Մուշեղ Գալշոյան. Սարի ճամփով գնացող մարդիկ

«Գարունի» 1967 թվականի 7-րդ համարում հրապարակված Մուշեղ Գալշոյանի ակնարկը՝ Մուշեղ Մանուկյան ստորագրությամբ:

Կոմերիտմիության Իջևանի շրջկոմում զարմանում են.
— Ախր ի՞նչ կարիք, կա գրել ժողովի մասին:
— Կա, կսղագրեմ կամ կգրեմ:
— Սևքարում ժողով հնարավոր չի:
— Ինչո՞ւ:
— Քարտուղարը գյուղում չի:
— Քարտուղարը չկա, կոմիտե կա, կուսկազմակերպության քարտուղար…
— Անպայման՝ Սևքարո՞ւմ:
— Այո, ինձ ասել են, եթե որոշել եք գյուղական կոմերիտական կազմակերպության ժողովի մասին գրել, գնացեք Սևքար: Մեր լավագույն կազմակերպություններից է:
Եվ Սևքարում ենք:
Հիմա էլ կոմերիտմիության շրջկոմի կազմբաժնի վարիչ Ցոլակ Եգանյանն ու Սևքարի կաթնանասնապահական սովխոզի կուսակցական կազմակերպության քարտուղար Գրիշա Աբազյանն են բանակցում:
— Ի՞նչ ժողով, անունն ի՞նչ դնենք,- Աբազյանը նոթոտվել է:
— Այ, մի քանի օր հետո տարին կես է լինում, ընտրենք այսպիսի օրակարգ, դրա մասին կարելի է, նոր պարտավորություններ… Հը՞, հարմար օրակարգ չէ՞,- պայծառանում է Եգանյանը:
— Եթե ժողով անենք, օրակարգը հարմար է, դա էլ պետք է լինի: Բայց… Ուզունթալայում կազմակերպեցեք, էլի, կամ՝ Աչաջրում, կամ… Թե չէ, ամառ, կոմերիտականների կեսը էստեղ, կեսը՝ սարում, չի ստացվի:
— Լավ, ընկեր Աբազյան, իսկ Ուզունթալայում ու Աչաջրում ամառ չէ՞, նրանք սար չունե՞ն:
— Նրանց քարտուղարը Ռուսաստանում չէ,- ելքը գտնում է Աբազյանը:
Իսկ երբ երկար բանակցել էին՝ կոմերիտական ժողով կազմակերպե՞լ, չկազմակերպե՞լ, կստացվի՞, չի՞ ստացվի, և երբ Աբազյանը արդեն հաղթում էր, կոմերիտմիության շրջկոմի կազմբաժնի վարիչ Ցոլակ Եգանյանը դիմեց վերջին միջոցին.
— Ընկեր Աբազյան,- ասաց,- մարդը Երևանից եկել է հատկապես Սևքար՝ ժողովի մասնակցի, բա դատարկ թողնի, գնա՞, մարդիկ մեզ ի՞նչ կասեն: Ամսագրի բոլոր նյութերը պատրաստ են, բացի էս մեկից, բա մի ժողովի երեսից մեր երիտասարդական ամսագրի համարը ձախողվի՞:
Չէ՜, Աբազյանը այդպիսի «պատասխանատվություն» իր վրա վերցնողը չէ, ինչպե՞ս կարելի է երիտասարդական ամսագիրը «ձախողել»:
— Եթե սարից ժողովին մասնակցող չլինի, համաձա՞յն եք,- զիջում է Աբազյանը: Եգանյանը
ինձ է նայում:
— Ես ժողով չանելուն եմ համաձայն,- մի տեսակ վիրավորված եմ:
— Չէ, դուք գաք հասնեք էստեղ ու առանց ժողովի՞ գնաք, ամոթ չէ՞:- Հիմա էլ Աբազյանն է համառորեն պնդում, միայն թե՝
— Սարից մարդ չի լինի:
Եվ «ստորագրվում է համաձայնագիրը»: Ապա գրվում է հայտարարություն. «Հունիսի 24-ին, երեկոյան ժամը 8-ին տեղի կունենա Սևքարի սկզբնական կոմերիտական կազմակերպության ժողով: Օրակարգ.- Մեր սովխոզի այս տարվա պարտավորությունները և կոմերիտականների անելիքները (կիսամյակի ամփոփում): Զեկուցող՝ Գ. Աբազյան»:

***
Նշանակված օրը, ճաշից հետո, հանդիսավոր մտանք Սևքար: Ալեքսանդրը իր նկարչական լաքոտ ալբոմով, Պողոսը՝ գյուղի համար մի քիչ արտասովոր լուսանկարչական ապարատով, կուսշրջկոմի հրահանգիչ Ժորա Բարսեղյանը, կոմերիտմիության շրջկոմի քարտուղար Նորիկ Գալստյանն ու ես՝ ձեռնունայն, բայց լուրջ: Եվ այդպես հանդիսավոր անցանք մի փողոց, մի կամուրջ, հասանք Աբազյանի մոտ:
Եվ մեր հանդիսավոր երթին միանում է նաև Գ. Աբազյանը՝ զուսպ ու ավելի լուրջ, քան մենք ենք:
— Կուլտուրայի տուն ենք կառուցում,- մատնացույց է անում կիսակառույցը:-Սա էլ Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին կանգնեցրած արձանը:
— Պողոս, լուսանկարիր:- Պողոսը «կրակի» տակ է առնում զինվորի արձանը:
Հետո Ալեքսանդր Գրիգորյանը նստում է պատաշարին, բացում նկարչական ալբոմը, առնում կանաչ մատիտը և փորձում արդարացնել Երևանից Սևքար գործուղվելու փաստը: Տղաներ են հավաքվում Ալեքսանդրի շուրջբոլոր, ծկլկում, նայում նկարչի կանաչ գծերին, ապա՝ հայացքի ուղղությամբ՝ սարն ի վեր ձգվող տներին, տները խեղդող ծառերին, դիմացի անտառին, նորից՝ նկարին, ապա նայում են իրար ու տարակուսած շարժում ուսերը, ասել է թե՝ Ալեքսանդրի նկարը չեն հավանում, իրենց այդքան ծանոթ տներն ու ծառերը չեն գտնում նկարչի կանաչ խզբզոցի մեջ:
— Ձեր նկարչին ասեք, թե ուզում է գյուղը նկարել, բարձրանանք Կիլպունի յալը,- ասում է Աբազյանը,- հրեն,- ձեռքն ուղղում է սարի կողմը:
— Գնացինք, Ալեքսանդր,- առիթը չեմ կորցնում հայացքների ու գծերի մեջ խճճված ընկերոջս փրկելու:
Բարձրանում ենք Կիլպունի յալը, թե աչքս կտրեր՝ աշխարհի եզրերը անպայման կտեսնեի: Գյուղի տները ելել, հասել են սարի պորտը, ավելի վեր, հենց գագաթին էլ տուն շինելու աչք կա. մեկն էլ թեկուզ Ալեքսանդրը.
— Այստեղ մի տուն ունենայի,- ասում է,- մեծ սիրով կապրեի այստեղ:
— Է, ապրիր, ո՞վ չի թողել,- ասում եմ,- քաղաքի մի սենյականոց բնակարանդ տուր, էն երկու հարկանի տունը կտան:
— Այդպես չէ, ամառները ապրելու համար եմ ասում:
— Հա՜, վատ ցանկություն չէ, դրանից էլ գյուղը վնաս չունի, մի տասը անգամ կնկարես, տասը անգամ կշենանա:
Եվ Կիլպունի յալից նկարիչն ու լուսանկարիչը սկսում են «շենացնել» Սևքարը:
Իսկ մենք արքայավայել թիկնել ենք սարի գլխին: Գրիշա Աբազյանի դեմքին չարաճճի մի ժպիտ կա: Նորություն: Ժողովի մասին բանակցություններ վարելու օրը չկար, թեկուզ և քիչ առաջ, երբ գրասենյակում էինք, երբ քայլում էինք Սևքարի փողոցներով:
— Ծառերը թույլ չեն տալիս, որ շենքերով որոշեմ, Աբազյան, դու ասա, գյուղի ամենահարուստն ո՞վ է:- Տեսնենք այդ չարաճճի ժպիւոի տակ ի՞նչ կա:
— Ես եմ:
— Տունդ ո՞րն է, երևո՞ւմ է այստեղից:
— Չէ, տունս պահել եմ:
Օհո՜, Աբազյանը կարգին կատակել գիտի:
— Պողոս,- ասում է,- մի հատ ինձ լուսանկարիր:
Պողոսը լուսանկարում է: Աբազյանը հիմա էլ թիկունքն է դեմ անում.
— Պողոս, մի հատ էլ էսպես նկարիր,- կարգադրում է: Հետո էլ ծաղիկ է պոկում, մեկնում ինձ.
— Առ, էս քեզ ծաղիկ: Քաղաքում ի՞նչ կարժենա սրա հատը:- Պատասխանի չի սպասում,- մի 10-15 կոպեկ կարժենա… հարստություն է կորչում, է՜, հարստություն… Առ, էս քեզ 10 կոպեկ, էս քեզ 15 կոպեկ, էս քեզ… էս քեզ… Առ, էս քեզ մորի, վայրի մորի, փորացավի համար շատ լավ է, կեր:
Աբազյանը ինձ՝ քաղաքաբնակիս ձեռ է առնում: Վնաս չունի: Միայն թե Գրիշա Աբազյանին տեսնեմ այնպես, ինչպիսին կա:
— Լսիր,- նույն չարաճճի ժպիտը դեմքին դառնում է ինձ,- յանի դու ի՞նչ պիտի գրես ժողովի մասին:
— Հայ, հա՜յ,- աշխատում եմ բռնել իր տոնը,- էնպիսի բաներ, որ զարմանքդ գա:
— Յա՜,- ձգում է, հետո թմբթմբացնում թիկունքիս,- արա, դու լավ տղա ես եղել, գնանք տուն սալորի արաղ խմենք:
— Բա դու, դու ինչքան լավն ես, Աբազյան:
Եվ սարն ի վար գլորվող մեր ծիծաղի ետևից իջնում ենք, կանգ առնում սարի փեշին փաթաթված ճամփեզրին, սպասում տղաներին: Իրիկնապահ է, և դաշտից գյուղ դարձող մարդիկ տրորում են ճամփի լռությունը:
Չորս-հինգ հոգի, ավանակներին նստած, գալիս, մոտենում են: Չգիտեմ ինչու, ժպտում եմ, կատակի տրամադրությամբ թեքվում Աբազյանի կողմ… Վա՜հ, դեմքի քիչ առաջվա ժպիտը ո՞ւր է: Չկա: Դեմքը լուրջ է ու կենտրոնացած:
— Բարի աջողում:- Ասողը ավանակը հարմար նստած մի ծերունի է:
— Բարև ձեզ, ընկեր Ծովանյան,- պատասխանում է Աբազյանը, ապա դառնում ինձ,- մեր կոմունիստներից է, թոշակառու է, բայց աշխատում է:
— Բարի աջողում:
— Բարև ձեզ, ընկեր Բազինյան… Մեր կոմունիստներից է, բրիգադիր է աշխատում:
Բրիգադիր Բազինյանի ետևից քայլողը կորամեջք է: Ճերմակ, խռիվ մազերը թափվել են քրտինքով ծծված գլխարկի կողքերից, քայլում է գլուխկախ, ձեռքերը քամակին դրած:
— Բազինյան,- ձայն է տալիս կուսշրջկոմի հրահանգիչ Ժորա Բարսեղյանը,- էս մարդուն դեռ բանեցնո՞ւմ ես:- Բազինյանը ծիծաղում է, «էս մարդը» չլսելու է տալիս, անցնում, գնում են:
— Բարի աջողում:
— Բարև ձեզ, Գրիգորի Գրիգորիչ… Մեր լավագույն հանդապահներից է:
Գրիգորի Գրիգորիչը ցորենի արտից մի փունջ է բերել՝ ապացույց, որ հնձի ժամանակ է: Գրիգորի Գրիգորիչը ձիով է, իսկ ձին հղի է, ծնելու օրերն են:
— Թողեք թող հանգիստ մնա, մեղք է,- ասում եմ:
— Բա ես մեղք չե՞մ, ինձ ո՞վ է թողնում հանգիստ մնամ:
Երևում է գյուղի երեխաները շատ են նեղում քեզ ու Ջեյրանին:
Ջեյրանը Գրիգորի Գրիգորիչի ձին է:
— Բարի աջողում:
— Բարև ձեզ, ընկեր Փաշինյան… մեր երիտասարդ կոմունիստներից է, բրիգադիր է աշխատում:
«Արա, դե լավ, էլի,- մտքիս մեջ կռիվ եմ տալիս Աբազյանի հետ:- Բարև ձեզ, ընկեր Ծովանյան, բարև ձեզ ընկեր Բազինյան, բարև ձեզ ընկեր չգիտեմինչյան, դա բարևի պատասխան չէ, այ մարդ, պարտք է, պա՜րտք, քիչ առաջ կարգին մարդ էիր», ու դառնում եմ Աբազյանին.
— Արի նորից սարը բարձրանանք, էլի:
— Սա՞ր,- հարցական նայում է,- բարձրանանք ի՞նչ անենք, ժողովին մեկ ժամ քառասունհինգ րոպե է մնում…
Սևքարում ժողովները գումարվում են «Սուրբ Պետրոս» («Սուրբ Պետրոս-կառուցեց Սևքարի հասարակությունը 1852 թվին»-քաղվածք՝ պահեստի դռան կամարից), նախկին եկեղեցու երկրորդ հարկում (կինոն նույնպես այդտեղ է ցուցադրվում): Գմբեթն ու տանիքը թռցրել են, դրել երկրորդ հարկը: Հարկերի շարվածքները իրար չեն բռնում, բայց ժամանակը փոշի է մաղել որմ ու պատին և տարբերությունը այնքան չի երևում:
— Քոչարյան,- կանչում է Աբազյանը: Քոչարյանը աղվամազը երեսին տղա է, նստած է գրասենյակի պատի տակ:- Մի ժամ է մնում ժողովին, չմոռանաս:
— Չեմ մոռանա,- պատասխանում է… Քոչարյանը (կներեք, տղայի անունը չգիտեմ):
— Եսայան,- կանչում է Աբազյանը,- մի արի:
Եսայանը՝ կարմրատակած դեմքով, «բոկս» կտրած մազերով, ընդառաջ է գալիս:
— Ծանոթացեք,- հերթական պարտավորությունն է կատարում կուսկազմակերպության քարտուղար Գ. Աբազյանը,- կոմերիտական հովիվ է, սարից է եկել:
— Եսայան,- երիտասարդը մեկնում է ձեռքը:
— Սարում քեզ Եսայա՞ն են ասում,- հարցնում եմ:
— Չէ, Ռազմիկ:
— Դե, Ռազմիկ ասա, այ մարդ:
Եվ անմիջական այս խոսքով Ռազմիկն ու ես մտերմանում ենք: Գրասենյակի դռանը նստում
ենք կողք-կողքի, զրուցում սարից: Խեղճ Ռազմիկ, հազիվ մի օր հաջողացրել է գյուղ իջնել, միտքը քշում ենք սար, չենք թողնում «աշխարհիկ» կյանքով ապրի, էլի:
— Սարում ի՞նչ կա, Ռազմիկ:
— Հեչ:
— Ոնց թե հեչ, գա՞յլ էլ չկա:
— Գել կա, երկու հատ,- անմիջապես ու լուրջ պատասխանում է Ռազմիկը:
— Բայց ի՞նչ գիտես, թե՝ երկու:
— Երկու անգամ են հորի վրա քշել,- նույն լուրջ տոնն է:- Էդ ոչինչ, շուն ունենք, հրացան ունենք, կինո-թատրոնից ենք խեղճանում: Գարնանը մի անգամ եկան, մսի, կաթի համար ժողով արեցին, էղ պատճառով համերգ տվեցին, էդ էր ու էդ:
Հետո իր ընկերներ Զուլում Ղալումյանի ու Պտրոս Ծովանյանի մասին է պատմում՝ գովում է ու շիփ-շիտակ Զուլումին առանձնացնում, անձրևի ու կարկուտի մասին է պատմում, սեփականություն Իլա ձիու, մտերմիկ խոսում-պատմում է:
— Ռազմիկ,- ԼԿԵՄ շրջկոմի քարտուղար Ն. Գալստյանն է միջամտում,- կարո՞ղ ես ասել էգուց ի՞նչ օր է:
Դե, Ռազմիկ, եկ ու իմացիր Գալստյանի մտքինը: Այդ օրը հունիսի 24-ն էր, այդ ամբողջ օրը Գալստյանն ու ես միասին էինք, նա անընդհատ հիշել, անհանգստացել էր հաջորդ օրը անցկացվող կարևոր միջոցառման համար, և ես հազիվ գլխի ընկա, թե Գալստյանի ուզած էգուցը՝ սովետական երիտասարդության օրն է:
— Էգուց կիրակի է,- պատասխանում է Ռազմիկը:
— Չեմ ասում, թե շաբաթվա որ օրն է, ասում եմ էգուց՝ հունիսի 25-ը, ի՞նչ նշանավոր օր է,- Գալստյանը հույսը չի կտրում, և Ռազմիկին գցում մտքի մեջ: Հետո բացատրում, հասկացնում է.
— Ամեն տարի հունիսի 25-ը, Ռազմիկ, սովետական երիտասարդության օրն է: Չե՞ս մոռանա:
— Չէ,- շունչ է քաշում Ռազմիկը:
— Ընկեր Եսայան…- Աբազյանն է, մեր Ռազմիկին է կանչում.- Լավ, դու խոսիր ընկերների հետ… Ընկեր Քոչարյան,- (էլի ներողություն, ասել եմ արդեն, տղայի անունը, որն այդքան պետք էր, չգիտեմ),-վազիր մի 200 մոմանոց լամպ բեր:
Բարձրամոմ լամպն էլ մեր լուսանկարիչ Պողոսի պահանջն է՝ ժողովի բազմակողմանի նախապատրաստություն:
— Ընկեր կոմերիտականներ, այսօր Սևքարի կաթնանասնապահական սովխոզի կոմերիտական կազմակերպության ժողովը…
Հասկանալի է, ժողովը սկսված է, զեկուցողը Գ. Աբազյանն է: Մեր լուսանկարիչը՝ չըխկ, չըխկ, չըխկ… Մեկը չէ, երկուսը չէ, տարբեր տեղերից հա «կրակում» է:
— Ընկերներ, ես ուզում եմ մեր կոմերիտականներին մի անգամ ևս հիշեցնել, թե մեր սովխոզը այս ընթացիկ տարում ինչպիսի պարտավորություններ է վերցրել և մեր կոմերիտականները կուսակցական կազմակերպության հետ…
— Լսիր,- թևս քաշում է Ալեքսանդրը,- գլխի են ընկել, որ նկարում եմ, կեցվածք են ընդունել:
— Դրանցից ոչ մեկը աշխատող չէ,- հարկ է համարում ժողովի քարտուղարը, Մարուսյան՝ քիչ առաջ չաշխատողների շարքում նստած ինքն էլ էր կեցվածք ընդունել, հիմա նախանձում է,- դրանք բոլորն էլ դպրոցաններ են:
— Հա՞, դրանց պետք չէ, Մարուսյային նկարիր, Ալեքսանդր:
Մարուսյան կարմրում է:
— Ես էլ եմ դպրոցի կազմակերպությունից:
— Ոչինչ, քեզ կնկարեմ, պայմանով, որ արտադրության մեջ աշխատող կոմերիտականներին ցույց տաս,- Ալեքսանդրի խոսքի կեսը լուրջ է, կեսը՝ կատակ: Մարուսյան «քարտուղարական» իր բարձրությունից դահլիճն առնում է աչքի տակ, շարք-շարք սահեցնում է հայացքը, գտնում մեր ծանոթ հովիվ Ռազմիկ Եսայանին, կոմերիտմիությունից ոտքը հենց նոր դուրս դրած կուսթեկնածու Միշա Փաշինյանին, ամենավերջին շարքում նշմարում է ուսնկից նստած երեք ծխախոտագործուհու՝ Ռիմային, Ասյային, Ֆլորային: 200 մոմանոց լամպի լույսից չնչին բան էր նրանց բաժին ընկել, և ո՛չ Ալեքսանդրը, ո՛չ Պողոսը նրանց նկարել-լուսանկարելու միտք չունեին:
— Ընկերներ, նշված հաջողություններում իրենց բաժինն ունեն նաև մեր անվանի կոմերիտականները, որոնք գիշեր ու ցերեկ պայքարում են…
— Բայց լավ է խոսում, չէ,- ասում է Ալեքսանդրը:
…Ահա կոմերիտական հովիվներ Դիմիտրի Ղազարյանը, Ռազմիկ Եսայանը, ավտովարորդ Համլետ Բեջանյանը, այգեգործ բրիգադիր Միշա Փաշինյանը: Ինչու չպետք է խոսել անվանի ծխախոտագործ օղակավարուհի, շրջսովետի դեպուտատ ընկեր Ռիմա յանի մասին: Անպայման պետք է խոսել կոմերիտուհիներ Ասյա Մինասյանի, Ֆլորա Հովսեփյանի, Օֆելյա Եսայանի մասին: Սակայն…
(- Պետք է նշել,- մեկը Աբազյանից առաջ, Աբազյանի զեկուցումը առաջ է տանում):
…Ցավոք սրտի պետք է նշել, որ դեռ ունենք այնպիսի կոմերիտականներ, որոնք բացի ժողովներին վատ մասնակցելուց, նաև չեն զբաղվում հանրօգուտ աշխատանքով: Օրինակ Լարիսա Ղուկասյանը…
— Տես, է՛, տղերքից զգուշանում է, կուժը էլի խեղճ աղջիկների գլխին է ջարդում: Չէ՞, Մարուսյա: -Դահլիճից բան դուրս չեկավ, Ալեքսանդրը հիմա շուռ է եկել՝ կողքը նստած ժողովի քարտուղարին է նկարում:
— Ընկերներ, մի քանի խոսք երիտասարդության հանգստի, գյուղի կուլտուր-կենցաղային պայմանների մասին: Կառուցվել է սպորտհրապարակ, գյուղն ունի հիվանդանոց, մսուր-մանկապարտեզ, բաղնիք, ճաշարան: Գործում է ստացիոնար կինոն, կենցաղ սպասարկման պավիլիոն, կահույքի ցեխ…
— Յա՜,- զարմանքն ու հիացմունքը իրար է խառնում Ալեքսանդրը,- էլ ի՞նչ գյուղ, քաղաք է, էլի, էլ ինչո՞ւ են գանգատվում, թե դաշտի համար բանվորական ձեռք է պակասում;
— Հուսով եմ, որ մեր կոմերիտականները կդառնան ավագ սերնդի արժանի փոխարինողը,- կոչով կուսկազմակերպության քարտուղար Գ. Աբազյանը աւխսրտում է զեկուցումը, նստում, սրբում է քրտնած ճակատը: Ժողովի նախագահ Յուրիկ Ծովանյանը խնդրում է, որ ըստ էության արտահայտվեն:
ՄԻՇԱ ՓԱՇԻՆՅԱՆ (բրիգադիր).- Հիմա մեր սովխոզը ունի 73 հեկտար խաղողի և 63 հեկտար պտղատու այգի: Մեր բրիգադը մշակում է նաև բանջարեղեն: Այդ բոլորը մշակելու համար մեծ ուժ է հարկավոր…
(- Սակայն,- դահլիճից ձայնակցում են):
… Սակայն մեր բրիգադը բանվորական ուժի մեծ պակաս է զգում: Լավ է, որ հիմա գոնե իններորդ դասարանցիները օժանդակում են: Ես կխնդրեի մեր կոմերիտականներին, որ…
(- Օգնության ձեռք մեկնեին,- հուշում են դահլիճից):
…Օգնության ձեռք մեկնեին:
ՎԱՆԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ (ֆիզկուլտ խորհրդի նախագահ).- Ընկերներ, վերջապես ունենք սպորտհրապարակ, բայց մեր երիտասարդների մի մասը հրապարակի տեղն էլ չգիտի:
(- Երեկ-մյուս օր բողոքում էին,- սովխոզի դիրեկտոր Լ. Օրդինյանը տեղին կպցնում է):
…Այժմ սպորտ-գույքի պակաս ունենք: Ինձ թվում է սովխոզի դիրեկցիան այդ մասին պետք է լուրջ մտածի:
(- Իսկ քո ֆիզկուլտուրնիկ տղերքը սովխոզի մասին մտածո՞ւմ են,- Ալեքսանդրն է ասում, բայց հենց այնպես, իր համար):
ԵՐՎԱՆԴ ԾՈՎԱՆՅԱՆ (գյուղսովետի նախագահ).- Ընկերներ, վերջին ժամանակներս ունենք լուրջ հաջողություններ: Դրա համար քրտնել են ձեր հայրերը, ձեր ավագ եղբայրները, ձեզնից շատերը: Ավարտում են դպրոցը, փորձում են բարձրագույն հաստատություն, չեն ընդունվում, չեն էլ մասնակցում արտադրությանը: Ես, որպես տարիքոտ մարդ, բահը ձեռքիս քար եմ շաղ տալիս ճանապարհին, իսկ մեր կոմերիտականներից մի քանիսը հեռու կանգնած նայում են: Աշխատանքը, ընկերներ…
(- Գեղեցկացնում է մարդուն,- հուշում են դահլիճից):
… Այո, գեղեցկացնում է, աշխատանքը…
ԼԻՊԱՐՒՏ ՕՐԴԻՆՅԱՆ (սովխոզի դիրեկտոր) .- Ընկերներ, Սևքարի սովխոզային կոմերիտական կազմակերպությունը ունի 70 անդամ: Սա մի ուժ է, որը ամեն ինչ կարող է անել, եթե կամենա…
(- Եթե,- հասնում է լեզվիս ծայրին, կուլ եմ տալիս):
… Ոչ հեռավոր անցյալում, երբ աղջիկ տեսնելու էին գնում, որպես արժանիք անպայման հարցնում էին՝ աղջիկը կոմերիտակա՞ն է, թե ոչ…
(Դահլիճում նստած միակ տարեց մարդը օրորում է գլուխը, ասել կուզհ՝ հե՜յ գիտի, հե՜յ):
…Եվ, ընդհանրապես, կանայք ավելի ակտիվ են մասնակցում մեր սովխոզային արտադրությանը: Այժմ ունենք կոմերիտական լավ աշխատողներ, բայց կան այնպիսիներ, որ սովխոզում աշխատանքը անպատվաբեր են համարում, բայց առանց ամոթի ու վիրավորվելու ուտում է ծնողի քրտինքը: Այս տարի մեր դպրոցը տվել է մոտ 30 շրջանավարտ: Թող բոլորն էլ բարձրագույն ընդունվեն, ուրախ կլինեմ, իսկ ով կձախողվի, թող վերադառնա և, ի սեր աշխատանքի, ի սեր իր ծնողի, ի սեր գյուղի, արտադրությունից չխուսափի:
— Ուրիշ խոսողներ,- ժողովի նախագահն է: Չկա: Կրկնում է՝ չկա, անուններով է դիմում՝ չեն ուզում, էլի, հո ստիպելով չէ՞. դահլիճը ուսը ետ է քաշում: Դե լավ, եթե այդպես է…
— Ընկերներ, ԼԿԵՄ շրջկոմը մեր կոմերիտականներից հնգին պատվոգրի է արժանացրել, ընկերները թող բեմ բարձրանան:
— Ռազմիկ Եսայան:
Մեր ծանոթ Ռազմիկն է, դեմքի կարմրին որտեղից-որտեղ էլի կարմիր է ավելացնում, երկու ձեռքով երկար թափ է տալիս շրջկոմի քարտուղար Նորիկ Գալստյանի աջը, թե՝ շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ…
— Համլետ Բեջանյան:
Աբազյանի գոված ավտովարորդն է, հանդարտ առնում է պատվոգիրը, վերադառնում:
— Ռիմա Բրուտյան…
— Ասյա Մինասյան…
— Ֆլորա Հովսեփյան…
Վերջին շարքում նստած ծխախոտագործուհիներն են, ժողովի կեսից… Դե, դադրած մարդիկ են:
— Չկա՞ն… Կհանձնեք:
Վիլիսի լույսերը լվացվում են գիշերվա անձրևով: Լուռ ենք, ամեն մեկս մեր մտքի հետ (թե միտք կա):
— Էնպես հոգնած եմ,- ասում է Պողոսը:
— Ի՞նչ ես արել… Ասենք, ժողովը շուտ է հոգնեցնում, ես էլ…- Ալեքսանդրն է:
— Բա ես ինչ ասեմ,- գանգատվելու հերթը իմն է,- չորս-հինգ օր է այստեղ ժողովը կազմակերպելով եմ զբաղված:
— Ուրեմն սա քո կազմակերպած ժողո՞վն էր,- Ալեքսանդրը փորձում է սրամտել,- հազիվ էլ էսքան… Լսիր,- միանգամից փոխում է տոնը,- ճիշտ, ի՞նչ ես գրելու ժողովի մասին…
Ի՞նչ… Այդ մասին չէի մտածել և մտքի մեջ եմ ընկնում, իրո՞ք, ի՞նչ եմ գրելու: Պողոսի ու Ալեքսանդրի գործը հանգիստ է, երկար ու բարակ մտածելու պետք չունեն: Իսկ ես… Դե լա՜վ,- ինքս ինձ առարկում եմ,- քեզնից էլ սարեր շուռ տալ չի պահանջվում, ոչ էլ նույնիսկ մի կարգին սար բարձրանալ: Սարի ճամփով գնացողները ուրիշ մարդիկ են. նրանք են, որ ժողովում լուռ մնացին ու այդ լռությունը այնքան մտահոգում է՝ բա ի՞նչ գրեմ: Նրանք են, որոնց ձեռքերում ծնվում է հացը, որոնց ենթարկվում են հողը, երկինքը, տարերքը: Նրանք, որ չգիտեն էլ, թե մեծ, աշխարհաշեն գործ են անում: Նրանք են, որ սարից գյուղ էլ չիջան: Նրանց մասին պիտի գրեմ…

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով