեց ուսերը: Թաշկինակով չորացրեց պարանոցի քրտինքը, լուռ հիացավ վանդակով, չկտրելով հայացքը մի անորոշ կետից, ասես նայում էր հեռացող նավի ետևից:
— Քեզ որքա՞ն են տվել դրա դիմաց:
Առանց պատասխանելու` Բալթազարը փնտրեց Ուրսուլային:
— Վաթսուն պեսո,- ասաց կինը:
Բժիշկը աչքը չէր կտրում վանդակից:
— Շատ գեղեցիկ է,- հառաչեց:- Կատարելապես գեղեցիկ:
Հետո, շարժվելով դեպի դուռը, արագ-արագ, եռանդուն թափահարեց հովհարը. ժպտադեմ էր, և այդ միջադեպն ընդմիշտ ջնջվեց նրա հիշողությունից:
— Մոնտիելը շատ հարուստ է,- ասաց նա: Իրականում այնքան հարուստ չէր, որքան թվում էր, չնայած ոչ մի բանի առաջ կանգ չէր առել հարստանալու համար: Մի քանի տուն այն կողմ, զանազան հնոտիներով լեփ-լեցուն մի տան մեջ, ուր անկասկած վաճառվում էր ամեն ինչ, նա ապրում էր հանգիստ, վանդակը վաճառելու լուրին անտեղյակ: Նրա կինը, որ մշտապես վախենում էր մահվան սպառնալիքից, ճաշից հետո փակեց դուռ ու լուսամուտ և բաց աչքերով երկու ժամ պառկեց կիսախավար սենյակում, քանի դեռ Խոսե Մոնտիելը վայելում էր ետճաշյա քունը: Կինը վեր թռավ ձայների ժխորից, բացեց ճաշասենյակի դուռը, տան դիմաց տեսավ մարդկանց բազմություն և Բալթազարին` վանդակը ձեռքին, բազմության կենտրոնում, ճերմակազգեստ, նոր սափրված, պատվասիրության այն անմեղ արտահայտությամբ, որով աղքատները գնում են հարուստների տուն:
— Ի՜նչ հրաշալի բան է,- բացականչեց Խոսե Մոնտիելի կինը շողացող դեմքով և Բալթազարին ներս հրավիրեց:- Սրա նմանը կյանքումս չեմ տեսել,- ասաց և քանի որ մարդիկ խմբվում էին դռան առջև` անհանգիստ ավելացրեց,- տարեք ներս, թե չէ հիմա ճաշասենյակը կդարձնեն գոմ:
Բալթազարը օտար չէր Խոսե Մոնտիելի տանը: Տարբեր առիթներով, իրեն հատուկ պատրաստականությամբ և ճշտապահությամբ, հյուսնի մանր-մունր գործեր էր կատարել այնտեղ: Բայց երբեք սրտովը չէր հարուստների շրջապատում լինելը: Սովորաբար, երբ մտածում էր հարուստների, նրանց տգեղ ու կռվարար կանանց և սոսկալի գործողությունների մասին, նրան պատում էր խղճահարությունը: Երբ մտնում էր նրանց տները, չէր կարողանում շարժվել առանց ոտքերը քարշ տալու:
— Պեպեն տա՞նն է,- հարցրեց:
Վանդակը դրել էր ճաշասենյակի սեղանին:
— Դպրոցում է,- կամաց ասաց Խոսե Մոնտիելի կինը,- բայց չի ուշանա,- և ավելացրեց.
— Մոնտիելը լողանում է:
Իրականում Մոնտիելը ժամանակ էլ չուներ լողանալու: Արագ-արագ մարմինը շփում էր կամֆորայի սպիրտով, որ դուրս գար տեսներ, թե ինչ էր պատահել: Այնքան զգուշավոր մարդ էր, որ քնում էր առանց էլեկտրական օդափոխիչի, որպեսզի քնած ժամանակ էլ տեղյակ լիներ տան բամբասանքներին:
— Մի արի տես` ի՜նչ հրաշալի բան է,- բացականչեց կինը:
Մարմնեղ և մազոտ Խոսե Մոնտիելը սրբիչը ծոծրակին` գլուխը դուրս հանեց պատուհանից:
— Այդ ի՞նչ է:
— Պեպեի վանդակը,- ասաց Բալթազարը:
Կինը քարացած նայեց նրան:
— Ո՞ւմ:
— Պեպեի,- հաստատեց Բալթազարը: Հետո դիմեց Խոսե Մոնտիելին.
— Պեպեն ինձ պատվիրեց, որ սարքեմ:
Ոչինչ չպատահեց այդ պահին, բայց Բալթազարին թվաց, թե բացվեց լողասենյակի դուռը: Խոսե Մոնտիելը փոխանով դուրս եկավ ննջարանից:
— Պեպե՛,- բղավեց:
— Դեռ չի եկել,- շշնջաց կինը, առանց շարժվելու:
Պեպեն հայտնվեց դռան արանքում: Կլիներ մի տասներկու տարեկան, մոր թարթիչների նման շուռ եկած թարթիչներով և նրա մեղմ հուզականությամբ:
— Արի այստեղ,- ասաց Խոսե Մոնտիելը,- սա դո՞ւ ես պատվիրել:
Երեխան գլուխը կախեց: Մազերից բռնելով, Խոսե Մոնտիելը ստիպեց, որ իր աչքերին նայի:
— Պատասխանի՛ր:
Երեխան, առանց պատասխանելու, կծեց շրթունքը:
— Մոնտիե՛լ,- շշնջաց կինը:
Խոսե Մոնտիելը երեխային բաց թողեց և, զայրույթը հազիվ զսպելով, շրջվեց Բալթազարի կողմը.
— Շատ եմ ցավում, Բալթազար,- ասաց նա,- բայց պատրաստելուց առաջ պետք է հետս խորհրդակցեիր: Միայն քո խելքին կփչեր փոքրի հետ գործ բռնել:- Խոսելիս դեմքը վերստին խաղաղվեց: Առանց նայելու, բարձրացրեց վանդակն ու տվեց Բալթազարին:
— Իսկույն տար և ում կարենաս` վաճառի՛ր,- ասաց:- Շատ կխնդրեի, որ հետս չվիճես,- բարեկամաբար ուսին խփեց ու բացատրեց.- բժիշկն ինձ արգելել է զայրանալ:
Երեխան անշարժ կանգնած էր, առանց աչքերը թարթելու, մինչև որ Բալթազարը վանդակը ձեռքին նրան նայեց քարացած: Այդ ժամանակ երեխան արձակեց շան կլանչոցի պես մի կոկորդային ձայն և նետվեց հատակին:
Խոսե Մոնտիելը անվրդով նայում էր նրան, մինչդեռ մայրը ջանում էր սփոփել տղային:
— Չբարձրացնես,- ասաց հայրը,- թող գլուխը հատակին ջարդի, հետո աղ ու լիմոն շաղ կտաս, որ ինչքան ուզի կատաղի:
Երեխան անարցունք ծղրտում էր, մայրը բռնել էր թևերը:
— Թո՛ղ նրան,- պնդեց Խոսե Մոնտիելը:
Բալթազարը երեխային զննում էր այնպես` ինչպես կհետևեր հոգեվարք ապրող վարակիչ կենդանուն: Համարյա ժամը չորսն էր:
Այդ ժամին Ուրսուլան տանը` խոհանոցում էր, և սոխը կլոր-կլոր կտրատելով երգում էր մի հին երգ:
— Պեպե՛,- ժպտալով տղային մոտեցավ Բալթազարը և մեկնեց վանդակը: Տղան ցատկեց տեղից, գրկեց վանդակը, որ համարյա իր չափսին էր, և մետաղյա հյուսքերի արանքից նայեց Բալթազարին. չգիտեր ինչ ասեր: Ոչ մի կաթիլ արցունք չէր թափել:
— Բալթազա՛ր,- կամացուկ ասաց Մոնտիելը,- քեզ չասացի՞ որ տանես:
— Վերադարձրո՛ւ,- հրամայեց մայրը տղային:
— Թող քեզ մնա,- ասաց Բալթազարը: Հետո շրջվեց Մոնտիելի կողմը.
— Վերջին հաշվով չէ՞ որ նրա համար եմ պատրաստել:
Խոսե Մոնտիելը նրա ետևից գնաց մինչև ճաշասենյակ:
— Հիմարություն մի՛ արա, Բալթազար,- ասաց առաջը կտրելով:- Փասա-փուսադ քաշիր և այլևս հիմարություն մի արա: Մի սենտավո էլ չեմ վճարի:
— Կարևոր չէ,- ասաց Բալթազարը,- ես վանդակը սարքել եմ միայն Պեպեին նվիրելու համար: Փոխարենը ոչինչ չեմ ուզում:
Երբ Բալթազարը հետաքրքրասերների միջով ճամփա բացեց, որոնք փակել էին ելքը, ճաշասենյակի մեջտեղում կանգնած Խոսե Մոնտիելը բղավում էր:
Սփրթնած էր, աչքերն էլ սկսում էին կարմրել:
— Հիմա՛ր,- բղավում էր,- տար քո զիբիլը: Այդ էր պակաս, որ ով ուզենա տանս մեջ հրամաններ տա: Գրո՛ղը տանի:
Բիլիարդի սրահում Բալթազարին դիմավորեցին ծափահարություններով: Մինչ այդ պահը նա կարծում էր, թե պատրաստել էր լավագույն վանդակը Խոսե Մոնտիելի որդուն նվիրելու համար, որ լացը կտրեր, և որ այդ ամենի մեջ որևէ առանձնահատուկ բան չկար:
Սակայն հետո գլխի ընկավ, որ այդ ամենը շատերի համար չափից ավելի կարևոր էր. նա մի քիչ հուզվեց:
— Հաստատ քեզ հիսուն պեսո են տվել վանդակի համար:
— Վաթսուն,- ասաց Բալթազարը:
— Հարկավոր է պատը չոփ խրել,- ասաց մեկը:- Դու միակ մարդն ես, որին հաջողվել է դոն Չեպե Մոնտիելից մի տոպրակ փող պոկել: Պետք է նշել:
Նրան գարեջուր հյուրասիրեցին, և Բալթազարն էլ իր հերթին բոլորի համար խմիչք պատվիրեց: -Քանի որ կյանքում առաջին անգամ էր խմում, երեկոյան արդեն լիովին հարբած էր և խոսում էր հեքիաթային մի ծրագրի՝ նախ հազար վանդակ վաթսուն պեսոյով, ապա և մեկ միլիոն վանդակ` նայն ձևով վաճառելու մասին, մինչև որ հավաքեր վաթսուն միլիոն պեսո:
— Հարկավոր է շատ բան սարքել հարուստներին վաճառելու համար նախքան նրանց մեռնելը,- ասում էր Բալթազարը հարբածությունից կուրացած:- Բոլորն էլ հիվանդ են և շուտով կմեռնեն: Մի տեսեք, թե ի՜նչ օրն են ընկել, որ զայրանալն անգամ արգելված է նրանց:
Երկու ժամ շարունակ ավտոմատ ձայնապնակը նվագեց Բալթազարի հաշվին: Բոլորը խմեցին նրա բախտի և հարստանալու, ինչպես նաև հարուստների մեռնելու կենացը: Բայց երբ մոտեցավ ընթրելու ժամը` սրահում նրան մենակ թողեցին:
Ուրսուլան մինչև ժամը ութը սպասեց նրան` կլոր-կյոր կտրատած սոխով տապակած միսը սեղանին: Ինչ-որ մեկն ասաց, որ Բալթազարը բիլիարդի սրահում երջանկությունից խենթացած բոլորին գարեջուր է հյուրասիրում, սակայն չհավատաց, քանի որ ամուսինը երբեք չէր հարբել: Երբ պառկեց, համարյա կեսգիշերին, Բալթազարն արդեն մի լուսավոր սրահում էր, որտեղ կային չորս տեղանոց սեղաններ` իրենց աթոռներով, և բացօթյա պարահրապարակ, ուր թևածում էին ճայերը: Կեղտոտ ու կարմիր բծերով պատած դեմքով, անզոր մի քայլ անելու, Բալթազարին թվում էր, թե ուզում է երկու կանանց հետ պառկել միևնույն մահճակալին: Այնքան էր ծախսել, որ ստիպված ժամացույցը գրավ դրեց` հաջորդ օրը վճարելու պայմանով: Քիչ անց, փողոցի մեջտեղում փռված, մի կերպ գլխի ընկավ, որ կոշիկները վրայից հանում են, սակայն չուզեց իր կյանքի լավագույն երազը կիսատ թողնել: Կանայք, որ շտապում էին առավոտյան ժամը հինգի պատարագին, սիրտ չարեցին վրան նայել, կարծելով, թե մեռած է:

Իսպաներենից թարգմանեց Մերի Սուքիասյանը

«Գարուն», 1993, N8

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով