Կարլեն Դանիելյան. Մանկության օրերի ձայները

«Գարուն» 1981, 3

Արևմուտին լուսավոր օրն ասես կորցնում էր իր բոլոր գույները։ Տաք իրիկունն իջնում էր դանդաղ` երազանքի պես, պատառ-պատառ. հետո մարում էին ձայները, խոր տրտմության մեջ վերջանում էին անվերջանալի օրվա գունեղ սարսուռները։ Եվ մանուկը, որ կորել էր փոշոտ ճանապարհներին, տուն էր վերադառնում որդան կարմիրի հազվագյուտ ու նորահայտ գեղեցկությունը վրան։
Գրողը մեզ առաջնորդում է ամենագո այն աշխարհը, որ մանկություն է կոչվում, որտեղ խաբկանքը միշտ միացած է երազանքին, որտեղ մարդիկ կարողանում են արյան մեջ անմնացորդ լուծել տպավորությունների և զգայությունների ամենաչնչին պատառիկները, որտեղ գիտակցությունը չէ, որ հոգևոր աշխարհ է ստեղծում, այլ` հոգևոր աշխարհի անհայտ դռներն են բացվում անսովոր ու պատահական երջանկությամբ գիտակցության առաջ, որ ճգնում է շոշափել իրեն, ճանաչել ու տեսնել սեփական անորոշության միջից ելնող իրական ու պարզ ինքնագոյությունը։
Ռուբեն Հովսեփյանը փորձում է ճշմարտացի լինել այդ երկար, հրաշալի օրվա պատմությունը վերապրելիս: Ու թեև նա այդ անում է խճճված, տաք, գունագեղ, հազար թելերով անցյալի հետ կապված հուշավազքի մեջ, թեև հոգևոր ներանձնացումից ծնված տրտմության ալեբախումը բերում է կարոտ, տառապանք ու սեր, այնուամենայնիվ, արդյունքում անցյալի վերապրումը դառնում է կարծր իսկության ճշմարտապատում և անողոք դրվագանկար։
Սա այն աշխարհն է, ուր ընթերցողը ներս է մանում բավական արգելքներ հաղթահարելուց հետո։ Նախ` պատումի անսովորությունը։ Ազատագրվելով նկարագրական-պատմողական ոճից, Ռ. Հովսեփյանը ջանում է կառանել տարբեր ուղղություներով դեպի հուշերի և անցյալի տպավորությունների ծովն ընթացող գիտակցության բազմաշերտ հոսքը: Աստիճանաբար տեղի է ունենում անսովոր ու հետաքրքիր ինքնահայտնաբերում` հուշերի, ապրած-գնացածի մնայուն և հին զգայությունների վերարթնացման մեջ: Գրողը փորձում է իշխել այդ բոլորին` թրթռուն խանդաղատանքի ու գորովի նվագների ներքո գրկախառնվելով բոլոր նրանց հետ, ովքեր դուրս են լողում անգոյությունից, պարզ, շիտակ, իրավ նկարագրով, խունացած դեմքերով, փոշոտ ու հին, կեսդարյա կենսագրությամբ, որ իրենցն է և երկրինը, որ ներկայացնում է ճակատագրի անձնական դարձադարձը պատմություն կոչված անողոք ռեալության մեջ:
Գորշ հողերի անապատում մոլորված մի կիսակայարան. վերաշինվող երկրի հեռավոր անկյուններից մեկը։ Այստեղ նոր միայն` գաղթից, սովից, հեղափոխական արյունոտ իրադարձություններից հետո, մարդիկ որոշում են տուն շինել, ջրհոր փորել, գործարան ու դպրոց կառուցել, գրախանութ բանալ։ Լևոն պապը հին գրավաճառ էր՝ Թիֆլիսից: Աղուտներում ապրելու որոշումը ռոմանտիկ ծրագիր չէր, թեև այն ժամանակ մարդիկ լի էին ռոմանտիկայով: Այստեղ զոհվել էր գրավաճառի ավագ որդին հեղափոխությանը տալով ջահել արյունը: Ու մնաց այստեղ, ու փորեց աղուտը, քարը-քարին դրեց։ Բահով շուռ տվեց քարաքոսից սևացած ապառաժի բեկորները, ջուր բերեց ձեռնասայլակով, ու մի օր էլ տեսավ, որ այգին ծաղկել է, թոռը մեծացել, իսկ հոգնությունը քաշում է, քաշում ծանրաքարի պես` ծալելով ոտքերը, մթարելով գիտակցությունը:
Այդ ժամանակ էր, որ գտնվեց Սահակ Տեր-Գրիգորյանի ձեռագիր-հիշատակարանը այս կողմերում եղած որդան կարմիրի մասին: Գունաներկի հին աստվածները կենդանի արարածներ էին, մանր, անպաշտպան, բայց երկարակյաց ու համառ որդեր, որ ապրում էին խոր լռության մեջ և արևերես դուրս գալիս միայն ամռան վերջերին հողի տաք երակներից` որպես վկաներ գույնի հարատև կենդանության։
Լևոն պապը ցանկապատեց աղուտի մի մասը: Ջրհորից հանված կճուճի մեջ դեռ կենդանի էին որդան կարմիրները։ Նա դրանց բաց թողեց բազմանալու համար և մտածում էր, թե գիտությունների ակադեմիայի պրեզիդենտին գրած իր նամակի պատասխանը ինչո՞ւ է ուշանում, չէ՞ որ «անցնող» յուրաքանչյուր օր երկրի երեսից պակասեցնում են որդան կարմիրների հազվագյուտ ցեղը»։
Պրեզիդենտը լռում էր և չէր պատասխանում։ Լևոն պապը հետո միտք հղացավ բավարարվել պրեզիդենտի տեսության յուրովի մեկնաբանությամբ. «Եթե աշխարհաստեղծման պահից տիեզրքում գործում է ծնունդի, մահվան օրինաչափ հերթականությունը, եթե հենց այս պահին էլ, գուցե նոր աստղեր են ծնվում, աստղաբույլեր, ապա ինչո՞ւ պիտի հնուց եկած սովորությամբ և տիեզերական այդ մեծ օրենքին հնազանդ նորից ու նոչից չծնվեն որդան կարմիրները։ Եթե մարդը մոռացոության է տալիս որևէ երևույթ, դա հո չի՞ նշակում, թե վերանում է երևույթը: Եթե հարգարժան պրեզիդենտը վերջերս է ի լուր աշխարհի հայտնել իր միտքը, դտ հո չի՞ նշանակում, թե մինչ այդ չէին ծնվում ու մեռնում աստղերը»:
Ամռան վերջերին նա գնաց աղուտը և Արայի հետ պառկեց հողի վրա` ականջը ձայնի: Երբ արևը զենիթին հասավ, նա վարեց հողը, արմտիքներ հանեց, արմտիքի վրա շարժվում էին փոքրիկ, դիմացկուն, «մեծամեծ հատկություններով օժտված» աստծո արարածները։ Նրանք չէին կորել, նրանք կային, նրանք ապրում էին հնադարյան համառումբ, շողարձակելով իրենց արյան ոսկին, կարմիրի այն հազվադեպ պայծառությունը, որ անանց է, չխամրող, մշտագո ու հավիտենական։
Հուշապատումի դժվարընթեռնելի, խւսոնակ, ծայրերը ինչ-որ տեղ հազիվ միայն իրար եկող շերտերը բացում են ետնախորքը այն տարիների ու տասնամյակների, որ ճակատագրական եղան նոր կյանքը կառուցողների համար։ Մարկեսյան ոճի որոշ անդրադարձը կա Ռ. Հովսեփյանի ստուգապատում և տառապանքով լի գեղարվեստական էջերում։ Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպի տաղանդավոր թարգմանիչը, որ պարզապես զարմացնում է կոլումբացի գրողի գեղարվեստական մտածողության խորքերը թափանցելու վարպետությամբ, այստեղ` «Որդան կարմիր» վիպակում և մանավանդ «Մեր թաղի մարդիկ» շարքի որոշ պատմվածքներում օգտվում է վիպագրի և թարգմանչի իր փորձից և նվաճում էքսպրեսիվ, զուգորդություններով հարուստ, սիմվոլիկայի և հեքիաթի տարածքային բազմաձևությունն իր մեջ առնող, սրամիտ-զավեշտական արձակի բնագծերը:
Ռուբեն Հովսեփյանը որպես արձակագիր հաստատում է իր տեղը ժամանակակից գեղարվեստական զարգացման մեջ: Նա հասունացել է, առնացել. նրա խոսքը` տեղ-տեղ միայն վրիպված, ընդհանուր առմամբ ձեռք է բերել ուժեղ պատկերավորություն և անսովոր պարբերույթ, որ հատկանշվում է բնութագրելու խոր ծալքերով և մտքի հուզական բեռնվածությամբ։ «Մեր թաղի մարդիկ» շարքը լրացնում է «Որդան կարմիրի» հուշագրական բացթողումները։ Սրանք անցյալի ու ներկայի այն մարդիկ են, որ կարող էին Լևոն պապի հետ որոնել որդան կարմիրը։ Ազնիվ ու գիտակ մարդիկ, զորեղ ու առողջ մարդիկ, և այդ բոլորի մեջ այն մանուկը, որ տեսել է երկար, հրաշալի օրվա անվերջանալի երջանկությունը։

Կարլեն Դանիելյան

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով